Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա

Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա

Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց։ Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն։

Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով։ Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելոււ քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով։

Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.— Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»։ Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի։

1913