Տնքում են սար, ձոր, ծիլ, ծաղիկ ու խոտ․
Քամին՝ կաղկանձում․ բուն վայ է տալիս․
Ծով, գետ ու առվակ՝ պղտոր, արյունոտ
Դիակներ բարձած– գնում են գալիս։

Լսի՛ր․
Վերքն է մրմնջում․. սրտերը՝ քաղցած
Ունեն մեծ պայքար, որ խոր թափանցեն,
Ուտեն՝ ապրելու, դիակի հյուծված
Ներքին աշխարհը, սիրտը շուտ անցնեն։

Լսի՛ր․
Մարմինն է տնքում փոր հացի համար՝
Անառակության մեջ լլկված վաղաժամ․
Եվ ատամների կրճտոցն անդադար
Անեծք է թափում՝ որ ծախվեց էժան։

Լսի՛ր․
Երկունքը մոտ է․ ամեն խաղերից
Ոսկորն է շաչում․ և մի վայրկյանի
Մի անասնական անհագ մրրկից
Աշխարհ է գալու քաղցած կենդանի։

Լսի՛ր․
Լուռ արածում են մարդ և անասուն․
Անբան կենդանին գոյության համար,
Անխոս զարմանքի ձգած վայնասուն
Մարդուն խոտակեր արավ արնահար։

Լսի՛ր․
Հանքը փուլ եկավ․ կամ կաթսան պայթեց․
Մի մեծ փոսի մեջ լեշեր թաղեցին․
Դիակը՝ ճոճաց․ լեզուն դուրս կախվեց․
Տրորված գանգեր ծովը նետեցին։

Լսի՛ր․
Շղթան է զնգում, հաստ ամուր շղթան,
Կաղապարը՝ արդար իրավունքների․
Տենչերը ըմբոստ, բողոքը՝ մարդկան
Տանում է հեռու՝ ճարակման գերի։

Լսի՛ր․
Մի՛ սոսկար․ քաջ կաց․ բռնակալության
Ծաղկոտ, վառ գարնան փառքն է այսօր,
Վերքերը՝ խորունկ․ ոճիրն անխափան․
Արյան հեղեղը՝ ալիքներ բոսոր։

Լսի՛ր․
Չփախչես․ կանգնիր, հենվիր իմ ուսին․
Շուտով վրեժի կուգա ցուրտ ձմեռ․
Եվ կթառամեն նոր արշալույսին
Նախճիր, բռնություն մինչ այժմ անմեռ։

Լսի՛ր․
Չէ՛, չոքի՛ր, շուտ․ սուս, բազկատարած,
Երկունքի մեջ է կյանքը, մարդկություն,
Քիչ էլ, կծնի ազատն աստված՝
Մտքերի գարուն— հավասարություն․․․


1907 թ. 29 ապրիլի