Խոսք՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա-ի հուղարկավորության արարողության ժամանակ՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում



[էջ]

ԽՈՍՔ՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԵՆ Ա-Ի ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

խմբագրել
(29 օգոստոսի, 1994 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Մեծարգո հյուրեր,

Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին։

Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին, եղավ համակ նվիրումի, եկեղեցական բարեշինության եւ ազգային զարթոնքի լիապարփակ ժամանակաշրջան։

Եւ թեեւ այդ ժամանակաշրջանում մակընթացություններին հաջորդեցին նաեւ տեղատվություններ, ձեռնարկվեցին մտքի ու խղճի ազատության նորանոր սահմանափակումներ, բորբոքվեցին անհարկի ներեկեղեցական տարաձայնություններ, բայց Վեհափառ հայրապետը, միշտ գտնվելով Ամենայն հայոցի բարձրության վրա, իր իմաստուն եւ հավասարակշռված գործունեությամբ, անվրեպ ձեռնարկներով ու ծանրակշիռ խոսքով կարողացավ Եկեղեցին ու իր հոտը հեռու պահել աղետալի փորձություններից եւ անվերականգնելի կորուստներից։
[էջ]
Դրա համար պահանջվում էր, իհարկե, երկաթյա կամք, ծով համբերություն, խոր իմաստություն ու հեռատեսություն՝ հատկանիշներ, որ նախախնամությունը, բարեբախտաբար, Վեհափառին չէր զլացել։

Հասուն կյանքի ավելի քան յոթանասուն երկարուձիգ տարիների ընթացքում զգայասիրտ հայրապետը լիովին կիսեց իր ժողովրդին բաժին ընկած բոլոր տառապանքները եւ հայրենասիրական պարտքի ու հովվապետական պատասխանատվության բարձր գիտակցությամբ ջանաց ամոքել նրա ցավերը, թեթեւացնել նրա բազմազան հոգսերը։

Վազգեն Վեհափառը, սակայն, բախտն ունեցավ նաեւ վայելելու իր ժողովրդի տարած հաղթանակները, հրճվելու նրա հաջողություններով, վերապրելու զանգվածային ներգաղթի ոգեւորությունը, մասնակցելու ետպատերազմյան Հայաստանի շենացմանը, ականատեսն ու նեցուկը լինելու արցախահայության հերոսամարտի եւ ողջունելու Հայոց պետականության վերականգնումը։

Երիտասարդական ավյունով նա լծվեց նորանկախ հանրապետության ամրապնդման սրբազան գործին՝ այն վեր դասելով մնացյալ բոլոր ժամանակավոր ու անցողիկ խնդիրներից, անչափ ոգեւորվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գաղափարով եւ իր անձնական օրինակով ու անմիջական մասնակցությամբ քաջալերեց նրա հաջող ընթացքը։

Չնայած երկրի ներկա տխուր իր ավիճակին, առկա հսկայական դժվարություններին, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին՝ Վեհափառ հայրապետը, օժտված լինելով հիմնականն ու երկրորդականը, անցողիկն ու մնայունը զանազանելու բացառիկ շնորհով, մինչեւ վերջին շունչը մնաց լավատես՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ։

Հայ Առաքելական Եկեղեցու 1700-ամյա պատմության մատյանում Վազգեն Վեհափառը երջանկությունն ունեցավ դասվելու հազվագյուտ կաթողիկոսների շարքը, ովքեր իրենց ազգին ծառայեցին Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում՝ դրանով հնարավորություն ձեռք բերելով բազմապատկել ու հովվապետական գործունեության արդյունքները։ Վեհափառն այսպիսով իր անձնական օրինակով եւս մեկ անգամ հաստատեց ազգի բնականոն գոյության երկու ան
[էջ]
հրաժեշտ պայմանների՝ պետության եւ եկեղեցու ճակատագրի միասնության անառարկելի ճշմարտությունը։

Նա թողեց, սակայն, նաեւ անկատար մի երազ, որի իրականացման համար թեեւ չխնայեց որեւէ ջանք, մանավանդ գահակալության վերջին տարիներին։ Այդ երազը Հայ Առաքելական Եկեղեցու միասնության եւ ավանդական նվիրապետության վերականգնումն էր, որը որպես սուրբ պատգամ հանձնվեց մեր սերնդի խղճին։

Վեհափառ հայրապետը աշխարհից հեռացավ խլյակ դարձած մարմնով, բայց նրա փառավորված հոգին գնաց ճախրելու երկնային արքայության մեջ՝ Լուսավորչի, Սահակի, Մեսրոպի, Ներսես Շնորհալու, Խրիմյան Հայրիկի անմահ հոգիներին թեւանցուկ։

Վազգեն կաթողիկոսի լուսավոր կերպարը հավերժ կմնա յուրաքանչյուր հայի բաբախող սրտում՝ որպես եկեղեցաշինության, անձնվիրության, հայրենասիրության եւ հաստ ատունության անանց խորհրդանիշ, իսկ նրա աղոթքները որպես պահապան հրեշտակներ մշտապես կհսկեն մեր փշոտ ուղին։

«Հայաստանի Հանրապետություն», 30 օգոստոսի, 1994 թ.։

ՀՀԱՆԱ, 28/29.08.94։ Բնագիր։ Ինքնագիր։