Քանի, ո՛վ հայ, սովդաքյար ես՝
Գազի ծերին հուփ տուր մատով,
Գուցե վաղը սնանկացար
Այնժամ ապրուստ կտա քեզ ո՞վ։

Քանի որ դու քահանա ես՝
Կողոպտելում շատ քաջացիր,
Թե չէ հանկարծ մեղքիդ համար
Տեսար կարգեդ բաժանվեցիր։

Քանի որ դու գանձապետ ես՝
Ժամի փողեր տակով արա,
Է՜հ, աշխարհ է, էգուց մեռար,
Ո՞վ կհոգա տանդ վերա։

Քանի որ դու չինովնիկ ես՝
Ազգիդ համար մի՛ մտածիր,
Իսկ երբ գործից դու վռնդվես
Ահա խորհուրդս․․․―կրոնդ փոխիր․․․

Քանի որ ծակ ազգասեր ես՝
Ժողովներում անդամ դարձիր,
Իսկ երբ շղթան ոտիդ տեսնես
Նորան մատնիր, քեզ ուրացիր։

Քանի որ դու թղթակից ես
Չորն ու գեջին դու հարվածիր,
Է՜դ ա էլի՛, քո խելքովը
Ազգիդ մի մեծ օգուտ բերիր։

Քանի մուհտա հացակեր ես՝
Դուրս եկ փողոց ու բամբասե,
Չգիտե՞ս, որ ազգասերը
Քո բազարիդ խիստ վնաս է։

Եթե հայ ես, ինձ լավ լսե,
Ահա խրատ քո ճաշակին․
Թե չէ ուրիշ ճամբով գնաս,
Գիտցիր, կորավ կյանքդ անգին։

Ահա հայեր, հայությունը
Այսպես կլինի պահել երկար,
Թե չէ սորան հակառակվես՝
Կանհետանա հայը իսպառ․․․

1885