Կայծեր/Մաս I/ԺԹ
ԺԹ
ԵՐԱԶ
Դարձյալ նույն հին երգը, մտածում էի ես Կարոյի ճառը լսելու միջոցին — նույն երգը, որ նա երազում էր տասն և երկու տարի առաջ գյուղացիների և նրանց աղքատության մասին:
Կարոյի և նրա կուսակիցների նպատակը թվում էր ինձ ոչ միայն անգործադրելի. այլ որպես ցնորք, որպես հիվանդոտ երևակայության զառանցություն: Միթե կարելի՞ է գյուղացուն հանգստություն տալ, ազատել նրան աղայի ճանկերից, որի մեջ կա այնքան ուժ, որը վայելում է այնքան արտոնություններ: Եվ ինչո՞վ, ո՞րպես ապահովել մշակի ապրուստը, երբ ոչ մի օրենք չէր սահմանափակում աղայի կամայականությունը. երբ կառավարության ֆիրմաներն ևս մնում էին անզոր և չէին կարողանում աղաների բռնության առաջն առնել: Ես գիտեի հարյուրավոր օրինակներ, որ ժողովրդի բարօրության մասին շնորհած արքունի ֆիրմաները մնում էին անգործադրելի. խաները և բեկերը Բարձրագույն Դռան հրովարտակը ստիպեցնում էին բերողին ծամել և կուլ տալ, կամ պատռելով և ծեծելով բերողին, այնպես ճանապարհ էին դնում նրան, ասելով` «գնա՛, թագավորիդ խաբար տա՛ր»: Եվ այսպիսի գազանները, որոնք ժողովրդի արյունն էին ծծում, առանց խոնարհվելու որևիցե իշխանության, մնում էին միշտ անպատիժ:
Այժմ Կարոն, ոգևորված մի մոլի եռանդով, յուր անձնազոհ ընկերների հետ, աշխատում էին հեղափոխել հին դրությունը, աշխատում էին փշրել ստրկության շղթաները, որոնք դարբնվել էին այնքան շատ դարերով: Եվ ինչո՞վ, ո՞րպես...
Ինքը Կարոն խիստ ճիշտ նկատեց իր ճառի մեջ` թե «ստրկությունը դարձել է ժողովրդի մեջ բնավորություն»: Մի՞թե հեշտ է փոխել բնավորությունը, դարերով ամբոխի հոգու մեջ արմատացած բնավորությունը: Ի՞նչ օգուտ, երբ մի քանի եռանդոտ անձինք զարթել էին, հասկանում էին ժողովրդի չարն ու բարին, և աշխատում էին դարման տանել նրա խղճություններին, — երբ այդ մի քանի անձանց բոլոր ջանքերը կորչելու, ոչնչացնելու էր ընդհանուր անտարբերության մեջ: Նրանց բարբառը լինելու էր անապատում հնչող ձայն, և նրանց գործակցությունը, որպես մի համերաշխություն գերեզմանատան բնակիչների հետ, չէր հասնելու որևիցե օգտավետ վախճանի: Կարոն ինքը շատ լավ գիտեր այդ, որ ամբոխը գտնվում էր այն վիճակում, ինչ վիճակում լինում են խելագարները կամ հարբածները. նրանք ընկնում են ցեխերի մեջ և ամենևին չեն նկատում իրանց կեղտոտությունը. նրանք իրանց գլուխը պատերին են զարկում և ամենևին ցավ չեն զգում, թեև ճակատից արյուն էր հոսում. նրանք փողոցներում թավալված ժամանակ` ամեն անցնող երեխան ոտքով խփում է, թքում է նրանց վրա, բայց նրանք հանգիստ պառկած են և վիրավորանք չեն զգում: Կարոն գիտե՜ր այդ բոլորը: Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր նյութապես, ուտելու հաց չուներ և հագնելու հագուստ, բայց համբերում էր: Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր բարոյապես. շատ անգամ նրա կինը, աղջիկը, տղան զոհվում էին աղայի կրքերին, բայց նա համբերում էր...: Համբերում էր, որովհետև իր թշվառությունը, իր անպատվությունը չէր համարում կարգից դուրս բաներ, այլ մտածում էր` թե այլ կերպ լինել կարող չէր, թե ինքը հպատակ է, թե աղան ինչ որ ուզե, այն պետք է անե...:
Ե՛կ, դու փոխի՜ր դարևոր նախապաշարմունքը: Ի՞նչ կարող ես անել, երբ ամբոխը ինքը չէ բողոքում իր թշվառությունների համար, երբ ամեն անբախտություններ տանում է նա համբերությամբ, և, — որպես Կարոն հիշեց` իր ճառի մեջ, — տալիս է նրանց մի վերին և աստուծո նախասահմանությամբ կարգադրած օրենքի նշանակություն: Ի՞նչ պետք է անես...:
Միթե այսպե՞ս էին իմ դատողություններն այն ժամանակ, միթե այսպե՞ս էի մտածում ես...: Ո՜չ: Ես ինքս շատ հեռու չէի նույն նախապաշարմունքներից, որոնք տիրել էին ժողովրդին, որովհետև նրա հավատարիմ զավակն էի: Ես միայն ծիծաղում էի Կարոյի ցնորքների վրա, որպես տասն և երկու տարի առաջ, երբ նա դեռ նոր էր փախել հայր Թոդիկի ուսումնարանից և աշակերտում էր մի նոր դպրոցի — որսորդ Ավոյի — վարդապետությանը, վարդապետությանը այն խորհրդավոր մարդու, որի ծագումը, հայրենիքը հայտնի չէր, որ ծածկված էր հասարակ որսորդի դիմակով, որը ներշնչեց կրակոտ պատանիների մեջ նոր հոգի և նոր միտք...:
Ընթրիքը թեև վերջացավ խիստ զվարճալի կերպով, բայց ես ամենևին ուրախ լինել չկարողացա, այդ պատճառով շատ գոհ եղա, երբ տղերքը շուտով պառկեցին քնելու: Բայց ես քնել չկարողացա, և դուրս գալով տաղավարից, երկար թափառում էի գիշերային մթության մեջ: Կարծես, հազար ու մեկ սատանաներ պտույտ էին գալիս իմ գլխում.երբեմն մտածում էի` գնամ Ասլանին ու Սագոյին խեղդեմ իրանց քնած տեղում: Հետո ինձ ու ինձ փոշմանում էի, ասելով` «չէ՞ որ նրանք մոռացան բոլորը, նրանք ներեցին ինձ»: Բայց ես կարո՞ղ էի ներել նրանց, որ այնպես անվայելուչ կերպով խոսում էին Մարոյի մասին...: Այսպիսի խառն մտածմունքներով լցված էր իմ հիմար գլուխը, երբ ես կրկին դարձա տաղավարի մոտ և պառկեցի նրանցից փոքր-ինչ հեռու խոտերի վրա:
Ետ ընկած լուսինը կամաց-կամաց վեր բարձրացավ սարի ետևից և լեռները լցվեցան արծաթի լուսով: Գեղեցիկ տեսարանը ամենևին չազդեց իմ վրա: Իմ գլուխը դեռ լիքն էր սև մտածմունքներով. իմ սիրտը դեռ անհանգիստ խռովության մեջ էր: Չգիտեմ, ինչո՞ւ այնպես վրդովված էի ես. չգիտեմ ի՞նչ էր, որ այնպես տանջում էր ինձ: Միայն այսքան եմ հիշում, որ շուտով իմ աչքերը լցվեցան ջերմ արտասուքով, ես սկսեցի լաց լինել, երկա՜ր լաց լինել...
Գիշերն ես անցուցի տենդային ջերմության մեջ: Առավոտյան լուսաբացի պահուն ինձ տիրեց մի թմրություն. այն ժամանակ ևս խառն երազները սկսեցին անհանգիստ անել: Ողորմա՜ծ աստված, ի՞նչեր չէին գնում և գալիս իմ աչքերի առջև, — սատանաներ, հրեշտակներ, դժոխք, արքայություն, — մի խոսքով, հարյուրավոր տխուր և ուրախալի պատմություններ, մինը մյուսից հետո կամ զվարճացնում էին ինձ և կամ սարսափեցնում...: Բայց երբ զարթեցա, բոլորը մոռացա, մի երազ միայն մնացել էր իմ մտքում, նրան հիշում եմ և այսօր:
Ինձ երևում էր, թե Սոլայի հեղեղատը հորդացել էր, որպես ամեն տարի, գարնան ժամանակ բարձրանում էին նրա ջրերը: Իսկ այժմ շատ էր բազմացել ջուրը, խիստ շատ: Կատաղած գետը գոռում էր, փրփրում էր, և հսկայական վիշապի նման սարսափելի պտույտներ էր գործում: Նրա պղտոր հորձանքները տանում էին իրանց հետ ամենը, ինչ որ հանդիպում էր: Ես տեսնում էի` թե ի՛նչպես ալիքների մեջ լող էին տալիս տնային կարասիք, տեսնում էի խեղդված մարդերի դիակներ, այլև երեխաները, կապած օրորոցների մեջ... Մտածում էի` ո՞րքան տներ պետք է քանդած լինի, ո՞րքան ընտանիքներ պետք է ոչնչացած լինի սարսափելի հեղեղատը... Անբախտ զոհերն երբեմն բարձրանում էին ալիքների հետ, երբեմն կորչում էին նրա պտույտների մեջ. երբեմն մոտենում էին գետի եզերքին. — ձեռքդ մեկնեի՛ր և ահա` կազատես, մտածում էի ես:
Ես տեսնում էի` Կարոյին, Ասլանին և Սագոյին, նրանք այնպես փոքրիկներ էին, որպես առաջ, երբ դեռ երեխա էին, երբ հեղեղատի ջուրը նստելու ժամանակը գնում էինք միասին նրա ափերից հավաքում էինք զանազան հնություններ, որոնց նա բերել էր իր հետ, քանդելով Քոհնա-շհարի ավերակները: Իսկ այն երազ չէր:
Իսկ այժմ տեսնում էի ընկերներիս նույն հասակում, որոնք ցույց էին տալիս խեղդվող մարդիկներին և ասում էին ինձ` «տե՛ս, Ֆարհատ, ի՜նչպես տարվում են այդ անբախտները հոսանքի հետ, գնանք, ազատենք նրանց»:
Երբ աչքս կրկին դարձրի դեպի գետը, ալիքների մեջ տեսա մի քանի ինձ ծանոթ երեսներ — Մարիամին, Մագթաղին, իմ հորը, իմ մորը, — իմ աչքերի առջև մթնեցավ, վազեցի դեպի ափը, որ օգնություն հասցնեմ: Հանկարծ գետի խարխուլ եզրը փուլ եկավ, ես գլորվեցա ցած...: Ինչպես մի թեթև փետուր ես տարվում էի պղտոր հոսանքի հետ... կատաղի ալիքները շատ անգամ խորասույզ էին անում ինձ դեպի հատակը, շատ անգամ դուրս հանում. կրկին տեսնում էի սիրելի պատկերները սարսափած և գունաթափ երեսներով...: Աշխատում էի ափին մոտենալ, հնարք չէր լինում, իմ թևքերի ուժը հետզհետե թուլանում էր, և ես խեղդվելու մոտ էի... Ես կանչում էի Կարոյին, Ասլանին և Սագոյին, որ նրանք ազատեն ինձ. բայց երբ աչքս դարձրի դեպի հոսանքի ընթացքը, տեսա, նրանք էլ տարուբերվում են ալիքների մեջ...:
Հանկարծ հայտնվեցան երկու կերպարանքներ, որոնք ձեռքները մեկնած, աշխատում էին ազատել ինձ, նրանցից մեկը տխուր էր դեմքով և աչքերումը արտասուք կար, մյուսը ուրախ և պայծառ էր երեսով և հրեղեն աչքեր ուներ: Ինձ երևաց, թե նրանք երկու հրեշտակներ էին, որոնք իջան երկնքից. իսկ հետո ճանաչեցի` մեկը Սոնան էր, մյուսը` Մարոն, հետո՜, երբ ես թաղվեցա ջրի տակ և մյուս անգամ դուրս չեկա...:
Երբ ես զարթեցա, Կարոն կանգնած էր իմ մոտ:
— Դու հիվանդ ես, Ֆարհատ, — ասաց նա խռոված կերպով: — Քո երեսը մեռելի գույն է ստացել, դու այնպես սարսափելի բաներ էիր խոսում քնիդ մեջ...:
Ես պատասխանեցի, թե քունս անհանգիստ էր, և ես ոչ բոլորովին առողջ եմ զգում ինձ. գլուխս սաստիկ ցավում է, անդամներս ջարդվում են, որպես թե ամբողջ մարմինս սանդի մեջ ծեծած լինեին:
Կարոն հայտնեց ինձ, թե իրանք պետք է գնան Բարդուղիմեոս առաքելո վանքը «մի գործի» համար և կվերադառնան մյուս օրը երեկոյան, և խորհուրդ տվեց ինձ մնալ ծերունի որսորդի տանը, ավելացնելով, թե գիշերը տաղավարից դուրս բացօթյա քնելով, մրսած կլինեմ, պատվիրեց տաք բան խմել և քրտնել, որով շուտով կանցներ տկարությունը:
Երբ նրանք նստեցին ձիաները, կամենում էին հեռանալ, Սագոն մոտեցավ ինձ և խուլ ձայնով ասաց.
— Գնա՛ տուն, բախտավոր, գեղեցիկ Մարոն կբժշկե քեզ...