Կայծեր
 ԻԱ
ԻԳ 

ԻԲ

ՆԱԽԱԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ

Երբ զարթեցա, գիշեր էր: Ո՞րքան ժամանակ անցել էր օրից, քանի՞ ժամ քնել էի, ես չկարողացա գիտենալ: Փափուկ և տաք գիշեր էր: Ո՜րքան գեղեցիկ վառվում էր ամառային երկինքը իր փայլուն գոհարներով. ո՜րքան մեղմ և մտախոհ կերպով սահում էր կիսալուսինը պարզ եթերքի միջով:

Ես պառկած էի դալար խոտերի վրա, և խիստ ախորժ ծուլությամբ թավալվում էի մի կողքից դեպի մյուսը: Ականջ էի դնում: Ամեն տեղ տիրում էր խորին լռություն, բոլո՜րը հանգստանում էին: Արթուն էր միայն վտակը, որի ափի մոտ պառկած էի. ես լսում էի նրա խուլ-մելամաղձական խոխոջմունքը, նա անդադար վազում էր և վազում, նա քուն և հանգստություն չուներ: Ահա, հովասուն զեփյուռը փափուկ թևքը քսեց իմ երեսին և շվացնելով անցավ. կարծես, ուզում էր ասել` «տե՛ս, ես էլ արթուն եմ»:

Աչքս դարձրի դեպի աստղազարդ երկինքը: Նայում եմ: Այո՛, դեղեցի՜կ են աստուծո լուսավորները: Որոնում եմ նրանց մեջ իմ աստղը, երկա՜ր որոնում եմ, բայց չեմ գտնում: Ահա՛ երկու աստղեր. նրանք ծանոթ են ինձ, ես շատ անգամ տեսել եմ նրանց, համբուրել եմ... շատ անգամ նրանք նայել են ինձ վրա ջերմ քնքշությամբ...: Ես ճանաչում եմ ձեզ, սիրուն աստղեր, դուք նմանում եք Սոնայի տխուր և արտասվալի աչքերին, որպես այն վերջին գիշերը, երբ նա բաց արավ իմ բանտի դուռը և ասաց` «փախիր, Ֆարհատ»: Ահա երկու աստղեր ևս, ինչպես հպարտ և ինքնահավան կերպով փայլում են նրանք. նմանում են նրանք Մարոյի լի կրակով աչքերին, երբ նա հրացանը ձեռքին կանգնած, ժպտում էր այն սարսափելի րոպեում, երբ ես շաղախված էի ղաբանի արյունով:

Սիրո՜ւմ եմ ձեզ, գեղեցիկ աստղեր: Ահա՛ անցավ մի սև ամպ և ծածկեց իմ տեսությունից նազելի աչիկները...

— Ա՜ խ, Սոնա... ա՜խ, Մարո...

— Ի՞նչ է, — լսելի եղավ մի ձայն և իմ առջև նկատվեցավ մի պատկեր, որպես կերպարանքը գիշերային ուրվականի:

Մի սարսուռ վազեց բոլոր մարմնիս մեջ:

— Ես եմ, Ֆարհատ.

— Ա՛խ, Մարո...

Երևակայեցեք իմ ուրախությունը, ուրախությունը լի վառված կրքերով մի պատանիի, որ գիշերային լռության մեջ, հեռու մարդկային բնակությունից, գտնում է նրան, որին սիրում է:

Մարոն նստեց իմ մոտ, իմ ձեռքը առեց իր երկու ափերի մեջ, և դրեց իր ծնկի վրա: Նա ուրախ, որպես միշտ, սկսեց պատմել` թե առավոտյան իր հորից իմացավ, որ իմ առողջությունը վատ էր. նա վազեց դեպի եղբոր ագարակը, տեսավ, ես այնտեղ չկայի: Այնտեղից շտապեց դեպի արտը, Հասոյի մոտ. եղբորից այսքանը իմացավ, թե նա տեսել էր ինձ կեսօրից առաջ, բայց չգիտեր, ո՛ւր կամ ո՛ր կողմը գնացի: Նա երկար որոնեց ինձ, մինչև արևը մտավ և օրը մթնեց. հետո նրան հանդիպեց մի բոշա կին, որ ասաց, թե տեսել էր ինձ «քանդված մատուռի» մոտ:

— Ղու ճանաչում ե՞ս այն կնկան, — հարցրի ես:

— Երկրորդ անգամն է, որ տեսնում եմ նրան, — պատասխանեց Մարոն:

— Առաջին անգամն ե՞րբ էր:

— երկու տարի առաջ: Ես տեսա նրան միևնույն հագուստով, որպես այսօր, էլի այն փոքրիկ երեխան իր հետն էր, որին այսօր տեսա: Ի՜նչ լավ երեխա է, Ֆարհատ, այնքան սիրտս սիրեց նրան, որ բռնեցի երեսը պաչ արի: Ախար մե՜ղք է անօրենի երեսը պաչ անելը. նրա ճակատին մեռոն չէ քսած. բայց ես նրան պաչ արի.նա այնպես լավ երեխա էր:

— Ո՞րտեղ դու տեսար նրան երկու տարի առաջ:

Մարոն նկատելով, իր պատմությունը հետաքրքրում էր ինձ, շարունակեց.

— Ես տեսա նրան այս ձորի մեջ, այս մատուռի մոտ. նա խոսում էր Կարոյի հետ: Ի՞նչ էր խոսում, ես չիմացա, նրա համար, որ նրանց լեզուն չէի հասկանում: Քանի օրից հետո Կարոն անհայտացավ մեր տանից. մենք չիմացանք թե ուր գնաց: Քանի տարի էր նրանից ոչ մի լուր չունեինք: Կարոյի գնալուց հետո, այն կինն էլ չերևաց: Այս անգամին, երբ Կարոն կրկին լուս ընկավ, բոշան էլի ման է գալիս մեր կողմերում:

— Այն ժամանակ Ասլանը և Սագոն Կարոյի հե՞տ էին:

— Չէ՛, նրանք չկային: Այս անգամ ետ դարձան միասին: Երկու շաբաթ է, ինչ որ եկել են:

— Դու այսօր Կարոյին չե՞ս տեսել:

— Ես քեզ ասացի, որ տանից դուրս եմ եկել առավոտյան.մինչև հիմա էլ սար, ձոր չեմ թողել, քո ետնեն ման եմ եկել: Հիմա ի՞նչպես է քեփդ, դու ողջ օրը հաց չես կերել. ի՜նչ գիժ տղա ես,Ֆարհատ:

— Կարոն լավ տղա է, այնպես չէ՞:

– Լավ տղա է, բայց...

Նա կտրեց իր խոսքը, և րոպեական լռությունից հետո շարունակեց.

— Գիտե՞ս, Ֆարհատ, քանի օրից հետո Կարոն իր ընկերների հետ գնալու են մի տեղ, դու նրանց հետ չգնաս:

— Ինչո՞ չպետք է գնամ:

— Այնպես... մի՛ գնա... ես չեմ կարա ասել... հայրս ինձ կսպանե, թե ասեմ...: Աղաչում եմ, Ֆարհատ, մի՛ գնա նրանց հետ:

Այդ խոսքերի միջոցին բարեսիրտ օրիորդի աչքերը լցվեցան արտասուքով. նա պինդ կպած իմ կուրծքին, գրկել էր ինձ, երկար և երկար աղաչում էր, որ ես չմասնակցեմ Կարոյի և նրա ընկերների արշավանքին: Բայց ի՞նչ արշավանք էր այդ, դեպի ո՞ր կողմը և ի՞նչ նպատակով, — դրանց մասին ծածկամիտ Մարոն ոչինչ չհայտնեց:

— Ա՜խ, Կարոն... նա սիրտ չունի... նա գազա՜ն է, մարդ չէ... նրա համար մի ադամորդուն սպանելը այնպես է, ինչպես խեղճ հավի վիզը կտրելը... Ես սուտ չեմ ասում, Ֆարհատ, ես իմ աչքով եմ տեսել..: Ա՜խ, հեռու կա՛ց այս մարդից, Ֆարհատ, չբարկացնես նրան... նա աստված չունի...: Նա բարեկամ, ընկեր, — այս բաները չէ իմանում...

Այսպես խոսում էր Մարոն արտասվախառն հեկեկանքով, բայց ինձ բոլորովին անհավատալի էր երևում, մտածել Կարոյի մեջ մի այնպիսի վայրենություն, որպես նկարագրեց նրան Մարոն: Մի այնպիսի տղամարդ, որ բոլոր սրտով նվիրել էր իրան մարդասիրության գործին, չէր կարող գազան լինել: Ես Կարոյին լավ էի ճանաչում, ճանաչում էի նրան երեխայությունից, բայց մի՞թե փոխվել էր նա:

— Ես չեմ հավատում, Մարո: Կարոն այդպես չէ, — կտրեցի ես օրիորդի խոսքը: — Ես նրանից չեմ բաժանվի, ուր որ գնա, ես էլ կգնամ նրա հետ:

Մարոն հայտնեց, թե ո՛րպես նա մի գիշեր սպանեց իր ամենալավ ընկերներից մեկին, մի հնդկացի հայ երիտասարդի, որի վրա փոքր-ինչ կասկած ուներ, թե կհայտնե իր գաղտնիքը. և ավելացրուց, թե կարող էր մինչև անգամ նրա դիակը ցույց տալ ինձ, որովհետև այս անցքը պատահել էր մի քանի օր առաջ: Միայն ինքը, Մարոն, չէր կարող ամեն ինչ բացարձակ ասել ինձ, որովհետև վախենում էր իր հորից:

— Ես միշտ հավատարիմ կմնամ Կարոյին, ես դավաճանություն չեմ գործի նրա դեմ, — ասեցի ես:

