Խղճալի՜ մարդ, տոգորված...

Տապանագիր «Խղճալի՜ մարդ, տոգորված...»

Հովհաննես Թումանյան

«Ա՜խ, ես երանի...»


* * *


Խղճալի՜ մարդ. տոգորված
Իրան անհայտ և կորած
Օր ու կյանքի տենչանքով,
Հազար ու մի տանջանքով,

Հույսերով միշտ անկատար,
Շտապում է անդադար...
Յուր գոյության ընթացքում
Դիակներով է ծածկում
Ասպարեզը յուր կոխած,

Եվ, արյունով շաղախած,
Պիղծ ձեռքերով ուզում է
Երջանկություն ընդունե.
Չի նկատում, որ իզուր
Եղած կյանքն էլ բնատուր

Առանց հաշվի վատնում է.
Իսկ երբ ույժը հատնում է,
Գերեզմանի եզերքին
Կանգ է առնում տխրագին,
Ափսոսանքով արտասվում,

Ետ է նայում և տեսնում,
Որ ողջ կորցրել է անդարձ,
Ինքն էլ կորչում է հանկարծ,
Ինչպես շունչը յուր վերջին,
Ինչպես հյուլե մի չընչին։


1891