Լճակին մոտ

ԼՃԱԿԻՆ ՄՈՏ

Մահվընես վերջն ալ պիտի հոգամ քեզ,
Հոգիս ընտանի թռչունի մը պես,
Պիտի գա մեղմիվ ուսիդ վրա թառիլ
Տենդահար ճակտիդ բոցին հետ վառիլ:

Հոգիս թռչունին այն կերպարանքով
Պիտի թևածե միշտ սընարիդ քով,
Վշտերե ընկճված կյանքիդ սփոփանք
Մընչելով յերգեր՝ սիրո արձագանգ:

Նուրբ փետուրներու վոլորթով գգվոտ,
Աշնան լուսնակին ցոլքով նվաղկոտ,
Վերջին վարդերուն խնկավետ բույրով,
Սիրված շրթներու հեշտին համբույրով:

Քերովբեներու ճերմակ պըսակեն
Թափված թերթերով համակ լուսեղեն՝
Յերազներ հյուսած տարտամ հեշտորոր
Պիտի սրբե քունն աչերուդ աղվոր:


Ամեն ցավերուդ՝ ամեն արցունքիդ
Ամեն սուգերուն հոգվույդ դեռափթիթ,
Փոխարեն տալով քեզ հույս կամ գորով
Վերքերըդ պատե պիտի գգվանքով:

Ու յերբ հուսաբեկ, խոնջած ու մենակ,
Սև խորհուրդներով պաշտրված համակ
Ամեն հաճույքե, վայելքե հեռու,
Ալ ույժ չունենաս նույն իսկ ապրելու,

Հոգիս մտերմի մը կերպարանքով
Պիտի գա տանիլ քեզ լճակին քով.
Անտառի յեզրի այն ջինջ լճակին
Ուր կանանչ վոստեր հովեն կըսուզին.

Յեվ մինչ կայլակներ արցունքներու նման
Թավ տերևներ են կըկաթին, կիյնան,
Պիտի արծարծեն մաշած սրտիդ մեջ
Հիշատակներու հուսկ կայծերն անշեջ: