Խաչագողի հիշատակարանը/Մաս III/Ժ
Ժ
ՆՐԱՆ ԳՐԵՑԻՆ ՄԵՌԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Աքսորականների խումբը, որոնց հետ ես ուղևորվեցա, բաղկացած էր տասներեք հոգուց, նրանց մեջ էին և իմ ընկերները։
Մինչև առաջին իջևանը հասնեք ես մինչ այն աստիճան խռովության մեջ էի, որ ամենևին չնկատեցի, թե մեր ընկերներից մեկը պակաս էր, այն ևս մեր գլխավորը՝ քավոր Պետրոսը։
Մենք հասանք իջևանը, երբ դեռ նոր էր մտնում արևը։ Այդ մի արքունի շինվածք էր փոստային կայարանի մոտ, մարդկային բնակությունից հեռու, առանձնացած անապատի մեջ։
Այնտեղից դուրս եկավ մի ստոր աստիճանավոր և ընդունեց մեզ։ Մենք այժմ մարդ լինելուց դարձել էինք իրեր նշանակված նոմերներով։ Նայեցին մեր նոմերներին, ստուգեցին թվերը և ապա ածեցին մի նեղ նկուղի մեջ։
Գիշերը մեզ բաժանեցին մի-մի կտոր սև հաց և խմելու ջուր տվեցին։ Ընկերներս սկսեցին ընթրիք անել, բայց ես ոչինչ ուտել չկարողացա։ Դա այն տխուր և ծանր գիշերներից մեկն էր, երբ ամեն հույս կորած էր, երբ ամեն ինչ վերջացած էր, և մեզ, ամեն մեկիս, հայտնի էր իր թշվառ վիճակը։
Շուտով դատապարտյալներից ոմանք սկսեցին նիրհել, ոմանք տարածվեցան մերկ հատակի վրա, փորձում էին քնել, ոմանք դեռ նստած, խորին ինքնամոռացության մեջ մտածում էին։ Նկուղի մեջ տիրում էր գերեզմանական լռություն։ Միայն յուղային ճրագը ճրթճրթալով մի աոանձին չարագուշակ ձայն էր արձակում և իր շուրջը տարածում էր աղոտ լուսավորություն։ Սենյա՛կի օդը, տոգորված բորբոսային խոնավությամբ, անկարելի էր շնչել։ Ճրագն անգամ դժվարանում էր վառվել նրա մեջ։ Դրսում անցուդարձ էր անում պահապան զինվորը, և մենք լսում էինք նրա քայլերի ձայնը։
Իմ ընկերները այժմ հաշտվել էին ինձ հետ։ Նրանց կասկածը թե՛ իմ և թե՛ Նենեի վերաբերությամբ բոլորովին փարատված էր։ Որովհետև քննությունների ժամանակ գործերից երևաց, որ ոչ ես և ոչ Նենեն չէինք մատնել նրանց, որպես կարծում էին, այլ մատնել էր մի հրեա, որ նրանց փորագրիչն էր։ Հրեան նույնպես դատապարտության ենթարկվեցավ։
Բայց ինձ գրավել էր այն միտքը, թե որտե՞ղ մնաց քավոր Պետրոսը, ո՞ւր կորավ այդ սատանան։ Այդ միջոցին մոտեցավ ինձ ընկերներիցս մեկը, որը հասակակից էր ինձ հետ։ Այդ երիտասարդը հայտնի էր մեր մեջ իր դուրեկան և ուրախ բնավորությամբ։ Նա նստեց ինձ մոտ։
— Ո՞ւր մնաց քավոր Պետրոսը, — Հարցրեցի նրանից։
— Նրան գրեցին մեռածների թվում, — պատասխանեց նա։
— Ինչպե՞ս։
— Այնպես։
— Ես ոչինչ չեմ հասկանում:
Երիտասարդը սկսեց ծիծաղել իմ միամտության վրա։ — Գանահարությունից հետո, — պատմեց նա, — քավոր Պետրոսը, ինչպես մեզանից ամեն մեկը, բանտի հիվանդանոցը տարվեցավ։ Այստեղ նա դիտմամբ սկսեց երկարաձգել իր հիվանդությունը, մինչև առիթ ունեցավ ծանոթանալու բանտապահի հետ։ Շուտով կարողացավ նա շոշափել այդ մարդու թույլ կողմերը և մանավանդ մի դեպք հեշտացրեց նրան օգուտ քաղել նրա թույլ կողմերից։ Բանտապահը ծախսել էր արքունի փողեր և այդ պատճառով ոչ միայն դատի պիտի ենթարկվեր, այլ կկորցներ և իր պաշտոնը, եթե մի տեղից փողի պակասը չլրացնի։ Քավոր Պետրոսը հասկանում է նրա անել դրությունը և մի օր ասում է նրան* «Պարոն բանտապահ, ես ցանկանում եմ մի փոքրիկ ծառայություն անել ձեզ»։ «Ի՞նչ ծառայություն», հարցնում է բանտապահը։ «Դուք, կարծեմ, փողի դժվարության մեջ եք, ես կարող եմ օգնել ձեզ»:
Այս տեսակ սրախոսություններ կալանավորների և բանտապահի մեջ այնքան սովորական ե՛ն, որ վերջինս ոչ միայն չի վիրավորվում, այլ շատ հետաքրքրվում է, թե քավոր Պետրոսը ո՞րքանով կարող է օգնել իրեն։ «Ո՞րքան է ձեզ հարկավոր», հարցնում է քավոր Պետրոսը։ «Երկու հազար ռուբլի», պատասխանում է բանտապահը։ Քավոր Պետրոսը խոստանում է վճարել նրան այդ գումարը։
— Ինչո՞վ կարող եմ երախտահատույց լինել ձեր այդ օգնության համար, — Հարցնում է բանտապահը։
— Ինձ ազատելով բանտից, — պատասխանում է քավոր Պետրոսը։
— Ձեզ համար վճռված է ցմահ աքսոր։
— Այդ ես գիտեմ։
— Ձեզ կպահանջեն ինձանից։
— Այդ էլ գիտեմ։
— Ի՞նչ կարող եմ պատասխանել։
— Ձեր պատասխանը ես մտածել եմ, մի շատ հասարակ բան է։
— Ո՞րպես։
— Ինձ կգրեք մեռածների ցուցակի մեջ, կասեք՝ հիվանդանոցում մեռավ, տարան թաղեցին։
— Դրա համար զանազան պաշտոնական ձևեր են պահանջվում։
— Մատյանների մեջ հեշտ է շինել այդ ձևերը։ Մի՞թե սակավ մարդիկ անհետանում են հիվանդանոցներում և նրանց մասին բնավ հարցուփորձ չէ լինում։ «Մեռա՜վ»... և դրանով վերջանում է ամեն բան։
— Այսուամենայնիվ, մի դիակ պետք է դնել ձեր տեղը։
— Հիվանդանոցի մառանի մեջ անտեր դիակներ խո շատ կան, ընտրեք նրանցից մեկը։
Երիտասարդի պատմությունը խիստ հետաքրքրական էր ինձ համար։ Իրավ, շատերը կորչում էին այդ հիմնարկության մեջ։ Մեռածների դիակները չէին արժանանում մինչև անգամ թաղման, նրանց կտրտում էին, այլանդակում էին և ձգում էին մեծ գետի մեջ, որ հոսում էր հիվանդանոցի մոտով։ Բանտը և հիվանդանոցը միևնույն շինվածքի մեջ էին։
Դատաստանական վերանորոգություններից առաջ սարսափելի զեղծումներ էին կատարվում բանտերում, և շատ զարմանալի չէր, որ քավոր Պետրոսի նման մի մարդ կարողացել էր այդ խորամանկությամբ դուրս պրծնել բանտից։ Իմ երիտասարդ ընկերը պատմեց ինձ մի ուրիշ դեպք, որ ոչ սակավ հետաքրքրական էր։
— Տեսնո՞ւմ ես այդ մարդուն, — Ասաց նա, — Որ կծկված, կոլորված նիրհում է այն անկյունում, այդ ողորմելին նույնպես զեղծումների մի անմեղ զոհ է։
Ես նայեցի դեպի այն կողմը, տեսա մի նիհար մարդ, գունաթափ դեմքով, խորին թմրության մեջ նստած էր անկյունում։ Գիշերվա տխրությունը փարատելու համար ես մեծ հոժարությամբ սկսեցի լսել երիտասարդի տեղեկությունները այդ թշվառ աքսորականի մասին։ Նա գիտեր բավական ճշտությամբ նկարել մարդկանց պատկերը։
— Այդ ողորմելի արարածը, — Ասաց նա, — Որին կոչում են Սիդոր Սիդորիչ, որի հետ ես խիստ մոտ ծանոթացա, այն տեսակներից է, որոնք ոչ միայն զրկված են մարդկային ընդունակություններից, այլ կյանքի տխուր պայմանները խլել են նրանից և այն սակավ ընդունակությունները, որ ստացել են բնությունից։ Դա մի ատենական տեղի ստոր ծառայող է եղել, գրագրի պաշտոն է կատարել։ Հարատև կյանքը գրասեղանի մոտ բոլորովին բթամտացրել է դրան, իսկ արաղի անչափ գործածությունը լրացրել է պակասը։ Նրան արտաքսել են ծառայությունից, և չձանձրանալու համար սկսել է ավելի անձնատուր լինել արաղին։ Բայց Սիդոր Սիդորիչը խիստ խաղաղ և հանգիստ արբեցող է եղել։ Գինետնից դուրս գալուց հետո փողոցներում շրջելու և մարդկանց անհանգստացնելու սովորություն չէ ունեցել Սիդոր Սիդորիչը։ Նա ուղիղ կդիմեր դեպի իր տունը և ամբողջ օրը կներկայացներ մեկը այն անշարժ կարասիներից, որ վառարանի մոտ անպակաս են լինում։ Նա կնստեր այնտեղ, կամ կնիրհեր, կամ կհորանջեր, մոռանալով իրան մի առանձին անհոգ, անզբաղ ապշության մեջ։ Կինը նրան հանդիմանում է, հայհոյում է, բայց Սիդոր Սիդորիչը ոչինչ չէ պատասխանում։ Միայն հիմար կերպով ժպտում է, գլուխը քաշ է գցում և խուլ կերպով մրթմրթում է մի քանի անորոշ խոսքեր։ Կինը այն ժամանակ միայն կարող էր նրան դուրս գցել, երբ պետք էր սենյակը մաքրել և փոքր-ինչ կարգի բերել։ Այդ միջոցին Սիդոր Սիդորիչը կնստեր դռան մոտ, արևի ճառագայթներով կտաքանար։ Իսկ երբ սենյակը մաքրեցին, նա դարձյալ վառարանի մոտ էր։
Բայց լինում էին րոպեներ, երբ Սիդոր Սիդորիչը դառնում էր և ժիր, և աշխույժ։ Դա այն ժամանակ էր լինում, երբ նրա կինը ընդունում էր մի հարգելի հյուր։ Հարգելի հյուրը նրա նախկին մեծավորն էր։ Երբ այդ մարդը հայտնվում էր, այն օրը Սիդոր Սիդորիչի համար տոն էր։ Նա խիստ եռանդով հեռանում էր իր նվիրական անկյունից, երբ նրան փող էին տալիս, ուղարկում էին փողոց, որ ուտելիքներ ու խմելիքներ գնե։ Ո՜րքան ուրախ էր լինում նա։ Դեռ ճանապարհին, դեռ ըմպելիքները տուն չհասցրած, Սիդոր Սիդորիչը իր կոկորդը ըստ կարգին փափկացնում էր։ Սեղանը պատրաստվեցավ։ Տիկինը հարգելի հյուրի հետ ուտում են, խմում են, զվարճանում են։ Սիդոր Սիղորիչը խիստ եռանդով պտտվում է սեղանի շուրջը, աշխատում է ամեն տեսակ սպասավորություն ցույց տալ։ Նա մեծ բավականությամբ խմում է հարգելի հյուրի կենացը, երբ բաժակը նրա ձեռքն է հասնում: Կերուխումը տևում է երկար։ Բայց
Սիդոր Սիդորիչը մինչև ընթրիքի վերջը սպասելու համբերություն չունի։ Նա օրորվում է, գլուխը լավ դրության մեջ չէ, կինը նրա ձեռքից բռնելով նստեցնում է հնոցի մոտ, այնտեղ սկսում է մրափել։ Տիկինը շարունակում է հարգելի հյուրի հետ ժամանակ անցկացնել։
