Խաչագողի հիշատակարանը
 Ը
Ա 

Թ

ԽԻՂՃՍ ԶԱՐԹՆՈԻՄ Է

Մյուս առավոտ քավոր Պետրոսը ասաց ինձ հետևյալ խոսքերը.

— Մուրադ, ես տեսնում եմ, որ աստված մեզ հետ է. մեր գործը օրըստօրե հաջողություն է խոստանում։ Ես վաղուց որոնում էի այդ մարդիկներին, վերջապես բախտը մեզ հանդիպեցրեց նրանց։ Նրանք խիստ համարձակ և ընդունակ մարդիկ են։ Նրանց ձեռքով կարելի է միլիոններ դիզել։ Գնանք և միանանք նրանց հետ, մենք սիրով կընդունվենք նրանց ընկերության մեջ»

Երևում էր, խոսակցության առարկան խիստ մոտ էր քավոր Պետրոսի սրտին, այդ պատճառով նա այնպես երկար ձգեց իր ճառախոսությունը։ Եվ ես, համոզված լինելով, որ նա ամեն բանի մեջ իմ բարին է ցանկանում, ընդունեցի նրա առաջարկությունը։

— Բայց մեկ դժվարություն կա, — Ասաց նա։

— Ի՞նչ դժվարություն։

— Այդ աղջիկը...

Նա ցույց տվեց Նենեի վրա, որը դեռ քնած էր։

— Նա ինչո՞վ կարող է արգելք լինել մեզ։

— Ամեն բանով։

— Ես չեմ հասկանում։

— Ուրեմն լսի՛ր։ Այդ աղջկա կյանքը ազատելու համար դու սպանեցիր այն մարդուն, որը հիշյալ ընկերության անդամ էր։ Այժմ մենք ցանկանում ենք նրանց հետ միանալ, մտածի՛ր, նրանք կարո՞ղ են վստահություն ունենալ դեպի մեր հավատարմությունը։

Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Նա շարունակեց,

— Մենք ինչպե՞ս կարող ենք այսօր միանալ նրանց հետ, երբ երեկ սպանել ենք նրանց ընկերներից մեկին։

— Մենք կարող ենք այդ սպանությունը թաքցնել։

— Այո՛, կարող ենք այդ սպանությունը թաքցնել։ Բայց քանի որ աղջիկը մեզ հետ կլինի, թաքցնել չենք կարող։ Բացի դրանից, այդ աղջկա մասին նրանք կասկած ունեին, թե կմատնե իրանց, և այդ պատճառով վճռեցին նրա մահը։ Աղջիկը դեռ կենդանի է, ուրեմն նրանց կասկածը կմնա դարձյալ կասկած։ Իսկ երբ մենք կմիանանք նրանց ընկերության հետ, և այդ աղջկան մեզ հետ կտեսնեն, արդյոք մեր անձը չե՞նք ենթարկի նույն կասկածանքին, որ նրանք ունեին այդ աղջկա մասին։

— Մենք կարող ենք աղջկան մեզ հետ չունենալ, այլ բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա։

Քավոր Պետրոսը, որ ոչ մեկ խոսքի առջև կանգ չէր առնի, լռեց, մտածության մեջ ընկավ։ Ես չէի հասկանում, թե ինչո՞ւ նա այսպես սատանայաբար ոլորում էր, քաշքշում էր իր բացատրությունները, առանց իր վերջնական միտքը հայտնելու։ Ի՞նչ երկյուղ ուներ ինձանից։ Վերջապես փոքր առ փոքր հայտնեց նա իր միտքը։

— Դու ասում ես, որ մենք կարող ենք աղջկան բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա, բայց այդ անկարելի է։ Ցիգանուհին երբեք չի մոռանա վիրավորանքը և իրան հասցրած անպատվությունը։ Այդ մարդիկը, որպես քեզ հայտնի է, անպատվել են այդ աղջկան և մինչև անգամ պատրաստվել են սպանել նրան։ Այդ բոլորը չի մոռանալ նա և պետք է վրեժխնդիր լինի, պետք է մատնե նրանց։ Իսկ մատնելով նրանց, կմատնվենք և մենք, որովհետև նրանց խումբի մեջ կլինենք, որովհետև կամենում ենք ընկերանալ նրանց հետ։

— Ուրեմն ի՞նչ պետք է արած։

— Պետք է անել այն, ինչ որ նրանք էին կամենում անել:

— Սպանե՞լ...

— Այո , սպանել։

Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսի խոսքը ոչ միայն վատ տպավորություն գործեց իմ վրա, այլ կատաղության չափ գրգռեց իմ բարկությունը։ Ես գոչեցի.

