Ծը-կըռռ

Ծը-կըռռ


(Հեքիաթ)



1



Մեր աքլորը փահլևան
Մի իգիթ էր վաղուցվան.
Զավթել էր մի ամբողջ գեղ,
Ման էր գալիս ամեն տեղ:

Մի օր թռավ կտուրը,
Դիտեց իրեն տան դուռը,
Հետո զլեց՝ երկու գազ
Իր ծուղրուղուն անպակաս.

— Ծուղրու—ղո՜ւ...
— Ես վարդերես Աքլարն եմ,
Կուրծքս կլոր արեգակ,
— Ես զարդերես Բեգլարն եմ,
Պոչս եղջյուր լուսնյակ։
— Ծուղրու—ղո՜ւ...
— Թևեր ունեմ խատուտիկ
Ոտներս ուժեղ ու ամուր,
Խթան ունեմ՝ հաստ ու ձի՜գ,
Կտուցս սուր՝
Ոնց որ թուր...
— Ծուղրու-ղո՜ւ...

Ու նա էնպես ծղրտաց՝
Ամբողջ գեղը դղրդաց...

2


Հավն ու ճուտը ցիրուցան՝
էս ձենը որ իմացան՝
— Վա՜հ, վա՜հ,— ասին,— էս ի՞նչ է,
Աշխարհն իրենն է կարծում.
Շատ է սխալ էդ հարցում։
Հա՛ ճչում է,
Հա կանչում,—

Ասող չկա թե հերիք,
էլ ոչ խան կա, ոչ մելիք...
Երկու պառավ
Ալևոր հավ
Ասին իրար.
— Չլինի թե, քա խանո՜ւմ,
Բազեն ճուտեր է տանում,—
Աքլորն ելել է տանիք՝
Փրկելու մեր ընտանիք։
— Կամ չլինի՞ մեծ նանը
Կուտ է փռել դռանը։
Հավաքում է հավերին,
Բռնոտում է լավերին...

3


Հանկարծ կտրից
Հոպլե՜-չոպ,
Աքլորն արավ
Թը-ը՜ռ հոպ...
Հենց ցած թռավ՝
Կչկչաց,—
Թափահարեց թևերը,
Որ նկատեն հավերը,
Թե հայ-հարա՜,
Տեսեք, ես
Կտրից թռա
Ծտի պես...
Թռավ իջավ,
Բակի մեջ,
Ազատ արավ ելևէջ,
Թխսամերը ետևից,
Գնաց-եկավ
Պոչը ցից...
Մեկ էլ էստեղ
Նոր մեկանց
Զլեց ուժեղ
Մի նոր կանչ.—
— Ծուղ-րու—ղո՜ւ...
— Մեզ մոտ էսօր հանդես կա՝
Կտցամարտ է ճուտերի.
Հավախումբը թող տես գա՝
Ինձ մի նվեր
Թող բերի...
— Ծուղ-րու-ղո՜ւ...
Ով որ չգա թամաշի,
Ծանր պատիժ կքաշի:
— Ծուղ-րու-ղո՜ւ...

4


Կտցամարտի հրավերով՝
Բակը լցվեց հավերով,—
Չարաճճի ճուտերը՝
Պար են բռնել մոտները.—
Մեկ վազում են, թռչկոտում,
Մեկ էլ իրար բզկտում,
Իսկ աքլորը ինքնագոհ
Հանկարծ արավ — կղոք-կո-կո՜
— Ձեզ եմ ասում, այ ձագեր,
Ինչ եք դեսուդեն ընկել...
Աքլարիկներ, մարիկներ,
Չալ ու չալտիկ վառիկներ,
Տեսնեմ ինչպես կկռվեք,
Ո՞ր ցուցակում կգրվեք։
Փետրիկը թե՝
— Ա՜յ, էսպես,
Կորակտուց
Արծվի պես։
Շեկլիկը թե՝
— Ա՜յ, էսպես
Ճանկերը սուր
Ցինի պես։
Ձագուկը թե՝
— Ա՜յ, էսպես,
էն քաջ կռվող
Վագրի պես։
Չուչիկը թե՝
— Ճիշտ էնպես,
Ուրուրների
Կռվի պես։
Բեգլարը թե
— Ապրեք, ապրեք, զորանաք,
Խոսքերդ չմոռանաք,
Դե՛, մի կռվե՛ք, տեսնեմ ձեզ,
Ո՞վ է կռվում քաջի պես...

5


Ճուտիկները առաջ եկան,
Առաջ եկան գազազած,
Մեկ՝ մեկ-մեկու վրա ընկան,
Մեկ՝ դիտեցին կզացած...

Փետրիկները ցից-ցից արին,
Գլուխները վար ու վեր,
Կտուց-կտցի դեմը դրին,
Կռիվ տվիկ, անվեհեր...

Իրար թռան ու թռչելիս՝
Հարվածեցին ճանկերով,
Մեկ վար իջան ու իջնելիս՝
Պինդ զարկեցին թևքերով։

Առաջ բերին սուր-սուր խթան,
Հարվածեցին չարաչար,
Արնոտեցին քիթ ու բերան,
Եվ թե՛ միրուք, թե՛ կատար։

6


Նանը տեսավ,
Տեսավ-ասավ.
— Աղջի՜ Մանուշ, դեսը մտիկ,
Ճուտիկները հալալվեցին...
— Ջո՜ւ, ջո՜ւ, ջո՜ւ, ջո՜ւ եկեք կուտ տամ,
Կուտ տամ կերեք, զորացեք,
Ջո՜ւ, ջո ւ, ջո՜ւ, ջո՜ւ եկեք ջուր տամ,
Ջուր խմեցեք, զովացեք։
Փետրիկն ելավ կտուրը՝
Վիզը մեկնեց՝
- Կիկ-լի-կի՜...
Շեկլիկն եկավ տան դուռը՝
Գլուխը տնկեց՝
— Կուկ-լու-կո՜ւ...
Ձագուկն ընկավ պարտեզը՝
էնտեղ կանչեց
— Կղի-կղի-կի՜...
Չուչիկն ելավ մեծ դեզը՝
Դեզից գոչեց
— Ծը-կը՜ռռռ...

Պառակները տնազ արին
Չուչիկ ճուտի կանչոցին,
Ելան ասին մեծ Աքլորին,
Որ անունը ջնջոտի։

Չանցավ երկար ժամանակ,
Մեկ էլ կազմվեց մի բանակ,
Ճուտիկները մեծացան՝
Քաջ Չուչիկի կողմն անցան։

Ու գզեցին մեծ Բեգլարին՝
Միս չթողին լեն կատարին։
Ու նստեցին նրա թառին,
Գետնին թողին հին Աքլարին։