Հավերժական ընթացք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Խելագարների ժամանակը)

Վարդան Հակոբյան

Թռչունների սավառնող ստվերները
ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Խոտերը թեեւ վազում են առջեւից,
սակայն առաջինը հասնում է քամին։

Գերեզմանոցի ճանապարհին
յուրաքանչյուր մարդ
փիլիսոփա է։
Եվ ամեն մի ծածկ ու տանիք, երկնքի
անուղղակի ծաղրն է։ Իսկ ներկան
ժամանակի մի փոքրիկ տարածք է ընդամենը, ուր
մենք ստեղծում ենք հավերժական անցյալ։

Կանաչելը, կարծում եմ, ծառի վերաբերմունքն է
աշխարհի եւ իր
շրջապատի հանդեպ։

Որքան հեռվից ես նայում՝ լեռը այնքան փոքր է երեւում,
որքան հեռվից ես նայում՝ սերը մեծանում է այնքան,
եւ աչքերդ թիթեռնիկներ են դառնում
դեմքիդ,
անգամ՝ ձեռքերի ու ճանապարհների վրա,
որ գուցե թե ընթանում են միշտ միասին։

Մեղք են նրանք, ովքեր
գովում են։
(Տառերը, ներիր ինձ, Մաշտոց, չկարողացան պատմել,
եւ ես նորից դիմեցի թվերին՝
1915)։
Ասում են՝ գմբեթը զուտ հայկական հայտնություն է, եւ
եթե երկնքով ենք չափում գագաթներն ու հայրենիքը,
ապա Հայաստանից մեծ երկիր աշխարհում չկա։

Աշխարհի բոլոր ճանապարհները թռչուններ են,
եւ ես գրում եմ միայն նրանցից պոկված փետուրով։
Բախը շարունակում է լուսնի լույսի տակ նոտագրել
խելագարների ժամանակը՝
աշխարհը նորմալ մարդկանցից փրկելու համար,
որոնք պարզապես դարձել են անխոցելի չարիք։