— Հա՛, սիրելիս, նրա հետ պետք է այսպես լինել, — պատասխանեց Մարոն փոքր-ինչ հանգստանալով: — Ես չեմ ասում նա վատ տղա է. նա վատ է միայն վատերի հետ, ով որ նրան հակառակ է: Բայց նրա քարե սիրտը հանկարծ փափկանում է, երբ մի խեղճ մարդ է տեսնում. քանի՜ անգամ ես տեսել եմ նրան, որ մտել է աղքատ գյուղացիների խրճիթը և նրանց փող է բախշել. նա իր բերանի պատառը ուրիշին է տալիս, երբ տեսնում է, որ նա քաղցած է:

— Բայց Ասլանը և Սագոն ի՞նչպես են:

— Ասլանը լավ տղա է, բայց Սագոյին չեմ սիրում, նա լավ տղա չէ՛: Գիտե՞ս, Ֆարհատ, մի օր նա ի՞նչ ասաց ինձ. մեր բակումը նրա հետ մենակ կանգնած էինք. խոսում էինք մեր գյուղի աղջիկների վրա. մեկ էլ տեսնեմ, այն աղվեսը. — ախար նրա երեսը աղվեսի նման է, — հա՛, Սագոն ձեռքը գցեց իմ վզովը ու ասաց. «Թո՛ղ Մարո, պաչ անեմ քեզ»: Ես հետ քաշվեցա, մի լավ ապտակ` շըրըխկ նրա երեսին. քիչ էր մնացել խեղճի շիլ աչքերը քոռանային:

— Իսկ եթե ես ասեմ` ինձ մի պաչ տո՛ւր, ի՞նձ էլ ապտակ կտաս:

Նա սկսեց ծիծաղել և ոչինչ չպատասխանեց:

Ես գլուխս խոնարհեցրի նրա կուրծքի վրա, երկար մեր շրթունքները չէին հեռանում միմյանցից: Մենք ոչինչ չուխտեցինք մեկ-մեկու հետ. մենք չխոստացանք միմյանց մշտական սեր, հավատարմություն. — այսպիսի բացատրություններ չեղան մեր մեջ: Միայն սրտի խուլ լեզուն խոստացավ շատ և շատ, այն, որ ամենասրբազանն է և աստվածային, այն, որ միայն սիրտը կարող է հասկանալ:

— Գնանք, — ձայն տվեց օրիորդը, որպես թե զարթնելով խորին հոգեղմայլությունից:

— Գիշերի ո՞ր ժամանակն է, — հարցրի ես:

Նա նայեց դեպի երկինքը և պատասխանեց.

— Տե՛ս, «բազումքը» երբ այն աստղի մոտ է հասնում, գիշերը կես է լինում: Ուղիղ կեսգիշեր է: — Մենք վեր կացանք:

Մենք գնում էինք զանազան ոլոր-մոլոր ճանապարհներով. թե ի՞նչպես էի անցել ես այդ լաբիրինթոսը, ամենևին չէի հիշում: Ի՞նչ կլիներ իմ վախճանը, մտածում էի ես, եթե Մարոն ինձ չգտներ. ես ոչ միայն գիշերով, այլ լույս ցերեկով ևս չէի կարող գտնել Հասոյի ագարակը:

Մարոն կպած էր իմ կողքին, և մանկահասակ աղջկա դալար և թեքուն հասակի ամեն մի շարժմունքը էլեկտրապես ազդում էր իմ վրա: Բոլոր ժամանակը նա առանց լռելու խոսում էր, թռչելով մեկ մտքից դեպի մյուսը. երբեմն նա ասում էր` թե որքան լաց կլիներ, եթե ինձ չգտներ, թե նա բոլոր գիշերը կպտռեր ինձ, մի՜շտ կպտռեր: Հայտնում էր` թե իմ պառկած տեղը շատ վատ տեղ է, և նա ուրախ է, որ վտանգ չէ պատահել ինձ. ասում էր` թե այն ձորը կոչվում է Ղանլի-դարա (արյունոտ ձոր), որովհետև քիչ չէ պատահում, այնտեղ գտնում են սպանված մարդերի դիակներ: Բացի դրանից, ավելացնում էր նա, այնտեղ գազանները շատ անգամ պատառոտում են մարդկանց, երբ նրանք պաշտպանվելու զենք չունեին իրանց հետ: Հանդիմանում էր իմ անհոգությունը, թե ինչո՞ւ ես զենք չէի կրում, թե գոնյա պետք էր ունենալ իր մոտ մի ջուխտ ատրճանակ և խենջար:

— Ապա դու ի՞նչպես առանց զենքի չվախեցար այն ձորը մըտնել, — հարցրի ես:

— Միթե գիշերն առանց զենքի մա՞ն են դալիս, — պատասխանեց նա ծիծաղելով իմ պարզամտության վրա, և ցույց տվեց մի ջուխտ ատրճանակներ, որ թաքցրած ուներ իր գոտիի մեջ:

Եթե ցերեկ լիներ, Մարոն կնկատեր, թե որ՜պես կարմրեցա ես ամոթից...