Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը հայ ժողովրդին 1996 թ. նախագահական ընտրությունների առիթով

Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը հայ ժողովրդին 1996 թ. նախագահական ընտրությունների առիթով

Սիրելի հայրենակիցներ,

Ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո պարտք եմ համարում դիմել ձեզ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը եւ տալու որոշ նախնական գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ։

Նախ ուզում եմ առանձին առանձին խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն 647 հազար քաղաքացիներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ՝ ապահովելով հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գյուղական շրջանների բնակիչներին, որոնք, չնայած իրենց դեռեւս դժվար կյանքին ու բազում հոգսերին, հավատացել են ինձ ու ցուցաբերել առավելագույն աջակցություն։

Երախտապարտ եմ, անշուշտ, նաեւ իմ ընտրական կենտրոնի գործունեությանն իրենց ծանրակշիռ նպաստը բերած համակիրների լայն շրջանակին՝ գլխավորությամբ Բաբկեն Արարքցյանի, ինչպես նաեւ իմ բոլոր վստահված անձանց, որոնք ներկայացնում էին մտավորականության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության բնագավառների, արտադրության եւ գործարարության ոլորտի հիմնական շերտերը։

Չեմ կարող ամենայն անկեղծությամբ երախտագիտությունս չհայտնել նաեւ իմ մրցակիցների օգտին քվեարկած շուրջ 600 հազար քաղաքացիներին, որոնք ազնվորեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը եւ այդպիսի ակտիվությամբ մասնակցել երկրի ժողովրդավարացման կարեւորագույն գործընթացին։

Նորընտիր Նախագահին լուրջ խորհելու տեղիք պետք է տա բնակչության հենց այս խավի ցուցաբերած վերաբերմունքը, որն արժանի է հանգամանալից եւ սառը վերլուծության։ Այսօր, իհարկե, ես դեռեւս լիովին պատրաստ չեմ կատարելու այդ վերլուծությունը, բայց հարկ եմ համարում ներկայացնել որոշ նախնական եզրակացություններ։

Չեմ կարծում, թե ընտրությունների արդյունքների վրա էապես ազդել են գաղափարախոսական նկատառումները. թեեւ կոմունիստական եւ ծայրահեղ ազգայնական գաղափարները մեր հասարակության տարբեր շերտերում ունեն հավատավոր կողմնակիցներ, բայց դրանք իրականում մեծ թիվ չեն կազմում։

Ըստ երեւույթին, իշխանությունների նկատմամբ բնակչության բացասական հակազդեցության հարցում լուրջ դեր չեն խաղացել նաեւ նրանց վարած արտաքին քաղաքականությունը, արցախյան խնդրի կարգավորման ընթացքը եւ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։ Իմ կարծիքով, ժողովրդի դժգոհության ավելի վճռական գործոններ են տնտեսական բարեփոխումների անխուսափելի ցավագին հետեւանքները, կադրային քաղաքականությունը, վարչամեքենայի անօրինականություններն ու կաշառակերության տարածված դրսեւորումները եւ մանավանդ՝ բնակչության չափազանց ծանր սոցիալական վիճակը։

Ահա այն պարարտ հողը, որում ընդդիմությունը կարողացավ փայլուն կերպով սերմանել իր քարոզչությունը՝ հասնելով հնարավոր առավելագույն արդյունքին։ Աչք փակել ճչացող իրականության դեմ՝ աններելի միամտություն կամ անպատասխանատվություն կլիներ։

Այո՛, մենք լիովին գիտակցել եւ չենք թաքցրել, որ ինչպես ամենուր, Հայաստանում եւս տնտեսական բարեփոխումները պետք է ծնեին բարդ սոցիալական խնդիրներ, որոնց լուծման բանալին այնուամենայնիվ այդ բարեփոխումների շարունակումն ու խորացումն է։ Բարեփոխումները ծանրագույն վիրահատություն են անգամ այնպիսի երկրների համար, որոնք չունեն աղետի գոտի, շրջափակումներ, հարյուր հազարավոր փախստականներ եւ արցախյան կնճիռ։

Այո՛, պետության բոլոր կադրերը չեն, որ գտնվել են իրենց պաշտոնի բարձրության վրա եւ աչքի ընկել արհեստավարժությամբ, բարեխղճությամբ ու բարոյական նկարագրով։ Անօրինականություններն ու կաշառակերության դրսեւորումները հասել են հասարակական չարիքի աստիճանի։

Այո՛, չափազանց ծանր ու անմարդավայել է մեր ժողովրդի սոցիալական վիճակը. շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է չքավորության սահմանից ցածր պայմաններում, հարյուրհազարավոր աղետյալներ ու փախստականներ դեռեւս օթեւանում են ժամանակավոր կացարաններում, ողորմելիորեն չնչին են աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, մեծ թիվ են կազմում աշխատազուրկները։ Կրկնում եմ, այս ամենը մենք ո՛չ թաքցրել ենք, ո՛չ էլ լռության մատնել, պարզապես պետք է խոստովանել, որ, ըստ ընտրության արդյունքների, մեր փաստարկներն ու ծրագրերը ժողովրդի մի մասի համար անհասկանալի են մնացել։ Եթե անգամ ժողովուրդը գիտակցել է, որ սոցիալական խնդիրների լուծումը հրաշքով տեղի չի ունենալու, այլ աստիճանաբար ու քայլ առ քայլ, ըստ երեւույթին իշխանությունների ծրագրերում նա բավարար մտահոգություն չի տեսել դրանց նկատմամբ։

Ինչեւէ, ընտրությունները կայացել են, եւ ես երկրորդ անգամ ստացել եմ ձեր վստահության քվեն, որը ես հակված եմ դիտելու ոչ այնքան որպես իմ նախորդ գործունեության գնահատական, որքան որպես կանխավճար՝ ժողովրդի սպասելիքներն ու ակնկալիքները հատուցելու համար։ Ուզում եմ հավատացնել, որ այս ընտրություններում շահած շուրջ 52 տոկոսը ես ավելի թանկ եմ գնահատում, քան նախորդ ընտրությունների 83 տոկոսը, որովհետեւ 1991 թվականին ես հաղթել եմ ազգային ազատագրական շարժման ռոմանտիկ ալիքի վրա, իսկ այս անգամ՝ հասուն ժողովրդավարական հասարակության կամքի արտահայտության շնորհիվ։

Ճիշտ է, որոշ ծայրահեղական ուժերի արկածախնդրության պատճառով ստվեր գցվեց ընտրությունների վրա, եւ մեր պետությանն ու ժողովրդին բարոյական ծանր հարված հասցվեց, բայց դրանից ազգային ողբերգություն չպետք է սարքել։ Կարեւորն այն է, որ ժողովրդի ու նույնիսկ ցուցարարների մեծամասնությունը չմատնվեց կազմակերպված սադրանքին, եւ մեր իրավապահ մարմինների հստակ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ կանխվեց արյունահեղությունն ու արագորեն վերականգնվեց երկրի անդորրը։

Բռնարարքների կազմակերպիչները, հրահրիչները եւ անմիջական մասնակիցներն, իհարկե, յուրաքանչյուրն իր մեղքի չափով պետք է պատասխան տան օրենքի առջեւ, բայց հավաստիացնում եմ, որ վհուկների որս չի սկսվելու, եւ ոչ մի անմեղ մարդ չի տուժելու։ Բոլոր դեպքերում ես խոր ափսոսանք եմ հայտնում զանգվածային անկարգությունների ժամանակ պատահականորեն տուժած անձանց ու խորհրդարանի շրջակա շենքերի բնակիչներին, որոնց անդորրը խախտվեց հարկադրական գործողությունների պատճառով։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդը նման արկածախնդրություն այլեւս թույլ չի տա, եւ պատահածը կդառնա մեր պատմության սոսկ ցավալի մի թյուրիմացություն։

Սիրելի հայրենակիցներ,

Վերստանձնելով իմ պարտականությունները, ես մտադիր եմ կետ առ կետ, հետեւողականորեն իրականացնել իմ նախընտրական ծրագիրը, որն ըստ էության պատասխանում է ձեզ հուզող բոլոր ցավոտ հարցերին։ Շուտով դուք ականատես կլինեք ե՛ւ լուրջ կադրային փոփոխությունների, ե՛ւ անօրինականությունների ու կաշառակերության դեմ պայքարի ծավալման, ե՛ւ կենսաթոշակների ու աշխատավարձերի կանոնավոր վճարման, ե՛ւ ընդհանուր կարգուկանոնի հաստատման իրողությանը։ Ես խորապես համոզված եմ, որ խաղաղության ու կայունության պահպանման, հավասարակշիռ արտաքին քաղաքականության շարունակման, ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների խորացման դեպքում իշխանություններից ու ժողովրդից գերբնական ջանքեր չեն պահանջվելու երկրի տնտեսությունը վերականգնելու եւ բնակչության սոցիալական վիճակն աստիճանաբար բարելավելու համար։

Դրա համար անհրաժեշտ է միայն պետության եւ հասարակության բոլոր օղակների ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխատանք։

Ես կրկին խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ողջ ժողովրդին եւ մաղթում երջանկություն ու բարօրություն, որին նա արժանի է նույնքան, որքան աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները։

1996