բնագիր
Խօսքիրըդ մալում իմ արի

Խօսքիրըդ մալում իմ արի՝ անարատ, մաքուր իս, ա՛ խպէր.
Օսկէ փարչումըն լըցըրած անմահական ջուր իս, ա՛ խպէր,
Խըմողն վու՞նց կու կըշտանայ, դուն կաթնէ ախպուր իս, ա՛ խպեր,
Աշխարհքըն՝ ծով, դուն՝ մեջըն նաւ, ման գուքաս, փրփուր իս, ա՛ խպեր,
Վախում իմ, թէ ինձ էլ էրիս՝ անհանգչիլի հուր իս, ա՛ խպեր:

Հուր իս՝ էշխով կըրակած.
Խօսք իմ ասում առակաց,
Իմ սիրմա-էրծաթ ա՛ խպեր՝
Օսկէ ջրով վարակած:

Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, ի՞նչ է ասում էդ քու փալըդ.
Իսկի չի՛ ս գալի, չի՛ ս ասում.«Աջաբ ի՞նչ է, բա՛ նդա, հալըդ».
Աստուաձ վըկայ, սիրտըս էրից ջէյրանի նըման ման գալըդ.
Յիս քեզանից չի՛ մ հիռանայ, թէգուզ դուս գայ խաթուխալըդ.
Թէգուզ սիրիս, թէգուզ ատիս, թէգուզէ համբուրիս, ա՛ խպեր:

Համբուրիմ սիրով համբուր,
Վունցոր խէչին է դաստուր,
Ով քիզ խայան մըտիկ տայ՝
Դառնա էրկու աչքով կուր:

Քիզիդ բաս ո՞վ կարայ բըռնի՝ հազար բաբաթ բառ իս էլի.
Խօսքիրըդ անգին ջավահիր՝ Ասմաւուրու ճառ իս էլի.
Հուտըդ աշխարհըս է զաւթի՝ բալասանի ծառ իս էլի.
Չըկայ քիզ պէս էշխի ջունուն՝ կըրակ նընգած վառ իս էլի.
Շատ մարդիկ քիզիդ կու էրիս. էդ լեզվի տէր վուր իս, ախպեր:

Վուր յիս ասիմ՝ իմա՛ ցի,
Էշխի մէջըն հիմացի.
Ինձ հուրեան-բիրեան արիր,
Ասում իս, թէ դիմա՛ ցի:

Խիլքըս գըլխէմէս տարիլ իս, լիրթ ու թոքըս զարդ իս արի,
Սիրտըս փուրումըս սպանեցիր, էշխըդ քիզի նարդ իս արի,
Ինձ հուրեան-բիրեան շինեցիր, աջա՞բ դուն էլ դարդ իս արի.
Յիփ քիզ սիրով մէհման անիմ, վի՛ կացի, թէ մարդ իս, ա՛ րի,
Ուրախա՛ ցի, ուրախացրո՛ ւ, չունքի միզ մօդ հուր իս, ա՛խպեր:

Հո՛ ւր իս, սիրով սիրական,
Քիզի ղո՛ ւլուլ պատուական,
Հազար թուրլու կերա՛ կուր,
Սուրբ գի՛ նի անապական:

Համաշա իմ եարի ճանփին կանգնած իմ՝ տալիս իմ դօվա.
Աշխարհքն՝ աշխարհով կշտացաւ, իմ սիրտըն քիզանից սով ա.
Ցըրէ ՛, շա՛ ղ տու վուտիդ տակըն, էշխէդ դառայ հավաջօվա.
Իսկի չի՛ ս գալի, չի՛ ս ասում.«Խիստ իս լալի, Սայաթ-Նովա»:
Չը’լի՞ միտքըդ մոլըրվիլ է, սրտումըդ պըղտուր իս, ա՛խպեր:

Պըղտուր սիրտըդ պա՛ րզ արա,
Բըլբուլի պէս փա՛ րզ արա,
Աստըձուն փա՛ ռք, Քաղքումն իս՝
Դարդըդ Խանին ա՛ րզ արա:

Արզ իմ անում հազարին,
Հա՜ զարբաբին, հազարին,
Սիրտըս եարալու արիր՝
Աչքըս գուլայ հազարին:

Հազարին հազար պիտի,
Էրած սիրտըն ճար պիտի,
Յիս մէ էշխի ջունուն իմ՝
Ինձ մէ դօղրու եար պիտի:

Եարի լիզուն բըլբուլ է,
Դաստամազըն սընբուլ է.
Սայաթ-Նովէն լալիս է,
Մակա՞մ ղարիբ բըլբուլ է:


Էսպէս մուխամմազ բայաթիով, Արութինի ասած:

թարգմանություն
Խոսքերդ լավ ընկալել եմ՝

Խոսքերդ լավ ընկալել եմ՝ անարատ, մաքուր ես, ա՛խպեր,
Ոսկե սափորի մեջ լցրած անմահական ջուր ես, ա՛խպեր,
Խմողն ո՞նց կկշտանա, դու կաթնե աղբյուր ես, ա՛խպեր,
Աշխարհն՝ ծով, դու՝ մեջը նավ, ման կգաս, փրփուր[1] ես, ա՛խպեր,
Վախենամ թե ինձ էլ այրես՝ անհանգչելի հուր ես, ա՛խպեր:

Հուր ես՝ սիրով կրակած,
Խոսք եմ ասում առակաց,
Իմ արծաթաթել ախպեր,
Ոսկեջրով ջնարկած:

Արդյոք մեզնից ի՞նչ ես ուզում, ինչ է ասում քո հմայքդ,
Երբեք չե՛ս գալիս, չե՛ս ասում «Արդյոք ստրուկ, ո՞նց է կյանքդ»,
Աստված վկա, սիրտս այրեց եղնիկի նման ման գալդ,
Ես քեզանից չեմ հեռանա, թեկուզ այլայլվի կերպարդ,
Թեկուզ սիրես, թեկուզ ատես, թեկուզև համբուրես, ա՛խպեր:

Համբուրեմ սիրով համբույր,
Ինչպես խաչին է հավուր,
Ով որ քեզ ծուռ կնայի՝
Դառնա երկու աչքով կույր:

Քեզ մրցավեճ ո՞վ կկանչի՝ հազար տեսակ բառ ես եղել,
Խոսքերդ անգին ադամանդ՝ Հայսմավուրքի ճառ ես եղել,
Հոտդ աշխարհն է զավթել՝ բալասանի ծառ ես եղել,
Չկա քեզ պես սիրո խենթը՝ կրակն ընկած վառ ես եղել,
Շատ մարդկանց քեզ հետ կվառես. էդ լեզվի տեր որ ես ախպեր:

Որ ես ասեմ՝ իմա՛ցիր,
Սիրո մեջն ամրա՛ցիր,
Այրված-խորված արե՛ցիր,
Ասում ես թե դիմա՛ցիր:

Խելքս գլխիցս տարել ես, լյարդ ու թոք ավեր[2] ես արել,
Սիրտս մարմնումս սպանեցիր, սերդ նարդու խաղ ես արել,
Ինձ այրված-խորված շինեցիր, արդո՞ք դու էլ վիշտ ես արել,
Երբ քեզ սիրով հյուրընկալեմ, վե՛ր կաց ու թե մարդ ես՝ ա՛րի
Ուրախացի, ուրախացրու, քանզի մեզ մոտ հյուր ես, ախպեր:

Հյո՛ւր ես սիրով սիրեկան,
Քեզ մեծա՛րանք պատվական,
Հազար տեսակ կերա՛կուր,
Սուրբ գինի անապական:

Մշտապես յարիս ճամփին կանգնած՝ աղողքներս իմ ծով ա,
Աշխարհն՝ աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով ա,
Ցրի՛ր, շա՛ղ տուր ոտքիդ տակին, սիրուց դառա հավաջովա[3],
Բնավ չե՛ս գալիս, չե՛ս ասում. «Խիստ ես լալիս, Սա՛յաթ-Նովա»,
Չլինի՞ միտքդ շեղվել է, մտքումդ պղտոր ես, ա՛խպեր:

Պղտոր սիրտդ պա՛րզ արա,
Հանց սոխակ թևիդ արա,
Աստծուն փա՛ռք, Քաղքում ես՝
Խանին դու աղերս ա՛րա:

Աղերսում եմ հազարին,
Հազարարժեք Հազարին[4],
Սիրտս վիրավոր արիր՝
Աչքս կուլա հա՜ զարին:

Հազարին հազար է պետք[5],
Վառված սրտին ճար է պետք,
Ես մի սիրո խենթուկ եմ՝
Ինձ մի կարգին յար է պետք:

Յարի լեզուն բլբուլ է,
Փարթամ մազը սմբուլ է,
Սայաթ-Նովան լալիս է,
Մի՞թե թշվառ բլբուլ է:


  1. Բնագրի «փրփուրը» հավանաբար թուրքերեն «փըրփըրը» բառն է, որը փողփողացող կարմիր կտոր է նշանակում: Ըստ այդմ՝ տողի իմաստն է. «ման կգաս, ալ առագաստ ես, ախպեր»: Հայերեն փրփուր բառը իմաստազրկում է տողը (Ի.Ս.):
  2. Բնագրի «զարդը» դեղին է նշանակում (լյարդ ու թոքս դեղնացրել ես):
  3. Հավաջովա - դառնահամ դեղաբույս է:
  4. Հազար - ղուրանում Եղիա մարգարեի անունն է, որը իսլամական հավատում ամենաանսպասելի պահին օգնության հասնող սրբի համարում ունի (Ի.Ս.):
  5. Հազարին հազար է պետք - այստեղ՝ սոխակին սոխակ է պետք: