Խ. Երիցյան, «Կաթնատնտեսության գործնական ձեռնարկ»
Խ. ԵՐԻՑՅԱՆ. «ԿԱԹՆԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ»
Հեղինակը նպատակ է դրել կազմել կաթնատնտեսության գործնական և մատչելի մի ձեռնարկ[1], նկատի ունենալով այն, որ մեր լեռնային գավառներում կաթնատնտեսությունը հետզհետե կարևոր տեղ է գրավում, ուրեմն և՝ «գործնական բնույթ ստացած մեր կաթնատնտեսական արդյունաբերությունը կարիք ունի այնպիսի գործնական ձեռնարկի, որը, բացի գործնական ցուցմունքներից, պարունակի նաև գիտական հիմունքներ»։ Եթե նկատի ունենանք այն, որ գիրքը կազմված է «կաթնատնտեսական արտելներում աշխատողների», գյուղացի միջակ գրագետների և, ընդհանրապես, նրանց համար, որոնք, զբաղվելով կաթնատնտեսությամբ, կցանկանային ծանոթանալ «նորագույն կաթնատնտեսության հիմունքների հետ», ապա գրքի հրատարակությունը պիտի համարել ավելի քան ժամանակին։
Շատ մատչելի ձևով բացատրելով կաթի բաղադրությունը հեղինակը մանրամասն կանգ է առնում մեր բոլոր կթան կենդանիների (կով, ոչխար, գոմեշ, այծ) կաթի հատկությունների վրա և ապա անցնում այն պայմանների պարզաբանման, որոնք ազդում են կաթի քանակի և որակի վրա։ Շատ հաջող պիտի համարել գրքի այն գլուխը, ուր հեղինակը պատվիրանների ձևով հրահանգում է գյուղացիներին, թե ի՛նչպես պիտի կովը կթել։
Եթե մեր գյուղը դեռ հետամնաց է, գյուղատնտեսական տեխնիկայի օրինակելի ձևերին անծանոթ, գյուղացու կինը համեմատաբար ավելի հետամնաց է, պապենական սովորույթի փեշից բռնած։ Իսկ մեր այդ «նանիների» ձեոքումն է կովի խնամքն ու կաթը, գյուղացու կինն է, որ ոչ միայն կով է կթում, այլև կաթն է վերամշակում։ Ինչքա՜ն հեռու են «նանին» ու նրա ճաքած դաշտը սեպարատորից և գիտուն կով կթողից։ Հիմա էլ դեռ թքում են կրծի պտուկներին և ապա կթում, չիմանալով որ հենց իրենք են պատճառ դառնում կաթի շաղման։ Հաճախ կարելի է գյուղերում տեսնել, թե ինչպես մեր մուժիկը դագանակով լղար կովի կողքաճաղերին է հարվածում և գանգատվում, որ կովը կաթ չի տալիս։ Բայց վաղուց է ապացուցված, որ «կովի հետ պիտի վարվել չափազանց քնքուշ ու մեղմ, կոշտ ու կոպիտ վերաբերմունքը հակառակ հետևանք է տալիս. կովը կաթը պահում է, էլ չի տալիս» (եր. 25)։
Գրքույկի վերջում զետեղած աղյուսակները հեշտացնում են գրքից օգտվելը, տալով պատրաստի թվեր ջերմաչափերի համեմատությամբ՝ մի ֆունտ կարագը քանի ֆունտ կաթից ստանալու մասին և այլն։
Մատչելի լինելու ցանկությունը պատճառ է դարձել մի քանի անճշտությունների։ Ընդհանրապես, ժողովրդին հասկանալի լեզվով գիրք գրելը և այն էլ գիտական հիմունքներ մեկնաբանող գիրք, դյուրին չէ։ 9-րդ երեսում, որտեղ հեղինակը խոսում է ալբումինի մասին, ասված է. «Երբ որ նոր են սկսում կաթը տաքացնել, կաթի երեսն սկզբում բռնվում է մի բարակ փառով կամ թաղանթով։ Շատերը այդ թաղանթին սեր են ասում, բայց դա իրոք ոչ թե սեր է, այլ մեծ մասամբ կազմված է ալբումինից»։ Անգամ այդ դեպքումն էլ, թեկուզ ալբումին էլ լինի, գյուղացին սեր է ասում։ Բանն այն է, որ հանրածանոթ բառը, որ գիտական հասկացողություն չէ, հակադրվում է կաթի մեջ եղած քիմիական մի միության։
Գրքի պակասներից մեկն էլ վրիպակների շատ լինելն է։ Թեկուզ գիրքը խնամքով է կազմված, բայց այնպիսի խնամքով տպագրված չէ։ Գրքի վերջին թերթը վրիպակներ են, որ պիտի «ուղղել կարդալուց առաջ»։ Մենք այնպես ենք վարժվել այդ վրիպակներին, որ առանց նրանց հայերեն տպած գիրքը օտարոտի է թվում։ Վրիպակներ չպիտի լինեն մանավանդ գյուղացիների ընթերցանության գրքերում։ Նրանք նոր են կարդում, հազիվ են սովորել մտքերն իրար կապել, և մի հասարակ վրիպակը կարող է ամբողջ պարբերությունն անիմաստ դարձնել։
Այս ձեռնարկը ոչ միայն ընթերցանության գիրք է և օժանդակ ուղեցույց մեր կաթնարտելների և գրագետ անասնապահների համար, այլև դասագիրք՝ գյուղատնտեսական ստորին դպրոցների համար, որոնք ամենից շատ կարիք ունեն նման գործնական ձեռնարկների։
- ↑ 1