ԾԻԾԱՂԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ


Գարունն այս ինչ-որ ծանոթ է թվում,
Քո աչքերում եմ տեսել երեւի...
Եվ իր պերճությամբ այնպես է թովում,
Սիրտը իմ լցնում հույզով արեւի,
Որ քիչ է մնում խենթանամ, գժվեմ,
Ուրախությունից մի անկյուն քաշվեմ,
Արտասվեմ սրտանց...
Արտասվեմ կորցրած, նորից գտնվող
Իմ գարունների, վարդերի համար:
Արտասվեմ ինչպես երկինք մի պարզվող,
Որ արեւի է արդեն սպասում,
Սրտի մեջ՝ կապույտ լույսի մի սարսուռ...
                Եվ արտասվում եմ,
Սպասում նաեւ.
Թող սիրահարվի աշխարհն էլ ինձ պես,
Եվ հետո փորձի սիրտս հասկանալ...