Խաչագողի հիշատակարանը

Ա

ԹՈԻՅՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ

Ես հայր չեմ տեսել։ Մայրս ասում էր, որ ես դեռ չծնված, հայրս թողեց հայրենի երկիրը, դիմեց դեպի օտար աշխարհ և պանդխտության մեջ կորավ։

Երկար ժամանակ մենք նրա մասին տեղեկություն չունեինք. ոչ նամակ էինք ստանում և ոչ որևիցե լուր: Մի անգամ հայտնվեցավ հորս պանդխտության ընկերը, բերեց նրա մատանին և, տալով մորս, հաղորդեց նրա մահվան բոթը։ Մեր դրացի կնիկները համոզում էին մորս, որ թաղել տա այդ մատանին գերեզմանատան մեջ և հորս համար մի հիշատակարան կանգնեցնե։ Բայց մայրս չկամեցավ, որովհետև նա ամենևին չէր հավատում, որիր ամուսինը մեռած է։ Նա վճոել էր սպասել երկար տարիներ, սպասել հորս վերադարձին։ Այդ պատճառով նա մերժեց հորս մահվան բոթը մեզ բերող մարդու ձեռքը, որ ցանկանում էր մորս հետ ամուսնանալ։

Մորս կոչում էին Նազանի, նա շատ գեղեցիկ կին էր և բարի, ո՞վ չէր սիրի նրան։ Բայց նա ասում էր, եթե իմ ամուսնի մահը ստույգ ևս լինի, դարձյալ ցանկություն չունի մարդու գնալու, որովհետև մտածում է յուր երեխաների համար։ Մենք, երեխաներս, չորս հոգի էինք՝ մեկը ես և երեք քույրեր։

Գյուղը, ուր բնակվում էինք մենք, կոչվում էր Սավրա։ Դա Սալմաստա ամենագեղեցիկ գյուղերից մեկն էր։ Շրջապատված րնդարձակ այգիներով, նա, կարծես, թաքնված լիներ խիտ անտառների մեջ։

Նրա միջով հոսում էր Սոլա գետը և ոռոգում էր բոլոր այգիները։

Հորից զրկվելով, մենք մնացինք մեր քավոր Պետրոսի խնամակալության ներքո։

Քավոր Պետրոսը հայտնի էր մեր գյուղում որպես փորձված,խելացի և լավ մարդ։ նա այնքան սիրելի էր ժողովրդին, որ բոլորը նրա անունովն էին երդվում։ Դեռ ժամատան կոչնակի առաջին զարկի ձայնը չլսված, դեռ քահանաները չեկած, քավոր Պետրոսը եկեղեցու դռանը կանգնած էր լինում, սպասում էր, որ դռները բաց անեն, գնա իր վաղորդյան աղոթքը կատարելու։ Նա այն տեսակ մարդկանցից էր, որ Սաղմոսը, Ավետարանը և Նարեկը ձեռքից բաց չեն թողնում, միշտ հոգու և աստծո արքայության վրա են մտածում: Մայրս շատ ուրախ էր, որ իր զավակները մի այդպիսի բարեպաշտ մարդու հոգաբարձությանն էին հանձնված։

Բացի քավոր Պետրոսից, մենք ուրիշ բարեկամ չունեինք:

Ես ունեի մի հորեղբայր, որին կոչում էին Մինաս։ Նա մոտ հիսուն տարեկան մարդ էր։ Ես երբեք առանց սարսափելու չեմ կարող հիշել այդ մարդու միշտ ուրախ, միշտ անհոգ և վայրենի դեմքը։ Նա միանգամայն իրան տված էր զվարճության և ամբողջ օրերով տանը չէր գտնվում։ Մենք զարմանում էինք, թե որտեղից այնքան վատնում էր նա, որովհետև ոչ մի արհեստ կամ պարապմունք չուներ։ Նա երբեմն մի քանի ամիսներով, իսկ երբեմն մի քանի տարիներով անհետանում էր, չէր երևում և հանկարծ հայտնվում էր ոսկիներով լի քսակով։ Ի՞նչպես էր վաստակում, ի՞նչ հնարքով էր ձեռք բերում այդ ոսկիները, ես հասկանալ չէի կարողանում, միայն տեսնում էի, որ նրա ոսկիների թվում կային ամենպետության սիքքեներ։ Կնշանակե, նա շատ երկիրներ էր թափառել...

Բայց հայի առածն ասում էր, որ «քամու բերածն էլի քամին կտանի», այսպես էլ փայլուն ոսկիները նրա ձեռքում երկար չէին մնում, նա շուտով վատնում էր, դարձյալ մնում էր աղքատ, դարձյալ ապրում էր պարտքերով։ Պարտատերերը մեծ վստահություն ունեին նրա հաջողակության վրա, գիտեին, որ իրանց փողը չի կորչի, բավական էր միայն, որ Մինասը ոտքր դուրս դներ տանից, կրկին ձեռքն առներ պանդխտության գավազանը, այնուհետև փող վաստակելը նրա համար հեշտ էր ...

Իմ հորեղբայրը շաբաթը մի քանի անգամ հյուրեր էր ունենում։ Ես երբեմն գնում էի նրանց տունը։ Հյուրերը ուտում էին, խմում էին, խոսում էին, ես միշտ մի առանձին հետաքրքրությամբ էի լսում նրանց խոսակցությունը։ Նրանք պատմում էին իրանց կյանքի զանազան արկածները այլևայլ երկրներում: Սարսափելի և միանգամայն խիստ սոսկալի պատահարներով լի էին լինում այն արկածները, այսուամենայնիվգրավում էին իմ սիրտը։ Ես այն ժամանակ անփորձ էի և երեխայական պարզամտությամբ քաջություն էի համարում նրանց արարմունքը, այդ պատճառով մտածում էի, «Ախ, երբ կլիներ, որ ես էլ մեծանայի, գնայի օտար աշխարհ և դրանց նման փող վաստակեի»...

Այդ միտքը շատ անգամ տանջում էր իմ անմեղ սրտիկը: Երբ իմ բաղձանքը հայտնում էի մորս, նրա աչքերը լցվում էին արտասուքով, և միշտ պատասխանում էր ինձ միևնույն խոսքերով. «Աստված մի՛ արասցե, որ դու նրանց նման փող աշխատես»...

Ինչո՞ւ էր բարկանում մայրս, ինչո՞ւ էր անիծում ինձ, մի՞թե վատ էին նրանք, մի՞թե լավ էր այնպես աղքատության մեջ ապրել, որպես ապրում էինք մենք։ Ես վրդովվում էի և սկսում էի մորս կոպտություններ ասել։

Նա միայն լաց էր լինում և ոչինչ չէր պատասխանում...

Մի անգամ միայն նա ասաց ինձ.

— Նրանք «խաչագողներ» են ...

Այդ խոսքը կարծես այրեց նրա լեզուն։

Քայց ի՞նչ էր խաչագողը, այդ բառի նշանակության մասին ես ոչինչ գաղափար չունեի։ Մայրս նույնպես չբացատրեց։ Նա միայն խրատում էր, որ հեռու կենամ նրանցից, չհրապուրվեմ նրանց գործերով, որովհետև նրանք լավ մարդիկ չեն։

Մայրս մեր գյուղացի չէր. նա Վանի կողմերիցն էր, այդ պատճառով զզվում էր մեր գյուղացիներից։ Վերջին ժամանակներում նա արգելեց ինձ, որ այլևս հորեղբորս տունը գնամ և նրա երեխաների հետ խաղամ։ Եվ որպեսզի ինձ բոլորովին հեոացնե մեր գյուղից, մտածում էր այդ մասին մի հնար գտնել։ Մի անգամ ասաց ինձ.

— Մուրադ, որդի, քեզ պետք է մի արհեստ սովորել։

Նա սկսեց երկար ու երկար բացատրել ինձ, թե որքան բախտավոր մարդ է ազնիվ և աշխատասեր արհեստավորը, որքան ապահովված է նրա կյանքը, որքան ազատ և անկախ է նրա ապրուստը։

— Ի՞նչ արհեստ, — Հարցրի ես։

Նա՝ ասաց, որ քավոր Պետրոսի հետ խորհրդակցել է այդ մասին, և վճռել են, որ ես սովորեմ դարբնություն։

— Դարբնությո՜ւն, — գոչեցի ես, — ես չեմ ուզում սևանալ երկաթի՛ ու ածուխի փոշիների մեջ։

— Դու չես սևանա, — պատասխանեց մայրս իր սովորական հանդարտությամբ։ — Ածուխի սև փոշիներից դուրս է գալիս սպիտակ հաց և սպիտակ արծաթ, որ, ընդհակառակն, միշտ սև են և միշտ սև կմնան երեսները այն մարդկանց, որոնք խարդախությամբ ուրիշի ոսկիները կողոպտում են, իսկ իրանք դարձյալ մնում են քաղցած...

Ես հասկացա, մորս ակնարկությունը խաչագողների մասին էր։

Ես մորս շատ էի սիրում, հորս անհայտանալուց հետո նա մեզ սնուցել էր ծնողական բոլոր քնքշությամբ։ Այդ պատճառով նրան հակառակել չկարողացա, միայն հարցրի.

— Ինչո՞ւ անպատճառ դարբնություն, մի՞թե ուրիշ արհեստները վատ են։

— Բոլորը լավ են,— պատասխանեց նա։ — Աշխատանքը և աշխատությունը միշտ լավ է, վատ է միայն ծուլությունը, անգործությունը։

Հետո ավելացրեց, նրա համար է բարվոք համարում սովորել ինձ դարբնություն, որ այդ արհեստը ավելի հարմար էր իմ կազմվածքին։ Դարբնի համար հարկավոր էին ուժեղ մկաններ, զորեղ բազուկներ և հաջողակ ձեռք՝ այդ բոլորը ունեի ես։

— Քավոր Պետրոսն ևս այղ խորհրդի մեջ համաձայն է ինձ հետ, — ասաց մայրս։

Քավոր Պետրոսի հեղինակությունը այն աստիճան նշանակություն ուներ մեր ընտանիքի համար, որ մենք ամենքս խոնարհվում էինք նրա առջև և ընդունում էինք նրա տված խորհուրդները։

Մեր գավառի դարբնոցները գտնվում էին ըստ մեծի մասին Հին քաղաքում (Քոհնա-Շհարում), որը հեռու էր մեր գյուղից մեկ մղոն հեռավորությամբ։ Երկու օր չանցած այդ խոսակցությունից, մայրս ինձ իր հետ առնելով, տարավ Հին քաղաքը, հանձնեց ուստա Գրիգորին։ Եվ որովհետև հեռավորության պատճառով դժվար էր ամեն օր և գնալ այնտեղ, և վերադառնալ մեր գյուղը, դրա համար ես ամբողջ շաբաթը գնում էի դարբնոցը աշխատելու, իսկ գիշերները կենում էի իմ մորաքրոջ տանը։ Կիրակի օրերը միայն գալիս էի մեր տունը մորս և քույրերիս տեսնելու համար։

Թե՛ քավոր Պետրոսի և թե՛ մորս նախատեսությունը իմ ընդունակության մասին դարբնության արհեստի մեջ, սխալ չէր։ Ես մի քանի ամիսների ընթացքում սովորեցի այնքան, ինչ որ ուրիշ աշակերտները սովորել էին տարիներով։ Մայրս չափազանց ուրախ էր իմ հառաջադիմության համար, ոչ սակավ ուրախանում էր և քավոր Պետրոսը։ Նա մի օր տվեց ինձ մի բանալի, ասելով.

— Այդ բանալին փորձելու համար եմ տալիս քեզ, Մուրադ, եթե դու կշինես դրա նման մեկը, ես կհավատամ, որ դու քո արհեստի մեջ բավական առաջ ես գնացել։

Ես քննեցի բանալին, իսկույն հասկացա, որ դա մեր երկրի արհեստավորների գործ չէր, այլ Ֆրանգստանում, կամ մի այլ տեղում էր շինված, ուր արհեստը ավելի առաջ էր գնացել, քան թե Պարսկաստանում։

— Իսկ եթե ճիշտ դրա նման շինելու լինեմ, — Հարցրի ես բանալին լավ զննելուց հետո։

— Քեզ համար կարել կտամ մի ձեռք բոլորովին նոր հագուստ, — Ասաց քավոր Պետրոսը։ — Շատ ժամանակ է, որ քեզ ոչինչ չեմ ընծայել։

Հետևյալ կիրակի օրը, երբ վերադարձա մեր գյուղը, արդեն պատրաստ բանալին տարա քավոր Պետրոսի մոտ։ Նա առեց ձեռքը, համեմատեց, այս կողմը շուռ տվեց, այն կողմը շուռ տվեց, հետո ասաց.

— Բոլորովին նման է...

Քավոր Պետրոսը կատարեց իր խոստմունքը՛ ես հենց նույն օրը հագա նրա կարել տված նոր հագուստը։

— Մուրադ, — Հարցրեց նա փոքր-ինչ մտածելուց հետո, — Այդ բանալին շինելու ժամանակ դարբնոցում ո՞վ տեսավ, երևի վարպետդ կամ մեծ աշակերտներից մեկը քեզ ցույց տվին շինելու կերպը։

— Ես ոչ ոքին ցույց չեմ տվել։

— Ինչո՞ւ։

— Մեր դարբնոցում արգելված է աշկերտներին իրանց համար բաներ շինել, այդ պատճառով ոչ ոքին ցույց չտվի։ թաքուն շինեցի։

— Երբ որ այդպես է, ես էլ ոչ ոքին ցույց չեմ տա, դու էլ ոչ ոքին մի ասա։ Ես չեմ ուզում, որ քո վարպետը քեզ վրա բարկանա։

Ես այն աստիճան հրապուրված էի իմ նոր հագուստի ուրախությունով, որ ամենևին հասկանալ չկարողացա, թե ի՛նչ խորհուրդ ունեին քավոր Պետրոսի այդ նախազգուշությունները։ Դիցուք թե մեր դարբնոցում աշկերտներին արգելված էր իրանց համար իրեղեններ շինել, դիցուք թե իմ վարպետը հասկանար, թե ես մի բանալի եմ շինել, ի՞նչ պիտի աներ նա, շատ-շատ ականջներիցս փոքր-ինչ ձիգ տար, և դրանով կվերջանար պատիժը։

Բայց ես զարմացա, երբ քավոր Պետրոսը պատվիրեց, որ իմ մորն էլ չհայտնեմ, թե նրա համար մի բանալի եմ շինել։ Ինչո՞ւ չի պիտի հայտնեի, մայրս ավելի կուրախանար, դրա մեջ ի՞նչ ծածկելու մի բան կար։

Բայց ես քավոր Պետրոսին սուրբի նման պաշտում էի։ Երևի, մտածում էի, այնպես ավելի լավ կլինի, նա ինձանից թե խելքով և թե՛ հասակով ավելի մեծ է, բաների կարգը ինձանից ավելի լավ է իմանում։

Անցան մի քանի ամիսներ, անցավ մի տարի։ Ես բոլորովին մոռացա բանալիի գոյության մասին։ Քավոր Պետրոսի ընծայած հագուստը մաշվեցավ, ես դարձյալ նոր հագուստներ ու ընծաներ ստացա նրանից։ Նա ինձ որդու պես սիրում էր, և ամեն անգամ, երբ տեսնում էր իմ շինած բաներից մի գեղեցիկ գործ, իմ առաջադիմությունը առանց վարձատրության չէր թողնում։ Մայրս ուրախանում էր, երբ ես օրըստօրե գրավում էի մեր բարերարի համակրությունը և նրան սիրելի էի դառնում։

Ամբողջ չորս տարի ես աշխատում էի իբրև աշկերտ, վարպետս ինձ միայն հացի փող էր տալիս, բայց երբ տեսավ իմ աշխատանքն ու իմ շնորհքը, այն ժամանակ ռոճիկ նշանակեց։ Ռոճիկը ստանում էի յուրաքանչյուր ամսի սկզբում, ամեն անգամ երկու ոսկի։ Երբ աոաջին անգամ ստացա երկու ոսկին, իսկույն շտապեցի մորս մոտ, տվեցի նրան իմ քրտինքի աոաջին պտուղը։

Մայրս ուրախության արտասուքը աչքերում գրկեց ինձ և համբուրելով ասաց.

— Տեսնո՞ւմ ես, զավակս, որ երկաթի ու ածուխի փոշիներից փայլուն ոսկիներ դուրս կգան, — տեսնո՞ւմ ես, թե որքան քաղցր է արդար աշխատության պտուղը։

Ես իսկույն հիշեցի, որ այդ միևնույն խոսքերը նա ասաց ինձ չորս տարի առաջ, երբ առաջին անգամ աշխատում էր համոզել ինձ, որ արհեստ սովորեմ։ Իսկ այժմ միայն հասկացա, որ ճշմարիտ էին նրա խոսքերը, իրավ որ քաղցր էր, շա՝տ քաղցր արդար աշխատանքի պտուղը։

Ես այնպես սիրով կպած էի իմ արհեստին, որ այլևս ուրիշ բանի վրա չէի մտածում։ Ես այնուհետև հորեղբորս տունը չէի գնում և այնքան զզվում էի նրա ընտանիքից, որքան մայրս։ Մենք այժմ կարոտություն չունեինք հորեղբորս օգնությանը։ Վարպետս հետզհետե իմ վարձը ավելացնում էր, ես այնքան էի ստանում, որ բավական էր մորս և քույրերիս համեստ ապրուստի համար։

Վարպետս զարմանալի ընդունակություն ուներ յուր աշկերտներին խրախուսելու, նրանց եռանդը բորբոքելու և նրանց միշտ թարմ աշխուժության մեչ պահելու համար։ Նա չափազանց լավ մարդ էր, ինձ որդու նման սիրում էր և միշտ բարի խրատներ էր տալիս։ Նա խոստանում էր, որ եթե մի քանի տարի ևս կշարունակեմ գործել նրա արհեստանոցում և բոլորովին կկատարելագործվեմ, այն ժամանակ կօգնե ինձ, միջոցներ կտա, որ ինձ համար սեփական արհեստանոց բաց անեմ։ Ես բոլորովին հավատում էի, որ նա կկատարե իր խոստմունքը, այդ պատճառով ավելի եռանդով էի աշխատում։ Նա այնքան բարի և ճշմարիտ մարդ էր, որ երբեք չէր խաբի։ Ես արդեն մի քանի օրինակներ էի տեսել, թե որպես իր աշկեր տներին բախտավորացրել էր նա։

Բայց մի սարսափելի դեպք ոչնչացրեց իմ բոլոր գեղեցիկ ցնորքները...

Մի օր հանկարծ մտան մեր արհեստանոցը ոստիկանության ֆերրաշները, վարպետիս կալանավորեցին, արհեստանոցր շրջապատեցին զինվորներով, սկսեցին խուզարկություններ անել։ Վարպետիս հետ կալանավորեցին մեր աշկերտներից ու բանվորներից շատերին։ Ես փախա, ինձ բռնել չկարողացան:

Երեկո էր. արևը մայր էր մտել, գիշերային խավարը հետզհետե տարածվում էր երկրի վրա։

Ես առանց կանգ առնելու վազում էի ինչպես մի սրընթաց եղջերու, բայց ինքս էլ չգիտեի, թե ո՛ւր էի գնում։ Երկյուղն ու սարսափը ինձ առաջ էին մղում։ Ես լավ գիտեի, թե ի՛նչ բան է պարսկական ֆերրաշը, և ի ՞նչ սոսկալի հետևանք կարող է ունենալ մի քանի ժամ առաջ պատահած անցքը։

Երբ բոլորովին մթնեց, կանգնեցի, որ փոքր-ինչ հանգստանամ։ «Ո՞ւր գնամ», այդ հարցը ծագեց իմ գլխում։ Մտածում էի, մտածում և ոչ մի ելք չէի գտնում։ Եթե մեր տունը գնայի։ այնտեղ էլ կարող էին հայտնվել ֆերրաշները։ Հուսահատությունը խեղդում էր ինձ. ամբողջ մարմնով դողում էի:

Մինչ այդ տագնապի մեջ էի, հանկարծ լսեցի իմ անունը. մեկը կանչում էր ինձ։ Զարհուրանքը բոլորովին տիրեց ինձ։ նա մոտեցավ։

— Մուրադ, — Ասաց նա, — ինչո՞ւ ես այսպես շփոթված, ի՞նչ է պատահել քեզ հետ։

Ես հանգստացա։ Ինձ հետ խոսողը իմ ծանոթներից մեկն էր։ նա մի լավ պատանի էր, որին կոչում էին Ասլան։ Ես պատմեցի նրան մի քանի ժամ առաջ պատահած դժբախտությունը։ Նա փոքր-ինչ մտածեց, հետո ասաց.

— Եկ ինձ հետ, մենք չենք թողնի, որ դու ֆերրաշների ձեռքն ընկնես։ Այդ «մենքից» ես հասկացա, որ նա մենակ չէր, այլ ուրիշ ընկերներ ևս ուներ։

Նա տարավ ինձ իր ընկերների մոտ. մեկի անունը Կարո էր,մյուսինը՝ Սագո։ Դրանք որբ պատանիներ էին, անտուն, անտեղ, անհայր և անմայր։ Ապրում էին երկնքի թռչունների նման, քնում էին այնտեղ, որտեղ մթնում էր օրը։ Երեքն էլ հասակակից էին ինձ հետ։ Ես առաջուց ծանոթ էի նրանց հետ և լավ ծանոթ։ Նրանք Հին քաղաքի դպրոցի աշակերտներից էին, սովորում էին մի քահանայի մոտ, որին կոչում էին տեր Թոդիկ։ Մի անգամ այդ երեքն էլ փախան նրա դպրոցից և բոլորովին անհայտացան։ Այն օրից անցել էին մի քանի ամիսներ, այժմ առաջին անգամ կրկին հանդիպում էի վաղեմի ծանոթներիս։

— Մուրադ, — Ասաց ինձ նրանցից ավելի մեծը՝ Կարոն, — Եթե մեզ մոտ մնալու լինես, դու ազատված կլինես վտանգից:

— Մուրադը մեզ հետ ընկեր կդաոնա, — մեջ մտավ Սագոն։

— Ես էլ այդ նպատակով բերեցի նրան, — Ավելացրեց Ասլանը։

Այդ ի՞նչ ընկերություն էր, ինչո՞վ կարող էի ես ընկեր դառնալ նրանց հետ, այդ մասին ոչինչ չխոսեցին։ Բայց ես գիտեի, թե այդ մոլաշրջիկները ովքեր են, կամ ինչ տեսակ տղերք են։ Նրանք դեռ տեր Թոդիկի դպրոցում եղած ժամանակ հայտնի էին իրանց ճարպկություններով և զանազան արկածներով։ Նրանց մասին մարդիկ լավ չէին խոսում, որովհետև նրանք փոքրիկ սրիկաներ էին...

Ես խոստացա նրանց մոտ մնալ, մինչև տեսնեինք, թե վարպետիս գործը ինչով կվերջանար։ Իմ նոր ընկերներն ուրախացան։

Ամառ էր։ Բաց երկնքի տակ ամեն տեղ կարելի էր օթևանել; Ա՜խ, ո՛րքան լայն և ընդարձակ է աստծո աշխարհը, ո՞րքան ախորժելի է, երբ նրա մեջ ազատ ես, և չար մարդիկ չեն նեղացնում քեզ...

Երբ հանգստացա, երբ բոլորովին ուշքի եկա, այն ժամանակ միայն հասկացա, որ մեր գյուղից շատ հեռու չեմ գտնվում։ Մեր գյուղը շրջապատված էր լայնատարած այգիներովև ձեռնատունկ անտառներով։ Այդ անտառներից մեկի միջումն էինք գտնվում։ Լուսընկա գիշեր էր։ Բայց ծառերի խտության մեջ չէր թափանցում լուսնի արծաթափայլ լույսը: Իմ նոր ընկերները ծառերի ճյուղերից հյուսել էին այդ անտառում մի փոքրիկ տաղավար, նրա մեջ նստած էինք։ Նրանք ինձ հաց տվին, խմացրին, աշխատում էին ամեն կերպով մխիթարել ինձ։ գիշերը քնեցի ես խիստ անուշ քնով։

Անցան մի քանի օրեր։ Ես գտնվում էի բոլորովին ապահով դրության մեջ և ամենևին երկյուղ չունեի, թե անտառների այն մոռացված խլության մեջ ֆերրաշները կարող էին գտնել ինձ։ Բայց ինձ անհանգստացնում էր վարպետիս վիճակր.ես մտածում էի իմ մոր, իմ քույրերի մասին։ Ինձ հայտնի էին պարսից դատավորների անիրավությունները, ես գիտեի, երբ որևիցե հանցավոր փախչում է, ձեռք չէ ընկնում, այն ժամանակ նրա փոխարեն կալանավորում են նրա մերձավորներին, սկսում են չարչարել, մինչև հանցավորը հայտնվի։ Բայց ինչո՞վ էի հանցավոր ես, ի՞նչ էի արել, կամ ի՞նչ մեղք ուներ վարպետս։ Ինձ ոչինչ հայտնի չէր։

Ընկերներս հանգստացնում էին ինձ, խոստանում էին, թե ճիշտ տեղեկություններ կբերեն թե՛ վարպետիս և թեմեր ընտանիքի դրության մասին, բայց դեռ որոշ ոչինչ չէին ասում։

Օրըստօրե ընկերներիս հետ ավելի մտերմանում էի և ավելի ընտելանում էի նրանց սովորություններին։ Այդ ուրախ մշտազվարթ պատանիները այժմ այն չէին, որպես տեսել էի, որպես ես ճանաչում էի նրանց, երբ դեռ տեր Թոդիկի ղպրոցում սովորում էին։ Այժմ բոլորովին փոխվել էին։ Այդ դպոցի աշակերտներից շատերի հետ ես ծանոթ էի, որովհետև դպրոցը գտնվում էր մեր արհեստանոցի մոտ։ Երբեմն ես գնում էի այնտեղ, որ տեսնեմ, թե ինչպես են սովորում աշակերյոները։ Ես նրանց ուսման մասին դատել չէի կարող, բայց զարմանում էի, տեսնելով, որ համարյա բոլորը ապուշ, բթամտացած տղերք էին, կարծես նրանց մեջ շունչ և հոգի չկար։ Վարժապետի մշտական երկյուղը շինել էր այդ ողորմելիներին կենդանի դիակներ։ Ես չէի տեսնում նրանց մոտ զվարթ երեսներ, ինձ երևում էր, թե արտասուքը միշտ հոսում էր նրանց աչքերից։ Երկյուղը՝ միգուցե ընկերը մատներ իրան, շինել էր բոլորին կասկածոտ և կեղծավոր։ Ծեծի և ճիպոտների ուժով աշակերտների գլուխներում միտք տարածելը կարող որոշել իրանց խաղի ձևերը, մինչև խաղացնողը չէ շարժում ձեռքի գավազանը։

Բայց Կարոն, Ասլանը, Սագոն թեև նույն դպրոցի աշակերտներն էին, բայց այժմ իրանց աշակերտակիցների նման չէին։ Դրանք կենդանի տղերք էին, համարձակ, միշտ ուրախ, միշտ անհոգ։ Անհոգ էին, ինչպես երկնքի թռչունները, և ապրում էին ճիշտ նրանց նման։ Դրանց մեջ կար սեր, անձնանվիրություն դեպի ընկերը և չափից դուրս անկեղծություն: Ես շատ շուտ ճանաչեցի նրանց, որովհետև այսպիսի մարդերին ճանաչելը հեշտ է, և շուտ էլ կապվեցա նրանց հետ։

Մենք այժմ չորս հոգի էինք, մեզանից ամեն մեկը մի շնորհք ուներ, ես լավ ձայն ունեի, երգում էի. Ասլանը գիտեր ածել ջութակի վրա. Սագոն ածում էրթութագի վրա, իսկ Կարոն լավ ածել գիտեր դայիրա։ Գիշերները կազմում էինք մի ամբողջ երաժշտական խումբ։ Մեր սեղանը լի էր լինում ամենատեսակ ուտելիքներով, գինին խո այնքան էր, որքան կուզես խմե։ Ես առաջին անգամ այնտեղ սովորեցա խմելը։ Պատահում էր, որ մեզ սեղանակից էին լինում սիրելի հյուրեր։ Ամառը գյուղացիների մեծ մասը մեր կողմերում անց են կացնում այգիներում, բոստաններում, մշակության դաշտերում և գիշերներն այնտեղ են պառկում։ Շատ անգամ մեր նվագարանների ձայնը դուրս էր կոչում գյուղացի աղջիկներին այգիների խորքից, նրանք գաղտնի գալիս էին մեզ մոտ քաղցր էր նրանց անցկացնել ամառային գեղեցիկ գիշերները մանկահասակ սրիկաների հետ...

Այդ զվարճությունները այն աստիճան գրավել էին ինձ, որ ես համարյա թե մոռացա վարպետիս։ Ընկերներս թեև խոստացել էին նրա գործերի մասին ինձ տեղեկություն տալ,բայց, որպես հավատացնում էին, դեռ իրանք ևս ստույգ տեղեկություններ չունեին։ Միայն ասում էին, որ երկյուղը դեռ չէ անցել։

Ասեցի, մենք ապրում էինք երկնքի թռչունների պես թռչունները չեն վարում, չեն ցանում, նրանք վայելում են ուրիշի մշակության բերքը։ Այսպես էլ անում էինք մենք։ Գիշերային խավարի մեջ սատանան այնպես համարձակ չէր կարող լինել, որպես մենք։ Բոլոր այգիների լավ-լավ պտուղները մեզ էին պատկանում։ Շատ անգամ թաքուն մտնում էինք գյուղերը։ Ամառվա տոթերի պատճառով տանեցիք քննած էին լինում կտուրների վրա, բակերը և սենյակները թողնելով բոլորովին անմարդաբնակ։ Ներս էինք մտնում մի տուն, գողանում էինք հաց, պանիր, հավեր, ձվաներ և այլ ուտեստներ։ Երբեմն այսպիսի գողություններ անում էինք մեր բարեկամների կամ մեր ազգակիցների տներից։ Հայց երբեք չէր պատահում, որ, բացի ուտելիքներից, գողանայինք մի ուրիշ բան։ Մեր գյուղացիները գինու կարասները սովորաբար թաղում են այգիներում, գետնի տակ։ Մեզ հայտնի էին տեղերը, գիշերով գնում էինք, բաց էինք անում, վեր էինք առնում որքան մեզ պետք էր։ Մենք խղճմտավոր և փոքրիկ գողեր էինք, մեզանից հասակով ամենամեծը քսան տարեկան հազիվ կլիներ։

Ես առաջ շատ երկչոտ էի.վախենում էի դևերից, սատանաներից և մինչև անգամ մաշկաթևիկներից։ Ւսկ այժմ ո՞ր տեղից էր այդ քաջասրտությունը, որ ես ոչ մեկ բանից էլ չէի վախենում։ Երևի, ազատ կյանքը մտցրեց իմ մեջ այդ երկաթի սիրտը։ Ւմ ընկերները բոլորն էլ զենքեր ունեին, ես թեև չունեի,բայց մի տեղ գնալու ժամանակ նրանք իրանց զենքերից ավելորդը ինձ էին տալիս։

Զարմանալի ներգործություն է անում մարդու վրա վայրենի բնությունը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպամած է, կայծակը երբեմն փայլատակում է, և որոտը որոտում է, այդ բոլոր սարսափելի երևույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչև դու, ոգևորված մի քաղցր կատաղությամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպես որոտը և կայծակը։

Բայց բոլորովին հակառակ ազդեցություն էր անում իմ վրա, երբ բնությունը խաղաղ էր, երբ երկինքը ուրախ էր, երբ լուսինը մեղմ ընթացքով սահում էր հստակ կամարի վրայով, երբ ամեն տեղ տիրում էր մի խուլ, խորհրդավոր լռություն։ Այսպիսի րոպեներում իմ սիրտը կարծես թե ազնվանում էր, քնքշանում էր, ես փափագում էի սիրել... և իսկույն միտս էր գալիս գեղեցիկ Սառան։

Սառան մեր հարևանի աղջիկն էր. մենք միասին էինք մեծացել և մեր մանկական ամենաքաղցր րոպեները միասին էինք անցկացրել։ Այն օրից, որ փախստականի կյանք էի վարում, ամենևին չէի տեսել նրան։ Ա՛խ, ո՛րքան կտխրեր նա, որքան լաց կլիներ իր կորած, մոլորված սիրելիի համար...Ես երևակայում էի Սառայի դրությունը, նա այնքան բարի, այնքան զգայուն աղջիկ էր, որ չէր կարող չցավել իմ վիճակի վրա։ Բայց ես այն աստիճան վայրենացել էի, իմ սիրտը այն աստիճան կոշտացել էր, և իմ կամքի զորությունը այն աստիճան թուլացել էր, որ չէի կարողանում գնալ նրա մոտ, մխիթարելու նրան։ Ես մոռացել էի մինչև անգամ մորս, քույրերիս և հարգելի վարպետիս։ Իմ նոր ընկերները կարծես կախարդել էին ինձ, կարծես մի աներևույթ զորությամբ կաշկանդվել էի նրանց հետ և ամենևին բաժանվել չէի ցանկանում։ Մարդկային բնակությունը, մարդկային հասարակությունը ինձ խորթ էր թվում։ Ես սիրում էի ազատ դաշտերը, լեռները, անտառները և մթին ձորերի քարանձավներ... Ես դարձել էի գիշերային բու որ խավարի մեջ է որսում իր որսը...

Ոչ մի մարդկային արարած չէր անցկենում այն անտառի միջով, ուր թաքնված էինք մենք։ Միայն երբեմն հայտնվում էր մի բարձրահասակ որսորդ, որը հրացանն ուսից քարշ գցած, մի զույգ շների հետ, որպես այն մթին անտառների ծերունի աստվածը, հանդարտ անց էր կենում, մտախոհությամբ իր շուրջը նայելով։ Կարոն, Ասլանը և Սագոն բնավ չէին խորշում այդ տարապայման որսորդից։ Երբեմն նա մոտենում էր, նստում էր մեր տաղավարի առջև հանգստանելու համար։ Նա բաց էր անում իր ահագին ճաղատ գլուխը, սրբում էր ճակատի քրտինքը, սկսում էր ծխել։ Նրա գագաթը պատած էր խորին սպիներով։ Երևում էր, այդ պատկառելի մարդը իր կյանքը անց էր կացրել սոսկալի կռիվների մեջ։ Նրան ես ճանաչում էի. նա շատ անգամ գալիս էր վարպետիս արհեստանոցը, զանազան գործիքներ էր շինել տալիս։ Նրան կոչում էին Ավո։

Առաջին անգամ, երբ տեսավ ինձ, հարցրեց Կարոյից

— Դա ո՞վ է։

— Խաչագողներից է, — պատասխանեց Կարոն ծիծաղելով։

— Խաչագողները շատ օգտավետ մարդիկ կլինեին, — Ասաց նա մի առանձին խորհրդավոր ձայնով, — եթե իրանց խելքը, սրամտությունը և բոլոր զարմանալի ճարպկությունները, որ ունեն նրանք, գործ դնեին, փոխանակ խաբեությունների, ավելի լավ գործերի մեջ, մարդկային բարօրության համար։ Նրանք ամենակարող մարդիկ են. նրանք հրաշքներ կգործեին, եթե ազնիվ լինեին...

— Ես նրանց նման չեմ լինի, — պատասխանեցի կարմրելով:

— Տացե աստված, որ չլինես, որդի, — Ասաց նա, ուղիղ նայելով իմ երեսին.— Բայց հասկացի՛ր, որ դու ևս միևնույն ճանապարհի սկզբումն ես կանգնած, եթե փոքր-ինչ առաջ գնալու լինես, նրանց նման կլինես...

Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Միայն մտածում էի, ինչ պես է պատահել, որ մի այսպիսի բարի մարդը, որը զզվում է խաչագողներից, որը ցանկանում է, որ նրանք ուղղվեին և իրանց հմտությունները մարդկային օգտի համար գործ դնեին, մի այսպիսի մարդր բարեկամ է Կարոյի և նրա ընկերների հետ, ներում է նրանց գողությունները։ Գուցե, մտածում էի ես, այդ բարեկամությունը մանկահասակ սրիկաներին ուղղելու և նրանց ավելի հաստատ ու բարոյական ճանապարհի վրա կանգնեցնելու համար է։ Այդ ենթադրությունը սխալ չէր որովհետև ես շատ անգամ լսում էի ծերունի որսորդի խրատները,որ կարդում էր մեզ, և այդ իմաստուն, խորախորհուրդ խրատները ես հիշում եմ մինչև այսօր։

Մինչ այդ խորհրդածությունների մեջ էի, հանկարծ մտա բերեցի վարպետիս, որսորդը նրա բարեկամը լինելով, կարող էր գիտենալ, թե ինչով վերջացավ նրա գործը։

Նա պատմեց սարսափելի բաներ։

Վարպետիս կալանավորելուց հետո նրա ամբողջ արհեստանոցը գրավել էին և աճուրդով ծախել էին։ Այդ բավական չէր, նրան ենթարկել էին ահագին տուգանքի, և որովհետև վարպետս պատրաստի փող չուներ, փոխարենը վաճառվել էր նրա տունը, բոլոր կայքը և կալվածները։

— Այդ բոլորը դեռ. տանելի է, — ավելացրեց ծերունի որսորդը ցավակցական ձայնով: — Դեռ սպասում է նրան ամենասարսափելին...

— Ի՞նչ բան, — Հարցրի ես ոչ սակավ սարսափելով:

Երկու օրից հետո, հրապարակի վրա, դահիճը պիտի կտրե նրա աջ ձեռքի բազուկը...

Կարծես կայծակով հարվածեցին ինձ։

— Ինչո՞ւ համար, ինչո՞վ է հանցավոր նա, — գոչեցի ես խելագարի նման։

— Հանդարտվիր, — Ասաց ծերունի որսորդը և շարունակեց, — թե ինչո՛վ է հանցավոր նա, հանցանքը հայտնի է, բայց թե ո՛ր աստիճան ստույգ է այդ հանցանքը, դա մի գաղտնիք է, որ պատած է խորին մթությունների մեջ։ Ես համարում եմ վարպետ Գրիգորին շատ իստակ և արդար մի արհեստավոր։ նա խաբեբա, ստախոս մարդ չէ։ Նա իրան թույլ չի տա մասնակից լինել անարդար գործի։ Բայց մի ապացույց ոչ միայն նրան կասկածանքի ներքո է դնում, այլ հաստատում է նրա վրա դրած մեղադրանքը։

— Ի՞նչ ապացույց, — Հարցրի ես անհամբերությամբ։

— Մի բանալի...

Ես սոսկացի։ Որսորդը չնկատեց իմ խռովությունը, շարունակեց.

— Ահա ինչումն է գործը, դու խո ճանաչում ես Հին քաղաքի հարուստ աղալարներին, դու խո գիտես, թե ի՛նչ տեսակ գազաններ են նրանք։ Քո վարպետի կալանավորվելու նախորդ գիշերը անհայտ չարագործները մտել էին այղ աղալարների ամրոցը, բաց էին արել մեծ երկաթե արկղը և նրա միջից գողացել էին շատ թանկագին իրեղեններ։ Ամրոցից այլևս ուրիշ բաներ չէին տարել։ Ավազակները մոռացությամբ թողել էին արկղի վրա այն բանալին, որով բաց էին արել նրա փականքը։ Քննելով այդ բանալին, ստուգվեցավ, որ շինված էր քո վարպետի արհեստանոցում։

— Ինչո՞վ ստուգվեցավ։

— Նրա վրա դրված էր արհեստանոցի փոքրիկ դրոշմը, որ կրում էր յուր մեջ մի մուրճ, հորիզոնաձև դրած, իսկ նրա ներքո երկու տառեր Գ. և Մ... Այդ տառերը քո վարպետի անունի և ազգանունի սկզբնատառերն են, կարծեմ քեզ պետք է ծանոթ լինի այդ դրոշմը։

— Ծանոթ է....— պատասխանեցի ես խեղդված ձայնով։

Ես մտաբերեցի այն բանալին, որը մի ժամանակ շինել էի քավոր Պետրոսի համար, և որի գոյության մասին բոլորովին մոռացել էի։ Որպես մի լար եղեռնագործ, ես զգացի այն բոլոր զարհուրանքը, թե իմ անգիտությամբ որպիսի սարսափելի դժբախտություն պատճառեցի իմ սիրելի վարպետին: Իմ ձեռքն էր շինել այն բանալին, ես էի դրել նրա վրա արհեստանոցի փոքրիկ դրոշմը։ Իսկ այժմ իմ փոխարեն պիտի պատժվեր արդար և ազնիվ արհեստավորը։ Հրապարակի վրա դահիճը պիտի կտրեր նրա ձեռքը։ Ւþմ, ի՛մ ձեռքը պիտի կտրեին, ես էի արժան այդ պատժին, ինչո՞վ էր հանցավոր անմեղ մարդը...

Ես հիշեցի քավոր Պետրոսի խոսքերը, որոնցմով աշխատում էր համոզել ինձ, որ ոչ ոքի չասեմ, թե նրա համար մի այսպիսի բանալի եմ շինել, ես Հիշեցի այն ընծան, որով նա խաբեց ինձ, ոտքից ցգլուխ նոր հագուստ կարել տալով ինձ համար... Ուրեմն, մի այսպիսի չար նպատակի համար էր բանալին, ուրեմն, ես միջնորդ դարձա մի չարագործության, իսկ իմ փոխարեն պիտի պատժվեր այն ազնիվ մարդը, որը այնքան սիրում էր ինձ, որը այնքան ուրախանում էր իմ հառաջադիմությամբ, որը խոստանում էի ավելի և ավելի բախտավորացնել ինձ... Այդ դառը մտածությունները պաշարեցին ինձ, երբ բացվեցավ իմ առջև սարսափելի իրողությունը, և ես գոչեցի իմ խռովության մեջ.

— Ապա քավոր Պետրոսը... ապա քավոր Պետրոսին ի՞նչ պիտի անեն...

— Ո՞վ է քավոր Պետրոսը, — Հարցրեց որսորդը զարմանալով։

— Մեր քավոր Պետրոսը...

— Հա, ճանաչում եմ... նա ի՞նչով է խառն այդ գործիմեջ։ Նա խաղաղ, հանդարտ շարունակում է իր սովորության համեմատ ամեն առավոտ և երեկո եկեղեցի գնալ, աղոթել։ Եկեղեցուց դուրս գալուց հետո, փողոցներով անց կենալու ժամանակ, աջ ու ձախ ողջունում է մարդկանց, աշխատում է ճանճերին էլ չվշտացնել, որ իր հոգին աստծո դրախտից չզրկվի...

Որսորդի խոսքերի մեջ կար խիստ դառը հեգնություն դեպի քավոր Պետրոսը, որոնք ավելի գրգոեցին իմ բարկությունը դեպի այն գարշելի մարդը, և ես պատրաստվում էի այն չարագուշակ բանալիի ամբողջ պատմությունը հայտնել որսորդին և ցույց տալ, թե ինչով է քավոր Պետրոսը խառն աղալարների ամրոցի գողության գործի մեջ, բայց այդ րոպեում որսորդի ուշադրությունը գրավեց մի այլ արարած, նա թողեց ինձ և երեսը շուռ տվեց դեպի այն կողմը։

Նրա շունը, որ մինչև այն րոպեն, գլուխը առջևի թաթիկների վրա դրած, պառկել էր տիրոջ մոտ, հանկարծ վազ տվեց և մտավ մեզանից ոչ այնքան հեռու գտնված թփերի մեջ։ Վայրկենական խուզարկությունից հետո, գլուխը կրկին դուրս հանեց թփերի միջից և մի առանձին հրավիրական հայացքով սկսեց նայել տիրոջ երեսին։

— Ի՞նչ կա, պեյրան, — Հարցրեց տերը:

Պեյրանը արձակեց մի քանի խուլ մռնչյուններ։

— Հասկացա, — Ասաց որսորդը և վեր առեց իր մոտ դրած հրացանը։

Մեզանից բավական տարածության վրա, մամռապատ քարաժայռի գլխին կանգնած էր մի վայրենի այծ և զգույշ նայում էր իր շուրջը։ Հեռվից երևում էր նա մի հավի չափ։ Ծերունի որսորդի սրատես աչքերը տեսան նրան, հրացանը որոտաց, այծը գլորվեցավ ցած:

— Տղերք, գնացեք վեր առեք, աստված ձեզ համար խորովածացու ուղարկեց։

Տղերքը վազեցին դեպի այն կողմը, իսկ ես քարացածի նման դեռ մնացել էի կանգնած, որպես մի կատաղի եղեռնագործ, որին հանկարծ տիրում է խղճահարության երկունքը:

Ծերունի որսորդը դարձավ դեպի ինձ, ասելով.

— Ընկեր, դու այստեղից դեռևս չպիտի հեռանաս, քեզ որոնում են, մնա այստեղ, մինչև անցնի վտանգը...

Նա այլևս չսպասեց իմ պատասխանին և, մնաք բարյավ ասելով, հեռացավ»

Կարոն իր ընկերների հետ վերադարձավ, իրանց հետ բերելով այծը։

— Այն բոլորը, ինչ որ պատմեց քեզ որսորդը, մենք առաջուց գիտեինք, — ասաց Ասլանը։

— Դուք գիտեիք և թաքցնո՞ւմ էիք ինձանից, — գոչեցի ես վրդովված ձայնով։

— Մենք չէինք ուզում քեզ տխրեցնել։

Մինչև ընկերներս մորթեցին այծը, մինչև հոշոտեցին, մինչև կրակ վառեցին, գիշերից բավական անցավ։

Առատ խորովածը մատակարարում էր նրանց սեղանին այն ճոխ ընթրիքներից մեկը, որի նմանը խիստ հազիվ անգամ նրանք վայելում էին անմարդաբնակ անտառում։ Գինին նույնպես առատ էր։ Չնայելով,որ ընկերներս ամեն կերպ աշխատում էին ուրախացնել ինձ, վանել իմ տխրությունը, բայց հնար չէր լինում։ Իմ սիրտը լցված էր անսահման դառնությամբ, գլխումս պտտվում էին հազարավոր սատանաներ։ Ես ոչինչ ուտել չկարողացա, միայն խմում էի, աշխատում էի գոնե գինով թմրեցնել ինձ տանջող ցավերը։ Բայց նա էլ չէր օգնում։ Սալմաստա զորեղ գինին ինձ վրա ջրի ազդեցություն էր անում։

— Անհոգ կա՛ց, Մուրադ, — Ասաց ինձ Կարոն, — մենք չենք թողնի, որ քո վարպետի ձեռքը կտրեն։

— Դո՞ւք, — Հարցրի ես թերահավատությամբ, — դուք ի՞նչ կարող եք անել։

— Մենք շատ բան կարող ենք անել, — պատասխանեց Կարոն մի առանձին անձնավստահությամբ։

Ես չկամեցա ընկերներիս հպարտությունը վիրավորել և լուռ կացա։

— Հանաք չենք անում, Մուրադ, — շարունակեց Կարոն բավական լուրջ կերպով, — քո վարպետը առաջիկա գիշերում ազատված կլինի բանտից։ Մյուս առավոտը, երբ բանտի դռները բաց կանեն, որ տանեն նրան հրապարակի վրա ձեռքը կտրելու համար, կգտնեն նրան անհայտացած։

— Դա անկարելի բան է։

— Շատ հնարավոր բան է, — պատասխանեց Կարոն։ — Ամեն ինչ կարգադրված է, ինքը ծերունի որսորդը կառաջնորդե մեզ. մենք ունենք ուրիշ ընկերներ ևս...

Վերջին բառերը կարծես սխալմամբ նա բաց թողեց բերանից և շուտով խոսքը փոխեց.

— Դու էլ, իհարկե, մեզ հետ կլինես։

— Վարպետիս ազատության համար ես դժոխքն էլ կմտնեմ։

Ընթրիքից հետո ընկերները շուտով պաոկեցան քնեցին, երևի առաջիկա գիշերվա արշավանքի համար ավելի կազդուրվելու մտքով։ Բայց ես քնել չկարողացա։ Զով գիշեր էր. մեղմիկ քամին հազիվ օրորում էր քնած տերևները, և անտառի լռությունը կենդանանում էր ծառերի խորհրդավոր սոսափյունով։

Ես միայնակ նստած էի տաղավարի մոտ, ականջ էի դնում: Խառն մտածություններ անհանգստացնում էրն ինձ: Կարոյի խոսքերը անհավատալի էին թվում։ Ես ավելի հավանական էի գտնում, որ ոգևորված գինու ազդեցությամբ նա միայն կամեցավ առժամանակ հանգստացնել ինձ։ Եթե մի այսպիսի դիտավորություն լիներ, ծերունի որսորդը անպատճառ կասեր ինձ։ Բայց նա ոչինչ չհայտնեց և հեռացավ։

«Երկու օրից հետո հրապարակի վրա դահիճը պիտի կտրե նրա աջ ձեռքի բազուկը»... հիշեցի ես ծերունի որսորդի խոսքերը։ Անմեղ մարդը պիտի պատժվեր ինձ նման մի հիմար համբակի և մի նենգավոր չարագործի պատճառով... Ո՛չ, ոչ, մտածում էի ես, այդ անկարելի բան է... կգնամ քավոր Պետրոսի մոտ, հենց այս գիշեր կգնամ... Կասեմ նրան, դու ինձ խաբեցիր, այժմ քո չարագործության պատճառով պատժվում է մի արդար մարդ... կա մ պիտի գնաս դատավորի մոտ և հայտնես, թե դու ես մեղավոր, որ ազատես նրան դատապարտությունից... կա՛մ ես ինքս կգնամ և ամեն ինչ կհայտնեմ ուր որ հարկն է...

Այդ մտածությունները կարծես թե ինձ ուժ տվին, ես վեր կացա։ Իմ խռովության մեջ ես մինչև անգամ մոռացա այն խոսքերը, որ ընթրիքի ժամանակ Կարոն ասաց ինձ, մոռացա և իմ խոստմունքը, թե նրանց հետ դժոխքն էլ կմտնեմ սիրելի վարպետիս ազատելու համար։

Տաղավարի մոտ դեռ վառվում էր կրակը և աղոտ լույսը տարածում էր քնած ընկերներիս վրա։ Մի անբացատրելի նախազդեցությամբ կարծես զգում էի, թե այլևս չպիտի տեսնեմ այդ կյանքով լի, եռանդոտ և անկեղծ բարեկամներիս։ Նրանք քնած էին տաղավորի մեջ։ Ես մոտեցա, խոնարհվեցա և արտասուքը աչքերումս համբուրեցի երեքի երեսները, ապա դուրս եկա տաղավարից։ Եվ վերջին անգամ հայացք ձգելով այն անտառային մենավոր խրճիթի վրա, որ կապված էր իմ պատանեկության սրտի հետ անմոռանալի հիշատակներով, «մնաք բարյավ։ սիրելի ընկերներ», ասեցի և հեռացա...