Սիդոր Սիդորիչը թեև ապրում էր կնոջ ողորմածությունով, նրա կոշիկների տակ և մոռացած իր բոլոր արժանավորությունները, բայց մի բանով միշտ պարծենում էր նա, որ ինքը այր էր, իսկ նա՝ կին։ Այդ ինքնաճանաչությունը ավելի հայտնվում էր նրա մեջ այն ժամանակ, երբ կինը շարժում էր նրա բարկությունը։ Եվ այդ պատահում էր խիստ հաճախ, երբ Սիդոր Սիդորիչը տանից մի բան էր գողանում և տանում էր գինետունը։ Կինը սկսում էր նախատել, հայհոյել նրան։ Իսկ Սիդոր Սիդորիչը հիշելով, որ ինքը այր է, խլում էր պատահած առարկան և զարկում էր կնոջ գլխին։ Երբեմն դրաման վերջանում էր արյունով։ Այսպիսի դեպքերից մեկն էր, որ առիթ տվեց Սիդոր Սիդորիչին բանտի մեջ ընկնել։ Կինը ուրախ էր, որ ազատվեցավ իր անախորժ բեռնից, իսկ Սիդոր Սիդորիչը շատ չտխրեց, որ նրան մի այլ տան մեջ փոխադրեցին։
Այստեղ նա բոլորովին մոռացվեցավ թե՛ ինքը իր համար և թե՛ իր ընտանիքի համար։ Նա մոռացել էր մինչև անգամ, թե ո՛րքան ժամանակով բանտարկել էին իրան։ Հիմա նրան աքսոր են ուղարկում, դարձյալ չգիտե, թե ինչո՛ւ համար են ուղարկում, և զարմանալին այն է, որ հետաքրքրություն ևս չունի գիտենալու, հրամայում են, նա խոնարհվում է։ Խոնարհվելու ընդունակությունը սաստիկ զարգացած է նրա մեջ։ Նա երբեմն հանդուգն է միայն դեպի իր կինը, բայց հլու է դեպի ամեն մի օտար մարդ։
Իմ երիտասարդ ընկերոջ նկարագրությունը Սիդոր Սիդորիչի մասին այն աստիճան գրավեց իմ ցավակցությունը դեպի այդ թշվառը, որ ես հարցրի նրանից.
— Ուրեմն դու որևիցե զեղծո՞ւմ ես գտնում այդ մարդու դատապարտության գործում։
— Այո՛, նույնպիսի մի զեղծում և նույն ձեռքով կատարված, որ քավոր Պետրոսի անունը արձանագրեց մեռածների ցուցակի մեջ։ Սիդոր Սիդորիչը աքսորվում է մի ուրիշ հանցավորի փոխարեն, որին վաղուց բաց են թողել։
— Իսկ եթե մի օր նրա կինը կմտածե որոնե՞լ իր ամուսնուն։
— Այն ժամանակ նրան էլ կգրեն բանտում մեռածների ցուցակում։
Դատաստանական վերանորոգություններից առաջ այս տեսակ զեղծումներ շատ էին պատահում, և ես զարմանում էի, թե ինչո՞ւ քավոր Պետրոսը մտածեց միայն իր ազատության մասին, իսկ իր ընկերների մասին հոգս չտարավ։
— Նա իրան ազատեց, որ ավելի դյուրություններ ունենա մեր մասին հոգ տանելու, — պատասխանեց երիտասարդը: — Նա կգա մեր ետևից և մինչև մեզ չազատե, չի հանգստանա։
Երիտասարդը չծածկեց ինձանից, հայտնեց այն ամբողջ ծրագիրը, որ խաչագողները կազմել էին իրանց մեջ, թե ի՛նչ միջոցներով պետք է փախչեն կես ճանապարհից, ապա հարցրեց.
— Կմիանա՞ս մեզ հետ։
— Ո՛չ, — պատասխանեցի ես։
Նա սկսեց զարմացած նայել իմ երեսին։
— Ուրեմն դու քեզ կորցնե՞լ ես ուզում։
— Ավելի լավ է մաշվել հանքերում, քան թե կրկին միանալ ձեզ հետ։
—Շատ կփոշմանես...— Ասաց նա և վշտացած հեռացավ ինձանից։
Մենք բոլոր ժամանակ խոսում էինք հայերեն, այն ևս խաչագողի բարբառով, և կասկած չունեինք, որ կհասկանան մեզ։
Գիշերից բավական անցել էր, հոգնած դատապարտյալները բոլորը խորին քնի մեջ էին։ Բայց քունը, տխուր սրտի միակ մխիթարությունը, ինձ մոտ չէր գալիս։ Դարձյալ ինձ երևում էր Նենեն, ինձանից չէր հեռանում անբախտ աղջկա սգավոր պատկերը...