Խոտորջուրի կոմունան
ԽՈՏՈՐՋՈԻՐԻ ԿՈՄՈԻՆԱՆ
Միսխանեի ձորը գտնվում է Երևանի գավառի Ներքին Ախտայի շրջանում1: Այդ ձորումն է խոտորջուրցիների կոմունան, շրջանի կենտրոնից մոտ 30 վերստ հեռավորության վրա։ Կոմունայի տեղն առաջ եղել է թուրքական մի գյուղ2, որի բնակիչները պատերազմի ընթացքում մասամբ գաղթել են, մասամբ էլ՝ սովամահ եղել։ Գեղեցիկ ձոր է Միսխանեն։ Աջ ու ձախ ընկած փոքրիկ բլրակները աստիճանաբար բարձրանում են, դառնում բարձր սարեր, որոնց լանջերը տեղ-տեղ անտառապատ են։ Սարերի գագաթին ընդարձակ ու հարթ տափարակներ են, հրաշալի խոտհարքներ և արոտ։ Միսխանեի ձորը չորս կողմից պաշտպանված լինելով բարձր սարերով՝ ունի մեղմ կլիմա և շատ առողջ օդ: Ձմեռը, ճիշտ է, խոր ձյուն է լինում, բայց արև օրերն անպակաս են։ Կոմունայում լվացքն էլ են ձմեռը դրսում անում։
Ձորի միջով հոսում է մի փոքրիկ գետակ, որ սկիզբն է առնում Մայմեխ սարի փեշերից։ Այգ գետակին խառնվում են մանրիկ վտակներ ու առվակներ, այնպես որ ձորից դուրս գալուց հետո Զանգուի ակունքներին միանալով՝ Միսխանեի գետակը դառնում է ջրառատ գետ։
Ձորի ձախ կողմի բլուրներն ու սարերը համեմատաբար ավելի լերկ են։ Ձմեռը մի ամիս է միայն ձյուն նստում արևկող այդ լանջերին։ Առաջներում սարի այդ լանջերին տեղացիք վար անելիս են եղել։ Այժմ կոմունան ավելի օգտակար է համ արում այդ լանջերը թողնել որպես ձմեռային արոտներ:
Ե՞րբ է հիմնվել կոմունան, և ո՞վքեր են հիմնադիրները, ի՞նչպես են նրանք ապրում այդ հեռու ձորում, և ի՞նչու ամեն մարդ հող չի մշակում, տուն շինում, այլ կոմունայով են ապրում, ամենքն՝ մեկի և մեկն՝ ամենքի համար։
Խոտորջուրի կոմունան հիմնվել է 1925 թվի մարտ ամսում, բայց առաջին վարն արել են նույն տարվա մայիս ամսում։ Կոմունայի հիմնադիրները բնիկ տաճկաստանցի են, Իսպիրի գավառի Խոտորջուր գյուղից։
Այն Ժամանակվա Տաճկաստանի ներքին կյանքն ու հողի պակասությունը խոտորջուրցիներին ամեն տարի տասնյակներով ու հարյուրներով գաղթեցնել էր տալիս Կովկաս, Ռուսաստան և այլ երկրներ։ Գաղթողները զանազան քաղաքներում աշխատանքի էին մտնում։ Նրանց մեջ շատ են հացագործները։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ուկրաինայի Դոնեց գետի հովտում՝ ածխահանքերում և քաղաքի գործարաններում աշխատող խոտորջուրցի մի քանի բանվորների ու արհեստավորների մեջ միտք է ծագում հիմնել կոմունա, կապվել հողի հետ և միասնական աշխատանքով ապրել։ Ուկրաինայի կառավարությունը նրանց դիմումը հարգում է և առաջարկում մի կալվածք՝ իր շենքերով և հողերով։ Բայց կոմունարների մեջ մի այլ միտք է ծագում՝ կոմունան հիմնել Խորհրդային Հայաստանում և դառնալ օրինակ գյուղացիների համար։ Նրանց ներկայացուցիչները գալիս են Հայաստան, դիմում տալիս կառավարության, մի քանի տեղեր ման են գալիս և հավանում Միսխանեի ձորին։ Այդ լինում է 1925 թ. գարնանը։ Հենց նույն ժամանակ էլ Հողժողկոմատը նրանց է հանձնում այդ ավերակ գյուղն իր նախկին նադել հողերով, մոտ 760 դես. տարածությամբ, որից վարելահող է 164 դես., խոտհարք՝ 90 դես. և արոտ՝ 120 դես.։ Մնացածն անպետք արոտներ և մացառուտներ են։
Այդ ավերակ գյուղում մնացել էին մի քանի աղքատ տներ։ Նրանք երբ տեղեկանում են, թե ուրիշ մարդիկ են գալու իրենց գյուղում ապրելու, մյուսներին էլ են իմաց տալիս և որոշում են նոր եկողներին ավերված տներն ու փուլ եկած, քարուքանդ եղած գոմերն ու մարագներն վաճառել։
Բարիդրացիական հարաբերությունները լավ պահելու համար կոմունարները որոշում են հեռացողների ավերակները գնել։ Վճարում են կանխիկ և այն էլ՝ շատ բարձր գին։ Հարևան գյուղերում լուր է տարածվում, թև եկողները շատ հարուստ մարդիկ են, նրանց համար հազար ռուբլին մի կոպեկ չի։
Այնինչ 34 կոմունարի ունեցվածքը եղել է 3 ձի, 2 գութան, 2 փոցխ, մի ֆուրգոն, 100 փութ աղ և 2 պարկ կարտոֆիլ։ Ահա այդքանով են նրանք սկսում իրենց աշխատանքը, առաջին օրը տեղավորվելով մի գոմում։
Հարևան գյուղացիները համոզված էին, որ կոմունարները Միսխանեի ձորում ապրել չեն կարող։
— Շատ մնան, մի ամիս,— ասում էին նրանք։
Հենց առաջին օրը՝ վար անելուց, կարկուտ է գալիս։ Գյուղացիք նայում են և իրար ասում, թե վաղը պիտի փախչեն։ Բայց կարկուտի տակ էլ նրանք շարունակում են վարը, երեկոյան վերջացնում և ցանում գարի։
Առաջին հաջողությունը ոգևորում է նրանց։ Վերջին տեղացին հեռանալուց հետո կոմունարներն սկսում են աշխատել, նոր անդամներ են ընդունում, չեն նայում ո՛չ տոնի, ո՛չ կիրակի։ Առաջի տարին ապրում են ծանր պայմաններում, կտրում են իրենց բերանից և աշխատում տնտեսությունը ծաղկեցնել, անասուններ ձեռք բերել, կթան ու լծկան, գյուղատնտեսական գործիքներ, կառուցել տուն ու գոմ, մարագ ու պանրի գործարան, մի խոսքով՝ կեղտոտ, ավերակ գյուղն իր քարակույտերով և հարյուր տարվա աղբանոցներով վերացնել և տեղը հիմնել բարեկարգ, շեն և գեղեցիկ բնակավայր։
***
Խոտորջուրի կոմունան ունի իր կանոնադրությունը, որ ընդունվել և հաստատվել է հիմնադիր անդամների առաջին ժողովում։ Ամեն մարդ էլ կարող է անդամ լինել կոմունային։ Ո՛չ ազգությունը, ո՛չ լեզուն և ո՛չ էլ սեռը չեն կարող արգելք լինել կոմունայի մեջ մտնելուն։ Հարկավոր է միայն առողջ մարդ լինել (կոմունան հիվանդների չի ընդունում) և կատարել այն բոլորը, ինչ որ գրված է կանոնադրության մեջ։
Այժմ տեսնենք, թե ո՛վ է կառավարում կոմունային, ի՛նչպես է գնում նրանց ամենօրյա աշխատանքը, ո՛վ է նրանցից յուրաքանչյուրին գործի դնում և հսկում կատարած աշխատանքին։
Ամեն տարվա սկզբին կոմունարների ընդհանուր ժողովն ընտրում է կոմունայի խորհուրդ մի տարով, հինգ հոգուց բաղկացած։ Տարվա ընթացքում կոմունային ղեկավարում, նրա անունից դիմումներ է անում այդ խորհուրդը, որն իր միջից ընտրում է նախագահ և գանձապահ-տնտես, որին և հանձնվում է կոմունայի ամբողջ հաշվապահությունը, նրա ելքն ու մուտքը, եկամուտն ու ծախքերը։ Տարեվերջին խորհուրդը հաշիվ է տալիս, թե ինչքան է օգուտ արել, ի՛նչ աշխատանքներ է արել, քանի՛ նոր անդամ է ընդունել և այլն։ Ը
նդհանուր ժողովներ լինում են տարին մի քանի անգամ։ Գարունը բացվելուն պես, երբ դաշտային աշխատանքներն են սկսում, կամ թե՝ նոր անդամ ընդունելու համար, ներքին կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու համար երբեմն գումարվում են ընդհանուր ժողովներ, որին մասնակցում են 16 տարին լրացրած բոլոր կոմունարները։
Ամեն երեկո խորհուրդը մշակում է վաղվա աշխատանքների ծրագիրը, ամեն մի կոմունարի անելիքը որոշում և հայտարարում։ Կա մի մատյան, որտեղ յուրաքանչյուրի աշխատանքը գրանցվում է, այնպես որ ամեն ժամանակ կարելի է ստուգել, թե ո՛վ ի՛նչքան է աշխատել։
Երբեք կարիք չի լինում ստուգելու, թե այս կամ այն կոմունարը կատարե՞լ է իրեն հանձնած աշխատանքը, թե՞ ոչէ Արդեն օրվա մեջ այդ հայտնի է։ Եթե մեկին հանձնարարում են խոտ կրել սայլով, չկրելու դեպքում իսկույն իմացվում է, կամ թե՝ եթե մեկին պատվիրել են փայտ ջարդել խոհանոցի համար, իհարկե, նա չի կարող չկատարել այդ, որովհետև, եթե փայտ չջարդի, կերակուրը չի եփվի, ուրեմն՝ բոլորն էլ սոված կմնան։
Իր աշխատանքների մեջ թերացող կոմունարը Խորհրդի կողմից ստանում է նկատողություն, որ և գրանցվում է նրա անվան դիմաց։ 3 անգամ նկատողություն անելուց հետո նրա խնդիրը դրվում է ընդհանուր ժողովին, որը միակ իրավասուն է կոմունարին ներելու կամ վտարելու։ Սակայն մինչ այժմ դուրս անելու քիչ դեպքեր են պատահել։
Այն ընկերական մթնոլորտը, որ ստեղծված է կոմունայում, հավասար բաշխումը՝ թե՛ աշխատանքի և թե՛ մթերքների, «ամեն մի կոմունարից՝ իր ուժերի համեմատ, ամեն մի կոմունարի՝ իր կարիքների չափ», ինչպես դրված է նրանց կանոնների մեջ, այդ բոլորը կոմունային դարձնում են մի ընտանիք, որի բոլոր անդամներն աշխատում են, միասին ճաշում և ընթրում, որտեղ յուրաքանչյուրն իր շահը չունի, այլ ընդհանուրինը, կոլեկտիվինը։
Աշխատանքները, եթե մեկի համար ծանր են, կարող է խնդրել, որ փոխեն։ Խորհուրդն աշխատանքները բաշխելու ժամանակ աշխատում է ամեն մեկին իր սիրած գործը տալ։ Եվ այդ համարյա միշտ էլ հաջողվում է։
Բացի այդ ընթացիկ աշխատանքներից, կոմունայում կան անդամներ, որոնք համարյա ամեն օր նույն գործն են կատարում կամ, ավելի ճիշտ՝ իրենց մշտական գործն ունեն, և այդ կատարելուց հետո կարող են գնալ այլ աշխատանքի։ Օրինակ՝ կոմունան ունի իր մեղվանոցը 50 արկղով։ Կոմունարներից մեկին դեռ նախանցյալ տարի կոմունայի խորհուրդն ուղարկել է մեղվապահական դասընթացքները։ Այժմ նա է կտարում բոլոր աշխատանքները, բայց ազատ ժամանակ գերանդին ուսն է դնում, դնում խոտ հարելու և կամ թե օգնում է գոմի պատը շարողներին։
Կոմունայի ընղհանուր ժողովն ընտրում է և վերստուգիչ հանձնաժողով։ Ո՛չ Խորհրդի և ո՛չ էլ Վերստուգիչ հանձնաժողովի անդամները չեն ազատվում ընթացիկ և առօրյա աշխատանքից։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամն էլ սոսկական կոմունարի պես ստանում է աշխատանք։ Բացի Խորհրդից և Վերստուգիչ հանձնաժողովից, Խոտորջուրի կոմունայի ամբողջ տնտեսությունը բաժանված է ճյուղերի՝ անասնապահական, կաթի վերամշակման ճյուղ, միացյալ ճյուղ (խոզեր, ճագարներ, հավեր, բադեր, սագեր և մեղվանոց), կենտրոնական ճյուղ (խոհանոց, գոմ) և դաշտավարության ճյուղ։ Ամեն մի ճյուղ հանձնվում է Խորհրդի մի անդամի կամ ոչ անդամ կոմունարի։ Ճյուղի վարիչը Խորհուրդի առաջ պատասխանատու է իրեն հանձնված ճյուղի կանոնավոր և անխափան ընթացքին, պիտի հետևի, որ ամեն բան իր ժամանակին կատարվի և նկատված թերությունների ու կարիքների մասին Խորհրդին տեղեկացվի։ Օրինակ՝ հովիվն իր ճյուղի վարիչին տեղեկացնում է, որ մի կով է հիվանդացել կամ մի ոչխար է ծնել։ Խորհրդի վերընտրության հետ ընտրվում են և ճյուղերի նոր վարիչներ։
Յուրաքանչյուր կոմունար կարող է իր կարիքների համար դիմել Խորհրդին։ Մեկը կարիք ունի բժշկության, երկրորդը Խորհրդից խնդրում է մի զույգ տաք գուլպա, երրորդն ուզում է շոֆերություն սովորել և կոմունայի համար աշխատել, երբ նոր ճանապարհը կշինեն, չորրորդը իր արձակուրդն է խնդրում (ամեն մի կոմունար տարվա մեջ մի ամիս արձակուրդ ստանալու իրավունք ունի), հինգերորդն ուզում է ամուսնանալ։
Այդ բոլորին էլ Խորհուրդը պատասխան է տալիս և ըստ հնարավորության բավարարում։ Եթե կոմունարի աշխատանքն այնպես է, որ տաք գուլպաների կարիքն ունի և կամ թե մրսկան է, Խորհուրդը որոշում է տալ։ Եթե ամուսնանալ է ուզում, Խորհուրդն արձանագրում է.
— Շնորհավորել Այվազի նշանդրեքը Ազատուհու հետ և հարսանիքը կատարել կոմունայի 3-րդ տարեդարձին։
Ոչ մի ծես չկա կոմունայում՝ ո՛չ թաղման, ՛ոչ մկրտության և ո՛չ էլ հարսանիքի։ ճիշտ է, կոմունայի անդամները կարող են կրոնական հավատալիքներ ունենալ, բայց կոմունան չի խառնվում նրանց խղճի ու հասկացողության գործին։
Եթե ծնվում է մի երեխա կամ ամուսնություն է լինում, կոմունայի խորհուրդը շրջանային զագսին գրավոր տեղեկացնում է այդ մասին, և դրանով էլ խնդիրը փակվում է։
***
Խոտորջուրի կոմունան առաջին տարին ուներ 3 ձի և մի քանի գործիքներ: Ամեն տարի կոմունարների թվի հետ էլ ավելացել է նրանց լծկանների ու կթանների թիվը, ձեռք են բերել նոր գործիքներ, նոր կառուցումներ են արել։
1925 թ. կոմունան ունեցել է 34 անդամ, մի տարի հետո՝ 50, իսկ այս տարի կոմունայում ապրում են մոտ 80 կին, երեխա և տղամարդ։ Այժմ կոմունան ունի 78 կթի լավ կով, 10 եզ, 9 բուղա, 28 հորթ, 11 ձի և քուռակ, 46 ոչխար, 8 խոզ, 150 հավ, սագ և բադ և 15 ճագար։
Այս բոլորն ձեռք են բերված թե՛ կոմունարների անձնական աշխատանքով և թե՛ այն վարկերով, որ կոմունան ստացել է պետական զանազան հիմնարկներից։ Սակայն վարկով ձեռք բերածը շատ քիչ է, մեծ մասն իրենց միջոցներով են ձեռք բերել։
Կոմունայի կանոնադրության համաձայն՝ կոմունայի և ոչ մի անդամ իրավունք չունի սեփականություն ունենալու կոմունա մանելուց հետո։ Ամեն մարդ իր ուժի և ունեցածի չափ պետք է օգնի կոմունային։ Դրա համար էլ կոմունային անդամ գրվողն իր հետ բերում է իր ունեցած֊չունեցածը և նվիրում կոմունային։ Մեկը կանխիկ փող է բերում, մյուսը՝ իր բազուկները, արհեստավորն իր կարի մեքենան և այլն։ Ահա այդ բոլոր միջոցների շնորհիվ է, որ կոմունան հարստացել և կարճ ժամանակում այդպիսի տնտեսության տեր է դարձել։
Բացի անասուններից և օրինակելի մեղվանոցից, կոմունան ունի 4 մեծ և մի փոքր սայլ, 8 գութան, 3 փոցխ, մի շարքացան և մի խոտ քաղող մեքենա, քամհար, բահեր և այլ մանր գործիքներ։ Բացի այդ, ունի պանրի և յուղի մի փոքրիկ գործարան, իր սեպարատորներով, յուղահան խնոցիով և այլն։
Գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են ոչ թե պապենական հին ձևերով, այլ գիտության խոսքի համեմատ, առաջավոր երկրների օրինակով։ Կոմունան է առաջին անգամ Միսխանեի ձորում մեքենայով խոտ հարել։ Պետք էր տեսնել, թե ի՜նչ բազմություն էր հավաքվել այն օրը, երբ առաջին անգամ մեքենան դուրս էին հանում, ի՜նչպիսի գովեստներ էին անում կոմունարների հասցեին։
Նրանց բոլոր անասունները խնամվում և պահպանվում են շատ ավելի լավ, քան հարևան գյուղերում, որտեղ նույն խոտն ու ջուրը կա։ Կոմունայի կովերը տեղական կովեր են, գնել են մեծ մասամբ հարևան գյուղերից։ Սակայն երկու տարվա օրինավոր խնամքն ու կերը կովերին էլ են փոխել։ Տեսնողն այնպես է կարծում, թե նրանք ցեղական կովեր են։ Ամեն մի կովի տված օրական կաթը կշռվում և գրվում է, ինչպես և այն կերը, որ տալիս են կովին։ Եվ ի՞նչ են ասում այդ թվերը։ Նոր առած կովը միջին հաշվով օրական տալիս է 10—12 ֆունտ կաթ, բայց չի անցնում մի ամիս, կովն իր կաթի քանակը քիչ-քիչ ավելացնելով՝ հասցնում է 20 և ավելի ֆունտի։
Ուրեմն՝ տեղական կովը, որ իր նախկին տիրոջը տալիս էր օրական 10—12 ֆունտ կաթ, կոմունային տալիս է 20 ֆունտ միայն նրա համար, որ կոմունայում ավելի լավ են կերակրում։ Կովերը մնում են սովորական գոմերում, որովհետև նոր գոմը դեռ պատրաստ չի։ Ութսուն գլուխ կովի համար կառուցվող դանիական ձևի գոմը[1] է՛լ ավել կբարձրացնի կաթի քանակը, քանի որ առատ կերի հետ միասին կովերը կունենան ընդարձակ, լուսավոր և մաքուր գոմ։
Տնտեսության հիմքը կովերն են։ Կոմունայի յուղի և պանրի փոքրիկ գործարանը լիուլի բավարարում է նրանց կարիքները։ Օրվա կաթը տեղում վերամշակվում է։ Ամբողջ աշխատանքները տանում է մի վարպետ, այնինչ համարյա նույն չափ կաթ վերամշակող մի այլ գործարան, որ գտնվում է հարևան գյուղում, ունի չորս վճարովի ծառայող։
Ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում կովերը լավ խնամելու, կուշտ կերակրելու համար։ Այս տարի գյուղատնտեսական ուսումնասիրության էքսպեդիցիան ամենալավ կարծիքն է հայտնել նրանց կովերի ու կերի մասին: Նույն բանն են ասում և առանձին մասնագետները:
Խոտորջուրի կոմունան խուսափում է ազնվացեղ կովեր ձեռք բերելուց։ Նրանք աշխատում են տեղական կովեր և բուղաներ պահել և նրանց աստիճանական ընտրությամբ ազնվացնելով, հասնել կաթի բերքատվության ամենաբարձր չափի։ Պետք է ասել, որ այդ ուղին ըստ ամենայնի ճիշտ է և արդյունավետ։
Մի տարվա ընթացքում պատրաստել են 250 փութ պանիր և 40 փութ յուղ։ Պիոներական լագերն ամառվա ընթացքում գտնվում էր կոմունայից քիչ հեռու։ Նրանց հարկավոր կաթն ու պանիրը կոմունան է մատակարարել։
Քննությունը ցույց է տվել, որ կոմունայի բոլոր կովերն էլ առողջ են։ Սակայն կոմունայի խորհուրդը հեռատես է եղել և կամավոր ապահովագրել է բոլոր անասուններին։ Այսպիսով՝ նրանց տնտեսությունը զերծ է զանազան պատահարների ու համաճարակի պատճառով նվազելու և քայքայվելու վտանգից։ Նրանք կամովին ապահովագրել են, թեկուզ անցյալ տարվա ժանտախտին կոմունայի և ոչ մի կովը չսատկեց, այն ժամանակ, երբ ձորի բոլոր գյուղերումն էլ ժանտախտից անասունները սատկոտում էին։
Կոմունան միշտ էլ մասնակցում է շրջանի գյուղատնտեսական ցուցահանդեսներին։ Նրանց կովերն ու ձիերը աչքի են ընկնում։ Կոմունան մի անգամ ստացել է առաջին մրցանակ, իսկ երկրորդ անգամ՝ գովասանական թերթ[2]։
Որպեսզի շրջանի գյուղացիությանն օգնություն ցույց տան, կոմունարները որոշել են տարեցտարի ստեղծել անասնաբուծարան և ձորի գյուղերին տալ ընտիր հորթեր, բուղաներ և կովեր։ Այդ աշխատանքը ծրագրված ձևով տանելու դեպքում Միսխանեի ձորը կդառնա Հայաստանի անասնապահական օրինակելի շրջաններից մեկը։
Կոմունարները տեղի պայմաններին շատ համեմատ տնտեսություն են սկսել։ Լեռան լանջերի առատ խոտը, ինչպես և ամառային արոտները, որ գտնվում են կոմունայից վերև ընկնող տափարակի վրա, որից 500 դես․ հատկացված է կոմունային, վերջապես՝ մթերքների վերամշակման և ժամանակին սպառելու հնարավորությունը, կոմունայի խորհրդին ստիպել են զարկ տալու անասնապահությանը և, հատկապես, կաթնատնտեսությանը։
Պետությունից ստացած արոտներում կոմունան որոշել է ցանել արհեստական խոտեր՝ բերքը ավելի շատացնելու համար, ինչպես և ոչնչացնել այն մոլախոտերը, որոնք արոտների անխնամ թողնելու հետևանքով տարեցտարի շատանում և պիտանի խոտերին խեղդում են։ Արոտների բարելավման աշխատանքին առաջին անգամ Խոտորջուրի կոմունան պիտի ձեռնամուխ լինի։
Ձորում առաջին անգամ կերի բազուկ ցանողը դարձյալ կոմունան է եղել։ Չբավականանալով բնական խոտով՝ կոմունարներն իրենց դաշտում ցանել են և կորնգան ու յոնջա։ Հացաբույսերի մշակությամբ զբաղվելու տեղ չի Միսխանեն. լավ տարին գուցե գարին հաջող բերք տա։ Այդ նպատակով էլ կոմունարները խուսափում են ցորեն ցանելուց և գերադասում են շուկայում գնել, փոխանակելով յուղ ու պանրի հետ:
Շատ շքեղ է և հարուստ կոմունայի բոստանը։ Նույն ջուրն ու հողն ունեցող հարևան գյուղը սոխ էլ չի ցանում, համոզված, որ իրենց հողը բոստանի համար անպետք է։ Այդպես մտածելով՝ նրանք մինչև այժմ բոստան չեն արել և սոխը գործադրել են որպես... դեղ, վերքի վրա գնելու համար։ Կոմունայի բոստանը բոլորին էլ զարմացնում է։ Եվ սերմ է, որ ուզում են։ Նայում ես ու հարց տալիս. քանի՞ հարյուր տարի է ապրում են Միսխանեի ձորում, ինչո՞ւ մեկը միտք չի արել իր տան առաջ ընկած սևահողում կաղամբ ու վարունգ ցանելու։ Պիտի գային կոմունարները և ապացուցեին, որ եթե պապենական ադաթը չիներ, պոմիդորը վաղուց կարմրած կլիներ։
Կոմունայում ուշադրություն են դարձնում և պտղատու ծառերի վրա: Գյուղի նախկին բնակիչները երևի շատ կզարմանան, եթե հիմա մեկնումեկը հայտնի նրանց, որ իրենց գյուղում փարթամորեն աճում են խնձորենին ու տանձենին։ Տնկել են 300-ից ավելի պտղատու ծառեր, որոնք բոլորն էլ դալար են։ Բացի այդ, առվի ափերին տնկել են 500 բարդի։
Բնակարանի նեղություն շատ են քաշում։ Բնիկներն իրենց հետ տարան կամ ծախեցին հարևան գյուղերին դուռն ու լուսամուտը։ Կոմունան ժառանգություն ստացավ քանդված պատեր, կեղտոտ բակեր, սակայն կարճ ժամանակվա ընթացքում էլի ահագին բան է արված: Կառուցել են մի տուն, ուր տեղավորված են մի քանի ընտանիքներ, սեղանատունը, պահեստն ու պանրի գործարանը։ Բացի այդ, նորոգել և բնակելի են դարձրել երկու փոքրիկ տնակներ, մի քանի գոմեր, սարքել են հացի փուռը, ավերակները հարմարեցրել են արհեստանոցների համար։
Միայն այս տարի է, որ նրանց հաջողվեց մի տան և գոմի կառուցումն սկսել։ Տունն ունի 4 բնակարան և ընդարձակ սեղանատուն։ Այդպիսի մի ուրիշ տան կառուցումով բնակարանի նեղությունը կվերանա:
Որ ասպարեզն էլ վերցնելու լինեք, ահագին աշխատանք է արված։ Ամեն առավոտ զրնգում է զանգը և ազդարարում, որ այդ օրն էլ կոմունարները մի բան պիտի կառուցեն, ստեղծեն խավար ու ետ ընկած Միսխանեի ձորում։
***
Կոմունայի ներքին կյանքի բնորոշ կողմերից մեկն էլ այն է, որ աշխատանքի մեջ մրցություն կա։ Ստացած գործն աշխատում են շուտ և անթերի ավարտել ընկերոջն օգնության գնալու և երեկոյան ընթրիքից առաջ հաշիվ տալուց պարզերես դուրս դալա համար։ Հին կոմունարներն օրինակ են նորերի համար։ Նրանք աշխատում են ավելի շատ, չեն տրտնջում, կոմունան համարում են իրենց տունն ու դուռը։ Նորեկին մնում է կա՛մ հաշտվել այդ դրության հետ, վարակվել հներից ու նրանց հետ հավասար աշխատել և կա՛մ թե... կոմունայից հեռանալ։
Իսկ այդպիսի դեպքեր պատահել են. մի քանի հոգի հեռացել են կարճ ժամանակ մնալուց հետո։ Հեռացել են, որովհետև չեն կարողացել դիմանալ կոմունայի խիստ ռեժիմին ու աշխատանքին։ Նրանք փորձել են գլուխ պահել, գործը թերատ թողնել կամ մի կերպ գլխից ռադ անել, որ հա՛մ իրենք շատ չաշխատեն, հա՛մ էլ երևա, որ գործն ավարտել են։ Սակայն, վաղ թե ուշ, բացվել է նրանց արարքն, ու մնացել է մի ելք՝ շորերի կապոցը շալակին Միսխանեի ձորով իջնել, առանց ետ նայելու։
Կոմունայում միայն խոտորջուրցիներ չեն, կան և մի քանի հոգի տեղացիներ։ Վերջիններիս թիվը շատացնելու համար կոմունան որոշել է աղքատ տնտեսություններից, խիստ ընտրություն անելուց հետո, ցանկացողներին ընդունել, նախօրոք քննելով նրանց, ծանոթանալով բնավորության ու սովորությունների հետ։ Նորեկներին ավելի փորձելու և կոմունային անհարազատ տարր չընդունելու համար սահմանված է հետևյալ կարգը. Խորհրդի որոշմամբ՝ այս կամ այն անհատն ընդունվում է կոմունայի մեջ և նրան մյուս օրն ևեթ ուղարկում են աշխատանքի։ Վեց ամիս անցնելուց հետո նորեկին կոմունարի կոչում տալու և հավասար անդամ ճանաչելու համար խնդիրը դրվում է ընդհանուր ժողովի քննության։ Եթե ընդհանուր ժողովը որոշում է ընդունել, նորեկն արդեն համարվում է կոմունայի իրավազոր անդամ։
