Կայծեր
 ԽԳ
Ա 

ԽԴ

ԳԻԺ ՏԵՐՏԵՐԸ ԵՎ ԲԺԻՇԿԸ

Երկրորդ ավուր առավոտյան պահուն մենք հասանք ոչ այնքան հեռու Վանից մի հայաբնակ գյուղ: — Այստեղ, ասաց Ասլանը, պետք է փոքր — ինչ հանգստանալ:

Ինձ շատ հաճելի էր նրա խոսքը, որովհետև ամբողջ գիշերը չէինք քնել, անդադար ճանապարհ էինք եկած:

Նա ձին քշեց դեպի մի տուն, որ գյուղի քահանային էր պատկանում, ես էլ հետևեցի նրան: Քահանան հայտնի էր այս կողմերում իր մականունով` «դալի քեշիշ» — որ նշանակում է գիժ տերտեր, բայց ոչ այն տեսակ գիժերից, որոնք խելք չունեն, այլ այն տեսակներից, որոնք մեր գրաբար լեզվում արտասանվում են բառերովս «խոլ» կամ «վիրագ»:

Մենք հասանք նրա տանը նույն ժամանակներում, երբ նա, մի քանի մարդկանց իր դռան առջև կապած, ծեծ էր տալիս:

— Հը՜մ, տերտեր, էլ ի՞նչ կա, — ասաց Ասլանը նրան տեսնելով: — Դարձյալ արդարության գավազանը ձեռք ես առել...

— Այս անպիտաններին պետք է մի փոքր խրատել... — պատասխանեց նա անփույթ կերպով և մոտեցավ մեզ: — Դե՛, ցած իջեք, Վանից նոր բերել տված լավ արաղ և գինի ունեմ:

— Բայց մինչև մենք կխմենք ձեր լավ արաղն ու գինին, դուք հրամայեցեք, որ այս «անպիտաններին» արձակեն, — ասաց Ասլանը ծիծաղելով:

— Ոչ, դուք իմ դատաստանական գործերը մի՛ խառնեք, անպիտանները պետք է պատժվեն, — ասաց նա: — Գնանք տուն:

Հանցավորներն երկու քրդեր էին, որոնք, ասում էր տերտերը, գողացել են գյուղի նախիրից երեք կովեր: Ասլանը այս ասելով, այլևս չմիջնորդեց. մտանք տերտերի տունը: Նա մեզ տարավ մի սենյակ, որ իր հյուրանոցն էր և միևնույն ժամանակ քնարանը, բայց տերտերը նրան կոչում էր դիվանխանա, այսինքն, դիվանատուն:

Ես մտածում էի, թե այնտեղ կգտնեմ տեր Թոդիկի սենյակի նման զանազան կախարդական գրքեր կամ Այսմավուրք. բայց մի թղթի պատառ անգամ չկար այնտեղ: Այնտեղ կային` նիզակներ, հրացաններ և զանազան տեսակ զենքեր:

Տերտերը, որպես երևում էր, առաջուց գիտեր Ասլանի նույն ժամուն իր տունը գալը, գիտեր նաև, թե որտեղից է գալիս նա: Ես իսկույն հասկացա, որ Ասլանը և «գիժը» նախածանոթներ էին, գուցե շատ մոտ բարեկամներ: Բայց ի՞նչ գործ ուներ խելացի Ասլանը «գժի» հետ:

Տերտերը բավական բարձրահասակ և ցամաք մարդ էր. նրա կազմվածքի բոլոր գծերից երևում էր վայրենություն: Ինչ որ ավելի սարսափելի էր և անախորժ, էր նրա ձայնը, որ խոսելու միջոցում որոտում էր: Նրա ձախ ձեռքի երեք մատները կտրած էին, երևի թրով, իսկ գլխի ու պարանոցի վրա նույնպես վերքի նշաններ կային: եթե Ասլանը չասեր ինձ, թե նա քահանա է, ես կհամարեի «գժին» մի ավազակ, որ իր ամբողջ կյանքը անցուցել էր հափշտակություններով և մարդասպանությամբ:

Հենց որ մտանք «դիվանատունը», նա մոտեցավ մի պատուհանի, վարագույրը ետ քաշեց և այնտեղից դուրս բերեց մի ահագին շիշ լիքը արաղով. նախ լեցրուց ինքը խմեց, հետո տվեց Ասլանին, և ապա ինձ առաջարկեց, ասելով.

— Ա՛ռ խմիր, ոսկորներդ կպնդացնե, հոգնած ես:

Տեսնելով ահագին բաժակը, ես սարսափեցա:

— Արաղ խմելու սովորություն չունեմ, — ասեցի:

— Ինչո՞ւ, տիրացու, — հարցրեց նա, իր սոսկալի աչքերով ուղիղ իմ երեսին նայելով:

— Տիրացու չէ, — պատասխանեց Ասլանը:

— Բայց շատ նման է, — ասաց նա հեգնական ձայնով:

— Մենք նրան տիրացությունից ազատեցինք, — պատասխանեց Ասլանը խորհրդական ձայնով:

— Այդ լավ է... — խոսեց նա և մոտեցավ մի ուրիշ պատուհանի: — Ես կտամ քեզ «կարմիր հարսի արաղ», — ասաց նա և դուրս բերեց վարագույրի ետևից մի ուրիշ շիշ, լցրած դեղնագույն ըմպելիքով:

Ես նրանից խմեցի, որովհետև բավականին քաղցր էր և ախորժելի: Հետո տերտերը մոտեցավ լուսամուտին և ձայն տվեց:

— Տիրոխնի, սատանան քեզ տանի, որտե՞ղ ես կորե:

Իսկույն հայտնվեցավ մի կարճլիկ հասակով կին, և սկսեց Ասլանի հետ բարովել: Դա տերտերակինն էր, բավականին համակրական մի կին:

— Գնա՛, այդ նոր հյուրի երեսն էլ պաչիր, քոռացած, — ասաց «գիժը» իր կնոջը:

Նա գրկեց ինձ և սկսեց երեսս համբուրել:

— Դե՛, հիմա գնա ինչ «հոգու բաժին» որ ունես, բոլորը բեր, դրանք քաղցած են:

Երեցկինը մի թեթև ժպիտ գործեց փոքրիկ երեսի վրա և դուրս վազեց: Երևում էր, նա շատ ուրախ էր իր հյուրերով, և գնաց մեզ համար նախաճաշիկ պատրաստելու:

«Գիժը» փոքր առ փոքր սկսեց ինձ դուր գալ. նրա առաջին ժանտությունը, որ ինձ վրա վատ տպավորություն գործեց, կարծես թե անցավ, և նա երևում էր ինձ մի մարդ չափազանց պարզ և բարեմիտ:

Ասլանը հարցրուց տերտերից, թե ո՞րտեղ են պահված իր «իրեղենները»: Նա ցույց տվեց մի ուրիշ սենյակ, և Ասլանը առանց առաջնորդի մտավ այնտեղ: Ես մնացի տեր հոր հետ մենակ:

— Կարդացե՞լ ես, — հարցրուց նա ինձանից:

— Կարդացել եմ, — պատասխանեցի ես:

— Ո՞ւմ մոտ:

— Մեր թաղի քահանայի, տեր Թոդիկի մոտ:

— Հասկացա...: Դեռ չէ՞ սատկել այն ավազակը:

— Մնում է, — պատասխանեցի ես: — Բայց դուք ո՞րտեղից եք ճանաչում նրան:

— Ո՞վ չէ ճանաչում այն անպիտանին. նա Դատվանի «գզիրն» էր, էլ չարություն չթողեց, որ չգործեր: Վերջը «ռեսին» սպանեց, փողերը կողոպտեց, փախավ, եկավ Սալմաստ, այնտեղ անունը փոխեց, և ասաց, թե անապատի ճգնավոր եմ, այսպիսով քահանա դարձավ. հիմա սկսել է կախարդություններով ժողովրդին խաբել: Այդպես չէ՞:

Այս խոսքերը լսելով, ես բոլորովին զարմացա:

— Դու ինչպե՞ս պրծար նրա ձեռքից, — հարցրուց ինձ:

— Փախա նրա ուսումնարանից:

— Խելացի բան տեսար: Երանի՜ թե Կարոյի հետ փախած լինեիր. հիմա մի օրինավոր մարդ դարձած կլինեիր... Ա՜խ, թե մի անգամ ձեռքս կընկներ այն անպիտանը....

