ԽՈԶԱՐԱԾ

Կար չկար, ժամանակով մի թագավոր կար։ Էդ թագավորը շատ զոռբա թագավոր էր և մշտական էթում էր ավղուշ անելու։ Մի օր շատ ման էկավ մեջեն, պատահեց մի ջանավարի. էդ ջանավարը արեգակի ղայդա պսպղում էր։

Թագավորը հրամայեց վեզրին, թե.— Մի հնար գտի, բռնենք, ափսո՜ս ա, չսըպանենք։

Բերին տուղաղ[1] դրին, բռնեցին, վե կալան բերին ամարաթ։

Թագավորը հրամայեց, թե.— Մի շուշաբանդ օթախ սարքե՛ք, դնենք մեջը, որ գալողը թամաշ անի։

Օթախը շինեցին, դրին մեջը, աշխարքն էկավ թամաշա։ Տեսնողը զարմանում, արմանում էր։

Թագավորին ուներ մի մինուճար տղա. եբոր տղեն դառավ տասնիրեք տարեկան, նետվանեղն առավ, էթում էր ավի։ Մեկ օր բիրդան նետվանեղը քցելուն պես նետը շուշեն ջարդեց, ընկավ ջանավարի առաջը։

Տղեն էկավ ջանավարից խնդրվեց, թե.— Տո՛ւ իմ նետը։

Ջանավարն ասեց.— Գնա՛ հորդ բարձի տակիցը բալանիքը հանա, բե՛, հա՛մ նետդ վե կալ, հա՛մ էլ ինձ բրախա՛, էթամ, մեղք եմ, ես քու լավությունի տակից դուս կգամ։ ― Բա՛ որ իմ հերը ինձ սըպանի։

Ասեց.― Չի՛ սըպանի․ դու մինուճար տղա ես։

Տղեն գնաց, բալանիքը վե կալավ։ Էկավ, դուռը բաց արեց, ջանավարն ասեց.― Թե որ քու հերը քեզ նեղացնի, ա՛րի ինձ գտի, ես մեշի մեջը, աղբրի կշտին կըլնեմ։

Ասեց ու փախավ գնաց։

Թագավորը որ իմացավ տղեն ջանավարին բրախել ա, ասեց.— Գլուխը կտրե՛ք։

Նազիր-վեզիրը խնդրեցին, թե.— Դո՛ւ ես, մինուճար մի տղա, մի ջանավարի հըմար խի՞ ես սըպանում, տանից դուս ա՛րա, թո՛ղ էթա։

Թագավորը կանչեց վեզրի տղին, հանեց մի բոլ փող տվեց ճամփի ծախս, ասեց.— Ա՛ռ, էս տղին հետդ տա՛ր, կսըպանես՝ դո՛ւ գիտաս, սաղ կթողաս՝ դու գիտաս, էլ իմ երկիրը ոտ չպըտի դնի։

Վեզրի տղեն թագավորի տղի հետ վե կացան գնացին։

Շատ գնացին, քիչ գնացին, հասան մեշեն. ըստեղ վեզրի տղեն ասեց.— Պտի սըպանեմ ըստեղ։

Թագավորի տղեն շատ լաց էլավ, մուննաթ արեց, որ չսըպանի։

Վեզրի տղեն ասեց.— Կռիդ բազմանդը ո՛ր տաս ինձ՝ չեմ սըպանի:

Ասեց.— Ա՛ռ բազմանդը, չեմ ուզում, քե՛զ ըլնի։

Եբոր վեզրի տղեն բազմանդը առավ, ասեց.— Ըսօրվանից թագավորի տղեն ես եմ, դու իմ գյադեն ես։

— Գյադեդ եմ, գյադեդ եմ, ճա՜րս ինչ։

Ըտեղ ձառի տակին վեզրի տղեն քնեց։ Թագավորի տղեն գնաց ման գալու։ Ման գալով, ման գալով գնաց աղբրի կուշտը, տեհավ ջանավարը ըտեղ նստած ա։ Լաց էլավ, իրա գլխի էկածը պատմեց ջանավարին։

Ջանավարն ասեց.― Բա՛ն չկա, ես քեզ ընենց կանեմ, որ դու շատ լավ կապրես։ Գնա էդ աղբրի ջրիցը խմա։

Տղեն գնաց խմեց։

— Էդ ծառը մի թափ տո՛ւ,— ասեց ջանավարը։

Տղեն թափ տվեց, քոքըհան էլավ։

Ասեց.— Գնա՛, մեկ էլ ջուր խմա։

Խմեց, էկավ։ Ասեց.— Էդ մենծ ծառը թափ տո՛ւ տենանք։

Թափ տալուն պես քոքիցը հանեց։

Ասեց.— Էդ ուժը բոլ ա քե՞զ, թե էլ տամ։

Ասեց.― Չէ՛, մի քիչ էլ ըլնի, դհա՛ լավ կըլնի։

Ասեց.— Գնա՛ էլի ջուր խմա։

Գնաց խմեց․ էկավ էրկու էն ծառի հաստությունից ծառ էլի թափ տվեց ու քոքըհան արեց։

Ասեց.— Բո՞լ ա:

Ասեց.— Բո՛լ ա, շնորհակալ եմ։

Տղեն թողաց, գնաց վեզրի տղի կուշտը, ճամփա ընկան գնացին։ Շատ գնացին, քիչ գնացին, հասան մի թագավորի քաղաք։

Վեզրի տղեն խաբար ղրկեց թագավորին, թե ես ֆլա՛ն թագավորի տղեն եմ, գալիս եմ տեսություն։

Թագավորը մարդ ղրկեց, պատվով ընդունեց։

Թագավորը շատ հավանեց էս էրկու տղին էլ, ասեց.— Դու իմ փեսացուն ես, իմ աղջիկը ես պտի տամ քեզ։ Քու նոքարին ի՞նչ գործի դնենք։

Վեզրի տղեն ասեց.— Դո՛ւ գիտաս, ինչ գործի կդնես՝ դի՛։

Թագավորն ասեց.— Կէթա՞ս մեր խոզերը պահելու։

Տղեն ասեց.— Կէթա՛մ։

Գնաց խոզանոցը, տարավ խոզերը արածացնելու։ Եբոր իրիկունն էկավ, խոզերը բերեց, տեհավ ըտեղ մի գերան վեր ընկած ա։ Առավոտը էդ գերանը վե կալավ ձեռը, խոզերը քշեց, գնաց։ Տարավ մինչանք իրիկուն արածացրեց։

Էգսի օրը գերանն առավ գնաց թագավորի բալկոնին թըրը՜փ, թըրը՜փ տվեց. զարթնեցին, էկան, ասին.— Ի՞նչ ես ուզում։

Ասեց.— Մի շահի տվեք, էթամ պոպոք առնեմ։

Թագավորն ասեց.— Ա՛ռ մի մանեթ։

— Ինձ մանեթը հարկավոր չի՛, ես ո՞րդե տանեմ խուրդեմ, ինձ մի շահի տվեք։

Շահին առավ, գերանովը էս դուքանի դուռը ջարդեց, էն դուքանի դուռը ջարդեց, մի շահու պոպոք առավ, խոզերը տարավ արածացնելու։

Իրիկունը եդ դառավ էկավ, գնաց թագավորի առաջին կաննեց, ասեց.— Ինձ հմար մե կարգին էրկաթե դագանակ շինիլ տու։

Ասեց.— Եքա գերանը ձեռիդ ա, բոլ չի՜։ Ասեց.― Չէ՛, ճիպոտ ա, քսանհինգ փթանոց մի դագանակ շինիլ տու։

Թագավորը խոստացավ, որ շինիլ տա։

Առավոտը էլի էկավ՝ թըրը՜խկ, թըրը՜խկ, տվեց գերանով բալկոնին։

Եբոր դուս էկան, ասեց.— Մի շահի տվե՛ք, պոպոք առնեմ։

Մի շահին տվին, էլի հինգ-տասը դուքանի դուռ ջարդելով պոպոք առավ, էկավ խոզերն առավ գնաց։ Իրիկունը եդ էկավ, գնաց քնեց։

Առավոտը տեհավ իրա էրկաթե դագանակը շինած ա․ գնաց վե կալավ, ծանդր ու թեթև արեց, ասեց.— Օ՜հ, էս իմ ուզած դագանակն ա,— դրեց ուսին, խոզերը վե կալավ գնաց։

Խոզերը քշեց տարավ Սև դևի սահմանը։ Տեհավ որ մի եքա դարվազա ա, ասեց.— Կարող ա ըստեղ տուն ըլնի, էթամ տենամ ի՛նչ կա։

Մոտացավ, տեհավ դուռը շինած ա, մի թիքա հեռու կաննեց, էդ դագանակով մի էրկու դըրբ տվեց, կտորտանքը թռան Արևելք ու Արևմուտք, խոզերն արեց նեքսև, տեհավ բաղ-բախչա, եմիշ, ձմերուկ, ամեն բարելիք կա։ Բրախ տվեց խոզերին, ինքը գնաց ծառի տակին քնեց։

Ճաշ էր դառե, Սև դևն էկավ․ էկավ, տեհավ դարվազեն ջարդ ու փշուր ա էլած, խոզերը բախչումը եմիշ, ձմերուկ են ուտում, քանդըրտել են։

Ասեց.— Յա՜րաբ էս ո՞վ պտի ըլնի, որ սիրտ ա արե, էկել ա ըստի։

Գնաց ման էկավ, տեհավ ծառի տակին քնած ա։

Ձեն տվեց.— Հողածի՛ն, հողածի՛ն։

Տղեն էդ ձենը լսելուս չվեկացավ։

Ասեց.— Ղո՛ւշն իրա թևովը, օ՛ձն իրա պորտովը սիրտ չէր անի գա ըստե, էս ո՞նց ա, որ դու էկել ես։

Տղեն ասեց.— Ընքան մարդկություն էլ չունես, որ համբերես, քնատեղիցս վե կենամ, նո՛ր կռիվ անես։

— Մենծ թիքեդ անգաջդ կթողամ,— ասեց դևը,— հլա խոսում էլ ե՞ս։

Տղեն վե կալավ, թե.— Մըխելի հեռու կա՛ց, նոր խոսա։

Տղեն վե կացավ, ոտի կաննեց։ Դևն ասեց.— Կռվի նորաթն իմն ա՞, թե քունը։

Տղեն ասեց.— Քո՛ւնն ա, քցա՛։

Դևը, որ մի գուրզ գցեց, ընենց մի թոզ ու դուման էլավ, որ տղեն թողի միջին չէրևաց։

Դևն ասեց.— Իմ կուռը կոտրվի՛, մի քիչ ծանդր տված չըլնեի, մի էրկու մենծ թիքա մնացած ըլներ՝ ուտեի։

Տղեն ասեց.— Հմի նորաթը ի՛մն ա, դու հենց գիտաս ես մեռե՞լ եմ։

Տղեն քաշեց դագանակը մի ընենց տվեց դևի շլնքաքոքին, որ գլուխը կտրվեց ու գնա՜ց, հլա էթում ա՜։

Տղեն վե կացավ, դևի ամարաթը ման էկավ, գնաց տեհավ մի օթախի միջի տասը հատ ձի, մարդիկը վրեն ասպարավորված[2] հազիր։

Տղեն ասեց.— Ի՞նչ մարդիկ եք։

Ասեցին.— Մենք ղոչաղ մարդիկ ենք, դևը մեզ բերել բռնավոր ա արել. ո՛ր մեզ բրախես, ժամանակին քու հավարին մենք կհասնենք։

Տղեն դևի ձին էլ քաշեց, մի ձեռք թամուզ շոր կապեց, ձիանոնց պոչերից մի-մի մազ քաշեց, քոմմըքին բրախեց։ Գնացին։ Ինքը խոզերը վե կալավ, էկավ թագավորի տունը։ Էկավ, տեհավ՝ դափ ու զուռնեն ածում են։

Ասեց.— Էս ի՞նչ խաբար ա։

Ասին.— Թագավորն իրա աղջիկը տալիս ա էդ նոր էկած թագավորի տղին։

Տարավ խոզերն արեց նեքսև, գնաց իրա տեղը նստեց։

Թագավորի պուճուր աղջիկն էկավ, բարև տվեց, ասեց.— Բա՛րև քեզ։

Ասեց.— Ա՛սսու բարին, ի՞նչ կա։

Ասեց.— Էկել եմ քեզ հետ մի քիչ խոսամ։

Ասեց.— Ես խոզարած մարդ եմ, ինձ հետ ի՞նչ պտի խոսաս, խոզերի ֆո՞տին ես կարոտ, թո՛ղ գնա։

Ասեց.— Իմ սիրտն ուզում ա քեզ հետ մի քիչ խոսամ։

Ասեց.— Գնա՛, գնա՛, գնա՛, հարկավոր չես։

Աղջիկը լաց էլավ գնաց, համա ուշըմիտքը դպա տղեն էր։ Գնաց հաց շինեց, վե կալավ էկավ, դուռը թըխկթրխկացրեց։ Տղեն վե կացավ, դուռը բաց արեց, տեհավ էլի թագավորի աղջիկն ա, ասեց.— Ի՞նչ ա։

Ասեց.— Հաց եմ բերե, դուռը բաց արա՛, իրար հետ ուտենք։

Հացն առավ ձեռիցը, իրան բրթեց, դուռը շինեց։

Աղջիկը վեր ընկավ, վե կացավ, լաց ըլնելով գնաց։

Էգսի օրը էլի վե կացավ, էկավ բալկոնի ճաղերին՝ թըրը՜խկ, թըրը՜խկ, տվեց։

— Ի՞նչ ա, ա՛յ մարդ։

— Մի շահի տվե՛ք, էթամ պոպոք առնեմ։

Մի շահին տվին, գնաց։ Իրիկունը ո՛ր ետ դառավ, տեհավ սաղ քաղաքը սուգ ա անում։

Հարցրեց.— Էս ի՞նչ ա պատահե։

Ասեցին.— Դևերն էկել են, ուզում են թագավոր մենծ աղջկանը տանեն, թագավորը ղորթը հավաքում ա, էթա կռիվ անի։

Տղեն խոզերն արեց նեքսև, տեհավ թագավորի պուճուր աղջիկը էկավ մտավ նեքսև, շատ լաց էլավ։

Տղեն ասեց.— Խի՞ ես լաց ըլնում։

Ասեց.— Ջանս դուս գա՛, քվորս տանում են դևերը։

— Բա դու խի՞ էս էկե հմի։

— Էկել եմ քեզ խնդրվեմ, որ իմ քվորը էթաս ազատես։

— Ես,— ասեց,— խոզարած մարդ եմ, ես անջախ էդ խոզերը պահեմ, խի՞ չես էթում ձեր փեսին խնդրում, թագավորի տղա ա։

