Խորհրդավոր սեր

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍԵՐ



Իմ մեռած հարսնացուն ամեն օր,
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։

Մեռնելիս նա ասաց՝ ես կըգամ,
Մեկնելիս նա թողեց մի ավանդ.
Ու գալիս է որպես ուրվական,
Փայփայում է իմ սիրտը հիվանդ։

Համբուրում է շուրթերը իմ ցուրտ,
Շշնջում է խոսքեր դյութական,
Ինձ հայտնում է պայծառ մի խորհուրդ
Ու նորից շշնջում՝ ես կըգամ։

Երբ մեռնում են ճիչերը շփոթ
Աղմկոտ քաղաքի մարտկոցում,
Լուսերես նա նստում է ինձ մոտ
Ու հետըս երազում ու լացում։

Իրար հետ կյանքի երգն ենք լսում,
Իրար հետ ամեն օր մինչև լույս
Թովչական երազներ ենք հյուսում
Ու դյութված շշնջում — արշալո՜ւյս…