Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թ. հուլիսի 4-ի հանրահավաքում

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թ. հուլիսի 4-ի հանրահավաքում

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թ. հուլիսի 4-ի հանրահավաքում

Սիրելի բարեկամներ, շատ սիրելի բարեկամներ, Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը։ Այդ բացը լրացնելու համար՝ ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը՝ ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային։ և այսպես, նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը՝

  • կեղծ տեղեկանքի և ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին,
  • 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը,
  • խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը,
  • պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ,
  • ոչնչացրեց օրենսդիր և դատական իշխանությունների անկախությունը,
  • ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ,
  • կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն,
  • վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը,
  • վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները,
  • փակեց «Ա1+» և «Նոյան տապան» հեռուստակայանները և հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը,
  • սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները,
  • Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական և տնտեսական մեկուսացման,
  • կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության,
  • ոտնահարեց շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում և սեփականության անձեռնմխելիության երաշխավորում,
  • համարյա ողջ պետական գույքը և պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին,
  • հարկային բեռը բարդեց մանր ու միջին գործարարների վրա՝ ըստ էության վերացնելով 90-ական թվականներին ձևավորված միջին խավը,
  • խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից,
  • դրամի արհեստական արժևորման հետևանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը և հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար,
  • ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը և դիզեց հսկայական հարստություն,
  • տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի և խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով,
  • Ղարաբաղից Հայաստան տեղափոխեց շուրջ 15 հազար մարդ,
  • կորցրեց Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ,
  • Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից,
  • Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի,
  • սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խայտառակ բանաձևը,
  • ահագնացրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը,
  • խորացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը,
  • չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը,
  • և վերջապես, իր ազգանվեր գործունեությունն ավարտեց Երևանի կենտրոնում կատարած արյունահեղությամբ, արտակարգ դրության հաստատմամբ և զանգվածային ձերբակալություններով ու բանտարկություններով։

Արդար լինելու համար, սակայն, հարկ է պատշաճը մատուցել Քոչարյանին և բարեխղճորեն արձանագրել նաև նրա կատարած դրական գործերը.

  • պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա կտրեց հինգ կիլոմետր կարմիր ժապավեն, շուրջ երեք հարյուր հոգու շնորհեց գեներալի կամ վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչումներ, մոտ 10 հազար մարդու պարգևատրեց շքանշաններով ու մեդալներով,
  • նոր աշխատատեղեր ստեղծելու ազնիվ մղումով կրկնապատկեց փոխնախարարների թիվը, եռապատկեց նախագահի, կառավարության և նախարարությունների աշխատակազմը, հնգապատկեց պետական պաշտոնյաների պահպանության վարչության ծառայողների քանակը,
  • նշանակալի ավանդ ներդրեց հայկական մշակույթի զարգացման գործում, մասնավորապես՝ Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի երաժշտության փոխարեն ռադիո-հեռուստատեսային եթերը լցնելով «բարձրաճաշակ» արևելածոր մեղեդիներով ու պորտապարերով,
  • մեծապես հարստացրեց ոսկեղենիկ հայոց լեզվի բառապաշարը իր ստեղծած անզուգական նորաբանություններով՝ «վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնահատել» և այլն,
  • ժողովրդին զվարճացրեց հրաշալի անեկդոտներով՝ «կլիզմայի», «վատ պարողին խանգարող հանգամանքների», «փղերի ու մոսկաների», «մեջքից ներքև գտնվող փափուկ տեղի մասին»,
  • հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը։

Այս անվերջանալի թվացող շարանը ներկայացնում է դեռևս միայն Ռոբերտ Քոչարյանի հայտնի գործերը։ Նրա ծածուկ գործերի նույնքան անվերջանալի շարանը մի օր բացահայտվելու է պետական արխիվներում և հանրապետական ու միջազգային դատարաններում։ Պատմությունը, սակայն, մոռանալու է նրա թե՛ հայտնի, թե՛ ծածուկ գործերի մանրամասները։ Հանրագումարի բերելով մեր հերոսի կամ «վոյինի» գործունեությունը՝ պատմությունը նրան հիշելու և բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է. «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունն սկսեց և ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության և ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»։

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ ժառանգություն է թողել Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդին.

  • մինչև վերջ կոռուպցիայի մեջ թաթախված, նեխած, փտած կառավարման համակարգ,
  • իշխանության և տնտեսության բոլոր լծակներին տիրող քրեական օլիգարխիա,
  • քաղաքականապես և տնտեսապես մեկուսացված պետություն,
  • ճնշիչ, աղճատված, հուսալքող բարոյահոգեբանական մթնոլորտ,
  • արտասահմանյան դրամական փոխանցումների հաշվին գոյատևող ժողովուրդ,
  • քաղբանտարկյալներով լի բանտեր ու մեկուսարաններ,
  • ոստիկանական ու հարկային տեռորի ենթարկվող քաղաքացիներ,
  • իշխանությունների լեգիտիմությունը չընդունող, նրանց հանցավորությունը չհանդուրժող հասարակություն,
  • տնտեսական զարգացման անմխիթար հեռանկար,
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վտանգներով հղի բանաձև։

Ստանալով այսպիսի ծանր ժառանգություն՝ թվում էր, թե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարության առաջին իսկ օրվանից պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակական դժգոհության ալիքը մեղմելու ուղղությամբ։ Քանի որ դա տեղի չի ունենում, մնում է ենթադրել, որ կա՛մ Սերժ Սարգսյանը դեռևս դրության տերը չէ, և երկիրը շարունակում է կառավարել Ռոբերտ Քոչարյանը, կա՛մ էլ, որ լինելով իր նախորդի օրոք ստեղծված ավազակապետական համակարգի առանցքային դեմքերից մեկը՝ Սարգսյանն ի վիճակի չէ դուրս գալ այդ համակարգի փոխպարտավորիչ կապանքներից։

Սերժ Սարգսյանը կանգնած է քաղաքական վարքագծի որդեգրման երկընտրանքի առջև։ Նա ունի երկու ճանապարհ, որոնցից մեկի ընտրությունը կախված է պետականության վերաբերյալ իր ունեցած հայեցակարգային մոտեցումներից։ Եթե ելակետը երկրի և ժողովրդի բարօրությունն ու պետական շահն է, ապա Սարգսյանը օր առաջ պարտավոր է վճռականորեն սահմանազատվել քոչարյանական ավազակապետությունից, անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտել և պատժել մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին, կազմել տեխնոկրատներից կազմված պրոֆեսիոնալ կառավարություն, դադարեցնել ոստիկանական և հարկային տեռորը, վերացնել մենաշնորհային արտոնությունները, հարկային դաշտ բերել անխտիր բոլոր խոշոր գործարարներին, ապահովել դատարանների լիակատար անկախությունը, երաշխավորել խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ և այսպիսի դրական բագաժով հաստատել իր լեգիտիմությունը արտահերթ նախագահական ընտրություններում։ Իսկ եթե ելակետը ապօրինաբար տիրացած անձնական իշխանության պահպանումն է, ապա Սերժ Սարգսյանը պետք է կտրականապես հրաժարվի կիսամիջոցներից և, հետևելով Սադամ Հուսեյնի ու Մուգաբեի օրինակին, երկրում հաստատի բացարձակ դիկտատուրա, այն է՝ դաժանորեն ճզմի այլախոհության և հասարակական դժգոհության ցանկացած դրսևորում, բանտերը լցնի մեր ժողովրդի ամենաարժանի զավակներով և ազգային հարստության տնօրինումը վերջնականապես հանձնի քրեական աշխարհին։ Տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը, չունենալով հասարակական հենարան, փորձում է ընտրել 2-րդ ճանապարհը, ինչի վկայությունն են պաշտոնավարման սկզբնավորումից ի վեր նրա կատարած բոլոր քայլերը.

  • Սարգսյանը շարունակում է անարձագանք թողնել քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու միջոցով ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և այդ հիման վրա կառուցողական երկխոսություն սկսելու՝ ընդդիմության առաջարկը,
  • ոչ մի քայլ չի ձեռնարկվել Համաժողովրդական շարժման ակտիվիստների և համակիրների նկատմամբ սանձազերծված ոստիկանական և հարկային տեռորը դադարեցնելու ուղղությամբ,
  • ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել հավաքների ազատության ապահովման գործում։ Սարգսյանն այս տեսակետից յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ շուրջ երեք ամսում արգելելով 45 հանրահավաք։ Համեմատության համար արժե նշել, որ ՀՀՇ-ի իշխանության 8 տարիների ընթացքում ոչ մի հանրահավաք կամ երթ չի արգելվել,
  • դատարկ ֆրազեոլոգիան և սովետական տիպի հանձնաժողովների ձևավորումը չհաշված՝ որևէ էական քայլ չի կատարվել կոռուպցիայի դեմ իրական պայքար կազմակերպելու ուղղությամբ։
  • Հարկային դաշտ չի բերվել որևէ խոշոր գործարար,
  • բյուջեի համալրման բեռը շարունակում է մնալ մանր և միջին ձեռնարկատերերի ուսերին,
  • կադրային քաղաքականության բնագավառում մեխանիկական փոխատեղումներից բացի չի կատարվել որևէ դրական փոփոխություն,
  • Սարգսյանը հասարակությանը հաճույք չի պատճառել կամ զարմացրել թեկուզ մեկ արժանավոր կադր նշանակելու կարողությամբ,
  • առանձին քրեական գործեր չեն հարուցվել մարտի 1-ի ոճրագործության 10 զոհի փաստի առթիվ։ Զոհերի ընտանիքները տուժած և նյութական հատուցման սուբյեկտ չեն ճանաչվել, չեն բացահայտվել և հրապարակվել մարդասպանների անունները։

Ինչպես առիթ ունեցել եմ նշելու Գյումրիում անցկացված վերջին հանրահավաքում, Սարգսյանի որդեգրած անճկուն և անհեռանկար ներքին քաղաքականությունը հիմնված է երեք սխալ հաշվարկի վրա.

  • առաջին՝ չունենալով ոչ մի հասարակական հենարան՝ իշխանություններն իրենց հույսը դրել են այն բանի վրա, որ համատարած ոստիկանական տեռորի հարկային ճնշումների և քրեական տարրերի գործողությունների միջոցով կարող են ահաբեկել ժողովրդին, կոտրել նրա պայքարի կամքն ու վճռականությունը և նրան ստիպել դադարեցնել այդ պայքարը,
  • երկրորդ՝ նրանց թվում է, որ եթե կարողանան մի քիչ էլ ժամանակ ձգել, ապա ժողովուրդը կհոգնի, կձանձրանա, և վերջիվերջո մարդիկ կցրվեն իրենց տները,
  • երրորդ սխալը, որ ապակողմնորոշում է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին, այն է, որ նրանք չեն գիտակցում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն։

Երեք դեպքում էլ, սակայն, իշխանություններին մեծագույն հիասթափություն է սպասում։ Նախ ապացույցի կարիք չունի, որ մահակները, հրազենի կիրառումը, վիրավորներն ու զոհերը, հազարավոր բերման ենթարկումները, հարյուրավոր ձերբակալությունները, կալանավորումներն ու բանտարկությունները չկարողացան ահաբեկել մեր ժողովրդին։ Երկրորդ՝ երեք ամիս շարունակ չդադարող հանրահավաքները, ցույցերը, երթերը, պիկետները, հացադուլները, նստացույցերը և մեծ ու փոքր զանգվածային այլ միջոցառումներ ցույց տվեցին, որ ժողովուրդը հոգնելու, ձանձրանալու և պայքարից հրաժարվելու տրամադրություն չունի։ և երրորդ՝ Հայաստանի ներկա հասարակությունն այլևս այն անտարբեր ու հնազանդ հասարակությունը չէ, որին իշխանությունները սովոր էին տիրել անցած տասը տարիների ընթացքում, այլ իր իրավունքների համար պայքարի ելած ազատ քաղաքացիների գիտակից հավաքականություն։

Սերժ Սարգսյանի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել թե՛ մեր ժողովրդի, թե՛ պետության ապագայի վրա։ Երկրի կառավարման ղեկն ստանձնած անձը պարտավոր է հստակ և վճռական դիրքորոշում հանդես բերել և իրական գործերով ցույց տալ՝ ժողովրդի՞, թե՞ քրեական օլիգարխիայի հետ է։ Նրա դանդաղկոտությունը կամ պաշտոնեական անգործությունը կարող են հանգեցնել տևական ապակայունության ու լճացման՝ ժողովրդին ու պետությանն սպառնացող բոլոր անցանկալի հետևանքներով։ Ժողովրդական շարժումը, անշուշտ, չի կարող հաշվի չառնել վերոշարադրյալ հանգամանքները, բայց պետք է որդեգրի ոչ թե իրավիճակային քաղաքականություն, այլ առաջնորդվի պայքարի սեփական մարտավարությամբ ու ռազմավարությամբ՝ հիմնվելով ինքնուրույն վերլուծությունների և հաշվարկների վրա։

Մենք իշխանություններին տվեցինք ժամանակ և հնարավորություն՝ լրջորեն մտածել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պայմանով կառուցողական երկխոսություն սկսելու մեր առաջարկի վերաբերյալ։ Սակայն նրանք չհասկացան կամ սխալ գնահատեցին մեր այդ քայլի դրդապատճառ-մոտիվացիան՝ ըստ երևույթին դատելով, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով՝ մեզ կհարկադրեն զբաղվել միայն այդ հարցով ու շեղվել շարժման բուն նպատակներից։

Ուստի մենք առաջիկայում որոշ չափով փոխելու ենք մեր մարտավարությունը՝ ձգտելով հուլիս ամսին հասնել հասարակական առավելագույն մոբիլիզացիայի։ Շարժումն այդ ընթացքում գործելու է երկու ուղղությամբ.

  • առաջին՝ զանգվածային և ոչ զանգվածային միջոցառումների, երթերի, պիկետների, նստացույցերի, մարզային հանրահավաքների անցկացում, որի նպատակն է օգոստոսի 1-ի մեր հաջորդ համահանրապետական հանրահավաքի պատշաճ նախապատրաստումը, հանրահավաք, որի ընթացքում ամփոփվելու են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հարյուր օրերի արդյունքները և ներկայացվելու դրանցից բխող մեր հետագա գործողությունների ծրագրերը,
  • և երկրորդ՝ հիմնարար և հետևողական աշխատանք՝ որպես նախընտրական դաշինք ձևավորված Համաժողովրդական շարժումը տևական քաղաքական գործոնի վերածելու, այն է՝ Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ։

Այս օրվանից շարժումը հանդես է գալու հետևյալ կտրուկ պահանջներով.

  • անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել ընդդիմության և հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը,
  • կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական-հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալված քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով (ի դեպ, օգտվելով առիթից՝ հանրահավաքի անունից դիմում եմ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին և Ազգային ժողովի պատկան հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով մանրակրկիտ իրավաբանական գնահատական տալ այդ փաստաթղթին),
  • շուտափույթ կերպով բացահայտել և դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին,
  • անմիջապես պաշտոններից հեռացնել նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաև իրենց գործունեությամբ լիովին վարկաբեկված անձանց՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, գերագույն դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին և Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին,
  • նշված պահանջները չկատարելու և մանավանդ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում՝ օգոստոսի 1-ից սկսած Շարժման գլխավոր կարգախոսը հայտարարել Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։

Օգոստոսի 1-ը պատահական չէ ընտրված, որովհետև այդ օրը, ինչպես ասվեց, տեղի է ունենալու մեր հաջորդ համահանրապետական հանրահավաքը։

4 հուլիսի 2008թ., հանրահավաք