Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատակա­նի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շա­րունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ ան­գամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլու­ծու­թյան շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

  • * *

Նախ եւ առաջ, չի կարելի չհամաձայնել գրեթե համընդհանուր այն գնահատա­կա­նին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռք­բեր­ված, առաջին հերթին, ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ, ինչի առթիվ պարտքս եմ համարում սրտանց շնորհավորել եւ խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ։ Ուզում եմ նաեւ, ձեր հավանությամբ, գլուխ խոնարհել թե՛ ազատության մեջ հայտնված եւ թե՛ դեռեւս զնդաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալների առջեւ, առանց որոնց անկոտրում կամքի եւ դատական խեղկատակությունների ընթացքում դրսեւորած խի­զախ կեցվածքի, անհնար էր նվաճել այդ հաղթանակը։ Դրանք մեր նոր­օրյա հերոսներն են, որոնց սխրանքն ու կրած զոհողությունները օրինակ պետք է ծառա­յեն սեփական ար­ժանապատվությունը թանկ գնահատող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նրան­ցից ոչ ոք չկոտրվեց ու իրեն մեղավոր չճանաչեց, ոչ ոք ցուցմունք չտվեց ընկերների դեմ, ոչ ոք գործարքի չգնաց իր վիճակը թեթեւացնելու համար, եւ ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հետագա պայքարից։ Այս առումով, չի կարելի չհիանալ նաեւ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, որը երեկ կամովին ներկայացավ դատա­խազու­թյուն՝ պատրաստ լինելով կիսել դեռեւս բանտերում գտնվող իր ընկերների վիճակը եւ չվախենալով իրեն սպառնացող անարդար դատաստանից։ Վստահ եմ, որ ժողովուրդը մեկ մարդու պես թիկունք կկանգնի իր ամենաարժանավոր զավակներից մեկին, եւ հան­գիստ չի գտնի՝ մինչեւ Նիկոլն ու մնացյալ քաղբանտարկյալները տուն չվերադառնան։ Քաղ­­բան­տարկյալներից բացի, առանձնակի գնահատանքի են արժանի նրանց արժանա­պա­տիվ ընտանիքները եւ հարազատները, որոնցից շատերը նույնպես ենթարկվեցին տարբեր տիպի ճնշումների ու հալածանքների, հեռացվեցին աշխատանքից, կորցրին իրենց բիզնեսը, բայց մշտապես գտնվեցին պայքարի առաջին գծում։ Վերջապես, ան­հնար է պատշաճը չմատուցել Հյուսիսային պողոտայի «քաղաքական զբոսանքների» ան­խոնջ մասնակիցներին, հատկապես կանանց եւ երիտասարդներին, որոնք մեկ տարի շարունակ, ոստիկանական ամենօրյա ճնշումների տակ, վառ պահեցին պայքարի ոգին եւ հսկայական լիցք հաղորդեցին Համաժողովրդական շարժմանը։

  • * *

Առանց նշված գործոնների, Հայ Ազգային Կոնգրեսի համար չափազանց դժվար կլիներ կազմակերպել, հունավորել եւ գլխավորել զանգվածային այն տպավորիչ միջո­ցա­ռում­ները՝ հանրահավաքներն ու երթերը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հանգր­վան հանդիսացավ հզորակուռ քաղաքական ընդդիմության ձեւավորման եւ քաղբան­տար­կյալների ազատագրման թեկուզ մասնակի հաջողության ապահովման ճանապար­հին։ Այդ հաջողությունը նաեւ սպառիչ կերպով ապացուցեց Կոնգրեսի որդեգրած մար­տա­վարության լիակատար հիմնավորվածությունը։ Շատերը փորձեցին մեզ շեղել պայ­քարի սահմանադրական ուղուց, շատերը մեզ մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն։ Խոստովանում եմ, հեշտ չէր դիմանալ հոգեբանա­կան այդ ճնշմանը, բայց ի պատիվ Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը։ Դա, անշուշտ, հնարավոր չէր լինի, եթե Համաժողովրդական շարժման ակտիվիստների ու համակիրների մեծագույն մասը, հա­կառակ ոմանց նվնվոցներին ու տրտունջներին, չվստահեր Կոնգրեսի առաջ­նորդներին ու անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղա­քակա­նու­թյանը։ Բարեբախտություն է, որ Շարժման մասնակիցների մեծագույն մասը շատ ավելի հասուն ու գիտակից գտնվեց, քան նրան դաս տալու հավակնու­թյուն ունեցող կամ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատնե­րը։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ այդպիսի մարդիկ չկային մինչեւ անցյալ տարվա հունիսի 20-ի հան­րահա­վա­քը, որն ազդարարեց վախի մթնոլորտի հաղթահարումը եւ լայնածավալ հալածանքների վտանգի ավարտը։ Նրանք հայտնվեցին միայն դրանից հետո եւ աստիճանաբար ավելի ու ավելի «համարձակ» ու հավակնոտ դարձան, Շարժ­ման վերականգնմանն ու Կոնգ­րե­սի հզորացմանը զուգընթաց։ Նույնը տեղի ունեցավ 1989թ. ամռանը, Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, երբ հալածանքների վտանգը ավարտված դիտ­վե­լով, Հայոց համազգային շարժման ծոցից ծնվեցին բազմաթիվ հավակնոտ անձինք, բայց Շարժումը մնաց ու գնալով ավելի հզորացավ, իսկ այդ անձինք անհետացան ու մոռացության մատնվեցին։ Դույզն իսկ չեմ կաս­կածում, որ եթե մենք հետեւեինք նման խորհրդատուների առաջարկներին ու կոչերին, ապա այսօր ո՛չ Հայ Ազգային Կոնգրեսի պես կազմակերպված հզոր ընդդիմություն, ո՛չ էլ ազատ արձակված քաղբանտարկյալ­ներ կունենայինք։ Եթե ոչ այլ ապացույց, ապա թեկուզ միայն վրացական ընդդիմության օրինակը բավական է դրանում համոզվելու համար. մի քանի ամիս տեւած ինքնա­նպա­տակ շուրջօրյա փողոցային միջոցառումների արդյունքում այդ ընդդիմությունը լիովին մաշեցրեց իրեն եւ հայտնվեց փակուղային վիճակում։ Իսկ կային մարդիկ, որ մեզ կշտամ­բում ու համառորեն հորդորում էին հետեւել վրացական ընդդիմության օրինա­կին։ Ցան­կա­ցած մեծ գործի իրականացման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ։ Հակառակորդներն ու նրանց մոտիվները հայտնի են, իսկ սադրիչներին կարելի է չե­զո­քաց­նել, մինչդեռ համակիր ձեւացողները, «բարի մտադրություններով», Շարժումը քայ­քա­յում են ներսից՝ կասկածներ ու հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում։

