Լինենք եղբայրներ
Արի նվիրվենք անաչառ հոգով,
Վրեժով լեցուն հին շավղից ելնենք,
Դուրս գանք համերաշխ աննախանձ սրտով.
Պայծառ օրենքը բարձր վեհ պահենք:
Ռուսնե՛ր, հայե՛ր, վրա՛ցք, հույնե՛ր,
Աշխարհի բոլոր ազգեր զանազան,
Եվ դուք, հարևան պարսի՛կ եղբայրներ,
Լինենք գիտակից, փշրենք կույր շղթան:
Բոլորս ծնված՝ միակերպ մարդիկ,
Ուխտենք մեկմեկու սիրել հաստատուն,
Հերիք մեզ խաբեն Հուդայի որդիք,
Քանդեն, ավերեն երկիրն ու մեր տուն:
Պարգևեց աստված ամենայն բարիք,
Որ մենք վայելենք, ապրենք զերթ եղբայր,
Ուրեմն ինչո՞ւ միշտ գործել չարիք,
Նման նմանի զրկենք չարաչար:
Որքան կամենաս՝ քո ազգդ սիրե,
Կուզես նվիրե ողջ կյանքդ, կայքդ,
Բայց օտարն էլ քեզ եղբայր համարե,
Զուր մի՛ նախանձիր, իզուր է ջանքդ:
Հերիք է ապրենք, եղբա՛յրք, կուրորեն,
Կորստյան շավղից փախչենք, ետ դառնանք,
Խուսափենք ընդմիշտ փորձանաց ձորեն,
Սերտ սրտով կապվենք, քեն ու ոխ մոռնանք:
1907