Խնամատար/VIII
— Ձեզ էլ հետս տանում եմ։
— Ես ի՞նչ գործ ունիմ ձեր տանը։
— Պետք է միասին ընթրենք։
— Շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, ախորժակ չունեմ խնդրեմ, ինձ մեր տուն ճանապարհ դրեք։
— Անկարելի է։
— Ո՛չ, ո՛չ, ուշ է, մայրս անքուն սպասում է ինձ․․․
— Շուտ կվերջացնենք ընթրիքը, իսկույն կուղեկցեմ ձեզ ձեր տուն։
— Հոգնած եմ, Պետր Ստեփանիչ, թույլ տվեք ուրիշ անգամ ձեզ ոտ հյուր կգամ այսօրվա փոխարեն, — շարունակեց օրիորդն այս անգամ աղերսալի ձայնով։
— Աչքիս վրա տեղ ունեք ամեն օր, բայց այժմ զուր եք հակառակում, անպատճառ տանելու եմ, — պատասխանեց Դոլմազովը վճռաբար։
Մինչ Կատերինա Կարլովնան այսպես հակառակում էր, կառքը հասավ և կանգնեց Դոլմազովի տան դռների առջև։ Մի քանի րոպե օրիորդը չէր համաձայնվում իջնել կառքից։ Պետր Ստեփանիչը համոզում էր նրան, աղաչելով, խնդրելով, սակայն իզուր, օրիորդը համառությամբ կպել էր կառքին և պոկ չէր գալիս։ Դոլմազովի համբերությունը հասավ յուր վերջնակետին․ նա, բեղերը կրծոտելով, զսպեց իրան և սկսեց կրկին հորդորել օրիորդին։ Օրիորդը նույնպես դուրս եկավ համբերությունից և բարկացած հրամայեց կառապանին կառքը քշել բայց կառապանը մի շարժում անգամ չարավ օրիորդի հրամանը կատարելու։ Դոլմազովին վիրավորեց Կատերինայի վարմունքը, նրա ինքնասիրության նեղ զգացմունքները բորբոքվեցին։ Փողոցում տիրում էր լռություն։ Դոլմազովը նայեց յուր չորս կողմը և բացի կառապանից չտեսավ ոչ մի մարդ, որ վկա լիներ այդ տեսարանին։ Կառապանն առույգ ձիերի սանձը ձեռքում սեղմած, լուռ ու մունջ մեխված էր յուր տեղում, միայն երբեմն, սանձը շարժելով, նա հարվածում էր այս կամ այն ձիուն և յուր քնաթաթախ ձայնով կրկնում․ «տուբր, ստո՛․․․ո՛․․ո՛յ, պռոկլյատայա»․․․ Դոլմազովը մեկ ոտը դրեց կառքի վրա և, երկու ձեոներով բռնելով օրիորդի մեջքից, գրկեց ու մի վայրկյանում ցած բերեց ուժով։
Երկու ելք կար Կատերինա Կարլովնայի առջև․ նա կամ պիտի հնազանդվեր, կամ պիտի փախչեր․․․
Նրանք մտան ներս և մի ընդարձակ սանդխտով բարձրացան վերև, Պետր Ստեփանիչը պատշգամբից օրիորդին ուղղակի առաջնորդհց մի ոչ այնքան ընդարձակ սենյակ։ Իսկ ինքը, մի րոպե բաժանվելով նրանից, յուր սպասավորին տվեց ինչ որ պատվերներ և կրկին վերադարձավ։
Առաստաղից քաշ արած փոքրիկ կոլորակ կանթեղը լուսավորում էր սենյակի մոխրագույն պաստառով ծածկված պատերը, ուր քաշ արած էին մի քանի մեծ ու փոքր պատկերներ կասկածելի բովանդակությամբ։ Մի անկյունում դրած էր մի բարձր մահճակալ փափուկ անկողնով, մյուսում գտնվում էր մի ահագին հայելի, երրորդում մի կոլորակ սեղան, իսկ չորրորդում մարմարոնյա լվացարանն յուր բոլոր պատկանելիքներով։ Պետր Ստեփանիչը շտապեց նախազգուշացնելու, որ դահլիճի և մյուս սենյակների դռներն ու պատուհանները նոր են ներկված, այնպես որ ներկի հոտից անկարելի է այնտեղ մտնել և հրավիրեց օրիորդին ներս։ Մի սարսուռ անցավ Կատերինա Կարլովնայի մարմնով, երբ նա հայացքը ձգեց սենյակի կահ-կարասիքի վրա։ Նա ակամա սկսեց դողալ, գրեթե անզգայաբար մոտեցավ մեջտեղ դրած քառանկյունի սեղանին և նստեց նրա շուրջը, աթոռներից մեկի վրա։
Մի քանի րոպեում սպասավորը սեղանի երեսը ծածկեց սպիտակ մաքուր սփռոցով, և մեջտեղ եկան մի քանի տեսակ ուտելեղեններ և ըմպելիքներ։ Դոլմազովն անմիջապես յուր համար մի բաժակ օղի ածեց, իսկ օրիորդի համար մի ուրիշ ինչ-որ արտասահմանյան ըմպելիք։
— Խմեցե՛ք, շատ քաղցր խմիչք է, վնաս չի տալ ձեր սրտին, — ասաց նա, բաժակը դնելով Կատերինա Կարլովնայի առջև։
Օրիորդը բաժակի ծայրը գրեթե անգիտակցաբար կպցրեց շրթունքներին և իսկույն վայր դրեց։
— Ձեր կենացը։ Կատերինա Կարլովնա, — շարունակեց Դոլմազովն և, օղու բաժակը զարկելով նրա բաժակին, խմեց մինչև կեսը։
Օրիորդն աշխատելով ուշքը ժողովել, գլուխը շարժեց, առանց մի խոսք ասելու։ Դոլմազովը սկսեց ընթրել։ Օրիորդը չէր ուտում, բայց երբ Դոլմազովը նրան ստիպեց, նա մի երկու կտոր բան դրեց բերանը և, դարձյալ հետ քաշվելով, սկսեց երկյուղածությամբ նայել յուր չորս կողմը։ Ինչպես որսորդներից հալածված եղջերու, նա զգում էր, որ անտառի խորքում ընկել է մի այնպիսի նեղ տեղ, որտեղից ազատվելն անհնարին է։ Անհանգիստ դեմքով և դողդողալով նա յուր հայացքը մերթ ձգում էր սենյակի պատերին, մերթ Դոլմազովի վրա։
— Ինչո՞ւ չեք ուտում, Կատերինա Կարլովնա, — կրկնում էր Դոլմազովն անդադար։
— Ախորժակ չունիմ, խնդրեմ, Պետր Ստեփանիչ ինձ շուտ ճանապարհ գրեք։
— Մի՛ շտապեք, դեռ շատ վաղ է, տասներկու Ժամը չի լրացել։ Գոնե, Կատերինա Կարլովնա, մի երկու բաժակ այս քաղցր ըմպելիքից խմեցեք, շատ համեղ բան է, փորձեցեք։
Դոլմազովը կրկին լցրեց մի բաժակ և դրեց Կատերինայի առջև։ Օրիորդը գլուխը շուռ տվեց և բաժակը հեռացրեց իրանից։
— Ինչո՞ւ եք այդպես անում, Կատերինա Կարլովնա․ դուք ինձ վիրավորում եք։
— Մայրս, խեղճը հիմա սպասում է, — պատասխանեց օրիորդը, փորձելով տեղից բարձրանալ։
— Ո՞ւր եք գնում, սպասեցե՛ք, — ասաց Դոլմազովը, բռնելով նրա թևից մեղմիկ և նորից նստեցնելով յուր տեղը։ Օրիորդն ակամա հնազանդվեց նրա կամքին։ Պետր Ստեփանիչը լիք բաժակը կրկին մոտեցրեց նրան ասելով.․
— Եթե այս անգամ ևս մերժեք իմ խոնարհ խնդիրն և մինչև հատակը չի դատարկեք այս բաժակը, իմացեք, որ դուք ինձ մինչև սրտիս խորքը վիրավորած կլինեք։ Վերցրեք Կատերինա Կարլովնա, և սրտով խմեցեք, դա ձեր եղբոր, Արտեմ Կարլիչի կենացն է։
Այս ասելով, Դոլմազովը յուր համար մի բաժակ գինի ածեց և առավ ձեռքը, սպասելով օրիորդին։ Կատերինա Կարլովնան ճարահատյալ առավ բաժակը և, դարձյալ մի քիչ կում անելով, տեղը դրեց։
— Ես զարմանում եմ, դուք ինչ քարասիրտն եք, որ ձեր միակ եղբոր կենացն էլ չեք խմում, — ասաց Դոլմազովն և նույնպես լիք բաժակը դրեց սեղանի վրա։
Օրիորդը ոչինչ չպատասխանեց։ Պետր Ստեփանիչը շարունակեց խոսել, փոքր առ փոքր ոգևորվելով։ Նա ասաց, թե բախտավոր է այն մարդը, որ եղբայր ունի և, հետզհետե խոսքը դարձնելով յուր վրա (դա նրա սաստիկ ցանկությունն էր), ավելացրեց, որ ինքը նախանձում է եղբայր ունեցողներին։ Նա սկսեց գանգատվել յուր՝ իբր թե տխուր՝ ճակատագրի դեմ։ Նկարագրեց յուր վիճակն ամենատխուր գույներով, աշխատելով համոզել օրիորդին, թե որքան ինքն անբախտ մարդ է և ինչպես ճակատագիրն անգթությամբ հալածում է իրան։ Կրկնեց նույնպես, թե համոզված է, որ կարող է բախտավորվել միայն այն ժամանակ, երբ յուր կյանքը կկապի մի սիրեցյալ էակի հետ, որ կարող լիներ մասնակից լիներ նրա դառնություններին և ուրախություններին։ Նա ավելացրեց, թե հենց յուր դժբախտությունը կայանում է նրանում, որ մինչև օրս դեռ չի գտնում մի այդպիսի էակ, իսկ նա, որի վրա հույս ունի, շատ անգութ է վերաբերվում դեպի իրան․․․
Եվ այս միտքը հայտնելու ժամանակ Դոլմազովն յուր վավաշոտ աչքերը հառեց օրիորդի երեսին, որ տեսնի գոնե այս անգամ նրա վրա գոհացուցիչ ազդեցություն արի՞ն յուր խոսքերը, թե ոչ։
Կատերինան թեև ուշադրությամբ չէր լսում, բայց հասկացավ, թե Դոլմազովը ում մասին է ակնարկում, հասկացավ և ոչինչ չասաց։
— Երբ գլուխս խառն է գործերով, էլի մի կերպ օրերս անցնում են, իսկ երբ գործերից ազատվելով գալիս եմ տուն, դարձյալ մի ինչ-որ ծանրություն նստում է սրտիս վրա։ Մտիկ եմ անում չորս կողմ — ոչինչ մխիթարություն, ոչինչ թեթևություն չեմ գտնում։ Տանս պատերը, կարծես, ինձ թշնամի լինեն։ Այո՛, Կատերինա Կարլովնա, չկա մեկը, որ թեթևացնի իմ հոգին, չկա մեկը, որ կարողանա յուր քաղցր հայացքներով, յուր դուրեկան խոսակցությունով մխիթարել իմ վշտացած սիրտը։ Ճարահատյալ պառկում եմ անկողին և սենյակի առաստաղին նայում։ Կհավատաք, որ շատ անգամ փոքրիկ երեխայի պես լաց եմ լինում իմ սենյակում։ Լաց եմ լինում և հետո հագնվում ու դուրս փախչում տնից, ինչպես բանտից։ Գնում եմ դուրս — այնտեղ միևնույն տխրությունը, միևնույն դառնությունը։ Թե մինչև երբ պիտի շարունակվի իմ այս անտանելի դրությունը, ինքս էլ չգիտեմ։ Բայց Կատերինա Կարլովնա, ես այժմ զգում եմ, թե կա մեկը, որ կարող է վերջ դնել իմ ցավերին․ այդ մեկը․․․ է՛հ․․․
Եվ Դոլմազովի կրծքից կրկին դուրս թռավ մի կեղծ հառաչանք։
Արդեն անցել էր բավական ժամանակ։ Կատերինա Կարլովնան, օգտվելով Դոլմազովի րոպեական լռությունից, բարձրացավ յուր տեղից։
— Սպասեցեք, — ասաց Դոլմազովը։
— Ո՛չ, բավական է, ինչքան պահեցիք, թույլ տվեք։
— Մի քիչ էլ նստեցեք, խնդրեմ։
Սակայն օրիորդը այս անգամ չհամաձայնվեց նստելու։ Նա երեսը շուռ տվեց և վճռողական քայլերով դիմեց դեպի դռները։
— Ո՞ւր եք փախչում, — բացականչեց Դոլմազովն և, վազելով օրիորդի հետևից, բռնեց նրա ձեռքը։
— Հերիք է, Պետր Ստեփանիչ, գնանք։
— Հերիք է, հերիք չէ, ա՛յ թե հերիք է։
Եվ այս անորոշ խոսքերն արտասանելով, Դոլմազովը դռները փակեց, բանալին շուռ տվեց և կողպեց։
— Տեսնո՞ւմ եք, հա, հա, հա, — գոչեց նա, չարախնդությամբ ծիծաղելով։
Նա, բանալին ցույց տալով օրիորդին, ձգեց գրպանը։ Նրա ծիծաղն օրիորդի վրա վերին աստիճանի զզվելի տպավորություն արավ։ Մի քանի վայրկյան սա ապշած նայում էր։ Պետր Ստեփանիչը նույնպես նայում էր օրիորդին։ Եվ այդ հայացքն արտահայտում էր նրա զազրելի ձգտումը։ Նրա բարակ և սեղմված շրթունքների վրա խաղաց մի հանդուգն ու լկտի ժպիտ, և այդ վայրկյանին նրա քրքրված ու մաշված դեմքն ընդունեց գարշելի արտահայտություն։ Կատերինա Կարլովնան սարսափեց այդ արտահայտությունից։