Խոսքի շեշտադրությունը հուշում է այն հողը, որը կրում ես ոտքիդ տակ

«Միշտ չէ, որ րոպեն բաղկացած է լինում վաթսուն վայրկյանից» Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Խոսքի շեշտադրությունը հուշում է այն հողը, որը կրում ես ոտքիդ տակ)

Վարդան Հակոբյան

Երկու խոսք (Իմ անգլերեն գրքի շնորհանդեսի առիթով)

(Երիտասարդ գրողների գանձասարյան խորհրդակցությանն ընդառաջ)

Մայիսի 4-ից 7-ը Արցախում (Շուշի-Ստեփանակերտ-Գանձասար) կանցկացվի երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցություն։ Այսինքն, գրական Ծաղկաձորն այս անգամ «տեղափոխվել» է հին հայոց Խաչենի հովիտը։ Այդ առիթով մեր հատուկ թղթակիցը զրույց ունեցավ ԼՂՀ գրողների միության վարչության նախագահ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։

ՀԱՐՑ։ Պարոն Հակոբյան, երիտասարդ գրողների խորհրդակցությունն այս տարի Արցախում անցկացնելու նախաձեռնության հեղինակը Դուք եք։ Կարելի՞ է իմանալ, արդյոք, թե ինչպիսի սպասելիքներ ու ակնկալիքներ ունեք միջոցառումից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Իմ նախաձեռնության հիմքում, կարծում եմ, ժամանակի թելադրանք կա։ Խոսքի շեշտադրությունը հուշում է այն հողը, որը կրում ես ոտքիդ տակ։ Ես վերջերս հետաքրքիր զգացում ունեցա, երբ եղա Տիգրանակերտում, բարձրացա Վանքասարի եկեղեցու մոտ. դա ինքնաճանաչման կամ ինքնահաստատման պահ չէր միայն, այլեւ հզոր երկրի (ոչ միայն՝ երբեմնի) զավակի ներհայեցումի մի ծիսակատարություն, լսում էի նույնիսկ երկհազարամյա Սոսի ծառի (տնկված Տիգրան Մեծի զինվորների ձեռքով) չծերացող շշուկները։ Խնդրում եմ, այս բառերը չընդունեք որպես «պոետական» զեղումներ։ Ամենեւին էլ՝ ոչ, մանավանդ, որ ես հեռու եմ դրանից։ Պարզապես ուզում եմ ասել, որ մեր երիտասարդ գրողների Արցախում լինելը, այն էլ՝ Գանձասարի հովտում, դա իմաստավոր է մի շարք առումներով։ Նախ՝ նրանք մեկ անգամ եւս (անավելորդ) կհաստատեն իրենց ընթացքի ուղղությունը՝ տեսնելով, թե հայոց մարտադաշտերում թափված մշտաթարմ արյունն ուր է գնում, երկրորդ՝ պայքարի առաջին գծի շնչառությունը նրանց համար նորովի կբացի աշխարհը, ապա՝ Արցախը կճանաչի մեր ժողովրդի երիտասարդ գրիչներին ու ինքն էլ՝ որպես հին հայոց ոստաններից մեկը, զգալի չափով ճանաչելի կդառնա նրանց համար՝ առանց միջնորդությունների։
Ես կարծում եմ, աշխարհի որ ծագում էլ այսօր կա մի հայ, անշուշտ, նա իրեն արցախցի է զգում ինչ որ չափով, որովհետեւ Արցախը հայոց բոլոր երազանքների մանրակերտը կրում է իր մեջ, եւ այստեղ է, որ ազգի դարեր շարունակ ոտնատակված արժանապատվությունը, ի վերջո, հաղթել է։
Անգամ ամենադժնի ժամանակներում, երբ մեր ժողովուրդը կորցրել էր պետականությունը, մելիքությունների ձեւով այն պահպանվել է հին հայոց այս եզերքում։ Բացի դա, մեր գոյապայքարի ռուսական կողմնորոշման մասին նամակը հայ իրականության մեջ առաջին անգամ գրվել է Գանձասարում, հոգեւոր մի հզոր օջախ, որ Պետրոս Խանցքեցու եւ Հասան Ջալալյանի կաթողիկոսության շրջանում դարձել էր հայոց ոչ միայն գրչության, այլ նաեւ ազատագրական շարժումների կենտրոնը։ Գանձասարի անվանը մենք առաջին անգամ հանդիպում ենք դեռեւս IX դարի մասին պատմող գրությունների մեջ, Անանիա Մոկացու վկայություններում։ Իսկ Ա. Յակոբսոնը Գանձասարը համարել է հայ ճարտարապետության հանրագիտարանը։ Գանձասարում ստեղծված ձեռագրերից շատ-շատերը (նրանց թվագրությունը ընդգրկում է 1216թ. մինչեւ 1822թ.) այսօր պահպանվում են Մատենադարանում՝ որպես մեծագույն արժեքներ։
Ասում են՝ մեկ անգամ տեսնելը լավ է հարյուր անգամ լսելուց։ Արդեն, քսանից ավելի տարիներ, Արցախը ներկայացվում է որպես աշխարհի ամենատաք կետերից մեկը, իսկ 80-ականներին այն եղել է ուղղակի ամենատաքը։ Սոլժենիցինը տվել է խնդրի հստակ բանաձեւումներից մեկը. «Բայց չէ՞ որ այն տարիներին հաշվել են այսպես. բոլորովին կարեւոր չէ, թե որտեղով են անցնում սահմանները, մի քիչ եւս՝ եւ բոլոր ազգերը կհամաձուլվեն մեկում։ Հեռատես Իլյիչ Առաջինը սահմանների հարցը համարել է նույնիսկ տասներորդական։ Այդպես եւ Ղարաբաղը կտրել-կպցրել են Ադրբեջանին, ինչ տարբերություն՝ որտեղ, այդ պահին հարկավոր էր սիրաշահել սովետների սրտակից ընկերոջը՝ Թուրքիային»։ Սակայն խնդիրն ավելի խորն է, քան կարելի է այն պատկերացնել գրանցված փաստերով, լսածներով կամ տեսածներով, հայերս այն զգում ենք... ապրելով մեր իսկ ցավը, որի քարտեզին Արցախը խիստ ուրույն տեղ ունի։ Ով՝ ով, հայը քաջ գիտակցում է, որ մարդու ամենաանսխալ կողմնացույցը դա նրա ցավն է, որով նա առաջնորդվում է իր ճանապարհին։ Ուրեմն, ամեն մի հայ մարդ, առավել եւս՝ երիտասարդ գրող, ուղիղ քայլելու դեպքում պիտի որ անպայման հասնի Արցախ։
Ես ուշադրությամբ հետեւում եմ «Գարուն» ամսագրի եւ վերջերս արդեն հաստատուն ձեւով ասպարեզ մտած «Գրաթերթ»-ի հրապարակումներին։ Եվ պիտի ասեմ, որ ունենք շնորհաշատ ոչ քիչ երիտասարդներ, որոնք արդեն ունեն իրենց գրիչը, խոսքը, ոճն ու մտածողությունը, կարճ ասած, ձեւավորված աշխարհայացքն ու անհատականությունը։ Անկախության տարիներին մեր գրական դաշտն անվիճելիորեն նորացավ ու թարմացավ, գեղարվեստական մեր խոսքի զարգացումներին ուղղություն տվող ժամանակակից եւ դասական անունների մոտ (սեփական տանն՝ ուշացած գրանցումներով) հայտնվեցին մեր արեւմտահայ արժանավոր գրիչները, ինչպես նաեւ համաշխարհային գրականության մեծերից շատերը։ Սա արդեն որակ է, առավել եւս՝ որակի նախապայման։ Կա դասական մի ճշմարտություն՝ առանց ազգայինի հնարավոր չէ համաշխարհային նշանակության արվեստ ստեղծել։ Բայց հաճախ, չգիտես ինչու, ասվածի մեջ անտեսվում է տրամաբանության ներքին հղումը՝ համաշխարհային արժեքներից կտրվելն ազգայինի մահն է ավետում։ Հայերս միշտ էլ հեռու ենք եղել «սեփական յուղում» տապակվելու մարմաջներից։ Ավելին, ազգային ճարտարապետության ու մանրանկարչության հետ զուգահեռ, մեր գեղարվեստական խոսքը դարերում ունեցել է աննախընթաց զարգացումներ, այլապես ինչ ձեւով կարող էր Նարեկացին ուղիղ հինգ դարով առաջ անցնել Վերածննդի տիտաններից։ Այո, գրչի ու ոգու համար կարեւոր է ներքին զգացողությունը, որ մեր ազգային պետությունը տիգրանմեծյան հողուոգի (միասին) ունի։ Հողը պիտի չափել նաեւ աստղերով, երկնքով։ Հոգեւորով։ Հորիզոնով։
Մեր ոտնատակի հողը ճանաչելով՝ մենք ճանաչում ենք մեզ ու մեր գրիչը։ Հետեւապես՝ սպասելիքներս ու ակնկալիքներս, բնականաբար, մեծ են։ Խոստովանեմ, որ ես ինձ հավատում եմ երիտասարդության միջոցով, մեր նոր գրիչներով է պայմանավորված մեր ապագայի գրականությունը, մեր գեղարվեստի վաղվա տեղն ու դիրքն աշխարհում, մայր Հայաստանի հոգեւոր գալիքը։ Խորհրդակցությունը կանցկացվի Արցախյան համահայկական շարժման 20-ամյակի շրջանակներում՝ «Գրողները՝ խաղաղության մունետիկներ» թեմայով։ Եվ դա շատ բան է ասում։ Յուրաքանչյուր ռազմական հաղթանակ, ի վերջո, ամրապնդվում է միայն հոգեւորով։ Իսկ Արցախում այս օրերին ժողովուրդը պատրաստվում է նշել մայիսի 9-ի եռատոնը։ Չմոռանանք, որ Մայիսն, ընդհանրապես, մեր ժողովրդի պատմության մեջ հիշվում է որպես հաղթանակների ամիս։
Հայոց Արեւելից աշխարհ Արցախի հողն իր մեջ չպարտվելու կախարդանք եւ ուժ է պարունակում, պատահական չէ, որ ոչ մի դարում թշնամին չի կարողացել հաղթել նրան։ Ուզում եմ անհաղթելիության ոգին ավելի հաստատուն դառնա ամեն մի հայի մեջ (այլեւս թույլ լինելը ոչ թե մեղք, պարզապես հանցագործություն է), իսկ այդ ոգու փոխանցման ու շարունակականության լավագույն պայմանն ու միջոցը դա գրականությունն է, մանավանդ՝ վաղվա գրականությունը, որի ստեղծողները մեր երիտասարդ ու շնորհաշատ գրիչներն են։ Ես խորապես հավատում եմ նրանց։
ՀԱՐՑ։ Իսկ խորհրդակցության ծրագրերն ինչպիսին են։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Մեզանում ավանդույթ է դարձել՝ Արվեստի մուրացանյան օրերն ամեն տարի անցկացնում ենք, ինչպես ասում են, որոշակի բովանդանկությամբ։ Այս անգամ այն «հարմարեցրինք» երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցության հետ՝ դրա մեջ փորձելով խորհրդանշել ոչ միայն մեծ դասականի ավանդների շարունակականությունը, այլ նաեւ գրական մեր պրոցեսի վերընթաց զարգացումը։ Գրական ամեն գործ, անկախ ժանրից ու գաղափարներից, ինչ-որ չափով պատմաբանության տարրեր է կրում։ Իսկ պատմավիպասան Մուրացանն իր խոստովանություններում նշել է, որ Արցախը բազում չուսումնասիրված անկյուններ ունի իր ժայռ ու ծերպերի մեջ, որոնք ժողովրդի համար կարեւոր խորհուրդներ են պարունակում։
Երիտասարդ գրողների խորհրդակցությունը, ինչպես ասացինք, կանցկացվի Վանքում (Գանձասար), ազգային անվանի գործիչ ու բարերար Լեւոն Հայրապետյանի միջոցներով Խաչենագետի վրա բարձրացած «Տիտանիկ» համալիրում, առաջին նիստը՝ դարձյալ բարերարի ջանքերով կառուցված դպրոցի շենքում։ Ծրագրվում են երիտասարդ գրականագետների զեկուցումները ժամանակակից հայ գրականության (ամենատարբեր ժանրերով) զարգացման միտումների ու առանձնահատկությունների մասին։ Անշուշտ, կլինեն քննարկումներ, ասուլիսներ, բանավիճային ելույթներ։ Խորհրդակցության աշխատանքներից բացի կկազմակերպենք նաեւ ակադեմիկոս Ս. Սարինյանի «Շարունակվող լեգենդ» գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում, կանցկացվեն հետաքրքիր էքսկուրսիաներ, Մուրացանի ստեղծագործությանը նվիրված գիտաժողով։ Նախատեսվում են հանդիպումներ հասարակության եւ զինվորականության հետ։ Պլանավորել ենք գրական մրցանակաբաշխություն ու պոեզիայի տոն՝ հայոց Տիգրանակերտ քաղաքում, Վանքասարի գագաթին գտնվող եկեղեցու շուրջ։ Մի խոսքով, մտադրությունները հետաքրքիր են, բազմազան եւ, կարծում ենք, մեր երիտասարդ գրողների խորհրդակցության աշխատանքները կլինեն բեղուն, բավականին արդյունավետ ու օգտակար։ Խորհրդակցությունը կարեւոր իրադարձություն կդառնա մեր ժողովրդի հոգեւոր, գրական-մշակութային կյանքում։