Խուլի այծերը
ԽՈՒԼԻ ԱՅԾԵՐԸ
Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն այծերը գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
— Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ-ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, — զարմանքով ասում է արտավար խուլը:
— Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերր, — ես ա՜յս այծն եմ խոստացել, որ մեռնես էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, — բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես է՜ս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը:
Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
— Ա՜յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին. գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցընում, ես է՜դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
— Ա՜յ նանի, — ասում է խուլ մարդը, — էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, — պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել. քանի որ էն չքոտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ: