Խաչագողի հիշատակարանը
 Բ
Դ 

Գ

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ, ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆ

Քավոր Պետրոսը զարմանալի հոտառություն ուներ վտանգի ժամանակ։ նա իսկույն հասկանում էր, երբ կարող էր պատահել որևիցե անհաջողություն։ Պառավին ըստ կարգին կողոպտելուց հետո, աբիսինիացու անցքից հետո, մի անգամ ասաց ինձ.

— Մուրադ, պետք է առժամանակ փոխել մեր մորթը...

Ես հասկացա նրա միտքը։ Նա ասել էր ուզում, թե պետք է փոխել մեր կերպարանքը, մեր արհեստի ու պարապմունքի ձևը։ Ես շատ շուտ էի հասկանում նրա բոլոր փոխաբերական խոսքերը, օրինակ, երբ նա ասում էր՝ «երկինքը ամպած է», ես գիտեի, որ դա նշանակում է, թե փոթորիկը մոտ է, սպառնում է վտանգ։ Այսպես մեր մեջ խոսքերի մեծ մասը պայմանավորված էին, ունեին առանձին միտք։

Պատրաստվեցանք փոխել մեր «մորթը»։

Նույն օրը թողեցինք մեր կեցած հյուրանոցը, գիշերով անցանք մի այլ հյուրանոց։ Այդ այն նպատակով էր, որ այստեղ մեր կերպարանափոխությունը ոչ ոք չնկատե, որովհետև աոաքին հյուրանոցում բավական ճանաչված էինք։ Քավոր Պետրոսը կարճացրեց իր փառահեղ սպիտակ մորուքը, որ ծածկում էր նրա ամբողջ կուրծքը, խուզել տվեց գլխի աբեղայական երկայն մազերը, հետո ներկեց սև գույնով և համարյա թե երիտասարդացավ։ Նրա դեմքը դեռ բավական թարմ էր մնացել, միայն մազերը վաղօրոք սպիտակել էին։ Նույնը հրամայեց անել և ինձ։ Ւմ սև սաթի պես փայլուն մազերը ներկելու պետք չունեին, ես միայն կարճացրի, իսկ երեսիս մազերը դեռ այնքան չէին աճել, որ հարկավոր լիներ կտրել։ Մենք ձգեցինք մեր աբեղայական հագուստը, մի կողմ՛ գրեցինք խաչն ու ավետարանը և ստացանք ա՜ղքատ, թափառաշրջիկ մանրավաճառների կերպարանք։ Անցանք մի այլ գավառ։ Այստեղ մեր ձիաները, ճանապարհորդական սայլակը և, ինչ որ ավելորդ ունեինք, բոլորը վաճաովեցան։ Մի քանի անհրաժեշտ իրեղեններ, որ կարող էին երբեմն մեզ պետք գալ, պահվեցան։ Ո՞ւմը պահ տվեց քավոր Պետրոսը, ես հասկանալ չկարողացա։

Հագանք ճանապարհորդական կոշիկներ, ծնկներից վեր բարձր վզերով, և սկսեցինք ոտքով թափառել գյուղից գյուղ։ Քավոր Պետրոսը կրած ուներ մի փոքրիկ արկղիկ, իսկ ես շալակել էի մի ահագին արկղ զանազան հարկերով, զանազան լայն և անձուկ խորշերով, որոնց յուրաքանչյուրի մեչ դարսված էին առանձին տեսակ վաճառքներ։ Երբ մտնում էինք մի գյուղ, ես մանրավաճառների սովորական ձայնով եղանակում էի. «մանդրո՜ւք ապրանք... մանդրո՜ւք ապրանք... լավ ասեղներ, թելեր, գուլպաներ, ձեռնոցներ, պատկերներ, հուլունքներ», և այլն։

Իսկ շատ անգամ նույն երկրի լեզվով երգում էի մի այսպիսի երգ.


        «Լի՜քն՛ է, լի՜քն է իմ արկղիկը
        Գույնզգույն փարչաներով.
        Թող գնե սիրուն աղջիկը,
        Ես կտամ էժան գնով։

        Չթեր ունեմ ես զանազան,
        Ծաղիկներով զարդարած,
        Մատնիք ունիմ , ապարանջան,
        Շուրջը ակներով շարած։

        Դուրս ե՛կ, դուրս ե՛կ, կարմիր աղջիկ,
        Կզարդարեմ քո մատները.
        Եթե կտաս ինձ մի պաչիկ,
        Ձրի կառնես իմ չթերը»:

Իմ ձայնը վատ չէր։ Առհասարակ մանրավաճառի ձայնը այն ուրախալի ձայներից մեկն է, որ խիստ հազիվ անգամ լսելի է լինում քաղաքներից հեռու ընկած գյուղերի մեչ։ Այդ ձայնը մոգական ազդեցություն է գործում։ Իսկույն դուրս են վազում խրճիթներից կնիկներ, աղջիկներ, երեխաներ և, հավաքվելով ցանկալի հյուրի շուրջը, թափում են նրա քսակի մեջ իրանց տարիներով խնայած գրոշները։ Ա՜խ, ո՛րքան ուրախալի բան է առևտուր ունենալ մի այսպիսի միամիտ հասարակության հետ, որ ոչինչ տեղեկություն չունի վաճառքի թե՛ արժողության և թե՛ որպիսության մասին։

Ճորտությունը այն ժամանակ դեռ տիրում էր այդ երկրում։ Գյուղերում երբեմն պատահում էին մի-մի հարուստ տներ։ Դրանք ըստ մեծի մասին շինում էին կալվածատերեր, որոնց պատկանում էր գյուղը իր ճորտերով։ Մեզ հրավիրում էին աղայի տունը։ Շատ անգամ ամբողջ ժամեր էին անցնում, մինչև տիկինը ընտրում էր իր համար ձեռնոցներ, մանկահասակ օրիորդը՝ անուշահոտ յուղեր, աշակերտ որդին՝ մատիտներ, գրիչներ, երեխաները՝ խաղալիքներ, աղախինները՝ գլխի թաշկինակներ, մի խոսքով, ամեն մեկը ընտրում էր իր պետքերի համար զանազան բաներ։ Այնուհետև պետք էր երկար ու բարակ բազար անել, երդվել, ստախոսել, գովաբանել վաճառքը և այլն։

Այդպիսի դեպքերում քավոր Պետրոսը առհասարակ ինձ էր թողնում առևտուրը առաջ տանել։ Իմ դեմքը բավական գեղեցիկ էր։ Ես ընդունակ էի գրավելու, հարկավոր ժամանակ հանաքներ և սրախոսություններ անելու։ Այդ պատճառով դեռահաս աղջիկներին ավելի ախորժելի էր ինձ հետ բազար անեի քան թե մռայլոտ քավոր Պետրոսի հետ գործ ունենալ։ Գեղեցկադեմ գործակատարը մի լավ գրավական է առևտրի հաջողությանը, մանավանդ երբ գնողները կանայք ենք

Շատ անգամ ես դիտմամբ գործը երկարացնում էի, ավելի այն ժամանակ, երբ տեսնում էի, որ, ինչպես ասում են, մեկի «աչքումը լույս կար»։ «Օրիորդ, ասում էի, ձեր գեղեցիկ գլխին շատ կսազի այդ հիանալի վարսակալը, հատուկ ձեր սիրուն մազերի համար պատրաստված է»։ Օրիորդը ժպտում էր, խնդրում էր մորից գնել այն վարսակալը։

Ի՞նչ էր անում քավոր Պետրոսը։

Տեսար, մոտեցավ տան պառավին։ (Ըստ մեծի մասին այնպիսիներին, որոնց վրա տանեցիք ուշադրություն չեն դարձնում, միայն նայում են որպես մի հնացած, գործածությունից ընկած կարասիքի վրա)։ Կսկսեր զբաղեցնել նրան, առածներ, առակներ կպատմեր և արտասվելու չափ կծիծաղեցներ։ Նա առանձին ընդունակություն ուներ պառավներին գրավելու։ Այդ միջոցին ես առևտուրը ավելի ձգձգում էի, որպեսզի քավոր Պետրոսը ավելի երկար ժամանակ ունենա, որպես նա սովորաբար ասում էր՝ «տան հիմարի ուղեղը թափ տալու...»։

Այդ առանց նպատակի չէր։ Որովհետև քավոր Պետրոսը իր հատուկ խորամանկությամբ, տեղեկանալով նույն տան հանգամանքներին, այնուհետև քիչ չէր պատահում, որ մի անգամ իր արկղով այն տունը մտնող մանրավաճառը մյուս անգամ հայտնվում էր բոլորովին ուրիշ կերպարանքով, խաչով, ավետարանով, կամ սրով՝ գիշերային մթության մեջ...

Եվ այդպես, մեր մանրավաճառությունը ուներ ոչ թե շահեկան նպատակ, այլ մենք գործ էինք դնում որպես մի միջոց, որ նրա պատրվակով կարողանայինք մեր ցանկացած տեղերը մտնել, հետազոտել, լրտեսել, առանց մեզ վրա կասկած հարուցանելու։

Ես մինչև այսօր սարսափելով հիշում եմ մի դեպք... մինչև այսօր զգում եմ իմ ձեռքերի վրա այն անմեղ արյան թացությունը...

Գտնվում էինք փոքրիկ գավառական քաղաքում։ Մենք մտանք մի տուն, իհարկե, իբրև մանրավաճառներ։ Քավոր Պետրոսը սովորություն ուներ հարկը պահանջած տեղերում ցույց տալ իրան կա՛մ հիմար, կամ ապուշ և կամ չափից դուրս միամիտ։ Այդ տան մեջ նա ձևացրեց իրան սաստիկ երկչոտ։

Այնտեղ ապրում էին չորս հոգի միայն՝ երկու ալևոր ամուսիններ, մի սպասավոր և մի աղախին։ Ամուսին այրը ծխում էր յուր չիբուխը և անդադար գանգատվում էր ռևմատիզմից։ Պառավ տան տիկինը զբաղված էր իր մոխրագույն թութակով և երկու սպիտակ կատուներով, որոնք նրա գլխավոր մխիթարությունն էին ներկայացնում։

Երբ որ մենք ներս մտանք, թութակը արտասանեց մի քանի մարդկային բառեր։ Քավոր Պետրոսը զարհուրեցավ... Այդ մարդը, որ հազար սատանաներից երկյուղ չուներ, «սատանա՛ն... սատանա՜ն»... աղաղակելով, ճիչ բարձրացնելով, դուրս փախավ։ Տանտիկնոջ վրա ցավալի ներգործություն ունեցավ, երբ տեսավ, որ իր թութակը անզգուշությամբ վախեցրեց խեղճ մարդուն։Նա իր սպասավորին ուղարկեց, մի կերպով հետ բերեցին քավոր Պետրոսին։ Պառավը երկար աշխատում էր համոզել, հանգստացնել նրան, հավատացնելով, որ իր տեսածը սատանա չէ, այլ հասարակ, թռչուն է, միայն սովորել է մի քանի բառեր արտասանել։ Քավոր Պետրոսը, որ մի քանի անգամ եղել էր թութակների հայրենիքում և ահագին խումբերով էր տեսել նրանց Հնդկաստանի կղզիներում, վերջապե՛ս համոզվեցավ, որ իր տեսածը սատանա չէր, մանավանդ, երբ պառավը դրեց նրան իր ոսկրացած ձեռքի վրա և սկսեց շաքար ուտացնել։

Բարեսիրտ ամուսինները, քավոր Պետրոսին ավելի մխիթարելու համար, դիտմամբ թանկ վճարելով, գնեցին մեզանից զանազան իրեղեններ, որոնք գուցե նրանց ամենևին պետք չէին։ Մենք, շնորհակալություն հայտնելով և նրանց երկար կյանք բարեմաղթելով, հեռացանք։

Մենք իջևանել էինք մի կեղտոտ հյուրանոցում, որ ավելի նման էր գինետան, այն զանազանությամբ միայն, որ այստեղ կարելի էր գտնել խիստ վատ կահավորված սենյակներ։ Նրա ընդարձակ բակում՝ իրանց ձիաները հանգստացնելու համար կանգնում էին կառապանները։ Այդ պատճառով այդ հյուրանոցը այն տեսակներից էր, ուր ամբողջ գիշերը հաճախորդները չեն պակասում, անդադար շատերը մտնում են և դուրս են գալիս։ Եվ այդ հարբած, խելագարված խառնիճաղանջի մեջ տիրում էր այնպիսի բաքոսային խանաշփոթություն, որ ոչ ոք միմյանց չէր հասկանում։ Այդ բոլորը մեզ համար շատ նպաստավոր էր։ Մեզ շատ հնարավոր էր գիշերվա մի որոշյալ ժամում դուրս գալ այնտեղից, գնալ ուր որ ցանկանում էինք, կատարել մեր գործը և կրկին վերադառնալ, առանց ոչ ոքից նկատելի լինելու։

Քավոր Պետրոսը մի գիշեր չգնաց հասարակաց սեղանատանը ընթրիք ուտելու, այլ պահանջեց մի ահագին կտոր սառն միս և մի շիշ արաղ, որ բերեցին մեր սենյակը։ Նա մի քանի մարդու չափ ուտել կարող էր, իսկ մի ամբողջ շիշ արաղը նրա սովորական խմիչքն էր ընթրիքի ժամանակ։ Ես արաղ չէի սիրում, պահանջեցի ինձ համար մի շիշ գինի։

Մենք տեղեկացել էինք, որ այն տունը, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին, փոքրիկ քաղաքի հարուստ տներից մեկն էր։ Մենք գիտեինք, որ երկու ծերունի ամուսինները ունեին իրանց տան մեջ մի նշանավոր գումար, որ պահել էին սև. օրվա համար։

Ընթրիքից հետո քավոր Պետրոսը հարցրեց ինձ.

— Մուրադ, դու ի՞նչ տեսակ զենք ավելի լավ գործածել գիտես։

— Ատրճանակներ։ Մի օր գրազ եկանք, ես հինգ անգամ մինը մյուսի ետևից կարողացա խփել օդի մեջ նետած խընձորը։

Քավոր Պետրոսին երբեք դուր չէր գալիս, երբ մեկը սկսում էր նրա մոտ պարծենալ։ Պարծենալու համար նրա կարծիքով պետք էր շատ մեծ գործ կատարած լինել։

— Այդ աղմուկ հանող զենքերը պետք չեն, երբ ուզում ես սուս ու փուս գործ կատարել, — Ասաց նա։ — Ավելի լավ են խուլումունջ զենքերը, որ ձայն չհանեն։

Ես հասկացա նրա միտքը։

— Ուրեմն ես կարող եմ վեր առնել իմ տապարը։

— Վատ չէ։

Գիշերից բավական անցել էր, երբ մենք դուրս եկանք հյուրանոցից։ Անձրևը մանր կաթիլներով մաղվում էր։ Փողոցները դատարկված էին, մարդիկ չէին երևում։ Գիշերային թանձր խավարի մեջ մրափում էր քաղաքը։

Անցնելով մի քանի խուլ փողոցներ, մենք արդեն գտնվում էինք հիշյալ տան մոտ, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին։

— Եթե շունը աղմուկ չբարձրացնե, լավ է, — Ասացի ես:

— Ի՞նչ շուն, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Երբ ցերեկով մտանք այստեղ, ես նկատեցի մի ահագին շուն, որ շղթայով կապված էր բակում։ Գ՛իշերը բաց են թողնում նրան։

— Նա հիմա հանգուցյալների կարգումն է դասված։

Քավոր Պետրոսի խոսքերից երևաց, որ նա մի անգամ ևս մտել էր այս տունը, այն անցքից հետո, որ թութակը վախեցրեց նրան։ Վերջին անգամ հայտնվել էր այնտեղ մուրացկանի կերպարանքով, և միջոց էր գտել ոչ միայն թունավորելու շանը, այլ լավ հետազոտելու տան դիրքը, մուտքերը և այլն։

Տան ընդարձակ բակը շրջապատված էր փայտյա ցանկապատով, որը այնքան ցածր էր, որ մի առանձին ընդդիմադրություն չարեց մեզ բակը իջնելու ժամանակ։ Այժմ հարկավոր էր մի կերպով ներս սողալ սենյակների մեջ։ Մի լուսամուտ, որ ցերեկով նկատել էինք, ուղղակի բացվում էր սպասավորների քնարանի մեջ։ Գիշերային տոթի պատճառով լուսամուտը բաց էր թողած։ Քավոր Պետրոսը Հերքուլեսի ուժ ուներ, իսկ ես թեթևաշարժ էի որպես առյուծ։ Երկու ահագին ջրի տակառները, որ կանգնած էին բակում անիվների վրա, միմյանց վրա դնելը և այդ սանդուղքներով լուսամուտից ներս մտնելը մի րոպեի գործ եղավ։ Մենք գտանք սպասավորի սենյակում և աղախնին։ Երևում էր, այդ դեռահաս աղջիկը սովորություն ուներ երբեմն իր տիրուհուց գաղտնի ծառայի քնարանը ներս սողալ...

Քավոր Պետրոսի երկաթի ձեռքերը երկուսին ևս ճնշեցին միևնույն անկողնի մեջ։ նրանք քնած էին. աղջկա գլուխը դրած էր սիրականի թևքի վրա։ Նրանք զարթեցան։

— Սենյակների բանալինե՞րը, — Հարցրեց քավոր Պետրոսը։

Նրանք փորձեցին ճիչ բարձրացնել։ Բայց քավոր Պետրոսի սպառնալիքը լռեցրեց նրանց։ Բանալիները իսկույն մեր ձեռքը անցան։

— Դու այդ նազելի սիրահարներին կպահես միմյանց գրկում, մինչև ես գործը կվերջացնեմ, — Ասաց քավոր Պետրոսը և հեռացավ։

Մանկահասակ աղախինը երկյուղից իսկույն ուշաթափ եղավ և դիակ դարձավ իմ ճանկերի մեջ։ Ես գործ ունեի այժմ կատաղած սպասավորի հետ։ Ճշմարիտը խոստովանած, այդ Գողիաթը այնքան ուժեղ էր, որ ես հազիվ կարողանում էի զսպել նրան։ Իմ դրությունը նախանձելի չէր: Մենք կորած էինք) եթե նա դուրս, պրծներ իմ ձեռքից։ Ուրիշ ճար չկար, պետք էր այդ գազանին հանգստացնել։ Ւմ ծանր տապարի մի հարվածը գլորեց նրա գլուխը մահճակալից ցած։ Տաք արյունը դուրս փչեց պարանոցից սիրուհու կուրծքի վրա...

Դա եղեռնագործության ամենասարսափելին էր, որ ես կատարել եմ իմ կյանքում։ Գազանային անգթությունը այդ դեպքում անցնում է ամեն վայրենությունից։ Սպանե՜լ այն րոպեում, երբ երկու անմեղ արարածներ, իրանց հոգու բոլոր քնքշությամբ գրկախառնված, սիրում են միմյանց, սպանե՛լ սերը, դա սոսկալի չարագործություն է...

Մինչ ես Կայենի նման կանգնած էի իմ զոհի մոտ, լսելի եղավ քավոր Պետրոսի ձայնը.

— Հեռանանք...

Մյուս առավոտ քավոր Պետրոսը հանդարտ, հանգիստ տրամադրությամբ, ինձ իր հետ առնելով, մտանք հասարակաց սեղանատունը նախաճաշիկ ուտելու։ Հյուրանոցի ամբողջ խոսակցությունը գիշերվա անցքի մասին էր։

— Ի՞նչ է պատահել, — Հարցրեց քավոր Պետրոսը իր մոտ նստած մի արհեստավորից, որ դատարկում էր թեյի յոթերորդ բաժակը։

— էլ ի՞նչ պետք է լինի, — պատասխանեց արհեստավորը ցավակցաբար, — Այս գիշեր անհայտ չարագործներ մտել են մի տուն, ծերունի տանտերերին, թե ամուսնին և թե կնոջը, երկուսին էլ խեղդել են, ծառայի գլուխը կտրել են, տանիցը ուրիշ բան չեն տարել, բացի զուտ փողերից։ Ասում են տասն հազարից ավելի կլինի։

— Անիծյալնե՜ր... այդ ի՞նչ անխղճություն է, — պատասխանեց քավոր Պետրոսը նույնպես ցավակցաբար։ — Ինչպե՜ս աստված չէ պատժում այս տեսակ չարագործներին... խեղդե՜լ ծերունի մարդկանց, դա ոբքա՜ն անգթություն է...

Մենք մի քանի օր ևս բոլորովին անվրդով կերպով շարունակեցինք մեր առևտուրը, հետո թողեցինք այդ քաղաքը։ Ոչ ոք կասկած ունենալ չէր կարող խեղճ մանրավաճառի վրա, որը թութակից անգամ վախենում էր, որը մի քանի օր առաջ մտնելով նույն տունը, օրհնում էր, բարեմաղթություններ էր կարդում և երկար կյանք էր ցանկանում երկու ծերունիներին, որովհետև գնեցին նրանից բավական վաճառքներ ավելի թանկ գնով, այո , ոչ ոք երակայել անգամ չէր կարող, որ նույն «երկար կյանք» ցանկացողը ընդունակ կլիներ կարճելու նրանց կյանքը...

Թողնելով հիշյալ քաղաքը, մենք անցանք մի անծանոթ գավառ։ Առհասարակ ամեն մի հանցանք գործած տեղից երբ հեռանում էինք, թողնում էինք մեր ետևից ահագին տարածություն։ Այդ երկիրը այնքան ընդարձակ էր, որ ամեն տեղ բացվում էր մեր առջև մի նոր ասպարեզ ...