Ծերենցի մասին
1913 թ․ մայիսի 26-ին Հայ գրողների ընկերությունը Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը Ծերենցի մահվան 25-ամյակի առթիվ կատարում է հոգեհանգիստ։ Թումանյանը այս խոսքն ասել է Ծերենցի գերեզմանի վրա։ Տպագրվել է «Հորիզոն» թերթում, 1913, մայիսի 27, N 115։

Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է՝ Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը։ Եվ երբ ետ եք դառնում դեպի 60-ական թվականները՝ ճանաչելու՝ թե ո՞վ էր էդ հիմնադիր վարպետը— ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով։ Չգիտեք նրա ազատասեր ոգու վրա հիանաք, նրա վառ հայրենասիրության ու ժողովրդասիրության վրա զարմանաք, նրա հոգու ազնվության մաքրության վրա ուրախանաք, թե նրա սրտի քնքշության ու ճաշակի նրբության վրա։

Եվ ի՜նչ իմաստուն ու գեղեցիկ է դնում նա իր գործի հիմքը՝ իրեն հերոս առնելով Թորոս Լևոնին, բյուգանդական բանտում փակված հայ իշխանազնը, որ բանտից դուրս փախչելով, հասնում է իր հայրենիքը ազատասիրության շունչ է փչում, սիրտ տալիս, ոտքի է հանում իր ժողովրդին ու կանգնեցնում է ամուր՝ իր ազատ կյանքով ապրելու։

Էսպեսով նա հանդիսանում է մի խորհրդանշան— հայ ժողովրդի ազատասիրության ոգին, մի ոգի, որ թագավորում է հայոց թե պատմական, թե ժամանակակից կյանքի վրա հիմնած գրականության մեջ և զորանում ու ամրանում է ժողովրդական ուժով՝ հերոսական խորհուրդներից հերոսներ ծնելով։

Հայոց Գրողների Ընկերությունը էսօր եկել է ծաղիկներով ու զարդարել Ծերենցի գերեզմանը նրա մահվան 25-ամյակի առիթով։

Սակայն էս ծաղիկները չնչին զարդեր են նրա մեծ շիրմի համար։ Սրանց բոլոր արժանիքն էն է, որ մեր զգացմունքների արտահայտությունն են էսօր։ Սրանցով չպիտի զարդարվի նրա շիրիմը, մի շիրիմ, որ զարդարված է տաղանդի, ժողովրդասիրության ու մաքրության անթառամ զարդերով, թե լավ գրողի, թե ազնիվ մարդու վսեմ առաքինություններով։ Եվ մենք չենք եկել մեր հանդեսով ու ճառերով նրան բարձրացնելու, այլ եկել ենք՝ նրան հիշելով՝ նրանով բարձրանալու։

Եվ թո՛ղ օրհնված լինի նրանց հիշատակը, որոնք իրենց կենդանության օրով ժողովուրդներին կյանք և շունչ տալուց հետո էլ՝ չեն դադարում իրենց գործերով ու գերեզմաններով էլ ազնվացնելու և բարձրացնելու մարդկանց ու ժողովուրդներին։

Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը։

1913