40. ԾՆՈՂԱՍԵՐ ՏՂԵՆ

Ժամանակով մի բազրկյան ա ըլնում. դրան ունենում ա էրկու տղա, մեկը պսակված, մեկը աղափ. պսակվածը էրեխու տեր։ Պսակվածը առըտուր էր անում, պուճուրը հողագործություն էր անում:

Էկավ՝ որ էն մենծը, իրիկունը հացի իրա նստած վախտը, ասեց.— Ես պտի բաժանվեմ:

Պուճար աղպերն ասեց.— Ա՛յ աղպեր, խի՞ ես բաժանվում, պսակվածը՝ դու, էրեխու տերը՝ դու, ինձ զադ չունեմ,— ասեց,— որ ես չեմ ուզում բաժանվեմ, դու խի՞ ես բաժանվում: Դու տենո՞ւմ ես, որ ես էս աչքիցը էն աչքը քեզ չեմ փոխում, էն տեսա՜կ քեզ ղուլլուղ եմ անում. քարից քցում ես՝ էթում եմ, քոլից քցում ես՝ էթում եմ, ո՛ր ասես՝ գնա՛ ջուրն ընկի՝ կէթամ, դու խի՞ ես բաժանվում ինձանից:

Մենծն ասեց.— Չէ՛, պտի բաժանվեմ:

Պուճուրն ասեց.— Ես առաջինը ասում եմ՝ մի բաժանվի, եբոր բաժանվում ես, թագավորի բարեբար մեզ ապրանք ունենք, էդ ապրանքը մի յան, մեր հերը մի յան. ուզում ես՝ հերը վե կալ, ապրանքիցը զրկվի, ուզում ես՝ ապրանքը վե կալ՝ հորից զրկվի, զաթի մեզ մեր չունենք, էս մի հերն ա: Քեզ իրեք օր ժամանակ, մտածա՛, որը կուզես՝ էն արա:

Մենծ տղեն սկսեց մտածիլ. ասեց.— Թե ապրանքը թողամ, հորս վերնե՜մ՝ ես էրեխատեր եմ, չեմ կարա ապրի, լավն էն ա թողամ հորս՝ վերնեմ ապրանքը։

Էկավ իրեք օրը թամմեց, պուճուր աղպերն ասեց մենծ աղպորը.– Ա՛սա տենանք ի՞նչ ես ասում։

Աղպերն ասեց.— Ես ապրանքը վե կունեմ։

— Է՜հ,— ասեց,— որ ապրանքը վե կունես, հերն էլ իմն ա։ Քու չոփն ինձ պետքը չի։

Գշերը քնեց, առավոտը վե կացավ, հորը վե կալավ՝ գնաց։

Գնացին, շատ ու քիչն աստոծ գիտա, հասան Ըստամբոլ քաղաքը։ Գնաց մի պուճուր օթախ բռնեց, նստեցին ըտեղ։

Քնեցին գշերը ըտեղ, լիսը բացվեց, ասեց.— Ա՛յ հեր, ես էթում եմ բազար բանելու։— Գնաց ֆահլեքանց մեջը կաննեց. եթմիշ իքի[1] միլլեթ կար էդ ֆահլեքանց մեջը, բիրադի բռնվեցին, գնացին բանելու, էդ տղին մի մարդ չհարցրեց, թե. «Ի՞նչ տղա ես, յա ի՞նչ ես ուզում»: Ձեռները դրել էր ծոցը, կաննել էր: Էն յանիցը մի Կարմիր ձիավոր էկավ, տեհավ էդ տղեն ըտեղ կաննած։

Ասեց.— Տղա՛, ի՞նչ տղա ես։

Ասեց.— Ղարիբ տղա եմ։

Ասեց.— Ի՞նչ ունես ըստեղ։

Ասեց.— Մի հեր։

— Բա ըստեղ ի՞նչ ես անում,– ասեց։

Ասեց.— Էկել եմ էթամ բանելու։

— Բա խի՞ չգնացիր բանելու,— ասեց։

Ասեց.— Ի՞նչ անեմ, ա՛ղա ջան, եթմիշ իքի միլլեթ կար, բիրադի բռնվեցին գնացին, ինձ մեկը չհարցրեց, թե. «Ա՛յ տղա, որդիա՞նցի ես»։

Ձիավորն ասեց.— Արի՛, էթանք ինձ մոտ բանի։

Տղեն ընկավ ձիու քամակը,– գնաց։ Գնաց հասավ մի բանձր ամարաթների, ձիուցը վեր էկավ, տղեն ձին տարավ նեքսև կապեց։

— Դե՛հ,— ասեց,— ա՛յ տղա՝, արի էթանք վիրև։

Տղեն բանձրացավ վիրև, տեհավ, որ մի սուփրա փռած ա, աստծու մի հոգին միջին դրած[2]։

Ասեց.— Ա՛յ տղա, արի իմ կողքին նստի:

Տղեն գնաց էդ մարդի կողքին նստեց, մինչանք իրիկուն կերան, խմեցին։ Իրիկվա ժամերը տվեց։

— Դե՛հ,— ասեց,— ա՛յ որդի, վե կաց գնա՛:

Հանեց ջիբիցը մանեթ, տվեց Էդ տղին, ասեց.— Դե՛ էս էլ տար հորդ հմար բան ու ման կառնես, հերդ սոված կըլնի, համա,— ասեց,— էգուց առավոտ էլ ուրիշ տեղ չես էթա, կգաս դո՛ւզ ըստեղ։

Տղեն շնորհակալ էլավ էդ մարդիցը, դուս էկավ գնաց։ Գնաց բազար, տաս շահուն բանըման առավ հոր հմար, տարավ տուն։

Հերը հարցրեց.— Ա՛յ որդի, ըսօր ի՞նչ իր անում։

Ասեց.— Ա՛փի ջան, գնացի բազար, ինչքան ֆահլա կար՝ բռնեցին տարան, ինձ մի մարդ չհարցրեց, թե. «Ո՞րդիանցի ես»։ Էկավ ճաշ դառավ, մի Կարմիր ձիավոր էն յանիցն էկավ, ասեց. «Ա՛յ տղա, ո՞րդիանցի ես», ասեցի. «Ղարիբ տղա եմ»։ Ասեց. «Ըստեղ էլ ի՞նչ ունես», ասեցի. «Ես եմ, մի հեր»։ «Դե,— ասեց,— ա՛րի, էթանք ինձ հետ, ինչ որ կասեմ, էն արա»։ Գնացի էդ Ձիավորի քամակիցը, գնացինք հասանք մի բանձր ամարաթների, դարվաղի դռները բացվեց, մտանք ներսև, ձին տարա կապեցի, նիլլանք վիրև, տեհա, որ մի սուփրա փռած՝ աստծու մի հոգին միջին կար։ «Դե,— ասեց,— ա՛յ տղա, արի նստի կողքիս»։ Նստեցի կողքին, մինչև հմի կերանք, խմեցինք, մի մանեթ էլ փող տվեց ինձ, ասեց. «Ա՛ռ էս էլ կտանես՝ քու հոր հմար բան կառնես»։ Շնորհակալություն արի, դուս էկա, ինձ ասեց, թե. «Առավոտը էլի կգաս ըստեղ»։—Հորն ասեց.— Ա՛յ հեր, ամանչում եմ, չե՛մ էթա։

Քնեցին. լիսը բացվեց, տղեն վե կացավ էլի գնաց բազար։ Էլի սաղ ֆահլեքը բռնվեցին, գնացին, էդ տղեն մնաց կաննած։

Տեհավ, որ էն յանիցը էն Ձիավորը էլի եկավ, ասեց.— Ա՛յ տղա, քեզ էրեկ չասեցի՞, թե կգաս իմ մոտը։

Ասեց.— Ա՛ղա, քեղանից պահեմ, ասսանից չեմ կարա պահի, ամանչեցի՝ չէկա։

— Դե՛,– ասեց,— ընկի աղաք, է՛թանք։

Տղեն ընկավ աղաք, գնացին էլի էն ամարաթները, ձիուցը վեր էկավ, ձին տարավ կապեց, գնացին վիրև, տեհավ էլի էն սուփրեն փռած, աստծու մի հոգին միջին դրած, կերան խմեցին մինչև իրիկվա ժամերի վախտը։

Ժամերը որ տվին, էդ մարդն ասեց.— Ա՛յ տղա, դե վե կաց, գնա՛։

Հանեց մի մանեթ, տվեց էդ աղին, ասեց.— Էս էլ քու հոր հմար բանըման կառնես։ Առավոտը էլի կգաս ըստեղ:

Տղեն շնորհակալություն ա անում, էթում ա։ Էթում ա բազար, էլի իրա հոր հմար բանըման ա առնում, տանում ա տուն, տալիս ա հորը։

Հերը ասում ա.— Ըսօր որտեղ ի՞ր։

Ասեց.– Էլի էն Ձիավորը էկավ տարավ, էլի կերա, խմեցի, մինչանք ժամերը տվեց, ասեց. «Դե վե կաց գնա՛, հանեց մի մանեթ տվեց, ասեց. «Էս էլ կտանես հորդ հմար բան կառնես»։ Եդով ասեց. «Էգուց առավոտ էլի կգաս ըստեղ»։

Պառկեցին, քնեցին։ Լիսը բացվեց, տղեն վե կացավ, լվացվեց, աստված կանչեց ու գնաց։ Գնաց դո՛ւզ էդ ամարաթները։ Գնաց նիլլավ վիրև, տեհավ էն տղեն նստած սուփրի վրա, էդ տղի ճամփեն էր պահում։

Ասեց.— Ա՛յ տղա, խի՞ եդացար ըսքան։ Դե, արի՛, նստի կողքիս։

Տղեն նստեց կողքին, կերան խմեցին, մինչև իրիկվա ժամերը տալը։ Ժամերը տվեց։

— Ա՛յ տղա,— ասեց,— դե վե կաց, գնա՛։

Տղեն վե կացավ տեղիցը՝ էդ մարդը հանեց ջիբիցը մի հատ մենծ նուռ, ասեց.— Ա՜յ որդի, ա՛ռ, է՛ս ա, ըստուց դենը դու գիտաս։

Տղեն առավ նուռը, շնորհակալություն արեց էդ մարդիցն ու գնաց։

Ճամփին ասեց.— Ջանը՜մ,— ասեց,— հըլա էն էրկու օրը օրական մի մանեթ տալիս էր, իմ հոր հմար բանըման ի առնում, ըսօր էս մի նուռը տվեց, ես ի՞նչ անեմ։

Գնաց տուն, նուռը դրեց հոր աղաքը, ասեց.— Ա՛յ հեր, էս ա տվե ըսօր էլ։

Հերը նուռը տեհավ, խելքը գլխիցը թռավ, ճանանչեց, թե ինչ նուռ ա, ասեց.— Փա՛ռք քեզ, աստվա՛ծ, քու ստեղծած հոգին չես կորցնում դու։

Նուռը կտրեց հերը, տեհավ, որ մեջը սաղ թանկագին քարեր։

— Դե՛,– ասեց,— ա՛յ որդի, քնի՛, առավոտը վե կենանք, տանենք մի քարը ծախենք։

Քնեցին. լիսը բացվեց, վե կացան, հերը մի քար տվեց տղին, ասեց.— Կտանես ֆլա՛ն սառաֆին, դրա գինը օխտը քիսա ոսկի ա, կտա՝ կբերես։

Տղեն տարավ տվեց, օխտը քիստ ոսկին առավ, էկավ տուն։ Հերը համբրեց, տեհավ վերջի քիսումը էն քարը դուս էկավ, ասեց.— Ա՛յ որդի, էս ի՞նչ էս արե, խի՞ էս գողացե, բերե քարը։

Տղեն երդում կերավ, որ չի գողացե։ Էգսի օրն էլ տարավ էլի էն քարը, էլի օխտը քիսա ոսկին բերեց, հերը համբրեց, էլի էն քարը միջից դուս էկավ։

Հերն ասեց.— Ա՛յ որդի, էս չէլավ, դու գողություն ես սովորե։

Տղեն էլի երդում կերավ, թե՝ «Ես խաբար չեմ», չհավատաց։

Էգսի օրը ասեց.— Ա՛յ հեր, դու տա՛ր։

Հերը վե կալավ տարավ էլի էն քարը, տվեց սառաֆին, օխտը քիսա ոսկին առավ, էկավ տուն։

Տղեն ասեց.— Ա՛յ հեր, դե բե համբրե՛նք։

Համբրեցին, էլի վերջի քիսումը քարը դուս էկավ։

Տղեն ասեց.— Ա՛յ հեր, ես հըլա ջահել ի, թամահություն ունեի, դու հալիվոր մարդ, դու խի՞ գողացար բերեցիր քարը։

Հերը երդում կերավ, ասեց.— Ա՛յ որդի, աստվա՜ծ, երկի՜նք, գետի՜նք, ես չեմ գողացե։

Տղեն ասեց.— Բա՛ որ ես քեզ ասում ի՜, բա դու խի՞ չիր հավատում ինձ։

Ըդրանով ընքան ոսկի դիզեցին, չափ ու սահմանը կորավ։

Տղեն վե կալավ հորն ասեց.— Ա՛յ հեր, գնա թագավորի կուշտը, քաղաքից դրսև մի ամայի տեղ առ, ընտեղ մեզ հմար շինենք քարվանսըրա, դուքաններ, բախչա, տներ, էթանք ընտեղ ապրենք, առըտուր անենք։

Հերը գնաց առավ գետինը, ֆահլա, ուստա բռնեցին, քարվանսըրեն, տները շինեցին, բաղ ու բախչա քցեցին։

Քաշվեցին էդ տները, տղեն գնաց ամեն տեսակ ապրանքներ առավ, դուքանները լցրեց, պրիկաշչիկներ բռնեց, ասեց.— Ինչ որ ուզում եք՝ ամսական տամ, թաքիլան իմ ապրանքի մեջ հարամություն չըլնի։

Ըդոնք էլ խոստացան: Ըսկըսեցին առըտուր անիլ։ Ապրանքը ինչ գնով որ առել էր, մի շահի պակասի ծախում էր. էկավ որ էդ սաղ քաղաքը անցկացավ էդ տղի դիհը առըտուրի։ Քաղաքի առըտուրականները հավաքվեցին, գնացին թագավորի կուշտը, ասեցին, թե․— Մի մարդ ա էկե, մեր սաղ քաղաքի առըտուրը փակել ա։

Թագավորը ասեց էդ մարդկանցը, թե.— Էդ մարդը զոռով հո չի՞ տանում։

Ասեցին.— Չէ՚, ժողովուրդը իրանք են էթում:

Թագավորն ասեց.— Ես իրավունք չունեմ էդ բանի վրա խոսալու, ապրանքն ինչ գնով որ առնում ա, մի շահի պակասով ծախում ա, ես էլ ըլնեմ՝ կէթամ։

Ըդոնք թողացին գնացին։ Էդ վաճառականի անունը հրատարակվեց երկրի մեջ։ Օրվա մի օրը թագավորը մարդ ղրկեց էդ ղարիբ առըտուրականին կանչեց իրա տունը հացի։ Էդ մարդը վե կացավ գնաց։

Էդ տղեն որ դռնից մտավ՝ թագավորի խելքը գլխիցը թռավ.— Հե՜յ վա՜խ,— ասեց,— ըսենց էլ տղա կըլնի աշխարքի էրեսին, քաշկա[3] սա իմ աղջիկն ուզեր, տայի սրան։

Նստեցին, հաց կերան, խմեցին, վերջը թագավորն ասեց էդ տղին.— Ա՛յ տղա,— ասեց,— ես քեզ շատ եմ սիրում, արի՛, ես եմ՝ մի աղջիկ, տամ քեզ, իմ թագավորությունն էլ տամ քեզ, կաց ըստեղ։

Տղեն ասեց.— Թագա՛վոր, ինձ վրա ես ծիծաղո՞ւմ։

Թագավորն ասեց.— Դրուստ եմ ասում, տալիս եմ։

Տղեն վե կալավ ասեց.— Որ դրուստ ես ասում, յավաշ էթամ իմ հոր միտքն էլ իմանամ, էգուց քեզ պատասխան կտամ։

Տղեն գնաց հոր կուշտը, ասեց թագավորի ասածները, հերն ասեց.— Ա՛յ որդի, մեզ վրա ա ծիծաղացե։

Տղեն ասեց.— Չէ՛, խոսք ա տվե։

Հերն ասեց.— Ո՛ր խոսք ա տվե՝ դե գնա ա՛ռ։

Էգսի օրը տղեն գնաց թագավորի մոտ, գլուխ տվեց, կաննեց:

Թագավորն ասեց.— Ա՛րի նստի, տենամ հերդ ի՞նչ ասեց։

Գնաց նստեց թագավորի կշտին, ասեց.— Հերս հոժար ա։

— Որ ըդենց ա,— ասեց թագավորը, տերտերներ կանչեք, նշան դնենք։

Ղրկեցին տղի հորը կանչեցին. տղեն ասեց.— Ես քու աղջիկդ կառնեմ էն պայմանով, որ ես պտի բաց անեմ աղքատանոց, հիվանդանոց, ճաշարան, փուռ, ուսումնարան, դուք չհակառակեք։

Թագավորն ասեց.— Շատ ուրախ եմ ես էդ բանին:

Տերտերներն էկան, նշանն օրշնեցին, մնաց մի քանի օր, հարսանիքն արեցին, օխտն օր, օխտը գշեր կերան խմեցին, դրանց պսակեցին:

Մի ժամանակ անցկացավ, էդ տղեն սկսեց շինիլ փուռ, հիվանդանոց, ճաշարան, աղքատանոց, ուսումնարան, ամեքը իրա կարգին:

Մի ժամանակ էլ անցկացավ թագավորը ծերացավ, թախտիցը վեր էկավ, փեսին օծեց թագավոր՝ դրեց թախտը:

Էդ տղի սովորությունը ի՛նչ էր՝ ամեն օր կէթար էդ հիվանդանոցը, ճաշարանը, աղքատանոցը, ման կգար, կթողար կգար։

Գանք սալըղը տանք մենծ աղպորիցը։

Մենծ աղպերը ահագին կարողությունը կերավ, բիրադի փչացրեց, մնաց օրեն հացի կարոտ, վերջը հագին շոր էլ չուներ հագնելու, մի ջվալ ծակել էր՝ քցել էր շլինքը։

Իմացավ, որ Ըստամբոլումը թագավորը անփող հաց ա բաժանում, կիրակուր ա բաժանում, շոր ա տալի, ասեց.— Ա՛յ կնիկ, դու հնարքով էրեխեքանցը պահա, ես էթամ ընտեղ տենամ, մի կուշտ փորով հաց էլ կուտեմ, կկշտանամ, գործ էլ կըլնի, փող կաշխատեմ, կղրկեմ, դուք կուտեք։

Թողաց էրեխանցը սոված տանը, ինքը վեր կացավ գնաց։

Շատ էր գնացե, թե քիչ, աստված գիտար, հասավ Ըստամբոլ. մանղալոն, մանդալոն է՛ս դիհը, է՛ն դիհը, հարց ու փորձ անելով գտավ էդ աղքատանոցը, գնաց կաննեց դռան աղաքին: Շորերը շատ հին էր, ամանչում էր, որ նեքսև մտներ, համա էդ վախտը թագավորը ընտեղ էր, հեռվան թամաշ արեց տեհավ, որ դռան աղաքին մի մարդ կա կաննած, շատ թամաշ արեց, տեհավ որ իրա մենծ աղպերն ա:

— Հե՜յ վախ,— ասեց,— աչքերս քոռանա, էս ի՞նչ օրն ա ընկե իմ աղպերը։

Թագավորը մոտացավ ըդրան, դա թողաց փախավ. մարդկերանց ասեց.— Գնացեք բռնե՛ք դրան։

Գնացին բռնեցին դրան, բերին թագավորի կուշտը։

Թագավորն ասեց.— Ա՛յ մարդ, խի՞ իր փախնում։

Ասեց.— Բա ի՞նչ անեմ, քեզ տեհա ընտեղ, ամանչեցի, թողացի, փախա:

Ասեց.— Դե տարեք սրան քցեք, իմ օթախի կողքին մի օթախ կա, ընտեղ։ Ինչ որ ես ուտում եմ, էն կիրակրներիցը տվեք ըդրան, թող ուտի։

Թագավորը ման էկավ, ինչքան տեղեր ուներ, եդ դառավ գնաց իրա ամարաթները։

Առանց հաց ուտիլ գնաց աղպոր մոտն, ասեց.— Բարո՛վ քեզ, ա՚յ մարդ։

Վե կացավ կաննեց, գլուխ տվեց, թագավորի բարևն առավ։

— Ա՛յ մարդ,— ասեց,— ի՜նձ ճանանչում ե՞ս,— ասում ա, համա մի դհիցն էլ լալիս ա, մի դհիցն էլ թաքուն արտասունքն ա սրբում, որ աղպերը չտենա։

Էդ տղեն ասեց.— Թագավորն ապրած կենա, ես ի՞նչ ճանանչեմ քեզ, դու մի թագավոր, ես մի աղքատ մարդ։

— Բա դու ո՞ր երկրիցն ես,— ասեց։

— Է՜հ,— ասեց,— Էրևանու դըհիցն եմ։

— Բա քեզ ինչ ունես, ի՞նչ չունես ըսկի։

— Թագա՛վորը սաղ ըլնի, ինձ բան մի հարցնի, իմ դարդը շատ ա,— ասեց։— Ես էլ մի թագավորի բարեբար մարդ ի, ունեի հեր, ունեի աղպեր, էկավ որ օրվա մեկ օրը սատանեն մտավ իմ սիրտը, ասեցի. «Աղպե՛ր, ես պտի բաժանվեմ»։ Աղպերս ինձ ասեց. «Աղպեր ջա՛ն, խի՞ ես բաժանվում, խի՞ ես մեր հալալ հացը հարամում»։ Նա շատ ասեց, ես քիչ լսեցի. անկաջ չարի ես իմ աղպորը, ասեցի. «Պտի բաժանվեմ»։ Աղպերս ասեց. «Շա՛տ լավ, բաժանվում ես՝ բաժանվի,— ասեց,— մեր հերը մի յան, մեր ապրանքը մի յան. ուզում ես՝ հերը վեկալ, ապրանքից զրկվի, ուզում ես՝ ապրանքը վեկալ, հորից զրկվի, իրեք օր քեզ ժամանակ»։ Ես ապրանքը վե կալա, պուճուր աղպերս հորս վե կալավ գնաց։ Էլ չեմ գիտա ո՞ւր են գնացե, ուր չեն գնացե, իմ աչքերը քոռանա։ Ընդոնք ոնները տանից քաշեցին, ձախորդությունը ինձ վրա տվեց, հմի ընկել եմ էս օրը. էրեխեքս սոված տանն եմ թողե, էկել եմ ըստեղ։

— Ա՛յ տղա,— ասեց,— բա դու ինձ չե՞ս ճանանչում։

Ասեց.— Չէ՛, ընքան սոված եմ մնացե, որ աչքերիս լիս չի մնացե, որ ճանանչեմ։

Թագավորն ասեց.— Աչքերդ քոռանա՛, ես քու պուճուր աղպերն եմ։

Հենց որ ասեց. «Քու պուճուր աղպերն եմ», աղպերը լաց էլավ, ընկավ թագավորի ոնները։

— Ա՛ղպեր,— ասեց,— վիրև՝ աստված, ներքև՝ դու, ես արել եմ, դու մի՛ անի։

Ասեց.— Մի՛ վախի, աղպեր ջա՛ն, մի՛ վախի, էլի դու ինձ մենծ աղպեր, ես քեզ պուճուր աղպեր։ Էն վախտը ոնց որ քեզ ղուլլուղ ի անում, էլի ընենց քեզ ղուլլուղ կանեմ։

Կանչիլ տվեց դերձիկ, ասեց.— Մինչև իրիկուն մի ձեռք լավ թագավորական շորեր կկարեք։— Ոննման կարիլ տվեց, իրիկունը ամեն բան հազրեցին, վե կալան բերին տվին թագավորին։ Թագավորը վե կալավ աղպորը ղրկեց համամ[4], լավ լեղացնիլ տվեց, շորը քամակիցը ղրկեց, հագցրին աղպորը, վե կալան բերին ամարաթը։

Ասեց.— Աղպեր ջա՛ն, ըստուց դենը թագավորությունը քեզ արժանի ըլնի, ես էգուց վե կենամ էթամ իմ հարսին բերեմ, էրեխանցը բերեմ, ըստեղ ապրենք իրար հետ։

Հարսի հմար շորեր կարիլ տվեց, էգսի օրը զորք վե կալավ, գնաց: Գնաց հասավ իրանց քաղաքը, իրանց դուռը ծեծեց, տեհավ, որ հրես հարսն էկավ, հագին շոր չկա, մի կտոր շոր աղաքին ա կապած, մի կտոր շոր քամակին ա կապած։

— Հե՜յ վա՜ խ,— ասեց,— աչքերս քոռանար, ըսենց չտենայի իմ հարսին։

Հարսն էկավ դռան մոտը կաննեց, ասեց.— Ո՞ վ ես։

Ասեց.— Դուռը բաց արա՛, հարսի՛, դուռը բաց արա, ես եմ։

Հարսը դուռը բաց արեց ուսուլով, տեհավ, որ մի թագավորի պես մարդ, ամոթու փախավ մտավ դռան քամակը։

Տեգրը մտավ նեքսև, ասեց.— Հա՛րսի, ես քու տեգրն եմ, ա՛ռ էս շորերը, տար դու էլ հագի, էրեխանցն էլ հագցըրա։

Հարսը տարավ շորերը, էրեխանցն էլ հագցըրեց, ինքն էլ հագավ, էկավ դուռը բաց արեց, զորքերը նեքսև լցվեցին։

Գշերը մնացին ընտեղ, առավոտը լիսը բացվեց, կանչեց ինձ[5] պես մի աղքատ մարդի, ասեց.— Էս տները քեզ ըլնի, մեզ պետքը չի:

Վե կալավ հարսին, էրեխանցը ու գնաց։ Գնացին հասան Ըստամբոլ, գնաց իրա ամարաթները, կանչեց իրա հորը, կանչեց իրա աներ թագավորին, ասեց.— Ա՛յ հեր, ա՛յ թագավոր, մինչև հմի թագավորը ես ի, ըստուց դենը թագավորությունը տալիս եմ իմ մենծ աղպորը։

Ասեցին.— Դո՛ւ գիտաս, մենք չենք խառնվի։

Աղպերը բերեց մենծ աղպորն էլ, կնկանն էլ օծեց թագավոր, ու դրեց թախտը։ Կերան, խմեցին, կյանք վայելեցին մինչև իրանց մեռնիլը։

Ընդոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անկաջ դնողին։

  1. Յոթանասուներկու (Ծ. Բ.):
  2. Ամեն բան կար մեջը (Ծ. Բ.)։
  3. Երանի թե (Ծ. Բ.):
  4. Բաղնիք (Ծ. Բ.):
  5. Բանասացի հավելումն է, նկատի ունի իր անձնավորությունը (Ծ. Կ.)։