Կաղապար:Ամսվա տեքստը/Մարտ 2016
Կովել քաղաքի կայարանում մեր վագոնը լցվեց հրեաներով: Եղանակն անձրևային էր, անախորժ, մինչև անգամ ցուրտ, թեև օգոստոսը դեռ չէր վերջացել։ Բոլոր ճանապարհորդները թրջված էին, բոլորի իրեղենները՝ ցեխոտված, որովհետև կայարանն անկարգ էր, իսկ պլատֆորմը ծածկոց չուներ։
Սկսվեց այնպիսի իրարանցում, որի նմանը չէինք տեսել Թիֆլիսից մինչև Լեհաստան, անցնելով Կովկասի վառվռուն տարրերի միջով։ Առաջին պահ չէինք լսում ոչ միայն մեքենայի խուլ թնդյունը և կառքերի ձանձրալի դղրդյունը, այլև իրարու ձայնը։ Ներս խուժելով, հրեաները կատվի արագությամբ իրենց բազմաթիվ կապոցները տեղավորեցին, գտնելով այնպիսի անկյուններ ու խորշեր, որոնց մասին ես մինչև այդ ժամանակ գաղափար չունեի: Այսպես է հրեան։ Ով շատ է ճանապարհորդում, նա շուտ է հարմարվում անհարմարություններին։ Իսկ ո՛վ չգիտե, որ աշխարհի երեսին ոչ ոք այնքան չի ճանապարհորդում, որքան հրեան։ Չէ՞ որ այդ անբախտ ժողովրդի ճակատին պատմությունը գրել է.
— Թափառի՛ր հավիտյան։