  • * *

Քաղբանտարկյալների ազատ արձակման գնահատականը լիարժեք չի կարող լինել, եթե այդ իրադարձությունը չդիտարկենք նաեւ հակառակ կողմից, այսինքն իշխող վարչախմբի կամ ավազակախմբի տեսակետից։ Եթե, ինչպես ասվեց, քաղբանտարկյալ­ների, թեկուզ համաներման ճանապարհով ձեռքբերված ազատությունը, Համաժողո­վրդա­կան շարժման կամ ընդդիմության հաղթանակն էր, ապա, բնականաբար, այն իշ­խանությունների պարտությունը պետք է համարել, ընդ որում, ներքին քաղաքականու­թյան բնագավառում նրանց առաջին պարտությունը՝ մարտիմեկյան սպանդից ու լայնա­ծավալ հալածանքներից հետո։ Դա պարտություն էր, առաջին հերթին, այն պատճառով, որ իշխանություններին, անգամ հրեշավոր բռնությունների գնով, չհաջողվեց իրակա­նաց­­­նել իրենց գլխավոր նպատակը՝ ընդդիմության ջախջախումը։ Կասկած կարո՞ղ է լի­նել, արդյոք, որ եթե Սերժ Սարգսյանի ձեռքից գար, ապա ոչ միայն ազատ արձակ­ված­նե­րին, այլեւ հարյուրավոր ուրիշ քաղաքական հակառակորդների հավերժ կփտեցներ բան­տե­րում։ Պաշտոնական քարոզչամեքենան եւ վարչախմբի սպասարկուները փոր­ձում են համաներումը ներկայացնել որպես իշխանությունների բարի կամքի դրսեւո­րում կամ հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված քայլ։ Այդ­պի­սին այն, թերեւս, կարող էր լինել մեկ տարի առաջ, իսկ այժմ ոչ այլ ինչ, եթե ոչ ճարա­հատյալ զիջում չի կարող դիտվել՝ կատարված միջազգային հանրության ճնշումներից, մասնավորապես, Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատժամիջոցներից խու­սափելու նպատակով։ Ավելորդ է, իհարկե, նշել, որ այդ ճնշումներն ու պատժամի­ջոց­նե­րի կիրառման սպառնալիքներն էլ տեղի չէին ունենա, եթե Հայաստանի համաժո­ղո­վրդական շարժումը մեկուկես տարի շարունակ ողջ աշխարհի առջեւ ի ցույց չդներ բռնա­տիրությունը չհանդուրժելու եւ սեփական իրավունքների համար մինչեւ վերջ պայ­քարելու իր վճռականությունը։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի հռչակած համաներու­մը ոչ թե բարի կամքի կամ քաղաքական իմաստության դրսեւորում է, այլ ճարահատյալ քայլ, ապացուցվում է նրա կիսատ-պռատությամբ։ Բարի կամքի կամ քաղաքական իմաստո­ւթյան դրսեւորում լինելու պարագայում այն, բնականաբար, պիտի տարածվեր բոլոր քաղ­բանտարկյալների վրա։ Մինչդեռ համաներման հեղինակը, գծուծ վաճառա­կանի բծախնդրությամբ, զիջել է միայն այնքան, որքանը կբավարարեր ԵԽԽՎ-ի պատ­ժա­մի­ջոց­ներից խուսափելու համար։ Իսկ եթե չլինեին Երեւանի քաղաքապետի խայտա­ռակ ընտրությունները, որոնք եւս մեկ անգամ աշխարհի առջեւ ի ցույց դրեցին Հայաս­տանի ներկա վարչախմբի քրեական էությունը, հարուցելով միջազգային հանրության անթա­քույց զայրույթը, ապա Սարգսյանն անգամ այդքանը զիջելու կարիք չէր ունենա։ Կեղծ­ված ընտրություններն, ըստ այդմ, որոշ առումով խթանեցին համաներման կիրա­ռու­մը եւ նրա համեմատաբար լայն ընդգրկումը։ Այս դիտարկումն, ի դեպ, կողմնակի պատաս­խան կարող եք համարել՝ ուղղված այն մարդկանց, ովքեր գտնում էին, թե անիմաստ էր Կոնգրեսի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին։ Մենք գի­տեինք, այո, որ վարչախմբի կողմից ընտրությունները կեղծվելու էին, բայց խնդիր էինք դրել, որ կեղծիքը բացահայտ ու ճչացող լինի՝ խնդիր, որը Սերժ Սարգսյանը հան­ճա­րեղորեն լուծեց խու­ժա­նի միջոցով։ Եթե չմասնակցեինք, իշխանությունը հարկադրված չէր լինի դիմելու նախադեպը չունեցող այլանդակ կեղծիքների։ Ինչեւիցէ, հանգամանքների թելադրանքով ներքին քաղաքականության բնագավառում Սարգսյանի կատարած զիջումը դեռեւս դժբախտու­թյուն չէ։ Դժբախտու­թյու­նը կգա այն ժամանակ, երբ նա, քաղաքական բռնությունների եւ ընտրությունների կեղծ­ման պատճառով, ստիպված կլինի զիջումներ կատարել արտա­քին ճակատում, մաս­նավորապես, Ղարաբաղի հարցում։ Գագիկ Բեգլարյանի բռնի գա­հակալման գինը եւս, ինչպես Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների պա­­րագայում, վեր­ջին հաշվով վճարելու է Ղարաբաղը։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամար­տու­թյան կար­գա­վորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպաս­վում, որոնք, թերեւս, մեզ ստիպեն եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու։

  • * *

Իշխանության եւ հասարակության միջեւ խզում առաջանալու եւ քաղբան­տար­կյալ­ների առկայության պարագայում համաներումը սովորաբար կիրառվում է ոչ թե որ­պես մարդասիրական կամ իրավական, այլ բացառապես քաղաքական ակտ։ Իսկ քաղա­քական ակտը ձեռնարկվում է քաղաքական խնդիր լուծելու համար, այն է՝ ներքին լարվածության թուլացում, ազգային համերաշխության վերականգնում, երկխոսության դուռ բացելու պատրաստակամություն եւ այլն։ Երբ համաներումը չի տարածվում բոլոր քաղբանտարկյալների վրա, նշանակում է, այդ ակտը չի լուծում քաղաքական խնդիրը, եւ ընդհակառակը, ավելի է խորացնում այն։ Այդպիսին է, ահա, Սերժ Սարգսյանի հռչա­կած կիսակատար համաներումը, որը ոչ միայն չի լուծում վերը նշված հույժ կենսական խնդիրներից որեւէ մեկը, այլեւ մթագնում է երբեւիցե դրանց լուծման հեռանկարը։ Զար­մանալի բնավորություն ունի մեր անզուգական բռնապետը. ոչ մի կերպ նրան չի հա­ջող­վում անել անգամ բարի թվացող որեւէ գործ, որ մարդու լեզուն գնա՝ գնահատանքի կամ երախտագիտության խոսք արտաբերելու։ Տպավորություն է ստեղծվում, որ նա պատ­րաստ է, թեկուզ նվաստացման ու ազգային շահերի զոհաբերման գնով, հաշտվել անգամ թուրքերի ու ադրբեջանցի­ների, բայց ոչ երբեք սեփական ժողովրդի հետ։ Ամենայն հա­վա­նականությամբ, մենք գործ ունենք թասիբի կամ արժանապատվության մի յուր­օրի­նակ դրսեւորման հետ, որն արժանի է դառնալու հոգեվերլուծաբանների քննու­թյան առար­կան։ Իսկ եթե վերադառնանք քաղաքական դաշտ, ապա ակնհայտ է, որ հա­մա­ներումից հետո իշխանության եւ հասա­րակության հարաբերություններում ոչինչ չփոխ­վեց։ Ընդհակառակը, քաղբանտարկյալ­նե­րի մի մասի ազատազրկման շարունա­կու­մը, ընդգծելով վարչախմբի ստորությունն ու սադիզմի աստիճանի հասնող քինա­խնդրու­­թյու­նը, ավելի խորացրեց նրանց միջեւ գո­յու­թյուն ունեցող, առանց այդ էլ, ահռելի անջրպե­տը։ Պարզ չէ՞, միթե, որ համա­ներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, հայտն­վե­լով դեռեւս ազատազրկման մեջ գտնվող իրենց ընկերների վիճակի հոգեբանական ճնշման տակ, կրկնապատկելու են Համաժողովրդական շարժման էներգիան։ Պարզ չէ՞, միթե, որ Հայ Ազգային Կոնգրեսը, համալրված իր ամենափորձառու ու խիզախ գործիչ­նե­րով, ավելի նպատակասլաց կեր­պով շարունակելու է ոչ միայն մնացյալ քաղբան­տար­կյալ­­ների ազատության, այլեւ ավա­զակապետության տապալման եւ Հայաստանում սահ­մանադրական կարգի վե­րա­կանգն­ման համար մղվող պայքարը։ Որոշ հոռե­տեսնե­րի համար անհույս թվացող կամ սխալ ճանապարհով ընթացող այդ պայքարը, բացի գիտակից քաղաքացիական հա­սա­րա­կության նշանակալի կորիզի ձեւավորման ան­ուրա­նալի փաստից, հանձին քաղբանտարկյալների թեկուզ մի մասի ազատ արձակման, տվել է իր առաջին շոշափելի արդյունքը։ Դա, ինչ խոսք, ոգեւորիչ հանգամանք է, քանի որ մի կողմից ցույց է տալիս, որ բռնատիրությունն ամենազոր չէ, իսկ մյուս կողմից, որ կազմակերպված եւ հետեւողական ժողովրդական շարժումը չի կարող չհասնել իր նպատակներին։ Գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է. մնացյալը ժամանակի խնդիր է։

Եկե՛ք, սակայն, լուրջ խորհրդածություններով չփչացնենք տոնական այս տրամադրությունը, այլ մեկ անգամ եւս ողջունենք մեր հերոս քաղբանտարկյալներին, շուտափույթ ազատություն մաղթենք դեռեւս բանտերում գտնվող մեր մյուս ընկերներին եւ միասնաբար երդվենք չդադարեցնել պայքարը մինչեւ մեր ժողովրդի բոլոր իղձերի իրա­կանացումը։


Բարի երթ։

02 Հուլիս 2009թ.