Ասեց.— Նրա բանը չի՛։ Էդ դագանակը որ քու ձեռին ա, դու ամեն բան կարաս անի։

Խոզարածը բրթեց աղջկանը, թե.— Գնա՛, գնա՛, գլուխս մի՛ տանի։

Աղջիկը լաց ըլնելով գնաց։

Առավոտը վե կացավ, դագանակը դրեց ուսին, գնաց բալկոնը թըրը՜խկ, թըրը՜խկ։

Ընդրանք լալիս են, մղկըտում, թե. «Դևերն էկե՜լ են, ի՜նչ պտի անեն», սա թե. «Իմ շահին տվե՛ք, ես վռազ եմ, խոզերը մնացին տանը»։

Մի շահի տվեցին, գնաց պոպոք առավ, խոզերը վե կալավ գնաց։ Տարավ խոզերը հանդումը բրախեց, ծոցիցը Սև դևի ձիանոնց մազերը հանեց, կրակեց, տեհավ դևի ձին, տասը ձիավորի՛ հետ էկան։ Դևի ձիու վրի շորերը վե կալավ հագավ, նիլլավ ձին, քշեցին։ Թագավորը իրա ղոշունը առել էր, դուս էկել դևերի աղաքը, հեռվանց տասնըմին ձիավոր էկան, իրանց առաջովը տվեցին չափարխանի[3] գնացին։ Գնացին հասան դևերի ղոշնին, տվին, էդ դևերին, ընենց ջարդեցին, որ դևերից մնաց մի ֆոգի, էն էլ տղեն բռնեց, ատամները քաշեց, տվեց ճակատին, ասեց.— Գնա՛ քու տիրոնչը խաբար տա՛ր։

Ետով ձիանոնց գլուխը եդ դարձրին ու եդ գնացին։

Թագավորը ձեն տվեց ղոշունին.— Բռնե՜ք, հա բռնե՜ք, բռնե՜ք, մի փեշքաշ տանք,— ձիավորները փախան, գնացին։

Տղեն վեր էկավ ձիուցը, շորերը փոխեց, ձիավորներին բրախեց, խոզերը վե կալավ, էկավ դպա տուն։ Տեհավ սաղ քաղաքը քեֆի մեջ ա, դափ ու զուռնեն ածում ա, հա՛ ածում։ Ինքը գնաց, քաշվեց իրա խոզանոցը։

Թագավորի պուճուր աղջիկը մի լավ խոնջա շինեց, առավ գնաց Խոզարածի կուշտ։

Տղեն դուռը բաց արեց, ասեց.— Հը՛, ի՞նչ կա ա՛ղջի։

Ասեց.— Ես քու կարոտը քաշում եմ, հաց եմ բերե, որ իրար հետ ուտենք։

— Չէ՛, չէ՛, հարկավոր չի, գնա՛ բանիդ,— ասեց տղեն,— խոնջեն ձեռիցն առավ ու իրան բրթեց դուս, դուռը շինեց։

Աղջիկը լաց ըլնելով գնաց տուն։

Տղեն առավոտը վե կացավ, իրա շահին առավ, պոպոքը լցրեց ջեբը, քշեց խոզերը, գնաց դուս էկավ Կարմիր դևի սահմանը։

Տեհավ մի դարվազա, ասեց. «Էրևում ա՝ էս էլ ա դևի տուն տանեմ խոզերս մի կուշտ ուտացնեմ»։

Հասավ դարվազի կուշտը, էրկու դագանակ տվեց, դռան ամեն մի կտորը ընկավ Հալեպ ու Չինիմաչին։

― Խոզերը քշեց նեքսև, տեհավ բոստան ա, ասեց.— Էս լավ էլավ, թո՛ղ մի կուշտ ուտեն։

Ինքը գնաց մի մենծ ծառի շվաքում պառկեց։

Ճաշվա դեմը Կարմիր դևն էկավ դպա տուն, տեհավ դարվազեն ջարդված ա՝ արինը գլուխը տվեց. մտավ նեքսև, տեհավ խոզերը բոստանը քանդռտում են, բարկացած դես ու դեն ընկավ, տեհավ տղեն ծառի տակին քնած ա, ձեն տվեց.— Հողածի՛ն, հողածի՛ն, վե կա՛ց։ Տղեն զարթնեց, տեհավ Կարմիր դևը գլխավիրևը կաննած ա։

― Ի՛նչ ես ախմախի պես էկե գլխավիրևիս կաննել, չե՞ս թողում քնեմ, դինջանամ։

Դևն ասեց.— Մենծ թիքեդ անկաջդ կթողամ, ի՜նչքան ինձ վնաս ես տվել, հմի էլ բերան ունես ըտենց խոսալու։ Ղուշն իրա թևովը, օձն իրա պորտովը չէր սիրտ արե գալ ըստեղ, դու ո՞նց ես էկե, հլա բարկանում էլ էս վրի՞ս։ Ատամներս եռ ու քոր ա գալի, քու մենծ թիքեն կթողամ անկաջդ։

Տղեն դագանակն առավ ու վե կացավ կաննեց, դևին ասեց.— Նոբաթը քո՛ւնն ա, կռվա՛։

Դևը մի գուրզ քցեց դրան, թոզ ու դումանը վե կացավ, տղեն միջին չէրևաց։

Դևն ասեց.— Ափսո՜ս, մի կտոր էլ ա չմնաց, ուտեի։

Եբոր թոզը սկսեց բարակիլը, տղեն ասեց.— Նոբաթն ի՛մն ա։— Տարավ բերեց դագանակը ո՛ր չտվեց շլնքաքոքին, գլուխը պոկվեց ու գնաց․ գնաց, դիպավ Մասսա սարին, Մասիսը տեղիցը ժաժ էկավ։

Տղեն վե կացավ էդ դևի ամարաթի մեջ ման էկավ, տեհավ մի օթախ, տասը ձիավոր միջին հազիր կաննած։

Ասեց.— Ի՞նչ մարդ եք։

Ասեցին.— Բռնավոր ենք, Կարմիր դևն ա բերե․ մեզ բաց թո՛ղ, մենք քու հավարին կհասնենք։

Տղեն գնաց Կարմիր դևի Կարմիր ձին էլ բերեց, մի թամուզ կարմիր շոր վրեն կապեց, էդ ձիանըքոնց պոչերիցը քաշեց, բիրադնին բրախեց։ Եդ դառավ, խոզերը վե կալավ, էկավ տուն։

Էկավ տեհավ սաղ քաղաքը քեֆի մեջ ա, ուրախություն էն անում։

Խոզերը տարավ տուն, թագավորի պուճուր աղջիկն էկավ կուշտը, ասեց.— Վե՛, է՛թանք իմ օթախը, միջնեկ քվորս նշանդրեքն ա, սաղ քաղաքը ուտում, խմում ա, ի՜նչ ա, դու ըստեղ վեր էս ընկե։

Տղեն ասեց.— Գնա՛, գնա՛, ես ձեր լայաղին մարդ չեմ, ես մի խոզարած եմ։

Ասեց.― Ես քեզ սիրում եմ, դու ինձ հմար թագավոր ես:

Գնա՛, գնա՛, ես չե՛մ գա,— ասեց տղեն,— աղջկանը բրթեց, դուռը շինեց։ Աղջիկը գնաց մի լավ խռնչա շինեց, բերեց տղին, ինքը դուռը բաց արեց ու մտավ նեքսև։

Ասեց.— Հաց եմ բերե, վե կա՛ց, իրար հետ ուտենք։

Տղեն խռնչեն առավ ձեռիցը, աղջկանը բրթեց, թե.— Էս քու տեղը չի՛, դու գնա՛։

Առավոտը վե կացավ, էլի թըրը՜խկ, թըրը՜խկ.— Իմ շահին տվե՛ք, պոպոք առնեմ,— ասեց։

Պոպոքն առավ գնաց։ Իրիկունը էկավ, տեհավ որ սաղ քաղաքը էլի սուգ ա անում։

Հարցրեց, թե.— Էս ի՞նչ խաբար ա։

Ասեցին.— Առավոտը դևերը պտի գան, որ թագավորի միջնեկ աղջկանը տանեն։

Խոզերը բերեց տուն. թագավորի պուճուր աղջիկը լաց ըլնելով էկավ մտավ նեքսև, ասեց.— Վերև աստված, ներքև դու, ես գիտամ, որ իմ մենծ քվորը դու ազատեցիր, իմ միջնեկ քվորն էլ ազատա՛։

Ասեց.— Գնա՛, գնա՛, ձեր թագավորի տղին, վեզրի տղին ասա՛, էթան ազատեն, ես մի խոզարած եմ, ես ի՞նչ կարամ անի։

Ասեց.— Չէ՛, նրանց բանը չի՛, ազատես՝ դո՛ւ կազատես։

Տղեն վե կացավ, կռնիցը բռնեց, քցեց դուռը, աղջիկը լաց ըլնելով գնաց։

Առավոտը վե կացավ, խոզերը վե կալավ գնաց հանդը, մազերը կրակին տվեց, Կարմիր դևի ձին, մեկ էլ քսան ձիավորն էկան: Հագավ կարմիր շորերը, նիլլավ ձին ու քշեց գնաց։

Թագավորը մտիկ տվեց տեհավ, որ մի թոզ ա բանձրացել, ասեց.— Աչքներդ լի՛ս, հրես գալիս են, մեզ կազատեն։

Եբոր մոտացան, թագավորի ձեռ ու ոտը ուրախությունիցն իրար խառնվեց։— Տղե՛ք, ճամփա՛ տվեք։

Կրակի պես քշելով էկան անց կացան, ընկան դևերի վրեն, ջարդ ու խուրդ արեցին:

Բիրադնին ջարդեցին, մնաց մի հոգի, տղեն բռնեց, անկաջները կտրեց, ասեց.— Դե գնա՛, խաբար տա՛ր։

Ձիավորները եդ դառան, թագավորը ձեն տվեց ղոշընին.– Բռնե՜ք, հա, բռնե՜ք, ընդրանց փեշքաշ տա՛նք։

Ընդրանք ձիանիքը չափարխանի քշեցին գնացին։ Թագավորն ասեց․― Վա՛յ, չէլա՜վ, մի՛ բռնեինք տենայինք՝ ըդոնք ի՛նչ մարդիկ ին։

Իրիկունը որ տղեն գալիս ա տուն, տենում ա սաղ քաղաքը թնդում ա, քե՜ֆ, ուրախություն էն անում։ Ինքը գալիս ա իրա խոզանոցը, նստում։

Թագավորի պուճուր աղջիկը վեր ա կենամ, վազելով գալիս դրա կուշտը, ասում ա.― Վե՛ կաց, է՛թանք իմ օթախը, ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անենեք, տենում ես՝ սաղ քաղաքը ուտում, խմում, քեֆ ա անում։

Տղեն ասում ա.— Ես խոզարած մարդ, ես ի՞նչ գործ ունեմ ձեր օթախումը, վե կաց գնա՛, վե՛ կաց։

Աղջիկն ասում ա.— Իմ սրտի սիրականը դու ես, ի՛նչ ես կեղտոտ տեղը նստե, վե՛ կաց, վե՛ կաց, է՛թանք։

— Չէ՛, չէ՛, ես մի խոզարած մարդ եմ, ձեզ չեմ սազի։

Աղջիկը վե կացավ, փոր ու փոշման գնաց։

Գնաց, մի լավ խոնջա հազրեց, վե կալավ բերեց, ասեց.— Չես գալիս, չե՜ս, ըտեղ էլ ա նստենք իրար հետ հաց ուտենք։

Տղեն ասեց.— Վե՛ր, վե՛ր, վեր գնա՛, էս ֆոտին դու չես կարա հաց ուտի։

— Քո՛ւ կշտին ըլնեմ, ջայնա՛մ թե ֆոտ կգա։

Տղեն վե կացավ, կուռը բռնեց.— Դե գնա՛, գնա՛,— ասեց,— աղջկանը քցեց դուռը՝ դուռը եդ արեց։ Աղջիկը լաց ըլնելով գնաց։

Առավոտը տղեն էլի վե կացավ, խոզերին վե կալավ գնաց։ Գնաց, հասավ Սիպտակ դևի սահմանը, տեհավ մի դարվազա, ասեց.— Կարող ա է՛ս էլ դևի տուն ըլնի։

Քշեց, գնաց։ Գնաց հասավ դարվազին, տեհավ շինած ա, էդ իրա քսանհինգ փթանոց դագանակովը ո՛ր մի անգամ տվեց, դուռ-մուռ էլ չէրևաց: Խոզերը արեց նեքսև, տեհավ եմիշ, ձմերուկ, ամե՜ն բան կա։ Խոզերը բրախեց, ինքը գնաց աղբրի վրա լվացվեց, ծառի տակին պառկեց, քնեց։ Ճաշվա վախտը Սիպտակ դևն էկավ տեհավ դարվազեն ջարդված ա. սրտի հերսիցը գլխի ղուղը ժաժ էկավ։

Մտավ նեքսև, տեհավ խոզերը ընենց են քանդրտում, ուտում, ո՛ր պրծար. ման էկավ տեհավ՝ մի մարդ ծառի տակին պառկած ա, ձեն տվեց.― Հողածի՛ն, հողածի՛ն, վե՛ր,― ասեց, ու ոտը տվեց գեննին՝ ժաժ էկավ։ Տղեն զարթնեց, ասեց.— Ի՞նչ էլավ քեզ, չիր կարա մի քիչ համփերի՞, քնեի, դինջանայի։

— Օխտը տարի ա՝ իսանի միս չեմ կերե, ատամներս եռըքոր ա գալի, շատ մի խոսա՛, վե՛ կաց, քու մենծ թիքեն թողամ անկաջդ։

Տղեն դագանակն առավ կաննեց, ասեց.— Նորաթը քունն ա, տո՛ւ։

Սիպտակ դևը եդ կաննեց ու մի գուրզ քցեց, ընե՜նց մի թոզ ու դուման էլավ, որ տղեն միջին կորավ։

Դևն ասեց.— Գնաց գեննի տակը, մի կտոր էլ ա չմնաց՝ ուտեի։

Եբոր թոզը քաշվեց, տղեն ասեց.— Ի՞նչ շատ էս պարծենում, ես տեղս կաննած եմ, դե հմի դու տես, նոբաթն իմն ա։

Ասեց, դագանակը պըտըտեց ու մի դըրբ տվեց շըլընքաքոքին։

Դևն ասեց.— Մին էլ տո՛ւ։

Տղեն ասեց.— Մորիցս մեկ եմ էլե, իմ դըրբը մեկ ա։

Դևի գլուխը պոկվեց ու գնաց, հլա էթում ա։

Տղեն մտավ դևի ամարաթը, տեհավ տասը սիպտակ ձիավոր, ասեց.— Ի՞նչ մարդ եք դուք։

Ասեցին.— Մենք բռնավոր ենք, Սիպտակ դևը մեզ բերել ա ըստեղ բռնել ա. մեզ բաց թո՛ղ, ինչ նեղությունի մեջ ըլնես՝ մենք կազատենք քեզ։

Գնաց Սիպտակ դևի ձին էլ բերեց․ մի ձեռք սիպտակ շոր ջոկեց ձիու վրին կապեց, ձիանքանց պոչերիցը մի-մին մազ քաշեց, դրեց ծոցը, ըտրանց բրախեց։ Եդ դառավ, խոզերը քշեց, էկավ տուն։

Թագավորի պուճուր աղջիկն էլի վազելով էկավ, ասեց.— Վե՛ր, էթանք մեր օթախը։

Ասեց.— Խոսքը մի՛ հետ կասեն, չե՛մ գալի, ես մի խոզարած մարդ, դու թագավորի աղջիկ, ո՞նց կսազենք։

Ասեց.— Ես էլ քե՛զ ղուրբան, իմ հերն էլ քե՛զ ղուրբան, իմ մերն էլ քե՛զ ղուրբան, դու ինձ հմար աշխարքի բարերար ես։

— Գնա՛, գնա՛, գլուխս մի՛ տանի,— թևիցը բռնեց, տանիցը դուս արեց ու դուռը եդ արեց։

Աղջիկը լաց ըլնելով թողաց, գնաց։ Գնաց, մի լավ խոնչա շինեց բերեց, ասեց․― Ա՛րի իրար հետ նստենք, ուտենք։

Ասեց․— Էդ դի՛ ըստեղ, դու վե կաց գնա՛։

Աղջիկն ասեց.— Սըպանես էլ, չե՛մ էթա։

Վե կացավ, աղջկա կռնիցը բռնեց, քցեց դուռը։

Առավոտը էլի խոզերը առավ, գնաց հանդը, մնաց ընչանք իրիկուն, իրիկունը եդ դառավ էկավ։ Էկավ տեհավ վա՜յ-վա՜յը դրել են քաղաքի մեջը։

Էկավ խոզանոցը, թագավորի պոճուր աղջիկը լաց ըլնելով էկավ, դուռը բաց արեց ու ընկավ տղի ոնները, ասեց.— Ո՛նց որ ազատեցիր իմ էրկու քվորը, ինձ էլ պտի ազատես, հմի էլ դևերը էկել են ինձ տանելու։

Տղեն ասեց.— Տանում են՝ տանեն, ե՞ս ինչ անեմ։

Աղջիկն ասեց.— Ես քու գլխին ղո՛ւրբան, ոնց որ քվորտանցս ազատեցիր, ի՛նձ էլ կազատես։

Ասեց.— Գնա՛ քու բանին, իմ ձեռիցը բան չի գա, ես խոզարած մարզ եմ, ես գիտամ՝ իմ խոզերը, գնա՛, թագավորի տղեն, վեզրի տղեն կազատի քեզ։

— Ա՛յ, ֆողեմ նրանց գլուխը, նրանց ձեռիցը ի՞նչ կգա։

Տղեն վե կացավ, աղջկա կռնիցը բռնեց, ասեց.— Գնա՛, գնա՛։

Աղջիկը վե կացավ, լաց ըլնելով գնաց։ Գնաց մի խոնչա հաց հազրեց, առավ էկավ։

Ասեց.— Էլի էկա՜ր, քու էրեսը բոշի էրե՞ս ա։

Ասեց.— Հաց եմ բերե, քեղ սոված հո՛ չի թողա։ Նստի՛, իրար հետ ուտենք։

Տղեն նստեց։ Աղջիկը մի յանիցը ուտում էր, մի յանիցը աչքը քցում տղին՝ լաց ըլնում:

Տղեն ասեց.— Խի՞ ես լաց ըլնում։

Ասեց.— Ջանս դուս գա, լաց կըլնեմ, բա չե՞մ ըլնի, առավոտը դևերը ինձ պտի տանեն։

— Ոնց որ քվորտանցդ տարա՜ն։

— Քվորտանցս ազատեցիր, ինձ չես ազատի։

Ասեց.— Քե՛զ էլ կազատեմ, համա մարդի բան չասես։

Գնաց, տեհավ մերը իրա օթախումն ա։

Մերը տեհավ, որ ախչիկը ծիծաղում ա, ասեց.— Ի՞նչ ա պատահել, առավոտը դևերը քեզ պտի տանեն, դու ծիծաղում ես։ Ասեց.— Ա՜յ մե՛ր, իմ քվորտանց ազատողը ինձ էլ կազատի։

Ասեց.— Բախտավոր ես, քե՜զ էլ կազատեն։

— Ինձ խոսք տվեց։

— Ո՞վ։

— Իմ քվորտանցը ազատողը։

— Մի ասա՛, տենանք ո՞վ ա։

— Մարդի բան չես ասի՞։

— Չէ՛:

— Մեր Խոզարածը։

— Ի՜նչ ա ասում։

— Ա՛ստված վկա։

— Բա էթանք ես էլ խնդրվեմ։

Ասեց.— Որ իմանա թե քեզ ասել եմ, ինձ էլ կսըպանի, քեզ էլ։

Էգսի առավոտը թագավորը իրա ղոշունը հավաքեց, գնաց դևերի աղաքը կաննեց, համա շատ երկուղ էր անում, հրոպպե–հրոպպե թամաշ էր անում, թե էն սարիցը ձիավորներ գալիս են, թե չէ։ Մըն էլ տեհավ մի սիպտակ ձիավոր եռեսուն ձիավորների հետ էկավ։

— Տղե՜ք, աչքներդ լի՛ս,— ասեց,— ճա՛մփա, ճա՛մփա, ճա՛մփա բա՛ց արեք։

Ճամփա տվին, ձիավորներն էկան անցան, ընկան դևերի վրա, քշի, հա՛ քշի, տուր հա՛ տուր, ջարդա հա՛ ջարդա, ընենց ջարդեցին, մնաց մի հոգի։

Ձիավորը բռնեց անկաջները կտրեց, պինչը կտրեց, ասեց.— Դե՛ գնա, խաբար տա՛ր։

Եդ դառան։ Թագավորը իրա ղոշընին ասեց.— Ընենց արե՛ք, որ կարենաք բռնի։

Ձիավորները ո՛ր մոտացան թագավորին, տղեն ասեց.— Դուք քշեք, գնացեք, ինձ բռնում են, թող բռնեն։

Ձիավորները քշեցին գնացին։ Տղեն հանեց դանակը, բիլակը մի քիչ արնացրեց, կամաց քշելով գնաց։ Էկան տղին բռնեցին, տարան թագավորի մոտը։

Թագավորը վազեց, տղի ձիու ճակատը պաչեց, կռացրեց տղի ճակատն էլ պաչեց, ասեց.— Իմ թագավորությունը քեզ ղուրբան։

Տեհավ կռիցը արին ա գալի, այլուխը ջեբիցը հանեց, կապեց կուռը, հենց որ կապեց, տղեն ձիուն էրկու օրզանդու տվեց՝ թռավ գնաց։ Տղեն ձին բրախեց, խոզերն առավ, էկավ տուն։ Էկավ տուն, տեհավ դափ ու զուռնա, չրաղդան, ուտի՜լ, խմի՜լ, քեֆ անի՜լ։ Թագավորի պուճուր աղջիկը մի լավ խոնչա շինեց, վե կալավ էկավ, նստեցին, իրար հետ անուշ արեցին։

Թագավորը կնկանը պատմեց, թե մի սիպտակ ձիավոր եռեսուն ձիավորով էկավ դևերին ջարդեց, էդ ձիավորին բռնեցին, կուռը յարալու էր էլե, իրա այլուխը հանեց, կապեց. կապեց, ուզում էր բերի տուն, ձիուն օրզանդվով տվեց՝ փախավ։

Թագավորի կնիկը ծիծաղում ա։

Թագավորը հարցնում ա.— Ի՞նչ ես ծիծաղում։

Ասում ա.— Քու ասած ձիավորը մեր Խոզարածն ա։

— Ի՜նչ ա ասում:

— Դրուստ եմ ասում, առավոտը կանչա՛, հարցրա՛:

Թագավորը ղրկեց էն հրոպպեին կանչեց, տեհավ թևը կապած ա, քանդեց՝ տեհավ իրա այլուխը, ասեց.— Էս ի՞նչ բան ա։

Ասեց.— Եբոր թագավորի տղեն կըլնի խոզարած, վեզրի տղեն կըլնի թագավորի տղա, պարզ բան ա թագավորի տղեն իրան կտա գժությունի։ Չես հավատում՝ կանչա քու թագավորի տղին, տե՛ս իմ բազմանդը նրա կռին ա՞, թե չէ։

Թագավորը կանչում ա փեսին, տենում ա, որ կռան բազմանդը դրանն ա, ձեռաց ձեն ա տալի․— Ջանլա՜թ։

Ջանլաթները գալիս են, գլուխը կտրում։

Բաղմանդը հանըմ ա տալիս տղին, ասում.― Իմ պուճուր աղջիկն էլ քե՛զ փեշքաշ։

Օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում, պսակում։ Մի հինգ օրից եդը կնկանը առնում ա՝ էթում ա իրա երկիրը, տենում ա հերը մեռած ա ըլնում, ինքը նստում ա թագավոր:

Նրանք հասան իրանց մուրազին, ինչ մարդ էլ կարոտ ա՝ հասնի իրա մուրազին։

Ասսանից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին մինն էլ՝ անկաջ դնողին։


  1. Թակարդ (Ծ. Բ.)։
  2. Զինված (Ծ. Բ.):
  3. Արագ (Ծ. Բ.)։