Խաչագողի հիշատակարանը/Մաս IV/Թ
Թ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ավելի քան մի ամբողջ տարի անցել էր այն օրից, որ ես ծանոթացա Համրի հետ։ Այդ ժամանակամիջոցը պետք է իմ կյանքի ամենագեղեցիկ և ամենաբախտավոր մասը համարել: Ես նրանից շատ բան սովորեցա. նրա ազդեցության ներքո ես բոլորովին ուրիշ մարդ դարձա։
Ես թեև բարոյապես և մտավորապես զարգանում էի, բայց իմ մարմնական զորությունները օրըստօրե թուլանում էին: Տաժանական աշխատանքը հանքերի մեջ իսպառ մաշել էր ինձ։ Ինձ տարան հիվանդանոց։
Հիվանդանոցը աքսորականի համար մի դուռն է, որտեղից բացվում է ճանապարհ դեպի գերեզման։ Եվ ես ուրախ կլինեի, եթե ինձ վիճակվեր այդ ճանապարհով գնար: Կյանքը ձանձրացրել էր ինձ։
Կյանքը ձանձրալի է դառնում ավելի այն ժամանակ, երբ հասկանում ես նրա նպատակը և չես կարողանում ցանկացածդ կատարել։ Մինչև այնօր ես տգետ էի, ոչինչ չէի հասկանում, այդ պատճառով էլ հանգիստ էի։ Քայց երբ շատ բան սովորեցա, սկսեցի ավելի տանջվել։ Եթե անասուններին բնությունը շատ խելք տված լիներ, եթե նրանք դպրոց մտնեին, ավելի պահանջող կլինեին և երբեք չէին հոժարի կատարել այն բարբարոսական ծառայությունները, որ մարդիկ նրանց անել են տալիս։
Հիվանդանոցը դատապարտյալի ամենասիրելի օթևանն է։ Այստեղ նա ավելի հանգիստ է, այստեղ նրա հետ գոնե մարդու պես են վարվում։ Այստեղ նրան մշտապես չեն մտրակում, թեև երբեմն չարացած ֆելդշերը ծեծում է նրան, թե ինչո՞ւ չէր կատարել իր այս և այն պատվերը, ինչո՞ւ դեղը իր ժամանակին գործ չէր ածել, այսուամենայնիվ, կրկնում եմ, հիվանդանոցը դատապարտյալի հանգստության տեղն է, և այդ է պատճառը, որ նա փափագում է, որ իր հիվանդությունը երկարատև լինի, և ավելի բախտավոր է համարում իրան, եթե հիվանդության մահիճը բոլորովին գերեզմանի կփոխվի։
Բայց մեռնելը հեշտ բան չէ դատապարտյալի համար: Օրենքը մարդասիրական գեղեցիկ սկզբունքներ ունի։ Կախաղանի դատապարտված թշվառականն անգամ, երբ պատժի նշանակած օրը հիվանդանում է, այդ դեպքում պատիժը հետաձգում են, նրան առողջացնում են, հետո են կախաղան բարձրացնում։ Աքսորականը նույնպես մի հայտնի ժամանակամիջոց ունի տաժանական աշխատանքների մեջ ճգնելու, ապաշխարելու և իր մեղքերը քավելու։ Այդ ժամանակամիջոցը պետք է լրացնե նա։ Եվ եթե պատահում է նրան հիվանդանալ, աշխատում են առողջացնել, որ իր ապաշխարանքը վերջացնե։
Ես տարվեցա հիվանդանոց։ Ո՞րքան ժամանակ մնացի այնտեղ, ի՞նչ էր իմ հիվանդությունը, չեմ հիշում, այսքանը միայն չեմ մոռացել, որ ինձ առանձնացրել էին մյուս հիվանդներից և գտնվում էի տիֆով հիվանդների բաժնում։ Առաջին անգամ, երբ աչքս բաց արի, երբ փոքր-ինչ ուշի եկա, ինձ մոտ գտա հիվանդանոցի ծերունի սպասավորներից մեկին, որը կանգնած ինքն իրան մրթմրթում էր.
— Ինչպես ամուսինն է, այնպես էլ տիկինն է, ինչպես տիկինն է, այնպես էլ աղախինն է։ Աստված է վկա, լա՛վ մարդիկ են, այսպիսի մարդիկ մինչև այսօր չէ տեսել մեր հիվանդանոցը։
Արդյոք ո՞ւմն էին վերաբերում այդ խոսքերը, ես ոչ հետաքրքրվեցա և ոչ էլ հասկանալ կարողացա, իսկ նա դեռ շարունակում էր մրթմրթալ.
— Ի՜նչ բարի աղջիկ է, ո՜րքան խնամքով նայում է հիվանդներին, կարծես իր եղբայրները և հորեղբայրները լինեն,
— Ի՞նչ աղջիկ, — մեքենայաբար հարցրի ես։
— Այն աղջիկը, որ հիմա այստեղ էր. չտեսա՞ր, — զարմանալով հարցրեց նա։ — Այն օրից, որ դու պառկած ես, ճակատիդ թրջած քաթան ու սառույց էր դնում։ Ի՞նչպես չտեսար։
Այդ միջոցին մի օրիորդ դանդաղ քայլերով անցավ կորիդորից և անհետացավ մթության մեջ։
— Ահա այն աղջիկը, — Ասած ծերունին։ — Ոմանք ասում են՝ մեր նոր բժշկապետի աղախինն է, ոմանք ասում են՝ նրա կնոջ ազգականն է։ Ո՛վ որ էլ լինի, աստված է վկա, լավ աղջիկ է: Իսկ բժշկապե՜տը, կատարյալ հրեշտակ է, մեղք է նրան մարդ ասել։ Կմտնե հիվանդանոցը, կնստե ամեն մի հիվանդի մոտ, կխոսե, կհարցնե, հանաքներ կանե, սիրտ կտա, կմխիթարե։ Հետո կվեր կենա, ամեն բանի վրա կնայե, կմտնե խոհանոցը, կմտնե և այնտեղ, ուր մենք զզվանքով ենք մտնում։ Իսկ տիկինը կատարյալ հոգի է. օր չի լինի, որ հիվանդների համար թեյ, շաքար, սպիտակ պաքսիմաթ և զանազան քաղցրավենիք չբերե։ Կնայե նրանց անկողիններին, կնայե սպիտակեղեններին, և վայ այն սպասավորին, եթե մի փոքր անմաքրություն տեսնե։ Բայց առաջվա բժիշկները ու նրանց տրկինները, աստվա՜ծ ազատե, այսպես չէին, շատ սակավ անգամ էր պատահում, որ հիվանդանոցը ոտք կոխեին։ Պատահում էր, գնում ես պարոն բժշկապետի մոտ, ասում ես, «Պարոն բժշկապետ, խեղճը մեռնելու վրա է»... կա՛մ կոպիտ կերպով կպատասխաներ, թե ժամանակ չունի, կամ եթե չուզեր, վշտացնել քեզ, ծիծաղելով կասեր. «Թող հանգստանա»...
Ծերունի սպասավորի շատախոսությունը վերջ չուներ։ Ես ձանձրացա լսել նրան, թեև նրա խոսքերը զուրկ չէին չափազանց ջերմ և բարի զգացմունքներից։ Բնության մի առանձին խաղը պետք է համարեի որ երբեմն այսպիսի կոշտ, կոպիտ, անկիրթ ռամիկների մեջ դնում է քնքուշ սիրտ։ Նա հին զինվոր էր։ Դրանք են թշվառ հիվանդների մխիթարիչները, դրանք են ազատում նրանց սովից և ծարավից, դրանք են փակում նրանց աչքերը մահվան վերջին րոպեներում։ Պատահել են շատ դեպքեր, որ հիվանդը բոլորովին մոռացվել է և մեռել է ոչ թե հիվանդությունից, այլ քաղցից և ծարավից։
Մի շաբաթ անցել էր վերոհիշյալ խոսակցությունից։ Իմ առողջությունը օրըստօրե դեպի լավն էր գնում, ուշք ու միտքս համարյա վերադարձել էր, աչքերս այժմ համեմատաբար ավելի պարզ էին տեսնում, թեև դեռ սաստիկ թույլ էի զգում ինձ։ Մի օր նույն օրիորդը ծերունի սպասավորի հետ մտավ ինձ մոտ։ նա անցավ, վեր առեց իմ հիվանդության օրագրության թերթը, ուշադրությամբ կարդաց, որ տեսնե՝ ի՛նչ փոփոխություն է արել իմ գրությունը։ Քանի օր էր, որ նա ինձ մոտ չէր եղել։ Ես նայում էի նրա վրա, զննում էի հասակը,դեմքը, աչքերը, ձայնը և մի զարմանալի նմանություն էի գտնում... Կարծես, հասկանալով այդ, նա երեսը շուռ տվեց, սկսեց խոսել սպասավորի հետ։ Որքան էլ նսեմացած լիներ իմ տեսությունը, դարձյալ ես նրա երեսի վրա նկատեցի մի նշան, որ ինձ շատ ծանոթ էր։ Դա մի խալ էր, ուղիղ այն տեղում, ուր երկու հոնքերը, աղեղնաձև գալո՛վ, միանում էին միմյանց հետ։ Դա բնության մի առանձին հրաշալիքն էր, որ խիստ հազիվ է գտնվում կանանց դեմքի վրա։ Դա այն միջնակետն էր, որ կենտրոնացնում է իր մեջ դեմքի բոլոր գեղեցկությունը։ Նենեն միայն ուներ արարչի այդ հարուստ պարգևը։
Նա կրկին երեսը դարձրեց դեպի ինձ, նայեց իմ վրա, և, մի քանի պատվերներ տալով սպասավորին, պատրաստվում էի հեռանալ։ Այո՛, նա էր։ իմ սիրելի Նենեն էր։ Իմ մաշված կուրծքից դուրս պրծավ մի խուլ հառաչանք, ես խելագարի նման նետվեցա և փորձ փորձեցի գրկել նրան։ Ծերունի սպասավորը բռնեց ինձ։ Նա իսկույն հեռացավ, ասելով.
— Այդ հիվանդը իր խելքի առողջ դրության մեջ չէ...
Ես մնացի խորին ապշության մեջ։ Ի՞նչ էր այդ, երա՞զ էր, ցնո՞րք էր, թե խանգարված երևակայության պատրանք։ Ի՞նչ էր այդ։ Նենեի գեղեցիկ դեմքն էր, նրա վառվռուն աչքերն էին, նրա նուրբ, բարձր հասակն էր, նրա արծաթի հնչյուններով ձայնն էր։ Հայց մի՞թե կրակոտ, պարզամիտ, աներկյուղ Նենեն կարող էր իրան այնպես զգույշ և սառնասիրտ պահել։ Ո՞րտեղից հայտնվեցավ նա։ Եթե նա լիներ, չէր կարող զսպել իրան, անպատճառ կնետվեր, կգրկեր ինձ և կասեր. «Ահա ես գտա քեզ, ես այստեղ կմնամ, էլ քեզանից չեմ բաժանվի»։ Նա այսպես կվարվեր։ Այսպես վարվեցավ նա, երբ մի անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Այսպես վարվեցավ նա և այն օրը, երբ ինձ վարում էին դեպի աքսոր։ Նա չէր ուզում բաժանվել ինձանից, նրան բռնությամբ բաժանեցին։
Ահա այդ մտածությունները պաշարեցին ինձ գեղեցիկ տեսիլքը անցնելուց հետո։
Բայց մի՞թե չէր կարող պատահել, որ Նենեն այնքան տարվա մեջ փոխված լիներ։ Բավական տարիներ էին անցել այն օրից, որ անջատված էինք միմյանցից։ Մի՞թե չէր կարող պատահել, որ այն, թեև կիսավայրենի, բայց աշխույժ և ձիրքերով հարուստ բնավորությունը, մի առաքինի հոգու ազդեցության ներքո, մեղմանար, ազնվանար և բարի կրթություն ստանար։ Ես նույնպես մի վայրագ եղեռնագործ էի։ Բայց ի՞նչպես փոխվեցա։ Համրը ինձ բոլորովին այլ մարդ դարձրեց։ Մի՞թե միևնույնը չէր կարող պատահել և Նենեի հետ։ Ծերունի սպասավորի ասելով, նա գտնվում էր բժշկապետի ընտանիքի մեջ։ Գուցե այդ ընտանիքը ազդել էր նրա վրա, գուցե հենց նրանց հետ էր եկել, եթե ոչ, ո՞վ կբերեր նրան Սիբիր։
Վերջին ենթադրությունը ինձ ավելի հավանական էր թվում։ Բայց ես դեռ չէի տեսել այդ բժշկապետին և ոչ նրա կնոջը, թեև շատ անգամ այցելել էին ինձ մոտ։ Ես այդ միջոցներում հիշողությունս կորցրած եմ եղել։
Խաչագողի արհեստը թողել էր իմ մեջ մի առանձին սրամըտություն, այն է՝ շուտով ըմբռնել ամենանուրբ ակնարկությունները և իսկույն հարմարվել հանգամանքների հետ։ Ես հիշեցի այն խորհրդավոր խոսքերը, որ նա հեռանալու ժամանակ ասաց. «Այդ հիվանդը իր խելքի առողջ դրության մեջ չէ»... Այդ խոսքերով կամեցավ ծածկել նա, որ ես ճանաչեցի նրան, որ իմ և նրա մեջ եղել են հին հարաբերություններ։ Այդ խոսքերով կամեցավ արդարացնել իմ հոգու սաստիկ հուզմունքը, որը համարեց նա իբր իմ ուղեղի անառողջ դրության արտահայտություն։
Ես տարակույս չունեի, որ նա դարձյալ կայցելե ինձ, և մի քանի օր շարունակ սպասում էի նրան։ Մի անգամ նախասենյակից լսում եմ հետևյալ խոսակցությունը.
— Այժմ ի՞նչ դրության մեջ է խելագարը։
— Բավական հանգիստ է.
— Խե՜ղճ տղա... նա դեռ շատ ջահել է...
— Եվ պատվական մարդ է։
— Երկյուղ չկա նրա մոտ մտնելու։
— Զգուշությունը վատ բան չէ։
— Ուրեմն կապեցեք նրան։
Ծերունի սպասավորը ներս մտավ, ինձ կաշկանդեց։ Քանի րոպեից հետո ներս մտավ և նույն օրիորդը։ Այդ Նենեն էր, իսկ և իսկ Նենեն։
Այժմ ես իմ կատարյալ դերի մեջ էի, ոչ իբրև կեղծ խելագար, այլ իսկապես ինձ տիրեց մի տեսակ խելագարություն։ Ես մոռացա բոլոր այն պայմանները, որով նա սկզբից նախազգուշացրել էր ինձ։ Ես ամեն բան մոռացա և միայն տեսնում էի իմ առջև սիրելի աղջկան, որին նվիրել էի իմ սրտի ամենաջերմ զգացմունքները, տեսնում էի, և կատաղությունը տիրում էր ինձ, թե ինչո՞ւ ես չէի կարող գրկել նրան, ինչո՞ւ չէի կարող ասել. «Ահա մենք դարձյալ գտանք միմյանց, ապրե՛նք միասին և կյանք վայելենք»... Եթե առաջվա ուժս կորցրած չլինեի, ես անպատճառ կկոտրատեի այն շղթաները, որոնցով կապված էին իմ ձեռքերն ու ոտները, և նրան կսեղմեի իմ կուրծքին, ասելով. «Մենք այլևս չենք բաժանվի միմյանցից»... Բայց ես միայն գոռում էի, գոչում էի, աղաչում էի արձակել ինձ, սպառնալիքներ էի կարդում, այս կողմ ու այն կողմ էի նետվում, խնդրում էի Նենեից, որ գոնե ինքը մոտենա ինձ։ Նա քաշվեցավ դեպի դուռը, ասելով.
— Խղճալիի դրությունը ամենևին չէ փոխվել...
— Նա միայն ձեզ տեսնելու ժամանակ այսպես անհանգիստ է լինում, —նկատեց ծերունի սպասավորը։
— Այդ իրավ է, — պատասխանեց օրիորդը առանց շփոթվելու։ —Խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն, դա երևի, իմ մեջ գտնում է նմանություն մի որևիցե կնոջ, որի՝ հետ կապեր է ունեցել։
— Ճշմարիտ է, խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն, — Համաձայնեցավ ծերունի սպասավորը։ — Մենք ունենք մեկը, որը ամեն անգամ ինձ տեսնելիս հարձակվում է իմ վրա, որ կտրատե ինձ։ Մյուս սպասավորները նրա մոտ մտնելու ժամանակ հանգիստ է։ Նա միշտ երևակայում է մի ինչ-որ ընկերին, որ նրան մատնել է, և իմ մեջ նրա նմանությունն է գտնում։
Օրիորդը կռացավ և հազիվ լսելի ձայնով ասաց ծերունու ականջին.
— Տեսեք, եթե ես այժմ երեսս ծածկեմ և մոտենամ նրան, նա այլևս ոչինչ չի անի:
Ես, իրավ որ, այժմ հանգիստ էի, հասկանում էի նրա դիտավորությունը, հասկանում էի, որ իմ անխոհեմ վարմունքով մատնում էի նրան։ Նա երեսի քողը ցած ձգեց և կամաց մոտեցավ փոքրիկ սեղանին, որ դրած էր իմ գլխի մոտ։ Նրա վրա մի ամանի մեջ ջուր էր դրած և մի կտոր հաց։ Նա վեր առեց ջրի ամանը, հոտոտեց և, դառնալով դեպի սպասավորը, ասաց,
— Այդ ջուրը բոլորովին թարմ չէ, պետք է փոխել։
— Կփոխեմ, օրիորդ, — պատասխանեց ծերունին:
— Այս րոպեիս փոխեցեք։
Ծերունին վեր առեց ամանը և հեռացավ:
Նա շրթունքը մոտեցրեց իմ շրթունքներին և հազիվ լսելի ձայնով ասաց.
—Կարդա այս տոմսակը և սպասիր ինձ...
Նա դրեց իմ բարձի տակին մի թղթի կտոր։ Կորիդորից լսելի եղավ ծերունի սպասավորի ծանր քայլերի ձայնը: Նենեն հեռացավ ինձանից և մոտեցավ դռանը։ Ծերունին բերեց ջուրը, դրեց իր տեղում։
Նա կրկին անգամ նայեց իմ երեսին և հեռացավ։ Ա՜խ, ո՜րքան սրտաշարժ խոսքեր կային այդ լուռ նայվածքի մեջ։ Դրսից լսելի եղավ նրա պատվերը սպասավորին,
— Հիմա կարող եք արձակել նրան, միայն դռները կողպած պահեցեք։
Ծերունին ներս մտավ, բաց արեց իմ ձեռքերն ու ոտները և դուրս գնաց, իր ետևից դուռը կողպելով։ Ես իսկույն վեր առի բարձի տակում թողած տոմսակը և սկսեցի կարդալ։ Նրա բովանդակությունը խիստ կարճ էր, երկու տող միայն, բայց այդ երկու տողը պարունակում էր իր մեջ ինձ համար անսահման բախտավորություն։
«Մուրադ, կիրակի գիշերը, երկու ժամին, սպասիր ինձ, ես քեզ մոտ կլինեմ։ Նենե»։
Հարյուր անգամ կարդացի այդ երկու տողը, հարյուր անգամ շրթունքիս վրա սեղմեցի, բայց դարձյալ չէի կշտանում : Նրանից, այդ անշունչ թղթի կտորից փափագում էի առնել սրտիս կարոտը։ Նրա մատներն էին գրել, նրա սիրտն էր դրած նա մեջ։ Բայց ո՞վ սովորեցրեց նրան գրելը...
Հիվանդանոցի այն մասը, ուր այժմ զետեղված էի ես, բաժանված էր մյուս մասերից, այստեղ պահվում էին միայն խելագարները և վարակիչ հիվանդները։
Նենեն այլևս չհայտնվեցավ։ Մինչև կիրակի դեռևս չորս օր կար։ Այդ չորս օրը ավելի երկարաձիգ էր թվում ինձ, քան թե չորս տարի: Բայց աքսորականը սովորում է սպասել։ Ես խորին անձկանոք սպասում էի։
Բժշկապետը նույնպես չէր հայտնվում, երևի նա ինձ բոլորովին առողջացած էր համարում։ Միայն երբեմն մտնում էր ծերունի սպասավորը և իր շատախոսություններով զբաղեցնում էր ինձ։ Այդ բարեսիրտ ծերունին այնքան երկար տարի ծառայել էր հիվանդանոցում, որ համարյա կես բժիշկ էր դարձել։ Նա ծաղրում էր ֆելդշերների կատարած հիմարություններր, ծաղրում էր դեղարարի տգիտությունը, թե ինչպես նա շատ անգամ խառնում է դեղերը և թույնը հասարակ քինայի փոխարեն է տալիս։ Պատմում էր զանազան սարսափելի դեպքեր, որ առաջ էին եկել կա՛մ դեղերը խառնելուց, կա՛մ նրանց չափն ու կշիռը չհասկանալուց: Ուրախանում էր, որ նոր բժշկապետը առաջարկել է փոխել այդ բոլոր «անպիտաններին» և դիտավորություն ունի նոր կարգեր մտցնել հիվանդանոցի մեջ։ Նա հիացած էր նոր բժշկապետով և միշտ կրկնում էր միևնույն խոսքերը նրա տիկնոջ և մանկահասակ օրիորդի մասին։
Վերջապես եկավ կիրակին։ Ես սարսափելով մտածում էի, թե ի՞նչպես պետք է անցկացնեմ այդ օրը, թե ի՞նչպես պետք է սպասեմ մինչև գիշերվա ժամը երկուսը։ Իսկ այնօր, որպես կարծում էի, ինձ համար ծանր չանցավ։
Համրը թույլտվություն էր խնդրել ինձ տեսնելու, եկավ և ժամերով մնաց ինձ մոտ։ Թեև այժմ նրա փիլիսոփայությունները շատ հետաքրքրական չէին ինձ համար, բայց, այնուամենայնիվ, նրա այցելությունը բավական մխիթարեց ինձ։
Համրը ինձ մոտ եղած միջոցին ներս մտավ բժշկապետը։ Նրան ես ճանաչեցի, թեև այժմ փոքրիկ մորուք ուներ։ Զարմանալի բան է կյանքի մեջ դեպքերի հանդիպումը։ Այդ երիտասարդին ես պատահել էի իմ կյանքում մի քանի անգամ։ Երբ ես կալանավորվեցա, երբ ինձ տարան քննիչի մոտ հարցուփորձ անելու, այդ երիտասարդը, իբրև. քաղաքային բժիշկ, այնտեղ ներկա էր։ Երբ դատարանում քննում էին իմ գործը, և ես մանրամասնաբար պատմում էի դատավորներին իմ կյանքի պատմությունը, որպեսզի նրանց կարեկցությունը և բարոյական համոզմունքը շարժեմ իմ անմեղության վրա, այդ երիտասարդը դարձյալ այնտեղ էր։ Երբ ինձ աքսորի դատապարտեցին, և սարսափելի գանահարությունից հետո գիշատված մարմնով ընկած էի բերդի հիվանդանոցում, այդ երիտասարդն էր ինձ բժշկում։ Նա գիտեր իմ կյանքի բոլոր պատմությունը, նա հետաքրքրված էր այդ դժբախտ պատմությունով։ Նա գիտեր, թե ո՛րպես, հակառակ իմ կամքի, անխուսափելի հանգամանքները ձգեցին ինձ չարագործության մեջ։ Եվ այդ գրավել էր նրա կարեկցությունը դեպի իմ թշվառությունը։
Նա նախածանոթ էր և Նենեի հետ։ Նա գիտեր այդ անբախտ աղջկա պատմությունը իր բոլոր մանրամասնություններով։ Նրա միջնորդությամբ Նենեն առաջին անգամ մտավ ինձ մոտ բանտը։ Նրա բարերարությանը հանձնեցի ես անտեր, անօգնական աղջկան, այն ժամանակ, երբ մի քանի օրից հետո ինձ պետք է վարեին դեպի աքսոր։ Նա էր, որ բանտում մխիթարեց ինձ այդ խոսքերով, «Հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան»...
Այժմ ամեն ինչ ինձ համար պարզ էր։ Հիշյալ խոսքերը ասաց նա մի քանի տարի առաջ, և ես այս գիշեր պիտի տեսնեի Նենեին։ Այժմ ես գիտեի, որ երիտասարդը հենց այն ժամանակ, երբ ես անջատվեցա Նենեից, առել էր նրան իր խնամակալության ներքո, և հետո, պաշտոնով այստեղ գալով, բերել էր իր հետ։
Չնայելով այդ բոլոր հին հարաբերություններին, բժշկապետը ծանոթություն չտվեց ինձ։ Նա երկար խոսում էր Համրի հետ, առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու։ Նրանց խոսակցությունը ես չէի հասկանում, որովհետև խոսում էին գերմաներեն լեզվով։ Այդ լեզուն ես չգիտեի։
Բժշկապետի գնալուց հետո Համրը ավելի ուրախ տրամադրության մեջ էր գտնվում։ Այդ մարդը այն բնավորություններից էր, որ հազիվ կուրախանար, և եթե ուրախ էր, այդ կնշանակեր, որ մի նշանավոր բան կա։ Ի՞նչ կար, ի՞նչ խոսեցին, ի՞նչ էր, որ ուրախացնում էր այդ մշտատխուր երիտասարդին՝ այդ մասին նա ոչինչ չհայտնեց։ Ես էլ իմ կողմից չհարցրի պատճառը։ Նրա ներկայությունը, որ սկզբում այնքան մխիթարում էր ինձ, այժմ ձանձրալի դարձավ։ Ես ցանկանում էի միայնակ մնալ և հագենալու չափ մտածել Նենեի վրա։ Ես չէի ներում, որ մի ուրիշի ներկայությունը խանգարեր այդ գեղեցիկ մտածությունները։
Համրը երկար չնստեց, նա գնաց և ինձ ձեռք տալու միջոցին ասաց այդ մթին խոսքերը.
— Հանգիստ կացեք, շուտով ձեզ փրկություն կլինի...
Ես ուշադրություն չդարձրի այդ խոսքերի նշանակության վրա, կարծեցի, թե իմ հիվանդությունից փրկվելու մասին էր խոսքը։ Բայց այժմ ես չէի ցանկանում առողջանալ հիվանդությունից, այժմ ինձ խիստ ծանր էր թողնել հիվանդանոցը։ Ես կամենում էի միշտ այնտեղ մնալ և առիթ ունենալ տեսնելու Նենեին։