Ծտի բաղնիք

Ծտի բաղնիք



(Պստիկ պոեմ)



Կար մի ծառ,
Ծառի տակ մի լճակ,—
Մի պուճուր պղտոր ջուր,—
Գոյացել էր անձրևից,
Գոյացել էր արևից։
Ծտերն ամեն էս որ տեսան՝
Թռվռալեն եկան-հասան.
Նստոտեցին ծառի վրա,
Ծլվլացին շուրջը նրա.—
— Ծի՜վ-ծի՜վ, ծտի ծիվ...
Եկանք մի լավ լողանանք,
Բաղնիս անենք, հովանանք,
Հետո ուրախ-զվարթուն՝
Թռչենք-գնանք պապոնց տուն։

2


Ու էսպես, ապա տես,
էնքան եկան՝
էլ տեղ չկար ծառի ճյուղին,
Ոչ էլ թիվ կար ծիտ-ճնճուղին:
Մի քիչ հետո՝ տեսնես մեկ էլ՝
Նստած տեղից ցած են եկել,
Ու լցվել են ողջ խճուղին,
էլ ծիտ չկա ծառի ճյուղին։

— Ծի՜վ-ծի՜վ...
Ու մի ծիտիկ,
Հլա դու սրան մտիկ,—
Թռավ եկավ,
Լճակն ընկավ,–
Ափին մոտիկ դես-դեն շրջեց,
Փոր ու տոտիկ մի լավ թրջեց.
Կտցով մեջքին ջուր ածավ,
Փետուր ու թև լվացավ,
Ապա քաջ-քաջ գնաց առաջ,
Ջրի խորքում պոչը ցցեց,
Քիչ էլ իրեն առաջ գցեց,
Լավ լողացավ.
Որ հովացավ,
Մեկ էլ հանկարծ դուրս թռավ,
Մոտիկ եղած ծառն ելավ,—
Ելավ, նստեց վերևին,
Կողերն արեց արևին։
Հենց որ սրան նկատեցին ծիտիկները,
Աջ ու ձախից վեր տնկեցին ճտիկները.—
Տեղներիցը հոպլե՜, թռան,
Եկան խմբով ջուրը դառան,–
Արագ-արագ սող տվին,
Ետ ու առաջ լող տվին,
Թևերն արձակ բաց արին,
Թևերի տակ թաց արին.
Ապա խմբով ջրի մեջ՝
Արին ազատ ելևէջ,
Ցրցամ տվին մեկ-մեկու,
Մեկ-մեկ և կամ երկ-երկու,
Մի ափիցը մյուսն անցան,
Մեկ էլ նորից ետ դարձան,
Իրար կողքի կռացան,
Գլուխները լվացան.
Երբ հովացան, զովացան,
Ջրիցն ելան, հեռացան։

Եկան ծառին նստեցին՝
Ծլվլացին, ճչացին,
Մեկ-մեկու կողք բստեցին,
Ծտավարի խոսեցին.—
Ճիվին ասավ չիվիկին.
— Բադնիսդ անուշ, քա՜, խանում,
Քիթդ ի՞նչ ես կախ անում,
Թե մրսած ես երևում,
Գնա՛-նստի արևում։
Չիվին ասավ Ճիվիկին.
— Քիչ էր մնում խեղդվեի՝
Ընկա էնպես խորը տեղ,
Թե որ դուրս չնետվեի՝
Կորած էի ես անմեդ։
Թևիկն ասավ Չիվիկին.
— Ի՞նչ էս ասում, այ մարիկ,
Բաղնիսում մարդ կխեղդվի՜...
Բաղնիսն է մի մեծ բարիք,
Որից ծիտն էլ կօգտվի...
Սևուկն ասավ թևիկին.
— Համա ի՛նչ լավ լողացա՛նք...
էն ահագին լիճն անցանք
Սագն ու բադը մեզ նման
Իսկի կարա՞ն լողանան։
Թևիկն ասավ սևուկին.
— Շատ մի՛ փքվի, բարեկամ,
Քեզ էլ տեսանք էս անգամ,—
Ա՜յ մեծամիտ ծտի պինչ.
Ծիտն ի՞նչ է, իր լողալն ինչ...

էսպես ասին ու միասին
Թևին տվին,
Իրար անցան ու հեռացան...
էն մենավոր ծառի տակ
Լիճը մնաց դար-դատարկ։