Լռություն Հայաստանի հանդեպ

Լռություն Հայաստանի հանդեպ

Հայաստանի նախորդ ամսվա նախագահական ընտրություններում ես ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր հիմնական թեկնածուն էի։ Ընտրություններն անցան տխրահռչակ սցենարով. ռեժիմը հալածեց ընդդիմության ներկայացուցիչներին, կաշառեց և ահաբեկեց ընտրողներին, լցոնեց քվեատուփերը և համակարգված ձևով իրականացրեց ձայների սխալ հաշվառում։ Իհարկե, արդյունքների կեղծումը չէր սկսվել փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի հեռահաղորդակցության հիմնական միջոցը՝ հեռուստատեսությունը, խստիվ հսկվելով ռեժիմի կողմից, նախաձեռնեց մի պրոպագանդա, որը կստիպեր բրեժնեվյան ժամանակների սովետական պրոպագանդիստներին ամոթից կարմրել։ Մենք՝ ընդդիմադիրներս, զայրացած էինք այս ամենից, բայց ոչ զարմացած։ Մեզ զարմացրեց և տագնապեցրեց Արևմուտքի խլացնող լռությունը։ Մեզ հատկապես հիասթափեցրեց ԵԱՀԿ-ի Դիտորդական առաքելության տեխնիկական զեկույցը, որը մեխանիկորեն դակեց Սարգսյանի՝ ֆարսի նմանվող պնդումները հաղթանակի մասին։

Հայաստանի ժողովուրդը, ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդների, նախընտրեց տեսնել այն, ինչ կատարվել էր ընտրատեղամասերում։ Բնականաբար, նրանք մերժեցին Սարգսյանի պնդումները և հավաքվեցին, որ պահանջեն արդյունքների անվավերությունը։ Նրանք ելան անժամկետ հանրահավաքների Օպերայի հրապարակում, որոնք դարձան ազատության շքեղագույն տոնախմբություն, և որոնք կարող են ուսուցանող լինել՝ որպես անօրեն ռեժիմի դեմ խաղաղ և օրինական դիմադրության օրինակ։ Մտահոգվելով հանրահավաքների մասնակիցների շարունակ աճող թվով՝ ռեժիմը որոշեց շաբաթ առավոտյան անցնել ուժային գործողությունների։ Ոստիկանության հատուկ զորքերին հրամայվեց ցրել մարդկանց բազմությունը, ձերբակալել ընդդիմության ներկայացուցիչներին և տնային կալանք սահմանել իմ նկատմամբ։ Դրանից մի քանի ժամ հետո քաղաքացիները հավաքվեցին մեկ այլ տեղ՝ իրենց առաջնորդներին տեսնելու պահանջով, սակայն հանդիպեցին հատուկ զորքերի ավելի մեծ քանակի, որն էլ ավելի ուշ համալրվեց Հայկական բանակի զորքերով, որոնց հրամայվեց ջարդել բողոքավորներին։ Նվազագույնը 8 մարդ մահացավ անցած շաբաթվա վերջին, և հայտարարվեց արտակարգ իրավիճակ։ Ինչպե՞ս մենք հասանք սրան։ Ինչո՞ւ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «ընտրված նախագահ» Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը մտածեց, որ իր սեփական ժողովրդի դեմ ուժի կիրառումը կմարսվի։ Անշուշտ, այս երկու անձինք ունեին իրենց պատճառաբանությունները, սակայն դրանցից ամենակարևորը Արևմուտքի՝ թեկուզ ոչ մտադրված այն ազդանշանն էր, որ իրենք անհանգստանլու ոչինչ չունեն միջազգային խիստ արձագանքի առումով։

Մենք Հայաստանում փորձում էինք հասկանալ Քոչարյան և Սարգսյան ռեժիմի կողմից մեր ժողովրդավարության բռնաբարման նկատմամբ գոյություն ունեցող այս անտարբերության արմատները։ Առկա ապացույցները երկու բացատրություն են առաջարկում։ Առաջին՝ Արևմուտքի և հատկապես ևրոպայի որոշ ազդեցիկ կազմակերպություններ և գործիչներ միամտորեն կառչած են դրական գնահատականներ տալու միջոցով արդյունքի հասնելու գաղափարին։ Նրանց թվում է, որ խոշոր թերությունները քննադատելու փոխարեն փոքր բարելավումները գովաբանելով՝ ստեղծում են լավ վարքագծի համար խթաններ։ Սակայն, ամեն ոք, ով լավ է ուսումնասիրել այս ռեժիմը, գիտի նման մոտեցման անհեթեթությունը։ Երկրորդ և թերևս առավել կարևոր բացատրությունն այն հաճախ շրջանառվող դիտարկումն է, որ միակ անձինք, ովքեր ունակ են լուծել Հայաստանի երկարատև խնդիրը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, ղարաբաղյան ծագում ունեցող ղեկավարներն են, ինչպիսիք Քոչարյանն ու Սարգսյանն են, որոնք և երկրի ներսում հայտնի են որպես կոշտ դիրքորոշում ունեցողներ։ Սա նման է՝ «միայն Նիքսոնը կարող էր գնալ Չինաստան» տրամաբանությանը։ Խնդիրն այն է, որ չնայած նախորդ 10 տարիների ընթացքում ունեցած իշխանությանը՝ Քոչարյանն ու Սարգսյանը շատ քիչ բան են արել բանակցային գործընթացի առաջընթացի գործում։ Առավել կարևոր է այն, որ բարդ և արդյունավետ որոշումներ կայացնող առաջնորդը պետք է ունենա իր ժողովրդի վստահությունը։ Սարգսյանը չունի այդ վստահությունը։ Մարտի 1-ին իր և Քոչարյանի կողմից իրականացրածից հետո նա չի կարողանա այստեղ կառավարել, ուր մնաց՝ բարդ որոշումներ կայացնել։

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել։ Ի՞նչ սպասելիքներ ունի Հայաստանի ժողովուրդը Արևմուտքից և հատկապես Միացյալ Նահանգներից։ Նվազագույնը մենք ակնկալում ենք մարտի 1-ի բռնությունների հզոր և աներկբա դատապարտում՝ այն գիտակցությամբ, որ իշխանությունն է, և ոչ թե ընդդիմությունը, կրում պատասխանատվությունը։ Այս դատապարտումը պետք է ուղեկցվի խիստ զգուշացմամբ՝ ընդդիմության և ընդդիմադիր լիդերների հանդեպ աննախադեպ չափերի հասնող և չդադարող հետապնդումների դադարեցման, ինչպես նաև մամուլի նկատմամբ սահմանափակումները վերացնելու և ազատ հանրահավաքներ անելու և անկողմնակալ լրատվություն ստանալու մարդկանց իրավունքը վերականգնելու պահանջով։ Մենք նաև սպասում ենք ընտրությունների անցկացման վերաբերյալ նոր գնահատականի։ Ցանկացած լուրջ գնահատական անխուսափելիորեն կբերի այն եզրահանգմանը, որ պետք է անցկացվեն նոր ընտրություններ։

Եթե այս քայլերը չձեռնարկվեն, հայերը կհանգեն երկու խիստ անցանկալի եզրակացությունների. որ քաղաքական պայքարի խաղաղ և օրինական միջոցները անարդյունավետ են ու անիմաստ, և որ Արևմուտքը հոգում է ժողովրդավարության մասին, միայն երբ դա իրեն քաղաքականապես նպատակահարմար է։ Արևմուտքը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին հետ պահի այս եզրակացություններից։


«Վաշինգտոն Պոստ», 5 մարտի, 2008թ.