ԽՆԿԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ


Ո՞ւմ են պետք, ասա, իմ այս ձեռքերը,
Թե նրանք այսօր
Չպիտի շոյեն քո գանգուրները
Եվ նուրբ իրանիդ
Տաք հմայքներով իմ կյանքը օրհնեն,
Թե նրանք այսօր
Չպիտի գրկեն քո երազները՝
Ծիածանի պես,
Նվաղեն քո սուրբ ծնկների վրա։

Ո՞ւմ են պետք, ասա, իմ ժպիտները,
Թե ծնված պահին
Չպիտի ծաղկեն եւ քո շուրթերին,
Ինձնով վարակեն
Քո էությունը աստղաթափանց,
Թե ծնված պահին
Չպիտի քո մեջ նկարեն լույսը
Առավոտների
Եվ լցնեն օրը արեւի բույրով։

Ո՞ւմ են պետք, ասա, իմ այս աչքերը,
Թե իրենց խորքում
Չեն պահում նրանք աչքերիդ փայլը,
Ամեն աղջկա
Հայացքի մեջ քո կարոտը տեսնում,
Թե իրենց խորքում
Մի թաքո՜ւն, թաքո՜ւն ճամփա չեն պահում
Երազիդ համար
Ու քո սրտի մեջ կարոտներ դառնում։

Ո՞ւմ են պետք, ասա, իմ այս քայլերը,
Թե նրանք մի օր
Չպիտի խախտեն սահմանագիծը
Քեզ ինձնից զատող,
Քանդակվեն հոգուդ արահետներին.
Թե նրանք մի օր
Չպիտի ինձ քո սրտին հասցնեն,-
Ուր ինձ սպասում են իմ երազները,
Իմ հեռու, անհայտ հորիզոնները։