Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Ելույթ 2009 թ. մարտի 1 ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձևավորվել Արևմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետևյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան», այդ կազմակերպության Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելը տվել է հետևյալ ցնցող պատասխանը. «Արևմուտքն Ադրբեջանը դիտարկում է որպես իր դաշնակից երկիր և չի ցանկանում, որ նա իրեն համեմատի Հայաստանի հետ։ Ադրբեջանը շատ ավելի ճիշտ կանի, եթե իրեն համեմատի Թուրքիայի, Խորվաթիայի, Սլովակիայի և արևելաևրոպական մյուս երկրների հետ, որոնք մեծ հաջողությունների են հասել ժողովրդավարության զարգացման հարցում։ Իսկ ի՞նչ կարելի է վերցնել Հայաստանից։ Մենք ցանկանում էինք պատժել Հայաստանին, բայց դուք գիտեք, որ այդ երկրի թիկունքին կանգնած են Ռուսաստանը և մի շարք պետություններ, որոնք կարողացան ազդել ևրոխորհրդարանականների վրա» («Հայք», 07.02.2009թ.)։ ևրոպացի դիվանագետն, այսպիսով, պետությունները բաժանում է երեք կարգի, այն է՝ արևմտաևրոպական ժողովրդավարություններ, որոնց հետ Ադրբեջանը դեռևս համեմատվելու հիմքեր չունի, ժողովրդավարացման ուղին բռնած արևելաևրոպական երկրներ, որոնք օրինակ պետք է ծառայեն Ադրբեջանի նման երկրների համար, և վերջապես, համեմատության առումով անպիտան, անհույս, «իզգոյ» բռնապետություններ, որոնց շարքին է դասված Հայաստանը՝ հաստատաբար Սոմալիի և Զիմբաբվեի կողքին։

Վիրավորականը, եթե չասենք զավեշտալին, այն է, որ մինչդեռ նախկինում Հայաստանին էին խորհուրդ տալիս չհամեմատվել Ադրբեջանի հետ, այժմ արդեն Ադրբեջանին են հորդորում օրինակ չվերցնել Հայաստանից։ Ահա, թե ինչ վիճակի է հասել երբեմնի ժողովրդավարության կղզյակ համարվող մեր երկիրը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության օրոք։ և ինչպե՞ս կարելի էր այլ բան ակնկալել, երբ նրանցից մեկի իշխանությունը հիմնված է հոկտեմբերի 27-ի ոճրագործության, իսկ մյուսինը՝ մարտի 1-ի սպանդի վրա։ Հետևաբար, ինչպիսի հաճոյախոսություններ էլ ևրոպական կառույցները շռայլեն Հայաստանի իշխանությունների հասցեին, կամ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն՝ թե ոչ, միևնույն է, հոգու խորքում միջազգային հանրությունը մեր երկրին վերաբերվում է այս երկու արյունոտ իրադարձությունների և ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության խայտառակ մակարդակի դիտակետից։ Այսքանն իմիջիայլոց։

Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում։ Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով։ Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար։ Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները։ Հեռուստատեսությունն, իր բոլոր ալիքներով, վերածվել է պետության բացարձակ վերահսկողության տակ գտնվող ստորաքարշ քարոզչամեքենայի։ Ոստիկանությունը բազմիցս բռնություններ է կիրառել ինքնաբուխ և ոչ զանգվածային միջոցառումների մասնակիցների նկատմամբ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հարկադրաբար կանչվել են ոստիկանական բաժանմունքներ և զգուշացվել ետ կանգնել հանրահավաքների մասնակցելու մտադրությունից։ Հարյուրավոր մարդիկ քաղաքական նկատառումներով ենթարկվել են պաշտոնեական կամայականությունների, հեռացվել աշխատանքից կամ կորցրել իրենց բիզնեսը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ուղեկցվել են նույն տիպի կեղծիքներով, խախտումներով ու բռնություններով, ինչ անցած նախագահական ընտրությունները։

Այսինքն, իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել մարտի 1 ի ողբերգությունից և ոչ մի քայլ չեն կատարել ժողովրդավարության և օրինականության հաստատման, ինչպես նաև ներքաղաքական մթնոլորտի առողջացման ուղղությամբ։ Եթե միջազգային որոշ կառույցներ պնդում են հակառակը և ուզում են հավատալ, որ այդ բնագավառներում, այնուամենայնիվ, ինչ որ առաջընթաց արձանագրվել է՝ դա իրենց գործն է։ Մնում է, որ այդ հավատը նրանք ներշնչեն նաև մեր ժողովրդին, ինչը դժվար, եթե չասենք, անհնարին խնդիր է, քանի որ առաջընթաց կոչվածը շատ հեռու է իրականությունից։ Հայաստանի իշխանությունների կողմից առերևույթ ժողովրդավարության և օրինականության հաստատմանն ուղղված կիսատ պռատ քայլերն ու օրենսդրական նախաձեռնություններն իրականում սոսկ քարոզչական աճպարարություններ են կամ սովորական խաբկանք, արևելյան խորամանկություն և ժամանակ շահելու միջոց՝ որքան էլ նրանց փաստաբանների դերն ստանձնած միջազգային բյուրոկրատները փորձեն դրանցում ինչ-որ դրական զարգացումներ փնտրել։

Միակ լուսավոր կետն այս մղձավանջում և Հայաստանի արատավորված պատիվը փրկող միակ հանգամանքը ժողովրդի անկոտրում կամքն է և հզոր ընդդիմության ձևավորումը՝ ի դեմս Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի։ Չնայած մարտի 1 ի դաժան սպանդին ու դրան հաջորդած տոտալ և ամենօրյա հալածանքներին, ակնհայտ է, որ իշխանություններին չհաջողվեց ահաբեկել կամ ծնկի բերել ժողովրդին և նրան ստիպել ետ կանգնել իր քաղաքացիական իրավունքների վերականգնման համար մղվող պայքարից։ Ընդհակառակը, հալածանքներն ինչ որ առումով նույնիսկ կոփեցին ժողովրդին և ավելի ևս ամրապնդեցին նրա հաստատակամությունն ու վճռականությունը։ Ժողովուրդն այլևս բանտից ու բռնությունից վախեցողը չէ, նահանջողը չէ, ընկճվողը չէ։ Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ հետևություններ անեն այս իրողությունից և հասկանան, որ ժողովրդին ճզմելու կամ անխոս զանգված դարձնելու ջանքերը ոչ միայն ապարդյուն են, այլև կործանարար, ընդ որում, թե՛ իրենց, թե՛ երկրի համար։ Ժամանակն է, որ նրանք արմատապես փոխեն իրենց գործելակերպն ու մեթոդները և ժողովրդի հետ մահակի լեզվով խոսելու փոխարեն, փորձեն խոսել բոլորովին այլ, քաղաքակիրթ աշխարհում ընդունված լեզվով, ինչը չի կարող չընկալվել ու ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից։ Ժամանակն է, քանի որ ներքաղաքական լարվածությանն արդեն սպառնում է գումարվել նաև սոցիալական լարվածությունը՝ կապված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման հետ։

Հայաստանի իշխանությունները, որդեգրելով ջայլամի քաղաքականություն, առայժմ հանրության առջև չեն բացահայտել առկա տնտեսական ճգնաժամի էությունն ու ընդգրկումը, ակներևաբար, ժողովրդին հանգստացնելու և նրա մոտ խուճապ չառաջացնելու նպատակով։ Սկզբում դա արվում էր նոր ատոմակայանի, Զանգեզուրի երկաթգծի, Համահայկական բանկի և Հայկական աշխարհի սին առասպելների օգնությամբ, իսկ այժմ՝ Ռուսաստանից, Չինաստանից և Համաշխարհային բանկից սպասվող վարկերի շուրջ պտտվող հուսադրիչ խոսակցությունների միջոցով։ Որքան էլ, սակայն, իշխանությունները պնդեն, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն առանձնապես չի ազդել մեր երկրի տնտեսության վրա կամ մենք հաջողությամբ հաղթահարել ենք այդ ճգնաժամի առաջին ալիքը (թեև այդ պնդումը նրանց համար հավասարազոր է քաղաքական ինքնասպանության), անժխտելի է, որ իրականում Հայաստանում ևս գործ ունենք ողջ աշխարհում դրսևորվող միևնույն երևույթի, այն է՝ դոլարի զանգվածի կտրուկ նվազման հետ։

Հայաստանում, ի մասնավորի, խոսքը վերաբերում է արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի սպասարկման կենսական խնդրին։ Անցյալ տարի այն կազմել է 3 մլրդ դոլար, այսինքն՝ ներմուծվել է շուրջ 4 մլրդ, իսկ արտահանվել՝ շուրջ 1 մլրդ դոլարի ապրանք։ Պակասորդը կամ դեֆիցիտը մոտ երկու-երրորդով ծածկվել է տրանսֆերների, իսկ մեկ-երրորդով՝ միջազգային վարկերի, արտասահմանյան ներդրումների և զբոսաշրջիկության հաշվին։ և քանի որ, միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով, դոլարի ներհոսքի այդ աղբյուրներն զգալիորեն նվազել են ու էլ ավելի նվազելու միտում ունեն, կառավարությունն այս տարի կանգնած է լինելու առնվազն 1,5–2 մլրդ դոլար հայթայթելու խնդրի առջև, որը նրա ուժերից վեր է։ Հետևաբար, խնդիրը լուծվելու է այլ ճանապարհով, այն է՝ ներմուծման ծավալների շեշտակի կրճատմամբ, որը հանգեցնելու է կենսամակարդակի կտրուկ անկման, և Հայաստանը ետ է շպրտելու առնվազն 10–15 տարով՝ հայտնվելով 1990 ական թվականների երկրորդ կեսի վիճակում։ Այսինքն, մենք գործ ունենք ոչ թե անսպասելի աղետի, այլ տրանսֆերային կապիտալի և քրեա-օլիգարխիկ համակարգի վրա հիմնված քոչարյանական արատավոր տնտեսական մոդելի կրախի կամ փլուզման հետ։

Օբյեկտիվ և համակարգային հանգամանքներից բացի, խնդիրը բարդանում է նաև իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքականության և ճգնաժամային իրավիճակին ոչ համարժեք քայլերի պատճառով, որոնց առանձնակի դրսևորումներն են.

  • Դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով Կենտրոնական բանկի պահուստների անհաշվենկատ վատնումը.
  • Ներմուծման բնագավառում մոնոպոլիաների սանձարձակ գերիշխանության հանդուրժումը.
  • Հարկային բեռի բարդումը մանր և միջին ձեռնարկատերերի վրա.
  • Մանրածախ առևտրի շուկաներում ՀԴՄ ների կիրառման անհեթեթությունը.
  • Խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտ բերելու անկարողությունը.
  • Հարկային և մաքսային ծառայություններում օրինականություն հաստատելու չկամությունը.
  • Պետական ապարատի ծախսերի կրճատումից խուսափելու տրամադրվածությունը.
  • Քարոզչական նպատակներով ուռճացված պետական բյուջեի անխուսափելի սեկվեստրի ուշացումը.
  • Տեղական արտադրության և արտահանման խթանման ուղղությամբ անբավարար միջոցների ձեռնարկումը.
  • Կոռուպցիայի դեմ իրական, և ոչ թե ցուցադրական, պայքարի լիակատար բացակայությունը.
  • Կապիտալի արտահանման երևույթի նկատմամբ ցուցաբերվող հանցավոր անտարբերությունը.
  • Ժողովրդին ճգնաժամի հաղթահարմանը չնախապատրաստելու անհասկանալի պահվածքը և այլն։

Տնտեսագետ չլինելով և ամենևին չհավակնելով մասնագիտական վերլուծության, այդուհանդերձ ավելորդ չեմ համարում պարզ մարդկային լեզվով ներկայացնել, թե ինչպիսի անդրադարձ է ունենալու տնտեսական ճգնաժամ կոչված վերացական հասկացությունը սովորական մարդկանց ճակատագրի վրա։ Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը։ Շատ շուտով կառավարությունն ստիպված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունից։ Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պարագայում, այլ պարզապես գահավիժելու է։ Առաջիկա ամիսներին հարյուրավոր արտադրական ձեռնարկություններ դադարեցնելու են իրենց գործունեությունը։ Արտահանման նվազմանը զուգընթաց շեշտակիորեն նվազելու են նաև ներմուծման ծավալները։ Անխուսափելիորեն կրճատվելու են բյուջեի մուտքերը։ Ահռելիորեն մեծանալու է գործազուրկների թիվը։ Սառեցվելու կամ կրճատվելու են աշխատավարձերը։ Հաճախակիանալու են աշխատավարձերի վճարման ուշացումները։ Էապես նվազելու են բնակչության իրական եկամուտները։ Ուսանողները չեն կարողանալու վճարել ուսման վարձը։ Պարտատերերն ի վիճակի չեն լինելու հատուցել իրենց պարտքը։ Գազի և էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը մեծապես ազդելու է թե՛ բնակչության, թե՛ արտադրողների վրա՝ իր ետևից բերելով նաև այլ ապրանքների թանկացումներ։ Փակվելու են հազարավոր խանութներ և սպասարկման ոլորտի ձեռնարկություններ։ Մանր ու միջին ձեռնարկատերերի խավն, ըստ էության, դադարելու է գոյություն ունենալ։ Դա հանգեցնելու է սեփականության վերաբաշխման և նրա կենտրոնացման մենաշնորհատերերի ձեռքում։ Ժողովրդի թշվառացմանը զուգընթաց կրկին շահելու ու հարստանալու են բարձրագույն պետական պաշտոնյաներն ու խոշոր ձեռնարկատերերը։ Մի խոսքով, ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը կանգնելու է ոչ թե տնտեսական կայունացման, այլ պարզապես հումանիտար աղետի կամ գոյատևման խնդրի առջև, որի լուծումը գերբնական ճիգեր է պահանջելու թե՛ իշխանությունից, թե՛ հասարակությունից։ Թող տպավորություն չստեղծվի, թե ես թանձրացնում եմ գույները։ Ընդհակառակը, վախենում եմ, որ իրականությունն ավելի դառը լինի, քան իմ ներկայացրածը։ Շատերի համար՝ այն ամենն, ինչ ասվեց, արդեն իսկ իրականություն է։ Իսկ եթե այդ իրականությունը դեռևս լիովին զգալի չէ հասարակության մնացյալ մասի համար, բացատրվում է պարզապես նրանով, որ վերջինս առայժմ օգտվում է իր որոշ խնայողություններից ու ձմեռվա պաշարներից, որոնք, սակայն, շուտով կսպառվեն։ Ներկա ճգնաժամն, ըստ երևույթին, ավելի ծանր ու դժվարհաղթահարելի է լինելու, քան նույնիսկ 1990 ականների սկզբի ճգնաժամը, որը տեղի էր ունենում համաշխարհային առողջ տնտեսական մթնոլորտում, երբ միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու հարուստ պետությունները հնարավորություն ունեին օգնության ձեռք մեկնելու դժվարությունների մեջ գտնվող երկրներին։ Իսկ այժմ, երբ համաշխարհային տնտեսությունն ինքը հայտնվել է գրեթե կաթվածահար վիճակում, այդ հնարավորությունը բացակայում է։

Չեմ ուզում թաքցնել. ձեզանից շատերը մեծ հույսեր են կապել այս հանրահավաքի հետ, այն դիտելով որպես համաժողովրդական պայքարի նոր ալիքի կամ վճռական գործողությունների սկիզբ։ Իսկ վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ հեղափոխություն։ Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել և այսուհետև ևս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները։ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը։ Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ։ Պատմությանը գրեթե հայտնի չէ որևէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի։ Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետև ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ քան ուժով հնարավոր չէ պահպանել։ Իսկ դա այն հեռանկարը չէ, որի համար արժե վատնել ժողովրդի եռանդը։ Ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա բացառապես սահմանադրական ճանապարհով, այն է՝ օրինական ընտրությունների միջոցով, ինչը իրավական, ժողովրդավարական պետության կառուցման միակ երաշխիքն է։

Մեր խորագույն համոզմամբ՝ քաղաքականության մեջ վճռականությունը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկումն է, այլ համառ, համբերատար, երկարատև պայքարի ունակությունը։ Ավելի պատկերավոր ասած՝ վճռականը ոչ թե ոտքի կանգնողն է, այլ կանգնած մնացողը։ Հետևաբար, հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձևավորումը և լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատև, պայքարի։ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը, և ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժմանը հաջողվել է այս երկու ուղղություններով էլ հսկայական առաջընթաց արձանագրել, ինչը չի կարող վերջիվերջո չտալ իր պտուղները։ Այսօր մենք արդեն իսկ վստահությամբ կարող ենք խոսել որոշ չափով ձևավորված գիտակից քաղաքացիական հասարակության և գրեթե լիովին կայացած ընդդիմության մասին, որի մարմնավորումը Հայ Ազգային Կոնգրեսն է։

Կոնգրեսն ըմբռնումով է մոտենում հասարակության որոշ տարրերի տրամադրություններին, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է անվերապահորեն ենթարկվել դրանց։ Վստահեցնում եմ, չկա ժողովրդին հուզող կամ քաղաքական շրջանակներում և մամուլում արծարծվող որևէ հարց, որը համակողմանիորեն չքննարկվի Կոնգրեսի ղեկավար մարմիններում և համապատասխան դիրքորոշում չճշտվի դրա վերաբերյալ։ Մեզ համար իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, և ամեն գնով դրան հասնելը չի մտնում մեր հաշիվների մեջ։ Կոնգրեսի դավանած գլխավոր սկզբունքը պետության շահն է և ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը։ Ուստի եթե նա երբեմն չի կատարում որոշ մարդկանց պահանջած կամ ակնկալած գործողությունները, դա նշանակում է, որ կա՛մ սխալ ու վնասակար, կա՛մ էլ՝ ժամանակավրեպ է համարում դրանք։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների և անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենևին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը, դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաև, որ այսօր դեռևս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից, դրա նպատակահարմարությունը, բնականաբար, գնահատելով ոչ միայն Շարժման, այլև պետության, այն էլ՝ առաջին հերթին պետության շահի տեսակետից։ Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդավարության վերականգնման, Ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթահարման և տնտեսական ճգնաժամի դիմագրավման մարտահրավերների առջև։ Իսկ առջևում մեզ սպասում են ավելի դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական և անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով։ Հետևաբար, ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար, առանց այդ էլ, բարդ իրավիճակը։ Մեզ չի հետաքրքրում՝ իշխանությունները ճիշտ թե սխալ կհասկանան մեր քայլերն ու գործողությունները։ Կարևորը մեզ համար այդ քայլերի ու գործողությունների ճշտությունն է։ Իսկ որ Հայ Ազգային Կոնգրեսը, հանձինս իրեն մաս կազմող տասնութ կուսակցությունների և տասնյակ հազարավոր անհատ անդամների, ի վիճակի է, առնվազն գլխավոր հարցերում, ճիշտ կողմնորոշվել, ամենևին չեմ կասկածում։ Պետք է նկատի ունենալ, որ վճռական գործողությունների անցնելու պահի հասունացումը կախված է ոչ միայն մեր կամքից, այլև բազմաթիվ այլ անհրաժեշտ գործոններից, որոնք առայժմ առկա չեն կամ արտահայտված են դեռևս ոչ բավարար չափով։ Այդ գործոններն անպայման առաջանալու են, քանի որ Հայաստանի ներկա իշխանություններն, իրենց ինտելեկտուալ կարողություններով ու մասնագիտական պատրաստվածությամբ, իրենց գիշատիչ էությամբ ու քրեական վարքուբարքով, ի վիճակի չեն լուծելու պետության առջև կանգնած որևէ կենսական խնդիր։

Կարծիքներ են հնչում նաև այն մասին, որ եթե Կոնգրեսը մի-փոքր էլ դանդաղի, նրա տեղը կզբաղեցնեն արմատականները։ Նման մտավախության հիմքեր առայժմ չկան. չորս ամիս է՝ Կոնգրեսը դադարեցրել է զանգվածային միջոցառումների անցկացումը։ Ո՞ւր էին այդ արմատականները. թող նրանք լրացնեին քաղաքական այդ վակուումը։ Ո՞ւր էին մեզ անվճռականության մեջ մեղադրողները. թող իրենք դիմեին վճռական գործողությունների։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արմատականների ու ծայրահեղականների ի հայտ գալու վտանգը կա, ապա դրա մասին, առաջին հերթին պետք է մտածի իշխանությունը և ընդառաջ քայլեր կատարի դեպի հասարակությունը։ Պետք է մեկանգամընդմիշտ գիտակցել հետևյալը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը։ Ինչպես արդեն ասվեց, նա, անշուշտ, չի կարող հաշվի չնստել տարերային տրամադրությունների հետ, բայց պարտավոր չէ նաև դառնալու դրանց պատանդը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր սեփական ծրագիրը։ Անհեթեթություն է կարծել, որ ինչ-որ մարդիկ պետք է գաղափարներ ու ծրագրեր մշակեն, իսկ ուրիշներն իրականացնեն այդ գաղափարներն ու ծրագրերը։ Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որտեղ մեկը պատվիրում, իսկ մյուսը երգում է։ Ոչ ոք չի կարող սոցիալիստին թելադրել, որ լիբերալ դառնա, կամ ազգայնականին ստիպել, որ կոսմոպոլիտ դառնա։

Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե կա հասարակական պահանջարկ, և այդ պահանջարկը մենք չենք բավարարում, ուրիշները կբավարարեն։ Երբ մենք, օրինակ, պնդում էինք, որ քանի դեռ արցախահայությունը ոտքի չի կանգնել, Հայաստանում Ղարաբաղի հարցով ժողովրդական ալիք բարձրացնել հնարավոր չէ, շատերն առարկում էին։ Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նման հասարակական պահանջ լիներ, այդ ալիքը մեր կամքից անկախ կառաջանար։ Այնպես որ, վճռական գործողությունների դրդողները թող բարի լինեն՝ իրենք իրականացնեն այդ գործողությունները։ Թող ներվի ասել՝ ես առանձնապես չեմ էլ հավատում վճռականության կոչ անողներին, որովհետև վճռական պահերին նրանք, սովորաբար, ասպարեզում չեն երևում կամ ասպարեզից առաջինն են ճողոպրում։ Բացառելու չէ նաև նրանց հիմնականում ազնիվ շարքերում սադրիչների առկայությունը, որոնցից հատկապես պետք է զգուշանալ։

Անցյալում էլ մեզ անվճռականության մեջ մեղադրողներ և ծայրահեղ քայլերի դրդողներ կային, ընդ որում ոչ միայն փողոցներում ու մամուլի էջերում, այլև անգամ խորհրդարանում։ Այսպես, մեզանից պահանջում էին՝ առանց հանրաքվեի անկախություն հռչակել, բռնագրավել Հայաստանում տեղակայված խորհրդային բանակի զինապահեստները, չեղյալ համարել Կարսի պայմանագիրը, պատերազմ հայտարարել Ադրբեջանին և այլն։ Եթե մենք տեղի տայինք և կատարեինք այդ ամենը, այսօր ո՛չ ազատագրված Արցախ, ո՛չ էլ երկիր չէինք ունենա։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սպասվող լուրջ զարգացումների և, մանավանդ, տնտեսական ճգնաժամի խորացման ու սոցիալական ցնցումների ահագնացող վտանգի պայմաններում ալեկոծությունների հրահրումը հավասարազոր է խելագարության։ «Որքան վատ՝ այնքան լավ», «Ամեն ինչ՝ կամ ոչինչ», «Մահ՝ կամ ազատություն» զուգաբանությունները մեր կարգախոսները չեն, քանի որ դրանք անպատասխանատու և ազգակործան կարգախոսներ են։ Հայ ժողովուրդը, հախուռն թվացող բնավորությամբ հանդերձ, ճգնաժամային պահերին գնահատել է չափավորությունը, ողջախոհությունը, ինքնատիրապետումը, ուստի ամենևին չեմ կասկածում, որ այս անգամ էլ ճիշտ կկողմնորոշվի ստեղծված իրադրությունում։ Որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու և իշխանափոխության համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաստավոր իրավիճակ։ Պահի հասունացումը կախված է ոչ միայն օբյեկտիվ գործոններից, այն է՝ երկրում կուտակված խնդիրների լուծման հարցում իշխանությունների դրսևորած ապիկարությունից, այլև, առաջին հերթին, հասարակության հասունացումից։ Մինչև Շարժմանը չմիանան հասարակական նորանոր շերտեր, մինչև մարդկանցից ոմանք չհասկանան, թե ինչպիսի աններելի սխալ են գործել՝ քվեարկելով 5000 դրամի դիմաց, մինչև ընտրական հանձնաժողովների անդամները չգիտակցեն, թե ինչի կարող է հասցնել ընտրությունների արդյունքների կեղծումը, մինչև գործարար աշխարհը չըմբռնի իր իրական շահերն ու դրանց պաշտպանության համար միավորվելու անհրաժեշտությունը, մինչև իշխանությունն անընդունելի չդառնա ողջ հասարակության համար, պահը հասունացած համարել չի կարելի, իսկ ժամանակից շուտ կատարված գործողությունները կարող են միայն խանգարել ընդհանուր գործին և վիժեցնել ժողովրդի վերջնական հաղթանակը։

Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի քանի ամսից իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը։ Ուժերից վեր խնդիրների և ներքին գզվռտոցի պատճառով նրանք իրենք–իրենց քանդվելու են։ և որքան մենք հանգիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդվելու։ Հեռու չէ այն պահը, երբ իշխանությունների, առանց այդ էլ գոյություն չունեցող, վարկանիշը հավասարվելու է զրոյի։ Նրանք այլևս ժողովրդի հետ խոսելու փաստարկներ չեն ունենալու։ Վերջին փաստարկը՝ դրամի բարձր փոխարժեքը, որով առայժմ հաջողվում է կայունության որոշ պատրանք ստեղծել, պայթելու է շատ շուտով։ Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաև, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել։ Եթե նման առաջարկ արվի, ապա նրա ընդունել–չընդունելու հարցը, բնականաբար, ոչ թե Կոնգրեսը, այլ ժողովուրդը պետք է որոշի։

և վերջինը. վարանողներ, տրտնջացողներ, տեղի-անտեղի վճռական գործողությունների կոչողներ և պարզապես անհամբերներ եղել են նաև 1988–1990 թվականների Շարժման ընթացքում։ Այն ժամանակ էլ մենք ենթարկվեցինք բազմաթիվ ճնշումների, այն ժամանակ էլ մեզ լցրին բանտերը, ահաբեկեցին ժողովրդին, արտակարգ դրություններ հայտարարեցին, կրակեցին ցուցարարների վրա (1988թ. հուլիսի 5, 1990թ. մայիսի 27)։ Բայց Շարժումը հետևողական, համակարգված, երկարատև և նպատակասլաց պայքարի շնորհիվ վերջիվերջո կարողացավ հաղթել անսասան թվացող բռնապետությանը։ Թող ոչ ոք չկասկածի, որ ներկա Համաժողովրդական շարժումը, նույնպիսի որակներ դրսևորելու պարագայում, այս անգամ էլ հաստատապես հաղթելու է։ Այս հանրահավաքի բազմամարդությունը ցույց է տալիս, որ Շարժումն, ի հեճուկս չարախինդների և ի սփոփումն մեր անհամբեր համակիրների, ոչ միայն չի մարել, այլև շատ ավելի է հզորացել, ինչը լրջանալու խթան պետք է լինի թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային հանրության համար։ Համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը, անգամ օբյեկտիվ պատճառներով, մարելու կամ թուլանալու տարբերակ չունի, քանի որ իշխանություններն իրենց ձախող ու անճարակ գործողություններով մշտապես սնուցում, իսկ հասարակությունը նորանոր լիցքեր է հաղորդում նրան։ Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքական բոլորովին նոր մշակույթի և նոր որակի համընդգրկուն միավորում է, որն իր նախադեպը չունի Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Իսկ նոր քաղաքական մշակույթն ու նոր որակը հաստատապես բերելու են նոր հաղթանակ։

Իսկ այժմ բոլորիդ խնդրում եմ՝ Կոնգրեսի ղեկավարության ետևից երթով շարժվել դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան, ի հարգանս մարտի 1 ի զոհերի հիշատակի՝ պսակներ ու ծաղիկներ դնել նրա պատվանդանին, և հանգիստ գնալ ձեր տները։ Երթուղին ձեզ կներկայացնի Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Իսկ հաջորդ հանրահավաքը, որը, չեմ կասկածում, սրանից շատ ավելի բազմամարդ է լինելու, տեղի կունենա մայիսի 1 ին։ Դա չի նշանակում, անշուշտ, որ անհրաժեշտության դեպքում միջանկյալ հանրահավաքներ չեն կարող կայանալ։ Թերևս կարիք չկա հիշեցնելու նաև, որ մենք, ինչպես անցյալ տարի, մեկ մարդու պես պետք է մասնակցենք ապրիլի 24 ի սգո երթին։

1 մարտի, 2009թ.