Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Ս.թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը, Կոնգրես–իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը։ Նկատի ունենալով, որ արձակուրդային շրջանում մի շարք թերթերի հրատարակության դադարեցման պատճառով ձեզանից շատերը հաստատաբար հնարավորություն չեն ունեցել հանգամանորեն ծանոթանալու այդ փաստաթղթին, ես նպատակահարմար եմ համարում որոշ չափով անդրադառնալ նրան, որովհետեւ այլ կերպ հասարակության լայն շրջանակների համար անհասկանալի կմնա, թե ինչու ենք մենք երկրում կուտակված լրջագույն խնդիրների միակ լուծումը տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման մեջ։ Ամենեւին մտադրություն չունենալով մեխանիկորեն համառոտագրելու այդ փաստաթուղթը, ես ընդամենն ուզում եմ կատարել մի քանի շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, չափազանց կարեւոր են առկա ներքաղաքական ճգնաժամի էությունն ու նրանից ելք գտնելու հրատապ պահանջն ընկալելու համար։
Հայ Ազգային Կոնգրեսի՝ մեղադրական եզրակացություն հիշեցնող այդ հիմնարար փաստաթղթում, փաստագրական հարուստ նյութի ընդգրկմամբ, համակողմանիորեն ներկայացված են ՀՀ Նախագահի եւ Ազգային Ժողովի օրինակարգության (լեգիտիմության) բացակայության բոլոր հիմքերը, քննված երկու հարթության վրա՝ իրավական եւ քաղաքական։ Օրինակարգության բացակայության իրավական հիմքերի տակ հասկացվում են իշխանության ձեւավորման գործընթացում կատարված օրինախախտումները, ընտրակեղծիքները եւ բռնությունները, իսկ քաղաքական հիմքերի տակ՝ իշխանության չարաշահման, հանցավոր գործունեության, սահմանադրական գործառույթների խեղման, ապաշնորհ կառավարման կամ պաշտոնեական անկարողության սիստեմատիկ դրսեւորումները։ Այսօրվա ելույթում ես կանգ կառնեմ միայն իրավական հիմքերի վրա, քաղաքական հիմքերի քննարկումը թողնելով հաջորդ հանրահավաքին։
Մի կողմ դրած 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում մանրամասնորեն արձանագրված ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ կատարված զեղծարարությունների, վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման անհամար փաստերը, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդամենը մեկ առանցքային իրողության վրա, որն ինքնին լիովին բավարար էր այդ ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ նշանակելու համար։ Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման հարցին, որը ես առաջին անգամ պաշտոնապես բարձրացրել եմ 2008թ. մարտի 5-ին, Սահմանադրական դատարանի նիստում։ Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն՝ «Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները։ Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը, հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում, շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները (ընդգծ. ԼՏՊ)»։ Հոդվածի ընդգծված մասում ամենայն հստակությամբ նշված է, որ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել ու գրանցվել՝ այն է, եթե նա զբաղեցներ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը։ Իսկ քանի որ վարչապետ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետեւաբար նրա գրանցումը բացարձակապես անօրինական է եղել, եւ նա, Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտմամբ, փաստորեն բռնազավթել է Հայաստանի բարձրագույն իշխանությունը։
Հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանում առարկություններով հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, նշելով մասնավորապես հետեւյալը. «ՀՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի երկու նախադասությունների համադրումից կարելի է հանգել այն եզրակացության, որ վարչապետը հանդիսանում է «պետական ծառայության մեջ գտնվող»։ Սակայն, հաշվի առնելով 2002 թվականի հունվարի 9-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «հանրային ծառայություն» հասկացության սահմանումը, եւ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում սահմանված պետական ծառայության տարատեսակները՝ քաղաքական եւ հայեցողական պաշտոնները պետական ծառայություն չեն համարվում։ Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ, հետեւաբար, վարչապետը պետական ծառայության մեջ չի գտնվում։ Դ. Հարությունյանը խնդրո առարկայի կապակցությամբ փաստեց ՀՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի դրույթների միջեւ առկա հակասությունը, ինչը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան լուծվում է հօգուտ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի այն նորմի, որի համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է» (ՍԴ 2008թ. մարտի 8-ի որոշում, § 9)։ Թվում է, թե գործ ունենք երկաթյա տրամաբանության եւ սպառիչ իրավաբանական հիմնավորման հետ։ Սակայն իրականում Դավիթ Հարությունյանի փաստարկները ոչ այլ ինչ, քան փաստաբանական աճպարարություն չի կարելի անվանել, քանի որ նրանցում նենգափոխված կամ դիտավորությամբ լռության են մատնված երկու սկզբունքային պահեր։ Առաջին. ընտրությունների ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնակատար չհանդիսացող վարչապետի աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվելու վերաբերյալ Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածում ամրագրված պահանջն իմպերատիվ է, իսկ իմպերատիվ հոդվածները մեկնաբանության ենթակա չեն։ Եւ երկրորդ, որն ավելի կարեւոր է. ընտրությունների հարցում Ընտրական օրենսգիրքը գերակայության ունի մյուս օրենքների նկատմամբ, ինչը բխում է օրենսգիրք հասկացության վերաբերյալ 2002թ. ապրիլի 3-ին ընդունված «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5–6-րդ մասերի պարունակած սահմանումից, որի համաձայն. «Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերի համակարգված եւ կանոնակարգված ձեւով շարադրված օրենքն է։ Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքին»։ Իսկ սա աներկբայորեն նշանակում է, որ ընտրությունների ընթացքի կամ արդյունքների վիճարկման հարցում այլ օրենքների հետ հակասությունների առաջացման պարագայում նախապատվությունը պետք է տրվի Ընտրական օրենսգրքին։ Այլ կերպ ասած, Ընտրական օրենսգիրքը ընտրությունների ոլորտի իրավահարաբերությունների կարգավորման միակ ուղեցույցն է, եթե կուզեք, այդ ոլորտի սահմանադրությունը կամ Աստվածաշունչը, հետեւաբար ցանկացած ընտրության օրինականությունը պետք է գնահատվի բացառապես այդ օրենսգրքի իրավազորության շրջանակում։ Ուստի տվյալ հարցում այլ օրենքների վկայակոչումը, ակնհայտորեն միտված լինելով աճպարարությամբ իրավաբանական խառնաշփոթ ստեղծելուն, որեւէ կապ չունի արդարադատության հետ։ Սահմանադրական դատարանն, ի պատիվ իրեն, ավելի բարձր իրավագիտակցություն դրսեւորելով, չընդունեց Դավիթ Հարությունյանի հիմնավորումները եւ, դրանք իր որոշման նկարագրական մասում արձանագրելով հանդերձ, չընդգրկեց բուն որոշման մեջ։ Բայց դրա հետ մեկտեղ, դատարանն, աններելի փոքրոգություն ցուցաբերելով, իր որոշման մեջ ընդհանրապես որեւէ գնահատական չտվեց Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածին, թեեւ, ունենալով վերջինիս վերաբերյալ թե՛ դիմող, թե՛ պատասխանող կողմի կարծիքները, պարտավոր էր համապատասխան վերաբերմունք արտահայտել դրանց նկատմամբ։ Սահմանադրական դատարանն, ի դեպ, նույն կերպ վարվեց նաեւ արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի հետ կապված իմ դիտարկման հետ։ Այս ամենը ինձ հիմք տվեց 2008թ. մարտի 11-ին հայտարարելու հետեւյալը. «Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջեւ չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար, խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին։ Սակայն, գերադասելով անտեսել այդ հիմքերը՝ Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր եւ խայտառակ վիճակի մեջ, փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները եւ ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ» (ԼՏՊ, «Վերադարձ», էջ 224. այդ ժամանակ ես դեռ օրինակարգություն բառը չէի հայտնաբերել)։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանն, ըստ էության, կայացրեց ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում՝ եւս մեկ անգամ, ինչպես 1998 եւ 2003 թթ. նախագահական ընտրությունների պարագայում, ապացուցելով իր լիակատար կախվածությունը գործող իշխանություններից եւ դառնալով ավազակապետության գոյատեւման ամենահիմնական երաշխավորը։ Իսկ թե ինչպիսի ճնշման տակ է Սահմանադրական դատարանը կայացրել 2008թ. նախագահական ընտրություններին վերաբերող իր չարաբաստիկ որոշումը, պարզվում է Wikileaks-ի օրերս հրապարակած մի փաստաթղթից՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի 7.03.2008 թվակիր զեկուցագրից, որին, վստահ եմ, ձեզանից շատերը ծանոթ են։ Ուստի, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Եթե կարծում եք, թե սրանով Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի հետ կապված խեղկատակությունն ավարտվեց, ապա չարաչար սխալվում եք։ Շառից-փորձանքից հեռու մնալու եւ այդ խեղկատակության հետքերն իսպառ ջնջելու համար, 2011թ. մայիսի 26-ին ընդունված նոր Ընտրական օրենսգրքում այդ հոդվածը փոխարինվեց 87.2 հոդվածով, որի համաձայն. «Հանրապետության նախագահի թեկնածուները, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, որպես թեկնածու գրանցվելուց հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց։ Հանրապետության նախագահի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ առավելություն ստանալու համար»։ Այսինքն՝ հետին թվով վերացվեց որպես նախագահի թեկնածու գրանցվելուց հետո աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվելու վարչապետին վերաբերող պահանջը, անուղղակիորեն խոստովանելով 2008 թվականին թույլ տրված աղաղակող իրավախախտումը։ Ի դեպ, նախկինում թույլ տրված իրավախախտումները օրենսդրական փոփոխությունների միջոցով հետին թվով սրբագրելու կամ օրինականացնելու երեւույթը, կարծես, ավանդույթ է դառնում ներկա իշխանությունների համար, քանի որ նույն ողորմելի հնարքը կիրառվել է նաեւ իմ տնային կալանքի հետ կապված բացահայտ կամայականությունը կոծկելու հարցում (տե՛ս «ՀԺ». 12.05.2011)։ Հույսը դրել են այն բանի վրա, որ հին օրենքները ժամանակի ընթացքում կմոռացվեն, եւ այլեւս ոչ ոք չի հիշի նախկինում կատարած իրենց հանցագործությունները։
Ցավոք, Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի խախտման նկատմամբ անլուրջ վերաբերմունք ցուցաբերեցին նաեւ միջազգային դիտորդական առաքելությունները, դրանով իրենց մեղսակցությունն ունենալով ընտրությունների կեղծման գործում։ Հալած յուղի տեղ ընդունելով այդ հոդվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ. հունվարի 7-ի պարզաբանումը, ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)» դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Արենսը 2008թ. փետրվարի 20-ի իր զեկույցում բավարարվեց արձանագրելով հետեւյալը. «Հակասություն է առաջացել այն բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ ընտրարշավ է անցկացնում՝ շարունակելով գործել որպես վարչապետ։ ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է ընտրարշավ անցկացնել առանց պաշտոնը թողնելու։ Պարոն Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում եւ քարոզարշավի առավելություն»։ Օգտվելով Արենսից, բայց ավելի առաջ գնալով, ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը 2008թ. ապրիլի 14-ի իր զեկույցում հայտարարեց. «Քարոզարշավի հակասության գլխավոր կետը Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ որպես թեկնածու գրանցվելուց հետո պահպանել վարչապետի պաշտոնը։ Թեեւ, ըստ օրենքի, նա իրավունք ուներ այդպես վարվելու (ընդգծ. ԼՏՊ), սակայն այդ որոշումը նրան ընտրարշավային անարդար առավելություն ընձեռեց»։ Ուշագրավ է, որ թեեւ երկու հարգարժան անձնավորություններն էլ ընդգծում են, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ «լրացուցիչ լուսաբանում եւ քարոզարշավի առավելություն» կամ «ընտրարշավային անարդար առավելություն» է ձեռք բերել, բայց զլանում են դրանից եզրակացնել, թե այդ հանգամանքն ինչպիսի ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ինչն անհարիր է միջազգային դիտորդական առաքելության ղեկավարի բարձր կարգավիճակին։ Զգալով իր սխալը, Գերդ Արենսը հետագայում փորձեց ինչ-որ կերպ շտկել այն, 2008թ. մայիսի 30-ի իր վերջնական զեկույցում նշելով հետեւյալը. «VII.5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանեց, որ պետական ծառայող հանդիսացող թեկնածուները պարտավոր են ազատվել իրենց աշխատանքային պարտականությունների կատարումից, մինչդեռ քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնողները, չլինելով պետական ծառայողներ, կարող են պահպանել իրենց պաշտոնները։ Այս որոշումը կայացնելիս,– շարունակում է Արենսը,– ԿԸՀ-ն հավանաբար գերազանցել է իր իրավասությունները, քանի որ Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ-ն լիազորված է միայն որոշումներ կայացնել աշխատանքային ընթացակարգերի կապակցությամբ եւ ցուցումներ հրապարակել Օրենսգրքի կիրառման վերաբերյալ»։ Այսինքն, ըստ Արենսի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենք մեկնաբանելու իրավունք չուներ, ինչով, կարծում եմ, ասված է ամեն ինչ։
Այս մանրամասները ես նշում եմ՝ ցույց տալու համար, թե որքան անփույթ ու անպատասխանատու են վարվել միջազգային դիտորդները Հայաստանի օրենսդրության պահանջների հետ։ Այդ անփութությունն ու անպատասխանատվությունն, ի դեպ, թվարկվածներից բացի, դրսեւորվել է նաեւ այլ դեպքերում։ Այսպես, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի 2008թ. ապրիլի 15-ի համատեղ զեկույցում նշված է, թե իբր Սահմանադրական դատարանը «հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկն այն մասին», որ այդ դատարանն իրավասու չէր նիստեր գումարել եւ վճիռ կայացնել Արտակարգ դրության պայմաններում։ Զեկույցի հեղինակներն, ակներեւաբար, տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանը ոչ թե հերքել է իմ փաստարկը, այլ ապօրինաբար խուսափելով իր պարտականությունից, այն պարզապես անպատասխան է թողել։ Մի այլ այսպիսի սխալ կամ թյուրիմացություն տեղ է գտել Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի 2011թ. ապրիլի 14-ի զեկույցում. «§10. Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ներում կարող է շնորհվել միայն համապատասխան անձի կողմից իր մեղքն ընդունելու դեպքում»։ Հայաստանի օրենսդրության մեջ այդպիսի դրույթ չկա եւ չէր էլ կարող լինել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի՝ «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»։ Ես գիտեմ, թե ով է Կոլոմբիեին, Պրեսկոտին եւ Ֆիշերին մատուցել այս սխալ տվյալները, ով է, փաստորեն, մոլորեցրել ու չափազանց անհարմար վիճակի մեջ դրել նրանց։
Ոմանց կարող է տարօրինակ թվալ, թե ինչու եմ ես հարկ համարել Սերժ Սարգսյանի օրինակարգությունը կասկածի տակ դնող անթիվ փաստարկների շարքում առանձնացրել հատկապես Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի խախտման փաստը եւ այսքան հանգամանորեն կանգ առել դրա վրա։ Պատասխանում եմ. որովհետեւ այդ խախտումն է, որ ամենաբախտորոշ դերն է խաղացել 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման գործում։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օրենքի տառին համապատասխան, չեղյալ համարեր Սերժ Սարգսյանի ապօրինի գրանցումը, ապա Հայաստանն այսօր կունենար ուրիշ նախագահ։ Իսկ եթե, նույնպես օրենքի տառին համապատասխան, Սարգսյանն ազատվեր իր աշխատանքային պարտականությունների կատարումից ու զրկվեր պաշտոնական դիրքի շնորհիվ ձեռքբերած «ընտրարշավային անարդար առավելությունից», ապա այդ դեպքում եւս ընտրությունների ելքը բոլորովին այլ կլիներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային դիտորդական առաքելությունների եւ Սահմանադրական դատարանի մեղքով կամ օրհնությամբ կատարված այս վրդովեցուցիչ օրինազանցությունն, իր բախտորոշ նշանակությամբ, ըստ էության հավասարազոր է 1998 եւ 2003 թվականների ընտրությունների ժամանակ 10 տարվա քաղաքացիության եւ բնակության ցենզի խախտմամբ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության ապօրինի գրանցմանը։ Չեմ կասկածում, սակայն, որ երբ էլ լինի, Սահմանադրական դատարանն, իր ներկա կամ նորացված կազմով, թեկուզ միայն այդ հիմքերով, չեղյալ է հայտարարելու թե՛ 1998, թե՛ 2003, եւ թե՛ 2008 թվականների նախագահական ընտրությունների արդյունքները։ Դրանից, անշուշտ, անցյալ իրականությունը չի փոխվի, բայց այնուամենայնիվ դա կարեւոր դեր կխաղա հասարակության մեջ լիարժեք իրավագիտակցության ձեւավորման եւ արդարադատության գաղափարի արմատավորման գործում։
2008թ. նախագահական ընտրությունների օրինականությունը լուրջ կասկածի տակ դնող մի նորահայտ փաստ էլ տեղ է գտել Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկում՝ Ջոզեֆ Փենինգտոնի 2008թ. մարտի 7-ով թվագրված զեկուցագրում։ Դրանում Փենինգտոնը ԱՄՆ պետքարտուղարությանն իրազեկում է, որ դեսպանատան աշխատակիցները մարտի 3-ին մասնակցել են ԵԱՀԿ հետընտրական աշխատանքային խմբի հանդիպմանը, որը կազմակերպել էր ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը։ Հանդիպման մասնակիցների մեծամասնությունը դժգոհություն է հայտնել փետրվարի 19-ի ընտրությունները ԺՀՄԻԳ-ի առաքելության կողմից «ընդհանուր առմամբ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող» գնահատելու առթիվ։ Ըստ Փենինգտոնի՝ տեղեկություն կա, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հակված է եղել ընտրությունները որակել որպես «Ժողովրդավարական չափանիշներին մասնակի համապատասխանող», սակայն ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ, ի վերջո որոշել է դրական գնահատական տալ հայաստանյան ընտրություններին։ Իսկ ըստ Բոյանիչի՝ տրված գնահատականը ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջեւ ձեռքբերված կոնսենսուսի արդյունք է եղել (մանրամասն տե՛ս «ՀԺ». 31.08.2011)։ Ամենաուշագրավն ու կարեւորն այս փաստաթղթում իմ կողմից ընդգծված վերջին երկու նախադասությունների պարունակած տեղեկություններն են, որոնց համաձայն՝ ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փետրվարի 19-ի ընտրություններին գնահատական է տվել ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունների ճնշման տակ եւ ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջեւ ձեռքբերված կոնսենսուսի արդյունքում։ Սա նշանակում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը փաստորեն չի կատարել իր բուն պարտականությունը եւ, անկախ գնահատական տալու փոխարեն, ենթարկվել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների կայացրած քաղաքական որոշմանը։ Այս իրողության մի այլ ապացույց անձամբ ինձ փոխանցել է ԺՀՄԻԳ-ի առաքելության ֆրանսիացի անդամներից մեկը։ Վերջինիս վկայությամբ՝ 2008թ. փետրվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերը կայացած ԺՀՄԻԳ-ի առաքելության նիստի ընթացքում Գերդ Արենսը մի քանի անգամ զանգահարել է իր վերադաս կազմակերպության ղեկավարներին եւ նրանց հետ համաձայնեցրել նախնական զեկույցի ձեւակերպումները։ Այս ամենը լիովին ապացուցում է բազմիցս կրկնված մեր այն պնդումը, որ անցած նախագահական ընտրությունների օրինականությունն ու արդյունքները գնահատելիս, Արեւմուտքը բացահայտորեն առաջնորդվել է աշխարհաքաղաքական նկատառումներով։ Եւ այսպիսի բարոյականության տեր մարդիկ են, ահա, որ իրենց բարձրագույն դիրքից մեզ պիտի ժողովրդավարություն եւ օրինապահություն սովորեցնեն։
Անցնելով ՀՀ Ազգային Ժողովի օրինակարգության խնդրին, ուզում եմ միանգամից զգուշացնել, որ ես չեմ պատրաստվում մանրամասնորեն ձեզ ներկայացնել դրա բացակայության բոլոր իրավական հիմքերը, այլ, այս դեպքում եւս, հարկ եմ համարում կանգ առնել միայն դրան առնչվող ամենաառանցքային հարցի վրա։ Խոսքը վերաբերում է ոչ թե սովորական օրենքների, այլ, այս անգամ արդեն, Սահմանադրության խախտման մի արտառոց երեւույթի, որը, սիստեմատիկ բնույթ կրելով, պարզապես խարխլում է Ազգային Ժողովի՝ որպես պետության օրենսդիր մարմնի բացառիկ իրավազորության հիմքերը եւ անիմաստ դարձնում նրա գոյությունը։ Ինչպես պարզվում է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության ս.թ. օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթից, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը խստիվ սահմանում է, որ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»։
Անշուշտ, ձեռնարկատեր-պատգամավորներից ոմանք կպատճառաբանեն, թե իբր իրենց ունեցվածքը հանձնել են հավատարմագրային կառավարման, բայց մի կողմից՝ նրանց մեծագույն մասը երեքուկես տարվա ընթացքում անձամբ հազարավոր գործարքներ է կնքել, փաստաթղթեր ստորագրել ու բանկային գործողություններ կատարել, մյուս կողմից՝ անգամ իրապես իրենց ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնած պատգամավորները շարունակել են շահույթ ստանալ, իսկ երրորդ կողմից, որ ամենակարեւորն է, Սահմանադրությունը, ձեռնարկատեր-պատգամավորի ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում, նրա մանդատը ճանաչելու դրույթ չի պարունակում։ Այսինքն, եթե ձեռնարկատերը, սեփական ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո, պատգամավորի իր կարգավիճակը պահպանելու իրավունք ունենար, ապա այդ իրավունքը պետք է անպայման հստակորեն ամրագրված լիներ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածում, ինչպես արված է գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք կատարող պատգամավորների պարագայում։ Օրինականության եւ սկզբունքի տեսակետից, իհարկե, կարեւորը իրավախախտ պատգամավորների թիվը չէ, այլ բուն երեւույթը, քանի որ եթե 76-ի փոխարեն այդպիսի մեկն էլ լիներ, նա անմիջապես պետք է զրկվեր իր մանդատից։ Սակայն, եթե ոչ օրինականության կամ սկզբունքի, ապա Ազգային Ժողովի գործառութային իրավազորության տեսակետից, 76-ն այնպիսի մեծ թիվ է, որը ոչ մի պարագայում չի կարելի անտեսել, եւ նկատի չունենալ նրա աղետալի հետեւանքները։ Հաշվի առնելով, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 76 պատգամավորները կազմում են Խորհրդարանի անդամների 58%-ը, իսկ օրենքներն Ազգային Ժողովում ընդունվում են առնվազն 66 ձայնով, դա նշանակում է, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել առանց սահմանադրախախտ պատգամավորների քվեների։ Այդ իրողությունը, սակայն, իրականում շատ ավելին է նշանակում՝ այն է, որ 2007 թվականից ի վեր Ազգային Ժողովի կողմից ընդունված բոլոր օրենքներն անվավեր են եւ չեղյալ պետք է համարվեն։
Ինչպես իրավացիորեն նշված է Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության օգոստոսի 9-ին հրապարակված փաստաթղթում, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 76 պատգամավորների առկայության պատճառով Ազգային Ժողովը փաստորեն վերածվել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, այսինքն՝ անհատ օլիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կազմակերպության, որը չի կատարում ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմնի իր հիմնական գործառույթը եւ, նկատի ունենալով բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը գործող իշխանություններից, զրկվել է իր բացառապես քաղաքական ու օրենսդիր բովանդակությունից եւ գործադիր իշխանությանը հակակշռելու հնարավորությունից, դառնալով կառավարության կցորդն ու նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչը (էջ 2, 60)։
Ապշել կարելի է, թե տարիներ շարունակ պատկան մարմինները կամ պետական իշխանության բարձրագույն ատյանները ինչպես են հանդուրժել Սահմանադրության զանգվածային խախտման այս խայտառակ փաստը։ Որո՞նք են այդ պատկան մարմինները կամ պետական իշխանության բարձրագույն ատյանները։ Առաջին հերթին, բնականաբար, ինքը Ազգային Ժողովը, որը պարտավոր էր իր գումարած առաջին իսկ նիստում, Սահմանադրության 67-րդ հոդվածին համապատասխան, բոլոր ձեռնարկատեր-պատգամավորներին զրկել իրենց մանդատներից։ Սակայն նկատի ունենալով այն, որ ոչ ձեռնարկատեր պատգամավորներն Ազգային Ժողովում փոքրամասնություն են կազմում, նրանք չէին կարող եւ այսօր էլ ի զորու չեն որոշում ընդունել այդ խնդրի վերաբերյալ։ Այսինքն ստեղծվել է մի փակուղային վիճակ, ինչը նշանակում է, որ Ազգային Ժողովն ուղղակի բռնազավթված է օլիգարխիայի կողմից։ Ազգային Ժողովին համահավասար կամ նրանից ավելի, այս խախտումը պետք է հուզեր եւ վրդովեցներ Հանրապետության նախագահին, որը, Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է հետեւել «Սահմանադրության պահպանմանը» եւ ապահովել «օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։ Բայց ի՞նչ հետեւելու կամ ապահովելու մասին կարող է լինել խոսքը, երբ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ինքն է իր ղեկավարած կուսակցության թեկնածուների ցանկում ընդգրկել տասնյակ ձեռնարկատերերի ու քրեական տարրերի։ Եւ վերջապես, նշված խախտումը պետք է դառնար Սահմանադրական դատարանի քննության առարկան, ինչը, սակայն, նույնպես տեղի չի ունեցել։ Թեեւ վերջինս դա կարող է պատճառաբանել ընթացակարգային սահմանափակումներով, մասնավորապես, համապատասխան դիմումի բացակայության հանգամանքով, սակայն միեւնույն է, այդպիսի պատճառաբանությունը նրան չի ազատում, եթե ոչ իրավական, ապա թեկուզ բարոյական պատասխանատվությունից։ Ի՞նչն է Սահմանադրական դատարանին խանգարում, օրինակ, ի նշան բողոքի սահմանադրախախտության այս ճչացող երեւույթի դեմ, իր ողջ կազմով հրաժարական տալ, ինչպես, ասենք, 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման առիթով քաջաբար վարվեցին ՀՀ ինը ազնիվ դիվանագետներ եւ գլխավոր դատախազի տեղակալներից մեկը։ Այդ խորհրդանշական քայլը, իրավական պետության կայացման եւ իրավագիտակցության արմատավորման տեսակետից, շատ ավելի մեծ օգտակարություն կունենար, քան Սահմանադրական դատարանի ողջ նախորդ գործունեությունը։ Թերեւս ես իդեալիզմի գիրկն եմ ընկնում, բայց համոզված եմ, որ առանց իդեալիզմի՝ իրավական, ժողովրդավարական եւ բարոյական պետություն կառուցել հնարավոր չէ։
ՀՀ Ազգային Ժողովի օրինակարգության հարցին բոլորովին մի այլ կողմից է մոտեցել Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ), 2008թ. ապրիլի 17-ին ընդունած իր Թ. 1609 բանաձեւում նշելով հետեւյալը. «Ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է՝ իրենց գործառույթները կատարելիս լիովին ապավինելու ժողովրդավարական չափանիշներին, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։ Մասնավորապե՛ս, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է՝ որպես հարթակ ծառայել տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար։ Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը։ Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային Ժողովում» (§6–6.1)։
Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ոչ օրինակարգ լինելու բացահայտ իրողությունից բացի, Հայաստանում մեծ հարցականի տակ է նաեւ դատական իշխանության օրինակարգությունը, որովհետեւ խախտված է նրա անկախության՝ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքը (հոդված 94)։ Ի՞նչ անկախության մասին կարող է լինել խոսքը, երբ ՀՀ Վճռաբեկ դատարանի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010 թվականին Հայաստանի դատարանները կայացրել են դատապարտման 4402 վճիռ (99.23%) եւ արդարացման ընդամենը 34 վճիռ (0.77%), իսկ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարաններ ներկայացված 3570 միջնորդություններից բավարարվել է 3474-ը (96.19%) եւ մերժվել ընդամենը 136-ը կամ 3.81%-ը (տե՛ս «ՀԺ». 20.05.2011)։ Եթե որեւէ ուրիշ հիմնավորում չլիներ անգամ, ապա միայն այս թվերն ինքնին, ակնհայտորեն, ցույց են տալիս, որ Հայաստանի դատարանները արդարադատության իրականացման մարմիններից ուղղակի վերածվել են հակաժողովրդական պատժիչ ատյանի, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց գործադիր իշխանության մշտական թելադրանքի՝ իրողություն, որը նույնպես տեղ է գտել ԵԽԽՎ վերոհիշյալ Թ. 1609 բանաձեւում. «Հակառակ հաջող օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռեւս զուրկ են անհրաժեշտ անկախությունից՝ որպես անաչառ իրավարար հասարակության վստահությունը շահելու համար։ ...Դատական անկախության բացակայության արտահայտությունն է նաեւ այն փաստը, որ դատարանները չեն վիճարկում մարդկանց նախնական կալանքի ենթարկելու անհրաժեշտությունը եւ հիմնականում բավարարում են դատախազների համապատասխան դիմումները՝ առանց պատշաճորեն քննելու նրանց հիմքերը» (§6.3)։ Նման եւ ավելի խիստ գնահատականներ են տրված նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2009 եւ 2010 թվականների տարեկան զեկույցներում, ինչպես, օրինակ, «Դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին։ ...Կա ինքնապարտադրված ակնկալիք, որ դատարանները մեղավոր են ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրված» կամ «Շատ դատավորներ վախենում են հաշվեհարդարից, եթե արդարացման վճիռ կայացնեն իշխանությունների համար կարեւոր, զգայուն գործերով»։
Ես չեմ ուզում ավելի ծավալվել դատարանների անկախության բացակայության հարցի շուրջ, որովհետեւ այն հանգամանորեն քննության է ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության օգոստոսի 9-ի արդեն բազմիցս վկայակոչված փաստաթղթում (էջ 34–37)։ Միայն հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը։ Այն, որ անկախ չեն սովորական դատարանները, ինչպես ասում են, դեռեւս դժբախտության կեսն է։ Իսկ որ, ինչպես տեսանք, անկախ չէ նաեւ Սահմանադրական դատարանը, դա արդեն, կարելի է ասել, պետության վերջն է։ Ի դեպ, ՀՀ Սահմանադրական դատարանի կախվածությունը գործադիր իշխանությունից անվիճելի իրողություն է նաեւ ամերիկյան դիվանագետների տեսակետից, ինչի մասին վկայում են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգտոնի 2008թ. մարտի 7-ի, 2008թ. մարտի 14-ի եւ 2009թ. մայիսի 19-ի՝ «Wikileaks»-ում հրապարակված զեկուցագրերը։
Այսպիսով, թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, եւ թե՛ դատական իշխանությունների ոչ օրինակարգությունն այլեւս մի այնպիսի անառարկելի իրողություն է, որ հրատապ անհրաժեշտություն եւ անհետաձգելի խնդիր է դարձնում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը։ Եթե դրա վերաբերյալ ոմանց մոտ դեռեւս ինչ-որ կասկածներ կային, դրանք վերանում են Wikileaks-ի վերջերս հրապարակված փաստաթղթերի լույսի ներքո։ Ես նկատի ունեմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ ՀՀ Սահմանադրական դատարանի վրա գործադրված ճնշումներին վերաբերող տեղեկությունները եւ մանավանդ այն սենսացիոն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գնահատականներով, 2008թ. նախագահական ընտրություններում ես ստացել եմ ոչ թե 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել (տե՛ս «ՀԺ». 6.09.2011)։ Իսկ թե ինչու է ԱՄՆ կառավարությունը, այս բանն իմանալով հանդերձ, թիկունք կանգնել չընտրված նախագահին եւ, դրան զուգահեռ, ժողովրդավարության դասեր տվել մեզ, դա արդեն ուրիշ հարց է, որը չեմ էլ ուզում մեկնաբանել։
Սահմանադրական կարգի վերականգնման հարցը մենք փորձեցինք լուծել իշխանությունների հետ ձեռնարկված քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով, որը, սակայն, ինչպես ձեզ հայտնի է, ժամանակավորապես առկախված է Հայ Ազգային Կոնգրեսի դեմ անցյալ ամսին սանձազերծված ոստիկանական հալածանքների նոր ալիքի եւ մեկ քաղբանտարկյալի առկայության պատճառով։ Երկխոսության եւ քաղբանտարկյալների առկայության անհամատեղելիությունը մեզ համար, իսկ ինչպես վերջերս պարզվեց, նաեւ նախագահ Օբամայի համար, սկզբունքի հարց է, որից մենք երբեք չենք կարող հրաժարվել։ Եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա մենք ստիպված ենք լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության եւ Կոնգրեսի երիտասարդության միջեւ տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը՝ երկխոսությունը վիժեցնելու համար, դժգոհ լինելով վերջինիս ընթացքից։ Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով։ Այլ լեզու ասելով, ես ամենեւին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում։
Մեզ համար իսկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից։ Հետեւաբար, երկխոսության առկախումը, կամ նույնիսկ նրա վերջնական դադարեցումը, մեր ծրագրերը չի փոխում, եւ մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ։ Եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը եւս, երկրորդական խնդիրները մի կողմ թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։
09 սեպտեմբերի 2011