Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել։ Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի։ Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման։

Տնտեսություն

խմբագրել

Թե ինչ է կատարվում տնտեսության բնագավառում, հայտնի է բոլորին։ Չնայած Հայաստանին տրամադրված հսկայական միջազգային վարկերին ու կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, տնտեսությունը ինչպես գահա­վի­ժում էր, այնպես էլ շարունակում է գահավիժել, այն էլ՝ ավելի արագացված տեմպերով։ Դրա ամենապերճախոս վկայությունն է նախորդ տարվա համապատաս­խան ամիսների համեմատ ընթացիկ տարվա տնտեսական անկման դինամիկան. հունվար–ապրիլ՝ 9.3%, հունվար–մայիս՝ 15.7%, հունվար–հունիս՝ 16.3%, հունվար­­–հուլիս՝ 18.5%։ Եթե սրան գու­մա­րենք նաեւ արտաքին առեւտրի, մանավանդ արտահանման ծավալների շարու­նակ­վող կրճատումը, կապիտալի չդադարող արտահանումը, արտասահմանյան ներդրում­ների եւ բյուջեի հարկային եկամուտների անընդհատ նվազումը, ապա Հայաստանի տնտեսական վիճակի գնահատման այլ չափանիշ փնտրելու կարիք չի լինի։

Էլ որտեղ, եթե ոչ նշված մակրոտնտեսական ցուցանիշներում պետք է արտացոլ­վեր միջազգային վարկերի եւ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, ինչը, սակայն, իսպառ բացակայում է։ Իսկ սա նշանակում է, որ կա՛մ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները իրավիճակին համարժեք չեն, կա՛մ արտերկրից փոխառված ֆինանսական միջոցները ճիշտ չեն օգտագործվում, կա՛մ էլ՝ դրանք պարզապես մսխվում են։ Մի բան ակնհայտ է, որ այդ միջոցներից հա­մար­յա ոչինչ չի հասնում արդյունաբերողներին, մանր ու միջին բիզնեսին եւ գյու­ղա­տնտեսությանը, որոնց խթանման հետ է կապված, առաջին հերթին, երկրի տնտեսու­թյան վերականգնման ու զարգացման հույսը։ Ամենաողբալի վիճակում են հայտնվել մանավանդ մանր ու միջին ձեռնարկատերերը, որոնք մի կողմից ենթարկվում են անխնա հարկային կամայականությունների, մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքների պատճառով զրկված են վարկեր ձեռքբերելու հնարավորությունից, իսկ երրորդ կողմից՝ խեղդվում են ապօրինի մաքսային արտոնություններով օժտված մենաշնորհային ընկերությունների մրցակցությունից։ Հրատապ միջոցներ ձեռք չառնելու պարագայում մանր ու միջին ձեռնարկատիրությունը մեկ տարի հետո պարզապես կդադարի գոյու­թյուն ունենալ, եւ երկրի ողջ տնտեսությունը կհայտնվի մոնոպոլիաների, իսկ ավելի ճիշտ, քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում։

Իսկ ճգնաժամի խորացմանն ու սոցիալական դրության վատթարացմանը զուգ­ըն­թաց, առաջիկա ձմռանը ժողովուրդը կզգա նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի թանկաց­ման հետեւանքով իր վրա ընկած լրացուցիչ բեռի ծանրությունը։ Հետեւաբար, ստեղծված իրավիճակում կառավարության գործունեությունն այլ կերպ, քան ոչ արհես­տա­վարժ, կամ հանցավոր, կամ էլ՝ անմեղսունակ, չի կարելի համարել։ Ընդ որում, խնդիրն ամե­նեւին անձերին չի վերաբերում, որովհետեւ նրանց փոփոխությունն անզոր է որեւէ կերպ ազդելու իրականության վրա։ Քոչարյանի եւ Սարգսյանի ձեւավորած ավազա­կա­պե­տա­կան համակարգում այլ տիպի ու որակի կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխա­վո­րած կառա­վարություններն էությամբ իրարից ոչնչով չեն տարբերվում։ Եթե Սերժ Սարգս­յանը շարունակի զբաղեցնել նախագահի աթոռը, հաջորդ կառավարությու­նը եւս նրանցից ոչնչով չի տարբերվելու։ Այնպես որ, անիմաստ է որեւէ հույս կապել վարչապետի եւ կառավարության հնարավոր փոփոխության հետ, ինչի մասին խոսակցությունները վերջերս հաճախակի են դարձել։ Դա, իհարկե, բացառված չէ, քանի որ Սերժ Սարգսյա­նին ինչ-որ պահի անպայման քավության նոխազ պետք է գալու։ Բայց այդ առթիվ ո՛չ պետք է ուրախանալ, ո՛չ էլ տխրել, քանի որ, ինչպես ասացի, դրանից ոչինչ չի փոխվելու։

Կարող է թվալ, թե ես մռայլ գույներով եմ ներկայացնում Հայաստանի տնտեսական վիճակը։ Հավատացնում եմ՝ իրականությունը շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայաց­րածը։ Պատահական չէ, որ Ա1+ գործակալության անցկացրած սոցիոլոգիական հար­ցում­ների համաձայն՝ հարցվածների 83%-ը դժգոհ է Հայաստանի իշխանություններից, իսկ 58%-ը պատրաստ է մշտական բնակություն հաստատել արտասահմանում։ Ես ո՛չ աղետ եմ գուժում, ո՛չ էլ ուզում եմ հուսահատություն սերմանել։ Բայց չեմ կարող նաեւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ դա անհարիր է թե՛ իմ, թե՛ Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքներին։ Մեր ուժը եւ միակ զենքը ճշմարտությունն է, այլապես ժողովուրդը շուրջ երկու տարի չէր գա մեր ետեւից։ Որեւէ շեղում այս ճանապարհից՝ մեզ չի ներվի, եւ ժողովուրդը երես կթեքի մեզանից։ Բարոյական լինելուց բացի, ճշմարտությունը նաեւ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ այն չի կարող վերջիվերջո չհաղթանակել։


Ժողովրդավարություն և օրինականություն

խմբագրել

Տնտեսականից ավելի անմխիթար վիճակում է շարունակում մնալ ժողովրդավա­րության եւ օրինականության բնագավառը՝ ավելի անմխիթար բացառապես այն պատ­ճա­ռով, որ վերջինս, ի տարբերություն տնտեսության, կախված է միայնումիայն իշխա­նու­թյուն­ների կամքից։ Ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այլ իշխանություններն իրենք են որո­շել, որ Հայաստանում օրինական ընտրություններ չպետք է անցկացվեն, որ ընդ­դի­մու­թյուն չպետք է գոյություն ունենա, որ այլախոհությունը տեղ չպետք է գտնի տեղե­կատվության էլեկտրոնային միջոցներում, որ ոչ ոք չպետք է համարձակվի մասնակցել հանրահավաքների, երթերի ու բողոքի ցույցերի, որ այս երեւույթները չհանդուրժողներն ու դրանց դեմ ըմբոստացողները պետք է ենթարկվեն հարկային ու ոստիկանական տե­ռորի, հեռացվեն աշխատանքից կամ հայտնվեն զնդաններում, իսկ իրական հանցագործ­ները՝ ավազակապետության հենարանը հանդիսացող քրեական հեղինակությունները, կաշառակեր պաշտոնյաները, հարկերից խուսափող խոշոր ձեռնարկատերերը, պաշտո­նատար անձանց եւ օլիգարխների ձեռքի տակ գործող զինված բանդաները, մարդա­սպաններն ու խուլիգանները պետք է զերծ մնան պատասխանատվությունից, ինչի վկա­յությունն են համարյա բոլոր աղմկոտ սպանությունների, կողոպուտների, ներիշխանա­կան հաշվեհարդարների կանոնավոր պարտակումները։

Այս ամենի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ չարժե դրա վրա առանձնապես ծանրանալ։ Սակայն չեմ կարող շրջանցել հետեւյալ երկու կոնկրետ իրողությունները, որոնք էական նշանակություն ունեն երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի պայմա­նավոր­ման, հետեւաբար, հույժ հրատապ քաղաքական բովանդակության առումով.

1. Հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից 19-ը դեռեւս շարունակում է մնալ բանտերում։ Նրանց ներկայացված են նույն շինծու մեղադրանքները, որոնցով դատապարտված էին համաներմամբ ազատ արձակված մնացյալ քաղբանտարկյալնե­րը։ Ի՞նչն է, արդ, պատճառը, որ նույն մեղադրանքներով ամբաստանված մարդկանցից ոմանց վրա տարածվեց համաներումը, իսկ մյուսների վրա՝ ոչ։ Պատճառներից մեկը ես նշել եմ իմ նախորդ ելույթներից մեկում. դա Սերժ Սարգսյանի քինախնդրությունն է, իշխանություն բանեցնելուց ու ցավ պատճառելուց ստացած հաճույքը, մեծահոգի գործ կատարելու անընդունակությունը, եթե կուզեք՝ սադիզմը։ Սակայն եթե այս պատճառը նողկալի է մարդկային առումով, մանավանդ պետա­կան այրի պարագայում, ապա մյուսն ավելի նենգ ու դավադրական է քաղաքական տե­սակետից։ Տասնինը հոգին պատանդ են պահվում Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման առթիվ սպասվող ժողովրդական հուզումները զսպելու կամ նվազեցնելու նկատառու­մով։ Վարչախմբին թվում է, թե եթե վերջիններս մնան բան­տերում, մարդիկ կզգուշանան մասնակցել բողոքի ցույցերին՝ նրանց բախտին չարժանա­նա­լու համար։ Ավելորդ է նշել, իհարկե, որ սա սին հույս է, քանի որ, երբ քաղբան­տարկյալներն անգամ շատ ավելի բազմաթիվ էին, միեւնույն է, այդ հանգամանքը չվա­խեցրեց մարդկանց, որոնք մեկուկես տարի շարունակ չլքեցին պայքարի առաջին գիծը։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ քանի դեռ վերջին քաղբանտարկյալը տուն չի վերադարձել, խնդիրը, ինչպես նախկի­նում, մնալու է Կոնգրեսի եւ Համաժողովրդական շարժման գլխավոր առաջնահերթու­թյուն­ներից մեկը։ Քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը բխում է թե՛ հասարակության, թե՛ պետության, եւ թե՛ Ղարաբաղի շահերից՝ մանավանդ եթե նկատի ունենանք, որ նրանցից շատերը Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներ ու հերոս­ներ են։ Ուստի իշխանությունների հապաղումն այս հարցում ոչ միայն հակարդյունա­վետ է, այլեւ քաղաքականապես անհեռատես ու վտանգավոր, եթե չասենք՝ դավաճանա­կան։

2. Մյուս ցավոտ, բայց չլուծված խնդիրը մնում է մարտի 1-ի ոճրագործության լիա­կա­տար բացահայտումը եւ նրա բուն պատասխանատուների նկատմամբ արդարադա­տու­թյան իրականացումը։ Պատրանքներ չպետք է փայփայել. հակառակ հասարակա­կան պահանջին ու միջազգային հանրության ճնշումներին, ներկա իշխանությունների օրոք, ինչպես հոկտեմբերի 27-ի պարագայում, այս ոճրագործությունը չի բացահայտվե­լու եւ իրական հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվելու։ Դա ապացուցելն առանձնապես մեծ ջանք չի պահանջում, որովհետեւ բոլորիս աչքի առջեւ, մեկուկես տարի շարունակ, Հայաստանի ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Դատախազությունը եւ դատարան­նե­րը ցինիկաբար զբաղված են կատարված հանցագործությունները կոծկելու, հետա­քննու­թյան ընթացքը շեղելու, վկաներին ահաբեկելու կամ կաշառելու, իրեղեն ապացույցները կեղծելու կամ ոչնչացնելու գործով։ Սակայն ինչ էլ անեն, միեւնույն է, կեղծիքի այս հանցավոր մեքենան մշտապես կանգնած է լինելու հետեւյալ կոնկրետ հարցերին պատասխանելու հարկադրանքի առջեւ. ովքե՞ր են սպանությունների հեղինակները եւ ի՞նչ պատժի են ենթարկվել նրանք։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագայում, գոնե բուն կատարողներին դատելով, իշխանությունները կարողացան, թեկուզ ժամանակավորապես, իրենց զերծ պահել պատասխանատվությունից։ Մարտի 1-ի դեպքում դա շատ ավելի դժվար, գրեթե անհնար է լինելու։ Ուստի կարծում եմ, սպանությունների գծով իշխանությունները վերջիվերջո դատելու են մեկ-երկու ցածրաստիճան ոստիկանի, եւ դրանով խնդիրը փակված համարելու։ Արդյոք դա կբավարարի միջազգային հանրությանը, թե՞ ոչ՝ չգի­տեմ։ Բայց որ Հայաստանի հասարակությունը այդ դեղահաբը կուլ չի տա՝ չեմ կասկա­ծում։

