Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մարտի 17-ի հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ միասին քննարկելու ենք ս.թ. մարտի 1-ին ընդունած մեր հայտարարության կատարման ընթացքը եւ համապատասխան եզրակացություններ անելու դրա հանդեպ իշխանությունների ցուցաբերած արձագանքից, ինչն անհրաժեշտ է ոչ այնքան գնահատականներ տալու, որքան մեր հետագա անելիքները ճշտելու համար։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը, սովորականի պես, ստիպված եմ անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության։ Պարզաբանումների կարիքն զգացվում է ոչ թե հակաճառելու կամ արդարանալու նկատառումով, այլ սոսկ փաստերը ճշգրտելու նպատակով, որովհետեւ հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, չխոսած այլեւս անհիմն մեղադրանքների ու վերագրումների մասին։ Արդ, որո՞նք են այդ թյուրըմբռնումները.
ա. Հայտարարության մեջ նշված ժամկետը՝ մարտի 15-ը, վերաբերում է ոչ թե ողջ փաստաթղթին, ինչպես ցավալիորեն ընկալել են շատերը, այլ միայն նրա առաջին կետին՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ինքնըստինքյան հասկանալի լինելով, որ առաջ քաշված մյուս խնդիրների լուծման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։
բ. Մարտիմեկյան զոհերի ընտանիքների ու վիրավորների նյութական փոխհատուցման եւ նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի ու կենսաթոշակների պահանջվող չափերը նշված են դոլարային արտահայտությամբ ոչ թե, ըստ ոմանց, ինչ-որ հետին մտքով, այլ ընդամենը նկատի ունենալով դրամի փոխարժեքի փոփոխականությունն ու նրա շեշտակի անկման հավանականությունը, ինչը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի՝ նշանակալիորեն իմաստազրկելով այդ պահանջները։ Ի դեպ, ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն ինքը, մարտի 11-ին ունեցած ելույթում, հաստատեց, որ այս տարի դրամն արժեզրկվելու է՝ թեկուզ «դանդաղ ու կայուն».
գ. Եթե որոշ իշխանավորների պաշտոնանկությունը պահանջող կետում նշված չէ Սերժ Սարգսյանի անունը, դա ամենեւին չի նշանակում, որ վերջինիս հրաժարականի հարցը հանված է օրակարգից։ Մի՞թե պարզ չէ, որ քանի առկա է արտահերթ նախագահական ընտրություների անցկացման պահանջը, դա չի կարող տեղի ունենալ առանց նրա հրաժարականի։
դ. Հայտարարությունը ոչ թե վերջնագիր է, ինչպես սխալմամբ կարծում կամ չարամտաբար ներկայացնում են ոմանք, այլ անցնցում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ծրագիր եւ իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն սկսելու առաջարկ՝ հիմնված, առաջին հերթին, պետական շահի եւ ազգային համերաշխության գիտակցության վրա։ Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառված կհամարենք։
* * *
Թե՛ ներքաղաքական մթնոլորտի շիկացման, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների կուտակվածության, եւ թե՛ իշխանությունների կատարյալ ապիկարության դրսեւորման տեսակետից Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում։ Բոլորի համար պարզ է արդեն, որ անհնար է որեւէ հույս կապել այս իշխանությունների հետ, քանի որ նրանք մի կողմից՝ ակներեւաբար մտադիր չեն հրաժարվել երկիրը մինչեւ վերջ թալանելու իրենց քաղաքականությունից, իսկ մյուս կողմից՝ անկարող են զարգացնելու տնտեսությունը, կրճատելու գործազրկությունը, բարձրացնելու աշխատավարձերն ու թոշակները, զսպելու մոլեգնող գնաճը, պահպանելու դրամի կայունությունը եւ վերացնելու, կամ թեկուզ, դանդաղեցնելու արտագաղթը։ Ուստի ակնհայտ է, որ միանգամայն հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների իրականացման, կամ այլ կերպ ասած, ավազակապետական համակարգի վերջնական կազմաքանդման պահը։
Վերջին հանրահավաքների արտակարգ մարդաշատությունը ցույց է տալիս, որ հասարակությունը լիովին գիտակցում է այս իրողությունը եւ վճռել է տեր կանգնել իր իրավունքներին ու արդարացի պահանջներին, միաժամանակ հասունություն դրսեւորելով, դրանց կատարմանը հասնելու ոչ թե ամեն գնով, այլ բացառապես քաղաքական պայքարի օրինական միջոցներով։ Ինչպես դիպուկ կերպով նկատել է հայտնի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը, զրկված լինելով միատարր իշխանամետ Խորհրդարանում ներկայացուցչություն ունենալու հնարավորությունից, ժողովուրդն իշխանության հետ երկխոսելու այլ խողովակ չունի, քան անմիջական ժողովրդավարությունը, ինչը փորձ է արվում իրականացնել հանրահավաքների միջոցով («Ժամանակ», 5.03.2011)։ Սա չափազանց կարեւոր դիտարկում է, որը բացահայտում է Հայաստանի քաղաքական համակարգի ողջ արատավորությունը։ Արատավորության հիմքը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախագահի ու Խորհրդարանի լեգիտիմության պակասը։ Մարդկության փորձը ցույց է տվել, որ ոչ լեգիտիմ իշխանությունն իր գոյությունը պահպանելու այլ միջոց չունի, քան բռնությունն ու ժողովրդի անխնա հարստահարումը։
Ի տարբերություն հասարակության, իշխող վարչախումբը, դատելով մարտի 1-ի հայտարարության հանդեպ ցուցաբերած նրա արձագանքից, կամ ավելի ճիշտ, արձագանքի բացակայությունից, դեռեւս բոլորովին չի ընկալել իրավիճակի լրջությունն ու դրանից ելք փնտրելու հրատապ անհրաժեշտությունը՝ համառորեն շարունակելով չտեսնելու տալ ոչ միայն ժողովրդի տրամադրությունը, այլեւ ներքաղաքական լարվածության սրման հարաճուն միտումները։ Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը, պատվախնդրության, կամ իր լեզվով ասած, թասիբի մասին ունեցած պրիմիտիվ պատկերացմամբ, անմիջապես պիտի ընկրկեր ժողովրդի առջեւ եւ զիջումների գնալու փութկոտություն դրսեւորեր՝ ակամա մատնելով սեփական թուլությունն ու շփոթվածությունը։ Նա դեռ պետք է ցույց տա, որ վստահ է իր ուժերին, դեռ պետք է դիմադրի ու փորձի ժամանակ շահել՝ հուսալով, որ բողոքի ալիքն ինքնիրեն կմարի եւ այլն։
Իշխանությունը, սակայն, վերջապես պետք է հասկանա, որ հասարակության արդարացի պահանջներին ընդառաջելը ոչ թե անպատվություն է, այլ առաքինություն։ Հակառակ վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական անգրագիտություն կամ գավառամտություն, իսկ հասարակական մթնոլորտի այնպիսի շիկացման պարագայում, ինչպիսին ներկա իրավիճակն է, նման պահվածքն արդեն հավասարազոր է արկածախնդրության, եթե չասենք՝ հանցագործության։ Երկխոսության ու փոխզիջման նախաձեռնումը կամ ընդհանրապես ներքաղաքական լարվածության թուլացումը ոչ այնքան ընդդիմության, որքան, առաջին հերթին, իշխանության մտահոգության առարկան պետք է լինի, որովհետեւ սահմանադրությամբ նրա վրա է դրված երկրի անվտանգության ու կայունության ապահովման պատասխանատվությունը։ Ցավոք սրտի, մինչեւ հիմա իշխանությունը, բոլոր բռնապետությունների նման, սխալ է հասկացել այդ պատասխանատվությունը, փորձելով երկրի երեւութական կայունությունն ապահովել քաղաքական ընդդիմության հանդեպ ձեռնարկված անօրինական միջոցներով՝ սկսած տեղեկատվական շրջափակումից ու հանրահավաքների արգելումից, ավարտած սադրիչ գործողություններով, ոստիկանական ահաբեկումներով, հրազենի գործադրմամբ ու բանտերով։ Մեր աչքի առջեւ իրար ետեւից փլուզվող շատ ավելի ամուր բռնապետությունների օրինակը, սակայն, ցույց է տալիս, որ այդ միջոցները սնանկ են սեփական իրավունքներին տեր կանգնելու վճռականություն ցուցաբերող ժողովուրդներին զսպելու գործում, ինչից Հայաստանի իշխանությունը, եթե խելագար չէ, չի կարող համապատասխան դաս չքաղել։
* * *
Ես ամենեւին չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում եւ այլուր, տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, այսինքն՝ իշխանությունը վերջիվերջո ենթարկվելու է ժողովրդի կամքին։ Բայց նաեւ հավատացած եմ, որ ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում դա տեղի է ունենալու սահուն, անցնցում կերպով։ Ձեզ հետ միասին մենք ընտրել ենք այդ ճանապարհը, եւ իշխանությունն ստիպված է լինելու ընդունել մեր թելադրած խաղի կանոնները, այն է՝ մեզ հետ խոսել ոչ թե բիրտ ուժի, այլ հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, որ մինչ այժմ ըմբռնումով է մոտեցել Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությանը, որը հակառակ որոշ հոռետեսների ու անհամբերների կանխագուշակումներին, տվել է իր շոշափելի արդյունքները, եւ որը, վստահաբար, հասցնելու է մեր բոլոր պահանջների կատարմանն ու ժողովրդի վերջնական հաղթանակին։ Այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ այդ ռազմավարությունը հիմնված էր ոչ այնքան մեր ճշմարտացիության գերագնահատման, որքան այն առարկայական (օբյեկտիվ) հաշվարկի վրա, որ ժողովրդի վիճակի բարելավման ուղղությամբ իշխանությունների որեւէ դրական քայլ կատարելու անկարողությունը վերջիվերջո հանգեցնելու էր համատարած դժգոհության ու բողոքի անկասելի ալիքի, ինչի ականատեսն ենք այսօր։
Առաջիկայում այդ ալիքը ոչ թե մարելու, այլ հակառակը, անընդհատ ծավալվելու միտում է դրսեւորելու, որովհետեւ իշխանության սնանկությունը, մշտական գործոն լինելով, էներգիայի անսպառ աղբյուր է հանդիսանալու համաժողովրդական պայքարի համար։ Նաեւ՝ որովհետեւ սա բոլորովին նոր որակի շարժում է։ Մեր հանրահավաքներն այլեւս ո՛չ ընտրարշավային, ո՛չ էլ կուսակցական միջոցառումների բնույթ են կրում։ Մարդիկ գալիս են ո՛չ թե աջակցելու Տեր-Պետրոսյանին կամ Հայ Ազգային Կոնգրեսին, այլ լուծելու իրենց սեփական խնդիրները՝ հստակորեն գիտակցելով, որ բռնապետությունն ուղղված է ոչ այնքան քաղաքական ընդդիմության, որքան ողջ ժողովրդի դեմ։ Հետեւաբար, մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք, համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կախված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից։
Շտապելու խնդիր ունի իշխանությունը, որովհետեւ հապաղումը թե՛ նրա, թե՛ երկրի համար կարող է ճակատագրական լինել։ Ի՞նչ ստացավ նա՝ չարձագանքելով նախորդ հանրահավաքում ընդունված մեր հայտարարությանը. կրկնակի ավելի մարդաշատ հանրահավաք։ Եւս մի հանրահավաք, եւ իշխանությունն իր դեմ կգտնի ողջ ժողովրդին։ Ուստի եկել է ռեալ գործերի իրականացման ժամանակը, որովհետեւ մարդկանց այլեւս հնարավոր չէ կերակրել վարչապետի երկնավարդագույն անուրջներով՝ Հայկական աշխարհով, Գյումրու տեխնոպարկով, հյուսիս–հարավ երկաթգծով, Դիլիջանի ֆինանսաբանկային ու Ջերմուկի տուրիստական կենտրոններով եւ այլն։ Դատելով որոշ ազդանշաններից, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերջին երեք ելույթներից (մարտի 11, 12, 16), վարչախումբը կարծես-թե արդեն հասկացել է, որ անհնար է հավերժ անտեսել կուտակված խնդիրներն ու անհաղորդ մնալ ժողովրդի արդարացի պահանջներին, սակայն այդ դրական միտումը դեռեւս ապացույցի, այսինքն՝ խոսքից գործի վերածվելու կարիք ունի։
Հրատապ լուծում պահանջող ռեալ գործերից շատերը թվարկված են մարտիմեկյան մեր հայտարարության մեջ։ Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք, կարծում եմ, այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար։ Մենք մաքսիմալիստ չենք եւ առայժմ իշխանությանն անկյուն սեղմելու մտադրություն չունենք։ Նշված երեք պահանջները հեշտությամբ լուծելի խնդիրներ են։ Ուստի հուսանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագրի լեզվով, թեեւ նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ։
17 Մարտ 2011թ.