Իր թերթերը բացում է
հեռուն,
երազը իջնում է այնտեղ։
Հոգիս տալիս եմ
մանուշակներին
եւ քարերը բուրում են։
Ճանապարհը մեկնարկ է
ամեն վայրկյան,
շարունակություն՝ անավարտ։
Ես փնտրում եմ ամենքին,
իսկ լույսը բարդենուն
առաջարկում է երկինք։
Ափիս մեջ կսկծում են
ձեռքի ճաքերը
մաճ բռնած պապիս։
Ծաղիկները աճում են
միայն այնտեղ,
ուր ցավում է սիրտը։
Քեզ մոտ բերող մի քայլս
հազար մղոնով
քեզանից հեռացնում է ինձ։
Ամենաերկար տարածությունը
թեւից սիրտն է՝
երբ թռիչքի մեջ չէ աղավնին։
Իր թեւերը բացում է
մի ծաղիկ,
եւ հեռուն դառնում է ծննդավայր։