Կայծեր
 ԺԷ
ԺԹ 

ԺԸ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Երեկոյան մութը պատել էր արդեն, երբ ես և Ասլանը ձի նստելով դիմեցինք դեպի առաջնորդարանը: Ճանապարհին հարցրի Ասլանից.

— Ի՞նչ ես կարծում, առաջնորդին հայտնի՞ կլինի մատնությունը:

— Անտարակույս, — պատասխանեց նա: — Անկարելի է, որ փաշան այդ մասին նրա հետ խորհուրդ արած չլինի:

— Ուրեմն տիկնոջ զգուշացնելը իզուր չէր:

— Բոլորովին իզուր էր:

— Ինչո՞ւ: Առաջնորդը մեծ հոժարությամբ իր սեղանի վրա կալանավորել կտա քեզ, եթե ստուգե, որ դու ես նկարագրված անձը:

— Նա այդ կանե, բայց ստուգելը դժվար է:

Տեսնելով Ասլանի անձնավստահությունը, ես լռեցի: Նա ինձ պատվիրեց.

— Դու այստեղի սովորության համեմատ կկանգնես դռան մոտ, ներսի կողմից. աշխատիր ոչ մի բառ չփախցնել քո լսողությունից, ինչ որ կխոսվի այնտեղ:

Մի խումբ ծառաներ կանգնած էին առաջնորդարանի դռանը` հյուրերին ընդունելու և նրանց ձիաները բռնելու համար: Մեզ ևս ամեն քաղաքավարությամբ ներս տարան: Մենք սպասում էինք հանդիպել մի համեստ ընթրիքի, որպիսին վայել էր մի կրոնավորի, բայց գտանք ընդհակառակը: Դահլիճներից մեկը փառավոր կերպով զարդարված էր. լուսավորությունը աչք էր շլացնում. ես առաջին անգամն էի տեսնում այսպիսի ճոխություն: Դահլիճի պատվավոր ճակատում, թանկագին թավիշյա օթոցի վրա, որ տարածել էին պարսկական գեղեցիկ գորգի երեսին, բազմած էր նորին սրբազնությունը: Նրա աջ կողմը բռնել էր փաշան, իսկ ձախ կողմը` մի նշանավոր քուրդ բեկ: Նա այն գիշեր հագած ուներ ծիրանեգույն փարաջա, իսկ կուրծքի վրա շողշողում էր ալմաստներով զարդարված օսմանյան շքանշանը: Ինձ հայտնի էր, ես Պարսկաստանում շատ անգամ էի տեսել, երբ երկրի կառավարիչը մարդիկ է մորթել տալիս, նա այնօր սովորաբար հագնում է արունագույն զգեստ: Այդ ինձ մտածել տվեց, թե նորին սրբազնությունը գուցե նրա համար է հագել ծիրանագույն փարաջան, որովհետև առաջնորդարանում այնօր կատարվել էր գյուղացի կնոջ նշանավոր դատաստանը: Բայց այդ պետք էր մի պատահական հակադիպություն համարել:

Նա ընդունում էր իր հյուրերին առանց տեղից շարժվելու, միայն ձեռքը մեկնում էր համբուրել տալու համար: Բայց երբ Ասլանը ներս մտավ, նա կիսով չափ տեղից բարձրացավ և, փոխանակ աջը համբուրել տալու, բռնեց Ասլանի ձեռքը, բարեկամաբար սեղմեց և փաշաի մոտ նստելու տեղ ցույց տվեց: Աթոռներ չկային, բոլորը նստած էին գորգերի վրա: Ես կանգնած մնացի դռան ձախ կողմում, իսկ աջ կողմը բռնած էր փաշայի թիկնապահը: Երկուսս էլ զինված էինք, երկուսս էլ ձեռքներս դրած ունեինք մեր սրերի վրա: Դա մի առանձին պատիվ է, երբ թիկնա — պահը կանգնում է նույն սենյակում, որտեղ ընդունված է նրա տերը: Հասարակ անձանց թիկնապահները կամ նրանց ծառաները սպասում են նախասենյակում, որպես քուրդ բեկի ծառան:

Սովորական ողջագուրանքից հետո, որի միջոցին յուրաքանչյուրը անդադար ձեռքը խոնարհեցնում էր և հետո դնում ճակատին ի նշան խորին հարգանաց, փաշան մի առանձին ժպիտով, որ խիստ կոշտ էր թվում նրա կոշտ դեմքի վրա, դարձավ դեպի Ասլանը այդ խոսքերով:

— Ես դիտավորություն ունեի անձամբ ձեզ մոտ գալ, պարոն բժշկապետ, իմ խորին շնորհակալությունը հայտնելու ձեր հրաշալի բժշկության մասին: Ես այժմ կատարելապես առողջ եմ:

— Դուք ինձ ամաչացնում եք, վսեմաշուք տեր, մի՞թե իմ չնչին ծառայությունը այդքան մեծ արժեք ուներ, — պատասխանեց Ասլանը:

— Ավելի և ավելի մեծ արժեք ուներ, — կրկնեց նա գլուխը շարժելով: — Հավատացնում եմ ձեզ, պարոն բժշկապետ, եթե ես չգիտենայի, որ Մուհամմեդը մարգարեների վերջինն է և կատարածը, թե նրանից հետո այլ մարգարե չէ գալու, անշուշտ պիտի համարեի ձեզ աստծո մարգարեներից մեկը, որ, աշխարհ գալով, հրաշքներ է գործում:

Փաշայի այդ երկդիմի շողոքորթությանը Ասլանը պատասխանեց.

— Հրաշքների դարը անցել է, վսեմաշուք տեր, այժմ գիտության և արհեստի դարումն ենք ապրում, որոնք ավելի մեծ գործեր են կատարում, քան գերբնական հրաշքները:

Փաշան դարձյալ իր ասածն էր պնդում:

— Հրաշքների դարը ինձ համար չէ անցել, պարոն բժշկապետ, ես հավատավոր մարդ եմ: Ստամբոլում ամբողջ հինգ տարի տանջվեցա, հասկանո՞ւմ եք, ամբողջ հինգ տարի. սուլթանի ամենանշանավոր բժիշկները աշխատում էին իմ վրա, բայց ոչինչ օգուտ չտեսա. իսկ ձեր մի քանի դեղերով բոլորովին փրկվեցա ես:

Ասլանը ինձ հետո ասաց, թե այդ մարդը ամենևին հիվանդություն չուներ, թե իր տված մի քանի դեղերը միայն նրա երևակայությունը գոհացնելու համար էին գործ դրված: Բայց ավելի հավանականն այն էր, որ խորամանկ փաշան իր հիվանդությունը իբրև մի պատրվակ էր ընտրել՝ բժշկին մի քանի օր ավելի Վանում պահելու համար, որպեսզի իր նրա վերաբերությամբ ունեցած կասկածները ստուգե: Թե այսպես, թե այնպես, այդ տեսակ բացարձակ շողոքորթություններ արևելքում ոչ միայն սովորության, այլև քաղաքավարության կարգն են անցել, և Ասլանը, հետևելով տեղային սովորությանը, դարձավ դեպի առաջնորդը այդ խոսքերով.

— Չգիտեմ, որպես շնորհակալ լինեմ ձեզանից, սրբազան հայր, ձեր հանձնարարական թուղթը ինձ շատ և շատ օգնեց, ես համարյա մեծ մասամբ հասա նպատակիս:

— Այդ մեր պարտավորությունն է, պարոն բժշկապետ, մեր կարյաց չափ բավականություն տալ մեր կողմերը եկած ճանապարհորդների հետաքրքրությանը, օգնել նրանց երկիրը, ժողովուրդը ուսումնասիրելու, և աշխատել` ամեն կերպով դյուրություններ մատուցանել նրանց` իրանց նպատակներին հասնելու: Բայց, ցավում եմ, շատ ցավում եմ, որ ես չկարողացա նախատեսել Կտուց անապատը գնալու վտանգը: Մեր ծովը փոքրիկ է, բայց բավական կատաղի է: Միայն ուրախ եմ, շատ ուրախ, որ ձեզ հաջողվել է քաջությամբ ազատվել:

Առաջնորդը հիշեցնում էր մեր Կտուց անապատը գնալու ժամանակ կրած ալեկոծությունը: Երևում էր, որ նրան արդեն հայտնի էին մեզ հետ պատահած անցքերը: Նա ավելացրեց.

— Դուք, պարոն բժշկապետ, տեսնում եմ, որպես լավ բժիշկ եք, նույնպես և լավ նավավար ու ճարպիկ լողորդ եք: Ես մեծ հիացմամբ լսեցի ձեր կատարած քաջությունը ալեկոծության ժամանակ:

Ասլանը պատասխանեց.

— Մեր երկրում, սրբազան հայր, վաղուց արդեն կրթության և դաստիարակության կարգն է անցել, սկսյալ մանկությունից, պատրաստել մարդուն այնպես, որ նա կյանքի մեջ ընդունակ լինի ամեն վտանգների հետ պատերազմելու: Երբ ծովի հետ գործ ունես, պետք է կանխապես սովորած լինես, թե ինչպես պետք է վարվել նրա ալիքների հետ...

Այդ բոլոր խոսակցությունը, որպես նկատում էի, մի տեսակ խուլ հակաճառություն էր զանազան նուրբ ակնարկություններով և զանազան երկդիմի ասացվածքներով: Ասլանի նույն տեսակ պատասխանները ստիպեցին սրբազանին փոխել իր խոսակցության ձևը:

— Դուք և Վարագ այցելեցիք, այնպես չէ՞, պարոն բժշկապետ, — հարցրեց նա, — ի՞նչպես գտաք այդ վանքը և այնտեղի նոր հիմնարկությունները. տեսնվեցա՞ք արդյոք Հայրիկի հետ:

— Տեսնվեցա և շատ բավական մնացի, — ասաց Ասլանը: — Նրա վանքը մի գեղեցիկ օրինակ պետք է համարել, որ եթե կղերը կմասնակցե ժողովրդի դաստիարակության գործին, ահա այդ ձևով պետք է մասնակցե:

— Այդ իմ փափագելի ցանկությունն է, պարոն բժշկապետ: Իմ ջանքերը դեռ բոլորովին չեն սպառվել Վարագի վրա: Ես աշխատում եմ և պիտի շարունակեմ աշխատել, եթե միջոցները ինձ թույլ տան, իմ վիճակի մեջ գտնված բոլոր վանքերին նույն ձևը տալ: Մեր վանքերը, ժամանակների դժբախտ հանգամանքներից, այժմ շատ և շատ թշվառ դրության մեջ են: Իմ բոլոր ջանքը այն է` բարձրացնել նրանց իրանց անկյալ դրությունից:

Պետք է վերին աստիճանի ցած կեղծավորություն համարել, որ Հայրիկի և նրա վանքի ամենամեծ թշնամին այդպես էր խոսում: Նա, որ ամեն գաղտնի և հայտնի միջոցներ գործ էր դնում ոչնչացնելու Վարագա բոլոր հիմնարկությունները, այժմ նրա փառքը և նախաձեռնությունը իրան էր վերաբերում: Բայց սրբազանը այդ մասին կարճ կտրեց, խոսքը փոխելով.

— Ես ձեզանով և ձեր ճանապարհորդության արկածներով այնքան գրավվեցա, որ բոլորովին մոռացա իմ հյուրերին ծանոթացնել ձեզ: — Ահա դա, — նա ցույց տվեց այնտեղ նստած քուրդ բեկին, — քրդերի մի մեծ և քաջ ցեղի գլխավորն է, Շարիֆ-բեկը:

— Շատ ուրախ եմ ծանոթանալ, — ասաց Ասլանը ձեռքը մեկնելով քուրդ բեկին:

— Ամենապատվական մարդ է և իմ ամենալավ բարեկամը, — առաջ տարավ առաջնորդը: — Դրա շնորհիվ մեր և Պարսկաստանի սահմանագլուխները կատարյալ ապահովություն և հանգստության են վայելում: Տեղային քրիստոնյա բնակիչների բարեխնամ պաշտպանն է և հովանավորողը:

Ես իսկույն ճանաչեցի քուրդ բեկին, երևի Ասլանը ինձանից առաջ ճանաչել էր: Դա նույն անձնավորությունն էր, որին տեսանք սուրբ Տիրամոր վանքում, որտեղ եկել էր նա ուխտավորներից գոյացած արդյունքը բաժանելու Կարապետ հայր սուրբի հետ: Դա նույն անձնավորությունն էր, որի` Ասլանի մասին գրած մատնության նամակը անցյալ գիշեր կարդացինք տեր Եղիշեի տանը: Այժմ, ինչպես երևում էր, անձամբ եկել էր խորհրդակցել փաշայի հետ, կամ, գուցե այդ նպատակով կանչված էր նրանից:

— Դա մեր քաղաքի ոստիկանության պետն է, Լաթիֆ-բեկը, — առաջ տարավ առաջնորդը: — Ամենապատվական մարդ և դրա շնորհիվ մեր քաղաքը կատարյալ հանգստություն է վայելում:

Ասլանը ձեռքը մեկնեց և դեպի այդ «ամենապատվական» մարդը, որ տեր Եղիշեի քրոջ` տիկին Թելլիի ամուսինն էր, և որին հանձնված էր որոնել մատնված Ասլանին: Նա բոլոր ժամանակ իր թավ, խոժոռ հոնքերի տակից լուռ նայում էր Ասլանի վրա: Թե՛ քուրդ բեկը և թե՛ ոստիկանության պետը` երկուսն էլ զենքերով էին նստած: Նայելով վերջինի վրա, ես մտածում էի, որ այնպիսի բարի և ազնիվ կինը, որպիսին էր Թելլի-խաթունը, մի կատարյալ զոհ պետք էր համարել այդ տեսակ գազանի ձեռքում:

Բացի քուրդ բեկից և ոստիկանության պետից, մյուս հյուրերի թիվը շատ փոքր էր. նրանք երեք հոգի էին միայն, ազգով հայ: Առաջինի վրա ցույց տալով, առաջնորդը ասաց.

— Դա մեր հայ հասարակության առաջնակարգ անձինքներից մեկն է, Շարման-բեկը: Բոլոր արքունական շինվածքների կառուցման կապալառությունը դրա ձեռքումն է, որ ապացույց է իր մեծ հավատարմության: Շատ ժամանակ չէ, որ արժանացավ օգոստափառ սուլթանի շնորհած շքանշանին:

Եվ իրավ, նրա կուրծքի վրա փայլում էր մի շքանշան: Շարման-բեկի անունը լսելով, ես իսկույն հիշեցի վարպետ Փանոսի մի հետաքրքիր պատմությունը արքունի զինվորանոցների կառուցման մասին: Այդ Շարման-բեկն էր, որ շինությունների բոլոր ծախքը հայ հասարակության տուժել տալով, միևնույն ժամանակ, նույն ծախքը ամբողջապես ստացավ կառավարության գանձարանից և բաժանեց փաշայի կամ այլ պաշտոնական անձանց հետ: Այդ պատմությունը ես պիտի կրկնեմ, որ դու լավ մտաբերես, ընթերցող:

Վանի շրջակայքում, կամ Պարսկաստանի սահմանի գծի վրա, տաճկաց սահմանապահ զինվորները, զորանոցներ չունենալով, սովորաբար միշտ բաժանված էին լինում հայերի տներում օթևանելու համար: Յուրաքանչյուր ընտանիք պարտավորված էր պահել մի քանի հոգի այդ հյուրերից: Ինքնակոչ հյուրը դառնում էր, միևնույն ժամանակ ընտանիքի տերը և նրա գլխավորը: Տան հարսը, աղջիկը, կինը ծառայում էին նրան, որպես աղախիններ, տան տղամարդը հոգ էր տանում նրա ձիուն որպես ծառա: Թուլամորթ, որկրամոլ տաճիկ զինվորը չափազանց նուրբ ճաշակ է ստանում և խիստ պահանջող է լինում, երբ հայի տանը ձրի կերակրվում է: Իսկ երբ նրա պահանջները իր ցանկության համեմատ չեն կատարվում, այն ժամանակ էլ նրա մտրակը սարսափելի գործ է տեսնում: Գերդաստանի պատիվն անգամ զոհվում է նրա մոլի կրքերին: Երևակայեցեք մի գյուղական պարզ, նահապետական ընտանիք, որ բոլորը մի հարկի տակ են ապրում, և նրանց մեջ խառն է անբարոյական տաճիկ զինվորը: Հայը ամեն հարստահարության սովոր է համբերել, բայց երբ դիպչում են նրա ընտանեկան պատվին, նա այդ ժամանակ կորցնում է իր համբերությունը: Այդ էր, որ գրգռեց հասարակությանը` բողոքել բարձր կառավարության, որ զինվորները հեռացվեն իրանց տներից: Կառավարությունը ի նկատի առեց նրանց բողոքը և հրամայեց ամեն տեղ իր ծախքով զորանոցներ կառուցանել: Արքունի շինվածքների կապալառվի, Շարման-բեկի համար մի մեծ գործ բացվեցավ: Նա դիմեց միամիտ գյուղացիներին, ասելով. «եթե ցանկանում եք, որ զինվորները ձեր տներից հեռանան, պետք է զորանոցները ձեր ծախքով շինել տաք, որովհետև այդպես է հրամայված»: Խեղճ գյուղացիները հոժարվում են ամեն ինչ զոհել, գեթ ազատվեն անտանելի հյուրերից: Ով որ փող ուներ, փող էր տալիս, ով որ փող չուներ, ինքն էր աշխատում իր անասունների հետ, քար, փայտ և կիր կրելով: Այդպիսով զորանոցները կառուցվում են: Այդ մեծ ծառայությունը վարձատրվում է այն մեծ շքանշանով, որ Շարման-բեկը կրում էր կուրծքի վրա, թեև զորանոցների ծախքը մի կողմից խեղճ հասարակությունն էր տուժում, մյուս կողմից` արքունի գանձարանը:

— Շատ բարեպաշտ և ազգասեր անձն է, պարոն բժշկապետ, — ավելացրեց առաջնորդը: — Եթե գիտենայիք որքան բարիքներ է գործել դա մեր հասարակությանը: Շատ ժամանակ չէ, որ իր ծախքով նորոգել տվեց մի վանքի խարխուլ տաճարը:

Վերջին խոսքը ճշմարիտ էր: Բայց ժողովուրդը կողոպտել և տաճարներ կառուցանել, այդ հազիվ թե կարելի էր բարեպաշտություն համարել: Ասլանը ոչինչ չպատասխանեց: Բայց Շարման-բեկը, լսելով սրբազանի գովասանքը, ինքնաբավական կերպով իր տեղում շարժվեցավ, նրա աղյուսի գույնով անշարժ դեմքի վրա երևաց ժպիտի նման մի բան, և ձեռքը տարավ դեպի կուրծքը, կարծես տեսնելու համար՝ արդյոք շքանշանը իր տեղո՞ւմն է:

Առաջնորդը շարունակեց ծանոթացնել մյուսներին.

— Դա մահտեսի Թորոսն է, մի քանի անգամ Երուսաղեմ ուխտ է գնացել. մեր քաղաքի հարուստ և նշանավոր վաճառականներից մեկն է, միևնույն ժամանակ մեր մայր եկեղեցու երեցփոխանն է: Մեծ ծառայություններ է արել եկեղեցուն, շատ ապրի, չափազանց բարեպաշտ և ազգասեր մի անձն է:

Ասլանը մինչև անգամ չնայեց նրա վրա. ես երեսս մի կողմ շուռ տվի, որ ծիծաղս չտեսնեն: Գիտե՞ք ով էր այդ «հարուստ», «չափազանց բարեպաշտ և ազգասեր վաճառականը»: Դա միևնույն խաբեբան էր, որ Այգեստանում հայտնվեցավ մեզ մոտ, վարպետ Փանոսի տանը և, իբրև թանկագին հնություններ, կեղծ դրամներ վաճառեց Ասլանին: Այն ժամանակ նա, մի հրեա մանրավաճառի նման, հագած ուներ հին ցնցոտիներ, որ կարեկցություն գրավե դեպի իր ողորմելի վիճակը: Իսկ այժմ, չնայելով որ ամառն էր, հագած ուներ մի թանկագին մուշտակ աղվեսի ոսկեգույն մորթիից, և մեջքին փաթաթած ուներ թանձր գոտի պարսկական շալից: Ասլանը նրան չամաչացնելու համար այնպես ձևացրեց, իբր թե չէ ճանաչում նրան: Եվ իրավ, այժմ հազիվ կարելի էր ճանաչել նրան. գլխին դրած ուներ ֆես, որի վրա փաթաթել էր յազմա կոչված թաշկինակ. կնճիռներով պատած երեսը խնամքով ածիլած էր, իսկ քիթը, որ ուղտի համետի ձև ուներ, ինձ երևում էր այժմ ավելի երկարացած և բոլորովին ծածկել էր վերին շրթունքը: Առաջնորդի` նրա մասին շռայլած գովասանքների այն մասը միայն ճշմարիտ էր, որ, իրավ, նա շատ հարուստ մարդ էր և փաշայի սեղանավորն էր: Հարկավորված ժամանակ փաշային ծանր տոկոսներով փող էր տալիս, իսկ փոխարենը ընդունում էր գյուղերից ստացվելիք տուրքը: Իսկ ինքը ո՛րքան և ի՛նչպես էր ստանում գյուղացիներից, այդ կախված էր իր խղճից, եթե կար նրա մեջ խիղճ:

Երրորդ անձը, որին ծանոթացրեց սրբազանը, մի կծկված ծերունի էր, փոքրիկ սապատը դուրս էր ցցվել մեջքի վրա: Նա ևս մի քանի անգամ Երուսաղեմ էր գնացել, նա ևս չափազանց «բարեպաշտ և ազգասեր» մարդ էր: Նրան կոչում էին մահտեսի Հարո: Եթե ես եզվիտ տեսած չլինեի, բավական էր այդ մարդու դեմքը հետազոտել, նրա խոսակցությունը լսել և եզվիտի մասին կատարյալ գաղափար կազմել: Նա քաղաքի գլխավոր ոսկերիչն էր և գոհարավաճառը: Փաշայի կանանոցի զարդերը նա էր մատակարարում և նրա դռան հետ սերտ հարաբերություն ուներ: Չգիտեմ ինչո՞ւ սրբազանը մոռացավ նրա մասին «չափազանց բարեպաշտ և ազգասեր» ածականները և միայն ասաց, թե շատ «երևելի» մարդ է: Այդ ինձ չէր զարմացնում, որովհետև գոհարավաճառ և ոսկերիչ հայերը շատ անգամ սուլթանների և շահերի արքունիքում երևելի են դարձել, ստեպ գործ ունենալով ազդեցություն ունեցող ներքինիների և կանանոցի հետ:

— Դրանք երեքն էլ քաղաքիս դատաստանական մեջլիսում բազմոց ունեն, — վերջացրեց սրբազանը:

Սրբազանի վերջացնելուց հետո փաշան սկսեց զբաղեցնել Ասլանին: Նա զանազան սրախոսություններով անդադար դառնում էր դեպի Ասլանը, հանաքներ էր անում, ծիծաղում էր, թեև նրա սրախոսությունների մեջ ծիծաղելու ոչինչ չկար:

— Ես հույս ունեմ, որ մեր քաղաքի հնությունները բավական գրաված պետք է լինեն ձեզ, պարոն բժշկապետ, — հարցրեց նա:

— Հնությունները, այո՛ , գրավեցին, — պատասխանեց Ասլանը: — Բայց ինչ-որ նոր է այստեղ, շատ տխուր տպավորություն է գործում:

Փաշան կամ չհասկացավ Ասլանի ակնարկությունը, կամ զանցառության տվեց: Նրա փոխարեն պատասխանեց սրբազանը.

— Եթե դուք տեսնեիք մեր քաղաքը տասն տարի առաջ, պարոն բժշկապետ, նա բոլորովին ավերակ էր: Այժմ բավական շենք ու շնորհք է ստացել: Բնակիչները կատարյալ հանգստություն են վայելում, ավերակները հետզհետե նորոգվում են: Այդ ամենով մենք պարտական ենք մեր վսեմաշուք փաշային, որի կառավարությունը բերեց իր հետ բարօրություն և կյանք:

— Բոլորովին ճշմարիտ է, աստված երկար կյանք տա մեր վսեմաշուք փաշա Էֆենդիին, — ասացին երեք հայ երևելիները միաձայն:

— Ինձ շատ հաճելի է լսել այդ բոլորը, — պատասխանեց Ասլանը, — անշուշտ վսեմաշուք Էֆենդին իմ ուղևորության հիշատակարանի մեջ իր արժանավոր տեղը կբռնե:

Ի՞նչպես պետք էր հասկանալ այդ «արժանավորը», փաշան, իհարկե, դեպի լավը բացատրելով, մի առանձին քնքշությամբ, որ բնավ չէր պատշաճում նրա խիստ դեմքին, սեղմեց Ասլանի ձեռքը, ասելով.

— Շնորհակալ եմ, պարոն բժշկապետ, ձեր բարի ուշադրության համար: Հարկավ, ձեր ուղևորության հիշատակարանը մի օր տպագրությամբ լո՞ւյս կտեսնի:

— Անպատճառ, գուցե մի քանի լեզուներով ևս կթարգմանվի:

Երեք հայ երևելիներից մեկը, մահտեսի Հարոն, որ ավելի մոտ էր նստած Ասլանին, կռացավ դեպի նրա ականջը, իբր թե մի ծածուկ բան է ասում, բայց այնքան լսելի ձայնով խոսեց, որ ամենքը իմացան:

— Ամենայն հարգանաց արժանի է այդ մարդը, — նա իր նեղ, խորամանկ աչքերը, որոնք բոլորովին զրկված էին թերթերունքներից և շրջապատված էին միայն կարմիր, թանձր կոպերով, դարձրեց դեպի փաշան: — Ես ութսուն տարեկան մարդ եմ, պարոն բժշկապետ, ես շատ բան եմ տեսել: Առաջ խիստ վատ էին ժամանակները. իսկ հիմա գայլն ու գառը միասին են ապրում, մարդիկ իրանց դռները գիշեր ու ցերեկ բաց են թողնում, փակելու պետք չունեն, որովհետև էլ գողեր չկան: Կարող ես գլխիդ ոսկի դնել և աներկյուղ ուր որ ուզում ես գնալ: Ամեն տեղ ապահովություն է տիրում: Թե՛ աղքատի խրճիթից, թե՛ հարուստի տնից միայն աղոթք ու գոհություն է լսվում: Ոչինչ դժգոհություն չկա:

Միշտ միևնույն զզվելի շողոքորթությունները, միշտ միևնույն անվերջ կեղծավորությունները չափ չունեին: Եվ այդ շողոքորթությունների մեջ պետք էր որոնել երկրի գլխավոր թշվառությունը: Ես այժմ կատարելապես հասկանում էի այն ճառի ճշմարտությունը, որ Ասլանը կարդաց ինձ և Մարոյին Ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ, թե որպիսի վնասակար դեր են խաղում ժողովրդի ներկայացուցիչները նրա անբախտ վիճակի մեջ: Այն ժամանակ ես լսում էի միայն խոսքեր, թե ի՞նչ է անում կղերը, կառավարության պաշտոնյան, դրամատերը, և դրանց նմանները, իսկ այժմ տեսնում էի նրանց կենդանի տիպարները: Դիցուք թե, Ասլանը լիներ մի կոնսուլ, մի պաշտոնական անձ, որ ուղարկված էր երկրի դրությունը քննելու: Նա խո չէր մտնի գյուղացու խրճիթը, նա խո չէր դիմի սոված քաղաքացուն: Նա ամեն տեղ կհանդիպեր այդ տեսակ շողոքորթների և ի՞նչ գաղափար կարող էր կազմել երկրի դրության մասին: Իհարկե, լավ: Նույնիսկ երկրի բարձր կառավարության առջև` այդ մարդիկը վնասակար դեր են խաղում: Երբ հարստահարվածների բողոքը հասնում է մինչև Բարձրագույն Դուռը, երբ գանգատվում են փաշային, մուդուրի, գայմագամի կամ այս և այն անիրավ զեղծումների մասին, տեսար, ահա հավաքվեցան շողոքորթները և, հակառակ բողոքագրին, մի շնորհակալության հանրագիր կազմեցին և ուղարկեցին Պոլիս: Ամեն բան քանդվում է: Հարստահարվածների ձայնը խեղդվում է, որովհետև շողոքորթներին ավելի են հավատում, որովհետև նրանք են ժողովրդի ներկայացուցիչները, նրա «երևելիները»: Դրանց շահերը կապած են երկրի կեղեքիչների շահերի հետ, շատ հասկանալի է, որ նրանց անիրավությունները կպաշտպանեն:

Ասլանը, երևի, չկարողացավ իրան զսպել, ասաց.

— Անկարգություններ, այսուամենայնիվ, պատահում են: Իմ անցնելու միջոցին, Պարսկաստանի սահմանագծի վրա, սարսափելի բարբարոսություններ էին կատարվել: Քրդերի ջալալի կոչված ցեղը անցել էր սահմանը և պարսից հողի վրա այրել էր տասնից ավելի հայոց գյուղորայք: Նրանց անասունները ավարի էին առնված, հովիվներին կոտորել էին: Այդ ավազակությունները այն աստիճան երկյուղ էին տարածել շրջակայքում, որ քարավանների երթևեկությունը բոլորովին դադարած էր. հունձերը մնացել էին անխնամ, երկրագործները չէին համարձակվում դաշտ դուրս գալ:

Անցքը ճշմարիտ էր, հենց այդպես պատահել էր: Բայց Ասլանը, չգիտեմ ինչո՞ւ, հիշեցրեց այդ, որ փոքր-ինչ անքաղաքավարի երևաց: Որովհետև այնտեղ ներկա գտնվող Շարիֆ-բեկը ջալալիների ցեղապետն էր, որոնք գործել էին հիշյալ անկարգությունները: Ասլանը այնպես ձևացրեց, որ իբր թե չգիտե, և, երևի, նրան ավելի խոր խոցելու համար, ավելացրեց.

— Ես այդ բոլոր տեղեկությունները հավաքել եմ, անպատճառ պետք է հաղորդեմ ուր որ հարկն է:

Վերջին խոսքերը ես բոլորովին անքաղաքագիտական համարեցի. ի՞նչ հարկ կար այդ ասելու և քուրդ բեկին գրգռելու իր դեմ. նա մի՞թե կթողներ, որ նրա թղթերը տեղ հասնեին, կուղարկեր իր մարդիկը, թե՛ թղթատարին և թե՛ թղթերի հեղինակին կոտորել կտար ճանապարհների վրա: Ասլանը մտածում էր մի տեսակ վրեժխնղիր լինել քրդին, որը բավական չէր, որ նրա մասին մատնության նամակ էր գրել փաշային, այլ ինքն ևս անձամբ եկել էր Վան փաշային օգնելու համար, որպեսզի գտնեն կասկածավոր անձը:

Ասլանի անակնկալ նկատողություններից հետո երեք հայ «երևելիները» շվարած կերպով միմյանց երեսին նայեցին, երևի խոսք էին որոնում քուրդ բեկին արդարացնելու համար: Առաջնորդը նույնպես մտատանջության մեջ ընկավ, իսկ փաշան չգիտեր, թե որպես պաշտպաներ իր հզոր աջակցին:

Բայց քուրդ բեկը, որպես քաջ ավազակ էր իր ասպատակությունների ժամանակ, նույնպես վարպետ կռվող էր երևում և խոսքի բանակռվի մեջ: Նա բավական սառն կերպով հարցրեց.

— Պարոն բժշկապետ, դուք ո՞ր ճանապարհով անցաք: Լավ է, որ հիշյալ անկարգությունների միջոցին ձեզ որևիցե վտանգ չէ պատահել:

Փորձությունն սկսվեցավ, մտածեցի ես: Հարցը բավական խորամանկությամբ էր դրված. մեծ երկյուղով սպասում էի, թե Ասլանը որպես պետք է դուրս գար դրա միջից: Նա խիստ անփույթ կերպով պատասխանեց.

— Ինձ հետ վտանգ պատահել չէր կարող, որովհետև, ես դեռ Արզրում գտնված ժամանակ, տեղային ֆրանսիական հյուպատոսը ինձ զգուշացրեց քրդերի այդ ժամանակվա հուզմունքի մասին և նահանգապետից մի բաց հրամանագիր առեց, որ ամեն տեղ ինձ պահապան ձիավորներ տան, որքան թվով և պահանջելու լինեի ես: Եվ ես ճանապարհներին միշտ խումբերով ձիավորներ ունեի ինձ հետ:

— Այդ լավ եք արել, պարոն բժշկապետ, այդպիսի զգուշություններ միշտ պետք են, — ասաց քուրդը, որպես մի վրդովված որսորդ, որի գնդակը շեղվում է նպատակից, թեև նա իր վրդովմունքը ցույց չտվեց: — Դուք, երևի, Թիմարա կողմերո՞վ անցաք:

— Ոչ: Ես Արզրումի քարավանի ճանապարհով ուղղակի եկա Բայազետ, այնտեղից անցա Մակու, որտեղ պատահել էին հիշյալ անկարգությունները, այնտեղից Խոյ, հետո Թավրիզ, հետո ՈՒրմիո ծովակի արևելյան ափերով գնացի Ուրմի, այնտեղից եկա Բաշ-Կալե, որտեղից Խոշաբա ձորով Վան հասա:

Քուրդը ավելի շվարեցավ: Ասլանի ցույց տված ուղևորության գիծը բոլորովին շեղվում էր այն տեղերից, որ կողմով անցել էր նրա որոնած կասկածավոր անձնավորությունը: Այսուամենայնիվ, նա վերջին փորձը ևս գործ դրեց, ասելով.

— Եթե դուք Խոշաբա ձորը թողնեիք և բռնեիք Չոլ-Չիմանի ճանապարհը, անպատճառ կհանդիպեիք հայոց մի նշանավոր վանքի տոնախմբության, որ շատ հետաքրքիր կարող էր լինել մի եվրոպացի ճանապարհորդի համար:

Քուրդի խոսքը Ս. Տիրամոր վանքի մասին էր, որտեղ հայտնվել էր կասկածավոր անձնավորությունը: Ասլանը պատասխանեց.

— Ես անցնելու միջոցին, որպես լսեցի, տոնախմբությունն արդեն վերջացած էր` ուխտավորները սկսել էին վերադառնալ դեպի իրանց տները :

Քուրդը այլևս ոչինչ չգտավ իր խուլ քննությունը առաջ տանելու: Ոստիկանության պետը, Լաթիֆ-բեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր, դիմեց փաշային այդ խոսքերով.

— Լավ կլիներ, որպես Արզրումի նահանգապետը նախապես հոգացել է, մենք ևս ապահովեինք պարոն բժշկապետի ճանապարհորդությունը մեր թղթերով: Մեր նահանգում նա մեր հյուրն է:

Հետո դարձավ դեպի Ասլանը, հարցրեց.

— Եթե չեմ սխալվում, դուք մի օրից հետո թողնելու եք մեր քաղաքը, ուրեմն թղթերը շուտով պետք է պատրաստել: Միայն հարկավոր կլիներ, որ դուք վաղը ձեր ձեռքում ունեցածները ուղարկեիք մեզ, որպեսզի մենք ևս նրանց համեմատ պատրաստեինք մերը:

Ասլանը իր խոսքերով բռնվեցավ, մտածեցի ես: Ոստիկանության պետը այդ քաղաքավարի ձևով նրանից պաշտոնական թղթեր էր պահանջում: Նա չէր բավականանում Ասլանի լոկ խոսքերով, թե նա Արզրումի նահանգապետից բաց հրամանագիր է ստացել իր ուղևորության համար, անցել է այս կամ այն ճանապարհով, և այլն: Փաշան հասկացավ ոստիկանության պետի միտքը, ինքն ևս խորամանկությամբ հաստատեց նրա ասածը.

— Այո՛, այո՛, պարոն բժշկապետը մեր նահանգում մեր պատվելի հյուրն է: Մենք պետք է ամեն հնարներ գործ դնենք` դյուրացնելու նրա ուղևորությունը և ամեն վտանգից ապահովելու, թեև այդ մեր նահանգում պատահել չէ կարող:

— Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, վսեմաշուք տեր, — ասաց Ասլանը հեռվից գլուխ տալով: — Դուք այնքան բարի եք և այնքան ողորմած գտնվեցաք դեպի ինձ, որ ես մինչև անգամ պետք չունեցա Արզրումի նահանգապետի հանձնարարական նամակը առաջուց ներկայացնել ձեզ, տեսնելով, որ դուք, առանց հանձնարարականի ևս, ցույց եք տալիս ամեն պատրաստականություն օգնելու ինձ:

Փաշայի մսուտ երեսի վրա երևաց ապշության նման մի բան: Նա, ծածկելով իր խռովությունը և կեղծ ուրախություն ցույց տալով, բացագանչեց.

— Մի՞թե: Ա՜խ, պարոն բժշկապետ, դուք չափազանց համեստ եք գտնվել, դուք զրկել եք ինձ իմ բարեկամի նամակից. Արզրումի նահանգապետը իմ ամենալավ բարեկամն է:

— Այդ նամակը ես պահել էի, որ այստեղից մեկնելու միջոցին հանձնեմ ձեզ, — ասաց Ասլանը իր թղթապահի միջից մի փոքրիկ նամակ դուրս բերելով: — Բայց որովհետև խոսք եղավ, ես այս րոպեում կհանձնեմ ձեզ:

— Խնդրեմ, խնդրեմ, — բացագանչեց փաշան և առեց նամակը:

Փաշան լսելի ձայնով կարդաց հետևյալ տողերը. —

«Այս նամակը Ձեզ ներկայացնող ֆրանսիացի երևելի բնագետ և բժշկապետ պարոն Քարլ Ռիսմանը իր ուսումնական հետազոտությունների համար անցնելու է Վան քաղաքով դեպի Բաղդադ, իսկ այնտեղից` Հնդկաստան: Հուսով եմ, որ, կատարելով իմ խնդիրքը, Դուք այնքան բարի կլինեք, ողորմած տեր, որ նրա ուղևորության համար կտնօրինեք բոլոր պարտ ու պատշաճ կարգադրությունները, որպեսզի գիտնական ճանապարհորդը դյուրություններ ունենա թե՛ իր նպատակին հասնելու և թե՛ իր ուղևորության ժամանակ հանգիստ ու ապահով լինելու: Որի համար կմնամ Ձեզ միշտ շնորհապարտ» և այլն:

— Բարեկամս հենց իր ձեռքովն է գրել, — ասաց փաշան նամակը կարդալուց հետո: — Ես պատրաստ եմ ամեն կերպով դյուրացնել ձեր ուղևորությունը, պարոն բժշկապետ:

Ես սկսեցի ազատ շունչ քաշել: Ասլանը լավ դուրս պրծավ, մտածում էի ես: Այժմ նա դարձավ դեպի ոստիկանության պետը` նրա հետաքրքրությունը ևս գոհացնելու համար:

— Դուք, պարոն Լաթիֆ-բեկ, լավ է, որ հիշեցրիք ինձ, որ ես հանձնեմ ձեզ իմ թղթերը, որպեսզի դուք ևս նրանց համեմատ պատրաստեք ձերը: Խնդրեմ, հենց այժմյանից ընդունեցեք, որովհետև ես էգուց այնքան զբաղված կլինեմ իմ պատրաստություններով, որ գուցե կմոռանամ:

— Մեծ ուրախությամբ, — ասաց ոստիկանության պետը:

— Ես հենց այդ նպատակով էի առել ինձ հետ: Ահա այդ իմ անցագիրն է, իսկ այդ այն բաց հրամանագիրն է, որ Արզրումի նահանգապետը շնորհել էր ինձ: Կարծեմ այդ երկուսը բավական է:

— Բավական է, — ասաց փաշան: — Էգուց թե՛ ձեր թղթերը, և թե՛ մերը կեսօրից մի ժամ առաջ կհանձնվեն ձեզ:

Քուրդ բեկը սառած մնաց: Առաջնորդին ևս տիրեց ոչ սակավ ապշություն: Բայց իմ զարմացքը ավելի մեծ եղավ, թե ո՞րտեղից հայտնվեցան Ասլանի մոտ այդ թղթերը: Նա բոլորովին ուղիղ էր ասում, որ անցել էր իր նկարագրած ճանապարհների գծով. ուղիղ էր և այն, որ ամեն տեղ մեծ պատրաստականություն էին ցույց տվել նրան ընդունելու և շատ ձիավորներով ճանապարհ դնելու: Նա ծածկեց միայն Ս. Տիրամոր վանքը գնալը և լեռնային ճգնավորի կերպարանքի մեջ մտնելը: Մինչև այս տեղը նրա ասածների բոլորը ուղիղ էին:

Այո, Ասլանը լավ դուրս պրծավ: Բայց քուրդ բեկը մնաց դատապարտության ներքո. պետք էր մի կերպով արդարացնել նրան: Նա ջալալիների ցեղապետն էր. ջալալիները մոտ ժամանակներում ասպատակություններ էին արել. Ասլանը գիտեր այդ. Ասլանը ասաց, թե ինքը այդ մասին կհայտնե ուր որ հարկն է, ուրեմն ի՞նչպես թողնել այդ բոլորը առանց ուշադրության և չարդարացնել քրդին:

Երեք հայ երևելիներից մեկը, Շարման-բեկը, փաստաբանեց.

— Պետք է ի նկատի ունենալ, պարոն բժշկապետ, որ ջալալիների վերջին անգամի ասպատակությունները Տաճկաստանի հայերին չեն վերաբերում, այլ` Պարսկաստանի հայերին:

— Այդ ես գիտեմ, — նրա խոսքը կտրեց Ասլանը: — Բայց հայը ամեն տեղ հայ է, թե՛ Պարսկաստանում լիներ, թե՛ Տաճկաստանում: Երբ նա կողոպտվում է, ավազակը պետք է անպատճառ պատժվի: Այստեղ հարցը անկարգության մասին է և ոչ թե հպատակության կամ ազգության: Եթե կողոպտվածները հրեաներ կամ բոշաներ ևս լինեին, ես գուցե ավելի խստությամբ կբողոքեի:

Շարման-բեկի պաշտպանությունը խիստ թույլ գտնվեցավ. այժմ առաջնորդը սկսեց փաստաբանել.

— Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը, պարոն բժշկապետ, բայց պետք է տեղային սովորությունները և հանգամանքները ևս ի նկատի ունենալ: Պատահում է, շատ ասպատակություններ են անում, ոչխարներ, ձիեր և այլ անասուններ են ավարի առնում: Կորուստը վերադարձնելու համար ուրիշ հնար չէ մնում, քան թե հարձակում գործել և պարսից հպատակներից հափշտակել փոխարենը:

— Այստեղ ինչո՞վ են մեղավոր խաղաղ հպատակները, — պատասխանեց Ասլանը, փոքր-ինչ զայրացած կերպով: — Այդ ավազակները թե՛ Պարսից կողմից և թե՛ Տաճկաց կողմից` բոլորը քրդեր են, թող միմյանց միս ուտեն, եթե տեղային կառավարությունները անկարող են զսպել նրանց գազանությունները: Բայց ինչո՞ւ նրանց միմյանց հետ ունեցած թշնամությունների պատճառով մեջտեղում պետք է ոտնակոխ լինի, կողոպտվի խեղճ գյուղացին, թշվառ երկրագործը, որ բացի մի քանի անասուններից ուրիշ ոչինչ չունի իր ապրուստը հոգալու համար:

Քուրդ բեկի թուխ դեմքի վրա երևացին քրտինքի կաթիլներ, որ սրբեց նա իր շապկի քառանկյունի ձևով քարշ ընկած թևքով: Սխալ կլիներ մտածել, թե ամոթից լինեին այդ կաթիլները: Այլ նրա սրտում բորբոքվում էր բարկության կրակը, թե ի՛նչպես մի գավուր համարձակվում է նրա երեսին անարգել նրան, իսկ ինքը չէ կարող ձեռքը տանել դեպի իր սուրը և պատժել եվրոպացի գավուրի հանդգնությունը: Բայց նա զսպեց իր կատաղությունը և բավական հանդարտ կերպով ասաց.

— Դուք, պարոն բժշկապետ, այնքան վատ մի համարեք ջալալիներին, որոնց ցեղապետը լինելու պատիվն ունեմ ես: Եթե դուք լսած լինեիք այն օգնությունները, որ մենք մատուցանում ենք այս կողմերի քրիստոնյաներին, հավատացած եմ, որ ձեր կարծիքը կփոխեիք մեր մասին:

— Մեծ ուրախությամբ, — պատասխանեց Ասլանը ժպտալով:

— Ես անպատշաճ եմ համարում գովել ինքս ինձ: Թող հայր խալիֆան (առաջնորդը), որին հայտնի են մեր ծառայությունները, թող նա վկայություն տա:

Սրբազան հայրը սկսեց զանազան մանրամասնություններով պատմել, թե շատ հանգամանքներում քրդերը մեծ օգուտ են հասցնում երկրին և մանավանդ տեղային քրիստոնյաներին: Եվ մասնավորապես իր պաշտպանության ճառը ջալալիների վրա, իբրև փաստ, հիշեց և այն, թե մի քանի շաբաթ առաջ Ս. Տիրամոր վանքի տոնախմբությունն էր, և ինքը բեկը (այնտեղ ներկա գտնվողը) անձամբ գնացած էր այնտեղ ուխտավորների մեջ կարգ պահպանելու համար: Տոնախմբությունը վերջանալուց հետո դարձյալ բեկի մարդիկն էին, որ առաջնորդում էին ուխտավորներին դեպի իրանց երկրները, որպեսզի պահպանեն նրանց ճանապարհների վտանգներից:

Ես բոլորովին զարմացած մնացի: Կարծես, մի ներքին սև թել կապում էր այդ բոլոր մարդկանց սրտերը միմյանց հետ: Դրանք ամենահայտնի չարագործությունները բարի ձևի մեջ ամփոփելով վարպետությունն ունեին: Եթե ես և Ասլանը Ս. Տիրամոր վանքի տոնախմբության ժամանակ մեր աչքով տեսած չլինեինք, որ քուրդ բեկը եկել էր այնտեղ հափշտակելու տոնախմբությունից գոյացած եկամտի մի մասը, եթե մեզ հայտնի չլիներ, որ նրա մարդիկը մեծ վճարներ էին ստանում ուխտավորներից ճանապարհների վտանգներից պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ, նրանց անհայտ ընկերները, նույնիսկ պահապանների գիտությամբ, հարձակվում էին և կողոպտում էին նրանց, եթե այդ բոլորը մեզ հայտնի չլիներ, գուցե սրբազանի վկայությանը մեծ նշանակություն տայինք: Բայց Ասլանը լռեց, և հայտնի պատճառներից ստիպված, ոչինչ չպատասխանեց:

Հետաքրքիրն այն էր, թե ի՞նչն էր առիթ տալիս սրբազանին քրդի բարբարոսություններին պաշտպան հանդիսանալ: Նա բարեկամական մեծ կապեր ուներ համարյա բոլոր քուրդ ցեղապետների հետ: Այդ հարաբերությունները պահպանում էր իր ազդեցությունը բարձրացնելու համար: Իր ձեռքում ունենալով երկրի խոշոր գազաններին, նա այն աստիճան նշանակություն էր ստացել, որ ոչ միայն հասարակ մարդիկ, այլ մինչև անգամ փաշան նրանից ակնածում էր: Բայց մի՞թե այդ ազդեցությունը ավելի բարձր նպատակների համար չէր կարելի գործ դնել: Ասլանը մի անգամ ինձ ասում էր. «Այդ մարդը շատ պիտանի կարող էր լինել, եթե իր ուժերը դեպի չարը գործ չդներ»: Օրինակներ շատ էին պատահել, երբ քուրդ բեկերից մեկը որևիցե հանցանքի համար կալանավորվում էր, կամ աքսորվում էր, նա իր գրպանից մեծ գումարներ էր ծախսում և ազատում էր չարագործին: Ինչի՞ համար: Որպեսզի նրան իր ձեռքում մի լավ գործիք ունենա:

Կրկին խոսք եղավ Ասլանի մյուս օր ճանապարհ ընկնելու մասին և առաջնորդը, օգուտ քաղելով դրանից, փոխեց խոսակցության առարկան, ասելով.

— Թեև մեր վսեմաշուք փաշան կտա ձեր հարկավորված թղթերը, և դուք, պարոն բժշկապետ, ամեն տեղ կգտնեք մեծ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը անվտանգ կացուցանելու համար, բայց այսուամենայնիվ, ես խորհուրդ կտայի ձեզ քարավանի հետ գնալ:

— Ես այդպիսի նպատակ էլ ունեմ, — պատասխանեց Ասլանը, — ինձ ասացին, որ էգուց երեկոյան մի քարավան է դուրս գալու:

— Այդ ո՞ւմ քարավաննն է, — հարցրեց փաշան:

— Չգիտեմ, — պատասխանեց Ասլանը:

— Թոխմախ-Արթինի քարավանն է, — մեջ մտավ ոստիկանապետը:

— Հա, Թոխմախ-Արթինը շատ քաջ մարդ է, նրա քարավանը ամենաապահովն է ճանապարհորդության համար: Բայց չգիտեմ, պարոն բժշկապետ, դուք չէի՞ք ձանձրանա քարավանի հետ գնալով, որովհետև քարավանը սաստիկ դանդաղ է գնում, — հարցրեց փաշան:

— Այդ իրավ է — պատասխանեց Ասլանը, — բայց որքան էլ ցանկանայի, չէի կարող շտապով անցնել, որովհետև ինձ հետ տանում եմ բավական ծանրություններ, որոնք մի քանի բեռներ կլինեն, իմ շարժական դեղարանը, իմ գործիքները և այն բոլոր հնությունները, որ հավաքել եմ: Բացի դրանցից, ինձ հարկավոր է մի քանի նշանավոր տեղեր հետազոտել. քարավանի դանդաղ ընթացքը կնպաստեր ինձ` ցանկացած ժամանակ շեղվել ճանապարհից` այդ տեղերը տեսնելու համար:

— Միայն, երբ քարավանից բաժանվելու լինեք, անպատճառ հարկավոր է, որ ձեզ հետ ձիավորներ վերառնեք, — խորհուրդ տվեց առաջորդը:

— Այդ ես գիտեմ, սրբազան հայր, ես բավական փորձված եմ ասիական ճանապարհորդությունների մեջ: Թեև այս կողմերում չեմ եղել, բայց Միջին Ասիայում շատ եմ թափառել:

Վերջապես ընթրիքը տվեցին: Գորգերի վրա տարածվեցավ սեղանի գունավոր սփռոցը, և կերակուրները, որքան պատրաստված էին, պղնձյա բոլորակ սինիների վրա դասավորած, միանգամից ներս բերվեցան: Նրանք բազմատեսակ էին: Բազմատեսակ էին և քաղցր շերբեթները, զանազան համեմներով և զանազան գույներով: Ոգելից ըմպելիքները, գինի, արաղ, դրվեցան միայն առաջնորդի, Ասլանի և երեք հայ երևելիների մոտ: Մյուսները շերբեթ էին խմում: Չինեական գեղեցիկ ամանները մի առանձին ախորժակ էին բաց անում: Նախկին վիճաբանությունները դադարեցան, որովհետև այստեղ, ինչպես առհասարակ արևելքում, սեղանի վրա շատ չեն խոսում: Տիրում էր կատարյալ լռություն, որովհետև դանակ և պատառաքաղ չկար, որ աղմուկ բարձրացներ: Ամենքը մատներով էին ուտում: Խոսում էր միայն առաջնորդը: Նա գովում էր իր խոհարարին, թե նա Պոլսում այսինչ և այնինչ նշանավոր փաշաների տներումն է ծառայել և հազիվ թե ամբողջ Վանի մեջ նրա հատը կգտնվի: Վերջին խոսքը բավական վիրավորական լինելով փաշայի հարուստ խոհանոցի պատվին, նա էլ սկսեց գովաբանել իր խոհարարին, մի զարմանալի օրինակ բերելով նրա արհեստից, թե նա հավը այնպես է պատրաստում, որ բոլոր ոսկորտիքը միջից դուրս է հանում, իսկ հավը դարձյալ մնում է ամբողջ: Գուցե այդ վիճաբանությունը երկուսի մեջ երկար տևեր, եթե Սիմոն պատվելին իր երգեցիկ խումբի հետ ներս չմտներ: Նա այս գիշեր բավական զարդարված էր: Իր սովորության հակառակ, նա հագած ուներ մի բոլորովին նոր լվացված շապիկ: Սիմոն պատվելիի այդ նշանավոր շապկի պատմությունը ինձ համար ավելի հետաքրքրական լինելով, ես թողնում եմ առաջնորդի ճոխ սեղանի նկարագրությունը: Պետք չէ մոռանալ, որ պատվելին ուներ մի հատ շապիկ միայն և այդ լվացվում էր տարվա ընթացքում մի կամ երկու անգամ, այն ևս մեծ տոների ժամանակ, թեև լվացքը նրան ոչինչ չարժեր, որովհետև տալիս էր իր աշակերտներից մեկին, և նա իր մորը լվանալ էր տալիս: Բայց Սիմոն պատվելիի կարծիքով, երբ շապիկը հաճախ էր լվացվում, նա խիստ շուտով էր մաշվում: Արդյոք ա՞յդ էր, որ նրան առիթ էր տվել զանց առնել մաքրության գլխավոր պայմանը, թե նա առհասարակ մաքրասեր չէր, այդ դժվար է լուծել: Միայն նրա տնտեսագիտությունը այդ կետից պետք էր սխալ համարել. իրավ է, շապիկը հաճախ լվացվելով շուտով է մաշում, բայց, կեղտի մեջ մնալով, բոլորովին փտում է: Այդ էր պատճառը, որ Սիմոն պատվելիի շապիկը լվացվելուց հետո միշտ կարոտ էր կարկատանների: Երբ մոտենում էր մեծ տոնը, երբ անբախտ շապիկը տարվում էր աշակերտի մոր տունը, մինչև նրա վերադարձը, որ երբեմն երկար էր տևում, Սիմոն պատվելին իր կուրծքը սովորաբար ծածկում էր քթի գունավոր թաշկինակով, որի ճոթերը կապած էին լինում վզի ետևից, ծոծրակի վրա: Այդ տեսնում էին աշակերտները, տեսնում էին և աշակերտների ծնողները: Գուցե դրանից ծագեց այն հանգամանքը, որ Սիմոն պատվելիի շապկի լվացումը դպրոցի ժամանակագրության մեջ մի առանձին տեղ էր բռնում: Նրա աշակերտների լեզվում կազմվել էր մի այդպիսի սրախոսություն` ամեն մի վաղաժամանակյա դեպքի մասին ասել. «Այդ անցքը շատ հին է և այնքան հին, որ Սիմոն պատվելին իր շապիկը դեռ նոր էր լվանալ տվել»: Այժմ, կարծեմ, հասկանալի է, թե Սիմոն պատվելին որքան մեծ հարգանք ուներ դեպի առաջնորդի դահլիճը, որ ներկայացել էր այնտեղ լվացված շապիկով: Երեսը խնամքով ածիլած էր և երևի շտապելուց մի քանի տեղ ածելին կտրել էր: Կտրած տեղերի վրա բամբակ էր կպցրած: Սիմոն պատվելիի ածիլվելը նույնպես մի նորություն էր: Նա մորուք չէր սիրում, բայց և երեսը խիստ հազիվ անգամ էր ածիլում: Այդ էր պատճառը, որ ածիլվելուց հետո նրա դեմքը ստանում էր երկու գույն` մազերից ազատ տեղերը` մուգ-աղյուսագույն, իսկ մազերով պատած տեղերը` բաց-աղյուսագույն: Նայելով օրվա ժամանակին, եղանակին, նայելով թե նա խմած էր, թե զգաստ էր, Սիմոն պատվելիի դեմքը, հնդկահավի դեմքի նման, զանազան գույներ էր ստանում: Այս երեկո լերդագույն էր, որովհետև Այգեստանի փողոցում արաղի կաթսայի հետ խիստ մտերմական հարաբերություններ էր ունեցել: Իր հանրածանոթ մուգ-դեղնագույն սերթուկի փոխարեն հագած ուներ կինամոնի գույնով մի կարճ պալտո, որի վրա փաթաթել էր շալե հաստ գոտին: Ֆեսը նույնպես նոր էր, և փունջի ծայրը երևում էր գլխի փաթեթի տակից: Անփոփոխ մնացել էր միայն նրա երևելի վարտիքը, որը իր սովորական տեղից, այսինքն սրունքներից` մի թիզ բարձրության վրա էր կանգնած: Ոտքի թաթերից սկսած մինչև վարտիքի ծայրը, այդ ընդարձակ տարածությունը, մնացել էր մերկ, որովհետև Սիմոն պատվելին սովորություն չուներ ամառը գուլպա հագնելու: Մերկ սրունքները երևում էին: Բայց կեղտը այնպիսի թանձր խավ էր դրել նրանց վրա, որ այդքանն էլ բավական էր իբրև ծածկոց ծառայելու:

Ահա այդ գարշելի մարդն էր, որ հանդիսավոր կերպով ներս մտավ, լուռ գլուխ տվեց, կանգնեց պատի մոտ: Նրա աջ և ձախ կողմերում շարվեցավ երգեցիկ խումբը: Նայելով այդ անմեղ արարածների վրա, իմ սիրտը դողում էր: Ո՜րպիսի ճիվաղի ձեռքում էր հանձնված նրանց դաստիարակությունը... Տիրացուների նման նրանք հագած ունեին ժամի շապիկներ, և յուրաքանչյուրը ձեռքում բռնած ուներ փոքրիկ, կոթավոր զանգակներ, որ հայոց եկեղեցիներում, երգեցողության ժամանակ, ածում են երկաթյա ձողերով, և գործադրվում է իբրև նվագարան:

Փաշան բարեհաճեց հարցնել պատվելիի առողջությունը և, դառնալով դեպի Ասլանը, ասաց.

— Դա մեր հայոց դպրոցի վարժապետն է, իմ առանձին խնամակալության ներքո եմ ընդունել նրա դպրոցը:

Առաջնորդը ավելացրեց.

— Շատ իմաստուն մարդ է:

— Ճանաչում եմ, — ասաց Ասլանը սառն կերպով:

Սիմոն պատվելին, ոգևորված իր երկու մեծ բարերարների գովասանքներից, նշան տվեց, աշակերտները միաձայն եղանակեցին առաջնորդի սիրելի երգը.

Կա՜հ-կա՜հ կկանչե` կաքավն վըր քարին,
Վա՜րդ-վա՜րդ կկանչե` բուլբուլն վըր թփին...

Ընթրիքի բոլոր ժամանակը, որ տևեց բավական երկար, խեղճ աշակերտները, ոտքի վրա կանգնած, անլռելի ձայնով երգում էին: Նրանք սպառեցին հայոց հին տաղարաններից քաղած բոլոր հայտնի երգերը և մի քանիսը նորից կրկնեցին:

Ընթրիքից հետո, երբ մատուցին վերջին սուրճը և վերջին նարգիլեն, Ասլանը, ներողություն խնդրելով, հայտնեց` որովհետև առավոտյան ճանապարհի պատրաստություններ պիտի տեսնե, այդ պատճառով չէ կարող երկար մնալ և ինձ հրամայեց, որ ասեմ ծառաներին` մեր ձիաները պատրաստեն:

Հետո, կանգնելով, նա բռնեց նախ առաջնորդի ձեռքը և ապա փաշայի ձեռքը, հայտնեց իր խորին շնորհակալությունը նրանց հյուրասիրության մասին, ավելացնելով, թե կտանե իր հետ անմոռաց հիշատակներ այն բոլոր շնորհների համար, որ ցույց տվին նրան, նպաստելով և դյուրացնելով իր հետազոտությունները և խոստացավ, որ գուցե մի օր ինքը առիթ կունենա իր երախտագիտության զգացմունքները գործով արտահայտելու, և այլն:

— Մենք ոչինչ չենք արել, պարոն բժշկապետ, — պատասխանեցին փաշան և առաջնորդը միաձայն, — ինչ որ արել ենք, այդ մեր պարտքն էր:

Ուրիշ զանազան ողջագուրանքներից հետո նա կրկին և կրկին անգամ սեղմեց սրբազանի ու փաշայի ձեռքը, հեռվից գլուխ տվեց ոստիկանության պետին, քուրդ բեկին և հայոց երեք երևելիներին և մնաք բարյավ ասելով, դուրս եկավ դահլիճից: Մինչև սանդուղքները փաշան և սրբազանը եկան նրա հետ: Այստեղ փաշան հայտնեց իր սրտի ցավը, որ այդպես շուտ զրկվեցավ իր թանկագին հյուրից, որի այցելությունը այնքան մեծ բավականություն պատճառեց իրան, և խոստացավ, որ առավոտյան ճանապարհի համար ամեն ինչ պատրաստ կլինի:

Այդ բոլոր ցույցերից հետո ես այլևս տարակույս չունեի, որ նրանց կասկածները Ասլանի վերաբերությամբ բոլորովին փարատվեցան, և նրանք հեռու էին այն մտքից, թե դոքտոր Ռիսմանի դիմակի ներքո թաքնված էր Ս. Տիրամոր վանքի լեռնային ճգնավորը:

Երբ դուրս եկանք առաջնորդարանից, փողոցում նորից լսելի եղավ սիրված երգը.

Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,
Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ...

— Երևի, նրանք կշարունակեն դեռևս նստել, — հարցրի ես:

— Նրանք ամբողջ գիշեր կլուսացնեն, — պատասխանեց Ասլանը: