Ծովարքայի աղջիկը
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Ծովարքայի աղջիկը
Արքայորդին ծովի ջըրում նըժույգ-ձին է լողացնում,
«Արքայորդի՛, նայի՛ր վերաս» — հանկարծ մի ձայն է լըսում։
Փընչում է ձին, ականջ սրում, գանգուր բաշը շարժելով,
Հառաջ լողում, ծովը ճեղքում, ջըրի ցոլքեր շաղ տալով։
Եվ նույն ձայնն է նորից հասնում արքայորդու ականջին.
«Ծովարքայի աղջի՜կն եմ ես, գիշհրն անցնե՜նք միասին»։
Ահա մի ձեռք, սիրուն մի ձեռք ջըրի միջից երևաց,
Եվ ճըգնում է բռնել փունջը՝ մետաքս-սանձից կախ ընկած.
Հետո սիրուն մի գըլխիկ է ելնում խաղուն ջրերից,
Ծովի խոտն է խըճըճվելով՝ կըպչում երկայն մազերից։
Սեր է վառվում, սեր է փայլում կուսի կապույտ աչերում,
Պարանոցին, մարգարտի պես, կաթիլներ են շողշողում։
«Օ՜, սպասի՛ր, քեզ ցույց կտամ» արքայորդին մտածեց,
Եվ շուտափույթ ձեռքը տարավ, ծամին հասավ ու բըռնեց։
Բըռնե՜ց ամուր։ Զորեղ ձեռքը ո՛չ դող գիտե, ո՛չ ցնցում…
Իսկ խեղճ գերին և՛ դողում է, և՛ աղերսում, և՛ լացում։
Անահ հերոսն առաջ լողաց, լողաց ծովափ դուրս ելավ,
Ելավ ցամաք, և խրոխտագին ընկերներին ձայն տվավ։
«Եկե՛ք, եկե՛ք, քա՛ջ ընկերներ, որս եմ բըռնել ես ծովում,
Նայե՛ք, տեսե՛ք, ինչպե՜ս խեղճը թըպըրտում է ու դողում։
Հը՛, ի՞նչ եղավ, ի՜նչ եք կանգնել այդպես սառած ու ապշած,
Մի՞թե այդպես գեղեցկություն ձեր կյանքում հեչ չե՛ք տեսած»։
Ու ետ նայեց արքայորդին և, ի՛նչ տեսնի տե՛ր աստված.
Աչքը մըթնեց, տեղնուտեղը ի՞նքն էլ մնաց քար կըտրած։
Տեսավ — փայլուն, ոսկեավազ ծովեզերքին տարածված՝
Կանաչ պոչով մի չըտեսնված ծովի հըրեշ է ընկած.
Պոչն է պատած օձամաշկով։ Եվ հրեշը փորսողում,
Ամբողջ մարմնով թալկանում է, և՛ գալարվում, և՛ դողում.
Եվ ճակատից, որպես աղբյուր, փըրփուր, քըրտինք է վազում.
Մահու խավար դեմքը պատում, աչքի լույսը նվազում.
Եվ դողդոջուն, գունատ ձեռքերն թույլ բըռնում են ավազից,
Մութ, անորոշ նախատինք է լըտխւմ նորա շըրթունքից։
Տուն է դառնում արքայորդին լո՜ւռ, մըտախո՜հ ու փոշմա՜ն…
Դեռ շա՜տ ու շա՜տ նա կը հիշե ծովարքայի աղջկան։