Ծառը բխել է երկնքի կողից,
եւ հավքը երկնի
ճյուղին է կանգնած...
Օրը հյուսվում է, ձեռագործվում է
կտուցով բերվող
շյուղ ու ծեղերով։
Աղբյուրի եզրին դրված բաժակը
դու ծիծաղելով վերցնում-նետում ես,
որ բաժակ-բաժակ, որ մաս-մաս չարվի
ջրիկը լուսո,
որ ակի վրա խոնարհվո՜ղ լինի։
Ծառը վախեցած ոստնում է հանկարծ,
թռչող հավքի հետ երկինքը չափում
թեւերի ցավով՝
սիրով աղջկա, աղբյուրի մասին
գաղտնի մի լեգենդ պահած աչքերում։
Ես այդ լեգենդը
այսօր չեմ բացի,
միմիայն կասե՛մ.
հայրս իր ափով
ջուր է տվել իմ մայրիկին մի օր
(չգիտեմ, գուցե նույն այս աղբյուրից)
եւ ես ծնվել եմ։
Երեւի, հավքն ինձ փորձում է հիշել,
այդ հավքին երբեք ես չեմ մոռանում։