Խելագարը
ԽԵԼԱԳԱՐԸ
Սարաֆյանի պատմությունը
Մենք նստած էինք Գարեգին Սարաֆյանի մոտ։ Չեմ հիշում ինչպես, խոսք բացվեց զանազան հոգեկան հիվանդությունների մասին։ Տանտերը չէր մասնակցում խոսակցությանը, նա զբաղված էր մեզ համար թեյ պատրաստելով, թեև ուշադրությամբ լսում էր խոսակցությունը։
— Պարոններ,— հանկարծ դարձավ նա մեզ,— եթե կամենաք լսել, կպատմեմ ձեզ մի իրողություն, որ տեսել եմ իմ կյանքում։ Նյութը վերաբերվում է ձեզ հետաքրքրող խնդրին։
Երեկոն ձմեռային էր. դուրսը ձյուն էր գալիս, իսկ վառարանում ուրախ-ուրախ վառվում էր կրակը։ Հաճելի էր մեզ համար նստել տաք սենյակում և թեկուզ մինչև լույս զբաղվել ընկերական զրույցներով։ Սարաֆյանը մի քանի փայտ ավելացրեց վառարանի մեջ, մի ծխախոտ վառեց, նստեց բազկաթոռի վրա և այսպես սկսեց իր պատմությունը։
Այն ժամանակ, պարոններ, ես նոր Էի սկսել ուսուցչություն անել։ Դուք գիտեք հայ վարժապետի դրությունը. ռոճիկս այնքան քիչ էր, որ հազիվ կարողանում էի չոր գլուխս պահել։ Այս պաաճառով ես ապրում էի ամենաաղքատ սենյակներում, ճաշում էի ամենաէժան պանդոկներում։
Մի անգամ ստիպված էի բնակարանս փոխել։ Պաշտոնակիցներիցս մեկն ասաց, թե մի աղքատ հայ ընտանիք մի ավելորդ սենյակ ունի. կարող եմ վարձել և մեծ բարություն արած կլինիմ այդ ընտանիքին։ Խնդրեցի նրան ցույց տալ այդ սենյակը։
Պաշտոնակիցս առաջնորդեց ինձ քաղաքի (թե որ քաղաքի, այդ ինքներդ գուշակեցեք) կենտրոնից հեռու մի նեղ փողոց։ Մենք մտանք մի կեղտոտ բակ, որի խորքում շինված էր երկհարկանի մի տուն։ Փայտյա նեղ, ծուռումուռ սանդուղքներով բարձրացանք վերին հարկը։ Պաշտոնակցիս ասած աղքատ ընտանիքն այստեղ էր բնակվում։ Նա տարավ ինձ մի շատ մութ տեղ։ Առաջին նվագ, պարոններ, ես ոչինչ չէի տեսնում։ Հազիվ կարողանում էի խարխափելով հետևել առաջնորդիս, բայց երբ աչքերս ընտելացան, նշմարեցի, որ գտնվում եմ մի լայն և երկայն նախագավթում, որի առաստաղը ցածր էր, հատակը կեղտոտ, պատերը փոշոտ, սարդի ոստայններով ծածկված։ Աջ ու ձախ կողմերում երևում էին դռների ձևով մութ խորշեր, իսկ մի տեղից կտուրի միջով թափանցում էին լուսո բարակ շողեր։
Պաշտոնակիցս բաց արավ նախագավթի ծայրում գտնվող ապակյա դռները, ինձ հրավիրեց ներս։ Նույն միջոցին ձախ կողմի ուրիշ դռներից դուրս եկավ մի մարդ։ Դա մոտ քսանուհինգ տարեկան երիտասարդ էր կարմիր երեսով, շեկ մազերով և մանր, անդուրեկան աչքերով։
— Սերգո, բարով,— դարձավ պաշտոնակիցս նրան,— պարոնը սենյակ է ուզում։
Սերգո կոչվածը, ռուս մուժիկի պես ուսերը ծռելով, մոտեցավ և այնպես ամուր սեղմեց ձեռս, որ, կարծես, ուզում էր զգացնել տալ ինձ յուր ուժը։
Երևակայեցեք, պարոններ, հինգ քայլ երկայնությամբ, երկու քայլ լայնությամբ, մարդու հասակից մի թիզ բարձր մի արկղ և դուք կիմանաք ինչ էր այդ սենյակ ասված բանը։ Առանց երկար խոսակցելու վարձեցի ես այդ արկղը, որովհետև, նախ՝ ես այդ օրն անպատճառ ստիպված էի նախկին սենյակիցս դուրս գալու, երկրորդ՝ արկղը շատ էժան էր — ամսական յոթը ռուբլի տաք սամովարով։
Մի ժամից հետո ես կոտրած չեմոդանս տեղափոխեցի և, հարմարվելով նոր բնակարանիս, շարունակում էի խաղաղ կյանքս։ Բացի Սերգոյից, առայժմ ոչ ոքի երես չէի տեսնում։ Միայն առավոտները մշեցի մի մշակ գրասեղանի տեղ ծառայող սեղանիս վրա գնում էր ժանգոտած սամովարը, արկղը սրբում և գնում էր։ Առավոտյան ութ ժամին գնում էի ուսումնարան, դասերս ավարտում երկուսին, ճաշում էի պանդոկում և զբոսնում, իսկ մութն՝ ընկնելիս տուն էի վերադառնում։ Ովքեր էին բնակարանիս տերերը և ինչ մարդիկ — չգիտեի և չէի էլ ուզում իմանալ։ Գիտեի միայն, որ նրանք կենում են սենյակիս աջ ու ձախ պատերի հետևում, լսում էի երբեմն կանանց և աղա մարդկանց խառն ձայներ, ուրիշ ոչինչ։
Անցել էր մի շարաթ։ Մի երեկո ես շատ զբաղված էի։ Սեղանիս վրա հավաքել էի աշակերտներիս ձեռագրները։ Այդ երեկո պետք է կարդայի և ուղղեի տետրակների մի մեծ կապ։ Արդեն կեսգիշերից անց էր, երբ գործս վերջացրի, պառկեցի քնելու, սովորությանս համեմատ կանթեղը նախապես հանգցնելով։
Շատ էի քնել թե քիչ — չգիտեմ, պարոններ, բայց հանկարծ մի տարօրինակ Բան ինձ զարթեցրեց. այո՛, տարօրինակ և երկյուղալի բան։ Ճակատիս վրա ես զգացի սառն և խոնավ մի ծանրություն և ամբողջ մարմինս ցնցվեց։ Ես աչքերս բաց արի և ի՞նչ տեսա... ուղիղ անկողնակալիս մոտ, անշարժ և անխոս կանգնած է մի պատկեր։ Փոքրիկ լուսամուտից ներս թափանցող գիշերային աղոտ լույսը հազիվ լուսավորում էր այդ պատկերը։ Նա ոտից մինչև գլուխ հագած էր սպիտակ, թափանցիկ հագուստ։ Նրա կուրծքը բաց էր, երկար մազերն անկանոն սփռված էին ուսերին։
Ձեզ հայտնի է, պարոններ, ես շատ էլ վախկոտ մարդ չեմ և ոչ էլ այնքան սնահավատ, որ հավատայի գիշերային ոգիների այցելությանը։ Իսկ այն ժամանակ ես ունեի ավելի ամուր նյարդեր, քան թև այժմ։ Սակայն դարձյալ սարսափն ինձ համրացրեց։ Դա երազ չէ․ ես լեզուս կծելով ցավ էի զգում, ոչ, երազ չէր։ Այնինչ ճակատիս ծանրությունն ավելի ճնշում էր, ինչպես սառույցի ահագին բեկոր։ Ես փորձեցի գլուխս բարձրացնել, նա կպել էր բարձին. ես փորձեցի գոռալ, ձայնս չէր հնազանդվում իմ կամքին։ Օ՛, տասը տարի է անցել այն օրից և այդ տեսարանն այժմս էլ հիշելիս սարսուռ եմ զգում։
Ականջիս հասավ մի բարակ և նվազ ձայն։
— Տաքությունը սաստկանում է, այս գիշեր դու չորս անգամ կմեռնիս...
Ձայնը պատկանում էր գլխիս մոտ արձանացած պատկերին, իսկ այն խոնավ, սառն և ամուր բանը, որ ճակատիս կպել էր, նրա ձեռն էր։
Մի ուժգին շարժումով հեռացրի այդ ձեռը. ուզում էի վեր կենալ։ Նույն վայրկյանին սենյակիս դռները բացվեցին, ներս սահեցին երկու ինչ-որ մութ, սև պատկերներ։ Մի ակնթարթում այդ մութ պատկերները գրկեցին գլխիս մոտ կանգնած սպիտակ արարածին և անհայտացան, ինչպես գերեզմանային ուրվականներ։
Այս բոլորը կատարվեց ավելի կարճ միջոցում, քան ես պատմում եմ։ Այնուհետև սենյակումս տիրեց երկյուղալի լռություն, լսվում էր միայն իմ ծանր շնչառությունը։
Գաղտնիքը, պարոններ, մի գրավիչ հատկություն ունի, գրավիչ մանավանդ երբ նա սարսափելի է։ Այդ արտաքին ուժ չէ, նա բնակվում է մեր մեջ — դա հետաքրքրության անհաղթելի հովին է, որ ոչ մի վտանգավոր անիմացականության առջև կանգ չի առնում։
Ես վախեցած էի, ես դողում էի, ատամներս սաստիկ զարկվում էին միմյանց, ինչպես ցրտից կաշկանդված, բայց, միևնույն ժամանակ, ներքին ուժը դրդում էր ինձ իմանալ, ինչ է կատարվում իմ շուրջը։ Ես մոտեցա սեղանիս, խավարի մեջ մի կերպ գտա լուցկիամանը և կանթեղս վառեցի։ Առանց մի բան հագնելու, միայն գիշերային հագուստով մոտեցա կիսով չափ բաց դռներին։ Ես նայում էի դեպի գավիթ մի ձեռումս կանթեղը, իսկ մյուս ձեռով դուռն այնպես բռնած, որ եթե դրսից մի բան սպառնա, իսկույն ծածկեմ։
Մի տարօրինակ գործողություն էր կատարվում այնտեղ, նախագավթի խորքում։ Կարծես, հատակի վրա քաշքշում էին մի ծանր մարմին։ Խուլ աղմուկի միջից լսեցի կանացի մի սուր ճիչ։ Այնքան ազդու և հուսահատական էր այդ ճիչը, որ, կարծես, մեկին այնտեղ խեղդում էին։ Հետաքրքրության նույն անհաղթելի ուժից դրդված դուրս եկա սենյակիցս։ Կանթեղիս լույսը ուղղել էի դեպի առաջ և քայլում էի դեպի այն կողմը, որտեղից լսվում էր սուր ճիչը։
Տեսարանը պարզվեց խավարի մեջ։ Երկու սև պատկերները մի անկյունում ձգել էին այն սպիտակ պատկերին, մեկն ամուր բռնել էր ձեռները, մյուսն անընդհատ հարվածներ էր տալիս։ Սպիտակ մարմինը հատակի վրա թավալվում էր այս ու այն կողմ, աղաղակում էր, ծվվում, գոռում, աշխատում էր դուրս պրծնել ծեծողների ձեռից։ Ես բոլորովին մոտեցա․ դա մի երիտասարդ առողջ կին էր, գիշերային հագուստով, գլխաբաց, ոտաբաց։ Սև պատկերներից մեկն ալեխառն մազերով նիհար մարդ էր։ Իսկ մյուսն ինձ ծանոթ էր. դա այն Սերգո կոչվածն էր, որ իմ ձեռս այնպես ամուր սեղմեց։ Այժմ այդ կոպիտ երիտասարդն յուր բռունցքի ամբողջ ուժը ցույց էր տալիս հատակի վրա թավալվող կնոջ ուսերի վրա։
— Ինչո՞ւ եք ծեծում,— գոռացի ես, բռնելով նրա ձեռը։
Նա կանգ առավ, նայեց երեսիս, ծերունին նույնպես, և երկուսն էլ, կարծես, ամաչելով, գլուխները թեքեցին իրենց կրծքին։ Երիտասարդ կինը, հատակի վրա սողալով, հետ ու հետ քաշվեց և կպավ պատին։ Նա դժվարությամբ էր շնչում, բերանից փրփուր էր գալիս, դեմքը թղթի պես գունատ էր, իսկ աչքերը, կարմրած, վառված աչքերն անմիտ հայացքով ուղղված էին դեպի ինձ։
— Դա էր, ա՛յ դա էր,— սկսեց նա գոռալ,— դուք ուզում էիք նրան քաշ տալ կտուրում, խեղդել, կաշին հանել, միսը խորովել, ահա՛։ Անաստվածներ, ինչո՞ւ եք ծեծում ինձ, թողեք վազեմ, շորերս բերեք... լանդոն սպասում է... Ալբերտ հողեմ գլուխդ, Ալբերտ, ինձ թողիր հա՞ա, փախար հա՞ ա... Հայրիկ, փեշերդ սրբիր, պա, պա, պա, ինչ սիրուն տղա ես... շորերս... վահ, ամոթ ձեզ, ես տկլոր եմ, ցուրտ է․․․ Ծածկեցե՛ք ինձ...
Եվ նա շապկի եզրը քաշելով ծածկեց սպիտակ կուրծքը և ավելի սեղմվեց պատին։ Ես տակավին ապշած նայում էի, թեև կիսով չափ գուշակում էի սոսկալի տեսարանի իմաստը։
— Պարոն,— ասաց ինձ ալեխառն մազերով մարդը, դա իմ աղջիկն է, մի քիչ․․․ըըը.... տկար է...
— Ներեցե՛ք,— կոշտ ձայնով ավելացրեց Սերգոն,— քույրս ձեզ անհանգսաացրեց, ես մոռացա ձեզ ասելու, որ գիշերն երբ ձեր սենյակի դռները կողպած պահեք։
Այս ասելով, նա աքացի տվեց քրոջը և գոռաց․
— Վե՛ր կաց, փչացած, վեր կաց, կորի՛ր սենյակդ։
Բանը պարզվեց։ Խելագարին պահում էին առանձին սենյակում, որի մուտքը նախագավթի ձախ կողմի դռներն էին՝ իմ դռներին կից։ Գիշերը հանկարծ նրա կատաղությունը գրգռվում է, նա դուրս է փախչում և մտնում իմ սենյակը։
Ոչ ոք ինձ չէր զգուշացրել այդ վտանգավոր արարածի մասին, եթե ոչ, հարկավ, ես կամ չէի տեղափոխվիլ, կամ տեղափոխվելուց հետո զգույշ կլինեի։
Մի կերպ խաղաղացրի դժբախտին։ Նա իր կամքով հանդարտ վեր կացավ և գնաց, փակվեց յուր սենյակում։ Այս անսպասելի տեսարանը չխլեց իմ քունը, ես կարողացա քնել։ Մյուս օրը մտածում էի — մնա՞լ, թե՞ տեղափոխվել ուրիշ բնակարան։ Վճռեցի մնալ, բայց զգույշ լինել։
Ես երբեմն պատահում էի խելագարին նախագավթում։ Այնտեղ նա, ուսերին մի սև շալ գցած, միշտ բաց գլխով անցուդարձ էր անում ծանր և անլսելի քայլերով, ինչպես մի մռայլ ստվեր։ Խաղաղ դրության մեջ նա բավական գեղեցիկ էր։ Նա միջահասակ էր, դեմքի գույնը թարմ, անիմաստ աչքերը խոշոր, մոխրագույն։ Գեղեցիկ էին նրա հոնքերն ու ճակատը։ Երկար ժամանակ անլվա մնալուց և չսանրվելուց նրա թանձր մազերը խճճվել էին և նմանվում էին ոչխարի բրդի, իսկ կոկորդը և պարանոցը ծածկված էին կեղտի ծալքերով։
Նրա լռությունը, անմիտ հայացքները և դեմքի ծռմռվելն ինձ վախեցնում էին, ուստի բարվոք էի համարում հետը խոսել։ Բայց նա ինձ չէր պատասխանում, միայն քթի տակ ինչ-որ մրթմրթում էր և, հետ ու հետ գնալով, մտնում սենյակը։
Մի անգամ տուն վերադառնալիս նախագավթի դռների մոտ նա ինձ տվեց քառակուսի ծալած թղթի մի կտոր և ասաց․
— Կարդա՛, Ալբերտի նամակն է։ — Ալբերտն ո՞վ է,— հարցրի ես, կամենալով գեթ մոտավորապես իմանալ նրա իդե-ֆիքսը։
— Ալբերտն իմ ծնողների աչքը հանեց,— պատասխանեց նա,— քո հոգին էլ պիտի հանի, բաս, բաս, Ալբերտը... կարդա՛ նրա նամակը...
Այս ասելով, նա ծափ տվեց և ոստոստալով վազեց յուր սենյակը։ Ես շտապեցի բաց անել նրա տված թուղթը։ Մատիտով ծուռումուռ տառերով գրված էին այնտեղ մի քանի անմիտ բառեր, որքան հիշում եմ այսպես... «ուղղական հոլով մարդ, սեռական հոլով Ալբերտ, աղավնին աղավնուն պաչում էր, ինձ էլ պաչեց»։ Հետո նկարված էր մի մարդու գլուխ և տակին գրված. «Ծիծեռնակ, ծիծեռնակ, դու գարնան սիրուն թռչնակ... Արի գեղեցիկ...»։
Հարկավ, ոչինչ հասկանալ չէր կարելի այս խոսքերից։
Բայց մի բան ինձ շատ հետաքրքրեց — այդ Ալբերտ անունն էր։ Խելագարը, երբ ամեն անգամ խոսեցնում էի նրան, այդ անունն էր կրկնում և ինձ էլ այդպես էր անվանում։ Արդյոք, օրիորդի խելագարությունը կապ չունի այդ անվան հետ, մտածում էի ես։ Մի օր փորձեցի նրա հետ խոսել Ալբերտի մասին։ Նա ինձ հայհոյեց, ասելով, թե ես սատանա եմ, ուզում եմ իրեն խաբել։
Երբեմն Սերգոն գալիս էր ինձ մոտ։ Հետաքրքրությունը դրդում էր ինձ խոսել նրա քրոջ մասին, բայց ամոթը զսպում էր լեզուս։ Ես տեղեկացա նրանց կյանքի մի քանի հանգամանքներին։ Ընտանիքն ապրում էր շատ աղքատ։ Տանն ամեն ինչ, որ արժեք ուներ, ծախված էր կամ գրավ դրված։ Նրանց եկամուտի միակ աղբյուրը Սերգոյի մեծ եղբայրն էր, որ Բաքվում գործակատար էր և այնտեղից օգնում էր ծնողներին։ Իսկ Սերգոն անգործ էր և, ինչպես երևում էր, վերին աստիճանի ծույլ և ինքնահավան արարած էր։ Նրա՝ տարիքով տակավին երիտասարդ՝ մայրը ժամանակից առաջ թառամել էր ծանր հոգսերի տակ։ Նա էր կատարում տան գործերը։ Երբեմն գալիս էր նրան օգնելու նրա մեծ քույրը, որն ամուսնացած էր մի դերձակի հետ։
Մի օր ցերեկով, նստած սեղանիս մոտ, բարեկամներիցս մեկին նամակ էի գրում։ Այն սարսափելի տեսարանից հետո ես սենյակիս դռները ցերեկներն էլ կողպած էի պահում։ Իմ ուշքը գրավեց մի ձայն, նայեցի․ խելագարը, կրծքին մի հրացան սեղմած, խողովակի բերանը դռան ապակիի միջով ուղղել էր դեպի ինձ։ Վեր թռա տեղիցս. մեջքս կռացած մոտեցա, բաց արի դռներն և ամուր բռնեցի նրա ձեռները։ Հրացանը դատարկ էր, ջախջախված ու ժանգոտ։
Մի ուրիշ անգամ ես կարդում էի, մոռացել էի դռները կողպել։ Հանկարծ մեկն ամուր քաշեց մազերս։ Անկոչ հյուրը ներս էր մտել և, մի բութ դանակ ձեռին բռնած, ասում էր, թե պետք է գլուխս կտրի։ Բայց այդ մի դատարկ սպառնալիք էր, խելագարի կատակներից մեկը։ Նրա դանակը, եթե երեք օր էլ մի բանի քսեիր, մազի չափ չէր կտրիլ։ Նա բարձր ձայնով ծիծաղեց, կրկնելով․
— Վախկոտ, վախկոտ։
Ես հրավիրեցի նրան նստել։ Այդ օրը նա երկար խոսեց ինձ հետ վայր ի վերո, այնուհետև մենք բարեկամացանք։ Ես գտել էի նրա հետ վարվելու եղանակը։ Ինչ որ ասում էր, ինչ անմիտ բանի վրա խոսում էր, ես լսում էի նրան խորին ուշադրությամբ։ Ես չէի հակառակում նրան, ոչ մի կասկած չէի հայտնում, մանավանդ չէի ծիծաղում։ Այդ դուր էր գալիս նրան, և նա արժանի էր համարում ինձ յուր հետ խոսել, գուցե ինձ իրան հավասարը համարելով։ Պատահում էին րոպեներ, երբ, կարծես, նրա գիտակցությունն արթնանում էր, խավար միտքը պարզվում էր կայծակի անցողիկ լույսի պես։ Այդ րոպեներին նրան տիրում էր մի տեսակ թախիծ, և նա լուռ նայում էր լուսամուտի միջով հեռու, հեռու, դեպի այն անվերջ հորիզոնը, որ երևում էր իմ անշուք սենյակից։ Հետո նա ինքն իրան կրկնում էր․
— Ես շատ լավ աղջիկ էի... ես շատ լավ աղջիկ էի․․․
Եվ հառաչում էր։ Ո՛րքան ծանր էր ինձ համար այդ հառաչանքը, ո՛րքան սիրտ թափանցող։ Ես ցանկանում էի իմանալ, արդյոք, այդ վայրկյանին զգո՞ւմ է նա յուր դժբախտությունը, զգո՞ւմ է նա յուր ուղեղի հիվանդությունը։
— Դուք այժմս էլ լավ աղջիկ եք,— ասացի ես մի անգամ։ Նա ծիծաղեց, բերանը լայն բանալով և ցույց տալով սպիտակ ատամների շարքը։ Հետո ուսիս խփեց և, կրկին մոտենալով լուսամուտին, ասաց բարձր ձայնով.
— Իմ ոտք ու ձեռքը կապել են, ինձ բանտ են ձգել։ Ալբերտն այնտեղ է, ա՛յ, ես էլ եմ ուզում, հեռու, այն սարերի վրա, այն անտառներում վազել, վազվզել։
Եվ նա, գուցե կարծելով թե յուր ցանկացած տեղերումն է, սկսեց կատաղի պտույտներ գործել, երբեմն դիպչելով փոքրիկ սենյակիս պատերին։
Պարբերաբար, ամիսը մեկ անգամ Մարթան կատաղում էր։
Երկու-երեք օր շարունակ նրա առջևը կանգնել չէր լինում։ Ինչ որ ընկնում էր ձեռքը, կոտրում էր ու փշրտում, շպրտելով սրա ու նրա վրա։ Նրա սենյակն իմ սենյակին կից էր. մեզ բաժանում էր միայն մի շատ բարակ միջապատ։ Ես լսում էի երբեմն նրա ողորմելի ճիչը, երբեմն կատաղի քրքիջը և երբեմն ոտների սաստիկ դրմփոցը։
Մի օր նրա մայրը գունաթափված մտավ սենյակս։
— Որդի,— ասաց նա,— նեղություն քաշիր, եկ, կարելի է քեզանից ամաչի։
Շտապեցի հետևել նրան։ Խելագարն իր վրայի հագուստը պատռել էր, այժմ կրծոտում էր մատները։ Սենյակում, բացի նրա եղբորից և ծնողներից, գտնվում էին նրա մեծ քույրը և մի անծանոթ նիհար երիտասարդ։
Սերգոն, մի խարազան ձեռին, անգութ կերպով հարվածում էր դժբախտին։ Նա նույն րոպեին ինձ ավելի խելագար թվաց, քան թե յուր խելագար քույրը, իսկ նրա հայրը ճիգ էր թափում բռնել կատաղած աղջկա ձեռները։ Ծերունու երեսից արյուն էր հոսում։ Մարթան, ինչպես և է, ձեռք էր գցել վառարանի երկաթյա խառնիչը և խփել հոր գլխին։ Ես աներկյուղ մոտեցա կատաղածին և բռնեցի նրա թևից։
— Ամոթ է, Մարթա, խելոք կաց։
Հետո վրդովված հրեցի նրա եղբոր կրծքին, որն այնքան անգութ հարվածում էր դժբախտին։ Մարթան ձեռը բարձրացրեց ինձ խփելու, հետո փոշմանեց և սկսեց մի ոտքի վրա պտտել և ոստոստալ։ Այս գործողությունը տևեց այնքան ժամանակ, մինչև որ խելագարը բոլորովին հոգնեց։ Նա թուլացած ընկավ անկողնակալի վրա և փոքր անցած, կարծես, քնեց։ Մենք զգուշությամբ դուրս եկանք և դռները դրսից կողպեցինք, հետևում հավաքելով մի քանի կոտրած աթոռներ, փայտյա տաշտեր։ Խելագարի հայրը հարցնում էր ինձ, ինչպես վարվել նրա հետ և առհասարակ ինչպես ազատվել այդ դժբախտությունից։ Ի՞նչ պետք է պատասխանեի։ Ես լսել էի, որ արտասահմանում երբեմն հաջողվում է այդպիսներին բժշկել. բայց այդ խորհուրդն իմ կողմից կլիներ մի տեսակ ծաղր.— խեղճերը հազիվ օրական ապրուստ էին հայթայթում, ուր մնաց իրանց աղջկա համար այդքան մեծ ծախսեր անելը։ Միակ ելքը հոգեկան հիվանդների կայարան ուղարկելն էր, այն ժամանակ գոնե ամբողջ ընտանիքը չէր չարչարվիլ մեկի համար։
— Ո՜նց, ես իմ աղջկան գժատո՞ւն ուղարկեմ,— գոչեց մայրը զայրացած,— աստված խելքս առե՞լ է։
— Ուրեմն, ի՞նչ պիտի անեք, այդպես թողնել խոմ չի կարելի,— ասացի ես։
— Թե որ փող ունենայի, ես գիտեի,— պատասխանեց մայրը,— իմ աղջիկը շուտ կլավանար։
Ես հետաքրքրվեցի, արդյոք, ի՛նչ միջոցով նա կլավացնե յուր աղջկան։
Մայրը խորին ջերմեռանդությունով աչքերը վերև բարձրացրեց, երեսը խաչակնքեց և հառաչելով արտասանեց.
— Գանձակի սուրբ Գևորգ կփրկե իմ աղջկանը, մեռնեմ նրա սուրբ զորութենին։
Նիհար, անծանոթ երիտասարդը հեգնորեն ժպտում էր։ Պարզ էր, որ նա ծիծաղում էր սնահավատ կնոջ հույսերի վրա։
Այդ երիտասարդի հետ ես ծանոթացա և հրավիրեցի իմ սենյակը։ Գալֆայանը — այսպես էր նրա ազգանունը — վաղուց ծանոթ էր խելագարի ընտանիքի հետ։ Նա Մարթային տեսել էր առողջ ժամանակը։
— Ուրեմն, քանի՞ տարի է նրա դժբախտանալը — հարցրի ես։
— Չորս տարի կլինի,— պատասխանեց Գալֆայանը,— եթե տեսած լինեիք ինչ գեղեցիկ, ինչ կրակոտ օրիորդ էր, ավելի կխղճայիք նրան։ — Բայց գիտե՞ք, արդյոք, ինչիցն է պատահել նրա խելագարությունը։
— Այն ժամանակ ես Ռուսաստանումն էի. ասում են սկիզբը սիրահարվելուց է։ Այո՛, Մարթան մեկին սիրում էր։
Հարցն ավելի հետաքրքրելի էր դառնում։ Գալֆայանը շարունակեց.
— Ես այդ տղային ճանաչում էի, սպասեցեք, նրա անո՞ւնը․․․
— Ալբերտ է՞ր,— ընդհատեցի ես։
— Ո՛չ, Ալբերտ անունը խելագարի խանգարված մտքի պտուղն է, իսկ նրա անունն Արշակ Ասպետյան էր։ Նա ուսանող էր, մի շատ գեղեցիկ ու առողջ տղա։ Մարթան ծանոթանում է նրա հետ և շուտով հափշտակվում։ Երիտասարդը ցույց է տալիս փոխադարձ սեր, խոստանում է մինչև անգամ ամուսնանալ ուսումն ավարտելուց հետո։ Բայց հենց որ ուսումն ավարտում է, մոռանում է յուր սերը, իսկ օրիորդի սերը ավելի ևս բորբոքվում է։ Այս անաջող սերն են համարում նրա խելագարության պատճառը։ Այո, բայց այդ մի թույլ հիմք է եղել և ոչ թե իսկական պատճառ։
— Ինչպե՜ս, ուրեմն, դուք չե՞ք հավատում, որ անհաջող սիրուց կարելի է խելագարվել։
Ոչ այնքան, որքան ուրիշները։ Լսեցեք, պարոն, այն օրից, երբ Մարթան իմացել է յուր սիրածի գարշելի դավաճանությունը, խոսք չկա սկսել է տրտմել։ Նո՛ւ, հառաչանք, արտասուք, ախ ու վախ, հոգեկան խռովություն, այս բոլորը հաջորդել են միմյանց։ Բայց այդ դեռ չի նշանակում խելագրվել։ Ծնողներն իմացել են իրանց աղջկա տրտմության պատճառը։ Այդ դեպքում ի՞նչ էր հարկավոր անել. պետք էր աշխատել ցրել դժբախտի թախիծը, զբաղեցնել նրա միտքը։ Բայց այսպես չի եղել։ Կոպիտ հայրն և այդ ինքնահավան Սերգոն, տգետ մայրն և ավելի տգետ ազգականները, մի խոսքով, նրա շրջապատողները սկսել են նրան հալածել հենց այն կետում, որից, եթե խելոք լինեին, պետք է խույս տային։ Երբ դժբախտը լռել է, նրանք խորհրդավոր կերպով միմյանց երեսին են նայել, երբ արտասվել է, նրանք հանդիմանել են, հետևել են նրա ամեն մի քայլին և ամեն րոպե հիշեցրել նրան յուր դժբախտությունը։ Ասել են, որ նա առաջվանը չէ, որ նա փոխվել է, դեղնել է, քիչ է ուտում, քիչ է քնում, նրա հոգին խռովված է։ Փորձեցեք, պարոն, մի ամենաառողջ մարդու ասել, թե նրա դեմքը գունատ է, թե նա հիվանդ է, թող նույնը կրկնի երկրորդը, երրորդը, ամենքը, և դուք կտեսնենք, որ այդ առողջ մարդն իրավ սկսում է կասկածել, թե ինքը հիվանդ է։ Այո՛, պարոն, հենց այդ երևակայությունը նրան կհիվանդացնի։ Փորձեցեք խելքը գլխին մարդուն գցել մի այնպիսի շրջան, որտեղ ամենքը կասկածում են նրա ուղեղի առողջության մասին և իրենց կասկածն ամենակոպիտ կերպով ամեն րոպե հայտնում են, և դուք կտեսնեք, որ այդ խելքը գլխին մարդը հետզհետե կխելագարվի։ Այսպես են վարվել և այդ խեղճ աղջկա հետ։ Գիտեք, պարոն, շատ անգամ հասարակությունը կամ շրջանը խելագարներ է ստեղծում, բավական է, որ խելագարվողը յուր ուղեղում ունենա մի տկար շերտ, այո, մի թույլ սերմ։ Մի սերմ, որ ոչինչ ուժ և հետևանք չէր ունենալ, եթե նրա վրա ուշք չդարձնեին, այսպես ասած, չջրեին, չպարարտացնեին նրա հողը։ Բայց, ասացեք խնդրեմ, մե՞ծ է այն մարդկանց թիվը, որ իրանց ուղեղում չունին այդ սերմն այս կամ այն ձևով։ Շատ փոքր է, ես ավելին կասեմ, չկա և ոչ մեկը, այո, և ոչ մեկը, որովհետև մեզանից ամեն մեկի ուղեղում մի հիվանդություն կա։ Մենք ամենքս խելագարության առաջին աստիճանի վրա ենք զանազանությունն այն է, որ շրջանը մեկին հալածում է, բարձրացնում է վեր, իսկ մյուսին պահպանում։
— Ձեր վերջին մտքի հետ համաձայնվել չեմ կարող,— ասացի ես,— ինչ վերաբերվում է Մարթային, անշուշտ շրջանը որևէ դեր կատարել է նրա խելագարության մեջ։ Գուցե նա փութացրել է այդ խելագարությունը, որ վաղ թե ուշ պիտի կատարվեր։
— Երբեք, երբեք չէր կատարվիլ,— ընդհատեց Գալֆայանը տաքացած,— կրկնում եմ, ուրիշ շրջանում Մարթան փրկված կլիներ։ Այդ հիմարները միջոցներ ունեին նրա միտքը ցրելու, նրան զբաղեցնելու, կարող էին նրան ճանապարհորդության ուղարկել։ - Ի՞նչպես, իմ տանտերերը առաջ հարո՞ւստ են եղել։
— Հարուստ չէին, բայց մի բան ունեինք Մարթայի հայրը վաճառական էր, նոր է սնանկացել։ Այժմ եթե մի կտոր հացի կարոտ չլինեին, կարելի էր դարձյալ հուսալ, որ Մարթան կառողջանա, եթե մի քանի միջոցներ գործ դնեին։
— Արտասահման ուղարկել։
— Ո՛չ, արտասահմանը հեռու է, կա ավելի մատչելի միջոցներ և իմ կարծիքով երկու ամենագլխավորները։ Լսեցե՛ք, մի փոքր առաջ, երբ Մարթայի մայրը հիշեց սուրբ Գևորգի անունը, ես մտքումս ծիծաղեցի։ Բայց ես մասամբ սխալվեցի։ Այժմ կարծում եմ, որ սուրբը կարող է օգնել։
— Ի՞նչպես,— գոչեցի ես զարմացած։
— Դուք։ նկատե՞լ եք, որ խելագարն ուզում է միշտ դուրս փախչել և խոսում է սարերի, ձորերի, անտառների մասին։
— Նկատել եմ։
— Գյանջի սուրբ Գևորգ ասված տեղում ես եղել եմ։ Դա մի հրաշալի վայր է։ Այնտեղ խելագարը կտեսնե յուր սիրած սարերը, ձորերը և անտառները։ Կարելի է նրան ազատություն տալ այնտեղ, և ով գիտե, գուցե արձակ բնությունը բարերար ազդեցություն գործե նրա վրա։ Այս մեկ միջոցը, կա և երկրորդը, nր նույնպես պետք է գործ դնել։
— Ա՞յն է։
— Մարթայի այժմյան խելագարությունը, բացի ասածիցս, ունեցել է և երկրորդ պատճառը, ոչ թե պատճառ, այլ, եթե կարելի է այսպես ասել, մի տեսակ օժանդակող տարր․․․ Դա կնոջ ֆիզիոլոգիական հատկությունն է․․․ է՜հ, պարզ ասեմ... նրա պահանջները... տեսնո՞ւմ եք, պարոն, այդ խելագարը որքան առողջ է, որքան կենդանի։ Խելոք ժամանակ նա ավելի առողջ էր և ավելի վառվռուն։ Նրա աչքերից, կարծես, արյուն էր կաթում, շրթունքները միշտ բաց էին, այտերը միշտ վառված։ Է՜հ, ինչ երկարացնեմ, նա հազիվ կարողանում էր յուր կիրքը զսպել․․․ Վերջապես, դուք իմ միտքն ավելի լավ կհասկանաք եթե մտածեք, որ Մարթայի կատաղությունը կրկնվում է պարբերաբար, ամիսը մի անգամ։
Մեր խոսակցությունն ընդհատվեց Սերգոյի երևալով։ Բայց Գալֆայանի խոսքերը դրոշմվեցին իմ մտքում։ Այնուհետև ես այդ երիտասարդներից մի բան ևս իմացա։ Ծայրահեղ չքավորությունը սպանել էր Մարթայի հոր մեջ հայրական սերը, եղբոր մեջ՝ եղբայրական գութը։ Այս վերջինս մի օր մինչև անգամ ուզեցել է սպանել Մարթային գաղտնի կերպով, որպեսզի թե՛ ինքը և թե մյուսնե՛րը ազատվեն ծանր բեռից։ Իսկ մա՜յրը․ նա դեռ սիրում էր աղջկան և հույս ուներ նրա առողջանալու մասին։
— Սուրբ Գևորգն իմ Մարթային կփրկի։ Նա կփրկի,— կրկնում էր նա, անդադար երեսը խաչակնքելով։
Եվ նրա ձայնի մեջ այնպիսի խորին հավատ և անհահաղթելի հույս էր զգացվում, որ երբեմն ես էլ էի հավատում։
Մի անգամ ես Մարթային հարցրի․
— Կգնա՞ս սուրբ Գևորգ։
— Գիտես, դու գիժ ես, ա՛յ, գիժ — պատասխանեց նա։
Բայց հանկարծ փոխվեց և գոչեց։
— Սուրբ Գևորգ կգնամ. գնանք հենց այս րոպեին։ Ինձ բաց թողեք, մենակ կգնամ, ա՛յ, այնտեղ, այն սարերը։ Ալբերտ, ազատի՛ր ինձ այս բանտից, Ալբերտ, ինձ այստեղ խեղդեցին։
Նա ձեռը տարավ օձիքին այնպես ծանր շնչալով, որ կարծես հիրավի խեղդվում էր։ Ես հիշեցի Գալֆայանի խոսքերը։ Արդյոք, եթե մի երևակայական Ալբերտ վերցնի տանի նրան սարերը, անտառները, նա չի՞ առողջանալ։
Իմ դրությունը միանգամայն անտանելի էր դառնում։ Ոչ մի ընկեր կամ ծանոթ չէր ուզում գալ ինձ մոտ։ Այն գիշերվա տեսարանն ով որ լսում էր, սարսափում էր և իսկույն խորհուրդ տալիս տեղափոխվել այդ սենյակից։ Իսկ ես չէի ուզում վիրավորել խելագարի ծնողներին։ Բացի նրանցից, որ իմ վճարած ամսական յոթը ռուբլի վարձը մի զգալի օգնություն էր աղքատ ընտանիքի համար, ես համարվում էի Մարթայի զսպող ուժը։ Եվ իրավ խելագարը ոչ ոքին այնպես չէր հպատակվում, որքան ինձ։
Գարնան սկզբին տանտիրուհիս ինձ ասաց, թե արդեն փող են ձեռք բերել և շուտով մտադիր են գնալ սուրբ Գևորգ։ Նա ուրախ էր. ես էլ ուրախացա։ Մի շաբաթ չանցած՝ ես բաժանվեցի ընտանիքից։ Այդ օրը խելագարը անդադար մտնում էր սենյակս և դուրս գալիս։
— Մարթա, մնաս բարև, ես գնում եմ,— ասացի ես։
— Գնաս բարև,— պատասխանեց նա։
Գուցե ես սխալվում էի, բայց այդ րոպեին նա ինձ շատ տխուր թվաց։ Կարծես, նրա խավար մտքի մեջ ուրախ հիշատակ էի զարթեցրել և այժմ զրկում էի նրան այս վերջին մխիթարությունից։
Անցել էր երեք տարի։ Այդ ժամանակվա ընթացքում ես ոչ մի անգամ չէի տեսել խելագարին, նրա եղբորն էլ չէի հանդիպում ոչ մի տեղ։ Արդեն մոռացել էի նրանց մասին, երբ ճակատագիրը մեզ նորից մոտեցրեց, այս անգամ բոլորովին ուրիշ հանգամանքներում։
Միևնույն քաղաքում երկար տարիներ ապրելն ինձ ձանձրացրել էր։ Ուսուցչի պաշտոնով ինձ հրավիրեցին Բաքու։ Ուրախությամբ գնացի։ Արդեն մի ամիս էր այնտեղ էի։
Մի երեկո գնացի թատրոն։ Ադամյանը նոր էր եկել Բաքու և այդ երեկո պետք է դուրս գար Համլետի դերում։
Ներկայացումը դեռ չէր սկսվել։ Հանդիսականներն անց ու դարձ էին անում թատրոնի երկայն նախագավթում, որը բաղնիսի մուտքի էր նմանվում, երաժշտությունը թնդացնում էր թատրոն ասված մի քառակուսի անշուք շենք։ Ես պատի տակ կանգնած դիտում էի անծանոթ հասարակությունը։ Հանկարծ իմ աչքի առջևով անցավ մի զույգ։ Դա թուխ և խոշոր դեմքով քառասուն տարեկան տղամարդ էր, եվրոպական տարազով հագնված, մի առողջ տիկնոջ հետ։
Առաջին նվագ ես ապշեցի։ Ոչ, անկարելի բան է։ Մի՞թե դա Մարթան է, այն դժբախտ խելագարը։ Բայց նմանությունն անհերքելի էր — նույն հասակը, նույն կազմվածքը, նույն աչքերը, նույն մազերը, մի խոսքով, նույն Մարթան, միայն ավելի գիրացած։ Կարող էի չհավատալ աչքերիս, տեսածս խաբուսիկ երևույթ համարել, եթե զույգի հետևից չտեսնեի Մարթայի մորն ու Սերգոյին։
— Որդի, այդ դո՞ւ ես,— կանգնեց իմ առջև Մարթայի մայրը, թասակրավն ուղղելով։
— Դո՞ւք, այստե՞ ղ,— գոչեցի ես անկեղծ ուրախությունով։
Սերգոն ձեռս ամուր սեղմեց։ Թե՛ նա և թե՛ նրա մայրը հագած էին նոր հագուստ. առաջվա աղքատության հետքը չէր երևում նրանց վրա։ Մայրը, մի քանի հարց տալուց հետո, շտապով գնաց աղջկա հետևից։ Իսկ որդին մնաց ինձ մոտ։
— Մենք այժմ այստեղ ենք ապրում,— պատասխանեց Սերգոն իմ զարմացական հարցին։— Մեծ եղբայրս մեզ այստեղ բերել տվեց, մեր գործերն այժմ հաջող են գնում, ես էլ հաշվապահ եմ մի բուրժուայի կանտորում։
Այդ բոլորն ինձ համար այնքան հետաքրքրական չէին, որքան Մարթայի վիճակը։ Նա առողջացե՞լ է, ինչպե՞ս։ Ես ուզում էի հարցնել եղբորը, բայց ինչպե՞ս։
Ներկայացումն սկսվեց։ Սերգոն շուտով հեռացավ։ Ես մտա դահլիճ և, աչքերով որոնելով Մարթային, տեսա նրան հետևի էժան օթյակներից մեկում նստած։ Արմունկը հենած օթյակի կողքին, նա մտիկ էր անում մերթ բեմին, մերթ պարտերի հասարակությանը։ Իսկ օթյակի խորքում տեղավորված էր այն խոշոր դեմքով տղամարդը և սև հագուստով մի կին։ Ի՛նչպես փոխվել էր Մարթան, ի՛նչպես գեղեցկացել, դեմքն ինչ խելոք արտահայտություն ուներ։
Խաղամիջոցին ես նախագավթում բռնեցի Սերգոյին։
— Ասացեք, խնդրեմ,— ասացի ես, վերջապես, չկարողանալով համբերությունս զսպել,— ձեր քույրն ամուսնացե՞լ է։
— Արդեն վեց ամիս է։
Ես լռեցի։ Նա շարունակեց․
— Դուք երևի զարմանում եք․ իհարկե, իրավունք ունեք։ Այո, առողջ է, բոլորովին առողջ։ Գիտե՞ք, մայրս չէր սխալվում, սուրբ Գևորգը նրան օգնեց։
— Պատմեցեք, խնդրեմ, ես հետաքրքրությունից խեղվում եմ,— գոչեցի ես, բոլորովին մոռանալով ամենայն համեստություն։
Նա սկսեց պատմել։ Այն օրը երբ Մարթային հայտնում են, թե գնում են սուրբ Գևորգ, նա սաստիկ ուրախանում է։ «Գնանք, շուտով գնանք», ասում է նա անդադար։ Մայրն ասում է, թե եթե խելոք կկենա, կտանի, իսկ եթե ոչ, այն ժամանակ նրան կկողպեն սենյակում, իսկ իրանք կգնան առանց նրան։ Նա լսում է մոր խոսքը։ Մինչև այդ ժամանակ երկու-երեք ամիսը մեկ անգամ հազիվ կարողանում էին նրան ստիպել երեսը լվանալ, իսկ դուրս գալու օրը նա ինքը լվացվում է և հագնում սնդուկում պահած հագուստը։
— Մենք վախենում էինք,— շարունակեց Սերգոն նախագավթի անկյունում, ուր մեզ լսող մարդ չկար,— որ նրա կատաղությունը ճանապարհին կբռնի. հայրս մեզ հետ չէր, ես էի և մայրս։ Ի՞նչ պետք է անեի, հետս մի պարան էի վերցրել, հենց որ սկսեր, պիտի վերցնեի և կապեի նրա ոտք ու ձեռքը։ Բայց մենք երկու օր ճանապարհ գնացինք, և այդ ժամանակ Մարթան ոչ մի ավելորդ շարժում չգործեց, ոչ մի խոսք չասաց։ Համեստ երեխայի պես նա լսում և կատարում էր մեր ասածը․․․ վերջապես, եկանք սրբատեղը։ Մարթան սկսեց գանգատվել, թե գլուխը սաստիկ ցավում է և թե ուզում է ման գալ։ Գարնան ամենալավ ժամանակն էր, սրբատեղը շատ գեղեցիկ զբոսավայր ունի։ Սկզբում մենք վախեցանք, բայց հետո ես սիրտ առա։ Գալֆայանը — դուք նրան հիշո՞ւմ եք — գնալուց առաջ ինձ ընկերաբար խորհուրդ տվեց, որ սրբատեղում մենք Մարթային կատարյալ ազատություն տանք և երբեք չհանդիմանենք կամ մի բանով չսպառնանք նրան։ Ես հետևեցի նրա խորհրդին, վերջապես, ձանձրացել էի գիշեր-ցերեկ խելագարի հետևից ման գալուց։ Օրը մինչև երեկո Մարթան մենակ զբոսնում էր հով տեղերում, արեգակի տակ, սարերի և ձորերի մեջ և հետ էր գալիս այն ժամանակ, երբ հոգնում էր։ Մայրս ամեն առավոտ ստիպում էր նրան գնալ որբի շիրիմին երկրպագություն տալ, մոմ վառել, մինչև անգամ աղոթել։ Այս բոլորը նա կատարում էր հլու, հնազանդ, կարծես թե ութսուն տարեկան սնահավատ պառավ լիներ։ Երբ վերջացնում էր ուխտը, դարձյալ բաց էր ընկնում և թափառում էր ուր ուզում Էր։ Այսպես անցավ հինգ ամիս, և Մարթան ոչ մի անգամ չկատաղեց։ Միայն մեզ շատ զարմացնում էր նրա լռությունը։ Ամբողջ օրը նա ոչ ոքի հետ չէր խոսում և ոչ էլ ինքն իրան հետ, ինչպես լինում էր առաջ։ Մեկ էլ մի բան. տղամարդ տեսնելիս երեսը ծածկում էր ու փախչում։ Մայրս ուրախությունից չէր իմանում ինչ անի։ Նա ցանկանում էր երկար ժամանակ մնալ սրբավայրում, բայց աշունն արդեն մոտենում էր, և մենք պետք է տեղափոխվեինք։ Մենք վճռել էինք այլևս չվերադառնալ այն քաղաքը, որտեղից դուրս էինք եկել։ Եղբայրս նամակով հրավիրել էր մեզ այստեղ։ Մարթան ուրախացավ։ Նա ասում էր, թե շատ է հոգնել, ուզում է գնալ քաղաք։ Մենք եկանք այստեղ։ Մարթան համարյա առողջացել էր, բայց նրա լռությունը շարունակվում էր։ Մի շաբաթ եղբայրս ման ածեց նրան նավթային հանքերը, գործարանները և մակույկով ծովի վրա։ Նրա լեզուն սկսեց բացվել, նա հետաքրքրված հարցնում էր ամեն մի նոր տեսած բանի մասին։ Անցավ երկու տարի, և Մարթան բոլորովին առողջ էր: Մի անգամ ծովափում նրան տեսել էր մի վաճառական և հավանել: Նա ինձ հետ ծանոթացավ, եկավ մեր տուն և ինքն յուր բերանով խնդրեց մորիցս Մարթայի ձեռքը: Մենք համաձայնվեցինք, իսկ Մարթան թեև ոչինչ չասաց, բայց երևում էր, որ համաձայն էր։ Ահա՛, պարոն Սարաֆյան, այդ վաճառականն այժմ մեր փեսան է, չեք կամենալ, արդյոք, ծանոթանալ։
Հաջորդ խաղամիջոցին Սերգոն ինձ տարեց Մարթայի և նրա ամուսնու մոտ։ Մարթան նայեց ինձ և չճանաչեց։ Նա ինձ մոռացել էր, ես էլ ծանոթություն չտվեցի։
Ամբողջ երեկո իմ միտքն զբաղված էր Մարթասյով, ես անդադար նայում էի դեպի նրա օթյակը։ Հասավ այն տեսարանը, երբ Օֆելիան խելագարվում է։ Բնազդաբար աչքերս հառեցի Մարթայի վրա։ Երաժշտությունը նվագում էր տխուր մեղեդին, Օֆելիան արտասանում էր իր անկապ մոնոլոգը։ Մարթան ուշադիր լսում էր։ Տեսարանը նրան գրավել էր։ Օթյակի հետևում երևեցավ Սերգոն։ Ես նկատեցի, որ նա ուզում է քրոջ ուշքը բեմից հետ դարձնել։ Հա՞, այժմ նա խելոքացե՞լ է, գիտե՞ ինչպես վարվել քրոջ հետ։ Բայց ինչո՞ւ է այդ երեկո թատրոն բերել, չէ՞ որ Մարթայի նյարդերը դրանից կարող են վտանգվել։ Ես մտքումս մեղադրեցի Մարթայի ամուսնուն, բայց հետո իմացա, որ նա ոչինչ չգիտեր յուր կնոջ տխուր անցյալի մասին։
Նոր տարիի օրը Սերգոյի հետ Մարթային այցելություն արի։ Նրա բնակարանը բավական ընդարձակ էր, տան կահ-կարասիքը նոր, մաքուր, երևում էր, որ նրա ամուսինն ունևոր մարդ էր։ Ամեն տեղ նկատելի էր կարգ ու կանոն, տանտիկնոջ օրինակելի տնտեսության կնիքը։ Մարթայի ամուսինը, Պետրոս Գասպարյանը լեռնական գյուղացու որդի էր։ Մանկությունից ապրելով քաղաքում և առևտրական գործերով պատելով Ռուսաստանում, նա յուրացրել էր քաղաքակրթական մի քանի արտաքին ձևեր։ Ժամանակակից քաղաքացի երևալու համար նա կնոջը մի քիչ ազատություն էր տալիս, ծովափում նրա հետ թևանցուկ զբոսնում էր, տանում էր թատրոն, ցիրկ և այլն։ Նկատվում էր, որ նա ներքուստ պարծենում էր Մարթայի գեղեցկությունով, եվրոպական ձևերով և անպայման հավատում նրա ճաշակին։ Բայց, չնայելով այս բոլորին, նա բնավորությամբ մնացել էր տակավին կոշտ, իսկ սրտով պարզ։ Մարթայի սկեսուրը մի նահապետական խստաբարո կին էր և յուր հարսին սիրում էր այն չափով, որ չափով հարսը կարող էր բախտավորեցնել նրա որդուն։ Նույն աչքով էր նայում նրա վրա և Պետրոսի այրի քույրը, որ ապրում էր եղբոր տանը։
Ես Մարթայի հետ վարվում էի ինչպես հեռու և միանգամայն նոր ծանոթ և ոչ մի բանով առիթ չէի տալիս անցյալը հիշելու։ Պետրոսը սիրում էր նրան և շատ խանդոտ էր երևում։ Գիտեի, որ մի ամենաչնչին բանն անգամ կարող էր նրա մեջ կասկած հղացնել։ Յոթն ամիս ես շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելեցի Մարթային և միշտ նրա եղբոր հետ։
Մի անգամ, պարոններ, նկատեցի, որ Մարթայի ամուսինն անսովոր տրամադրության մեջ է։ Կարծեցի, որ շուտով կանցնի, բայց ո՛չ, տրամադրությունը շարունակվում էր։ Ես իմացա, որ պատճառը գործերը չեն. բախտն այդ կողմից նրան հաջողում էր, և նա օր-օրի վրա հարստանում էր։ Միևնույն ժամանակ, տեսնում էի, որ այդ փոփոխությունը նրա մեջ զգում են և՛ Սերգոն ու նրա մայրը, ուստի և շատ զգույշ են վարվում նրա հետ։ Ես սկսեցի ուշ-ուշ այցելել նրանց, որովհետև նկատեցի, որ իմ ներկայությունը Մարթայի և Պետրոսի մոտ մի տեսակ դժգոհություն է պատճառում Սերգոյին և յուր մորը։
Այնինչ՝ Պետրոսն ինձ հետ սովորականից ավելի քաղաքավարի էր վարվում, բարեկամաբար հանդիմանում էր ուշ-ուշ այցելելուս համար։ Նրա հարաբերությունը միայն Մարթայի հետ էր փոխվել։ Նա երբեմն խորհրդավոր դեմքով գաղտնի նայում էր կնոջը, երբ վերջինս խոսում էր կամ մի բան անում։ Նույն տեսակ խորհրդավոր հայացքներ փոխանակում էին միմյանց հետ և՛ նրա մայրն ու քույրը։ Իսկ Մարթայի մայրը խղճալի դեմքով նայում էր նրանց և գաղտնի հառաչում։
Երկու ընտանիքներին սկսել էր բաժանել մի սև գիծ։ Նրանք խորթ աչքով էին նայում միմյանց վրա։
Օրը կիրակի էր։ Ես միայնակ զբոսնում էի քաղաքային այգում։ Հեռվից տեսնելով ինձ, մոտեցավ ու բարևեց Մարթայի ամուսինը և սկսեց հետս ման գալ։ Նկատելի էր, որ նա մտքում մի բան ունի, ուզում է խոսել, բայց չի վստահանում։ Վերջապես, երբ մենք հոգնած նստեցինք մի նստարանի վրա, նա դարձավ ինձ.
— Պարոն Սարաֆյան, դուք շա՞տ ժամանակ եք ապրել… քաղաքում։
Նա հիշեց այն քաղաքի անունը, ուր ես տեսել էի խելագար Մարթային։
— Վեց տարի,— պատասխանեցի ես։
— Ուրեմն, դուք իմ կնոջ ընտանիքին պետք է այնտեղ տեսած լինիք,— ասաց նա, խեթ-խեթ նայելով երեսիս,— դուք վաղուց ծանոթ եք նրանց հետ, ես գիտեմ…
Ես չգիտեի ինչ պատասխանել։ Պետրոսը լռեց, ձեռնափայտի ծայրը ցնցողաբար խփելով գետնին։
— Պարո՛ն Սարաֆյան,— սկսեց նա նորից, միայն ոչ հանդարտ, այլ հուզված ձայնով,— դուք ազնիվ մարդ եք, ես ձեզ շատ եմ հարգում... Ես էլ պարզ մարդ եմ, սուտ ասել չեմ սիրում։ Ասացեք, իմ կնիկը աղջիկ ժամանակ հիվա՞նդ է եղել։ Պարզ մարդու հարցն ինձ դրեց նեղ դրության մեջ։ Ի՞նչ պատասխանեի։
Ես խույս տվեցի ուղիղ պատասխանից։
— Հավատացեք, չեմ իմանում, եղել է ձեր կինը հիվանդ, թե ոչ... ամեն մարդ իր կյանքում հիվանդանում է, ինչու՞ նա չպիտի հիվանդանար․․․
— Դուք իմ միտքը չհասկացաք, պարոն Սարաֆյան,— ընդհատեց նա,— ես հասարակ հիվանդության մասին չեմ խոսում... է՜հ, ինչ եմ երկարացնում, դրուստը հարցնեմ. դուք տեսե՞լ եք իմ կնոջը գժված ժամանակը։
— Ո՞վ է ասում, որ նա գժված է եղել,— գոչեցի ես, կեղծ զարմանալով։
Սակայն ուղղասեր լեռնականին անկարելի էր շեղել յուր նպատակից։ Ոչ մի խորամանկ կամ վայրիվերո պատասխան չգոհացրեց նրան: Բևեռի պես նրա ուղեղում ցցվել էր մի հարց, և նա, ինչպես և է, ուզում էր լուծել այդ հարցը։ Նա ինձ հավատացրեց, թե ինքն ամեն ինչ լսել է, ամեն ինչ գիտե։ Գիտե, որ ես ապրել եմ նրանց ընտանիքում, եղել եմ խելագարին զսպողներից մեկը։ Թե ով էր պատմել նրան այդ բոլորը, որ չար օձն էր թափել նրա պարզ սրտի մեջ յուր թույնը — նա այդ ինձ չասաց։
Խղճալի էր նույն րոպեին այդ մարդը. շատ բան կտայի, եթե կարողանայի ցրել նրա սոսկալի կասկածը։ Բայց ի՞նչպես խաբեի նրան։ Ես թաքցրի Մարթայի սիրո մասին Գալֆայանից լսածս։ Ասացի միայն, թե Մարթան ունեցել է հոգեկան թախիծ, ուրիշ ոչինչ, թե նրա սիրտը պղտորված է եղել, բայց ուղեղն անվնաս, թե այդ սովորական մի դեպք է, չարժե դրա մասին մտածել, անցած գնացած բան է։ Ես սուտ չէի ասում, այն Ժամանակ ես հավատացած էի, որ Մարթայի ուղեղը ծանր հիվանդություն չի ունեցել, եթե ոչ՝ կարծում էի ոչ մի բան նրան չէր բժշկիլ։
— Շատ շնորհակալ եմ,— շատ շնորհակալ եմ, որ ինձ մխիթարում եք,— արտասանեց նա, ոտքի կանգնելով, և, ձեռս սեղմելով, ավելացրեց.— դուք իմ բարեկամն եք։
Ասաց նա և, գլուխը կրծքին թեքած, տխուր հեռացավ...
Այնուհետև ես դադարեցի այցելել Պետրոսի ընտանիքը։ Ցավալի էր ինձ համար տեսնել նրան այդ վաանգավոր կասկածի մեջ։ Ես զգում էի, որ նա միշտ տանջվում է, որ իրեն խաբված ու վիրավորված է համարում։ Բայց ավելի վշտալի Էր Մարթայի դրությունը։ Նա վաղ թե ուշ պետք է հասկանար, պետք է նկատեր շրջապատողների կասկածը։ Տե՜ր աստված, մտածում էի ես երկյուղով, ի՛նչ կպատահի նրան այն ժամանակ, կդիմանա՞ արդյոք չարագուշակ փոթորկին, թե՞ կընկճվի դժբախտ անցյալի հիշատակների ներքո։
Ինձ վախեցնում էր Պետրոսի պարզ և անշեղ բնավորությունը, մանավանդ նրա խստաբարո մոր նախապաշարմունքները: Թող այդ մարդիկ լինեին խոհեմ — կմոռանային ամեն ինչ, անուշադիր թողնելով չար մարդկանց ասածները։ Բայց ցավալին այն է, որ նրանք չգիտեին, թե ինչ է մարդկային սրտի և հոգու օրենքները։
— Ինչու՞ մեզ մոռացաք,— բռնեց ինձ Պետրոսը մի անգամ փողոցում,— ես ուզում եմ ձեզ շուտ-շուտ իմ տանը տեսնել։ Արի, հենց հիմա գնանք։
Եվ նա ինձ ստիպեց հետևել իրան: Ճաշի ժամանակ էր։ Մարթան սեղանատանը զբաղված էր։ Նրա սկեսուրը և մարդու քույրը նստած էին հյուրասենյակում։ Ինձ տեսնելով, նրանք շշնջացին միմյանց մեջ, բայց և ուրախությամբ ընդունեցին։
Ներս մտավ Մարթան և, ինձ բարևելով, անցավ սեղանատուն: Չգիտեմ ինչու, ես չէի կարողանում նրա երեսին ուղիղ նայել։ Կարծես, նրա առջև մի բանով մեղավոր էի։ Երբ նա երեսը դարձնում էր սեղանից, այն ժամանակ միայն նայում էի նրան, կամենալով գուշակել, արդյոք, մի բան հասկացրել են։ Նրա դեմքը մի քիչ դեղնած էր, հոնքերի մեջտեղում երևում էր մի նոր խորշ։ Նա սովորականից քիչ էր խոսում, երբեմն բոլորովին չէր խոսում։ Բայց այդ փոփոխությունն ես վերագրեցի ուրիշ պատճառի, ես նկատել էի նրա իրանի անբնական ձևը...
Խոսակցությունը չէր կապվում։ Ես աշխատում էի Պետրոսին զբաղեցնել քաղաքային լուրերով։ Սակայն մի թեթև շշուկ, մի որևէ շարժում կնոջ կողմից — խլում էր նրա ուշադրությունն, և իմ խոսքը կիսատ էր մնում։ Դրությունս փափուկ էր, զղջում էի այնտեղ գտնվելուս համար։ Չար կասկածը մի անգամ արդեն թափանցել էր նրանց սիրտը և այնտեղ կատարում էր յուր գործը։ Կարո՞ղ էր Մարթայից անհայտ մնալ այդ կասկածը։ Պատահեց մի շատ սովորական դեպք։ Մարթան ափսեները ծառային տալիս անզգուշաբար ձեռքից գցեց հատակի վրա։ Դա մի հասարակ անփթություն էր։ Նա շփոթված ոտքի թռավ և գունատվեց։ Պետրոսը բնազդումով տեղից վեր կացավ։ Նրա այրի քույրը մի ճիչ արձակեց և նույնպես թռավ տեղից։ Իսկ մայրն, աչքերը վեր բարձրացնելով, հառաչեց։ Նրա շրթունքների շարժումից երևում էր, որ մտքում աղոթում է։ Մարթան սաստիկ վախից դողում էր։ Ամենքն իրանց հայացքը հառել էին նրա վրա, իսկ նրա հոգին ճնշվում էր այդ ընդհանուր հայացքի տակ, ինչպես մի սեղմիչի ներքո։ Հետո նա սկսեց կոտրված ափսեները հավաքել։
Լռությամբ սկսված ճաշը լռությամբ էլ վերջացավ։ Ես շտապեցի ազատվել անախորժ տեսարանի ծանրությունից։
Նույն օրն երեկոյան ես գնացի Սերգոյի մոտ։ Նրա մայրը, ձեռները կրծքին ծալած, նստած էր թախտի վրա։ Խեղճ կինը լալիս էր։ Ինձ տեսնելիս շփոթվեց։ Անմիջապես Սերգոյին կանչեցի մյուս սենյակ և պատմեցի կասկածս ու երկյուղս։
— Այո՛,— ասաց նա,— փեսաս ամեն բան իմացել է, չգիտեմ ով է պատմել նրան։
— Թող անիծվի այն չար լեզուն,— գոչեցի ես հուզված,— բայց այդ չէ կարևորը։ Այժմ հարկավոր է մի բան անել. պետք է այդ վատ կասկածը արմատախիլ անել թե՛ Պետրոսի և թե նրա մոր ու քրոջ սրտից, եթե ոչ Մարթային վտանգ է սպառնում։
— Այո՛, վտանգ է սպառնում, գիտեմ. նրանք կարծում են, թե Մարթան հիմա էլ խելագար է. չգիտեք ինչեր են խոսում։ Անցյալ օրն ես ինքս ականջովս լսեցի Մարթայի սկեսրոջ խոսքը. «սևանար այն օրը, երբ աստծու պատիժը ոտք դրեց իմ տունը»։ Դուք գիտե՞ք, Պետրոսն այժմ Մարթային ոչ մի տեղ չի տանում, այո, ոչ մի տեղ և հյուր էլ չի ընդունում. ես զարմանում եմ, որ նա ձեզ հրավիրում է։ Իսկ մեզ հետ նա սկսել է արդեն բոլորովին կոպիտ վարվել։ Հինգ օր առաջ մի դատարկ բանի համար նրա մայրն իմ մորը մի կոպիտ հիշոց տվեց։ Այժմ խեղճ կինը չի համարձակվում այնտեղ գնալ։ Ամեն օր նստած լաց է լինում։
— Իսկ Մարթա՞ն, նա զգո՞ւմ է յուր շրջապատողների կասկածը։
— Զգում է և մեկէլ օրը ինձ գանգատվում էր։ Այդ հիմարները մինչև անգամ վախենում են նրանից։ Գիշերները ոչ ոք չի համարձակվում նրա հետ միայնակ մնալ։ Նույնիսկ Պետրոսը հանգիստ չի մնում նրա հետ։ Մարթան ասում է, որ երբեմն գիշերները նա մի քանի անգամ զարթնում է և զարմացած մտիկ անում չորս կողմը։ Այս վերջին օրերս Մարթան ինքն էլ հանգիստ չի կարողանում քնել․ նրան թվում է, թե ուզում են իրան սպանել, նա շատ է վախենում։
— Ցավալին այն է,— ասացի ես ոգով վշտացած,— որ Մարթայի դրությունը․․․ հասկանո՞ւմ եք։
— Այո՛,— լրացրեց Սերգոն,— նա հղի է, հինգ ամիս է արդեն։
— Այդ վիճակում շրջապատողների վարմունքը ավելի է սպառնում նրա հոգեկան առողջությանը։
— Հասկանում եմ, բայց ասացեք, ի՞նչ կարող եմ անել ես։
— Դուք և ձեր մայրը միշտ պետք է նրա մոտ լինեք, աշխատեք, որքան կարելի է, հեռու պահել նրան այդ շրջանի կասկածից մինչև որ տագնապն անցնի։
— Հեշտ է ասել... Այդ մարդիկ չեն ուզում մեր երեսն անգամ տեսնել, իսկ դուք ուզում եք մենք միշտ Մարթայի մոտ լինենք։ Մայրս քիչ է մնում խելագարվի աղջկա կարոտը քաշելով, իսկ ես... ես ինքնասեր մարդ եմ, չեմ կարող այն տգետ գյուղացիների վիրավորանքը տանել... Ոչ, ոչ․ չեմ կարող, ես... կսպանեմ Պետրոսին։
Ես աշխատեցի այդ գոռոզ արարածին համոզել, թե այդպիսի դեպքերում նրա ինքնասիրությունը բոլորովին՝ ավելորդ է, թե նա պարտավոր է, չնայելով վիրավորանքներին, պաշտպանել յուր քրոջը սպառնացող վտանգից։ Բայց նա մնաց անխախտ յուր ասածի վրա։
Ես թքեցի և վշտացած հեռացա։ Պարոններ, երկար կլինի պատմել ձեզ այն բոլորը, ինչ որ այնուհետև կատարվեց։ Ամեն բան ես իմանում էի Մարթայի կյանքից, մերթ ինքս տեսնելով, մերթ Սերգոյից լսելով։ Պետրոսը, յուր խստաբարո մոր կամքով, ամբողջ օրը պահում էր Մարթային տանը փակված, չնայելով որ հղի կնոջ համար ազատ օդը և զբոսանքն անհրաժեշտ էին։
Մի օր Մարթան վշտացած հարցնում է սկեսուրից, ինչու նա նրա եղբոր ու մոր հետ լավ չի վարվում և ինչու չի ուզում, որ նրանք այցելեն։ Կոպիտ և գռեհիկ պառավը պատասխանում է, թե նրանք հավիտյան ոտք չպիտի դնեն յուր տունը։
— Ինչո՞ւ,— հարցնում է Մարթան։
— Քեզնից հարցրու. ինչո՞ւ նրանք իմ որդուն անբախտացրել են։
Հետո պառավն ամեն ինչ պատմում է նրան և ավելացնում է.
— Դու խելագար ես։
Մարթան ուշաթափվում է և ընկնում։ Այն օրից նրան տիրում է ծանր տրտմություն, որ այլևս նրանից չի բաժանվում։ Մութ կերպով զարթնում է նրա ուղեղում տխուր անցյալը, ապա հետզհետե բարդվում են բոլոր խավար հիշատակները — մի անգամ հիվանդ եղած ուղեղը նորից սկսվում է պղտորվել և մթնել։
Մի օր Պետրոսը դարձյալ ինձ հանդիմանեց փողոցում, որ այլևս իրան չեմ այցելում։ Ես նուրբ կերպով ակնարկեցի նրա անբնական դրության մասին։
— Կգամ ձեր որդու կնունքին,— ասացի ես, ժպտալով։
— Իմ որդու՜,— կրկնեց նա,— աստված տա, որ նրա ծնունդը հաջող լինի։
Նա հառաչեց։ Նա տանջվում էր հոգեպես և շատ ծանր էր տանջվում։ Ես սկսեցի նրա հետ պարզ խոսել, կամենալով մի անգամ ևեթ ցույց տալ նրա կասկածի անհիմն լինելը։ Նա դառն հեգնությամբ լսում էր իմ ասածը։ Նրա վրա ոչ մի համոզիչ խոսք չէր ազդում։ Նա գոչեց վշտացած ձայնով.
— Պարոն Սարաֆյան, իմ կնոջ ցավը դուք գիտեք, բայց միայն դուք եք իմացել, և այս գաղտնիքը թող մնա մեր մեջ։ — Կարող եք իմ համեստությանը հավատալ բոլորովին,— պատասխանեցի ես,— բայց հավատացեք նույնպես, որ ձեր կինն առողջ է, կատարելապես առողջ։
— Մարմնով շատ առողջ է, բայց այս տեղը․․․
Նա ձեռը տարավ ճակատին և, կրծքից մի խոր հոգոց հանելով, գլուխը քաշ գցեց։
— Երեկ երեկոյան, մայրս եկեղեցուց գալիս, նրան «ողորմի աստված է» ասում։ Մտիկ է տալիս մորս երեսին խեթ-խեթ և պատասխանում. «դուք ինձ ուզում եք սպանել»։ Նա կարծում է, թե քույրս կամ մայրս թշնամացել են յուր հետ, ուզում են նրան անպատճառ թունավորել։ Նա չայն էլ կասկածով է խմում, կերակուրն էլ կասկածով է ուտում։
— Դուք ինքներդ եք առիթ տալիս նրան կասկածելու, դուք զուր նրան հալածում եք,— ասացի ես վրդովված։
Նա ձեռով մի շարժում արավ և հուզված հեռացավ։
Ես հետաքրքրությունս չէի կարողանում զսպել։ Մի անգամ ես գնացի Պետրոսի մոտ կեսօրից հետո։
Մարթայի հղիության վերջին ամիսն էր, օր-օրի վրա սպասում էին կնոջ կյանքի խորհրդավոր ժամերին։
Մայրը խնդրել, աղաչել էր, և նրան թույլ էին տվել այդ օրերն աղջկա մոտ լինել։
Պետրոսը յուր քրոջ և մոր հետ նստած շշնջալով խոսում էր։ Մարթան յուր մոր հետ մյուս սենյակումն էին։ Առաջին րոպե ես զղջացի այցելությանս մասին։ Բայց Պետրոսն ինձ ընդունեց գրեթե գրկաբաց, հրավիրեց յուր սենյակը։ Ես վճռել էի վերջին փորձն անել՝ նրա կասկածը փարատելու։ Խնդրեցի նրան գոնե այժմ Մարթայի հետ վարվել շատ մեղմ և զգույշ, որովհետև օրերը տագնապալի էին։
— Այժմ մենք շատ զգույշ ենք, շատ զգույշ,— պատասխանեց նա,— երեխայի պես ենք վարվում հետը։ Ինչ որ ուզում է անում ենք, ոչ մի բանում չենք հակառակում։ Բայց նա միշտ զարմացած խեթ-խեթ մտիկ է տալիս մեր երեսին և գլուխը շարժում։
Թեյի ժամանակ ամենքս միասին էինք։ Որքա՜ն փոխվել էր Մարթան վերջին ժամանակ. այո՛, ես առաջին հայացքով հազիվ ճանաչեցի նրան։ Ճշմարիտ է, Պետրոսը, նրա մայրն ու քույրը շատ զգույշ ու մեղմ էին վարվում նրա հետ, բայց այդ ավելի սաստկացնում էր Մարթայի թախիծը և ավելի կասկածամիտ դարձնում նրան։ Մի վայրկյան նա նայեց երեսիս, և այդ թախծալի աչքերի մեջ ես կարդացի նրա հոգու սոսկալի մրրիկը: Մերթ նա շրթունքները սեղմում էր և երեսը հետ դարձնում, մերթ նայում էր մոր երեսին։ Նրա ձեռները թեթևակի դողում էին։ Մայրն աչքը չէր հեռացնում նրա երեսից։ Իսկ մյուսները, չնայած իրենց զգուշությանը, դարձյալ երբեմն բոթում էին միմյանց և զանազան նշաններով իրար հետ խոսում։ Ո՛չ, սարսափելի հալածանքն արդեն մի անգամ սկսվել էր և որքան էր փոխվեին ձևերը — դարձյալ մնում էր հալածանք։
Այդ օրվա այցելությունը վերջինն եղավ։
Մի շաբաթ անցած Մարթայի ծննդյան ժամերը հասան՛։ Նա ազատվեց անփորձ, մինչև անգամ բժիշկ հրավիրելու կարիք չեղավ։ Բայց հենց այդ րոպեից սկսվեց նրա դառն փորձը և վերջացավ այնպես ողբալի...
Պարոններ, ով ծանոթ է կնոջ կազմի հետ, հարկավոր չէ նրան ասել, թե որքան տագնապալի է նրա դրությունն ամենահաջող ծննդից հետո անգամ։ Այո, ամենաառողջ և ամենաամուր նյարդեր ու ջղեր ունեցող կնոջ կյանքն անգամ այդ ժամանակ ենթակա է վտանգի։
Իսկ Մարթա՞ն... կարո՞ղ էր նրա վրա չազդել շրջապատողների այն լուռ հալածանքը, որ շարունակվում էր ավելի ուժով։ Փորձը շատ ծանր է լինում, որպեսզի անհետևանք մնար։ Բավական է լինում մի թույլ նշան, և ահա գուշակվում է մոտալուտ կատաղությունը։ Հենց երկրորդ օրը երեկոյան, կարծեմ, Մարթան ուժաթափվում է։ Տաքության աստիճանն սկսում է արագ-արագ բարձրանալ։ Նա սկսում է զառանցել։ Մի շատ սովորական երևույթ նրա դրության մեջ գտնվող բոլոր կանանց համար... Սակայն շրջապատողների ամրացած կասկածն այդ զառանցանքները վերագրում է ոչ թե մարմնի տկարությանը, այլ հոգու հիվանդությանը։ Մի ամբողջ օր տևում է զառանցանքը, և ողորմելին յուր բերանով պատմում է յուր տխուր անցյալի անհայտ մասն ևս։ Հետո նա մի փոքր ուշքի է գալիս, սկսում է անիծել յուր կյանքի, յուր շրջապատողներին։ Սկսում է լաց լինել, գոռալ և գրգռվելով մի ապտակ է տալիս ամուսնուն։
Այստեղ Սարաֆյանը կանգ առավ։ Մենք տակավին ուշադիր սպասում էինք պատմության շարունակությանը։ Տխուր հառաչելուց հետո նա ավելացրեց.
— Մնացյալն այլևս չեմ պատմիլ։ Կավելացնեմ միայն, պարոններ, որ ճակատագիրն ավելի գութով վերաբերվեց ցնորվածին։ Մարթայի տաքությունն ավելի ևս սաստկանում է, նա ամբողջ մարմնով, կարծես, սկսում է այրվել։ Բժիշկները չեն կարողանում օգնել։ Իններորդ օրը խելագարն ազատվում է յուր տանջանքից, մահվան անկողնի մոտ լսելով յուր նորածին մանկան լացը...