Խորհրդածություն բանաստեղծի

Խորհրդածություն բանաստեղծի

Խորհրդածություն բանաստեղծի



I


Ի՜նչ անուշությամբ սահում են ժամեր
Գեղեցկատեսիլ, խնկահոտ գարնան.
Որքա՜ն ոգելից վառվում են սրտեր,
Անձնատուր եղած քաղցր անդորրության։
5 Եվ բնությունը ոսկի ժպիտով,
Զգեստավորված վարդագեղ քողով,
Հանդիպում է օր։ Նորեկ առավոտ։
Ցոլուն շաղ-գոհար, ճոճում է արոտ։
Եվ ծածանվելով կայտառ շատրվան՝
10 Ցայտում է շիթերն յուր ադամանդյան.
Եվ նորա տրտունջն այնքան սիրելի
Գրավում է աչերդ, և՛ սիրտ, և՛ հոգի։

II


Երկինք կապուտակ։ Առողջ, զովարար
Շնչում է զեփյուռ։ Գառներ և հորթեր
15 Խաղում են դաշտում։ Թնդում է անտառ։
Երգում է սոխակ։ Դողում են թփեր։
Ամեն մի թռչուն, ամեն մի էակ
Վերածնվում է այս շնորհաբեր
Ավազանի մեջ, և՛ ձոր ընդարձակ
20 Ե՛վ հովիտ կանաչ, և՛ վառ բլուրներ։
Թեև խռոված լինիս, ո՛վ օտար,
Հակառակ կամքիդ, այդ կանաչավառ
Տեսարանները քեզ կըհրավիրեն,
Որ քաղցր ստվեր վերադ տարածեն։

III


25 Չորս կողմըդ գարո՜ւն։ Կանաչ կատարով
Հողաբլուրներ հառաջ են գալի,
Եվ խաղաղ, անույշ, հանգուցիչ քնով
Մոռանում ես դու վիշտը աշխարհի։
Վարսագեղ տնկած ծառերի շարքեր
30 Մեղմիկ շարժվում են։ Ուրախ և զվարթ
Վազում է առվակ։ Սիրելի պատկեր,
Ճղած կոկոնից դուրս նայում է վարդ։
Կարմրում է վարդ, վառ արշալույսի
Չքնաղ դուստրը, բայց համաձայն չեմ,
Որ դա սքողեր ամոթխած կուսի
35 Գեղեցկությունը, որին սիրել եմ։

IV


Սիրո համբույրներ նորա շրթունքին
Ծաղկում են գարնան հոգելից կյանքով,
Կարծես, սաստում են երիտասարդին,
40 Երբ կամեր քաղել դորանց հայացքով.
Եվ մարմարիոնը նազուք ձեռների,
Եվ իբրև փրփուր լանջքը ձյունափայլ,
Եվ այն շողշողուն մետաքս մազերի,
Անհոգ թույլտված ուսերի վերա՝
45 Առնում են նորան հրեշտակ կատարյալ,
Որ ամոքում էր վիշտերդ դժնյա.
Եվ տղայական մաքուր ցնորքով
Բացում էր ձեզ կյանք անվերջ հոսանքով։

V


Ես կարող էի այն սիրողային
50 Հարմարել դորան խոսքերը Լորդի,
Որ նա տալիս է Լեդի Յանթային[1],
Նախերգանքի մեջ պանդուխտ Հարոլդի,
Ո՜վ Բայրո՜ն, Բայրո՜ն, դա ոգևորեց
Քո կարող գրիչ։ Դա քեզ ներշնչեց
55 Այն վերին թռիչքը բանաստեղծության.
Երկյուղած սրտով քնարիդ մեծության,
Եվ անբռնադատ քո հոգու ղեղման
Պետք է նախ անձեն բոլոր պոետներ,
Որպես հանճարիդ մի համեստ նվեր։
60 Երկա՜ր կըպատվեն հիշատակդ ազգեր։

VI


Համաշխարհական պոե՛տ պանծալի,
Դու քեզ կանգնեցիր երկնահաց արձան.
Ինչպե՜ս մոռանանք, փա՛ռքդ Անգլիայի,
Որ բարձրագույն է, քան սարերի Ալպյան.
65 Փա՛ռք, որ ծնել է քո անդևն քնար,
Որ ավերակներ երգեր հույների,—
Ո՛րպես Հեյլադա է հրաշափառ։
Ո՛վ Բայրո՛ն, ասա՛, ո՞վ քո մեջ դրեց
Այն վսեմ թախիծն հուսահատության,
70 Ի՞նչպես քո հոգին յուր մեջ ամփոփեց
Այն խավար՝ դժոխք ամենակործան։

VII


Եվ ես զմայլած՝ շատ տեղ ման եկա,
Հանդիսարաններ չթողի մարդկան.
Գեղեցկությունը մի անգամ գտա,
75 Երբե՛ք չտեսա Գեղեցկիս նման։
Ո՛չ երազե մեջ, ուր վառուն հոգեն
Հրաշագործում է պայծառ տեսիլներ,
Ո՛չ գարնան շունչը, ո՛չ հարավային
Ինձ չստեղծեցին այդպիսի պատկեր։
80 Նորան ավանդեք ես ձեզ չգիտեմ,
Դուք ինքյանք տեսնեք—ես ինչպե՞ս ասեմ:
Մեծ գեղեցկությամբ—առավել հոգով,
Եվ պայծառացած գիտության լուսով:

VIII


Լսեցի և ես խոսքերի հնչյուն,
85 Երբ ոգեխառնված երկու սիրահար
Խոսակցում էին, բայց այն շշնջյուն,
Գրավիչ լեզուն այն կենդանարար
Արդյոք դոցա հետ կըհավասարե՞մ։
Եթե իմ կյանքում մի ևս նշմարեմ
90 Այն աստվածեղեն ներդաշնակություն,
Խլեցի՜ երկնքի ես արքայություն,
Այն խոսքերի մեջ կար ամենայն բան,
Ե՛վ դրախտ անույշ, և՛ կյանք անսահման,
Ափսո՜ս, որ չունիմ խոսք բացահայտիչ,
95 Կարո՛ղ եք զգալ — ոչի՛նչ է գրիչ։

IX


Գարուն է։ Սիրտ իմ, ի՞նչ ես հառաչում,
Մի՞թե չկամիս ողջունել նորան.
Քանի՞ տարի է դու չես շոշափում
նախկին օրերի շունչը քաղցրության.
100 Քանի՞ տարի է, որպես թշնամի,
Չկամիս հաշտվել քո վիճակի հետ.
Ինչո՞ւ կծու վիշտ, որպես մտերմի,
Օրով, գիշերով է քեզ կարապետ.
Գարուն, ո՜վ գարուն, որքա՛ն ծանրություն
105 Ածում ես վերաս, որքան տխրալի
Հիշում ե՛ս րոպեք։ Ո՛վ դառն հայտնություն,
Նիրհած է հոգիս, նա կընորոգվի՞:

X


Բայց գյուղական կյանք բնության ծոցում,
Քանի՜ պարզություն և գեղեցկություն.
110 Եդեմա դրախտն է այնտեղ փայլում,
Նորից ծնում ես՝ և նո՛ր մանկություն։
Մարդաշատ աղմուկ մայրաքաղաքի,
Իմ բարեկամներ, չեք լսում այդտեղ,
Ո՛չ դղրդյունը վազող կառքերի,
115 Ո՛չ խոշոր հիշոցքը ամբոխի տգեղ։
Խորհուրդ եմ տալի, և այն փրկարար,
Եվ այն մի խորհուրդ քաջառողջության.
Երեք ամսով չափ, թե ունիք հնար,
Դուրս գալ քաղաքից դեպ ի ծոց բնության։

XI


120 Այնտեղ ծաղիկներ թեթև շրշյունով
Թափում են ամբրոս և քուն փափկության,
Եվ ժրագլուխ մեղուն բզզալով
Գնում է գործել մեղր պատվական.
Այնտեղ մանկադեղ, ժամն առավոտյան
125 Վարդյա ձեռներով հանգիստ է սփռում,
Եվ սիրտըդ հեռու աշխարհիս ունայն
Նենգից, կույր բախտից, սեր է ճաշակում։
Բայց, ավա՜ղ, եղբա՛րք, չլինի՞ կարծեք,
Որ ես իմ ներկա կյանքն եմ նկարում.
130 Այդպես չէ, եղբա՛րք, ինձ հավատացե՛ք.
Անցած, գնացած օրերս եմ հիշում։

XII


Բոգորո՛դսկ, գիտե՞ս, ո՛վ գեղեցիկ գյուղ,
Ակամա գործըս մի կողմ դնելով
Երգ եմ բերել քեզ. թույլ տուր ինձ մի ճյուղ
135 Քաղեմ բերյոզից քնարիս ձոնելով։
Նա մյուս անգամ գուցե կըվառվի,
Տեսնելով այդ շյուղն։ Ո՜վ կանաչ թփեր,
Ստվեր տվեցեք մի օտար Հայի,
Որ այց է գալի ձեզ օր ու գիշեր:
140 Բայր, ո՜հ, չեմ տեսնում ես ուրախություն։
Ժա՛մ մի չզգացի նորա արձագանք,
Ճեմում եմ ձեր տակ, բայց ո՜չ հաճություն
Գգվում է կուրծքս. ո՛չ. սև՛ օձ, կապա՜նք..

XIII


Գիտե՞ք, ես կյանքից այլ չեմ սպասում՝
145 Ո՛չ հաջողություն, ո՛չ պերճ ապագա,
Ես խանդաբվում եմ և չեմ ափսոսում.
Ոչինչ չեմ թողնում աշխարհիս վերա...
Ես դեռ մատաղ եմ։ Բայց մտածելով.
Մաշել եմ կյանքս, ունայն ապրելով.
150 Արդեն իմ կյանքը այլ բարձրանում չէ,
Եվ առաջվա պես չգիտե շնչել.
Հանգիստ է խնդրում, բայց կըգտանե
Նորան հողի տակ... նա կամի՛ ննջել...
155 Ալիքների մեջ գտնում է գագաթ։

XIV


Վաղ առավոտուց մինչև խոր գիշեր
Ես թափառել եմ ուռիների տակ,
Երբ բոլոր լուռին գեղեցկանում էր
Ամպերի միջից։ Հնչում էր սոխակ,
160 Երբ ոսկենշույլ ալիքն առվակի
Թավալվում էին մանկական խաղով,
Քաղցր քան ձայնը արծաթե զանգի,
Յուրյանը հոսանքից խոխոջ հանելով,
Եվ բնությունը այս պատկերներից
165 Կարծես նոր ծնավ Արարչի ձեռից.
Երկինք ու երկիր նույնպես գեղեցիկ.
Անտառի խորքում քնքուշ վայլայլիկ։

XV


Եվ այստեղ ես շատ երգեր եմ հյուսել
Հայոց բարբառով և Հայոց խոսքով.
170 Ես Հայաստանի կսկիծն եմ լսել,
Այրվել եմ սրտով, այրվել եմ հոգով.
Ես մտածել եմ. երկրիս երեսին
Թե այս ազգը յուր պահեց գոյություն
Այնչափ վտանգից անչա՜փ մոլեգին,
175 Ունի մի խորհուրդ վերին և թաքուն։
Ի՞նչ է, ով Հայ մարդ, զարմանո՞ւմ ես դու:
Որ հյուսիսայեն մութ երկնքի տակ
Հանդիսանում է հարազատ լեզու,
Երբ քո գերության զգում եմ կապանք։

XVI


180 Երբ օրհասականդ դամբանի ծոցից
Ներկայանում է հոգուս առաջև,
Երբ արտասուքը Հայիդ աչքերից՛
Թափում է երկիր, որպես հորդ անձրև,
Երբ հուսահատված սովից մահաբեր,
180 ժխտում ես րոան և կնիք ազգի:
Երբ Վատիկանի հրապուրիչ օձեր[2]
Առաջարկում են քեզ թունոտ ոսկի,
Ոսկի, որ գին է մարդասպանության,
Վերջին հացի գին խեղճ ժողովրդյան,
190 Եվ այդ անունո՜վ Ավետարանի:

XVII


Ո՛վ կաթոլիկյան կուրությամբ խոցված
Չար Քարոզիչներ երկպառակության,
Ո՛վ մոլի Հռոմ, ո՛վ Նեռն ավերած
Մեծին Պետրոսի առաքելության,
190 Ինչո՞վ, ասացե՛ք, ձեր անմիտ ծեսեր,
Կարկատած շքով հեթանոսական,
Նախամեծար են, քան խաղաղասեր
Դավանությունը Լուսավորչական.
Եվ ամո՞թ չէ ձեզ, ազգ խեղճ, ազգ անմեղ
200 Փոխել կրոնից, որ Հիսուսի էր։
Ձեզ խեղդելու չէ՞ արդյոք ջրհեղեղ։

XVIII


Ո՛չ Քրիստոսի, այլ սատանայի
Գայթակղության եք աշակերտներ.
Ի՞նչ է պատվիրում ձեզ Գողգոթայի
205 Անմահ Նահատակն։ Ատելությո՞ւն, թե Սե՞ր:
Եվ այդ Նահատակ, որ Ավետարան
Յուր մահի գնով կտակեց աշխարհին.
Եվ Լուսավորիչն՝ զոհ ճշմարտության,
Ո՛չ գույն իսկ ուսումն ավանդեց Հային.
210 Ո՞չ Թադևոսի աթոռ նստելով,
Նմանեցավ նորան խոսքով ու գործով.
Չարե՛ր, լսեցե՛ք ձեր խղճի ձայնին։

XIX


Բայց զգո՞ւյշ կացեք դուք Փարիսեցոց
Խմորից, այն է կեղծավորություն,
215 Որոնք բառնալով և՛ կական, և՛ կոծ,
Կամին ցուցանել բարեպաշտություն,
Որ խոնարհում են առաջի մարդկան,
Արդար, միամիտ յուրյանց կարծիքով,
Բայց մեռյալների իսկ են գերեզման,
220 Լի ապականյալ, պիղծ ոսկրներով։
Այսպես քրիստոս երբեմն վշտացած
Դարձավ կեղծավոր հրեից ցեղին,
Այսպես և այսօր մեք վիրավորված,
Դառնում ենք խարդախ եզվիտներին[3]։

XX


225 Դոցա բերանից մեք լսելու չենք
Սուրբ սիրո ուսմունք և ճշմարտություն.
Դոքա, պիտո է, մեք այդ լավ գիտենք,
Միշտ կեղծավորվին և մնան սողուն։
Դոքա պատրաստ են առնել ամեն բան,
230 Երբ զորավոր էր արծաթ և ոսկի,
Երբ փաղաքշելով, մի պատվի նշան
Պարգևեց դոցա Պապը Հռոմի։
Բայց ձեր լեզուքը թո՛ղ չհանդգնին
Օրենքը սիրո այլապես հնչել,
235 Թո՛ղ անմեղ զոհից երկինք չփակվին,
Որպես սովոր եք ձեզ աշակերտել։

XXI


Եվ դու, հա՛յ կղեր, բավական է քեզ.
Նայի՛ր դու, Հա՛յր իմ, ի՜նչ մեծակշիռ
Եկել են օրեր, դու այդ չդիտե՞ս,
240 Մի բա՛ց աչերդ և լավ ըմբռնիր։
Թե կենդանի է դեռ քո մեջ հոգի,
Թե քո կուրծքի մեջ չէ մեռել աստված,
Թե դու տեսնում ես լույս արեգակի,
Չէ՛, դու չես կարող մնալ քնեած։
245 Թե կամակոր ես, քեզ կորո՛ւստ թշվառ,
Իսկ թե ուշադիր, քեզ կյա՛նք մեծափառ.
Գո՛րծ ենք պահանջում, գո՛րծ, արիությո՛ւն,
Անփույթ հանգիստ և զրպարտության։

XXII


Բա՛րձր քարոզիր սուրբ Ավետարան,
250 Որպես ճանապարհ դեպի գիտություն.
Թո՛ղ լցվին սրտերն մխիթարության
Սուրբ աղաղակով։ Եղի՛ր դու արթուն,
Որպես արթուն էր միածին Որդին,
Յուր անմեղ կյանքը տալով աշխարհին։
255 Քե՛զ եմ բարբառում, որ աշակերտ ես
Այդ մեծ Ուսուցչին, դու ինձ լսո՞ւմ ես։
Ո՛վ կղեր, կղեր, ծանր է քո բեռն
Աստուծո առջև, եթե դու այսօր
Հոգի չզգենուս, չպարզես քո ձեռն
260 Դեպի սուրբ վաստակ, որ կյանք տա քեզ նոր։

XXIII


Մի նայի՛ր անբախտ քո ազգի վերա,
Տե՛ս, ի՞նչ ալեկոծ ծովն մեջ է նա.
Առագաստ պատռած, կայմը խորտակած,
Շանթեր, կայծակներ մահով զինվորված։
265 Վե՛ր կաց, հոգևոր Հայր վիրավորի,
Ո՞ւր ես դու, ձա՛յն տուր, թո՛ղ լսենք քո ձայն,
Լսենք քո քարոզ հայրենասիրի,
Որի համար սուրբ է խեղճ Հայաստան։
Ձայն չկա, ավա՜ղ։ Եղբարք, ի՞նչ անենք.
270 Ինչպե՞ս դարմանենք այս մեր վտանգիս,
Եվ հոգևորի սիրտը դղրդենք,
Եվ հասարակին կարդա՜նք ավետիս։

1864 թվին
հունիս-հուլիս

  1. Լեդի Շարլոտտե, Հերլե Օքսֆորդյան կոմսի դուստրը, որ ժամանակ (1812 թվակ.) դեռևս տասն և մեկ տարեկան էր (հեղինակի)։
  2. Այսպես է կոչվում Պապի վեհարանը (ծանոթ, հեղինակի):
  3. Մեր խոսքը եզվիտների հետ է, չարահոգի Քարոզիչների, և ո՛չ ընդհանուր կաթոլիկ քրիստոնեության (ծանոթ. հեղինակի):