***
Ինչպե՞ս է անցնում կյանքը կոմունայում։
Նկարագրենք սովորական մի օր։
Լուսաբացին կոմունայի պահակը զարկում է հսկա զանգը, որ կախված է գետնի մեջ ցցած գերանի ծայրից։ Զանգը Երևանի ռուսաց եկեղեցու զանգերիցն է։ Հերիք է, որ լսեն զանգի ձայնը, իսկույն վեր են կենում, շտապում դեպի աղբյուրներն ու գետակը, որից հետո թեյ են խմում և աշխատանքի անցնում՝ կովերը կթում, ձին ու ոչխարը տեղավորում, պատրաստում սայլ ու գութան։ Ամառ ժամանակ զանգի հետ իսկույն վեր են կենում և դաշտ գնում։ Այդպիսիները դաշտումն են հաց ուտում, երբ և ինչքան կամենան:
Քիչ հետո հավաքվում են և երեխաները։ Սեղանատան կողքին կաթնատունն է. բերում են տաք կաթ ու պանիր, տալիս երեխաներին։ Ճաշին և ընթրիքին դարձյալ զանգահարում են, ամեն անգամ առաջուց հայտնի թվով։ Այնպես որ դաշտում աշխատող կոմունարը, զանգի ձայները համարելով՝ իմանում է, որ ճաշ է կամ թե կանչում են, փորձանք է պատահել, պիտի շտապել օգնության և այլն։ Զանգը կոմունայում աշխատանքները պլանով տանելու համար շատ է կարևոր։
Մենք արդեն ասացինք, որ կոմունայում կան միջնակարգ կրթության տեր մարդիկ։ Կոմունարների մեջ միայն 2 հոգի են անգրագետ, նրանք էլ հասակն առած մարդիկ են։ Կոմունայի առաջին ժողովի որոշմամբ՝ կոմունարն անգրագետ չպիտի լինի։ Եթե մեկնումեկը ուզում է կոմունայի անդամ գրվել, բայց նա անգրագետ է, նախնական վեց ամսվա ընթացքում նա կոմունայում գրաճանաչ է դառնում։ Այդպիսիների համար սովորելը դաշտում կամ գոմում աշխատելու չափ կարևոր է համարվում։
Կոմունարների մեծ մասը երիտասարդ մարդիկ են։ Եթե երեխաներին չհաշվենք, ճնշող մեծամասնությունը 40-ից անց չի։ 45 տարեկանից բարձր միայն չորս կոմունար են, որոնք երիտասարդների հետ հավասար եռանդով են աշխատում և ծերության մեջ անտրտունջ տանում են այն աննպաստ պայմանները, որոնց մեջ դեռ ապրում են կոմունարները։ Կոմունան դեռ անհրաժեշտ քանակությամբ սենյակներ չունի, շատերը գետնին են պառկում, խրճիթները խարխուլ են, անձրև օրերին կտուրը ծլլակաթ է տալիս։ Մի խոսքով՝ չունեն այն հարմարությունները, որոնցից զուրկ չէին, երբ ապրում էին իրենց ծննդավայր Խոտորջրում, ուկրաինական քաղաքներում ու Դոնեցի գետահովտի ածխահանքերին կից բանվորական տներում։
Կոմունարների մեծ մասը բանվորներ ու արհեստավորներ են։ Արհեստավորներից շատերն աշխատում են կոմունայում։ Կա կոշիկի արհեստանոց, դերձակ, դարբնոց, հացի փուռ։ Միայն այդ արհեստանոցների համար է պահպանվում 8-ժամյա բանվորական օրը։ Ձմեռվա ամիսներում, երբ դաշտային աշխատանքներից կոմունարներն ազատ են լինում, հավաքվում են արհեստանոցներում աշխատելու։ Արհեստանոցների տված օգուտը պակաս տեղ չի գրավում կոմունայի ընդհանուր եկամտի մեջ։ Բոլոր անհրաժեշտ գործիքները նորոգելուց հետո արհեստանոցներն սկսում են աշխատել դրսի պատվերները պատրաստելու: Իրենց համար կոշիկներ կարելուց հետո կոմունան ձմեռը պատրաստում է կոշիկներ ու չուստեր, որոնց աժան գինն ու լավ որակը նպաստավոր շուկա են ստեղծում՝ նույնիսկ քաղաքում։ Բացի վերը հիշած արհեստավորներից, կոմունան ունի իր հյուսնը, սափրիչը, պայտառը և այլն, որոնք բոլորն իրենց հետ բերել են անհրաժեշտ գործիքներն ու պարագաները: Արհեստավորների աշխատածը կոմունայի սեփականությունն է։ Նույնիսկ, եթե կոմունարն իր բարեկամից կամ ընկերից նվեր ստանա, ոչ անձնական գործածության համար, ապա այդ նվերը ևս պիտի դառնա կոմունայի սեփականություն։
Հնարավո՞ր է և թույլատրելի՞ է կոմունայում վարձու աշխատանքի դիմելը։ Այո՛, կոմունան երբեմն, երբ իր ուժերը չեն ներում աշխատանքը ժամանակին ու շտապ վերջացնելու, վարձում է և դրսի մարդկանց։ Օրինակ՝ խոտը չորանում է, հարկավոր է հարել կամ թե հարածները կիտել, քանի անձրևներ չեն եկել։ Եթե ուրիշ և ոչ մի աշխատանք չանեն, թափվին խոտի վրա, դարձյալ չեն կարող ավարտել։ Ահա այդ դեպքում են վարձում բանվոր ձեռքեր։
Բոլորն էլ ուրախությամբ են գնում կոմունայում աշխատելու։ Այնտեղ վճարը բարձր է, սնունդը՝ լավ և, որ գլխավորն է, վերաբերմունքը՝ միանգամայն ընկերական։ Կոմունայում մի քանի օր բանելով՝ նա լսում ու տեսնում է շատ բան և համոզվում, որ իսկապես կոմունան չքավորի բարեկամն է։
Մի բնորոշ դեպք։ Կոմունայի որոշումներից մեկն էլ այն է, որ մթերքները շուկա պիտի հանել անարատ դրությամբ, ուզում է լինի կաթ, յուղ, թե պանիր։ Թուրք բանվորներից մեկը, որ մինչ այդ աշխատել էր հարևան գյուղում մի հարուստի տան և տեսել էր, թե ինչպես տերը քաղաք ուղարկելիք կաթին ջուր է խառնում, եկել էր այն համոզման, որ քաղաքացու խմած կաթն անպատճառ ջրախառն պիտի լինի։ Ինչքա՜ն էր նրա զարմանքը, երբ տեսավ, որ կոմունան անքաշ և մաքուր կաթ է ուղարկում քաղաք։
***
Տնտեսու յան աստիճանաբար բարձրանալը կոմունայի Խորհրդին հնարավորություն է տալիս կոմունարների համար ավելի բարեկեցիկ վիճակ ստեղծել: Եթե առաջին տարին մի կոմունարի օրական ծախքը հասնում էր 16 կոպեկի, 26 թվին հասնում է 26 կոպ., իսկ 27 թվին՝ 33 կոպ.։ Տնտեսության վերելքը հնարավորություն է տալիս ո՛չ միայն ավելի լավ ապրելու, այլև համեմատաբար քիչ աշխատելու։ Անցան արդեն այն ժամանակները, երբ կոմունարները լուսնի լուսով էլ էին բանում արտում, վարն ու ցանքը վերջացնում և երեկոյան շտապում ճանապարհը կառուցելու, որպեսզի մինչև ձյունի գալը կարելի լինի սայլի ճանապարհ շինել և կապվել շրջանի կենտրոնի հետ։ Այժմ նույնիսկ օրերով ազատ են լինում աշխատանքից, և որսորդ կոմունարը կարողանում է մոտակա անտառներում որս անել ու որսածը բերել կոմունա։
Հեղափոխական բոլոր տոները մեծ շուքով են տոնում կոմունայում։ Մասնակցում են ո՛չ միայն կոմունարները, այլև ձորի գյուղերը, որոնք դհոլ-զուռնայով, կարմիր դրոշակներով հավաքվում են, միանում կոմունարներին և շարք-շարք իջնում կոմունայից ներքև ընկած տափարակը, որ կոչվում է Հոկտեմբերյան դաշտ։ Կոմունայից վերև, պուրակի միջով հանդ տանող ծառուղին կոչվում է Շահումյանի անունով: Գյուղից ներքև ընկած հանքային աղբյուրը, որ առաջներում ճահճուտ էր և գորտերի բնակավայր, գեղեցկացրել են, ափերն աստղաձև սարքել և դարձրել կոկիկ մի անկյուն:
Իրենց հանդի զանազան վայրերում կոմունան նման աշխատանքներ շատ է կատարել։ Եվ այն բոլոր ուսումնասիրությունները, որ կատարել են գյուղբանկի, բանվորա-գյուղացիական տեսչության և այլ հիմնարկների ներկայացուցիչները, այն բոլոր թղթակցություններն ու տպավորությունները, որ հայ և ռուս պարբերական մամուլում տպվել են կոմունայի մասին, միաբերան վկայում և հաստատում են նրանց դժվարին և հսկա աշխատանք կատարած լինելը[3]: Հերիք է միայն մի քանի ժամ, թեկուզ թեթև կերպով, ծանոթանալ կատարված աշխատանքի հետ, համեմատել այն հին գյուղի ավերակների հետ, ավերակների միջից ցցվող նոր հսկա գոմի ու տների կոկիկ և ընդարձակ շինությունների հետ, հերիք է այդպիսի մի համեմատություն, համոզվելու, որ կոմունարները եռանդ ունեն և երկաթե կամք։
Քիչ և հեշտ բան չէ մի քանի տարվա կոլեկտիվ աշխատանքի մեջ մեռցնել անհատական տնտեսությունը տարիներ շարունակ վարած գյուղացու մանր ընչասիրությունը, նրա թափթփված, անդիսցիպլինար լինելը, դանդաղաշարժ և անտնտես աշխատանք անելը և դարձնել նրան զվարթ, աշխատանքը երգով կատարող, ճշտապահ ու ընդհանուրի շահը գերադասող կոմունար:
«Ամեն բան՝ իր տեղ, ամեն բանի՝ մի տեղ», ազդարարում է պատից կախած լոզունգը։ Կոմունայում խստիվ հետևում են, որ իրերն ու գործիքները միշտ իրենց տեղում լինեն, ավելորդ ժամանակ չկորցնեն նրանց փնտրելու։ Եթե անհատական տնտեսության մեջ առանց այդ սովորույթի էլ կարելի է մի կերպ ապրել, որովհետև տնտեսության անդամները քիչվոր են, սակավ իրեր ունեն, տեղը հեշտ է գտնել, կոմունայում, ուր աշխատում են 80 հոգի, առանց այդ կարգի կստեղծվի խառնաշփոթություն, որից կտուժեր աշխատանքը։ Մի անգամ վարժվելուց հետո կոմունարը սովորություն է դարձնում կարգապահ և ճշտապահ լինել ամեն ժամանակ, ամեն ինչի մեջ։
Աշխատանքներն ավելի կհեշտանան, եթե ամենաանհրաժեշտ պարագաներն ու հարմարությունները կոմունան կարողանա ստեղծել։ Ափսեներից սկսած մինչև սենյակների կահավորումը պահանջում է խոշոր գումար, որ առայժմ կոմունայի ուժերից վեր է։ Իսկ այդ պակասը, եղածների էլ զանազանությունը չեն նպաստում անհրաժեշտ համաչափության ու միօրինակության, որից աշխատանքն ավելի արդյունավետ կդառնար: Տնային կահկարասին, խոհանոցի իրերը հավաքված են դեսից-դենից: Ամեն մի կոմունար իր հետ մի բան է բերել և խառնել մյուսների բերածի հետ:
Գյուղացին հանդից տուն վերադառնալուց՝ գետնին ընկած չոր ցախի կտորը վերցնում է, տուն է բերում, նույնն է անում և կոմունարը։ Անտառի միջով անցնելուց՝ ոչ ոք նրան չի պարտադրել ցախ անելու և մի շալակ ցախ տուն բերելու։ Նա իր գործն ավարտել է, կարող է պարապ վերադառնալ և հաշիվ տալ Խորհուրդին։ Բայց այդպես նա չի անում, պարապ ձեռքով չի վերադառնում, այլ տուն է բերում ցախ կամ մի այլ բան։
Կոմունարը գնում է ուրիշ գյուղ կամ քաղաք։ Նրա ուշքն ու միտքը կոմունայումն է, նրա ծաղկման մասին է մտածում։ Եվ եթե աչքն ընկնում է մի բույսի կամ սերմի, որ կարող է աճել այնտեղ, նա ձեռք է բերում և շտապում է կոմունա ուղարկել։ Դիլիջանի անտառից գերաններ ստանալու համար գնացած կոմունարները հավաքում են խնձորի ու տանձի սերմեր, ընկույզներ և այլ պտուղներ՝ կոմունայում տնկելու և բազմացնելու համար։ Նրանք եկել էին գերաններ տանեւու, բայց միևնույն ժամանակ հոգ էին տանում հարյուր մատղաշ տունկեր տանելու և անտառ տնկելու։
Չի կարելի ասել, թե կոմունայում ապրելը խաղ ու պար է, ջուր խմելու չափ հեշտ։ Իհարկե, ապագայում կհեշտանա, բայց հենց այդ ապագային հասնելու համար, մեծ աշխատանք է հարկավոր։ Եվ կոմունարները թափում են այդ աշխատանքը։
Նրանց մեջ մարդիկ կան, որոնք մանուկ օրերից սկսած գրքից ու լրագրից չեն բաժանվել, կարդացել են ու սովորել, բայց այժմ մի տեղ էլ չունեն սնդուկների մեջ դարսած գրքերը հանելու և պարապելու։ Գերություն ու գաղթ, աքսոր ու պատերազմ տեսած մարդիկ կան, որոնք սիրիական ու արաբական տափարակներն են կտրել, ծովեր անցել, շեն ու բազմամարդ քաղաքներ տեսել, ապրել շատ ու շատ ազգերի մեջ և վերջում գիտակցաբար վերադարձել՝ խորհրդային երկրում կոմունայով ապրելու։
Մազերը սպիտակած մարդիկ կան կոմունայում, որոնց գլխով մազի համրանքի չափ փորձանք ու զրկանք է անցել, և որոնք դեռ կայտառություն ունին և ժպիտ, բազուկներում ուժ՝ կոմունայում պատ շարելու, խոտ հարելու, հող փորելու։ Ձմռան երկար գիշերներին նստոտում են և նրանց պատմությունները լսում։
Իրենց շրջապատից բացի, Խոտորջուրի կոմունան քաղաքներում ապրող հայրենակիցների մեջ ևս ունի բարեկամ ու թշնամի։ Հացի փուռերում, արհեստանոցներում ու ածխահանքերում աշխատողները ջերմ ու ընկերական նամակներ են գրում, խրախուսում, երբեմն էլ աջակցում։ Նրանցից շատ֊շատերր ցանկություն ունեն կոմունայում ապրելու։
Այլ կարծիքի են «ջոջերը»։ Կոմունան ցնորք է, մի խումբ սոված և աշխատանքից փախչող երիտասարդների գործ, որոնք կոմունայի պատրվակի տակ ուզում են թալանել միամիտներին։ Եվ հեռու քաղաքներում, հացի փռներում աշխատող խոտորջուրցի բանվորը վեճի է բռնվում իր «հայրենակից» գործատերի հետ և հպարտ հայտարարում, որ կոմունայում ապրողներն էլ իրեն նման չարքաշ և աշխատող մարդիկ են։
***
Կոմունայի հետաքրքրական կողմերից մեկն էլ կնոջ մասնակցությունն է ընդհանուրի աշխատանքին, ընտանիքի հարցը, կնոջ ավելի ազատ լինելն ու նրա կապը ամուսնու, երեխայի ու կոմունայի հետ։ Հենց առաջի օրն ևեթ կոմունայի մասին նրա հակառակորդները տարածեցին, որ կոմունայում կինը բոլորին է պատկանում, որ այնտեղ անկարգ խառնուրդ է, և «նամուս» ասած բանը չկա։ Պետք է ասել, որ ամենից շատ ա՜յդ պրովոկացիան տարածվեց գյուղերում։
Շատերը, նույնիսկ հեռու գյուղերից, կոմունայի մասին այդպիսի լուրեր լսելով՝ շտապում էին տեղում տեսնելու, թե ո՞վքեր են, ի՞նչ կանայք են, ի՞նչպես են հագնվում, ի՞նչ լեզվով են խոսում և ի՞նչ են անում առանց «նամուսի»։ Եկողներից ոմանք հետո խոստովանում էին, որ իրենք սպասում էին ականատես լինելու ինչ֊որ գիշերային խրախճանքների, որոնցից գուցեև իրենց բաժին հասներ։
Եկողները, որոնցից ոմանք գիշերում էլ են, մյուս առավոտյան քիթներըր կախ վերադառնում են, իրենց գյուղերում պատմելու, որ կոմունար կինը պակաս «նամուսով» չի, որ սուտ ու սխալ են տարածված լուրերը։ Եվ այդ առասպելը տարեցտարի չքանում է, հավատացողների թիվր՝ պակսում։
Մի բան միայն հաստատ է։ Սակավ բացառությամբ, կինը առաջին պահին դժվարանում է կոմունա մտնել և ապրել համայնական կյանքով։ Սակայն այդ կյանքին վարժվելուց հետո, մի քանի ամիս կոմունայում ապրելուց և նրա առավել կողմերը ճանաչելուց հետո, կինը շատ անգամ տղամարդուց ավելի պինդ է փարվում կոմունային, աշխատում օրնիբուն և ամեն ինչ անում կոմունայի ներսում համայնական նոր կենցաղ ստեղծելու, կոմունայի ներքին կյանքը կատարելատիպ դարձնելու։
Կնոջ համար դժվար է այդ անցումը՝ դարերից ժառանգություն ստացած վիճակից, սովորություններից կտրվելն ու տնտեսապես միանգամայն անկախ ապրելն իր ամուսնու և երեխաների հետ։ Չէ՞ որ կոմունայում սեփականություն չկա, սեղանը մի է, զգեստն ու կոշիկը կոմունայի միջոցներից են, բոլորի՝ իր, ամուսնու, երրորդի, չորրորդի աշխատանքը կուտակվում է մի տեղ։
Եվ այդ տնտեսության մեջ իր մասը ամուսնու բաժնից պակաս չի: Տնտեսական այսպիսի կատարյալ անկախությունն առաջին շրջանում դժվար հասկանալի է կոմունա նոր մտած կնոջ համար, բայց հետո դառնում է միս ու արյուն, կինը վարժվում է այդ վիճակին և իր ազատությունը ոչ մի դեպքում չսահմանափակելու որոշումը տալիս։
Եվ ճիշտ էին ասում կոմունայի կանայք. —Եթե մենք ցրվելու էլ լինենք, էլ երբե՛ք տուն ու խոհանոց մեր շլինքից չպիտի կախենք...