— Սպանել նրա՞ն, որի կյանքը ազատել ես, դա խղճի և ազնվության հակառակ բան է։

Մի դառն, արհամարհական ժպիտ երևաց նրա գերեզմանի պես սառն դեմքի վրա։

— Խղճմտա՜նք... ազնվությո՜ւն....— Բացականչեց նա, — Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են, բայց նույնքան դատարկ, որքան ինքը հիմարությունը։

— Ինչո՞ւ:

Այդ հարցին պատասխանելու ժամանակ նա իր ձայնը մեղմացրեց։

— Դու դեռ տղա ես, Մուրադ, և աշխարհը չես ճանաչում։ Մարդ չէ կարող խղճմտանք և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում է նա, վարակված է անբարոյականությամբ։ Եթե նա այնքան հիմար կլինի, որ կցանկանա ազնիվ լինել, անտարակույս, ինքը իրան դժբախտության կդատապարտե։ Այսպիսի հանգամանքներում մարդ պետք է խղճմտանք և ազնվություն ունենա դեպի իր անձը միայն և դեպի նրա բարօրությունը։ Իսկ երբ մի ուրիշը արգելք է լինում իր բարօրությանը, պետք է ոչնչացնել նրան, որ ինքը կարողանա ապրել, և լա՛վ ապրել:

Ես պատասխանեցի նրան կրոնական փաստերով.

— Դա աստծուն ընդդեմ է, դա մեղք է, դա քրիստոնյայի գործ չէ։

— Ինչպես կամենում ես համարիր, բայց դժբախտաբար այդպես է։ Ես ճանաչում եմ միայն կյանքը և նրա պայմանները։ Եթե մի ծառ արմատախիլ չանես, նրա տեղը մի ուրիշը տնկել չես կարող։ Բոլոր աշխարհը այդ բնական օրենքին է հետևում, մինը մյուսին ոչնչացնում է, սպառում է, կլանում է, որ իր գոյությունը պահպանե։ Դա կյանքի կռիվն է և երբեք չի դադարի, քանի որ տևում է կյանքը։

Ես չհակառակեցի քավոր Պետրոսի այդ օտարոտի վարդապետություններին, որոնք ինձ բոլորովին անհասկանալի էին. ես միայն ցավում էի Նենեի վրա, այդ պատճառով հարցրի.

— Ինչո՞վ է մեղավոր այդ խեղճ աղջիկը, որ զոհ գնա մեր զանազան սատանայական մեքենայություններին։

— Ոչնչով մեղավոր չէ, — պատասխանեց նա։ — Բայց նա պետք է զոհվի, որ մենք ապահով լինենք։

Համոզված լինելով, որ երբեք չէ կարելի փոխել նրա երկաթե կամքը, ես ստիպվեցա կեղծել, ստիպվեցա խաբել նրան։ Իմ ընդդիմադրությունը կարող էր ավելի վատ հետևանքի հասցնել։ նա պատրաստ էր թե՛ ինձ և թե Նենեին սպանել, որ փարատվի իր կասկածանքը, որ հաստատ կերպով կարողանա սկսել այն գործը, որից միլիոններ էր սպասում։

Ես համաձայնություն ցույց տվի:

— Ուրեմն տար աղջկան և հենց այս առավոտ մի տեղում ամփոփ ի՛ր...

Արևը դեռ նոր էր արձակել իր առաջին ճառագայթները, թռչունները ուրախ-ուրախ ճկճկում էին. ամեն տեղ զարթնում էր կյանքը իր նոր, սքանչելի զվարճությամբ։ Իսկ ինձ հրամայում էին կարճել մի անմեղ արարածի կյանքը...

Ես մոտեցա Նենեին։ Նա դեռ քնած էր սայլակի վրա։ Ի՜նչպես քաղցր և հանդարտ քնել էր նա։ Ինձ խիստ դառն էր խռովել դեռահաս կույսի հանգստությունը։ Ո՞վ գիտե ո՛րպիսի երազներ հրապուրում էին նրան։ Նա ժպտում էր, նրա մարջանի պես կարմիր շրթունքները շարժվում էին։ Գուցե նա այդ րոպեում համբուրում էր մեկին, որին սիրում էր։ Երբեմն արձակում էր ինձ անհասկանալի բառեր։ Մեկի հետ խոսում էր նա։ Ո՞վ գիտե, գուցե խոսում էր հենց իր ծնողների հետ, որոնց կորցրել էր։ Նա իր թևիկները տարածեց, երևի գրկում էր նրան, և ահա նրա դեմքը պայծառացավ ուրախությա՛ն լույսով...

Երկար զմայլված նայում էի նրա վրա։ Կիսամերկ կուրծքը խիստ մեղմ կերպով բարձրանում և իջնում էր։ Շնչառությունը խաղաղ էր։ Հանկարծ նրան տիրեց մի տեսակ խռովություն։

Երեսի վրա երևացին զայրացած ցնցումներ։ «Հեռո՜ւ, անիծյալ»...— գոչեց նա և վեր թռավ տեղից։

— Ա՜խ, դարձյալ այն ավազակը...— Բացականչեց նա ցավալի ձայնով, սկսեց երկչոտ աչքերով նայել իր շուրջը։

Երբ տեսավ ինձ իր մոտ կանգնած, հանգստացավ։

— Ի՞նչ եղավ այն ավազակը, — Հարցրեց ինձանից։

— Ո՞ր ավազակը։

— Այն, որ սպանում էր ինձ:

— Դու երազի մեջ ես տեսել նրան, Նենե։

Խեղճ աղջկա երևակայությունից չէր հեռանում չարագործի պատկերը, որը մի օր առաջ փորձում էր սպանել նրան։ Բայց նա չգիտեր, որ այժմ կանգնած էր իր մոտ մի ուրիշ չարագործ, որին պատվիրել էին նույն դահճի դերը կատարել։

— Դու այստեղ ես, ես էլ չեմ վախենա, — Ասում էր նա, իր մտերմությամբ լի աչքերը դարձնելով դեպի ինձ։

Որքա՜ն կրակ կար այդ աչքերի մեջ, որքա՜ն խոր թափանցում էր նրանց փայլը իմ սրտի մեջ։

Մտածելով, որ մեր համեցողությունը կարող էր շարժել քավոր Պետրոսի կասկածը, ես հրավիրեցի Նենեին ինձ հետ գնալ անտառը առավոտյան զբոսանքի համար։ Նա հրաժարվեցավ, ասելով

— Չէ, անտառ չգնանք։

Նա վախենում էր հանդիպել ավազակներին։ Ես հանգըստացրի նրան, ասելով.

— Շատ հեռու չենք գնա, և ոչ քեզ այն ավազակների կողմը կտանեմ։

Նա համաձայնեցավ։

Գեղեցի՜կ էր այն առավոտը։ Ո՛րքան ախորժ ազդում էր հովասուն օդի թարմությունը, խնկարկված բյուրավոր ծաղիկների անուշահոտությամբ։ Ի՜նչպես ուրախ երգում էին անհոգ թռչունները և ո՜րքան ծիծաղկոտ փայլում էին արեգակի աոաջին ճառագայթները ցողազարդ տերևների վրա։ Ամեն ինչ սքանչելի էր, ամեն ինչ խորին, անսահման բերկրությամբ զվարճանում էր բնության սրբազան տաճարի մեջ: Տխուր էր միայն իմ սիրտը...

Նենեն շուտով նկատեց այդ, և երբ փոքր-ինչ հեռացանք մեր իջևանից, հարցրեց նա.

— Դու սիրո՞ւմ ես ծաղիկներ։

— Սիրում եմ։

— Ես քեզ համար մի լավ փունջ կպատրաստեմ, ես իմանում եմ գեղեցիկ փունջեր շինել։ Իմ հայրը մի ժամանակ մի պարտիզպանից գնում էր մեծ քանակությամբ զանազան տեսակ ծաղիկներ, ես փունջեր էի պատրաստում , ածում էի զամբյուղի մեջ, և, փողոցներում ման ածելով, վաճառում էի։

Ես ժամանակ չունեի պատասխանելու Նենեի այս տեսակ քնքշություններին, ինձ զբաղեցնում էր այն միտքը, թե ի՞նչ պետք է անել խեղճ աղջկա հետ։

— Նենե, — Հարցրի նրանից, — Այդ անտառում բնակիչներ կա՞ն։

— Այն ավազակները...

— Բավական հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ գյուղ։

— Իսկ մոտի՞կ տեղերում։

— Մի տնակ կա, ուղիղ ծովի ափի մոտ։

— Ովքե՞ր են բնակվում տնակի մեջ։

— Երկու հոգի միայն, մի ալևոր մարդ և մի պառավ կին։

— Ինչպիսի մարդիկ են։

— Բարի ձկնորսներ են։

— Քեզ ճանաչո՞ւմ են։

— Ճանաչում են։ Ամեն անգամ, երբ պատահում էր ինձ մտնել նրանց տնակը, կերակրում էին ինձ, հագուստ էին տալիս։

— Կարո՞ղ ես ինձ տանել այնտեղ։

— Կարող եմ։

Մինչև ձկնորսի տնակը հասնելը, ես ընկղմված էի խառն մտածությունների մեջ։ Նենեին սպանելու մտքից շատ հեռու էի։ Այժմ նրա կյանքը նույնքան թանկագին էր ինձ համար, որքան իմը։ Բայց ինձ համար անհասկանալի էր մի բան, թե այդ ի՞նչ փոփոխություն էր, որ կատարվեցավ իմ մեջ։ Ինչո՞ւ իմ ձեռքերը այս անգամ դողում էին արյունոտ գործում: Ո՞վ մեղմացրեց իմ բնավորության վայրենությունը։ Մի՞թե կնոջ շնչի կախարդական ազդեցությունը զարթեցրեց իմ մեջ քնած խիղճը։ Այդ բոլորը դեռ անորոշ մթության մեջ էր ինձ համար։ Միայն ես զգում էի մի բան՝ զգում էի, որ իմ սիրտը կապված էր այդ անբախտ աղջկա հետ։ Արդյոք սիրո՞ւմ էի նրան։ Ո՛չ։ Իմ զգացմունքը ավելի ցավակցական էր, ավելի բխում էր կարեկցությունից դեպի նրա թշվառ վիճակը։ Նենեն որբ էր, Նենեն անտեր էր, Նենեին ես ազատեցի մահից, և մի ներքին ձայն ասում էր ինձ, որ պետք է շարունակեմ նրա պաշտպանը լինել։

Մյուս կողմից, ես այժմ զգում էի մի տեսակ ատելություն դեպի քավոր Պետրոսը։ Կարծես Նենեն խլեց իմ աչքերից այն դյութական քողը, որ մինչև այսօր թույլ չէր տալիս ինձ նկատել այդ հրեշավոր մարդու բարոյական այլանդակությունը: Ոչինչ չէր կարող այնպես համոզիչ կերպով բացատրել ինձ նրա բարբարոսությունը, որպես այն խոսքը, որով հրամայեց ինձ սպանել Նենեին։ «Դրանից լավ առիթ գտնել չեմ կարող, — Մտածում էի ես, — կվեր առնեմ Նենեին, կհեռանամ և կազատվեմ այդ չարագործից...

Բայց իսկույն երևան էին գալիս աղքատ մայրս, քույրերս և վերջապես իմ նազելի Սառան։ Դրանք սպասում էին իմ լիք քսակով վերադարձին։ Իսկ իմ վաստակած բոլոր արծաթը քավոր Պետրոսի մոտ էր գտնվում։ Բաժանվելով նրանից, պետք է կորցնեի իմ ամբողջ հարստությունը։ Ինչպե՞ս թողնեի, ինչպե՞ս հեռանայի նրանից։ Շահասիրությունը և այդ դեպքում կուրացրեց ինձ... ես մնացի անվճռականության մեջ...

Այդ բոլոր խորհրդածությունների մթությունից իմ մտքում պարզվեցավ մի բան, որ ես որոշեցի անպատճառ բաժանվել քավոր Պետրոսից։ Բայց մտածեցի, թե նախ պետք է Նենեին հանձնել ձկնորսին պահելու համար, եթե կգտնեմ նրան այնպիսի բարի մարդ, որպես պատմում էր Նենեն։ Իսկ հետո կաշխատեմ մի կերպով քավոր Պետրոսի ձեռքից դուրս բերել իմ արծաթը, որ նա ոչինչ չհասկանա։ Երբ այդ կատարված կլինի, այն ժամանակ կառնեմ Նենեին, կհեռանամ մի օտար աշխարհ և այնտեղ նրա կյանքը ապահով վիճակի մեջ կդնեմ։ Բայց ես չգիտեի, արդյոք Նենեն կհամաձայնե՞ր մնալ ձկնորսի տնակում և սպասել ինձ, մինչև ես քավոր Պետրոսի հետ հաշիվներս վերջացնեի։ Նրան փորձելու համար ասացի.

— Նենե, մենք ուրիշ տեղ պիտի գնանք, դու չես կարող միշտ մեզ մոտ մնալ։ Հիմա ես քեզ ազատ եմ թողնում, ուր որ ուզում ես, գնա ։

— Ես քեզանից չեմ բաժանվի։

— Ինչո՞ւ։

— Ես հիմա շատ եմ վախենում։

— Առաջ չէի՞ր վախենում։

— Չէի վախենում նրա համար, որ չէի իմանում, որ մարդիկ այդքան վատ են լինում...

