Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական շարժման առաջին կոնգրեսում
Հարգելի գործընկերներ,
Ինձ սատարող քաղաքական ուժերի և համաժողովրդական նոր Շարժման ակտիվիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործընթացի առաջին փուլի արդյունքները և ուրվագծելու մեր հետագա գործունեության խնդիրները։ Թեև սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով ենթադրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թափանցիկ, հրապարակային քաղաքականության մեր որդեգրած սկզբունքին, կնախընտրեի այս ամենի մասին արտահայտվել բացեիբաց՝ խոսքս ուղղելով ոչ միայն իմ կողմնակիցներին, այլև մեր ողջ ժողովրդին։ Մոլորությունների մեջ չընկնելու և իրավիճակը ճիշտ գնահատելու համար, կարծում եմ, հարկ է նախևառաջ հստակ պատկերացում ունենալ նախընտրական պայքարի մեջ ներգրավված ուժերի հարաբերակցության և վերարտադրության ձգտող ներկա հանցավոր վարչախմբի կարողականության (պոտենցիալի) մասին։
Ներկա վարչախմբի ռեսուրսները
խմբագրելԻ տարբերություն մեզ, Հայաստանի գործող իշխանությունները ընտրական գործընթացում որդեգրել են պայքարի ընդհատակյա, ինտրիգային սկզբունքը՝ հիմնվելով գլխավորապես վարչական, տեղեկատվական, ֆինանսական, ռեպրեսիվ և քրեական ռեսուրսների վրա, որոնցից յուրաքանչյուրին նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ առանձին-առանձին։ 1. Վարչական ռեսուրս. դրա տակ ենթադրվում է ողջ պետական մեքենան՝ նախագահական ապարատը, կառավարությունը, նախարարությունները, մարզպետարանները, քաղաքապետարանները, թաղապետարանները, գյուղապետարանները, ինչպես նաև բյուջետային հիմնարկները՝ բուհերը, ակադեմիական ինստիտուտները, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները և այլն։ Այդ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը ջանասիրաբար, իսկ ոմանք աշխատանքը կորցնելու վախից, հլուհնազանդ կատարում են իրենց տերերի հրամանները և սեփական ազդեցության ոլորտներում փորձում կանխել վարչախմբին անհաճո այլախոհության ցանկացած դրսևորում։ Վերջին շրջանում նրանց գործունեությունը հիմնականում ուղղված էր իրենց աշխատակիցներին և ժողովրդական զանգվածներին ընդդիմության հանրահավաքներից հեռու պահելու խնդրին, ընդ որում, խտրություն չդնելով միջոցների միջև՝ սկսած «բարեկամական» զրույցներից ու հորդորներից, վերջացրած ահաբեկումներով ու տարբեր տիպի սպառնալիքներով։ Իսկ եթե նկատի ունենանք նաև, որ հիմնականում բյուջետային հիմնարկների աշխատակիցներն են ձևավորում ընտրական հանձնաժողովները, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական դերակատարություն է նրանց վերապահված ապագա ընտրություններում։ 2. Տեղեկատվական ռեսուրս. Ինչպես հայտնի է, բացի «Ազատություն» ռադիոկայանից և «Երկիր-Մեդիա» ու «ԳԱԼԱ» հեռուստակայաններից, Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների ողջ համակարգը գտնվում է ներկա իշխանությունների լիակատար վերահսկողության տակ, ինչը նրանց անարգել թույլ է տալիս իրականացնել միակողմանի քարոզչություն, կոչված ծառայելու մի կողմից՝ վարչախմբի թեկնածուի դրվատման, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների վարկաբեկման խնդրին։ «Երևանի մամուլի ակումբի» անցկացրած անկախ դիտարկման տվյալներով՝ Հայաստանի յոթ գլխավոր հեռուստակայանները և հանրային ռադիոն հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին արձակել են Սերժ Սարգսյանին վերաբերող 218 դրական, 16 բացասական և 1504 չեզոք, իսկ ինձ հիշատակող՝ 16 դրական, 404 բացասական և 468 չեզոք հաղորդագրություն։ Վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմնակալության ավելի վառ ապացույց դժվար է պատկերացնել։ Մենք, ըստ էության, գործ ունենք պետության կողմից տեղեկատվական դաշտի լիակատար մոնոպոլիզացիայի հետ, ինչը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին կամ երրորդ աշխարհի բռնապետական ռեժիմներին։ Նման պայմաններում մեր երկրում օրինական ընտրությունների անցկացումը պարզապես ծաղրուծանակի է հավասարազոր։ 3. Ֆինանսական ռեսուրս. Մեր հասարակության համար գաղտնիք չէ, որ 1998, 2003 և 2007 թվականներին անցկացված ընտրություններում կարևոր տեղ է զբաղեցրել իշխանությունների կողմից բաժանված ընտրակաշառքը, ինչն արձանագրված է նաև միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում։ Եթե ինչ-որ մեկը հույս է փայփայում, թե առաջիկա նախագահական ընտրություններում իշխանությունները հրաժարվելու են այդ պրակտիկայից, ապա նա չարաչար սխալվում է։ Ավելին, հիմքեր կան պնդելու, որ ընտրակաշառքը դառնալու է 2008-ի ընտրություններում նրանց հաջողության հասնելու հիմնական գրավականը։ Այնքան ակնհայտ է իշխանությունը պահելու մոլուցքը, որ վարչախումբը պատրաստ է այդ նպատակին հատկացնել թեկուզ կես միլիարդ դոլար՝ չխորշելով ոչ միայն հարկային գերավճարներ գանձելուց ու «Պարզեցված հարկի մասին օրենքի» գործողությունը դադարեցնելուց, այլև պետական բյուջեի ու Կենտրոնական բանկի պահուստների օգտագործումից։ Ընտրակաշառքի համար նախատեսված գումարի առյուծի բաժինը, սակայն, ինչպես միշտ, հասնելու է ոչ թե բուն քվեարկողին, այլ միջին օղակների պետական պաշտոնյաներին, տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, անվտանգության, հարկային ծառայությունների ղեկավարներին, ընտրական հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև թաղային հեղինակություններին և քրեական տարրերին։ 4. Ռեպրեսիվ ռեսուրս. Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանը, անվտանգության ծառայությանը, դատարաններին, դատախազությանը, մասամբ նաև՝ հարկային տեսչությանը, որոնք վերջին շրջանում ամբողջությամբ ներքաշված են քաղաքականության ոլորտ։ Բարձիթողի մատնած իրենց բուն գործառույթները, այս կառույցները, արդեն երեք ամիս է, ինչ զբաղված են բացառապես իմ կողմնակիցների նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններով։ Հազարների է հասնում այն քաղաքացիների թիվը, ովքեր կանչվել են ոստիկանատներ և ճնշումների ենթարկվել ինձ աջակցելու, մասնավորապես, իմ կազմակերպած հանրահավաքներին մասնակցելու համար։ Սպառնալիքները, ահաբեկումները, թռուցիկներ պոկելը, խաղաղ երթերի խափանումը, ապօրինի գաղտնալսումներն ու խուզարկությունները, ֆիզիկական ուժի կիրառումը դարձել են ոստիկանության և անվտանգության ծառայության, եթե ոչ միակ, ապա գլխավոր գործելակերպը։ Գործի են դրվել նաև հարկային տեսչության և դատական համակարգի բոլոր լծակները՝ Շարժման ակտիվիստների քաղաքական գործունեությունը կաշկանդելու նպատակով։ Ռեպրեսիվ ռեսուրսի օգտագործման ամենացցուն օրինակներն են՝ հոկտեմբերի 23-ի ոստիկանական պրովոկացիան, Նարեկ Գալստյանի դեմ կիրառված բռնությունը, «Սիլ-գրուպ» ընկերությունում և «ԳԱԼԱ» հեռուստակայանում սանձազերծված հարկային տեռորն ու դատական քաշքշուկը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան պայթեցումը, ինչպես նաև մարդկանց ստիպողաբար աշխատանքից ազատելու արդեն իսկ արձանագրված տասնյակ դեպքերը։ 5. Քրեական ռեսուրս. Ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, քոչարյանա-սերժական ռեժիմը այս անգամ ևս չի խորշում թաղային հեղինակությունների և քրեական տարրերի կարողությունների օգտագործումից։ Առկա ռեսուրսը, թերևս, բավարար չհամարելով, իշխանություններն անցած ամիսներին բանտերից վաղաժամկետ ազատել են բազմաթիվ մեղադրյալների ու դատապարտյալների, որոնք այդ շնորհը, բնականաբար, պիտի հատուցեն առաջիկա ընտրությունների ընթացքում մատուցելիք համապատասխան ծառայություններով։ Քրեական տարրերին սովորաբար վստահվում են ընդդիմության ներկայացուցիչների և հանրային միջոցառումների դեմ ուղղված ամենակեղտոտ գործերը՝ սկսած ահաբեկումներից ու բռնարարքներից, վերջացրած պրովոկացիաներով ու զանգվածային անկարգություններով։ Նրանց վրա է դրված նաև մեկուսարաններում ու կալանավայրերում գտնվող մարդկանց միջոցով վերջիններիս հարազատների վրա ազդելու ու քաղաքականապես «կողմնորոշելու» պատասխանատվությունը։ Թաղային հեղինակություններին ու քրեական տարրերին զգալի դերակատարություն է վերապահված նաև ընտրությունների վերջնական փուլում, մասնավորապես, քաղաքացիներին կազմակերպված կերպով ընտրատեղամասեր տեղափոխելու և նրանց ձայնը հարկադրանքով կամ կաշառքով կորզելու գործում։ 6. Պառակտողական ռեսուրս. Այս հասկացության տակ ես նկատի ունեմ իշխանությունների կողմից ընդդիմության շարքերը ջլատելուն ուղղված, թեև պարզունակ, բայց վտանգավոր քայլերը, մասնավորապես, շինծու կամ դրածո թեկնածուների առաջադրումը։ Նախընտրական այս տեխնոլոգիան հետապնդում է երկու ակնհայտ նպատակ. առաջին՝ պաշտոնական քարոզարշավի կանոնակարգով այդ թեկնածուներին հատկացված եթերաժամերն օգտագործել ի նպաստ իշխանության ներկայացուցչի, և երկրորդ՝ հնարավորության սահմաններում ցրել ընդդիմության ստացած ձայները՝ ընտրակեղծիքները թաքցնելու և հիմնական մրցակցի հաղթանակը թույլ չտալու համար։ Դրածո թեկնածուների շարքում ես ամենևին նկատի չունեմ Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ունենալով իրենց կայուն ընտրազանգվածը, պայքարի են ելել հստակ գաղափարական նպատակներով։ Խոսքը, ինքնըստինքյան հասկանալի է, վերաբերում է որոշ տխրահռչակ անձնավորությունների, ովքեր նույնպիսի չարաբաստիկ դերակատարություն են ունեցել մասնավորապես 1998 և 2003 թվականների ընտրություններում, ակնհայտորեն գործելով հաղթող թեկնածուներ Կարեն և Ստեփան Դեմիրճյանների դեմ, և վերջին հաշվով, նպաստելով Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբի կայացմանն ու ամրապնդմանը։ Կարծում եմ, մեր հասարակությունը հաշվի կառնի այդ դառը փորձը և այլևս չի խաբվի նման մարդկանց քաղաքական աճպարարություններից, ինչպիսի ամբոխավարական հնարքներով էլ քողարկված լինեն դրանք։ 7. Ապատեղեկատվական ռեսուրս. Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում, միջոցներ չխնայելով, հարցումներ են պատվիրում արտասահմանյան սոցիոլոգիական կենտրոններին և հրճվում դրանց արդյունքներով, որոնց համաձայն՝ Սերժ Սարգսյանին իբր պատրաստ է ձայն տալու հարցվածների շուրջ 30 տոկոսը, իսկ ինձ՝ ընդամենը 2 թե 6 տոկոսը։ Ես հիմքեր չունեմ կասկածելու արտասահմանյան այդ հաստատությունների անաչառությանը, սակայն չեմ կարող չնշել տարակուսանք առաջացնող երկու հանգամանք։ Առաջին. հարցվածների մոտ 60 տոկոսը հրաժարվում կամ վախենում է արտահայտել իր կարծիքը, ինչը նշանակում է, որ նրանք մտադիր չեն քվեարկելու Սերժ Սարգսյանի օգտին, այլապես վախենալու պատճառ չպիտի ունենային։ և երկրորդ. եթե Սարգսյանի և իմ վարկանիշներն իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա բոլորովին հասկանալի չէ, թե ինչով պետք է բացատրել իշխանությունների սանձազերծած անզուսպ ու տենդագին քարոզարշավն իմ դեմ, ինչպես նաև իմ կողմնակիցների նկատմամբ կիրառվող անօրինական գործողություններն ու բռնարարքները, հանրահավաքները խոչընդոտելու կոպիտ փորձերը, մեր գործունեության լիակատար տեղեկատվական շրջափակումը, և վերջապես, ոստիկանությանը թռուցիկներ պոկելու նվաստացմանը ենթարկելու ու ծաղրուծանակի առարկա դարձնելու փաստը։ Մի՞թե պարզ չէ, որ հրապարակված վարկանիշների իսկության պարագայում նման ջղաձգությունների կարիք չպետք է զգացվեր, և Սերժ Սարգսյանն ընտրությունների պիտի գնար դհոլզուռնայի ու փողային նվագախմբի ուղեկցությամբ։ Այս ամենից միանշանակորեն հետևում է միայն մեկ բան, այն է՝ վարչախումբը չի հավատում իր իսկ պատվիրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, ինչից էլ, ահա, նրա նյարդային վիճակն ու խուճապահար պահվածքը։ Սակայն, չնայած դրան, իշխանություններն, այնուամենայնիվ, մեծ հույսեր են կապում այդ հարցումների հետ՝ դրանք դիտելով որպես արտասահմանյան հաստատությունների հեղինակությամբ իրենց ծրագրած ընտրակեղծիքներն արդարացնելու վստահելի միջոց։
Համաժողովրդական Շարժման ռեսուրսները
խմբագրելԻ տարբերություն իշխանությունների, որոնց բոլոր թվարկված ռեսուրսների օգտագործման իրողությունն, անխտիր, օրենքի կոպիտ ոտնահարման տարր է պարունակում, Հայաստանում ձևավորված նոր համաժողովրդական Շարժումը որդեգրել է բաց, հրապարակային գործունեության մարտավարություն՝ հիմնված իրավագիտակցության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության համընդհանուր սկզբունքների վրա։ Շարժման սոցիալական բազան ժողովրդական լայն զանգվածներն են, մասնավորապես, հասարակության ընչազուրկ հատվածը, գյուղացիությունը, միջին խավը ներկայացնող գործարարներն ու մտավորականները, ինչպես նաև ստորին օղակների պետական պաշտոնեությունը, մի խոսքով՝ վարչախմբից դժգոհ ողջ ընտրազանգվածը։ Մեր խնդիրն է, արդ, առավելագույնս մոբիլիզացնել այդ ուժերը՝ Հայաստանի ներկա ավազակապետական ռեժիմի վերարտադրությունը վիժեցնելու նպատակով։ Ընտրական գործընթացի առաջին փուլում, սեպտեմբերի 21 ից մինչ օրս, մեզ հաջողվեց այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կատարել և հասնել այնպիսի տպավորիչ արդյունքների, որոնք անակնկալ էին մեր ողջ հասարակության համար։ Հարկ եմ համարում հատկապես կանգ առնել դրանցից հետևյալ չորսի վրա. 1. Աջակից ուժերի համախմբումը. Շարժման ամենամեծ նվաճումն, անտարակույս, բազմաթիվ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համախմբումն է իմ թեկնածության շուրջ։ Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, նրանց միավորում է ոչ թե իմ անձի նկատմամբ տածած անվերապահ վստահությունը, այլ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լուծը թոթափելու և երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հրամայականը։ Ինձ սատարող քաղաքական ուժերի կորիզը կազմում են՝ Ստեփան Դեմիրճյանի առաջնորդած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը», Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն կուսակցությունը» և Արարատ Զուրաբյանի ղեկավարած «Հայոց համազգային շարժումը»։ Համաժողովրդական նոր Շարժմանը միացած մյուս քաղաքական ուժերն են՝ «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը» (ղեկավար՝ Լյուդմիլա Սարգսյան), «Ժողովրդական ուղի կուսակցությունը» (նախագահ՝ Մանուկ Գասպարյան), «Հայաստանի մարքսիստական կուսակցությունը» (նախագահ՝ Դավիթ Հակոբյան), «Պահպանողական կուսակցությունը» (նախագահ՝ Միքայել Հայրապետյան), «Ազատություն կուսակցությունը» (նախագահ՝ Հրանտ Բագրատյան), «Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը» (նախագահ՝ Պետրոս Մակեյան), «Հայաստանի առաջադիմական ազատական կուսակցությունը» (նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյան), «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցությունը» (նախագահ՝ Մկրտիչ (Սոս) Գիմիշյան), «Հայոց հայրենիք կուսակցությունը» (նախագահ՝ Արշակ Բակլաչյան), «Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը» (նախագահ՝ Ռուբեն Թորոսյան), «Երրորդ հանրապետություն կուսակցությունը» (նախագահ՝ Կարեն Դավթյան), «Հայրենիք և պատիվ կուսակցությունը» (նախագահ՝ Գառնիկ Մարգարյան) և «Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնությունը» (համակարգող՝ Նիկոլ Փաշինյան)։ Բացի այդ, իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով հանդես են եկել նաև հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Ազատության փարոս» (նախագահ՝ Սամվել Ավետիսյան), «Համաձայնություն» (նախագահ՝ Դավիթ Շահնազարյան), «21-րդ դարի առաջնորդների ֆորում» (նախագահ՝ Գայանե Սարգսյան), «Երիտասարդ պահպանողականներ» (նախագահ՝ Տիգրան Խաչատրյան), «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» (նախագահ՝ Տիգրան Հակոբյան), «Իրավունքի և ազատության կենտրոն» (նախագահ՝ Վարդան Հարությունյան), «Համագործակցություն և ժողովրդավարություն» (նախագահ՝ Գագիկ Ավագյան), «Բազմակարծիքային կենտրոն» (նախագահ՝ Ռուբեն Թորոսյան) և «Գործարար կին» (նախագահ՝ Անահիտ Սարգսյան)։ Շարժմանն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել նաև հազարավոր ազատամարտիկներ և «Երկրապահ կամավորականների միության» տասնյակ տեղական կառույցներ։ Ոչ մի այլ թեկնածուի շուրջ այսքան բազմաքանակ և այսքան ազդեցիկ ուժեր չեն համախմբվել, ինչը թույլ է տալիս խոսել եթե ոչ անգամ ընդդիմության միասնական թեկնածուի, ապա առնվազն վարչախմբին հակադիր հստակ բևեռի ձևավորման մասին։ Միանգամայն ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանի և իմ միջև։ Այս տեսակետն, ի դեպ, արդեն իսկ տիրապետող է ինչպես ներհանրապետական, այնպես էլ արտասահմանյան քաղաքագետների ու վերլուծաբանների հրապարակումներում։ Վարչախմբին հակադիր բևեռի ձևավորումն, ըստ այդմ, պետք է համարել ընտրական գործընթացի անցած փուլի ամենանշանակալից քաղաքական արդյունքը։ 2. Զանգվածային հանրահավաքների անցկացումը. Կարճ ժամանակահատվածում համաժողովրդական Շարժմանը հաջողվեց Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել երեք զանգվածային հանրահավաք, որոնց իրենց մասնակցությունը բերեցին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության մարզերի բազմահազար բնակիչներ։ Ըստ ամենահամեստ գնահատականների՝ հոկտեմբերի 26-ի, նոյեմբերի 16-ի և դեկտեմբերի 8-ի հանրահավաքներին ներկա են գտնվել համապատասխանաբար՝ վաթսուն, ութսուն և իննսուն հազար քաղաքացիներ։ Պետական մարմինները, բնականաբար, շատ ավելի նվազ թվեր հայտարարեցին, իսկ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային լրատվամիջոցները կա՛մ ընդհանրապես լռեցին, կա՛մ էլ աղավաղված ու ստահոդ լուրեր արձակեցին այդ հանրահավաքների մասին։ Ոչ ոք չժխտեց, սակայն, որ դրանք 2003թ. ընտրություններից հետո ընդդիմության կազմակերպած ամենահուժկու քաղաքական միջոցառումներն էին։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ վերջին տարիների համար աննախադեպ այդ քաղաքացիական ակտիվությունը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։ Ուստի հանրահավաքները խափանելու կամ գոնե դրանց մասնակիցների թիվը նվազեցնելու նպատակով նրանք, չխորշելով ոչ մի միջոցից, դիմեցին բացահայտ օրինազանցությունների ու բռնարարքների։ Շուրջ երկու ամիս հանրապետության ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը և տեղական ինքնակառավարման մարմինները զբաղված էին բացառապես հանրահավաքների իրազեկմանը խոչընդոտելու, թռուցիկներ պոկելու, Շարժման ակտիվիստների նկատմամբ ճնշումներ ու բռնություններ կիրառելու ապօրինի գործով։ Այս ամենով հանդերձ, իշխանությունները չհասան իրենց ակնկալած նպատակին։ Մարդիկ չահաբեկվեցին, չընկրկեցին բիրտ ուժի առջև։ Ընդհակառակը, թերևս նաև ի հակազդեցություն դրա, ցուցարարների շարքերը հանրահավաքից-հանրահավաք ավելի ստվարացան։ Սա միանշանակ կերպով ցույց է տալիս, որ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցված է և, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը վերջնականապես հաղթահարել է երկրում տիրող վախի մթնոլորտը։ Հետևաբար, մենք ականատեսն ենք մի այնպիսի հուսադրիչ իրողության, որն ընտրությունների միջոցով իշխանական ավազակախմբից ազատվելու ամենաանհրաժեշտ գրավականն է։ 3. Տեղեկատվական շրջափակման հաղթահարումը. Կասկած չկա, որ մինչև 2008թ. հունվարի 20-ը մեզ համար այդպես էլ փակ են մնալու Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների զրահապատ դռները, որոնց ետևում բարիկադավորված են վարչախմբի աչալուրջ պահապանները։ Կասկած չկա նաև, որ այդ ընթացքում ողջ պետական մեքենան միևնույն կամ, գուցեև, ավելի մեծ թափով շարունակելու է գեբելսյան ավանդույթների վրա հիմնված իր քարոզչությունն ու հակաքարոզչությունը։ Այնուամենայնիվ, վիճակն այնքան էլ անմխիթարական չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Շարժման ղեկավարության հմտության և ակտիվիստների ջանասիրության շնորհիվ մեզ, ըստ էության, հաջողվել է հաղթահարել տեղեկատվական այդ շրջափակումը, և վարչախմբի գռեհիկ քարոզչությանը հակադրել մեր անհամեմատ ավելի արդյունավետ քարոզչությունը։ Ես նկատի ունեմ, առաջին հերթին, հանրահավաքներում հնչած ելույթների տեսասկավառակների բազմացումն ու տարածումը, որոնց ընդհանուր տպաքանակն անցնում է 100 հազարից։ Շարժման հազարավոր անդամների կողմից այդ տեսասկավառակները կազմակերպված կերպով ցրվում են ողջ հանրապետությունով մեկ՝ հասանելի դառնալով ավելի քան կես միլիոն մարդու։ Տվյալ միջոցով մենք փաստորեն ստեղծել ենք մեր սեփական հեռուստատեսությունը, ինչի համար երախտապարտ պետք է լինենք Բիլ Գեյթսին։ Բացի դրանից, մասնավորապես իմ ելույթների հայերեն բնագրերն ու նրանց անգլերեն և ռուսերեն թարգմանությունները գրքույկների տեսքով տպագրվում են տասնյակ հազարների հասնող տպաքանակով՝ նույնպես արագորեն տարածվելով հասարակության բոլոր շերտերում։ Եթե սրան գումարենք նաև Շարժման գաղափարակիր կամ համակիր թերթերի՝ «Հայկական ժամանակի», «Հայքի», «Չորրորդ իշխանության», «Ժամանակ Երևանի» և «Տարեգրի» հրապարակումները, ինչպես նաև իմ անունով բացված ինտերնետային կայքի նյութերը, ապա դժվար է ասել ով ում պիտի նախանձի՝ իշխանություննե՞րը մեզ, թե՞ մենք իշխանություններին։ Դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ մենք չպետք է բավարարվենք ձեռք բերվածով, այլ ընդհակառակը, պետք է ավելի ևս լարենք մեր ջանքերը՝ վերը նշված քարոզչական հնարավորություններն առավելագույնս օգտագործելու ուղղությամբ, քանի որ բացի հանրահավաքներից, տեսասկավառակներից, գրքույկներից ու թերթերի հրապարակումներից, մենք առայժմ ժողովրդի հետ անմիջականորեն հաղորդակցվելու այլ միջոց չունենք։ 4. Ավազակապետական համակարգի մերկացումը. Թեև վերջին տաս տարիների ընթացքում շատ քննադատություն է հնչել Հայաստանի ներկա իշխանությունների հասցեին, սակայն մինչև այս աշուն, նրանց ձևավորած ավազակապետական համակարգի էությունը չէր բացահայտվել, և մեր հասարակությունը փաստորեն լիովին անտեղյակ էր, թե ինչպիսի երկրում է ապրում։ Մարդիկ դժգոհում էին ամեն ինչից՝ սոցիալական վիճակից, գների աճից, դոլարի կուրսի անկումից, չդադարող արտագաղթից, խոսքի ազատության սահմանափակումներից, մարդու իրավունքների խախտումներից, պետական պաշտոնյաների կամայականություններից, կաշառակերությունից, հովանավորչությունից, մաքսային և հարկային ծառայությունների սանձարձակությունից, ոստիկանության ապօրինի գործողություններից, դատարանների և դատախազության կողմնակալությունից, քրեական հանցագործությունների աճից և այլն, բայց ըստ էության, չէին ըմբռնում, թե որն է այդ արատավոր երևույթների պատճառը։ Ընդ որում, օբյեկտիվորեն չէին էլ կարող դա ըմբռնել, որովհետև պետության լիակատար վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք հասարակական կարծիքի ձևավորման ամենաազդեցիկ գործիքներն են, տասը տարի շարունակ գրեթե բացարձակապես անտեսել են նշված երևույթները և ժողովրդին իրականության բոլորովին այլ պատկեր ներկայացրել։ Եթե դատելու լինենք մեր հեռուստատեսությունից, ապա մենք ապրում ենք ծաղկուն, բարգավաճող, լուրջ տնտեսական նվաճումներ արձանագրող, իրավական, ժողովրդավարական, քաղաքակիրթ մի երկրում, որի հոգսերով տառապող պետական պաշտոնյաները գիշեր-ցերեկ մտածում են ժողովրդի բարօրության մասին՝ ձեռքի հետ էլ ժապավեններ կտրում, շքանշաններ բաժանում, տոնախմբություններ ու համերգներ կազմակերպում, ստեղծելով խրախճանքի, լավատեսության ու անհոգության երազային մի մթնոլորտ։ Ընդամենը երեք զանգվածային հանրահավաքների հետևանքով, որոնցում լիովին բացահայտվեց Հայաստանի ներկա ավազակապետական համակարգի էությունը, իշխանական քարոզչամեքենայի տասը տարվա աշխատանքը, կարելի է ասել, մեկ օրում ջուրը թափվեց։ Ժողովուրդն առաջին անգամ հնարավորություն ստացավ ծանոթանալու ողջ ճշմարտությանը, այդպիսով որոշ չափով հագեցնելով իր երկարամյա տեղեկատվական քաղցը։ Հանրահավաքների, ինչպես նաև մեր տարածած գրքույկների և տեսասկավառակների նկատմամբ առկա արտասովոր հետաքրքրությունը մասամբ պետք է բացատրել, ահա, այդ տեղեկատվական քաղցով։ Հասարակական կարծիքի ձևավորման այս նոր մթնոլորտի ազդեցությամբ՝ պետական քարոզչամեքենան հայտնվեց կաթվածահար վիճակում, որի բացահայտ ախտանիշներն են նրա անկազմակերպ, հախուռն ու գռեհիկ հեռարձակումները։ Ստի, կեղծիքի, ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունն այլ վախճան չէր կարող ունենալ։ Վերջին հաշվով, ավազակապետական համակարգի մերկացումն էր այն գլխավոր գործոնը, որն առաջացրեց հասարակական կարծիքի վճռորոշ բեկումը։ Ամփոփելով կարճատև շրջանում Շարժման անդամների կատարած հսկայածավալ աշխատանքը, կարծում եմ, լուրջ հիմքեր կան պնդելու, որ ընտրական գործընթացի առաջին փուլն ավարտվեց վարչախմբի դեմ տարած մեր փայլուն հաղթանակով։ Դրա անժխտելի վկայությունը ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխության վրա հիմնված քաղաքական այն նոր իրավիճակն է, որն անհնար էր պատկերացնել թեկուզ երեք ամիս առաջ։ Տվյալ իրավիճակը միաժամանակ այն հուսալի հենակետն է, որի վրա պետք է խարսխվի բազմապատիկ ավելի արդյունավետ մեր հետագա աշխատանքը։