Համենայն դեպս, Հայ Ազգային Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված ինչպես ոճրագործության ամբողջական բացահայտման, այնպես էլ նրա բոլոր դերակատարնե­րին՝ սադրիչներին, կազմակերպիչներին ու մարդասպաններին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ ընդհուպ մինչեւ Հաագայի դատարան։ Կոնգրեսին, Ժառանգություն կուսակցության համագործակցությամբ, արդեն իսկ հաջողվել է Փաստահավաք խմբի միջոցով ապշեցուցիչ ու անհերքելի բացահայտումներ կատարել, որոնք շուտով կհասցվեն ավարտի, եւ մարտի 1-ի եղկելի ոճրագործության ողջ պատկերը պարզ կդառնա յուրաքանչյուր բանական մարդու համար։ Եթե Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին թվում է, թե իրենք մարտի 1-ը մարսելու են, ապա նրանք չարաչար սխալվում են։

Հայ-թուրքական հարաբերություններ

խմբագրել

Անցնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների քննու­թյա­նը, բնականաբար, մենք պետք է կանգ առնենք հայ–թուրքական հարաբե­րություն­նե­րի եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների վրա։ Հայ–թուրքա­կան հարաբերություններում ամեն ինչ պարզ է։ Սերժ Սարգսյանից կորզելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուր­քիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը եւ սահմանի բացումը հետաձգել մինչեւ Ղարա­բա­ղի հարցի լուծումը կամ, առնվազն, լուծման գործընթացում նշանակալի առաջըն­թա­ցի արձանագրումը։ Հայաստանն, ըստ այդմ, մինչեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորու­մը Թուրքիայի հարցում անելիք չունի եւ դատապարտված է կրավորական դերակատա­րու­թյան։

Ներկայումս մեր երկրում քննարկվող ամենագլխավոր թեման Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելու հարցն է դարձել, կարծես ավելի կարեւոր հարց գոյություն չունի կամ դրանից ինչ-որ բան է կախված։ Հայ Ազգային Կոնգրեսն, ի դեմս Լեւոն Զուրաբյանի եւ Աշոտ Սարգսյա­նի, արդեն տվել է այս հարցի սպառիչ պատասխանը, որը, մասնակի լրացումներով, հարկ եմ համարում կրկնել ավելի լայն լսարանի առջեւ, որպիսին սույն հանրահավաքն է։ Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելն այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ Հայ–թուրքական հարաբերությունների բնագավառում նա ինչ սխալ, որ կարող էր գործել, արդեն իսկ գործել է, մանավանդ Ցեղասպանության իրողությունը կասկա­ծի տակ դնելու եւ այն սակարկության առարկա դարձնելու հարցում։ Ուստի ո՛չ մեկնե­լով, ո՛չ էլ չմեկնելով վիճակը շտկել հնարավոր չէ։

Ինչպես ձեզ հայտնի է, վերջերս Սերժ Սարգսյանը կտրուկ հայտարարել է, որ Թուրքիա կմեկնի միայն մի պարագայում՝ այն է, եթե սահմանը մինչ այդ բացված լինի։ Վերջնագիր թվացող այս հայտարարությունը երկու իրողություն է բացահայտում։ Առա­ջին, որ, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզը» ստորագրելու դիմաց ապրիլի 22-ին Թուրքիան Սերժ Սարգսյանին խոստացել է բացել սահմանը։ Եւ երկրորդ, որ Սարգս­յանը նեղացած է թուրքերից՝ այդ խոստումը դրժելու պատճառով։ Այնուամե­նայնիվ, տվյալ հայտարարությունը վերջնագիր համարել չի կարելի, քանի որ Սարգսյանը նույն հայտարարության մեջ հարկ է համարել անմիջապես ավելացնել, որ պատրաստ է Թուրքիա մեկնել նաեւ այն դեպքում, եթե դրությունը մոտ լինի սահմանի բացման շեմին։ Սույն լրացմամբ նա կամա թե ակամա մատնում է, որ արդեն կայացրել է մեկնելու վճիռը, քանի որ «շեմ» բառն այնքան առաձգական է, որ ինչ ասես կարելի է դրա տակ հասկանալ։

Սակայն սա չէ էականը, այլ այն, թե ինչու է, այնուամենայնիվ, Սարգսյանը նեղացել թուրքերից։ Որ քեզ խաբե՞լ են։ Է՛հ, թող չխաբվեիր։ Մի՞թե պարզ չէ, որ եթե ոչ մարդկային հարաբերություններում, ապա քաղաքականության մեջ, որքան էլ բարոյական առումով մերժելի, մեղավորը ոչ թե խաբողն է, այլ խաբվողը։ Ուստի եթե խաբվել ես, ապա պիտի նեղանաս, առաջին հերթին, քեզանից։ Կամ էլ, եթե Թուրքիան իսկապես խախտել է պայմանավորվածությունները, ապա քաջություն ունեցիր բացեիբաց հայտարարել այդ մասին եւ ճշգրտումներ մտցրու քո քաղաքականության մեջ։ Ինչեւէ, սրանք զուտ հռե­տորական հարցեր ու բացականչություններ են, քանի որ միեւնույն է, Սերժ Սարգսյա­նը ուզի-չուզի գնալու է Թուրքիա՝ նախ, որովհետեւ հակառակը նրան թույլ չեն տա, եւ երկրորդ, նա չի կարող խափանել Ֆուտբոլային դիվանագիտությունը, քանի որ այն ինքն է նախաձեռնել։ Իսկ չմեկնելու պարագայում, որը քիչ հավանական է, Սարգսյանը ավելի մեծ վնաս կպատճառի մեր երկրին եւ ավելի նվաստացուցիչ ու ծիծաղելի վիճակի մեջ կդնի իրեն։ Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին հրապարակված հայ–թուրքական արձա­նա­գրություններին, ապա առայժմ բավարար համարելով Հայ Ազգային Կոնգրեսի ձեզ ծանոթ պաշտոնական գնահատականը, չեմ բացառում, որ մի այլ առիթով դրանց անդրադառնամ ավելի հանգամանորեն։

Այս պահին հարկ եմ համարում շեշտել միայն հետեւյալը. նույնիսկ Սերժ Սարգս­յա­նի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրու­թյուն­ները չի վավերացնելու եւ Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի հայտարարության առթիվ ար­տա­հայտ­ված որոշ դժգոհություններին, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահա­զան­գել ենք վերջին երկու տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշա­դրու­թյուն չի դարձրել։ Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին, այլ ոչ թե ուրիշների պես սպասել հանգուցալուծման փաստի առաջ կանգնելուն, որպեսզի դրանից հետո վայնա­սուն բարձրացնենք։ Ո՞ւմ է պետք ուշացած վայնասունը, երբ այլեւս գործընթացի վրա գրեթե անհնար է ազդել։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ հակառակ Կոնգրեսի հնչեց­րած մշտական ահազանգերին, նույնը տեղի է ունենալու նաեւ Ղարաբաղի պարագա­յում. մի օր արթնանալու են, տեսնեն ամեն ինչ ստորագրված-վերջացած է, ու դրանից հետո սուգուշիվան անեն։


Լեռնային Ղարաբաղ

խմբագրել

Եթե հայ–թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործ­ըն­թա­ցում տիրող վիճակը։ Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ–Ալիեւ–Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը։ Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է։ Բայց սա չէ կարե­ւո­րը։ Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգա­մանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի։

Ի՞նչն է ինձ հիմք տալիս նման կտրուկ եզրակացություն կատարելու։ Առաջին հերթին, անշուշտ, նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հուլիսի 10-ի աննախադեպ հայտարարությունը, որով նրանք փաստորեն ազդարարում են իրենց անձնական ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ու դրանով նշանակալիորեն բարձրացնում սեփական երկրների միջնորդական առաքելու­թյան մակարդակը։ Նման բան, սովորաբար տեղի է ունենում հակամարտությունների կարգավորման ավարտական փուլում, ինչը նշանակում է, որ հեռու չէ նաեւ Ղարաբաղ­յան հակամարտության կարգավորման ավարտը։ Նույնքան նշանակալի է նաեւ հայտարարության բուն բովանդակությունը, որում բացահայտված են կարգավորման հիմնական սկզբունքներից հետեւյալ վեցը.

  • Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկո­ղու­թյանը.
  • Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության եւ ինքնակա­ռա­վարման երաշխիքների ապահովմամբ.
  • Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք.
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում՝ իրա­վա­կանորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով.
  • Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակու­թյան վայրերը վերադառնալու իրավունք.
  • Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներ­առմամբ։

Քանի որ հայտարարությունն արվել է նախագահների մակարդակով, ապա պետք է ենթադրել, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլեւս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն։ Ալիեւն ու Սարգսյանը հո չեն նստի-վիճի Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկո­զիի հետ, ինչպես կարող էին վարվել Բրայզայի, Մերզլյակովի եւ Ֆասիեի պարագայում։ Վիճելն անիմաստ է, որովհետեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավ­ված երեք գերտերությունների նախագահներն արդեն կայացրել ու ազդարարել են իրենց վերջնական վճիռը։ Դատելով պաշտոնական արձագանքից, Ադրբեջանը կար­ծես‑թե վիճելու խնդիր էլ չունի, քանի որ անթաքույց ցնծությամբ է ընդունել կարգավոր­ման առկա ծրագիրը, միաժամանակ կատարելով որոշ այլ մանրամասների բացահայ­տում­ներ, որոնցից գլխավորն այն է, որ հինգ շրջաններ վերադարձվելու են անմիջապես, իսկ Քելբաջարը եւ Լաչինը՝ հինգ–վեց տարի հետո։

Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա պաշտոնական քարոզչամեքե­նան զերծ է մնում մանրամասների բացահայտումից եւ առանց որեւէ խանդավառության թութակի պես շարունակ կրկնում, որ խնդրո առարկա ծրագիրը լիովին բավարարում է հայկական կողմի երեք հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության միջազ­գա­յին երաշխիքների ապահովում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատում, եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում։ Այժմ տեսնենք՝ երեք նախագահների հայտարարության պարունակած սկզբունքները հաստատո՞ւմ են այս պնդումները, թե ոչ։ Սակայն մինչ այդ նշենք, որ հայտարարությունը շարադրված է եզովպոսյան լեզվով, այլաբանությունների եւ եւֆիմիզմների առատ գործածությամբ, ինչը նպատակ է հետապնդում հեշտացնել հակամարտող կողմերի պատասխանատու­նե­րի գործը, այսինքն նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ իր ուզածի պես մեկ­նա­բանելու վերոհիշյալ սկզբունքները եւ դրանք մատուցելու սեփական հասարակու­թյուն­ներին։ Դիվանագիտության մեջ այսպիսի հոգեբանական հնարքների կիրառումն ամենեւին հազվադեպ չէ։

Ինչեւէ, ինչպես նշեցինք, Հայաստանի իշխանությունների պնդումներից մեկի հա­մա­ձայն՝ կարգավորման առկա ծրագիրը Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է ապահովում, նկատի ունենալով, անկասկած, տարածքների վերադար­ձից հետո Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Թվում է, գերտերությունների նախա­գահ­­նե­րի հայտարարությունը հաստատում է այս իրողությունը, քանի որ նրա 6-րդ կե­տում նշված է. «Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողու­թյան ներառմամբ»։ Սակայն հարց է ծագում, թե ինչու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեռեւս 1990-ական թվականների կեսերից շրջանառության մեջ գտնվող «խաղաղապահ ուժերի տեղակայում» հասկացությունը հանկարծ վերածվել «խաղաղա­պահ գործողություն» անորոշ արտահայտության։ Արդյոք սա պատահական վրիպո՞ւմ կամ մանրո՞ւք է. չեմ կարծում։ Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հետեւյա­լը։ Հանդիպելով բարդությունների եւ համաձայնության չգալով խաղաղապահ ուժերի ազգային կազմի ու թվաքանակի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որոշել է շրջանցել այդ հարցը եւ ներկա պահին գտնել մի ձեւակերպում, որը կքողարկի խնդրի էությունը, իսկ ապագայում կարող է հիմք դառնալ տարբեր մեկնաբանություն­ների։ Չեմ բացառում, որ «խաղաղապահ գործողություն» կոչեցյալը վերջիվերջո ավարտ­վի ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ մեկ-երկու հազար միջազգային դիտորդների տեղակայմամբ, ինչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է Ղարաբաղի անվտանգության երաշխիք համարել։ Ի դեպ, որ բանը կարող է վերջանալ դրանով, բխում է ոչ միայն վերը բերված փաստարկներից, այլեւ կողմնակիորեն հաստատվում Մինսկի խմբի համանախագահների թափանցիկ ակնարկներով։

Նույնքան կասկածելի ու երերուն է «Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատման» մասին արվող պնդումը։ Թեեւ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարության մեջ ամրագրված է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի» ստեղծման գաղափարը, սակայն հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը։ Մասնավորապես պարզ չեն հետեւյալ հարցերը. ե՞րբ է որոշվելու միջանց­քի կարգավիճակը; ի՞նչ լայնություն է ունենալու այն; եւ վերջապես, ո՞ւմ վե­րա­հսկո­ղության տակ է գտնվելու նրա տարածքը։ Հինգ շրջանների վերադարձի դիմաց հայ­կական կողմը պետք է ստանար գոնե տվյալ հարցերի սպառիչ պատասխանը։ Կամ ավելին՝ միջանցքի կարգավիճակի հարցը ոչ թե պետք է թողնվեր ապագային, այլ լուծվեր կարգավորման ներկա փուլում։ Ժամանակին Մինսկի խմբի համանախագահնե­րը շրջանառության մեջ էին դրել Լաչինի միջանցքի հարցի լուծման երեք տարբերակ. – այն փոխանակել Մարդակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանի կողմից գրավված տարածքների հետ, շուրջ 400 քառ. կմ. մակերեսով. – միջանցքի տարածքը 99 տարվա ժամկետով վարձակալության հանձնել Հայաստանին. – նույն ժամկետով միջանց­քը դնել միջազգային վերահսկողության տակ։ Խնդիրն այն չէ, թե որքան ընդու­նելի էին նշված առաջարկները, այլ այն, որ միջանցքի կարգավիճակի սահմանումը օրակարգի հարց էր դեռեւս տարածքների վերադարձին նախորդող փուլում։ Մինչդեռ այսօր այդ հարցում կատարյալ անորոշություն է տիրում, ինչը մտավախություն է առաջացնում, որ տարածքները վերադարձնելուց հետո միջանցքի գաղափարն ինչ-որ պահի պարզապես կարող է հանգեցվել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ազատ տրանզիտի ապահովման գաղափարին։ Եւս մի մտավախության տեղիք է տալիս այն, որ եթե միջանցքի հարցը չկապակցվի տարածքների վերադարձի հետ եւ նրա կարգավի­ճակն այս փուլում չսահմանվի, ապա Ադրբեջանը, օգտագործելով Լաչինի եւ Մեղրու շրջանների փոխանակման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ առաջարկի նախադեպը, մի օր կվերարծարծի դեպի Նախիջեւան համարժեք միջանցքի տրամա­դրման կամ ազատ տրանզիտային ճանապարհի ապահովման պահանջը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների երրորդ պնդմանը, ըստ որի, կարգավորման քննարկվող ծրագիրը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագոր­ծում» է նախատեսում կամ պաշտոնական քարոզչության մի այլ ձեւակերպմամբ՝ այդ ծրագրում «Ղարաբաղը ճանաչվում է որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ», ապա այն ավելի հանգամանալից բացատրության կարիք է զգում։ Այս պնդման հիմքն, ակն­հայ­տորեն, միջնորդ երկրների երեք նախագահների հուլիսի 10-ի հայտարարության հետեւյալ կետերն են – ա. «Հիմնական սկզբունքներն արտացոլում են բանական փոխզի­ջում, հիմնված Հելսինկյան վերջնական ակտի՝ Ուժի չկիրառման, Տարածքային ամբող­ջա­կանության եւ Ժողովուրդների հավասար իրավունքների ու Ինքնորոշման սկզբունք­նե­րի հիման վրա» – բ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»։ Քանի որ տարած­քային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն ի բնե հակասում են միմյանց, ապա առաջին կետն ունի զուտ հոգեբանական նշանակություն, հետեւաբար, անիմաստ է նրանից քաղաքական եզրակացություններ կատարել։ Փաս­տաթղթում այդ կետը տեղ է գտել միայն այն նպատակով, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունը տվյալ փուլում սեփական հասարակություններին կարողանա համոզել, թե իբր Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագայում լուծվելու է կողմերից յուրաքանչյուրի ակնկալած սկզբունքի հիման վրա։

Առաջին հայացքից ավելի առարկայական է թվում մյուս կետը, որը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է որպես Լեռնային Ղարաբաղի կար­գավիճակի հարցով հանրաքվեի անցկացման որոշման ամրագրում։ Սակայն անհաս­կանալի է մնում, որ եթե խոսքն իսկապես վերաբերում է հանրաքվեին, ապա ինչու այդ բառի փոխարեն հայտարարության բնագրում տեղ է գտել «կամարտահայտություն» բառը։ Հանրաքվե նշանակելու համար պետք է օգտագործվեր գոնե «ժողովրդի կամար­տա­հայտություն» կապակցությունը։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է «հանրաքվե» բառից խուսափելու համար։ Ինչո՞ւ։

Հիշեցնեմ, հանրաքվեի գաղափարը շրջանառության մեջ է դրվել, այսպես կոչված, Պրահյան գործընթացում եւ ապա տեղ գտել Մադրիդյան առաջարկներում։ Այնուհետեւ հանդիպելով ադրբեջանական կողմի դիմադրությանը, համանախագահներն ստիպված եղան այդ բառը փոխարինել «պլեբիսցիտ» կամ «ժողովրդական հարցում» բառերով։ Երբ դա էլ չգոհացրեց ադրբեջանցիներին, հայտնվեց, ահա, «կամարտահայտություն» անորոշ ձեւակերպումը, ինչը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս այն մեկնաբանել ու իրենց հասարակություններին մատուցել սեփական հայեցողու­թյամբ։ «Կամարտահայտությունն», այո՛, կարող է մեկնաբանվել որպես հանրաքվե, սակայն ցանկության դեպքում «կամարտահայտություն» կարող է համարվել նաեւ Ղարաբաղի նախագահի ստորագրությունը կամ Ազգային Ժողովի որոշումը։ Դատելով զարգացումներից, պետք է արձանագրել, որ խնդիրը, դժբախտաբար, վերջիվերջո հան­գե­լու է նման իրողության։ Այդուհանդերձ, նույնիսկ սա չէ էականը։ Եթե կարգավորման սկզբունքներում թեկուզ հստակորեն նշված լիներ «հանրաքվե» բառը, ապա դա դեռեւս ոչինչ չէր նշանա­կի, որովհետեւ առանց որոշակի պայմանների հստակեցման, այն կմնար որպես դատարկ հնչյուն։ Այդ պայմանները, որոնք ես ներկայացրել եմ իմ նախորդ ելույթներից մեկում, հետեւյալն են. – ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը. – ե՞րբ է տեղի ունենալու հանրաքվեն. – ո՞ր տարածքում է անցկացվելու հանրաքվեն. – ովքե՞ր են մասնակցելու հանրաքվեին. – ինչպե՞ս է ձեւա­կերպ­վելու հանրաքվեի դրված հարցը. – ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է ունենա­լու հանրաքվեն։ Որքան էլ տհաճ, անհնար է չնկատել, որ նորացված Մադրիդյան առաջարկներում ո՛չ այս հարցերն են հստակեցված, ո՛չ իսկ «հանրաքվե» բառն է օգտագործված։

Այսպիսով, Հայաստանի պաշտոնական քարոզչության երեք հիմնական պնդում­ներն էլ չեն համապատասխանում իրականությանը. կարգավորման ներկա ծրագիրը ո՛չ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է պարունակում, ո՛չ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ապահովում, ո՛չ էլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորություն նախատեսում։ Այս էական տարրերի բացակայությունը նշանակում է, որ սկզբնապես որպես կարգավորման փա­թե­թային տարբերակ մտահղացված Մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները, երկար դեգերումներից ու խար­խափումներից հետո, վերադարձել են տասը տարի առաջ իրենց կողմից կտրակա­նա­պես մերժված եւ պարտվողական համարված տարբերակին, ինչը խոստովանելու քաջություն նրանք, բնականաբար, չունեն։

Հարց է առաջանում. եթե պիտի վերադառնայիք փուլային տարբերակին, ապա ինչի՞ համար էր այս տասը տարվա կորուստը, իր բոլոր բացասական հետեւանքներով՝ Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության նվազում, ուժերի հարաբերակցության փոփոխություն հօգուտ Ադրբեջանի, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացում եւ այլն։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Մյուս, ավելի ցավալի կողմն այն է, որ 1997թ. փուլային տարբերակը հայկական կողմի համար շատ ավելի նպաստավոր էր, քան այսօրվա լուծումը, թեկուզ միայն շնորհիվ այն բանի, որ նրանում հստակորեն երաշխավորված էր միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը եւ խոսք չկար ադրբեջանցի փախստականների բուն Ղարաբաղ վերադառնալու մասին։

Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխի­թար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանա­կությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցու­թյուն­ներին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամար­տու­թյան կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրա­վոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղա­րա­բաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կար­գա­վորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կար­գավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիո­վին իրա­վահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։

Վերջին գրավոր առա­ջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակ­ները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած, Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվա­նա­գիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե հա­մա­նախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետե­ւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա։

Ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ նպաստավոր մոտալուտ հանգու­ցալուծման մյուս պատճառը, որքան էլ պարադոքսալ թվա, ավազակապետու­թյան կողմից Հայաստանի ազգային հարստության սանձարձակ կողոպուտն է, որի մեջ ներքաշված են ինչպես ողջ պետական համակարգը, այնպես էլ քրեաօլիգարխիկ տնտե­սական վերնախավը։ Ես առիթներ ունեցել եմ կոնկրետ փաստերի հիման վրա հայտա­րա­րելու, որ վերջին տասը տարիների ընթացքում բարձրաստիճան պետական պաշ­տոնյա­ների եւ իշխանությունների հովանավորությունը վայելող խոշոր ձեռնարկատե­րերի կողմից հափշտակվել է Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին, միլիարդավոր դոլարների հասնող մի գումար, որը մեր հայրենասեր «ընտրյալների» ձեռքով կա՛մ ծախսվել է վայելքների, ցոփությունների ու շքեղությունների վրա, կա՛մ էլ արտահանվել օտար երկրներ։ Կարելի է տարակուսել, թե ինչ կապ կա այդ երեւույթի եւ Ղարաբաղի հարցի միջեւ։ Կապն ուղղակի եւ ակնհայտ է։ Դա ես բացահայտել եմ դեռեւս 2007թ. հոկտեմբերի 26-ի իմ ելույթում, նշելով հետեւյալ պարզ ճշմարտությունը. «Եթե այդ գումարը ներդրվեր Արցախում, ապա վերջինս արդեն անկախ կլիներ»։ Անկախության մասին ասվածը թերեւս չափազանցություն է, բայց որ այդ պարագայում Արցախն այսօր բազմամարդ ու ծաղկուն երկիր կլիներ, հետեւաբար, իրադարձություն­նե­րի վրա ազդող լուրջ քաղաքական գործոն կհանդիսանար, կասկածից վեր է։

Իսկ երրորդ պատճառը, թերեւս կարիք էլ չկա հիշեցնելու, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու իրողությունն է, ինչը նրան ստիպում է միջազգային հանրությանը հաճոյանալու եւ դրա շնորհիվ որոշ լեգիտիմություն ձեռքբերելու նպատակով անհարկի զիջումներ կատարել թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, եւ թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Որքան էլ փորձենք, այս հարցերում նրա դրսեւորած տարօրինակ վարքագծի այլ բացատրություն դժվար է գտնել։ Լեգիտի­մության խնդիր չունենալու պարագայում նրան ոչինչ չէր ստիպում հայտարարել, որ սահմանի բացման դիմաց պատրաստ է համաձայնել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը կամ խիստ զիջողական դիրք գրավել Ղարաբաղյան կար­գավորման գործընթացում։ Տպավորություն է ստեղծվում, որ հանուն իր բռնազավթած իշխանության լեգիտիմացման, նա պատանդ է դարձել այնպիսի անխախտելի պայմանավորվածությունների, որոնցից ետ կանգնելու որեւէ հնարավորություն չունի։ Ընդ որում, այդ պայմանավորվածություններն, ըստ երեւույթին, ձեռք են բերվել դեռեւս նախագահական ընտրություններից առաջ։ Այլապես անհնար է բացատրել միջազգային հանրության ընդգծված հանդուրժողական վերաբերմունքը ինչպես կեղծված ընտրու­թյուն­ների, այնպես էլ մարտի 1-ի ոճրագործության եւ ընդդիմության ու ժողովրդի դեմ կիրառված բռնությունների նկատմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող որոշ ուժերի, մշտապես հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, որպես գլխավոր սկզբունք դիտելով վերջինիս հավասարա­կշռվա­ծու­թյունը։ Փաստերի վերը կատարված վերլուծությունը ցույց է տալիս, սակայն, որ կարգավորման ներկա ծրագրում խախտված է հենց այդ սկզբունքը. Ադրբեջանը ստանում է շատ ավելին, քան Ղարաբաղը եւ Հայաստանը։ Այլ կերպ արտահայտված, Սերժ Սարգսյանը, անընդունելի նկատառումներով, գնում է մի լուծման, որը, մեղմ ասած, նպաստավոր չէ հայկական կողմի համար, իսկ ավելի խիստ՝ վտանգի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի գոյությունը։ Հնարավո՞ր է, արդյոք, շրջել իրադարձու­թյունների զարգացման ընթացքը կամ ինչ-որ կերպ ազդել նրա վրա։ Այս հարցերի քննությանն է նվիրված, ահա, ելույթիս վերջավորությունը։

Իրավիճակից դուրս գալու ելքը

խմբագրել

Իրադարձությունների ընթացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղա­րաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահա­զան­գին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից։ Դա չարվեց, եւ, անհարմար վիճակից դուրս գալու համար, Ղարաբաղի ղեկավարությունը բավարարվեց հակամարտության կարգավոր­ման գործընթացում իր մասնակցության անհրաժեշտության մասին արված արտա­քուստ սկզբունքային, բայց իրականում դատարկ հայտարարություններով։ Ղարաբաղի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սիրում են տեղի-անտեղի կրկնել, որ հավատում են Սերժ Սարգսյանին եւ համոզված են, որ նա փաստաթուղթ չի ստորագրի կամ, իրենց խոսքով ասած, Ղարաբաղը չի տա։ Հավատն, անշուշտ, հարգանքի արժանի զգացում է, բայց, դժբախտաբար, ո՛չ քաղաքական կատեգորիա։ Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, հավատաց թուրքերին, բայց դա չխանգարեց, որ վերջիններս հուսախաբ անեն նրան։ Ուստի, թող ներվի ասել, ղարաբաղցիների հավատն այս հար­ցում հավատ չի ներշնչում։

Բանականությունը հուշում է, որ Ղարաբաղի ղեկավարների վարքագծի հիմքում բոլորովին այլ դրդապատճառներ են թաքնված։ Սերժ Սարգսյանը չէր կարող ամենայն մանրամասնությամբ նրանց ներկայացրած չլինել կարգավորման ծրագրի ողջ բովան­դա­կու­թյունը։ Հետեւաբար, եթե տեղեկացված լինելու պարագայում անգամ, ղարաբաղ­ցիները որեւէ շոշափելի քայլ չեն ձեռնարկում սեփական խնդրի անցանկալի լուծումը կանխելու ուղղությամբ, ապա դա նշանակում է, նրանք համաձայն են այդ լուծմանը։ Իսկ եթե, համաձայն չլինելով հանդերձ, չեն ուզում հակադրվել Սերժ Սարգսյանին, ապա դա է՛լ ավելի վատ բան է նշանակում, այն է՝ նրանց համար ավելի կարեւոր է ոչ թե Ղարա­բաղի ճակատագիրը, այլ Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանության պահպա­նումը։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առու­մով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե անգամ իշխանափոխությունը չհանգեցներ Ղարաբաղյան կարգա­վոր­ման տրամաբանության արմատական փոփոխությանը, ապա առնվազն նախա­դրյալ­ներ կստեղծեր էապես բարելավելու ներկայումս քննարկվող ծրագիրը։ Լեգիտիմ իշ­խանությունը հարկադրված չէր լինի անհարկի զիջումներ կատարելու եւ նահանջելու հայկա­կան կողմի երբեմնի ուժեղ դիրքերից, որքան էլ դրանք խարխլված լինեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականու­թյան հետեւանքով։ Իշխանափոխությունն, ըստ այդմ, Ղարաբաղյան կարգավորման ներ­կա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետե­ւանքները կանխելու միակ միջոցն է։

Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով։ Առաջին եւ ամենամեղմ ճանապարհը Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականն է։ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանամերձ շրջանակներում շշուկներ են պտտվում, թե անկախ իր պահ­վածքից ու կատարած հայտարարություններից, միեւնույն է, Սարգսյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ եթե այնուամենայնիվ հարկադրված լինի ստորագրել, ապա հրաժարական կտա։ Պնդողներ կան, որ վերջինս ինքն էլ անձնական զրույցներում բազմիցս հաստատել է Ղարաբաղի խնդրի անընդունելի լուծման պարտադրանքի պա­րա­գայում հրաժարական տալու իր մտադրությունը։ Այդուհանդերձ, այդ շշուկ­ներն, իմ կարծիքով, հիմքեր չունեն եւ տարածվում են ընդամենը Ղարաբաղի ճակատա­գրով մտա­հոգվածների մտավախությունները թեկուզ ժամանակավորապես փարատելու նպատակով։ Սերժ Սարգսյանն այնքան է խճճվել իր լեգիտիմության ճանաչման դիմաց միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների ցանցում, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող չստորագրել իրեն առաջարկված վերջնական համաձայնագիրը։ Միջազգային հանրությունը բազմաթիվ լծակներ ունի այդ բանը Սարգսյանին թույլ չտալու համար՝ սկսած նրա լեգիտիմության խնդրի եւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի արծարծումից, ավարտած նրա դեմ կուտակած վարկաբեկիչ նյութերով, այլ կերպ ասած, կոմպրոմատներով։

Իշխանափոխության մյուս ճանապարհը Սերժ Սարգսյանի հարկադրական հրա­ժա­րականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տեւական ալիքի բարձրացման միջոցով։ Ինչպես հանգամանալից քննությամբ փորձել եմ հիմնավորել 2008թ. դեկտեմբերի 21-ի իմ ելույթում, Հայ Ազգային Կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը։ Ժամանակն ու տեղը չեն ներում կրկնել այդ ելույթի բո­լոր փաստարկները։ Ցանկացողները կարող են դրանց ծանոթանալ «Վերադարձ» վեր­նա­գիրը կրող վերջերս հրատարակված իմ գրքում։ Փաստ է, որ Կոնգրեսը Հայաստանի միակ քաղաքական կազմակերպությունն է, որ հստակորեն դրել եւ հետեւողականորեն հետապնդում է Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ու նա­խա­գահական ընտրությունների անցկացման պահանջը։ Ուրիշ ոչ ոք առայժմ նման պա­հան­ջով հանդես չի եկել։ Դա ինչ‑որ կերպ կարելի էր հասկանալ, քանի դեռ իշխա­նա­փո­խու­թյունը դիտվում էր սոսկ որպես սահմանադրական կարգի վերա­կանգնմանն ուղղված ներքաղաքական խնդիր, որի հետ շատերը կարող էին չհամա­ձայնել, բայց բոլորովին անհասկանալի է այն պարագայում, երբ ակնհայտորեն դրանից է կախված Լեռ­նային Ղարաբաղի բախտը։

Ուրեմն, մնում է եզրակացնել, որ ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ Ղարաբաղը մնաց­­յալ քաղաքական ուժերին պետք չեն։ Ընդ որում, պետք չեն ոչ միայն իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին, այլեւ համակարգի բարիքներից օգտվող գրպանային քաղաքական կազմակերպություննե­րին, քրեաօլիգարխիկ տնտե­սական վերնախա­վին, հայրենասիրությամբ զբաղվող նո­մենկլատուրային մտավորա­կա­­նու­թյանը, գիտությունների ակադեմիայի նախագահու­թյանն ու ակադեմիական ինս­տիտուտների տնօրեններին, պետական բուհերի ռեկտոր­ներին, ինչպես նաեւ բազմա­թիվ լրագրողների ու քաղաքագետների։ Ես չեմ ուզում անուն­ներ տալ. դրանք հայտնի են բոլորիդ։ Ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ աղաղակ չեն բարձրացնում։ Եթե նրանց իսկապես մտահոգում է Ղարաբաղի ապագան, ապա ի՞նչն է խանգարում, որ մի անգամ էլ իրենք փողոց դուրս գան, վրաններ խփեն, շուրջօրյա հանրահավաքներ ու երթեր կազմակերպեն, բանտեր ընկնեն, կանգնեն Հայոց փառապանծ բանակի ու Ղա­րա­բա­ղից բերված զորքերի արձակած գնդակների առջեւ։ Թե՞ կարծում են, որ զրկանքներն ու զոհողություններն ուրիշների բաժինն են, իսկ իրենք կոչված են միայն հայրե­նա­սի­րու­թյուն խաղալու եւ փափուկ կյանք վայելելու։

Հայ Ազգային Կոնգրեսն ապացուցելու կարիք չունի, որ հանուն ժողովրդի իղձերի իրա­կանացման պատրաստ է ցանկացած զոհողության ու զրկանքի։ Սակայն դժբախ­տա­բար, մինչեւ բոլոր նշածս ուժերը ոտքի չկանգնեն եւ բացահայտ կերպով Սերժ Սարգս­յանից հաշիվ չպահանջեն Ղարաբաղյան կարգավորման բնագավառում վարած կործանարար քաղաքականության համար, Կոնգրեսն իր ջանքերի առավելագույն մոբի­լիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը։ Այս դառը ճշմարտությունը ոմանց կասկածելի է թվում, եւ Կոնգրեսին երբեմն մեղադրում են, թե խուսափելով վճռական գործողություններից, նա սպասում է Ղարա­բա­ղի հարցում Սերժ Սարգսյանի ձախողմանը, որպեսզի դրանից հետո, ժողովրդական ընդվզման անխուսափելի ալիքի վրա, տիրի Հայաստանի իշխանությանը։ Մի կողմ թող­նելով այն հարցը, թե ինչու նման պարագայում Կոնգրեսի քննադատներն իրենք ոտքի չեն հանում ժողովրդին, այդ կասկածներին մեկընդմիշտ վերջ դնելու նպատակով հայ­տա­րարում եմ.

ա. Հայ Ազգային Կոնգրեսին Ղարաբաղի կորստյան գնով ձեռքբերված իշխանու­թյուն պետք չէ.

բ. Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի.

գ. Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում ես ինձ համարել եմ ընդամենը գործիք, եւ պատրաստ եմ մինչեւ վերջ կատարել այդ դերը։

Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց, Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հա­ջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ։ Կախված այդ ուժերի ար­ձագանքից, մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը։ Ես ընդհան­րա­պես չեմ սիրում խնդիրներն անձնավորել, բայց երբ անուններ չեն հնչում, բոլորը ձեւաց­նում են, թե խոսքն իրենց չի վերաբերում։ Ուստի եթե արձագանք չլինի, ապա հաջորդ հան­րահավաքում, թերեւս, ստիպված լինեմ նաեւ անուններ տալ։ Հարկ եմ համարում ավելացնել, որ հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարելու որոշումը պայմանա­վոր­ված է նաեւ մի այլ ծանրակշիռ հանգամանքով։ Ի զարմանս ողջ հասարակության, վեր­ջին մեկուկես տարվա ընթացքում շուրջ հարյուր անգամ մերժելով հանրահավաք անց­կաց­նելու վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած դիմումները, իշխա­նու­թյունները հան­կարծ մեզ թույլատրել են անցկացնել միանգամից վեց, այն էլ անընդ­մեջ հանրահավաք։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Ըստ երեւույթին երկու բան. կա՛մ Եւրո­խորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի առաջիկա նիստից առաջ, իշխանություն­ներն ուզում են ցույց տալ, թե Հայաստանում վերացված են հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկաց­ման սահմանափակումները, կա՛մ էլ, որ ավելի հավանական է, Սերժ Սարգսյանը ծրա­գրել է Կոնգրեսին ներքաշել ինչ-որ ստոր խաղի մեջ, որին մենք, բնականաբար, տուրք տալու իրավունք չունենք։


Իսկ այժմ՝ բարի երթ և մինչ նոր հանդիպում:

18 Սեպտեմբեր 2009թ.