Նա ակնարկում էր իրան չարչարող ավազակների վրա։

— Կարելի է ես էլ վատ եմ։

— Դու լավ մարդ ես. ես քեզանից չեմ վախենում։

— Ես հեռու երկիր պիտի գնամ։

— Ուր որ գնաս, կգամ քեզ հետ։

— Բայց եթե մնա՞մ այստեղ։

— Ես էլ կմնամ քեզ մոտ։

— Մենք տուն չունենք։

— Այդ անտառի մեջ մեզ համար մի խրճիթ կշինենք, նրա մեջ կապրենք։

Նա դարձյալ հիշեց ավազակներին և խոսքը փոխեց,

—Չէ , հեռու, այստեղից շատ հեռու գնանք:

Խե՜ղճ աղջիկ, ի՞նչ էր, որ նրան այդպես կապեց ինձ հետ, արդյոք սե՞րը, արդյոք երախտագիտական զգացմո՞ւնքը, որ ես նրա կյանքը ազատեցի մահից։ Այդ հարցերը քննելու համար ես ո՜չ միջոց ունեի և ոչ ժամանակ։ Ես միայն մտածում էի Նենեի կյանքը գոնե առժամանակ ապահով վիճակի մեջ դնել, մինչև քավոր Պետրոսի հետ գործերս վերջացնեի։ Ինձ հրամայված էր սպանել նրան, եթե ես այդ հրամանը չկատարեի, անտարակույս կկատարեր նա, որ հրամայեց ինձ։ Աղջիկը չէր կարող ազատվել քավոր Պետրոսի գազանությունից, եթե նա հասկանար, որ տակավին կենդանի է մնացել նա։

Մենք այժմ գտնվում էինք լեռնային բարձրության վրա։ Մեր առջև բացվեցավ անսահման մուգ-արծաթափայլ տարածություն ծովը։

— Հիմա մոտեցանք ձկնորսի տնակին, — Ասաց Նենեն:

— Քեզ կտանեմ նրա խրճիթը։

— Ես այնտեղ մենակ չեմ մնա։

— Ես շուտ-շուտ քեզ մոտ կգամ։

— Ամեն օր, հա՞։

— Հա , ամեն օր։

Մենք պետք է իջնեինք լեռնային զառիվայրը, որ տանում էր դեպի ծովեզրը։ Անտառը այստեղ վերջանում էր, սկսվում էին մանր թփեր միայն։ Այդ թփերի մեջ թաքնված էր ձկնորսի խրճիթը, ոչ այնքան հեռու ծովի ափից։ Այդ մենավոր խրճիթի մեջ բնակվում էր այն գաղտնածածուկ մարդը, որի մասին շրջակայքում ոչինչ տեղեկություն չունեին, թե ո վ է նա, ո՞րտեղից է եկել, կամ ի՞նչ մարդ է։

Ես գտա նրան իր պառավի հետ այնպես բարի, որպես պատմել էր Նենեն։ Նրանք խիստ սիրով ընդունեցին իմ առաջարկությունը, մանավանդ երբ պատմեցի անբախտ աղջկա աղետալի անցքը։

— Որդի չունենք, աստված մեզ որդի ուղարկեց, — Ասաց ծերունին, — կպահենք մեզ մոտ, կսնուցանենք, գուցե մի ժամանակ բախտավոր կլինի նա։

Ես շտապում էի, գիտեի, որ քավոր Պետրոսը որպիսի անհամբերությամբ սպասելիս կլիներ ինձ։ Ես առաջարկեցի ձըկնորսին իմ ոսկով լի քսակը, բայց նա հրաժարվեցավ ընդունելուց։ Երբ պատրաստվում էի հեռանալ, Նենեն հարցրեց,

— Ե՞րբ կգաս։

—Շուտ կգամ։ Բայց դու այդ խրճիթից չպիտի հեռանաս։

— Երբ դու ինձ հետ չես լինի, ես ոչ մի տեղ չեմ գնա։

Բաժանման րոպեն խիստ զգալի եղավ: Նենեն չկարողացավ զսպել իր կրքերը։ Նա քաշ ընկավ իմ պարանոցից, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, և սրտաշարժ հեկեկանքով ասում էր. «Մի՛ գնա, ինձ մենակ մի թողնիր» ...

Ձկնորսը և նրա պառավը հազիվ կարողացան հանգստացնել նրան։ Ես դարձյալ խոստացա, որ նրան մենակ չեմ թողնի և ամեն օր կայցելեմ ձկնորսի խրճիթը։ Ես բաժանվեցա։

Գալով քավոր Պետրոսի մոտ, նրա առաջին հարցը եղավ,

— Ինչ արեցիր։

— Սպանեցի։

— Իսկ դիա՞կը։

— Ձգեցի ծովը։