Խոսքը Անդրանիկ Զորավարի աճյունի վերաթաղման արարողության ժամանակ

Խոսքը Անդրանիկ Զորավարի աճյունի վերաթաղման արարողության ժամանակ

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր՝ տասնամյակներ տևած բաժանումից հետո, Հայրենիք է վերադառնում և մայր հողում վերաթաղվելու բախտին է արժանանում ազգի մեծագույն զավակներից մեկը՝ Անդրանիկ Օզանյանը։ Մի մարդ, որի կյանքը դեռևս կենդանության օրոք դարձել էր առասպել։ Օտար կայսրությունների լծի տակ տառապող մեր ժողովրդի համար նա դարձել էր սեփական ուժերին հավատալու և ապավինելու խորհրդանիշ։ Եվ նրա կենսագրությունը արտացոլում է իր ժողովրդի հերոսական ու ողբերգական ճակատագիրը։

Համաժողովրդական սիրո և ճանաչման արժանացած ազգային հերոսն իր մահկանացուն կնքեց Հայրենիքից հեռու, բայց նրա ողջ կյանքը եղավ սեփական ժողովրդին ու երկրին անմնացորդ նվիրվածության օրինակ։ Նա հաջորդ սերունդներին կտակեց հայոց անկախ պետության իր երազանքը։

Փետրվարի 20-ը մեր նորագույն պատմության բեկումնային օրն է, երբ մեր ժողովուրդը պարզեց Արցախյան պայքարի դրոշը՝ տալով ազգային ինքնագիտակցության և միասնության բացառիկ օրինակ։ Դրան հաջորդեցին ազատամարտի դաժան ու հերոսական տարիները։ Անդրանիկ Զորավարի սխրանքներով դաստիարակված ու ոգեշնչված հայորդիները մարտի դաշտում նորից ապացուցեցին, որ իրենք Անդրանիկի հարազատ սերունդներն են և նրա գործի արժանի շարունակողները։ Շարունակողներ, որոնցից շատերը հանգչում են այստեղ՝ Եռաբլուրի պանթեոնում։

Այսօր, երբ արդեն իրականություն է լեգենդար զորավարի իղձը, մեր պարտքն էր իրականացնել նրա հայրենադարձությունը։ Նաև Վազգեն Սարգսյանի մեծ ցանկությունն էր՝ Անդրանիկ Զորավարի աճյունը ամփոփել Հայրենիքում։ Խորհրդանշական այս օրը՝ փետրվարի 20-ին, Եռաբլուրում հին ու նոր հերոսները վերագտնում են իրար։

Այս սրբազան աճյունով հայոց հողը սրբագործվում է նորովի։

Փառք ու խոնարհում հիշատակիդ առաջ և բարի վերադարձ, Զորավար։


2000

Աղբյուր

խմբագրել

[1]