— Ի՞նչ կանեիք, — հարցրի ես ծիծաղելով:

— Ի՞նչ պետք է անեի, իր հանգուցյալ հոր մոտ կուղարկեի...

Մեր խոսակցությունը ընդհատեց մի մարդ, որ դուրս եկավ այն սենյակից, ուր մտել էր Ասլանը:

Նա աչքերին ակնոցներ ուներ դրած և ոտքից գլուխ հագնված էր եվրոպական ձևով: Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի հագուստով մարդ: Նույն միջոցին ներս մտավ և երեցկինը նախաճաշիկի մատուցարանը ձեռին բռնած, և տեսնելով եվրոպացուն, երեսը խաչակնքեց, ասելով.

— Վա՜հ, տեր Հիսուս, չարը տանես, բարին բերե՛ս...

Տերտերը մի անկյունում կանգնած ծիծաղում էր: Ես լավ զննեցի, տեսա, որ եվրոպացին ոչ այլ ոք էր, եթե ոչ Ասլանը, միայն կերպարանափոխ եղած, որպես շատ անգամ տեսել էի նրան աբեղայի հագուստով կամ վանեցի վաճառական ձևացած:

— Հը՜մ, երեցկին, — դարձավ նա դեպի միամիտ «տիրոխնին», — եթե գիշերով տեսնեիր ինձ, ի՞նչ կանեիր:

— Ի՞նչ պիտի անեի, երեսս խաչ կհանեի, դու դևի պես կխափանվեիր:

— Ես խո դև կամ սատանա չեմ, որ խաչից վախենայի:

— Բա՛ սատանան ի՞նչպես կլինի: Ափսոս չէի՞ն առաջվա շորերդ, որ փոխեցիր:

— Ես ամբողջ տասը տարի այսպես եմ հագնված եղել... — պատասխանեց Ասլանը:

— Սուրբ տիրամերը վկա, դա լավ չէ, ախար ինչի՞ է նման այսպիսի նեղ վարտիքը:

— Դրանք թող մնան, — կտրեց տերտերը կնոջ խոսքը: — Հիմա պետք է տեսնենք, թե ինչ բանի է նման քո բերած նախաճաշիկը:

Տերտերը ետ քաշեց մի ուրիշ վարագույր և նրա ետևից դուրս բերեց մի մեծ սրվակ գինի, դրեց իր կողքին և նստավ սեղանի մոտ: Մենք ևս մոտեցանք ուտելու: Նախաճաշիկը բավականին լավ էր պատրաստած. շա՜տ ապրի տերտերակինը, ամենևին չէր երևում, թե հասարակ գյուղացու եփած կերակուրներ լինեն: Բայց տերտերակինը գյուղացի չէր, նա Վանա քաղաքիցն էր, և որպես հայտնեց ինձ հետո Ասլանը, նա տեր հոր երկրորդ կինն էր, որի հետ ամուսնացել էր նա իր քահանայության ժամանակ, առաջին կինը մեռնելուց հետո: Թեև հայ քահանաներին թույլ տրված չէ երկրորդ ամուսնություն, բայց «գիժը» այն տերտերներից չէր, որ ենթարկվեր եկեղեցական կանոններին: Նա ամեն բանի մեջ, որպես ռամկորեն ասում են «չոմախի (մահակի) զոռով էր գործում»... Բայց որպես և լիներ, տերտերն ու երեցկինը շատ սիրով էին երևում միմյանց հետ:

Հացի ժամանակ Ասլանը հարցրուց, թե ի՞նչ նոր լուրեր կան Վանից:

— Ազգային գործերը վատ չեն, — պատասխանեց տեր հայրը ծանր կերպով: — Պ... — ը ողջ և առողջ է, գիշերները բոշաների լակոտներ պար ածելով է անցկացնում... իր ձեռները. նրանց շլինքեն է փաթաթում...: Քրդերին սովորեցնում է այս և այն վանքի հունձքի դեզերը կրակում են, որ գիշերները լույս լինի...: Տոնախմբությանց ժամանակ ինքն էլ ետ չէ մնում հասարակաց ուրախությունից, և իր ժողովուրդը բարոյապես մխիթարում է. կույս աղջիկներ և ջահել հարսներ է փախցնել տալիս, որ հայոց զավակներն աճեն, ազգը բազմանա...: Եթե մի անպատված աղջկա հայր գալիս է նույն անպատվողի մոտ բողոքելու (ուրիշ որտե՞ղ կարող է գնալ խեղճը), նրան մի փոքր խրատում է, փայտի տակ է գցում, ոսկորները լավ ջարդում է, որ փափկանան...: Հետո սրան ասում է — «գնա՛, եղբայր, այս աշխարհը քո տեղը չէ, դու մեծի պատիվը չես հասկանում»: Նա ականջ է դնում նրա խրատին և գնում է մյուս աշխարհը...: Մի ուրիշ սովորություն էլ ունի նա, որից երևում է, որ նա շատ բարեսիրտ է: Երբ քրդի ավազակները հայոց գյուղորայքը թալանում են, և դժբախտաբար բռնվում են, նա քրիստոնեական մարդասիրությամբ գնում է փաշայի մոտ և ավազակներին ազատում է, դրա համար քրդերը նրան «հայր» են կոչում...: Մի ուրիշ լավ կանոն էլ ունի նա, երբ մեկին կամենում է խրատել, նրանից փող է առնում. «ոչինչ պատիժ, ասում է նա, այնպես չի ցավեցնի ադամորդուն, որպես փողը, որովհետև շատ է սիրում»:

— Բայց ի՞նչպես մինչև այսօր նույն խրատներից զուրկ մնացիք դուք, — հարցրուց Ասլանը վրդովված ձայնով:

— «Գիժը գժին երբ որ կտեսնի, իր մահակը կթաքցնի», — ասաց նա թուրքի առածով: — Թեև նա ավազակ է, բայց ես էլ շատ բարի պտուղ չեմ...

— Լավ, դու այն ասա՛, ի՞նչ աչքով են նայում քաղաքի իշխաններն այդ ավազակի այս տեսակ առաքինությունների վրա, — հարցրուց Ասլանը:

— Նրանք անշնորհակալ մարդիկ չեն, ընդհակառակն, շատ երախտագետ են, — պատասխանեց տերտերը առաջվա ծանր կերպով: — Նրանք իրանց պարտքը լավ ճանաչում են, և ամեն ամիս ժողովրդի կողմից շնորհակալության վկայականներ են ուղարկում Պոլիս և նրան մեծ մարդկերանց հետ են համեմատում: Բայց պետք է ճշմարիտն ասած, նա էլ չէ մոռանում իր պարատ որսերից երբեմն նրանց բերանը փոքրիկ պատառներ գցել...:

— Փաշայի հետ ինչպե՞ս է նա:

— Որպես եղ ու մեղր, այնքան քաղցր են:

— Դա նույն փաշա՞ն է, որ մի անգամ հայոց եկեղեցու սեղանի վրա բոշա տղաներ էր պար ածել տվել և գինի էր խմել:

— Հենց նույնը: Նա էլ հենց փաշայից սովորեցավ բոշաների պար ածելը:

Բոլոր այս խոսքերը, ինչ որ ասում էր տերտերը, թեև ինձ շատ հասկանալի չէին, բայց որպես նկատում էի, խայթոցի նման ծակում էին Ասլանի սիրտը: Նրա պարզ դեմքը հետզհետե մթնում էր, և նրա ձայնը զայրացած եղանակ էր ստանում:

— Ինձ բոլորովին անհավատալի է թվում, — ասաց նա, — Վանա ժողովուրդը իր նահապետական պարզամտության մեջ չէր կարող համբերել այս աստիճան չարագործությունների: Այդ նշանավոր մարդու վատ օրինակը ավելի շատ գայթակղեցնում է, ավելի շատ վիրավորում է միամիտ ժողովրդի զգացմունքը:

— «Նիզակը գողացողը առաջ նրա թաքցնելու տեղը կգտնի», — պատասխանեց տերտերը: — Նա շատ ճարպիկ է իրան արդարացնելու խոսքեր գտնելու մեջ: Երբ նրան ասում են, թե դու ի՞նչ գործ ունես փաշայի կամ այս և այն ավազակ քրդի և բոշա պար եկողների հետ: — Նա միշտ Պողոսի, իր անվանակցի, խոսքերը վկայություն է բերում, թե «պետք է հրեայի հետ հրեա լինել և հեթանոսի հետ հեթանոս»: Ասում է, թե ես ժողովրդի օգտի համար եմ նրանց հետ բարեկամություն պահպանում, և մահմեդականության սովորություններին հետևում, որ նրանց հաճոյանամ և իմ ազգի շահերը պահպանեմ:

— Չարագո՜րծ, — ասաց Ասլանը: — Վասակները միշտ այսպես էին իրանց արդարացնում:

Թեև Ասլանը առաջուց ասում էր, շատ քաղցած եմ, բայց համարյա ոչինչ չկերավ: Տերտերն էլ նկատեց այս և հարցրուց.

— Ինչո՞ւ չես ուտում:

— Ախորժակս ավերվեցավ, — ասաց նա:

— Ա՛ռ, խմիր, թող սիրտդ հովանա, դարդերդ կմոռանաս:

Ասլանը ընդունեց գինու ահագին գավաթը, միանգամով խմեց:

— Բայց քո ախորժակը տեղն է, — դարձավ դեպի ինձ տերտերը. — որովհետև դու չես մտածում այն բանի վրա, թե Վանում ի՜նչեր են կատարվում:

— Ես դրա համար էլ գնում եմ այնտեղ, որ տեսնեմ, ինչպիսի քաղաք է:

— Ավելի լավ կանես, որ տեսնես մարդիկ ինչպես են ապրում այնտեղ, — ասաց քահանան:

Այնուհետև Ասլանը և տերտերը գնացին մի առանձին սենյակ, այնտեղ առժամանակ տաք-տաք խոսում էին. ես ոչինչ հասկանալ նրանց խոսքերից չկարողացա, որովհետև հեռու էին: Ասլանը դուրս եկավ շատ վրդովված, և հրամայեց իսկույն պատրաստել ձիերը:

— Դուք մտածեցեք, որևէ բան չմոռանալ այստեղ, — ասաց քահանան:

— Ինչ որ պետք էր վեր առնել` ես տեղավորեցի այն երկու արկղների մեջ, — ասաց Ասլանը: — Բայց դուք պատրաստեցեք մի ձի արկղները կրելու համար և մի ծառա, որ ինձ հետ լինի:

— Կես ժամից հետո կարող ես ճանապարհ ընկնել. դուք համեցեք, այս մի գավաթն էլ անուշ արեք:

Ասլանը ընդունեց և խմեց:

Տերտերի խոսակցության մեջ «դու» և «դուք» միևնույն նշանակությունն ունեին. նա խառն ամեն կերպ գործ էր ածում:

— Ո՞ւր են, տղերքից ոչ մեկը չէ երևում, — հարցրուց Ասլանը:

— Ամենքն իրանց սիրելի խանումներին առած, գնացել են սարը, ոչխարների մոտ. Ալմաստն էլ այնտեղ է. ես և իմ թանկագին «տիրոխնին» մնացել ենք տանը: Քահանայությունը ծա՜նր պաշտոն է, — ավելացրուց նա:

— Եվ դու ճշտությամբ կատարում ես... այնպես չէ՞, — հարցրուց Ասլանը ծիծաղելով:

— Ավելի լավ, քան մեր տեր Մարուքը, որը քերականություն է կարդացել: Իմ մկրտածները ավելի լավ քրիստոնյաներ են դառնում, և իմ թաղած մեռելը գերեզմանից բնավ չէ վեր կենում...

— Բայց այն ինչպե՞ս եղավ, որ մի անգամ երեխային ավազանի մեջ խաշեցիր: Պատմի՛ր տեսնեմ:

— Դա հին բան է, հիմա այնպես չեմ անում:

— Պատմիր, թող Ֆարհատն էլ լսե:

Տերտերը շատ ծիծաղելի կերպով պատմեց, թե իրանց երկրում սովորություն կա, երբ ձմեռը երեխային եկեղեցում մկրտելու են բերում, նրա հետ տաք ջուր են բերում ավազանում լեցնելու համար: Մի մկրտության ժամանակ տատմոր բերած ջուրը շատ տաք է լինում, տեր հայրը այնպես լցնում է ավազանի մեջ, և չէ մտածում փորձել տաքության աստիճանը: Հենց որ տղային կոխում է ավազանի մեջ, խեղճը իսկույն խաշվում է, և տերտերը այն ժամանակ միայն հասկանում է, թե նա մեռավ, երբ նկատում է, որ էլ ձայն չէ հանում: «Դա փչացավ, ասում է կնքահորը, թե կա, գնացեք մի ուրիշը բերեք, որ մկրտեմ»:

Տերտերը մեզ երկար չպահեց` երևում էր, նա ինքը նույնպես շտապում էր, որ մենք շուտով ճանապարհ դուրս գանք: Ինքը և երեցկինը եկան մեզ հետ մինչև գյուղից դուրսը, և այնտեղից բարեմաղթություններով բաժանվեցան մեզանից:

Գյուղը, ուր գտնվում էր տեր հոր տունը, նստած էր լեռների կուրծքի վրա, և չորեք կողմից, որպես բնական պարիսպներ, շրջապատել էին նրան սեպաձև բլուներ, որով նա ստացել էր շատ ամուր և անառիկ դիրք:

— Տեսնո՞ւմ ես այս գյուղը, — ասաց Ասլանը, երբ հեռանում էինք այնտեղից. — նա ունի հիսուն տուն միայն, բայց ամբողջ մի ամիս պատերազմեց ավելի քան 500 քրդերի հետ և մնաց դարձյալ անառիկ:

— Որովհետև ամուր դիրք ունի, — պատասխանեցի ես:

— Այդ չէ միայն պատճառը, բնակիչները քաջ և սրտոտ մարդիկ են:

— Որովհետև այնպիսի քահանա ունեն, որպես «գիժը»:

— Զարմանալի մարդ է դա, — պատասխանեց Ասլանը: — Դու նրա կատակներին մի՛ նայիր, բավականին և խելք ունի և շատ բարեսիրտ է:

Այնուհետև Ասլանը պատմեց մի քանի հետաքրքիր անցքեր «գժի» կյանքից, որոնց ամենի մեջ երևում էր նա չափազանց հանդուգն և մեծասիրտ բնավորությամբ, — մի արկածախնդիր մարդ, որ իր ամբողջ կյանքում կռվել էր զանազան դժվարությունների դեմ: Նրա ձեռքերը մաքուր չէին մնացել և արյունից. նա շատ անգամ սպանել է, հափշտակել է, ավար և գերի է բերել: Շատ անգամ ևս հաղթվել է, բոլոր կայքը թշնամուց հափշտակվել է, և նրա առաջին կինը և որդիքը սրի բերան են ընկել: Մի փոքր նշմարվող խելագարությունը այս անցքից հետո է պատահել:

— Այսուամենայնիվ, — շարունակեց Ասլանը, — տեր Մեսրոպը ժողովրդից շատ սիրված մարդ է. մոտ տասն հայոց գյուղեր այս կողմերում գտնվում են նրա հովանավորության ներքո: Եվ բոլորը հոր նման պաշտում են նրան: Մի սաստիկ սովի ժամանակ, նա ծախեց ինչ որ ինքն ուներ, և ծախել տվեց հարուստներինը, և այսպիսով պահպանեց աղքատների կյանքը: Նա իբրև քահանա, թեև անհարմար է, բայց իբրև կառավարող անձն, ունի շատ արժանավորություններ: Այս պատճառով է, որ կարողացել է իր ձեռքի տակը պահել այս լեռներում գտնված բոլոր հայոց գյուղորայքը, առանց թույլ տալու որևիցե քրդի կամ թուրքի միջամտություն գործել նրանց հասարակական գործերի մեջ:

— Բայց կարդալ իմանո՞ւմ է, — հարցրի ես:

— Նա անգրագետ է և իր անունը հազիվ է գրում. բայց իմ կարծիքով, այսպիսի քահանաներն ավելի լավ են, քան թե նրանք, որ աստվածաբանական մթին խնդիրների մեջ թթված, ժողովրդին ավելի մոլորության և հոգևոր մեռելության մեջ են գցում: Այսպիսի ժողովուրդը կյանք և հիմք չունի երկրի վրա:

— Տեր Մեսրոպը, — առաջ տարավ նա, — հայ քահանայի տիպ չէ: Նա, ավելի հարմար է ասել, քրդի շեյխ է, որ մասնակից է լինում իր ժողովրդի բոլոր կարիքներին. կռվի ժամանակ քաջ զինվոր է, խաղաղության ժամանակ քահանա է և դատավոր: Միշտ այսպես են եղել խաշնարած ցեղերի քահանաները: Այսպես էին և Աբրահամը, Իսահակը, Հակոբը ու նրանց հաջորդները: Մեր ընկերներից մեկը քահանա է, — չեմ ուզում անունը տալ, և լավ քահանա, գիտե հունաց, եբրայեցոց և լատինացոց լեզուները, կարդացել է այն բոլոր գրքերը, ինչ որ վերաբերում է աստծուն, սկսած այն օրից, երբ հայտնվեցավ մարդերի մեջ աստվածության գաղափարը: Բայց այս երևելի աստվածաբանը իր բոլոր գիտությունը ծալել է և պարկն է դրել, որովհետև իմանում է, թե ժողովուրդը չի հասկանա իրան: Բայց մեր ժողովուրդն ավելի լավ կհասկանա տեր Մեսրոպի լեզուն, որովհետև նա ժողովրդի միջից ծագած և ժողովրդի գաղափարներով մարդ է, նա դպիր չէ:

Ասլանի այն խոսքը, — թե «մեր ընկերներից մեկը քահանա է» — ինձ նոր մտածության մեջ գցեց: Ես նրա ընկերներին բոլորին ճանաչում էի, այդ որն էր, որ «աստվածաբանությունը ծալած պարկն էր դրել» և այժմ սրի հետ էր խաղում: Նա ինձ ոչինչ չասաց և ես չհարցրի, որովհետև սկզբից հայտնեց, թե ասելու նպատակ չունի:

Բայց ինձ ոչ սակավ զարմացնում էր Ասլանի եվրոպական ձևով կերպարանափոխությունը, մանավանդ այն խոսքը, որ նա ասաց տերտերակնոջը` «ես ամբողջ վեց տարի այսպես եմ հագնված եղել»... որտե՞ղ, ո՞ր երկրում:

Մինչ ես այս մտածության մեջ էի, նա ինձ ասաց. — Ֆարհատ, այսօր մենք հասնելու ենք Վան քաղաքը. այնտեղ ոչ ոք չէ ճանաչում ինձ, բացի մի քանի բարեկամներից. ես այնտեղ հայտնվելու եմ, որպես եվրոպացի բժիշկ. դու պետք է զգույշ լինես չխանգարել իմ դերը...

— Ես այնքան հիմար չեմ, — պատասխանեցի: — Բայց եթե քեզ առաջարկելու լինեն մի հիվանդ, ի՞նչ կանես:

— Կբժշկեմ, — պատասխանեց նա:

— Ինչպե՞ս կարող ես բժշկել, — հարցրի ես զարմանալով:

— Կարող եմ, — դարձյալ պատասխանեց նա վճռական կերպով: — Տեսնո՞ւմ ես այն երկու մեծ արկղները, որ տանում է տեր Մեսրոպի ծառան, նրանց մեջ ամփոփված են իմ դեղորայքը և բժշկական գործիքները, որ շատ անգամ ինձ հետ ման եմ ածում:

Ես հետո, շատ հետո իմացա, որ Ասլանը ոչ թե հասարակ բժիշկ էր, այլ մի հմուտ բժշկապետ: Նա այդ արհեստը ուսել էր Ամերիկայում, երբ Հնդկաստանից այնտեղ էր գնացել: Նա ուսել էր և շատ եվրոպական լեզուներ, և այնպես էր սիրում արհեստը ու գիտությունը, որպես հասարակաց բարօրության գործը: Այո՛, ես շատ հետո իմացա, որ նա տեր Թոդիկի դպրոցից փախչելուց հետո իրան նվիրել էր ուսման և բարձր գիտությունների...

— Լավ, քանի որ դու բժիշկ ես, այլևս կասկածելու ի՞նչ ունես: Ես ինչո՞վ կարող եմ խանգարել քո դերը, — հարցրի ես:

— Ես այնտեղ պետք է գաղեմ իմ հայությունը... — պատասխանեց նա վրդովված ձայնով, կարծես, նրան խիստ ծանր էր արտասանել այս խոսքը:

Նույն օրվա երեկոյան պահուն, երբ մութը պատել էր աշխարհը, մենք մտանք Վան քաղաքը: