Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. մայիսի 29-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2014թ. մարտի 1-ի հանրահավաքում



Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքակա­նու­թյան համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճա­կից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավար­տում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացու­ցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քա­ղա­քա­ցիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեար­կու­թյան օրը ճիշտ կողմնորոշվելու համար։ Այդ հարցերը ընտրովի կարող են թվալ, բայց հա­վաստիացնում եմ, դրանք փոխկապակցված են թե՛ ընտրությունների, եւ թե՛ երկրի զար­գացման ընդհանուր միտումների տրամաբանությամբ։

* * *

Որքան էլ փորձենք, այնուամենայնիվ անհնար է խուսափել արտաքին քաղաքա­կա­նության հարցերի արծարծումից, քանի որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու նաեւ միջազգային հարաբերությունների առու­մով։ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում սպասվող գլխա­վոր զարգացումը հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում նախատեսված Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումն է, որը, դատելով դիվանագիտական շրջանակներից արտահոսող տեղեկություններից, կարող է շրջադարձային լինել Ղարաբաղ­յան կարգավորման գործընթացում։ Այս առումով ուշագրավ պետք է համարել մանա­վանդ Վլադիմիր Կազիմիրովի մայիսի 13-ի հայտարարությունը, ըստ որի, քանի որ Ղա­րա­բաղյան հակամարտության կողմերը պատրաստ չեն գալու փոխհամաձայնության, հա­սու­նացել է նրանց խաղաղություն պարտադրելու անհրաժեշտությունը։ Այսինքն, խոս­քը վերաբերում է Դեյտոնյան տիպի մի կարգավորման, որը կիրառվեց Բոսնիական հա­կամարտության պարագայում։ Կազիմիրովը պատահական մարդ չէ Ռուսաստանի կով­կաս­յան քաղաքականության ասպարեզում. թեեւ հանգստյան կոչված, նա շա­րու­նա­կում է մնալ Ղարաբաղի հարցով ամենահեղինակավոր փորձագետն այդ երկրում։ Ուս­տի պատահական չի կարող լինել նաեւ այս պահին, Սանկտ-Պետերբուրգյան հան­դի­պու­մից առաջ, նրա կողմից արված վերոհիշյալ հայտարարությունը։ Կասկած չկա, որ եթե Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ղարաբաղի հարցում ընդհա­նուր համաձայնության գան, ապա պարտադրված լուծման կամ Դեյտոնյան տարբերակի կիրառման հնարավորությունը միանգամայն իրական կարող է դառնալ։ Այդ դեպքում հայ­կական կողմն ստիպված է լինելու վճարել ժամանակին մեզ արված նպաստավոր առա­ջարկների անխոհեմ մերժման եւ բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս­մղման գինը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Ղարաբաղյան կարգավորման հարցում սկզբունքային համաձայնության կայաց­մա­նը, ապա դա կարող է տեղի ունենալ հուլիս ամսին նախագահ Օբամայի Մոսկվա կա­տարելիք այցի ժամանակ։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նման գերտերությունների հա­մար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շարքում Ղարաբաղն այն խնդի­րը չէ, որի շուրջ նրանք չկարողանան համաձայնության գալ։ Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով ճնշումներն, այսպիսով, առաջիկայում ահագնանալու են եւ ավելի եւս ընդգծվելու է դրանց դիմակայման համար անհրաժեշտ ազգային համախմբման հրա­մայականը։ Այդ համախմբման՝ կոնսոլիդացիայի բանալին, ինչպես նշել եմ նախորդ հա­մաժողովրդական հանրահավաքում, գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ մի­ջո­ցը քաղբանտարկյալների ազատ արձակումն է եւ Երեւանի քաղաքապետի օրինական ընտրությունների անցկացումը։


* * *

Արեւմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում վերջերս մեզ կշտամբում են, ասելով, թե մենք խանգարում ենք Սերժ Սարգսյանին՝ կարգավորելու Հայաստանի առջեւ կանգնած կենսական ազգային խնդիրները՝ հայ–թուրքական հարաբերություն­նե­րը եւ Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք չեն զլանում նաեւ մեզ հիշեցնել, որ մենք միշտ կողմ ենք արտահայտվել այդ խնդիրների շուտափույթ լուծմանը, իսկ այժմ, կար­ծես-թե, դեմ ենք գնում մեր սեփական սկզբունքներին։ Այո, մենք միշտ կողմ ենք եղել հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կար­գա­վորմանը, համոզված լինելով, որ առանց դրա Հայաստանը տնտեսապես զար­գանա­լու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու եւ նորմալ, բարգավաճ, ապահով պե­տու­թյուն դառնալու հնարավորություն չունի։ Բայց մենք երբեւէ մտադիր չենք եղել այդ խնդիր­ները լուծել ամեն գնով, այն է՝ Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի ինքն­որոշ­ման իրավունքի անտեսման գնով։ Հետեւաբար, ինչպիսի ճնշումներ էլ բանեցվեն մեզ վրա, մենք թույլ չենք տալու հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղ­ծու­մը եւ չենք համաձայնելու որեւէ լուծման, որում ոտնահարված կլինի Ղարաբաղի ինքն­որոշման իրավունքը։ Մենք բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում ենք, որ ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամար­տու­թյան կարգավորման հարցում, չնայած ներքաղաքական լուրջ հակասություններին, չնայած մեր դեմ կիրառվող դաժան բռնություններին, մենք պատրաստ ենք աջակցել Հա­յաս­տանի իշխանությունների ձեռնարկած բոլոր այն քայլերին, որոնք չեն հակասում հայ ժողովրդի ազգային շահերին։

Արեւմտյան դիվանագետների կշտամբանքները, թերեւս, որոշ արդարացում կունե­նա­յին, եթե նրանք, այդքան շահագրգռություն ցուցաբերելով հայ–թուրքական հարաբերու­թյուն­ների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում, չմոռանային հիշել նաեւ Հայաստանի առջեւ կանգնած ամենակենսական խնդիրը՝ Սահմանադրա­կան կարգի վերականգնումը եւ ժողովրդավարության հաստատումը, չհանդուրժեին մեր երկրում տիրող բռնությունները, քաղբանտարկյալների առկայությունը, մարդու իրա­վունք­ների ոտնահարման աղաղակող վիճակը։ Այդպես վարվելով, այդ դիվա­նագետ­նե­րը մոռացության են տալիս իրենց իսկ պատմությունը՝ ժողովրդավարության եւ ազա­տու­թյան համար Եւրոպայում տեղի ունեցած տասնյակ հեղափոխություններն ու հսկա­յական մարդկային զոհողությունները։ Մոռացության են տալիս, վերջապես, հանուն ստրկատիրության վերացման, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ մղված արյունահեղ քաղաքացիական պա­տերազմը, որն ինձ համար այդ երկրի պատմության ամենալուսավոր էջն է։

Չկա ավելի կենսական ազգային խնդիր, քան ժողովրդի ազատությունը եւ սե­փա­կան երկրում ապահով ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը։ Հետեւաբար, ապա­ցուցելու համար, որ հիրավի անշահախնդիր կերպով հակված է նպաստելու հայ–թուր­քական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավոր­մա­նը, Արեւմուտքը նախ եւ առաջ պետք է ապացուցի, որ անկեղծորեն շահագրգռված է Հա­յաս­տանում լիակատար ժողովրդավարության հաստատմամբ, չհաշտվելով ընտրու­թյուն­նե­րի կեղծման, մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների առ­կա­յության, համատարած կոռուպցիայի եւ նմանատիպ այլ բազմաթիվ արատավոր երե­ւույթների հետ։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ հայ–թուրքական հա­րա­բերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ցուցա­բե­րած անսքող ջանասիրությամբ Արեւմուտքը ոչ թե ցանկանում է օգնած լինել հայ ժո­ղովրդին, ինչպես փորձում է դա ներկայացնել, այլ սպասարկել սեփական շահերը կամ առնվազն ազատվել այդ խնդիրների պատճառած գլխացավանքից։

* * *

Զարմանալիորեն Թուրքիայի եւ Ղարաբաղի հարցերում Սփյուռքի ազգային կա­ռույց­ների օրակարգը համընկնում է Արեւմտյան կառավարությունների օրակարգին, միայն այն տարբերությամբ, որ եթե վերջիններս այդ հարցերում Հայաստանից զի­ջում­ներ են պահանջում, Սփյուռքը պահանջում է հակառակը, այն է՝ չկատարել որեւէ զի­ջում։ Զարմանալիորեն նույնն է նաեւ Արեւմուտքի եւ Սփյուռքի վերաբերմունքը, կամ ավե­լի ճիշտ վերաբերմունքի բացակայությունը ժողովրդավարության բնագավառում Հա­յաս­տանում տիրող վիճակի նկատմամբ։ Արեւմուտքի պես, Սփյուռքին եւս կարծես-թե ամենեւին չեն հետաքրքրում սեփական ժողովրդի դեմ Հայաստանի իշխանություն­նե­րի կիրառած բռնությունները, ընտրությունների կեղծումը, քաղբանտարկյալների առկա­յու­թյունը եւ երկրի թալանը, միայն թե վարչախումբը բավարարի վերը նշված իր երկու ակնկալիքները։ Արեւմուտքն օտար է, նա կարող է այդպես վարվել։ Բայց երբ նույնը կատարում է Սփյուռքը, դա արդեն ողբալի է։ Այս առումով հատկանշական է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համա­գու­մարի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ ազգային կոմիտեի (Դաշնակ­ցու­թյան), Հայոց եկեղեցու ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունը, որը կու­րո­րեն հավատալով իրադարձությունների պաշտոնական վարկածին, դատապարտում էր ընդդիմության գործողությունները եւ անվերապահ աջակցություն հայտնում սեփա­կան ժողովրդի արյունը հեղած Հայաստանի ոչ-լեգիտիմ, «նորընտիր» իշխանություն­նե­րին։ Այս խայտառակ փաստաթուղթը հիշեցնում է նույնքան խայտառակ մի այլ հայտա­րա­րություն, որով 1988թ. աշնանը հանդես էին եկել սփյուռքահայ կուսակցությունները՝ ի դատապարտումն Ղարաբաղ կոմիտեի գործողությունների եւ ի պաշտպանություն Համ­ազգային շարժման դեմ պայքարող Հայաստանի կոմունիստական իշխանու­թյուն­նե­րի։

Սփյուռքը Հայաստանի ղեկավարներին գնահատում է մեկ չափանիշով. եթե նա հետապնդում է Ցեղասպանության ճանաչման հարցը, հայհոյում է թուրքերին ու հոխոր­տում նրանց դեմ, ուրեմն նա ազգային հերոս է, իսկ եթե ոչ՝ ազգի դավաճան, փույթ չէ, թե այդ հայհոյանքներն ու հոխորտանքը ինչ հետեւանքներ կունենան երկրի ու նրա ժո­ղովրդի ճակատագրի վրա։ Սփյուռքի միեւնույն ազգային ջոջերը, որոնք մեկ տարի առաջ անվերապահորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այսօր հայհոյում են նրան, ամենեւին չգիտակցելով իրենց սեփական մեղքը։ Նրանք բացարձակապես չեն անդրա­դառնում, որ նպաստելով Հայաստանում ոչ-լեգիտիմ իշխանության ձեւա­վոր­մա­նը եւ դրանով թուլացնելով մեր պետականությունը, իրենց իսկ ձեռքով հարթեցին ար­տա­քին քաղաքականության ոլորտում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի ճա­նա­պար­հը։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցման եւ Ղարա­բա­ղին սպառնացող վտանգավոր զարգացումների համար, նրանք նույնքան պատաս­խա­նա­տու են, որքան Սարգսյանը։

Մինչեւ սփյուռքահայ կազմակերպությունները հայ ժողովրդի գոյության աղբյուրը եւ ինքնության հիմքը չհամարեն Հայոց պետականությունը, ինչպես նաեւ չարժեւորեն հայ­րենիքում ժողովրդավարության եւ ազատության գաղափարների կայացման հրա­տապ անհրաժեշտությունը, նրանք կվտանգեն թե՛ Հայաստանի ապագայի կերտման, թե՛ ազգային իղձերի իրականացման գործը։ Սփյուռքում կան, իհարկե, առողջ ուժեր, որոնք բոլորովին այլ կերպ են դատում, քան ազգային կոչված կառույցները, բայց նրանք, բա­ցա­ռությամբ մի քանի խիզախ անհատների, համատարած հասարակական կարծիքի ճնշման տակ, չեն համարձակվում բարձրաձայնել իրենց առարկությունները։ Դրանից բխում է, որ Սփյուռքի ավանդական կառույցների բարեփոխումը նույնքան այժմեական է, որքան Հայաստանի պետական կառույցներինը։ Մտածողության եւ գործելակերպի ճգնաժամն, ըստ այդմ, համազգային է, եւ չի սահմանափակվում միայն Հայաստանի շրջանակներով։

* * *

Իսկ այժմ դառնանք Հայաստանի ներքին խնդիրներին եւ մասնավորապես Երե­ւա­նի քաղաքապետի ընտրություններին։ Համառ խոսակցություններ են պտտվում այն մա­սին, թե իբր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Դաշնակցությունը, ընդդի­մու­թյուն ձեւանալով, խաղ են խաղում, իսկ իրականում, հիասթափված Սերժ Սարգսյանից եւ համոզված լինելով, որ նա շուտով կորցնելու է իշխանությունը, նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։ Չեմ կասկածում, անշուշտ, որ Քոչարյանը չի հաշտ­վել երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակի հետ եւ, ինչպես Հայաստանի քաղա­քա­կան միջավայրում, այնպես էլ Եւրոպայում եւ Ռուսաստանում, իսկ ըստ որոշ լուրերի, նույնիսկ Իրանում ու Սիրիայում, աջակցություն է որոնում իր իշխանությունը վե­րա­կանգնելու համար։ Սակայն չեմ կասկածում նաեւ, որ Բարգավաճ Հայաստանն ու Դաշ­նակ­ցությունը գիտակցում են, որ Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, եւ որ հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճրագործության ու մանավանդ մարտի 1-ի սպանդի պատճառով, նրա վերա­դար­ձի ճանապարհը դեպի քաղաքականություն հավիտյանս փակ է։ Նրանք հազիվ-թե իրենց անունը կամենային կապել սեփական ժողովրդի դեմ կրակ արձակած ու լիովին վարկաբեկված մի անձնավորության հետ՝ դրանով վտանգելով թե՛ իրենց վարկանիշն ու հեղինակությունը, եւ թե՛ իրենց քաղաքական ապագան։

Վերջին հաշվով բոլորի համար պարզ է, որ Քոչարյանն է Հայաստանին բաժին հա­սած դժբախտությունների գլխավոր աղբյուրը։ Նա է ավազակապետական համակարգի հիմ­նադիրը, երկրի համատարած թալանի կազմակերպիչը, օրենքների ոտնահարման, ազա­տությունների ոչնչացման, պետության քրեականացման կնքահայրը, հայ–թուր­քա­կան հարաբերությունների տապալման, Ղարաբաղի ապագայի վտանգման ճարտարա­պե­տը։ Սերժ Սարգսյանն ընդամենը եղել է Քոչարյանի մեղսակիցներից ու գործա­կից­նե­րից մեկը, թեկուզ ամենաազդեցիկը, իսկ այժմ դարձել է նրա չարաբաստիկ գործի անճա­րակ շարունակողը։ Նախագահի աթոռին բազմելուց հետո Սարգսյանը չօգտվեց քոչար­յա­նա­կան հանցավոր վարչակարգից սահմանազատվելու հնարավորությունից՝ դրանով իսկ անխոհեմաբար իր վրա վերցնելով իր նախորդի գործած բոլոր մեղքերը, եւ դրանով իսկ պաշտոնավարման առաջին իսկ օրից արժանանալով հասարակության քամա­հրան­քին։ Այս ամենը նշելով հանդերձ, ես չեմ բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները տարածվում են հենց Սերժ Սարգսյանի շրջապատից՝ վա­խեց­նելու համար ժողովրդին այն սարսափելի հեռանկարով, որ վերջինիս գահազրկման պարագայում կարող է կրկին իշխանության գալ Քոչարյանը։

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եթե անկեղծորեն ուզում է ծառայել ժողովրդին ու այս երկրում որեւէ բան փոխել, ապա, հետեւելով Դաշնակցության օրի­նակին, պետք է այսօր եւեթ դուրս գա իշխանական կոալիցիայից։ Այլապես ոչ ոք չի հավա­տա նրա անկեղծությանը, եւ բոլորի համար պարզ կդառնա, որ նա իրականում նպաստում է Հանրապետական կուսակցության մենատիրության ու ավազակա­պետա­կան համակարգի հավերժացմանը։ Ավելին, չանելով այդ քայլը, Բարգավաճը լիովին կկիսի Սերժ Սարգսյանի վարած հակազգային քաղաքականության ողջ պատաս­խանա­տվու­թյունը եւ շուտով կդադարի որպես կուսակցություն գոյություն ունենալ։ Դաշնակ­ցու­թյունը, լինելով փորձառու եւ սեփական վարկի պատմականությունը գիտակցող կուսակցություն, թեեւ ուշացած, այնուամենայնիվ լքեց խորտակվող նավը։ Եթե այդ բանը նա աներ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ներկա վարչախմբի կողմից Ցեղասպանության ուրացման խայտառակությունը տեղի չէր ունենա եւ Ղարա­բաղի խնդրի լուծման գործընթացը նման անմխիթար վիճակում չէր հայտնվի։ Ինչպես տես­նում եք, ես չեմ խոսում իշխանական կոալիցիայի երրորդ անդամի՝ Օրինաց երկրի մա­սին, քանի որ դա, ինչպես ասում են, անհույս դեպք է։ Օրինաց երկիրը երբեք իշխա­նական կերակրատաշտից չի հեռանա, իսկ եթե պետք լինի, կդառնա անգամ թուրքական կամ ադրբեջանական կոալիցիայի անդամ՝ միայն թե այս արեւի տակ քարշ տա իր խղճուկ գոյությունը։

* * *

Թեկուզ շատ ջանանք շրջանցել Ռոբերտ Քոչարյանի թեման, պաշտոնից հեռա­նա­լուց հետո անգամ, իր ճղճիմ քայլերով, նա անընդհատ հիշեցնում է սեփական գոյու­թյունն ու տխրահռչակ համբավը, ինչի ամենացայտուն օրինակը «Հայկական ժամանակ» թեր­թի դեմ նրա բացած դատն է։ Միայն ողորմելի, մանրախնդիր, պրիմիտիվ հոգեկերտ­ված­քի տեր անձը կարող էր ընդունակ լինել նման անպատվաբեր քայլի։ Քաղաքակիրթ երկրներում ոչ մի նախկին թե գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքել իր հաս­ցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ որեւէ լրատվա­մի­ջո­ցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրա­գրո­ղի բերանը փակել դատարանի միջոցով։ Մինչ այժմ նախկին կամ ներկա նախա­գահ­նե­րից միայն Լուկաշենկոն է դատ բացել լրագրողի դեմ։ Իմ հասցեին մամուլում հազա­րա­վոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի։ Իր անպարկեշտ արար­քով Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ցույց է տալիս իր փոքրոգությունը, այլեւ ընդհան­րա­պես արատավորում է նախագահի ինստիտուտը։ Եթե նրան թվում էր, թե պատիվ կամ արժանապատվություն ունի, որը ձգտում է փրկել դատարանում, ապա թեկուզ միայն իր այս քայլով նա իսպառ ոչնչացրեց այդ պատիվն ու արժանապատվությունը։

* * *

Շատերը քաղաքապետի ընտրությունը համարում են կենաց-մահու պայքար, իսկ ոմանք էլ այն դիտում են որպես ընդդիմության կամ Հայ Ազգային Կոնգրեսի հաջո­ղու­թյան հասնելու վերջին շանսը։ Ես այդպես չեմ կարծում։ Այս ընտրությունը մեզ համար ո՛չ կենաց-մահու պայքար է, ո՛չ էլ վերջին շանս, այլ ընդամենը երկրի աննախանձելի իրավիճակը գոնե մասնավորապես բարելավելու միջոց, որից պարտավոր է օգտվել մեր հասարակությունը։ Ընտրությունն անձերի կամ կուսակցությունների միջեւ չէ, այլ քաղաքական-պետական համակարգերի՝ մի կողմից ավազակապետությունը կազմող ուժերի, մյուս կողմից՝ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ։ Առաջինի ընտրության պարա­գա­յում ժողովուրդը կերկարաձգի իր թշվառությունն ու ստրկությունը։ Իսկ Կոնգրեսի հաղ­թանակի դեպքում երկրի վիճակն ու բարոյական մթնոլորտն արմատապես վերափոխելու, ազատություն, պաշտպանվածություն եւ իրավահավասարություն ձեռքբերելու պատե­հու­թյուն կունենա։ Ձեւափոխելով հայտնի պատմական ասույթը՝ ժողովրդին անհրա­ժեշտ է մի փոքրիկ հաղթական ընտրություն՝ սեփական ուժերի նկատմամբ հավատը վե­րա­կանգնելու եւ երկրի ճակատագրի տնօրինումն իր ձեռքը վերցնելու համար։ Եթե կուզեք, ժողովրդի համար այս ընտրությունը, ամեն ինչից առավել, արժանա­պատ­վու­թյան խնդիր պետք է լինի։ Որքա՞ն կարելի է հանդուրժել տգետ, քրեական, անպատաս­խա­նատու բռնազավթիչների իշխանությունը՝ դառնալով ողջ աշխարհի ծաղրուծանակի ու արհամարհանքի առարկան։

Անկախ ընտրությունների արդյունքից, ընդդիմությունը, հանձին Հայ Ազգային Կոնգ­րեսի, կորցնելու բան չունի։ Նա մնալու է իր առաջնորդող տեղում եւ ավելի հզո­րա­նա­լու ու ծավալվելու է։ Կորցնողը լինելու է մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին։ Իսկ եթե քաղաքապետի ընտրությունն իսկապես վերջին շանս է, ապա վերջին շանս է ոչ թե ընդդիմության, այլ Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ այս ընտրությունից է կախ­ված նրա քաղաքական ապագան։ Պետական մոտեցում հանդես բերելու պարագայում նա ունի թե՛ իր հեղինակությունը բարձրացնելու, եւ թե՛ երկրի վիճակը բարելավելու հնա­րավորություն։ Իսկ սխալ կողմնորոշվելու պարագայում նա հերթական հարվածը կհասցնի Հայոց պետականությանը եւ կկորցնի իր չունեցած հեղինակությունն անգամ։ Մայիսի 15-ի հանրահավաքում ունեցած ելույթում ես նշել էի, որ Սարգսյանն իրա­վի­ճա­կից դուրս գալու երկու ճանապարհ ունի։ Եթե այս անգամ էլ նա կեղծի ընտ­րու­թյուն­նե­րը, ապա կմնա դրանցից միայն մեկը, այն է՝ անհապաղ հրաժարական տալ եւ հեռանալ Հայաս­տանից։ Ժողովրդին ու ընդդիմությանն այլ բան չի մնա, քան Սարգսյանի հրա­ժարականի պահանջը դարձնել հետագա քաղաքական պայքարի միակ կար­գա­խոսը։

Այսպիսով, այս ընտրություններով ոչինչ չի վերջանում, ընդհակառակը, ամեն ինչ նոր է սկսվում։ Եթե ոչ այսօր, միեւնույն է, վաղը Սերժ Սարգսյանը, իր ուժերից վեր խնդիր­ների ճնշման տակ, հեռանալու է։ Ընդ որում, Արեւմուտքն էլ նրան չի փրկելու, քանի որ Ցեղասպանությունը եւ Ղարաբաղը տալուց հետո նա Արեւմուտքին այլեւս պետք չի գալու։

Արդ, ընտրությունները կեղծելու պարագայում, պատրաստվեք Սերժ Սարգսյանին անմիջապես ճանապարհ դնելուն։ Բավական է բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Բավա­կան է ժողովրդին անլեզու կենդանու կամ ստրուկի տեղ դնել։ Բավական է, վերջապես, չարաշահել ժողովրդի համբերությունը։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եւ թող ոչ ոք չկասկածի, որ ժողովուրդը հաղթելու է։

29 Մայիս 2009թ․