Իմ ապրած ժամանակի մեջ կան վայրկյաններ, որ, փաստորեն,
ինձ շրջանցել են։ Եվ երբ ես նայում եմ քեզ՝ չգիտեմ, թե
ուր եմ նայում։ Ամեն ինչ երեւում է վերջում, բացի վերջից։
Ծառ,
արի ինձ վառեմ, դու
մի քիչ տաքացիր։
Ընդդիմադիր գծերի հայր Խոան Միրոյի տիեզերական քմծիծաղը
կախվել է երկնքի քիվերից՝ որպես կրակի ստվեր։ Եվ զանգն
ինձ հնչեցնում է։ Մութը ձորերում խիտ է, սարի վրա՝ լույսից մի թեթեւ վախեցած։
Մոմ,
ինձ վառեմ քո առաջ, դու
մի քիչ աղոթիր՝ առ երկինք։
Երբ ես ընկնում եմ, ոչ ոք մեղավոր չէ դրանում, առավել եւս՝ ես։ Հայտնի
ճանապարհները մարդուց դուրս են մնում, որ նա կարողանա հասնել։ (Ինձ
հավերժ անհաս մնացին այն գագաթները, որոնց ես հասա)։
Աղավնի,
դու սպասիր Մասիսի վրա, ես
ձիթենու ճյուղը կտցած՝ թռչեմ քեզ մոտ։
Ծառերն ընթանում են ջրերից արագ։ Լուսաստղն ինքն իրենից
ուշացավ։ Ծաղիկներ վերցրու քեզ հետ, որ ուղին ընթանա անսխալ։ Իսկ
ես ուզում եմ անպայման գնալ մի տեղ, ուր չի կարելի գնալ։
2004թ.