Ընտրական գործընթացի հաջորդ փուլի խնդիրները
խմբագրելԿարելի է ասել, այսօրվանից սկսվում է ընտրական գործընթացի հաջորդ՝ վճռական փուլը, որի խնդիրների հստակեցմանն էլ նվիրված է, ահա, սույն ներկայացուցչական համաժողովը։ Դրանք, բնականաբար, իրենց բնույթով որոշակիորեն տարբերվելու են առաջին փուլում իրականացված խնդիրներից, քանի որ թելադրված են բոլորովին այլ պահանջներով ու մարտահրավերներով։ Եթե առաջին փուլում մեր աշխատանքը սահմանափակվում էր հանրահավաքների կազմակերպմամբ և դրանց տպագիր ու տեսահոլովակային նյութերի տարածմամբ, նպատակ հետապնդելով համապատասխան հասարակական կարծիք ձևավորել, ապա առաջիկայում, կարծում եմ, հստակ ուշադրություն պետք է դարձնել կազմակերպչական հարցերի և քարոզչական դաշտի ընդլայնման վրա։ Կազմակերպչականի տակ ես, առաջին հերթին, նկատի ունեմ հետևյալ հրատապ խնդիրները. 1. Կենտրոնական նախընտրական շտաբի ստեղծումը. Շարժման ակտիվիստների գործունեությունը կազմակերպելու և համակարգելու կոչված այդ մարմինը ձևավորվելու է օրենքով սահմանված ժամկետներում՝ ունենալով մոտավորապես հետևյալ կառուցվածքը. – Շտաբի պետ, որի նշանակումը գտնվում է իմ իրավասությունների շրջանակում, ըստ այդմ, քննարկման ենթակա չէ, ինչը չի նշանակում, անշուշտ, որ ես բացառում եմ դրա հետ կապված խորհրդակցությունների անցկացում։ – Քաղաքական խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են իմ թեկնածության պաշտպանությամբ հանդես եկած կուսակցությունների առաջնորդները կամ նրանց ներկայացուցիչները։ Խորհրդի իրավասությունը նախընտրական քարոզարշավի ընդհանուր ռազմավարության մշակումն ու ինձ սատարող ուժերի գործունեության համակարգումն է։ Քաղաքական խորհրդի նիստերը հրավիրելու և վարելու է նախընտրական շտաբի պետը։ – Գործադիր մարմին՝ կազմված գլխավորապես առայսօր գործող «Տեր Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի» աշխատակիցներից, որոնց ուսերին էր դրված ընտրական գործընթացի առաջին փուլի բոլոր միջոցառումների կազմակերպումը՝ պարտականություն, որ նրանք կատարեցին փայլուն կերպով։ Դա հիմք է տալիս նրանց օժտելու նաև մեր Շարժման հետագա գործողությունները ղեկավարելու լայն լիազորություններով։ – Աշխատանքային բաժանմունքներ, որոնցում, ըստ ունակությունների և նպատակահարմարության, ներկայացված են լինելու համաժողովրդական Շարժման մեջ ընդգրկված բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև պրոֆեսիոնալ հիմունքներով ընտրված բազմաթիվ մասնագետներ։ Նախատեսվում է, մասնավորապես, ստեղծել հետևյալ բաժանմունքները՝ լրատվական, ինտերնետային, քարոզչական, վերլուծական, հրատարակչական, արտաքին կապերի և այլն։ Քանի դեռ Կենտրոնական շտաբը ստեղծված չէ, մեր գործունեության մեջ զգացվելու է աշխատանքների կազմակերպման ու համակարգման որոշակի պակաս, ծագելու են ինչ-ինչ անհամաձայնություններ ու թյուրիմացություններ, որոնք, սակայն, վստահ եմ, լիովին կվերանան, երբ այդ կարևոր կառույցը, վերջապես, սկսի գործել։ 2. Տարածքային գրասենյակների ձևավորումը. Մենք ծրագրել ենք այդպիսի գրասենյակներ բացել Երևանի բոլոր համայնքներում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև Հայաստանի նախկին շրջանային կենտրոններում ու քաղաքատիպ ավաններում։ Թեև այդ ուղղությամբ աշխատանքը վաղուց սկսվել է, և շուրջ մեկ տասնյակ այդպիսի գրասենյակներ արդեն իսկ գործում են, սակայն տվյալ բնագավառում ձեռքբերված արդյունքներն առայժմ գոհացուցիչ չեն կարող համարվել։ Ուստի Շարժումն իր առաջնահերթ խնդիրը պետք է համարի մինչև Նոր տարի ավարտին հասցնել այդ կարևորագույն գործը։ Տարածքային գրասենյակները կոչված են իրականացնելու հետևյալ հիմնական գործառույթները. – Կենտրոնական շտաբից ստացված հրահանգների, ազդագրերի, հրատարակությունների, տեսանյութերի, մամուլի հրապարակումների արագ և կազմակերպված տարածումը՝ այն հաշվով, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի անտեղյակ չմնա մեր գաղափարներին ու ծրագրերին. – Շարժման մասնակից բոլոր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների տեղական կառույցների ողջ ներուժի օգտագործումը. – Ամենօրյա քարոզչության և գյուղից-գյուղ, շենքից-շենք, տնից-տուն այցելությունների միջոցով Շարժման կողմնակիցների և համակիրների շրջանակի ընդլայնումը. – Յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր փողոցում, յուրաքանչյուր շենքում քարոզիչների և համակիրների բջիջների ստեղծումը. – Ակտիվ մասնակցությունը ընտրացուցակների կազմման և ճշգրտման գործում. – Իշխանությունների կողմից ընտրական օրենքի խախտումների և այլ օրինազանցությունների արձանագրումն ու դրանց հիման վրա կազմված տեղեկանքների ներկայացումը Կենտրոնական շտաբ. – Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանության, անվտանգության ծառայության, հարկային տեսչության, տեղական ինքնակառավարման մարմինների, թաղային հեղինակությունների և քրեական տարրերի ոտնձգություններից. – և վերջապես, ընտրությունների օրը տեղամասերում ընդհանուր վերահսկողության և դիտորդական առաքելության իրականացումը։ Տարածքային գրասենյակներին կարևոր դեր է վերապահված նաև վստահված անձանց ինստիտուտի ձևավորման, ինչպես նաև մարզային, շրջանային, համայնքային հանրահավաքների և քարոզչական այլ միջոցառումների կազմակերպման գործում։ 3. Մարզային հանրահավաքների կազմակերպումը. Առաջիկա երկու ամիսների ընթացքում ես ծրագրել եմ հատուկ ժամանակացույցով այցելել հանրապետության մարզեր և նրանցից յուրաքանչյուրում առնվազն մեկական խոշոր հանրահավաք կամ դահլիճային հանդիպում անցկացնել։ Նույնպիսի միջոցառումներ են նախատեսված նաև մայրաքաղաքի բոլոր համայնքներում։ Բացի այդ, ես կաշխատեմ նաև՝ Շարժման ղեկավարության ուղեկցությամբ և քարոզչական ավտոերթերով, լինել որքան հնարավոր է շատ գյուղական բնակավայրերում՝ ժողովրդի հետ ավելի անմիջականորեն շփվելու և նրանց առօրյա հոգսերին ծանոթանալու նպատակով։ Այդ շրջագայությունների ընթացքում, բնականաբար, կայցելեմ նաև տարածքային գրասենյակներ՝ կարճ խորհրդակցություններ անցկացնելով նրանց աշխատակազմերի և տեղական ակտիվիստների հետ։ Մարզերում հանրային միջոցառումների կազմակերպման և անցկացման խնդիրը դրվելու է Կենտրոնական շտաբի և տարածքային գրասենյակների վրա։ Քարոզարշավն ավարտվելու է՝ փետրվար ամսին, Երևանի Ազատության հրապարակում, ծրագրված առնվազն երկու զանգվածային հանրահավաքներով։ 4. Վստահված անձանց ինստիտուտի և դիտորդների դասի ձևավորումը. Վստահված անձանց ինստիտուտում պետք է ընդգրկվեն ինչպես անվանի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, գիտնականներ, արվեստագետներ և այլն, այնպես էլ ընտրությունների վերահսկման փորձ ունեցող մասնագետներ։ Վստահված անձանց թեկնածությունները պետք է քննարկվեն տարածքային կառույցներում և հաստատվեն Կենտրոնական շտաբի համաձայնությամբ։ Ինչպես Կենտրոնական շտաբում, այնպես էլ տարածքային գրասենյակներում վստահված անձանց համար անհրաժեշտ է կազմակերպել մեթոդական կարճատև դասընթացներ՝ բացատրելու համար նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ինչ վերաբերում է դիտորդների դասին, ապա անհրաժեշտ է այդ հարցում սերտորեն համագործակցել նման առաքելության իրավունք ունեցող տեղական հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ։ Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին և մանավանդ պաշտոնական քարոզարշավի ընթացքում հնարավոր են նաև այլ տիպի, երբեմն չնախատեսված, միջոցառումներ՝ համերգներ, երթեր, բողոքի ցույցեր, տարածաշրջանային ժողովներ և այլն։
Շարժման քարոզչության հիմնական ուղղվածությունը
խմբագրել1. Մեր նախընտրական քարոզչության գլխավոր ուղղությունը լինելու է Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լիակատար մերկացումն ու նրա վերարտադրության անթույլատրելիության գիտակցության արմատավորումը։ Շարժման յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա ժողովրդին բացատրել հակակշիռներից զուրկ պետական բուրգի վտանգավորությունը, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության կենսական անհրաժեշտությունը, իրավական պետության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը, երկրում առկա հոռի երևույթների՝ կաշառակերության, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների, տնտեսական մրցակցության բացակայության, սոցիալական վիճակի վատթարացման, հանցագործությունների աճի, արտագաղթի շարունակման, մշակույթի անկման, բարքերի արատավորման պատճառները։ Պատճառներից հիմնականը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստեղծած թաթար-մոնղոլական տիպի պետական համակարգն է, որի գոյության իմաստը իշխանական բուրգի և նրա սպասավորների գերհարստացման ապահովումն է՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության և արժանապատիվ կյանքի։ Այդ համակարգի էությունն ու գործողության մեխանիզմը ես հանգամանորեն ներկայացրել եմ դեկտեմբերի 8-ի հանրահավաքի իմ ելույթում, ուստի հարկ չեմ համարում ծավալվել դրա շուրջ։ Իշխանության անսահմանափակ կենտրոնացումը պետությունն իրենց սեփական կալվածքը համարող մարդկանց ձեռքում ոչ միայն խարխլում է արդի տնտեսագիտության, ժողովրդավարության, սոցիալական արդարության հիմքերը, այլև վտանգում երկրի ապագան անգամ։ Հաջորդ ակնհայտ պատճառը իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքականությունն է, որում հիմնովին խախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը և սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։ Ինչպես արդեն նշել եմ, տնտեսական բնագավառում մեզ մոտ ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած փոքրաթիվ անձանց կամքով ու հրահանգներով։ Պետության ամենաբարձր պաշտոնյաների գրասենյակներում են որոշվում, մասնավորապես, սեփականության բաշխման, պետական գույքի և հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների և տենդերների կազմակերպման, արտահանման և ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչև լիցենզիաների տրամադրման և հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա համատարած մոնոպոլիզացիան է, ինչի պատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում։ Ընդ որում, մոնոպոլիզացիան առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ հովանավորչության, հրահանգավորման, գործարարների համար անհավասար պայմաններ ստեղծելու հետևանքով, ինչն այլ կերպ, քան դիտավորյալ հանցագործություն չի կարելի որակել։ և վերջապես, երրորդ նկատելի պատճառը երկրի ներկա վարչախմբի իրականացրած, մեղմ ասած, տարօրինակ, իսկ խստորեն արտահայտված, անճարակ արտաքին քաղաքականությունն է։ Տասը տարի շարունակ Հայաստանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը՝ ընդհանուր դատարկաբանություններից, հախուռն, կցկտուր, հակասական հայտարարություններից բացի, ժողովրդին արտաքին քաղաքականության վերաբերյալ որևէ հստակ վերլուծություն կամ փաստարկված ծրագիր չեն ներկայացրել։ Ըստ էության, որևէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական և հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի քաղաքական և տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հաղորդակցության ուղիների շրջափակման վերացումը, Հայաստանի ներգրավումը միջազգային և տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, հայ-թուրքական հարաբերությունների կառուցումը և այլն։ Տպավորություն է ստեղծվում, որ միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի իշխանություններն, իրենց անպատասխանատու վարքով, ավելի շատ խնդիրներ են հարուցել, քան փորձել հարթել դրանք։
2. Քարոզչության ընթացքում ժողովրդի հետ պետք է խոսել պարզ, մատչելի, նրան հասկանալի լեզվով՝ խուսափելով տեսական դատողություններից, մասնագիտական տերմինոլոգիայից և ընդհանրական գնահատականներից։ Իշխանություններին հասցեագրված քննադատությունը հիմնված պետք է լինի ոչ թե մերկապարանոց հայտարարությունների և հնչեղ որակումների, այլ կոնկրետ փաստերի և հիմնավորված մեղադրանքների վրա։ Նկատի ունենալով, որ հասարակության համար ամենաանհանդուրժելի երևույթը կոռուպցիան է, ապա դրա դեմ պայքարը պետք է կարևորագույն տեղ զբաղեցնի մեր նախընտրական քարոզչության մեջ։ Մարդկանց ուշադրությունն անհրաժեշտ է սևեռել հատկապես պետական մասշտաբի խարդախությունների և ֆինանսական չարաշահումների վրա, որոնց պատճառած վնասը հասնում է մի քանի միլիարդ դոլարի՝ ամեն տարի գերազանցելով պետական բյուջեի հայտարարված եկամուտները։ Նախորդ ելույթներում ես հիշատակեցի երեք այդպիսի աղաղակող մեքենայություն, որոնց կրկին հարկադրված եմ անդրադառնալ, քանի որ պետական մարմինները որևէ կերպ չարձագանքեցին իմ բերած փաստերին։ և այսպես. – «Հայռուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին։ Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, 1998–1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկայությամբ, պարզապես անհետացավ։ և մինչ օրս էլ ոչ ոքի հայտնի չէ, թե ում գրպանում հայտնվեց, նույնիսկ ամենահարուստ երկրների չափանիշներով պատկառելի համարվող, այդ գումարը։ – Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2002 թվականից սկսած, Հայաստան ներմուծվող բենզինի ամսական ծավալները կազմում են 12.000 – 15.000 տոննա, մինչդեռ հայտնի է, որ 1997 թվականի աշնանն արդեն ներկրվում էր ամսական 30.000 տոննա։ Ինչո՞վ բացատրել հանրապետությունում բենզինի սպառման այս շեշտակի անկումը։ Չէ՞ որ մեր երկրում արձանագրվող «աննախադեպ տնտեսական զարգացման» և ավտոմեքենաների թվի անընդհատ աճի պայմաններում բենզինի պահանջարկը ոչ թե պիտի նվազեր, այլ ավելանար։ Իրականում, մասնագետների գնահատմամբ, 2002 թվականից ի վեր, Հայաստանը ներմուծել է ամսական ավելի քան 50.000, թերևս, անգամ 60.000 տոննա բենզին։ Դա նշանակում է, որ վեց տարվա կտրվածքով, պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառել շուրջ երեք միլիոն տոննա բենզին, որը, բնականաբար, դուրս է մնացել հարկման դաշտից։ Թե ինչ ահռելի չգանձված պետական եկամուտների մասին է խոսքը, ցանկացած տնտեսագետ կարող է հեշտությամբ հաշվել։ – Նույնպիսի արտառոց մի մեքենայություն էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն ընդհանրապես արտացոլված չէ Հայաստանի վիճակագրական պաշտոնագրերում։ Այդ փաստն ինձ հաջողվեց բացահայտել միայն Ղազախստանի պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալու շնորհիվ, ըստ որի՝ այդ երկիրը 2006 թվականին Հայաստան է արտահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար։ Մնում է գուշակել, թե ում բանկային հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը։ Ի դեպ, բացառված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաև այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռևս հրապարակված չեն՝ դա չենք կարող պնդել։ – Թեև ոչ իմ ելույթում, այլ մամուլում վերջերս հրապարակումներ եղան ներկա վարչախմբի հանցավոր էությունը բացահայտող ևս մի աներևակայելի փաստի մասին։ Խոսքը վերաբերում է 2004 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության կողմից Արարատյան մաքսատանը կատարված ստուգումներին։ Այդ ստուգումների հիման վրա կազմվել է Թ. 223 ակտը, որը ստորագրել են՝ վերահսկողության վարչության կողմից Ն. Գրիգորյանը, Գ. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը և Ա. Հարությունյանը, իսկ մաքսատան կողմից՝ Ա. Ստեփանյանը, Ս. Ավետիքյանը, Ա. Հարությունյանը և Լ. Պողոսյանը։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2001–2003 թվականների ժամանակամիջոցում մաքսատան աշխատակիցների անփութության կամ չարաշահումների պատճառով պետական բյուջե չի մուտքագրվել ավելի քան 12 միլիարդ դրամ (մոտ 20 միլիոն դոլար)։ Թեև սա վերոհիշյալ դեպքերի համեմատ մեծ գումար չի կազմում, սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք բոլորովին այլ բնույթի մի ապօրինության հետ։ Ստուգման ակտը ինչ-որ մեկի հրամանով անհետացել է, իսկ Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության պետը՝ հայտնվել բանտում։ Թեև իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին իմ ելույթներին, բայց զարմանալիորեն նրանք բոլորովին շրջանցեցին «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարին, հանրապետություն մտնող բենզինի ծավալներին և ղազախական գազի ներմուծմանը վերաբերող հարցերը։ Այդ մասին քար լռություն պահպանեցին թե՛ հանրապետության պերճախոս նախագահը, թե՛ համեստափայլ վարչապետը։ Լռեցին նաև խորհրդարանի պատվավոր անդամները, օրինապաշտ գլխավոր դատախազը և անգամ՝ նախագահի թեկնածուները։ Ի՞նչն է, արդ, այս տոտալ համրության պատճառը։ Ո՞չ արդյոք այն, որ մենք խփել ենք ճիշտ նշանակետին, և իշխանություններին ներկայացրել այնպիսի կոնկրետ ու ծանրագույն մեղադրանքներ, որոնց պատասխանը նրանք չունեն։ Մի՞թե ավելի համոզիչ փաստարկ է պետք Հայաստանում առկա կոռուպցիայի աստիճանը պատկերացնելու և ներկա վարչախմբի հանցավորությունն ապացուցելու համար։ Բերված փաստերի շուրջ լռություն պահպանելով, իշխանությունները թերևս հույս են փայփայում, որ ժողովուրդը դրանք չի նկատի կամ արագ կմոռանա։ Մեր խնդիրն է, ըստ այդմ, ի դերև հանել նրանց հույսերը, և ամենօրյա հիշեցումով այդ փաստերը հասցնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ականջին։
3. Իշխանություններն անարձագանք են թողնում ոչ միայն կոռուպցիայի կոնկրետ, թեկուզ աղաղակող, դեպքերին վերաբերող մեղադրանքները, այլև մակրոտնտեսական նշանակություն ունեցող աննորմալ ու չափազանց մտահոգիչ երևույթների քննադատությունները։ Դրանցից մեկը Հայաստանի տնտեսագետների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների փորձագետների կողմից առաջ քաշված այն սկզբունքային հարցադրումն է, թե ինչու տնտեսական աճի երկնիշ տարեկան ցուցանիշների կամ վագրային թռիչքների պայմաններում բնակչության կենսամակարդակի որակական փոփոխություն չի արձանագրվում։ Պարադոքսի բանալին, իմ կարծիքով, տվել են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները, բայց դրա վրա առայժմ ոչ ոք լուրջ ուշադրություն չի դարձրել։ Ես նկատի ունեմ նրանց մատնանշած այն ուշագրավ փաստը, որ Հայաստանի բյուջեն կազմում է համախառն ներքին արդյունքի 14 տոկոսը, մինչդեռ աշխարհի մնացյալ երկրներում, սովորաբար, այն հասնում է ՀՆԱ-ի մոտ 30–45 տոկոսին։ Դա կարող է ունենալ երեք ակնհայտ բացատրություն՝ կա՛մ Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն ուռճացված են, կա՛մ բյուջեի իրական եկամուտները թաքցված են, կա՛մ էլ միաժամանակ տեղի է ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության, կամ այլ կերպ ասած, պետական մասշտաբի տնտեսական խարդախության մի ահավոր դրսևորման հետ, որի համար, առաջին հերթին, պատասխանատու են հանրապետության նախագահը, վարչապետը և Կենտրոնական բանկի նախագահը։ Ավելորդ չեմ համարում այս առիթով կրկնել նախորդ ելույթներից մեկում իմ արած պատասխանատու հայտարարություններից մեկը, այն է՝ համատարած կողոպուտի և պետական ռեկետի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, ընդ որում, դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից։ Իշխանությունների կողմից համարյա լիակատար անուշադրության է մատնված մակրոտնտեսական առումով նույնպիսի աղետալի հետևանքներ ունեցող մի այլ վտանգավոր երևույթ՝ այսպես կոչված, դրամի արժևորման չդադարող գործընթացը։ «Այսպես կոչված» արտահայտությունը ես օգտագործում եմ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «դրամի արժևորումը» սխալ տերմին է, քանի որ այն տեղի է ունենում ոչ միայն համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի կուրսի անկման, այլև տնտեսապես չհիմնավորված արհեստական պատճառներով։ Սակայն սա ընդամենը հարցի ձևական կամ արտաքին կողմն է։ Ինչ վերաբերում է նրա էությանը, ապա կարևոր է պարզել, թե դրամի «արժևորման» այդ գործընթացը ինչպիսի բացասական ազդեցություն է գործում երկրի տնտեսության և բնակչության սոցիալական վիճակի վրա։ Անզեն աչքով իսկ նկատելի է, որ դրանից, առաջին հերթին, տուժում է արտերկրից կատարված դրամական փոխանցումների հաշվին ապրող Հայաստանի բնակչության զգալի մի հատվածը, որի եկամուտները, փաստորեն, նվազել են շուրջ 40 տոկոսով։ Այնպես որ, դրամական փոխանցումների տարեցտարի աճող ծավալներն ամենևին բնակչության կենսամակարդակի բարելավում չեն նշանակում։ Տվյալ գործոնը լուրջ սոցիալական խնդիրներ է հարուցում նաև այլ առումներով։ Մասնավորապես, այն խթանում է, առանց այդ էլ, վտանգավոր չափերի հասած արտագաղթը։ Դրամի շեշտակի «արժևորման» պատճառով, մանավանդ ուղեկցված ապրանքների անընդհատ թանկացումով, արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց համար ավելի հեշտ է իրենց ընտանիքները պահել արտասահմանում, քան Հայաստանում։ Տնտեսական առումով՝ այդ անվերահսկելի, կամ շահադիտաբար կարգավորվող, գործընթացն ամենամեծ հարվածն է հասցնում Հայաստանի նորաբողբոջ արտահանող արդյունաբերությանը, որի արտադրած ապրանքները, դրամի «արժևորման» հետևանքով առաջացած ինքնարժեքի բարձրացման պատճառով, միջազգային շուկայում կորցնում են իրենց մրցունակությունը։ Դրամի «արժևորումը» բացասաբար է անդրադառնում նաև ներքին սպառման համար նախատեսված ապրանքների և գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա, քանի որ դրանց ներմուծումն ավելի ձեռնտու է դառնում, քան արտադրումը։ Սակայն չի կարելի ասել, որ դրամի «արժևորումից» Հայաստանում կան միայն տուժողներ։ Այդ անհասկանալի գործընթացի գաղտնիքը, թերևս, կայանում է հենց նրանում, որ, ակնհայտորեն, կան նաև շահողներ։ Այլապես, դրամի կուրսի արհեստական բարձրացումը կամ նրա հանկարծակի փոփոխությունները բացատրություն չէին կարող ունենալ։ Շահողներ ասելով, ես նկատի ունեմ ոչ այնքան փոխարժեքի տատանումների վրա սպեկուլյացիա անողներին, որքան ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրքեր ունեցող գործարարներին, որոնք սոսկ դրամի «արժևորման» շնորհիվ, փաստորեն առանց վաստակի, ահռելի գերշահույթներ են ստանում։ Այդ գերշահույթների առյուծի բաժինը նրանք, բնականաբար, հատկացնում են իրենց հովանավորող իշխանության ներկայացուցիչներին։ Քանի որ իշխանությունները մինչև օրս հասարակությանը որևէ հիմնավորված բացատրություն կամ մասնագիտական վերլուծություն չեն ներկայացրել դրամի «արժևորման» և նրա աղետալի հետևանքների մասին, ապա դա պետք է դառնա մեր ամենօրյա քարոզչության գլխավոր թեմաներից մեկը։
4. Այսպիսով, այսօրվանից մենք մտնում ենք ամենօրյա տքնաջան աշխատանք պահանջող պայքարի վճռական փուլ, որի գերագույն խնդիրն է ոչ միայն պահպանել Շարժման արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները, այլև բազմապատկելով դրանք, փետրվար ամսին հասնել ընտրազանգվածի համախմբման բարձրակետին։ Գիտակցում ենք, որ իշխանություններն անելու են ամեն ինչ՝ քարոզչական շրջափակման, ահաբեկումների, տնտեսական ճնշումների, կաշառատվության և, վերջապես, զանգվածային ընտրակեղծիքների միջոցով պահպանելու երկրի ներկա ավազակապետական համակարգը։ Մենք պետք է կարողանանք ժողովրդին համոզել, որ այդ համակարգի վերարտադրությունը նշանակում է ևս տաս տարվա ստրկություն, թշվառություն և ազգային նվաստացում։ Մեր իշխանություններն ավելի անհաղթահարելի չեն, քան Խորհրդային Միության իշխանությունները։ Եթե մենք կարողացանք հաղթել Գորբաչովին, ապա ի՞նչն է մեզ խանգարում հաղթել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Ճիշտ է, Խորհրդային Միության դեմ մղված պայքարն ավելի հեշտ էր, քանի որ այն, լինելով ազգային-ազատագրական պայքար, միավորում էր մեր ողջ ժողովրդին։ Մինչդեռ այժմ պատկերն արտաքուստ այլ է թվում, որովհետև մենք, կարծես-թե, գործ ունենք զուտ ներազգային դիմադարձության հետ։ Սակայն նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանի ներկա իշխանությունները սեփական ժողովրդին վերաբերվում են օտարի պես, ոտնահարելով նրա բոլոր սրբություններն ու արժանապատվությունը, ապա այդպիսի իշխանությունների դեմ մղված պայքարը նույնպես ազգային-ազատագրական պայքարի բնույթ է ստանում։ Հետևաբար, այս գիտակցությունը սերմանելու դեպքում, վստահ եմ, դժվար չի լինելու ժողովրդական ուժերի մեծամասնության համախմբումը վարչախմբից ազատվելու միավորող գաղափարի շուրջ։ Վերջում չեմ կարող չնշել մի խորհրդանշական հանգամանք։ Այս ամբիոնից է հռչակվել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ և այս ամբիոնին է վիճակված մեր նոր հաղթարշավի սկզբնավորման ազդարարումը։ Շնորհակալություն ուշադրության համար։
22 դեկտեմբերի, 2007թ.