Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Սահմանադրական դատարանում
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,
Ես միանգամից պետք է ասեմ, որ զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից և կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա։ Թեև իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա։ Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության առթիվ և խորապես ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին։ Իսկ այժմ իմ բուն ելույթը. Ուզում եմ ուշադրություն հրավիրել Ընտրական օրենսգրքի 78 հոդվածի վրա. «Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց և իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները։ Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում է իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները»։ Այս հոդվածը չափազանց հստակ է և իմպերատիվ։ Իմպերատիվ հոդվածները մեկնաբանության ենթակա չեն։ Գործող վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել ու գրանցվել, եթե նա զբաղեցներ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը։ Այդպիսի կարգավիճակ գործող վարչապետը չունի։ Ես համարում եմ, որ նրա գրանցումն ի բնե եղել է անօրինական, հետևաբար՝ ոչ լեգիտիմ։
Երկրորդ՝ Սահմանադրության 53.1 հոդվածը. «Ռազմական և արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում և հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»։ Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչև բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ վճիռը։ Այս պահին մենք գտնվում ենք ընտրությունների պրոցեսի մեջ։ Հետևաբար, քանի որ հիմա արտակարգ դրություն է, այս ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել։
Երրորդ՝ անհասկանալի է ՍԴ-ի գործընթացի միակողմանի լուսաբանման փաստը։ Դիմող կողմը հնարավորություն չունի լուսաբանելու ՍԴ նիստերի ընթացքը։ Խախտված է հավասարության սկզբունքը։ Բացի այդ, դատավարության ընթացքում պահանջվող վկաներից շատերը, որոնք մեր շարժման համակիրներն են, կողմնակիցները և իմ նախընտրական շտաբների ակտիվիստները, ձերբակալված են։ Դրանք մեր ամենակարևոր վկաներն են։ Հետևաբար այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ընտրություններն անվավեր ճանաչելուց, կառաջացնի լեգիտիմության դեֆիցիտ, ինչը վտանգավոր է և երկրի ապագայի համար, և ՍԴ հեղինակության համար։ Ես չեմ պատկերացնում, թե այս պայմաններում ՍԴ կայացրած որևէ վճիռ ինչպես կընդունվի իմ՝ դիմողիս կողմից, ժողովրդի կողմից և միջազգային հանրության կողմից։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վիճակը։ Ելքը ես համարում եմ ԵՄ նախագահության երեկվա հայտարարության առաջարկները, որը ես ձեզ կներկայացնեմ և կխնդրեմ կցել գործին։ Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ առաջարկները՝ դրանք համարելով ՍԴ-ի այս գործընթացում մեր գործելակերպի ծրագիրը, պլատֆորմը։ Դրանք են հետևյալ կետերը.
- դադարեցնել արտակարգ դրության վիճակը, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն և սկսել երկխոսություն իշխանությունների հետ։
Այդ բոլոր կետերը ես ընդունում եմ և, ինչպես ասացի, համարում եմ մեր գործունեության հիմքը ինչպես ՍԴ-ում, այնպես էլ հրապարակայնորեն։
Շնորհակալություն ուշադրության համար։
5 մարտի, 2008թ.