Կանայք հերթով աշխատում են խոհանոցում, կով են կթում, տնային գործեր են անում, աշխատում են բոստանում և արտերում։ Քիչ չէ պատահում, երբ կոմունայի Խորհուրդը մի ամբողջ ճյուղի ղեկավարությունը հանձնում է կնոջ։
Երեխաներին հսկում և կերակրում է այդ գործի համար նշանակված մի կոմունարուհի։ Իհարկե, ծծկեր երեխաները մայրերի մոտ են մնում: Առայժմ երեխաները ծնողների հետ են լինում, թեկուզ ճաշն առանձին է: Դեռ առաջի օրվանից Խորհուրդը որոշել է երեխաներին առանձին սնել և շատ ավելի լավ, քան մեծերին։ Այն ժամանակ, երբ մեծերը օրեր շարունակ խաշած կարտոֆիլ էին ուտում, փոքրերի համար ճարում էին յուղ ու պանիր։
Կոմունան ծրագրել է հետագային մի տուն շինել և հարմարություն ստեղծել, որ երեխաները միշտ միասին լինեն և ունենան իրենց հատուկ ննջարանը։ Միայն այս ձևով կարելի է ավելի լավ խնամել ու դաստիարակել նրանց և փոքր հասակից վարժեցնել այն մտքին, որ նրանք կոմունայինն են։ Եթե որևէ երեխայի հարցնես, թե՝
— Ո՞ւմ տղան ես կամ ո՞ւմ աղջիկն ես:
— Կոմունայի,— կպատասխանի նա։
Եթե այժմ երեխան ասում է այդպես, որովհետև նրան այդ են սովորեցրել, հատուկ խնամք, առանձին ննջարան, մանկական հրապարակ ու պարտեզ կազմակերպելով և ամենօրյա դաստիարակությամբ կարելի է հասնել այն վիճակին, երբ չափահաս դառնալուց նրանք միանգամայն գիտակցաբար կրկնեն մանուկ օրերի բառերը և դարձնեն միս ու արյուն:
Այդպես է որոշել կոմունայի Խորհուրդը։
Չի եղել որևէ մի դեպք, որ մայրն առարկի ընդհանուր դաստիարակության դեմ։ Բոլոր մեծահասակ կոմունարները շատ ջերմ ու սրտակից վերաբերմունք ունեն դեպի մանուկները։ Կոմունայի երեխան հավասար սիրով վազում և փաթաթվում է հորը կամ մի ուրիշ կոմունարի։ Երեխաներին կերակրելու, զբաղեցնելու հոգսը դարձյալ ծանրանում է կանանց վրա, միայն այն տարբերությամբ, որ ամեն մի երեխայի՝ իր մոր փեշից կախ ընկնելու փոխարեն, մի կին է լինում նրանց հետ։ Իսկ մյուսներն այլ գործ են անում և հերթով, փոխնեփոխ աշխատում։
Ասացինք, որ դրսից կանայք դժվար են համաձայնվում կոմունա գալ, ամուսնանալ կոմունարների հետ։ Դեպքեր են պատահել, որ կոմունարի ամուսնությունը լուծվել է, երբ տղան կտրականապես մերժել է աղջկա պահանջը՝ ամուսնանալուց հետո կոմունա չվերադառնալ։
Մի կոմունար, որ ամենից ջանասերներիցն էր, մի օր Խորհուրդի առաջ պահանջ է դնում կոմունայից հեռանալու։ Փորձում են համոզել, բան չի դուրս գալիս։ Ընդունում են հրաժարականը, ճամփու դնում։ Եվ երկու շաբաթ չանցած՝ հանկարծ վերադառնում է, հայտնում, որ ինքը դիտմամբ է սարքել այդ ամենը, աղջկանը ցույց տալու, որ ինքը կոմունայում չի։
— Արդեն նշանվել պրծել ենք... Մի քանի օր հետը կապրեմ, հետո կասեմ, թե մեր տունը, մեր տեղը Հայաստանի Ներքին Ախտայի մեջն է... Ի՞նչ պիտի անի։ Մի քիչ լաց կլինի, հետո կգա... Վերջում էլ կվարժվի։
Կոմունարուհիների մեջ կան միջնակարգ կրթություն ստացած կանայք։ Սակայն նրանք առավոտը կանուխ վեր են կենում, կովերը կթում (նրանցից ամեն մեկը կթում է մինչև 15 կով), օրվա կիթը նշանակում տետրակում, կաթն ուղարկում կաթնատուն։ Մյուսներն այլ գործ են անում։ Մինչև անգամ կար ու կարկատանը ևս կենտրոնացած է։ Կարկատանը հավաքվելուց՝ մի օր, Խորհրդի որոշմամբ, այս կամ այն կոմունարուհին նստում, կարկատան է անում կամ ւվացք։
Կանանց աշխատանքը, ազատ նիստուկացը, խոսքն ու ծիծաղը տեսնելուց ու լսելուց հետո, երբ մտաբերում ես «նամուսի» մասին եղած առասպելը, մանավանդ երկու ապարանցիների այն պատմությունը, որ անում են կոմունայում, ծիծաղելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում։
Կոմունային մոտիկ Ապարանի գյուղերից մեկում երկու հոգի լսում են կոմունայի ու նրանց նիստուկացի մասին, որոշում են գնալ ու տեսնել, թե ի՞նչ մարդիկ են, ո՞րտեղից են եկել, ի՞նչպես են նստում֊վեր կենում, մի խոսքով՝ ինչքան են նման իրենց։ Բայց ամենից շատ նրանց հետաքրքրում է «նամուսի» առասպելը։
Ու մի ձյուն֊ձմեռ օր վեր են կենում, ճանապարհ ընկնում։
— Էսպես նստած զրույց էինք անում,— պատմում է մի կոմունար, մեկ էլ դռան ճռռոցի ձայն եկավ։ Դուռը որ բաց արինք, ձյունի մեջ թաթախված մի մարդ, չորեքթաթ տալով ներս ընկավ և աչք֊ունքով, մի կերպ հասկացրեց, որ ընկեր էլ ունի, մնացել է ձյունի տակ։ Դուրս եկանք... Ինչեր քաշեցինք, մինչև նրա հետքերը գտանք... Սառել էր, մի քարի տակ կուչ եկել: Եվ մյուս օրը, երբ ուշքի է գալիս ապարանցին և տեսնում է սառած ընկերոջը, սկսում է պատմել իրենց գալու նպատակի մասին, միամտաբար խոսք է թողնում և «նամուսի» մասին։ Կոմունարները քահ-քահ կծիծաղեին, եթե չլիներ սառած, ցրտից կապտած ապարանցին, որի բարեկամների ետևից մարդ արդեն ուղարկել էին։
***
Այժմ տեսնենք, թե ինչպես են նայում շրջակա գյուղերը կոմունայի վրա, կոմունան նրանց օգնո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ կապ կա հարևան գյուղերի և կոմունայի միջև։
Սկզբում անտարբեր և, նույնիսկ, մի քիչ ծաղրական և անհավատ վերաբերմունք կար։ Ոչ ոք չէր հավատում, թե նրանք կարող են մնալ և տնտեսություն հիմնել: Իսկ գյուղի ունևորները հո առիթ չէին փախցնում կոմունարներին վատաբանելու, բամբասելու, նրանց մասին սուտ ու սխալ լուրեր տարածելու։ Բայց հետո պարզվեց, որ կուլակները միայն բամբասելով չբավականացան։ Սակայն մի բան էլ հաստատապես պարզվեց, հարևան գյուղերի չքավոր և միջակ խավը կոմունային սրտանց է վերաբերվում, նայում է որպես հարազատ հիմնարկության վրա, օգնում է և օգնություն ստանում։
Կոմունան հարևան գյուղերի չքավոր ու միջակ տնտեսություններին օգնել է ոչ միայն իր բարեկեցիկ շրջանում, այլ հենց առաջին օրից, երբ կոմունարները շաբաթներով ուտում էին խաշած կարտոֆիլ, քնում կեղտոտ գոմերում և աշխատում օրնիբուն։
Ամեն մարդ կարող է գնալ կոմունա և եթե գործիքի պետք ունի կամ ուզում է մի դիմում գրել տալ, տեղեկանալ օրենքի մասին և այլն, կարող է գնալ կոմունա և հարցնել, իմանալ։
Կոմունայում գրում են դիմումներ, նամակ, շատ հաճախ շրջանի ժողդատարանում պաշտպանում են այս կամ այն գյուղացու դատը, քաղաք գնալուց հետաքրքրվում և կատարում են գյուղացիներից ստացած զանազան հանձնարարությունները, պետական հիմնարկներում տեղեկանում են այս ու այն գործի ընթացքի մասին։ Հայ, թուրք, հույն, բոլորն էլ անխտիր դիմում են կոմունայի օգնության։ Միսխանեի ձորում այն համոզումը կա, որ եթե դիմումը կոմունայում գրեն, անպատճառ «գործը կտանեն», եթե դատը կոմունարը պաշտպանի, ոչ մի «ադվակատ» չի կարող նրան հաղթել։ Սակայն այդ բարեկամությունը կոմունայի հակառակորդներին ավելի է կատաղեցնում։ Մինչ այդ, ձորի գյուղերում եղած նախկին «պիսերներն» ու գյուղական «օրենսգետները» մի դիմում գրելու համար ստանում էին հավ, ձու, դրամ։ Դեպքեր են եղել, երբ մի դիմումը գրել են քսան ռուբլիով։ Իհարկե, այժմ բոլոր «պիսերները» կոմունայի կատաղի թշնամիներն են, որովհետև հիմա հեռու գյուղից էլ են գնում կոմունա՝ իրավաբանական օգնություն ստանալու։
Կանայք էլ են գալիս, մանավանդ թուրք կանայք։ Հեռու ընկած և հետամնաց Միսխանեի ձորում թուրք կինն ավելի է ճնշված, անպաշտպան ու անօգնական։ Ամուսինը ծեծում է, բռնանում, օր չի տալիս, և թուրք կինը ծածուկ գնում է կոմունա, լաց լինելով պատմում իր ցավը, տեսնում, թե ինչքան ազատ են ապրում կոմունայի կանայք, և հարցնում մի ելք՝ իր վիճակը թեթևացնելու։
Բացի իրավաբանական օգնությունից, կոմունան ուրիշ էլ շատ օգնություն է ցույց տալիս։ Չքավոր տնտեսություններին իր ունեցած գութաններից տալիս է, որ տանեն վար անեն, բանջարանոցային սերմեր է տալիս, ցեղական հավերի ձուեր, զանազան տունկեր և այլն։ Եթե սրա վրա ավելացնենք և այն, որ առաջին անգամ կոմունա եկող գյուղացին շատ նորություններ է տեսնում, տնտեսության ավելի լավ ձևեր, հասկանալի կլինի, թե ինչքան մեծ նշանակություն ունի կոմունան Միսխանեի ձորի գյուղերի համար։
Ոչ մի փորձադաշտ և կամ ցուցադրական հողամաս չի կարող գյուղացիներին համոզել դաշտավարության նոր ձևերի առավելությանն այնպես, ինչպես անում է կոմունան։ Մի կամ մի քանի անգամ կազմակերպված ցուցադրական կերակրումը կարող է գյուղացուն համոզել առատ կերի ու լավ խնամքի անհրաժեշտության, սակայն կոմունայի կատարած աշխատանքն հենց այդ ուղղությամբ շատ ու շատ բարձր է ցուցադրական կերակրումից և նրա շուրջ կազմակերպած ագրոզրույցից:
Գյուղացին իր աչքով տեսնում է և համոզվում, որ իր տանն եղած կովը, որ տալիս էր 12 ֆունտ կաթ, կոմունայում տալիս է 20 և ավելի ֆունտ։ Նա տեսնում է, որ սխալ է պապենական այն խոսքը, թե Միսխանեի ձորում չի կարելի մեղու պահել։ Կոմունայի մեղվանոցի ոսկեծոր մեղրը և նրա առատ բերքը հակառակն են ապացուցում։ Տարին բոլոր նա կարոտ էր մնում վարունգի, արևածաղկի, զանազան կանաչեղենի ու ընդեղենի, որովհետև իրենց հողերը բոստանի համար հարմար չեն։ Սակայն կոմունայի բոստանում ամեն ինչ էլ առատ և փարթամ է աճում, է՛լ պոմիդոր, է՛լ բիբար, վարունգ ու եգիպտացորեն: Եվ երբ ապշած, զարմացած նայում են բոստանին ու առատ բերքին, կարծես չեն ուզում հավատալ, մի անգամ էլ դառնում են ծանոթ սարերին, ասես ստուգում են, արդյոք Միսխանեի ձորո՞ւմն է այս ամենը:
— Մեր պապերը անասունի պես էին ապրում, նրանցն էլ կյանք է՜ր...
Կոմունան հարևան գյուղերում կազմակերպում է գյուղատնտեսական զրույցներ և իրենց փորձի օրինակով ցույց տալիս, թե ի՜նչեր կարելի է անել այդ ձորում։ Պետք է ասել, որ հարևան գյուղերն էլ են աշխատում լավությամբ հատուցանել կոմունայից ստացածն ու տեսած բարիքը։ Կոմունայի հարևան հույն Նոր Միխայլովկա[4] գյուղը, տեսնելով որ կոմունարների ուժը չի հերիքում խոտը հավաքելու, թեկուզ օրնիբուն բոլորն էլ աշխատում էին, ինչպես և բանեցնում էին խոտհար մեքենան, տեսնելով նրանց դրությունը, Նոր Միխայլովկայի ամբողջ համայնքը երկու կիրակի աշխատում է նրանց հետ և խոտը հավաքում։
Հարևանության համար կոմունարները չեն տրտնջում, եթե գյուղացիներից մեկը չկամ է դառնում և կամ ի չարն է գործադրում կոմունայի վերաբերմունքը։ Ուլաշիկ աղքատ գյուղին կոմունան մի երկաթե գութան էր տվել։ Տարին բոլոր բանեցրել էին, հողերը վարել և վերջում էլ գութանը ետ ուղարկել խոփը ջարդած, գութանը ծռմռած, կոտրած։ Առանց տրտունջի՝ կոմունայի Խորհուրդը որոշում է գութանն արհեստանոց ուղարկել վերանորոգման համար։
Պատահում է, որ ձմռան գիշերին, բուք ու բորան ժամանակ, լուր է հասնում, որ սարի ճամփին կամ կոմունայից հեռու ձյունի տակ մարդ է մնացել։ Ինչպես էլ լինի, գիշերվա որ ժամն էլ լինի, կոմունարները խմբով դուրս են գալիս և օգնության հասնում ձյունի տակ մնացած ուղևորներին։ Կամ կոմունայի սահմաններում մի գյուղացու սայլ է ջարդվում, գոմեշներն են թաղվում ցեխի մեջ, կամ էլ ուրիշ փորձանք. հերիք է, որ կոմունան լսի, իսկույն զանգահարում է մեծ զանգը, ձորի գյուղերն էլ են լսում, և նեղն ընկածը հասկանում է, որ կոմունայից օգնություն է գալիս։ Դժվար է մեկ֊ մեկ թվել այն ամենը, ինչ կատարում է կոմունան հարևան գյուղերի համար։ Օգնության բազմաթիվ ձևեր կան, որոնց թվարկելը շատ դժվար է։ Միսխանեի ձորը հազվագյուտ դեպքում է բժիշկ գալիս, բայց հենց որ կոմունան կանչում է բժշկին, ձորի մյուս գյուղերը շտապում են օգտվել առիթից։ Իսկ առանց կոմունայից ստացած ղեղորայքի, շատերը կդժվարանան բուժելու իրենց հիվանդներին: Ո՞վ է 30 վերստ ոտով գնում֊գալիս մի քանի հաբի կամ այլ դեղի համար: Այնինչ, այդ ամենը կոմունայում կա։
Եվ այդ վերաբերմունքը՝ միացած կոմունարների տոկուն ու անդադրում աշխատանքին, զրկանքներին դիմանալու համառության և կոմունան ծաղկեցնելու, բարգավաճելու երկաթե որոշման, բարձրացնում են կոմունայի հեղինակությունը և նրա շուրջը համախմբում գյուղերի աշխատավոր տարրին։ Արդեն նկատելի է, թե ինչպես գյուղում, մի դժվար բանի մասին խոսք ընկնելիս, գյուղացիք ասում են.
- Դե որ կարողանայինք գլուխ բերել, էն ա մեր անունն էլ կոմունա կլիներ, էլի՜...
Բայց կոմունան իր ոխերիմ թշնամիներն էլ ունի, որոնք առիթ չեն փախցնում մի բանով նրանց վնասելու։ Այդ նրանք են, որոնց այլևս գյուղացիք դիմում կամ նամակ գրել չեն տալիս, որոնց հողերը խլել և բաժանել են գյուղերի ու կոմունայի մեջ, որոնք, է՛լ առաջվա նման, թուրը կտրուկ ման չեն գալիս և սրան֊նրան ճնշում, ավազակությամբ պարապում կամ թե ավազակի թալանածն էժան գնով առնում և ուրիշ գյուղերում, մեկին տասը շահելով, պարտակում։
Դրանցից մեկը, որի անունը Ահմեդ է, հողեր և բացատներ ուներ, ձորի ավանի հարուստներից էր։ Սակայն նրանից հողերը խլեցին։ Այդ հողերի մի մասը ընկավ կոմունային։ Եվ այդ օրից Ահմեդը թշնամացավ կոմունայի հետ։ Սա պարզ ու որոշ հայտնում էր իր ատելությունն ու ոխը։ Ահմեդը հիմա էլ առանձին հովիվ ունի։ Նա իր կովերն ու ոչխարը գյուղի նախիրին չի խառնում։ Սկզբի օրերին Ահմեդն իր չոբանին սովորեցնում էր, որ նախիրը քշի, կոմունային անցած հողերի վրա արածացնի։ Կոմունարները դիմանում են, համբերում, բայց տեսնելով, որ Ահմեդն աներեսանում է, բանտարկում են նրա երկու գոմեշը։ Ահմեդի հովիվը կոմունարներին ծածուկ ասում է, թե իրեն «աղան» է սովորեցնում թաքուն արածացնել։ Գոմեշներն ազատ արձակելուց հետո Ահմեդն իրենց գյուղում հայտարարում է, թե՝ — Ես ցույց կտամ, թե ում գոմեշներն են բանտարկում...
Ահմեդի պես մարդիկ կան Միսխանեի ձորում։ Մի այլ գյուղում, Բագրատ անունով նախկին մի գայլ, որ էլի առիթն ընկած տեղը գջլում է աղքատի հավն ու բերանի հացը, Ահմեդի պես է արտահայտվել։
Եվ այդ թշնամիներն այս ամառ կատարեցին իրենց սև գործը։ Մի գիշեր կոմունայի զանգը ազդարարեց, որ պատահել է սարսափելի պատուհաս: Զանգի ձայնը հեռու գյուղերն էլ լսեցին և կես գիշերին կոմոնայի ուղղությամբ տեսան ամպերին հասնող կրակե սյուներ, ծուխի քուլաներ։ Ասես երկինքն էր հրդեհվում։
— Կոմունան վառել են...— ասացին ու վազեցին դեպի կոմունան:
Մութի մեջ լսվում էին հրացանաձգության ձայներ։ Կոմունայի պահակներն էին, որ կրակում էին անհետ կորած չարագործների վրա, որոնք այդ գիշեր, երբ աշխատանքից հոգնած խաղաղ քուն էր մտել կոմունան, մոտենում և հրդեհում են հերվա խոտի հսկա դեզը։
Մի գիշերում վառվում է երեսուներկու հազար փութ խոտ... Կոմունարները և օգնության եկած գյուղացիք փրկում են կողքի շինությունները և միջոցներ ձեռք առնում, որ հրդեհը չծավալվի։
Այդ գիշերը, ճիշտ է, կոմունան մեծ կորուստ ունեցավ, բայց և շատ միամիտներ համոզվեցին, որ Բագրատ «աղեքը» հակառակ են կոմունային, անհաշտ թշնամի։ Համոզվեցին և կոմունայի բարեկամները դարձան։ Իսկ այդ ավելի մեծ կորուստ էր սև հրձիգների համար։
***
Մեզ մնում է պատմել այն առավելությունների մասին, որ ունի կոմունան ու նրա կյանքը գյուղացու անհատական տնտեսության հանդեպ:
Կանգ չառնենք այն խնդրի վրա, որ դրել և լուծել է ընկ. Լենինը, և որը վերաբերում է գյուղական մանր տնտեսությունների կոոպերացման և կոլեկտիվներ կազմելուն՜ սոցիալիզմին հասնելու համար։
Մեր աչքի առաջն է կոմունան ու նրա հարևան գյուղը, որ մնացած գյուղերից ոչնչով չի տարբերվում։ Ճիշտ է, Խոտորջուրի կոմունան ևս ունի պակաս կողմեր, բայց և այնպես, նույնիսկ այդ դրությամբ, նա շատ առավել կողմեր ունի։
Բերենք մի քանի օրինակ։
Գյուղացին արձակուրդի մասին չի էլ կարող երզել։ Նա պիտի տարին բոլոր աշխատի և չկտրվի տնտեսությունից։ Հեռացավ թե չէ՝ մի փորձանք անպակաս կլինի։ Նա չի էլ կարող հեռանալ, քանի որ այնքան մթերք չունի ամբարած, որ իր գնալուց հետո տանը մնացողներն ուտեն ու ապրեն։ Եվ վերջապես՝ ո՞ւր գնա։
Իսկ կոմունայի ամեն մի անդամ տարվա մեջ մի ամիս արձակուրդ է գնում և երբեք էլ չի մտածում, թե ո՞վ պիտի պահի իր կնոջն ու երեխաներին, ո՞վ պիտի կերակրի կովերին ու եզներին։ Այդ ամեն հոգս ու ցավից նա միանգամայն ազատ է։ Եվ դեռ ավելին. կոմունան հնարավորության սահմաններում աջակցում է նրան արձակուրդ գնալիս, երբեմն ուղարկում է հանգստանալու, եթե հիվանդ է՝ բժշկվելու։ Անհատ տնտեսությունն այդ մասին երազել անգամ չի կարող։
Կրթական գործն անհամեմատ ավելի լավ վիճակի մեջ է կոմունայում, քան նրա հարևան գյուղերում։ Եվ այդ ոչ միայն Միսխանեի ձորում, այլ այն բոլոր խորհրդային երկրներում, ուր կոմունարներ ու գյուղեր կան։ Խոտորջուրի կոմունան իր հաշվին 3 կոմունարի ուղարկել է համալսարանում սովորելու։ Վաղը, մյուս օրը նա պիտի ունենա իր բժիշկն ու գյուղատնտեսը։ Կոմունայի խորհուրդն ի վիճակի է հատուկ մարդ հրավիրել և երեխաներին դաստիարակել ինչպես հարկն է։ Եվ այդ բոլորը կատարվում է ո՛չ թե պետությունից կամ այլ հիմնարկներից ստացած դրամով, այլ իրենց աշխատանքի արդյունքով։ 80 հոգու կոլեկտիվ աշխատանքը շատ ավելի եկամուտ է տալիս, քան եթե այդ նույն 80 հոգին աշխատեն ամեն մեկն իրեն համար։
Կոմունայի հաշվեկշիռը ցույց է տալիս, որ հիմնելու օրից կոմունան ունեցել է 33000 ռուբլուց ավելի մաքուր վաստակ։ Նույն ժամանակամիջոցում մի ամբողջ գյուղ չէր կարող այդքան եկամուտ ունենալ: Ահա այդ դրամն է, որ հնարավորություն է տալիս կոմունային համալսարան էլ մարդ ուղարկել, մանկապարտեզի մասին էլ հոգալ, փոքրիկ էլեկտրակայան էլ հիմնել։
Այն ժամանակ, երբ հարևան գյուղի կաթնարտելի վրա թուշի պանրի փութը նստում է 16 ռուբլի, կոմունայում ա՛յդ նույն պանիրը, և նույնիսկ՝ որակով ավելի լավ, նստում է 12 ռուբլի։ Կոմունայում պատրաստել են 250 փ. պանիր. փթին 4 ռուբլու տարբերությունը հաշվելով՝ կստանանք, որ միայն պանրից կոմունան եկամուտ ունի հազար ռուբլի, եթե նույնիսկ այդ պանիրը ծախվի կաթնարտելի պատրաստած պանրի ինքնարժեքով։ Ա՛յ թե ինչպես է գոյանում եկամուտը։ Իսկ հազար ռուբլով երկու հոգի մի տարի համալսարանում կկարդան, կվերադառնան և իրենց ձեռք բերած գիտությունը կոմունայի օգտին գործադրելով՝ է՛լ ավելի կծաղկեցնեն և կշենացնեն կոմունան։
Ուրիշ օրինակներ բերենք։
Այդ շրջանում արտերը քարքարոտ են։ Կոմունայի և հարևան գյուղերի հողերը միատեսակ են։ Մինչդեռ կոմունան իր հողերի մեծ մասն արդեն քարերից իսպառ մաքրել է, գյուղացիների հողերը մնում են քարքարոտ։
Ինչո՞ւ։ Ամեն մի գյուղացի, եթե ցանկանա էլ, իր ուժերով կարող է միայն իր արտի մանր քարերը ժողովել։ Մեծ քարերն հիմքից հանելու համար հարկավոր է, որ 5—10 մարդ միանան և իրար օգնեն։ Իսկ գյուղում այդ բանը չի լինում, չեն անում, ամեն մարդ մտածում է իր մասին: Կոմունայի Խորհուրդը հերիք է, որ վճիռ տա, մյուս օրը, ժայռ էլ լինի, կթափվեն ու կտրաքացնեն։
Բոլորն էլ գիտեն, թե համեմատաբար ինչքան ավելի արդյունք է տալիս, երբ շատ հոգի են մի տեղում աշխատում։ Օրինակ՝ եթե 20 մարդ 20 դես. հողը մի օրում կարող են փեյնել, այդ չի նշանակում, թե մի մարդն առանձին բանելու դեպքում կարող է մի դես. փեյնել։ Այդ պիսի բան չկա. կոլեկտիվ աշխատանքի առավել կողմերից մեկն էլ հենց այդ է։ Կոլեկտիվում աշխատում են երգ ու ծիծաղով, իրար հետ մրցելով, ուրախ ու կայտառ։ Կոլեկտիվը միջոցներ ունի բոլոր գործիքները ձեռք բերելու, ամեն ինչից հարկավոր չափով ունենալու։ Իսկ այդ բոլորն արագացնում և հեշտացնում են աշխատանքը։
Գանք անասունների խնամքին ու կովին։ Շատ հասկանալի է, որ ավելի ձեռնտու է մի մեծ գոմ շինել և հարյուր կով կապել, քան թե 2—3 կամ, երբեմն, մի կովի համար առանձին գոմ շինել։ Հարյուր կով ունեցող կոլեկտիվը կարող է դանիական ձևի գոմ շինել և խնայողություն անել լույսի, վառելիքի, կերի մեջ, իսկ մի կովատեր գյուղացին հազիվ թե կարողանա իր հին գոմի կտուրը նորոգել։ Իսկ լավ գոմում նույն կերն ուտելով կովը շատ ավելի է կաթ տալիս, քան մութ, կեղտոտ ու խոնավ գոմում։ Ահա՛ թե ինչու գյուղացուն 12 ֆունտ կաթ տվող կովը կոմունայում իր կաթի քանակը հասցնում է մինչև 20 ֆունտի։
Դառնանք հիմա հողօգտագործման։ Ինչպես էլ անենք, հողակտորներն իրարից պիտի բաժանված լինեն միջնակներով կամ պատերով, ամեն մի գյուղացի պիտի իր արտը տանող ճանապարհն ունենա, առանձին առվի մասին մտածի և այդ ճանապարհի ու առվի համար իր և հարևանի հողերից բավական տեղ ոտնատակ տա կամ ճահճացնի։
Այնինչ, կոմունայում ո՛չ միջնակ կա, ո՛չ էլ իմ ու քո հողամաս։ Հարմար հողերն անխտիր մշակում են, քարերից մաքրում, փոսերը լցնում, մացառուտները ոչնչացնում և ստեղծում ընդարձակ ու մշակության համար պիտանի հողեր։
Մտցնելով օրինակելի ցանքաշրջանառություն, հողերը հանգստացնելով ու պարարտացնելով՝ կոմունան կարողանում է ավելի քիչ հողից շատ բերք ստանալ, այսինքն՝ քիչ աշխատանք թափել և շատ եկամուտ ունենալ։ Ահա՝ թե ինչու տարեցտարի կոմունայի ամեն մի շնչի վրա ծախսածը 10 կոպ. ավելանում է։ Այդ նշանակում է, որ ամեն մի կոմունար այս տարի անցյալ տարվանից 10 կոպեկի չափ ամեն օր ավելի շատ է յուղ ու պանիր ուտում։
Այս դեռ առաջին տարիներն են, երբ գոմ ու տուն կա ծածկելու, շինություններ կան շինելու։ Իսկ եթե այդ կառուցումներն ավարտվեն, այն ժամանակ կոմունան ավելի շատ կարող է ծախսել կոմունարի վիճակը բարելավելու համար, ավելի լավ հագցնելու, կինո ու ռադիո ունենալու, բաղնիս ու թատոոն կառուցելու և այլն։ Գյուղական ոչ մի տնտեսություն, ինչքան էլ ուժ անի զարգանալու, չի կարող ստեղծել կոլեկտիվին հւսմաչափ ավելցուկ, չի կարող իր անդամների սնունդն ու հագուստը տարեցտարի ավելացնել ու լավացնել, ինչպես անում է կոմունան իր սկզբնական շրջանում։
Կոմունան կարող է ոչ միայն ընդարձակ պարտեզներ տնկել, այլև ցանկացած տեղն անտառ տնկել։ Իսկ ո՞ր գյուղացին կարող է մտածել դրա մասին։ Միայն կոլեկտիվը կարող էր անցկացնել այն մեծ ճանապարհը, որի կառուցումից հետո ավտոն էլ կարող է հասնել մինչև կոմունան։
Դժվար է բոլոր առավելությունները մեկ-մեկ թվել: Ի՜նչ հաշվի տակ կարելի է դնել այն ուրախ ու սրտաբաց կյանքը, որ ապրում է կոմունարը գյուղացու միշտ հոգսերով լի, չարքաշ օրվա հանդեպ: Ի՜նչպես համեմատել մեկի անճարությունը կարիքի հանդեպ և մյուսի խրոխտ վճիռը, թե՝
Կոլեկտիվ աշխատանքի համար դժվարին ոչինչ չկա: